Արցախյան շարժման ռահվիրան հեռացավ – Մահկանացուն կնքեց Արցախյան շարժման հիմնադիրներից մեկը՝ Իգոր Մուրադյանը.- Նա երկար ժամանակ հիվանդ էր, վերջին շրջանում բուժվում էր ԱՄՆ-ի կլինիկաներից մեկում եւ մի քանի օր առաջ էր վերադարձել Երեւան… / Արցախյան պատերազմից հետո Իգոր Մուրադյանը հիմնականում զբաղվել է քաղաքա-տնտեսական ազգային ու միջազգային խնդիրների ու հեռանկարների վերլուծությամբ…

Մահկանացուն կնքեց Արցախյան շարժման հիմնադիրներից մեկը՝ Իգոր Մուրադյանը:

Նա երկար ժամանակ հիվանդ էր, վերջին շրջանում բուժվում էր ԱՄՆ-ի կլինիկաներից մեկում եւ մի քանի օր առաջ էր վերադարձել Երեւան։

Եվ 61 տարեկան հասակում ծանր հիվանդության հետեւանքով 2018թ. հունիսի 17-ին Երեւանում մահացավ քաղաքագետ, տնտեսագետ Իգոր Մուրադյանը: Նա էր նախաձեռնել «Ղարաբաղ» կոմիտեի կազմավորումը։

Իգոր Մուրադյանին շատերը կհիշեն, ովքեր հատկապես մասնակցել են 1988-1990թթ. կեսմիլիոնանոց եւ երբեմն էլի ավելի մեծ բազմությամբ  ցույցերին, ովքեր բռունցքները վեր պարզած տարիներ շարունակ պայքարել են՝ նախ խորհրդային ԿԳԲ-ական համակարգի դեմ, ապա ադրբեջանական ոստիկանության եւ զինուժի…

Իգոր Մուրադյանն իսկապես առաջնորդ էր եւ չնայած ռուսախոս էր, հայերեն հասկանում, սակայն վատ էր խոսում, այնուամենայնիվ կարողացավ հայկական ազգային հզոր ալիքը առաջ տանել: Սա զարմանալի փաստ է, երբ ազգային, անգամ ազգայնական հակումներով ուժերը իրենց առաջնորդին ներում են ոչ հայերեն խոսելու համար:

Սակայն Իգոր Մուրադյանի մտածողությունն էր ազգային եւ վճռական, հատկապես այն պահերին, երբ խորհրդային բանակը փորձում էր Երեւանում անկարգություններ հրահրել…  

Պետք է հիշել նաեւ, որ Իգոր Մուրադյանի հայերենի պակասը լրացնում էր հռետորական մեծ ձիրք ունեցող Վաչե Սարուխանյանը, ով մաքուր հայերենով լիցքավորում էր հարյուրհազարանոց զանգվածներին, որոնք մեկ մարդու պես լսում էին իրենց առաջնորդներին:

Արցախյան պատերազմից հետո Իգոր Մուրադյանը հիմնականում զբաղվել է քաղաքա-տնտեսական վերլուծությամբ եւ Հայաստանին, մեր տարածաշրջանին, համաշխարհային գործընթացներին վերաբերող բազմաթիվ վերլուծություններ ունի, որոնք հրապարակվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով կառավարական հանձնաժողով ձեւավորվեց՝ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով։

Նրա մարմինը հանգրվանեց Եռաբլուրում՝ Արցախյան ազատամարտի հերոսների կողքին:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացա հասարակական եւ քաղաքական գործիչ, ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, Ղարաբաղյան շարժման առաջին ղեկավարներից Իգոր Մուրադյանի անժամանակ մահվան մասին:

Հսկայական է նրա ավանդը 20-րդ դարավերջին արցախահայության շահերի պաշտպանության եւ այդ նպատակով համաժողովրդական շարժման ծավալման գործում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իգոր Մուրադյանի հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում ոգու արիություն»:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի հարազատներին:

«Արցախում խոր ցավով տեղեկացան անվանի հասարակական-քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի մահվան մասին:

Վաղաժամ կյանքից հեռացավ մի անձնավորություն, ով եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը եւ արել է հնարավորն ազատ ու անկախ Արցախի կառուցելու ուղին բռնած արցախցիների օրինական շահերի պաշտպանության համար:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»:

Հայ Արիական Միաբանությունը եւս իր ցավակցությունն է հայտնում Արցախյան շարժման հանրահայտ գործիչ Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ:

Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտնել է, որ Իգոր Մուրադյանն այն գործիչներից էր, որ առավելապես գործի մարդ էր, քան խոսքի: Նա կարողանում էր ոչ միայն հարյուրհազարավոր մարդկանց միավորելով զորացնել նրանց ոգին, ինչն էլ դառնում էր պայքարի շարժիչ ուժը, այլեւ կարողանում էր այդ հարյուրհազարավոր մարդկանց անտեղի ու վտանգավոր ըմբոստությունը կասեցնել, հանդարտեցնել եւ նախապատրաստել ավելի ազդու քայլերի:

Հայ արիների հատկապես Աբովյանի ներկայացուցիչները հիշում են, թե ինչպես էին եռանդով լցված աջակցում Իգոր Մուրադյանի  բողոքի ցույցի, ապաեւ հանրահավաքների նախաձեռնություններին, չէ՞ որ 1988թ. փետրվարի 18-ին Աբովյանից սկսվեց ազգային վերազարթոնքը…

«Լուսանցք» թիվ 23 (501), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։