Մերօրյա կենսագիրների համազգային պատմակեղծարարության հետեւանքները… / – Վարչապետը հայտարարում է իր վճռականության մասին…- Հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ չի պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ…- Վարչապետը նշել է, որ զինվորի բաժին գողացողը, ով էլ լինի, արժանի չէ ներման եւ ժողովուրդը պետք է իր հս­տակ գնահատականը այս մասին ասի…- Իրավապահ համակարգի որոշ կառույցներ դադարե՞լ են գործել…- Բողոքի ցույցերը՝ սիրո իրավու՞ք, թե՞ պարտադրանքով սեր…- Էջմիածնի քաղաքապետի բաց նամակը՝ վարչապետին…- Լարված իրավիճակ ԱԱԾ-ի մոտ…- ԵԿՄ-ն եռատման ճանապարհի՞ն…- Կրքերն Էջմիածնում չեն հանդարտվում…- «Զինվորի բաժին». մսի պահածոներով մեքենաներ են հայտնաբերվել…- Մանվել Գրիգորյանի օգնականը կսպասի, մինչեւ ավարտվի նախաքննությունը…- ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տանն այլ բան էր փնտրում…- ԱԱԾ-ն գործողություններ իրականացրեց Էջմիածնում…- Դոն Պիպոյի տանն էլ է հայտնաբերվել ապօրինի զենք եւ ռազմամթերք…- Մանվել Գրիգորյանը եւ Դոն Պիպոն ձերբակալվել են…- Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՔԾ-ում նոր քրգործ է հարուցվել…- Ինչ են գտել «Արա լեռ»-ի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը…- Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործով կան այլ կասկածյալներ եւս…- Առեւանգման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրգործ…- Գլխավոր դատախազը դիմել է վարչապետին՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու…- Կառավարությունում արտարհերթ էր…- ԱԺ-ն էլ արտահերթ  գումարեց…- ԵԿՄ-ն ամեն տարի դիմել եւ բանակից ձեռք էր բերել…- Մանվել Գրիգորյանը նամակ է գրել Արա Բաբլոյանին…- Որեւէ տեղ ձեւական չենք գնում, գնում ենք, երբ ունենում ենք հստակ օպերատիվ տվյալներ…- ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ, բայց նոր բացահայտումներ կլինեն…- Փորձում են վնասազերծե՞լ վարչապետին եւ ԱԱԾ ղեկավարին…

«Լուսանցք»-ը մեր երկրում կատարված հեղափոխական շարժումներին անդրադարձել է պատմա-քաղաքական իրողություն դիտարկելով, դրանք ներկայացրել նաեւ որպես տեղեկատվություն, որից հետո միայն հաջորդ թողաևրկումներում եղել են վերլուծություններ եւ մեկնաբանություններ: Ներքեւից վերեւ կատարված Հայաստանի թավշյա հեղափոխությունը, Արցախում կայացած՝ վերեւից ներքեւ ոչ պակաս թավշյա հեղափոխությունը, ինչպեսեւ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդի՝ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ փողոցային ցույցերը, որ դեռ շարունակվում են, իրենց տեղը գտել են մեր պարբերականի էջերում (հիշու՞մ եք, նախորդ համարներում բացատրել ենք, թե ինչու ենք երբեմն արխիվային գործ անում): Եվ ինչպես նշվեց, «Լուսանցք»-ը հաջորդիվ անդրադարձել է այս գործողությունների դրական ու բացասական երանգներին ու նրբերանգներին:

Այս օրերին աննախադեպ էր նաեւ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս եւ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն ու նրան հասցեագրված մեղադրանքները: Այս անսպասելի բացահայտումներին կանդրադառնանք ստորեւ, վերոնշյալ պատմա-քաղաքական ձեւաչափի մեջ մնալով, վերլուծությունները թողնելով հաջորդիվ:

«Լուսանցք»-ի պատմա-քաղաքական վերլուծություններում մեզ հետ մշտապես համագործակցում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով մեր մի հարցադրմանը դեռ տարիներ առաջ պատասխանեց այսպես. «Ցավոք, հայ նորագույն պատմագիտությունը խեղդված է ստախոսության, կեղծարարության եւ անպարկեշտության մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ զուգահետ չկա իրական պատմագրություն, հերոսական շատ էջեր են արձանագրվել հավաստի ժամանակագրությամբ… բայց կան պատմական սինաբանություններ, թանգարաններում կեղծ պատեր կան, որ կեղծ հերոսների հերոսապատումներ են ներկայացնում, նույնը դասագրքեր են տեղափոխել եւ այսպես շարունակ… Բայց գալու է պատմության սրբագրման ժամանակը, այդ «հերոսական» պատերը քանդելու եւ դասագրքերը վերաիմաստավորելու ժամանակները,, ոմանց անուններով փողոցները կամ դպրոցները անվանափոխելու, հուշատախտակները պատմությանն աղբանոցը նետելու կամ «հերոսական անցյալը» բացահայտելու ժամանակները… Շուրջ 30 տարիների ինքնամաքրման պատմական առաքելություն ունենք… Մենք նորագույն պատմության մեջ անցանք նման մի ճանապարհ՝ ոչ հեռու անցյալի հերոսների եւ հակահերոսների բացահայտումներով…»:

Այսպիսով՝ կոռուպցիոն բացահայտումների այս օրերի տեղեկույթը՝ առանց մեկնաբանության՝ ապագա կենսագիրների գործը հեշտացնելու համար…  

* * *

Վարչապետը հայտարարում է իր վճռականության մասին

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հասկանալի է, որ խոսքը նախ եւ առաջ վերաբերում է Էջմիածին քաղաքում տեղի ունեցող ցույցերին:

Հիշեցնենք, այնտեղ պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Նա ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է:

Իսկ որպես քաղաքապետի թեկնածու շրջանառվում է Արթուր Ասատրյանի՝ առավել հայտնի որպես քրեական հեղինակություն Դոն Պիպոյի անունը: Նա մասնակցել է բողոքի ցույցերին, ըստ որոշ տեղեկությունների՝ հենց ցույցերի կազմակերպիչն է, ով Գրիգորյանների ընտանիքին մեղադրում է բնակիչներին կեղեքելու, ստորացնելու համար: Բայց հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում քաղաքապետ դառնալ:

* * *

Հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ չի պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ: «Ժողովուրդը ինձ իշխանության չի բերել, որ ես դառնամ կոռուպցիայի մի մասը: Ես երբ ասել եմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, ոմանց թվացել է, թե ես ուղղակի հայտարարություն եմ անում: Երկիրը երկար տարիներ թալանվել է եւ շարունակում է թալանվել: Այս իրավիճակին հնարավորինս արագ պետք է վերջ դնել: Ես վարչապետի պաշտոնում չեմ հայտնվել, որ առավոտից մտածեմ պաշտոնը պահպանելու մասին: Քանի ժողովուրդն ինձ աջակցում է այս հարցում, մենք առաջ կգնանք առանց կոմպրոմիսի մեջ մտնելու կոռուպցիայի հարցում»:

Վարչապետն անդրադարձավ նաեւ ԵԿՄ մախագահի ձերբակալությանը. «Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ: Նրա ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ, օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է եւ դրանով կերակրել է իր կենդանիներին՝ իր արջերին եւ վագրերին: Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները, եւ այս կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանը կատարված խուզարկությունների արդյունքներում»,- հայտարարել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ ոչ ոք չի ժխտում, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է. «Բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված Գյումրիի, Էջմիածնի, Երեւանի դպրոցականների կողմից զորամասերում ծառայող եւ ճակատում կռվող զինվորների համար նախատեսված օգնությունները գողանալ եւ դրանով կերակրել սեփական կենդանիներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ամփոփելով միտքը՝ նա նշել է, որ գեներալի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենք-զինամթերքի հայտնաբերման հետ, նրա ձերբակալությունը առավելապես կապված է ապրիլյան պատերազմի ժամանակ ուղարկված մեծ քանակով օգնության յուրացման հետ: Սա անթույլատրելի արարք է:

Ըստ նրա, կան նաեւ կասկածներ, որ յուրացվել են բանակին հատկացված տեխնիկական միջոցներ, մասնավորապես ավտոմեքենաներ: «Բացի այս, այսօր, երբ մեր բանակը սպառազինությունների հետ կապված խնդիր ունի, ինչու պետք է մի մասնավոր անձի ձեռքի տակ լինի ահռելի մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք ապօրինի: Եթե մենք ասում ենք՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, մենք ի՞նչ ի նկատի ունենք, որ կան մարդիկ, որոնք կարող են անել ամեն ի՞նչ, կան մարդիկ, որոնք իրենց քաղաքներում եւ փողոցներում կարող են արգելափակոցներ դնել եւ քաղաքացիներին արգելել այդ փողոցներում քայլել եւ որոշել՝ ով ոնց պիտի քայլի՞: Այն Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ, էսպիսի երեւույթներ չեն լինելու, անկախ նրանից, թե ով է այդ երեւույթների հեղինակը՝ ազգային հերոս, թե ասենք վարչապետի ընտանիքի անդամ, չի լինելու էդպիսի բան»,- շեշտել է վարչապետը:

* * *

Վարչապետը նշել է, որ զինվորի բաժին գողացողը, ով էլ լինի, արժանի չէ ներման եւ ժողովուրդը պետք է իր հստակ գնահատականը այս մասին ասի. «Ես հիմա սա ասում եմ բանավոր, իսկ առաջիկայում ԱԱԾ-ն կհրապարակի նյութերը եւ ՀՀ քաղաքացիներն հնարավորություն կունենան տեսնել այդ նյութերը եւ անել հետեւություններ… Երբ ԱԺ պատգամավորի տնօրինության տակ են գտնվում մի քանի կիլոգրամ, կամ չգիտեմ որքան, սեփականության վկայականներ։ Սա ինչի՞ մասին է վկայում։  Երբ 3-րդ դասարանի աշակերտը գրում է՝ զինվոր, ես քեզ համար խտացրած կաթ եմ ուղարկում, քեզ համար սնունդ եմ ուղարկում, ես հպարտանում եմ քեզնով, ուզում եմ զգաս իմ աջակցությունը եւ ահա, այս նամակների ուղեկցությամբ ուղարկված օգնությունը հայտնվում է ինչ-որ մեկի արջերի ուտելիքների պահեստարանում։ Ու որեւէ մեկի լեզուն պտտվում է ասել, թե մենք սա պետք է հանդուրժե՞նք։ Հայաստանի ժողովուրդը սա չի հանդուրժելու։

Ես կոչ եմ անում մեր ժողովրդին կոռուպցիայի դեմ պայքարում, ապօրինությունների ու բեսպրեդելի դեմ պայքարում պինդ եւ ամուր կանգնել կառավարության կողքին։ Ես այդ մանդատը ստացել եմ եւ կոռուպցիայի մաս չեմ դառնալու։ Որեւէ մեկը թող չմտածի, որ թալանի, ամենաթողության, կոռուպցիայի դեմ պայքարում որեւէ մեկը կարող է ինձ կանգնեցնել»։

Վարչապետը հայտարարեց, որ իրենց նպատակը բանտերը լցնելը չէ. «Այնտեղ, որտեղ հնարավոր կլինի պետությանը եւ ժողովրդին հասցրած վնասը վերականգնել, մենք կգնանք այդ վնասի վերականգնման ճանապարհով։ Այն տեղերում, որտեղ հնարավոր չի լինի վերականգնել, այդ ժամանակ կմտածենք, թե ինչ ենք անում եւ ինչպես։ Մենք չենք կարող թույլ տալ, որ որեւէ մեկը պետության եւ ժողովրդի առջեւ ունեցած իր որեւէ ծառայություն փորձի վաճառել ժողովրդի վրա կամ փորձի օգտագործել պետության եւ ժողովրդի ուսերին նստելու հարմար առիթ, կամ փորձի օգտագործել որպես զինվորից գողանալու մանդատ»։

Իրավապահ համակարգի որոշ կառույցներ դադարե՞լ են գործել

Երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեր իրավապահ համակարգի որոշ կառույցներ դադարի վիճակում են:

Հունիսի 18-ին, կառավարության արտահերթ նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Փաշինյանը: «Նրանց թվում է, որ կոռուպցիան արմատախիլ անելու մասին հայտարարությունները կարող են շարքային հայտարարություններ լինեն, ժամանակը կանցնի եւ բոլորը կմոռանան, թե ինչի համար էին հավաքվել: Ես չգիտեմ, թե ով կմոռանա, ով չի մոռանա, բայց ես չեմ մոռանա: Ես հույս ունեմ, որ իրավապահ համակարգը լրջորեն կմտածի կոռուպցիայի դեմ պայքարի իր արդյունավետությունը բարձրացնելու մասին, եւ մենք ստիպված չենք լինի այս թեմային մի քանի անգամ անդրադառնալ: Մենք այս թեմային կանդրադառնանք առաջիկայում այս թեմայով հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում եւ դա այդ ձեւաչափով կլինի մեր վերջին խոսակցությունը, որից հետո կակնկալենք կոնկրետ արդյունքներ»,- հայտարարեց նա:

Ընդգծվեց, որ բացարձակ կարեւոր չէ, թե ով կհանդիպի կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին իրենց. «Բացարձակ կարեւոր չէ նաեւ, թե ինչ կարգավիճակ ու կոչում կունենա: Բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ օրենքի խնդիրն է դա իրագործել»:

Բողոքի ցույցերը՝ սիրո իրավու՞ք, թե՞ պարտադրանքով սեր

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հատուկ գործողություններ էր իրականացնում Էջմիածին քաղաքում, ինչը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: «Կարող եմ հաստատել, որ Էջմիածնում գործողություններ են իրականացվում եւ դրանք ոչ միայն Մանվել Գրիգորյանի առանձնատանն են»,- ասել էր ԱԱԾ մամուլի խոսնակը, ապա հավելել, որ լրացուցիչ տեղեկություններ կտրվեն ավելի ուշ:

Իսկ Էջմիածնում խոսում էին, որ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցներին տեսել են նաեւ Արթուր Ասատրյանի առանձնատան դիմաց:

Մինչ այդ խոսակցություններ կային, որ սրվել են Էջմիածին վերադարձած Արթուր Ասատրյանի, ով հայտնի է նաեւ «Դոն Պիպո» մականունով, եւ Մանվել Գրիգորյանի հարաբերությունները: Եվ գեներալ Մանվելը փորձում է մարդկանց հանդարտեցնելու համար հեղափոխություն անել վերեւից, այսինքն՝ որոշակի սահմանափակել իր ու իր մարդկանց իրավունքները… Անգամ խոսք կար, որ նրա նախաձեռնությամբ ապամոնտաժվել են Էջմիածնի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը, մոտ 10 հատ, որոնք դրված էին գեներալի տան, նրան պատկանող համալսարանի, քաղաքապետարանի տարբեր հատվածներում: Մարդիկ զրուցում էին, թե երեւի շուտով գեներալը կհրաժարվի նաեւ իր մյուս անօրեն գործողություններից՝ ինչպիսին, ասենք, իր կողմից արգելված վայրերում կայանված մեքենաների անվադողերի իջեցումն է կամ քաղաքացիների ահաբեկումն ու ծեծ ու ջարդը…

Մասիսի քաղաքապետի պաշտոնանկության անհաջող փորձից հետո, իշխանությունները շարունակում են սադրել Երեւանի քաղաքապետին, որպեսզի Տարոն Մարգարյանը հրաժարական տա՝ պատճառաբանելով, որ դա հեղափոխության տրամաբանությունն է… սակայն որեւէ պատճառ չեն գտնում Երեւանի քաղաքապետին «սիրով ու համերաշխությամբ» պարտադրելու: Եվ ահա, հաջորդ փորձը կատարվեց, ինչպես ասում են՝ ներկայիս հայոց հոգեւոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի վրա, ավելի ճիշտ՝ Վաղարշապատի, քանզի Էջմիածնի հոգեւոր հովվի դեմ այլ խումբ է պայքարում…

Առաջ ընկնելով նշենք, որ Էջմիածնի քաղաքապետը միայն հոր՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո հրաժարական տվեց, իսկ մինչ այդ դիմակայում էր: Բայց ԱԱԾ-ի ներկայացրած փաստերը քաղաքապետի հոր դեմ՝ թուլացրեցին նաեւ նրա դիրքերը: Եվ այս ընթացքում մի քանի տասնյակ մարդիկ էլ պահանջում են Արմավիրում քաղաքապետի հրաժարականը: Ցույցի կազմակերպիչը հրաժարվել է ներկայանալ զլմ-ներին, բայց բոլորի նման պնդել է՝ «Մենք խոսում ենք ժողովրդի անունից, իմ անունը արդար արմավիրցի է»…

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը կոչ էր հղել Էջմիածնի քաղաքապետին եւ բնակիչներին՝ հորդորելով ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն եւ զսպվածություն, բաց չթողնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու, բարձրաձայնված խնդիրները քաղաքակիրթ քննարկելու եւ լուծումներ գտնելու հնարավորությունը։ «Հարգելիներս, այնուամենայնիվ, բոլորիդ խնդրում եմ պահպանել հավաքների խաղաղ բնույթը, չոտնահարել միմյանց իրավունքները եւ կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաքի մասնակցի պարտականությունները»,- ասել էր նա:

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կոչ էր արել իր կողմակիցներին առժամանակ դադարեցնել ցույցերը, որովհետեւ ինքը կշարունակի կատարել քաղաքապետի լիազորությունները: Նա գնացել էր մարզպետի հետ հանդիպման, սակայն իր հրաժարականը պահանջողներից որեւէ մեկը հանդիպմանը չի մասնակցել:

Կարեն Գրիգորյանն ընդգծել է, որ ինքը եւս պատրաստ է հանդիպել իր հրաժարականը պահանջողների հետ, բաց է քննարկումների  համար: Նա հավաստել է, որ իր կողմից կդադարեցվեն ցույցերն ու հացադուլը, բայց չի կարող ասել, թե ԱԱԾ-ի դիմաց բողոքի միջոցառումները եւս կդադարեցվեն, քանի որ դրանք այլ պահանջներով են:

Էջմիածնի քաղաքապետը իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները համարում էր ուղղուրդված ու կազմակերպված: Նա իր ընդդիմադիրներին ժամադրեց Հաշտության նստարանի մոտ: «Մեր քաղաքում երկար ժամանակ է՝ տեղադրված է հաշտության նստարան: Պարոն Արթուր Թումանյան, Հակոբ Հակոբյան, Ստեփան Աբգարյան, դուք էջմիածնեցիներ եք, խնդրեմ եկեք հաշտության, սա հոգեւոր կենտրոն է, չի կարելի թույլ տալ սրել, սադրել իրավիճակը, հասցնել մարտի 1-ի: Հրավիրում եմ քաղաքի Հաշտության նստարանի մոտ, եկեք ձեռք սեղմենք, իրար հասկանանք, չի կարելի ժողովրդին հանել իրար դեմ»,- հայտարարել էր նա:

Էջմիածնի քաղաքապետի բաց նամակը՝ վարչապետին

Հունիս 16, 2018թ. – Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլեւ բազում էջմիածնեցիների անունից: Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի: Ունենք Ձեր աջակցության կարիքը, ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը, որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման հարցում:

Հունիսի 14-ին Էջմիածնում անցկացվեց հանրահավաք իմ հրաժարականի պահանջով: Մենք իրազեկումն ընդունեցինք ի գիտություն, չնայած, որ ներկայացված էր օրենքի խախտումներով: Մենք որեւէ կերպ չխանգարեցինք հանրահավաքի անցկացմանը: Նույն այդ անձինք դիմել են նաեւ հունիսի 22-24-ը հանրահավաքի անցկացման համար: Իսկ  հունիսի 16-ին օրինական արտոնված հանրահավաքի թույլտվություն ունեին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին աջակցողները: Եվ հակառակ դրան, նույն այն անձինք, ովքեր կազմակերպել էին հունիսի 14-ի հանրահավաքը, երեկ ամբողջ օրը փակ են պահել Էջմիածնի փողոցները՝ հնարավորություն չտալով մեզ իրազեկել հանրությանը հանրահավաքի մասին, այսօր առավոտվանից էլ Էջմիածնում փողոցներ են փակում եւ հենց հիմա էլ քաղաքի հրապարակում են՝ այն վայրում, որտեղ օրինական հանրահավաքի թույլտվություն ունեն իմ կողմնակիցները: Սա բացահայտ սադրանք է, բախման փորձ, որին, իհարկե, մենք չենք գնա, սակայն, ինչպես նշեցի՝ ունենք Ձեր աջակցության կարիքը:

Կանխավ շնորհակալությամբ եւ շուտափույթ արձագանքի ակնկալիքով՝‘Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան:

Լարված իրավիճակ ԱԱԾ-ի մոտ

Հունիս 16-ի գիշերը շրջափակված էր ԱԱԾ շենքը։ Այստեղ բերման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում ավելի վաղ ձերբակալել էին։ Հավաքվածները պահանջում են ազատ արձակել նրան։

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այդ պահին գտնվում էին ԱԱԾ-ում, Մանվել Գրիգորյանին տեսնելու համար։

Ոստիկանները բացում են փողոցի մի հատվածը։ Ցուցարարները պնդում են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ ուժ են կիրառում եւ ընդհարումներ են լինում: Ցուցարարները վանկարկում են՝ զորավար։

Ապա բողոքի մասնակիցները քայլերթ են իրականացնում: Նրանք դիմեցին ոստիկաններին՝ ապահովելու իրենց խաղաղ երթը:

Կրկին վանկարկում են՝ գեներալ, զորավար: Ոստիկաններն ուղեկցում են: Որոշակիորեն լարված իրավիճակ է առաջանում ԱԱԾ-ի մոտ:

Հանկարծ այստեղ է հայտնվում ոչ անհայտ Վարդգես Գասպարին, ով «Աջակցում եմ ԱԱԾ-ին» պաստառով կանգնել էր ցուցարարների դիմաց։ (Սա սադրանք չէ՞ր արդյոք: Այս մարդուն ճանաչողները միանշանակ գիտեն պատասխանը…): Մանվել Գրիգորյանի աջակիցները նրան սադրիչ անվանեցին եւ հորդորեցին ոստիկաններին հեռացնել նրան։ Այդ պահանջով նրանք կրկին փակեցին փողոցը՝ այդ ընթացքում հասցնելով պատռել պաստառը։ Ոստիկանների խնդրանքով Վարդգես Գասպարին հեռացավ, ցույցի մասնակիցներն էլ բողոքի ցույցը ավարտեցին եւ որոշեցին հավաքվել առավոտյան:

Բայց ԱԱԾ-ի տեսանյութերը, որոնք հերթով հայտնվեցին համացանցում եւ ցուցադրվեցին հեռուստատեսությամբ, մեծ հիասթափություն էին առաջացրել ԵԿՄ-ականների շրջանում: Եվ ոչ միայն նրանց, գեներալ Մանվելի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց այդ տեսանյութերից հետո…

Նա ֆեյսբուքում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ հրաժարական է տալիս. «Ես՝ Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը՝ իմ կամքով»: Կարեն Գրիգորյանը Էջմիածնի քաղաքապետն է 2008թ. հոկտեմբերից: Իսկ ընդամենը մեկ օր առաջ նա հանդիպել էր Արմավիրի մարզպետի հետ եւ հայտարարել, որ կշարունակի իր լիազորությունները:

Առավոտյան, այն ԵԿՄ-ականները, որոնք երեկ դեռ պահանջում էին գեներալ Մանվելի ազատությունը, արդեն պահանջում էին իրենց դատին հանձնել ԵԿՄ նախագահին…

ԵԿՄ-ն եռատման ճանապարհի՞ն…

Լրագրողների հարցադրմանը գեներալ Մանվելի կինը՝ գնդապետ Նազիկը, միանշանակ պատասխանել է, որ ինքը թույլ մարդ չէ եւ չի գնա ինքնասպանության: Ուղիղ եթերից հայտարարեց, որ ինքնասպան չի եղել… Ավելին՝ նա պնդում է, որ այս ամենը սադրանք է եւ մինչեւ դրա ապացուցելը, ինքը կստանձնի իր ամուսնու տեղը ԵԿՄ-ում… Նա այս հարցում ունի համախոհներ:

Մի թեւ էլ կա, որ զայրացած է ԱԱԾ-ի բացահայտումներով եւ ցանկանում է ԵԿՄ համաժողով հրավիրել ու փրկել միությունը… Գեներալ Մանվելի կողմից հեռացվածները եւս վերադառնում են այստեղ՝ ԵԿՄ-ն փրկելու գործին աջակցելու համար:

Ըստ լուրերի, մեկ այլ խումբ էլ, ցանկանում է Նիկոլ Փաշինյանի կուսակցին՝ Սասուն Միքայելյանին տեսնել ԵԿՄ նախագահի դերում, սակայն դա բարդ է, ինչը կնշանակի՝ պարզապես մեկ երկրապահական թեւի առաջացում եւս…

ԵԿՄ-ում արտահերթ համագումար անցկացնելու եւ վարչության նոր նախագահ ընտրելու տրամադրվածություն արդեն կա: (Ի դեպ, հունիսի 21-ին արտահերթ նիստը եղավ արդեն): ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը ԵԿՄ-ն լուծարելու վերաբերյալ լուրերից տեղյակ չէր, բայց մտադիր է ազատման դիմում գրել ԵԿՄ մամուլի խոսնակի պաշտոնից:

Նա խուսափեց ԵԿՄ-ի անունից որեւէ գնահատական տալ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զինամթերքի եւ ապրիլյան պատերազմի օրերին զինվորականների համար դպրոցականների հավաքած օգնությանը: Նշեց, որ եթե նախկինում նման բան նկատեր, ապա վաղուց չէր աշխատի ԵԿՄ-ում:

Հայտարարությամբ են հանդես եկել նաեւ ԵԿՄ Կոտայքի մարզի 8 տարածքային կառույցները՝ դատապարտելով տեղի ունեցածը:

Պայքար է սկսվել ԵԿՄ համար: Ազատամարտիկների տարբեր միավորումներ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից: «Ազատամարտիկների դաշինք»-ը ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում՝ ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակը ԵԿՄ-ն վերակազմավորելն ու արտահերթ ընտրություններն են: ԵԿՄ վարչության անդամների հետ պայմանավորվածություն կա մինչեւ դատաքննության ավարտն ու ԵԿՄ արտահերթ համագումարը կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները՝ իրավապահներից ԵԿՄ-ն հեռու պահելու համար…

Կրքերն Էջմիածնում չեն հանդարտվում

Որոշ խմբեր հակված են գեներալի ընտանիքի կամ կողմնակիցների հետ վրեժխնդիր լինել, որը տարաբնույթ դրսեւորումներ է ստանում։ Բռնության սպառնալիքներ են հնչում նաեւ քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ։

Օրերս անհայտ անձինք քարեր են նետել գեներալի տան ուղղությամբ, որպեսզի կոտրեն ապակիները։ Գեներալի կինը գնդապետ Նազիկը ամուսնու ձերբակալությունից հետո զբաղված է ԵԿՄ-ով եւ այլ հարցերի չի պատասխանում… Փակ են նաեւ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին պատկանող բոլոր բիզնեսները: Գեներալի կինը առնետ է անվանել այն ԵԿՄ-ականներին, որոնք պաշտոնից ազատվելու դիմումներ են ներկայացրել։

«Զինվորի բաժին». մսի պահածոներով մեքենաներ են հայտնաբերվել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հունիսի 18-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երեւանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» եւ «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։

Ինչպես տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել, տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. Զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Հանգամանքները պարզվում են:

Նշենք՝ Նազիկ Ամիրյանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինն է:

Մանվել Գրիգորյանի օգնականը կսպասի, մինչեւ ավարտվի նախաքննությունը

«Վարչապետի ելույթից հետո ես վերապահումով կսպասեմ ԱԱԾ-ի վերջնակսն նյութերին՝ հասկանալու համար սա իրականություն է, թե շինծու գործ: Եթե այս ամենն իրականություն եղավ, ապա ես պայքար չունեմ մղելու, ընդհակառակը արդարության համար եմ պայքար մղելու, իսկ եթե շինծու եղավ, ապա պայքարելու եմ անարդարության դեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը:

«Այն, ինչ արել եմ այս երկու օրվա ընթացքում, արել եմ ճիշտ եւ տեղին: Իսկ այն ամենը, ինչ պտտվեց մամուլում, ինչ տարածեց ԱԱԾ-ն, ինձ մնում էր մեկ քայլ անել, սպասել մինչեւ ավարտվի նախաքննությունը, որպեսզի իմ քայլերը ոչ ադեկվատ չլինեն: Ես միշտ էլ մտել եմ Մանվել Գրիգորյանի ամառանոց, սակայն պահեստ չեմ մտել, ես այնտեղ ինչ գործ ունեի: Կա անմեղության կանխավարկած, մինչեւ չավարտվի, այլ բան չեմ կարող ասել»,- հավելել է օգնականը:

Նա հայտնեց, որ երբ ԱԱԾ-ն գեներալին կանչել է, ձերբակալման սանկցիա չի եղել: «Նրան չեն ասել, որ քեզ կանչում ենք հարցաքննության: Նրան ասել են, որ ցանկանում են իր հետ զրուցել: Ասում են ապօրինի զենք, բայց ես փաստաբանների հետ զրուցել եմ եւ ապօրինի զենքը գեներալի հետ չի առնչվում: Քանի որ զենքը Մանվել Գրիգորյանինը չի եղել: Քանի որ նրա ամառանոցը շատ մեծ տարածք է զբաղեցնում եւ կան աշխատողներ, մուտքն ու ելքն էլ ազատ է եղել եւ ինչ-որ մեկը կարող էր իր տանը զենքը բերեր ու պահեր»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ ամեն դեպքում պետք է պահել անմեղության կանխավարկածը:

ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տանն այլ բան էր փնտրում

Ըստ որոշ լուրեր, ԱԱԾ-ի կողմից գործողությունները այլ նպատակ էին հետապնդում: Իհարկե, Մանվել Գրիգորյանի հանգստի տարածքներում պետք է հայտնաբերվեր զենք-զինամթերք, բայց նախ եւ առաջ ոսկու ձուլակտորներ են փնտրել…իբր բավականին մեծ քանակությամբ, ինչի մասին եղել է «ուղղություն տվող»: Բայց բոլորովին այլ բան ստացվեց՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ ուղարկված օգնության մի մասը հայտնաբերվեց։ ԱԱԾ աշխատակիցները «տուշոնկայի արկղերը» պատահական են նկատել:

ԱԱԾ-ն գործողություններ իրականացրեց Էջմիածնում

Այն լրատվությունը, որ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է Էջմիածնի ԵԿՄ գրասենյակի տարածքից, եկավ հավաստելու, որ Էջմիածնի քաղաքապետի դեմ ցույցերն առաջին քայլերն էին դեռ… ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի շենքից դուրս է եկել, նստել ծառայության մեքենան, որիղ հետո նրա տեղը որոշ ժամանակ հայտնի չէր:

Նրան դուրս գալուց ուղեկցում էր մեկ այլ գեներալ եւ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, սակայն ԱԱԾ աշխատակիցը վերջինին թույլ չի տվել նույն մեքենայի մեջ նստել:

Էջմիածնում իրականացվող գործողությունների շրջանակում ավելի վաղ բերման էին ենթարկել Դոն Պիպոյին:

Այդ օրը Երկրապահ կամավորական միության  Էջմիածնի վարչության շենքն ամբողջությամբ շրջափակված էր ԱԱԾ աշխատակիցների կողմից, նրանք այստեղ ստուգումներ էին անցկացնում։ Ստուգումներ են եղել նաեւ ԵԿՄ նախագահի ընտանիքին պատկանող ամառանոց-առանձնատնում:

ԱԱԾ-ից հայտնել են, որ ստուգումներ են անցկացնում նաեւ Դոն Պիպոյի տանը։

ԵԿՄ Էջմիածնի վարչության շենքից անսպասելի դուրս եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտնեց, որ ՀՀԿ-ն հետեւում է ընթացքին եւ միշտ օրենքի կողմից է։

Մի խումբ քաղաքացիներ օգտվելով առիթից փակել էին  Մաշտոց պողոտա-Սուրբ Հռիփսիմե խաչմերուկը։ «Ազատ Էջմիածին ենք ուզում»,- ասում էին բողոքի մասնակիցները՝ իրենց զայրույթը գեներալ Մանվելին ուղղած։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմաց նաեւ պահանջում էին, որ հոգեւորականները միանան իրենց:

Շուտով ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածեց հաղորդագրություն եւ տեսանյութ. «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո եւ ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաեւ «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր, դեղահաբեր… թե ինչու էր այս ամենը հայտնվել Արցախի հերոսի Ակնալճի հանգստյան գոտում, կպարզի ԱԱԾ քննչական վարչությունը՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի, 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում:

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս եւ բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաեւ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:

Ուշագրավ է նաեւ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված եւ առգրավված ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող եւ մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաեւ տասնյակ սեփականության վկայականներ:

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվեց նաեւ թվով 3 ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների եւ ձնագնացների հավաքածու: Ուշագրավ էր նաեւ այն, որ հայտնաբերվեց նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա: Դրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մանվել Գրիգորյանը ձեւակերպել է իր բարեկամների անուններով եւ տեղափոխել իր սեփական ավտոպարկ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը ունի նաեւ սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ընթացքի եւ արդյունքների մասին կհրապարակվեն հավելյալ տեղեկություններ»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նշենք նաեւ, որ դատարանի վճիռը՝ կալանքից ազատելու մասով, մերժումն էր, եւ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի:

Նախնական տվյալների համաձայն, երբ դեռ տարակուսանքը մեծ էր, «Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը»,- ասել էր ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը։ «ՀՀԿ-ն եւս մեկ անգամ վերահաստատում է, որ սա անհիմն մեղադրանք է, եւ սա ոչ միայն 1937թ. Բերիայի, Սովետական Միության մեղադրանքներն է հիշեցնում, այլ ավելի ճորտատիրական կարգերի, որովհետեւ ԱԺ պատգամավորին իրավունք ունեն ձերբակալել կամ հանցագործության պահին կամ անմիջապես դրանից հետո»,- նշել էր նա։ Դեռ շատ բան պարզ չէր եւ այս ամենը համարվում էր նոր իշխանությունների հերթական վրեժխնդրության փորձը…

Անթույլատրելի է.- նշել է ԱԺ փոխխոսնակը, ապա հավելել՝  «Գեներալ Մանվել Գրիգորյանին թուրքերը չեն կարողացել ընկճել։ Ինքը նման փոքր բաներից չի ընկճվում, շատ համարձակ է, պարզապես չի կարելի, ադրբեջանցիներին ենք ուրախացնում»:

Ապա նշել է, որ ադրբեջանական մամուլն արդեն գրել է, թե Հայաստանում ձերբակալվել է «ադրբեջանական հողերի գլխավոր զավթողը»…

Դոն Պիպոյի տանն էլ է հայտնաբերվել ապօրինի զենք եւ ռազմամթերք

ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածնի առանձնատանը ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք հայտնաբերելու մասին։

ԱԱԾ հաղորդագրությունից. «Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017թ. մայիսի 23-ին հարուցվել էր քրգործ ՀՀ եւ ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։ Նշված հանցագործության մեջ մեղադրված 4 անձանցից 3-ը նախաքննության սկզբնական փուլում հայտարարել էին, որ 2017թ. մայիսի 21-ին առեւանգվել եւ 3 օր ապօրինի պահվել են Էջմիածին քաղաքի տարբեր տարածքներում, այնտեղ ծեծի են ենթարկվել, իրենցից պահանջել են խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։

Մանվել Գրիգորյանը եւ Դոն Պիպոն ձերբակալվել են

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին  Էջմիածին քաղաքում, 2 տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք»,- հայտնել են ԱԱԾ-ից։

Ըստ աղբյուրի, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առեւանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ են իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք եւ ռազմամթերք:

Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել եւ ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, 3 անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են եւս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:

ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահում է զենք եւ ռազմամթերք: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում եւ նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք եւ ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել եւ ձերբակալվել՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ԱԺ նախագահը: Քրեական գործերի նախաքննության ընթացքի եւ արդյունքների մասին առաջիկայում կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՔԾ-ում նոր քրգործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ Մանվել Գրիգորյանի կողմից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու փաստի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, պայմանավորված քրեական գործով կասկածյալի հատուկ սուբյեկտ լինելու հանգամանքով, հունիսի 17-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի վարույթ:

Քրեական գործով Մանվել Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի հասցեներում կատարված խուզարկություններով եւ հետագա քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման մասին վկայող բավարար տվյալների հիման վրա նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին:

Բացի այդ, նույն օրը վարույթ է ընդունվել Մանվել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից տնօրինվող տարածքներում ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված եւս 2 գործ, որոնք նույնպես միացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործին:

Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությունը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ ՀՀ ՀՔԾ եւ ՀՀ ԱԱԾ քննիչներից կազմվել է քննչական խումբ:

ՀՀ ԱԱԾ-ի եւ ՀՀ ոստիկանության հետ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ՝ վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքների լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, որոնց արդյունքների մասին կապահովվի անհրաժեշտ իրազեկում: Նախաքննությունը շարունակվում է:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Կարեն Քամալյանը եւս հավաստեց՝ նշելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը: Հարուցվել է քրեական գործ նաեւ 179-րդ հոդվածի հատկանիշներով՝ յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով:

Ինչ են գտել «Արա լեռ»-ի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը

«Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ եւ վաճառքի ոչ ենթակա այլ ապրանքներ են հայտնաբերվել Արցախի առանձնատանը:

Հատուկ քննչական ծառայության եւ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018թ. հունիսի 20-ին առավոտյան խուզարկություն է կատարվել ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի (Դաշկեսան) հարակից՝ «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը:

Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ եւ արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 եւ 5,45 մմ տրամաչափերի:

Ի դեպ, քրեական գործի շրջանակներում հունիսի 19-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի բարեկամներից Ա.Հ.-ն:

Գեներալի վերաբերյալ քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում են:

Նոր մանրամասներն ու տեսանյութը կհրապարակվեն առաջիկայում: Նախաքննությունը շարունակվում է:

Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործով կան այլ կասկածյալներ եւս

Նրանք առաջիկայում հարցաքննության են կանչվելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Այս պահին կան անձինք, ում նկատմամբ հետապնդում իրականացվում է: «Ձեռքբերված տվյալները վկայում են մեծաթիվ անձանց ներգրավվածության մասին»,- նշեց նա:

Նախաքննությունը շարունակվում է, բացահայտված ցանկացած անձ կստանա համարժեք իրավական գնահատական:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցությանը, թե առաջիկայում կարող է ձերբակալվել նաեւ Մանվել Գրիգորյանի կինը՝ Արթուր Դավթյանն ընդգծեց, որ նրա ընտանիքի որոշ անդամներ ինչ-որ գործողություններում ներգրավված են եղել, ինչին համապատասխան գնահատական կտրվի:

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին: Ազգային ժողովը նրան անձեռնմխելիությունից զրկեց հունիսի 19-ին եւ համաձայնություն տվեց ազատությունից զրկելու միջնորդությանը: Ըստ դատախազության՝ կան բավարար հիմքեր նրան մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ (ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով) եւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար (179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով):

Առեւանգման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրգործ

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առեւանգման փաստը հաստատող որոշակի տվյալներ, այդ թվում՝ առեւանգվածներից մեկի բջջային հեռախոսում հայտնաբերվել էր տեսագրություն, որից երեւում է, որ անազատության մեջ պահվող անձանցից առեւանգողները սպառնալիքներ հնչեցնելով պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ընդ որում հարցադրումները կատարվել են Պիպո անունով հանդես եկող անձի կողմից։

Սպանության նախապատրաստության մեջ մեղադրված եւ առեւանգված վերը նշված անձանց վարույթն իրականացնող մարմինը բազմիցս առաջարկել է մանրամասն ցուցմունքներ տալ առեւանգման հանգամանքների, կատարողների եւ կազմակերպիչների վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներից դրդված նրանք ձեռնպահ են մնացել ցուցմունքներ տալուց եւ քննչական գործողություններին մասնակցելուց։

Չնայած այդ հանգամանքին, սպանության նախապատրաստության դրվագով գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց հետո էլ առեւանգման մասով շարունակվել են ակտիվ քննչական գործողությունները, ինչպես նաեւ ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածնի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի 2 հատ ինքնաձիգ՝ լիցքավորված 56 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի 1 հատ ատրճանակ, 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 8 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «ԱՊՍ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 10 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «Բերետտա» տեսակի 2 հատ ատրճանակ, լիցքավորած 34 փամփուշտներով, «Կոլտ» տեսակի թմբուկավոր 1 հատ ատրճանակ։

Կրկնենք՝ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել եւ ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, 3 անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նույն քրեական գործով ձերբակալվել են եւս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ եւ ենթադրաբար Արթուր Ասատրյանի թիկնապահներն են ու վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։

Գործի բազմակողմանիությունը, լրիվությունը եւ օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինն այսօր էլ ակնկալում է, որ առեւանգված անձինք այնուամենայնիվ սպառիչ ցուցմունքներ կտան կատարվածի վերաբերյալ»։

Գլխավոր դատախազը դիմել է վարչապետին՝  ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել  գլխավոր դատախազությունը:

«Արդեն իսկ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների, համատեղ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցների բավարար համակցություն, ինչը տալիս է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ համաձայնություն ստանալու նպատակով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու բավարար հիմքեր»,- ասված է դատախազության տարածած հայտարարությունում:

Կառավարությունում արտարհերթ էր

Օրակարգում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիության հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցն էր:

Կառավարության որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով ՀՀ կառավարությունը որոշում է.

  1. Առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին 2018թ. հունիսի 19-ին ժամը 11:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով՝ ‘

1) ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկում:

  1. ՀՀ ԱԺ արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը»:

ԱԺ-ն էլ արտահերթ  գումարեց

Խորհրդարանը հունիսի 19-ին, արտահերթ նիստ գումարեց, որի օրակարգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցն էր: Նման որոշում է կայացրել կառավարությունն իր արտահերթ նիստում:

Հարցը կառավարությունում ներկայացրել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սահմանադրության 96-րդ եւ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածների հիման վրա, Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով հանցանք կատարելու, այն է՝ մի խումբ անձանց կողմից զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

Նրա նկատմամբ քրեական հետախնդում կարող էր հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, հետեւաբար Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը՝ հայտնելով, որ առկա են ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու բավարար հիմքեր եւ առաջ է եկել ԱԺ կանոնակարգ օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու ԱԺ համաձայնությունն ստանալու նպատակով համապատասխան ընթացակարգ սկսելու անհրաժեշտություն:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ԱԺ հերթական նիստերի ընթացքում պարտադիր քննարկման ենթակա հարցերից է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ հերթական նստաշրջանը ավարտվում է հունիսի 21-ին, իսկ այս նստաշրջանի հերթական նիստերն արդեն իսկ ավարտվել են, ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը սպառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախաձեռնելու արտահերթ նիստ, ինչն էլ առաջարկել է ի կատար ածել կառավարության որոշմամբ:

Խորհրդարանը հավանություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդությանը:

Փակ քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությանը մասնակցել են 82-ը: Կողմ է քվեարկել 77, դեմ 3 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Ավելի վաղ ԱԺ-ն հավանություն էր տվել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությանը:

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էր քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր: 1 քվեաթերթիկ համարվել էր անվավեր:

ԵԿՄ-ն ամեն տարի դիմել եւ բանակից ձեռք էր բերել

«Այն իրերն ու առարկաները, որոնք արտադրված են Զինված ուժերի համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ»,- հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ավելի քան 20 տարի ԵԿՄ-ն ամենամյա բանակումներ է անցկացնում ակտիվ պահեստազորի համար, դիմում է ՊՆ ու ստանում անհրաժեշտ պիտույքներ, սնունդ, ՊՆ-ն վերահսկողության մեխանիզմներ չունի:

Եթե տրամադրված իրերն ու սնունդը չեն ծառայել նպատակին, ապա դա քրեորեն պատժելի արարք է, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները:

Ոչ միայն ԵԿՄ-ն, այլեւ մի շարք հասարակական կազմակերպություններ եւս դիմում են ՊՆ-ին ու ստանում տարբեր տիպի պիտույքներ, բայց ամենամեծ բաժինը եղել է ԵԿՄ-ինը:

«Դրանք օգտագործվում են առաջնագծից հոսպիտալ, հոսպիտալից՝ Երեւան: Այս պահին անհրաժեշտ քանակով ունենք, բայց դա մշտապես օգտագործվող բան է: Ընդունելի չէ, որ որեւէ միջոց չի հասել հասցեատիրոջը»,- ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին՝ հետամուտ լինելու են, որ գողացված ապրանքը հետ վերադարձվի բանակին, նշվեց, որ «դա քննությունը պետք է թույլ տա, եթե դրանք պիտանի են կիրառութան: Պետք է հասկանանք՝ ժամկետանց են, կիրառելի են, թե՝ ոչ»:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի ընթացքում ու դրան հաջորդած շրջանում, նա նշել է՝ եղել են կամավորներ, որոնք ստացել են սնունդ, հանդերձանք ու մատակարարել բանակին:

Քննությունը ցույց կտա, թե ինչ ճանապարհով ենք դրանք հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ:

«Պետք է հստակ տարանջատել: Այն առարկանները, որոնք ՊՆ-ի կողմից օրինակարան կարգով տրամադրվել են, բայց չեն ծառայել իրենց նպատակին, առանձին հարց է:

Այն առարկաները, կապի համակարգերը, որոնք տրամադրվել են դպրոցականների, Ռուսաստանում ապրաողների ու այլոց կողմից ու տեղ չեն հասել, այդ մասով որուէ բան ասել չեմ կարող»,- ասել է նա:

Անդրադառնալով հարցին, թե նման բացահայտումից հետո ԵԿՄ-ն կշարունակի գոյություն ունենալ, մամուլի խոսնակն ասաց՝ որեւէ բան ասել չի կարող:

«ԱԱԾ ցուցադրած տեսանյութից դատելով, կային այնպիսի զենք զինամթերք, որոնք  չէին կարող օրինական լինել:

Համապատասխան մարմինները դիմել են ՊՆ-ին, վերջինս թե դրամական միջոցների ծավալով, թե նյութական միջոցների անվանացուցակով տվյալները տրամադրել է»,- ասել է ՊՆ խոսնակը:

Մանվել Գրիգորյանը նամակ է գրել Արա Բաբլոյանին

18.06.2018 – «Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից եւ հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաեւ ՀՀԿ արձագանքից։

Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաեւ հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խորը, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննության ընթացքում։ Նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային, թե խնդրո առարկա գույքն ինչու եւ ինչ ձեւով է հայտնվել ԵԿՄ-ն սպասարկող պահեստներում, թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար։

Չմոռանանք, որ ԵԿՄ-ն կար, մնում է եւ շարունակելու է մնալ Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը աջակցող հենասյուներից մեկը։

Քանի որ չունեմ որեւէ ցանկությունը խորչընդոտելու նախաքննությանը, կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության։ Վստահ եմ, որ իմ անունը ես կվերականգնեմ»,- գրված է Մանվել Գրիգորյանի նամակում։

Որեւէ տեղ ձեւական չենք գնում, գնում ենք, երբ ունենում ենք հստակ օպերատիվ տվյալներ

«ԱԱԾ-ն իր անելիքներն արել է, եթե օպերատիվ մասով  խնդիրներ լինեն, մենք միշտ պաստրաստ ենք աջակցել քննությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկությանը:

Նա չբացահայտեց օպերատիվ քննության մասը՝ միայն նշեց, որ տեղյակ են եղել առանձնատանը պահվող իրերի մասին։

Արթուր Վանեցյանի խոսքով՝   քննություն է ընթանում, լինելու է հարցաքննություն, որի շրջանակում եթե լինի ինչ-որ խնդիր այլ քննչական եւ օպերատիվ գործողությունների, դրանք էլ կարվեն։

Հարցին՝ զինվորների սնունդի գողության վերաբերյալ խոսակցություններ միշտ են եղել, կարո՞ղ են ենթադրել, որ ԱԱԾ-ն նախկինում թերացել է, նա պատասխանեց. «Ես ենթադրություններով  չեմ խոսում, խոսում եմ փաստերով։ Փաստն այսօր ունենք, արձանագրում ենք»։

Հարցին՝ նման աղմկահարույց բացահայտումներ նորից սպասվո՞ւմ են, ԱԱԾ տնօրենն ասաց, որ աշխատում են բնականոն աշխատանքով, եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի, կազմակերպությունների կողմից իրականացված ապօրինությունների մասին, արձագանքը կլինի համապատասխան։

Դիտարկմանը՝ մասշտաբներն իր համար սպասելի  են՝ Արթուր Վանեցյանը դրական պատասխան տվեց:

Մեկ այլ հարցի՝ բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների տներում խուզարկություններ կարվե՞ն,  Արթուր Վանեցյանն ասաց, ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ, ռեպրեսիաներով չի զբաղվում եւ ինքը թույլ չի տա, որ երբեւիցե զբաղվի։

«Այլ բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների տներում խուզարկություններ չեն լինելու, եթե չլինեն դրա համար անհրաժեշտ հստակ, ստույգ տվյալներ։ Եթե կլինեն՝ նույն վերաբերմունքին կարժանանա ցանկացած մարդ, ով խախտել է ՔՕ-ն, եւ մենք ունենք համապատասխան ստույգ տվյալներ։

Մենք որեւէ տեղ ձեւական չենք գնում, մենք գնում ենք, երբ ունենում ենք հստակ օպերատիվ տվյալներ, որոնց իսկության մեջ նախօրոք համոզված ենք։ ԱԱԾ-ն որ րոպեին բացահայտում եւ սկսում է գործել, ապա այդ գործն ունենալու է միանշանակ դատական վախճան»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ԵԿՄ-ն Պաշտպանության նախարարությունից պարբերաբար ստացել է սնունդ, եւ հնարավոր է, հայտնաբերվածը հենց այդ ստացած սնունդն է, ԱԱԾ պետը նշեց, որ ինքը չի կարող ասել՝ ստացել են, թե ոչ, միայն կարող են փաստել, որ կան նամակներ դպրոցականներից, անհատներից, քաղաքացիներից, կազմակերպություններից. «Դա քառօրյա պատերազմից մնացած սնունդ է»։

Հարցին, թե հայտնաբերված սեփականության վկայականները ում են պատկանում, Արթուր Վանեցյանն ասաց՝  չի ուսումնասիրել, իրեն զեկուցել են, որ դրանք եղել են թե Մանվել Գրիգորյանի, թե նրա ընտանիքի անդամների, թե այլ մարդկանց անուններով:

ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ, բայց նոր բացահայտումներ կլինեն

Սրանք ԱԱԾ տնօրենի խոսքերն են:

Եթե չլինեին Էջմիածնի դեպքերը, օպերատիվ գործողություններ կարվեի՞ն:

Ըստ Արթուր Վանեցյանի՝ այո, իրենք օպերատիվ գործողություններ իրականացնելու էին, քանի որ տեղեկություն ունեին։

Նա նաեւ նշեց, որ այլ անձանց, այլ բարձրաստիճան զինվորականների տներում ստուգումներ չեն լինելու, քանի դեռ չկան ստույգ փաստեր եւ տվյալներ։

«Եթե առկա լինեն անհրաժետ փաստերը, ապա կլինեն դա բարձրաստիճան պաշտոնյաներ կամ շարքային քաղաքացիներ՝ կարժանանան նույն վերաբերմունքին։ Մենք երբեւիցե չենք գնում որեւէ տեղ առանց օպերատիվ տվյալների, որոնց իսկությունը մեզ մոտ կասկած է հարուցում։ Նախօրոք ենք ճշտում ամեն ինչը, եւ եթե ԱԱԾ-ն սկսում է գործել՝ նշանակում է այդ գործը ունենալու է միանշանակ դատական վախճան։ Մենք հենց այնպես գործողություն չենք իրականացնում»,- ասել է ԱԱԾ տնօրենը։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին՝ նա նշեց, որ եղել է պլանավորված աշխատանք, որն իր ավարտին հասցվեց վերջին 2 օրը. «Ունեինք ինֆորմացիա, որ Մանվել Գրիգորյանն ու Արթուր Ասատրյանի միջեւ լարված իրավիճակ է, եւ երկուսի մոտ էլ զենք կար, եւ այդ զենքը մի օր կրակելու է»։

Դոն Պիպոյի մոտ, ըստ ԱԱԾ տնօրենի, հայտնաբերվել է 2 ինքնաձիք եւ 4-5 ատրճանակ, նա կալանավորվել է, իսկ ձերբակալման որոշումը պետք է կայացնի դատարանը։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ ԵԿՄ Պաշտպանության նախարարությունից պարբերաբար ստացել է սնունդ, եւ հնարավոր է, հայտնաբերվածը հենց այդ ստացած սնունդն է, ԱԱԾ ընօրենը նշեց, որ չունի նման տեղեկատվություն. «Մենք կարող ենք փաստել, որ կան նամակներ դպրոցականներից, անհատներից քաղաքացիներից, դա քառօրյա պատերազմից մնացած սնունդն է»։

Փորձում են վնասազերծե՞լ վարչապետին եւ ԱԱԾ ղեկավարին

Կառավարության հունիսի 18-ի արտահերթ նիստից հետո լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե վերջին  բացահայտումներից հետո արդյոք մտավախություն չկա անձնական անվտանգության առումով:

«Չասենք մտավախություն, կարող են լինեն նման բաներ։ Անկեղծ ասած՝ ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել, բայց չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում կարծում եմ, ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող մարդու նկատմամբ…»,.- ասել է ԱԱԾ տնօրենը՝ հավելելով, որ չի ասի՝ ում մասին է խոսքը։

* * *

Այս ամենի մասին իրենց կարծիքներ են հայտնել շատ ազատամարտիկներ, ՀՀԿ-ական պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Շուշան Պետրոսյանը, Սեյրան Սարոյանը եւ այլք, ՀՅԴ տեսակետն է հայտնել Արմեն Ռոստամյանը, «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը: Տեսակետ է հնչեցրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, խոսել են Աժ նախագահ Արա Բաբլոյանը եւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, այլ պետական գործիչներ ու պատգամավորներ, քաղաքական ու հասարակական ուժերի ներկայացուցիչներ, բնապահպաններ, ՄԻՊ Արման Թաթոյանը, փաստաբաններ եւ այլք, որոնց տեսակետներին դեռ առիթներ կունենանք անդրադառնալու, երբ սկսենք վերլուծել  իրավիճակն ու պատճառահետեւանքային կապը…

«Լուսանցք»-ի խմբագիր Արմենուհի Մելքոնյանը ֆ/բ էջում գրառել էր, որ այս ամենից չի ցնցվել, քանզի շատ զգուշորեն է ընտրում հերոսներին ու հակահերոսներին՝ մշտապես նրանց համար նշաձողերը շա՜տ բարձր պահելով…

«Լուսանցք» թիվ 23 (501), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։