Նախիջեւանը՝ հենակետ երկու կողմերի համար… / Արցախի խնդիրը՝ որպես Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության եւ ռազմա-քաղաքական ոլորտի ողնաշար, Նախիջեւանի խնդիրը՝ այս առումով առաջիկա նպատակակետ… Ջավախքի խնդիրը՝ կարող է դառնալ Միացյալ Հայաստանի վերազարթոնքի մարտակոչը… / Այս ուղղություններով շահագրգիռ Հայաստանը կազդարարի տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը լինելու մասին…

«Լուսանցք»-ն իր հրապարակումներում մշտապես ընդգծում է, որ Արցախի խնդիրը Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության եւ ռազմա-քաղաքական ոլորտի ողնաշարն է եւ այն միշտ պիտի ամուր պահել, մինչեւ Հայաստանի հետ վերամիավորման ցանկալի պահը:

Նախիջեւանն այս առումով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջիկա նպատակակետը պիտի դառնա, քանզի տարածաշրջանում Թուրքիա-Ադրբեջան եւ առհասարակ համաթուրքական նպատակների հիմնակետն է այսօր, նաեւ իրանական որոշակի տարածաշրջանային նկրտումների թիրախ է ընտրված:

Իսկ Ջավախքը կարող է դառնալ Միացյալ Հայաստանի վերազարթոնքի այն մարտակոչը, որը Հայաստանը կազդարարի որպես տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը:

Այս ամենը լավ հասկանում են նաեւ մեր թշնամիներն ու հակառակորդները, ինչը որքան բարդացնում է մեր խնդիրը, այնքան էլ դյուրին է դարձնում, քանզի այլեւս գործելու հարց է դրվում, երբեմն նաեւ բաց տեսքով, քանի որ թաքցնելու որեւէ բան չունենք, որովհետեւ տերն ենք մեր հողերի եւ ազգային նպատակների:

Վերջերս Հայաստան-Նախիջեւան սահմանային դիրքերում կատարվող գործողությունները նորից անհանգստություն բերեցին, քանի որ խոսվում էր որոշ դիրքերի կորստի մասին: Բայց ՀՀ ՊՆ-ն հերքեց այդ լուրերը, այդ դիրքերից վերադարձած քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հաստատեց եւ մանրամասնեց, որ դա Ադրբեջանի կողմից հերթական ապատեղակատվությունն է:

«Խոսքը վերաբերվում էր երկու բարձունքների Արդիչ եւ Կեզելկայ, երրորդ բարձունքի մասին ես հատուկ եմ առանձնացնում Հունուտ կամ Գունուտ դիրքի վերցնելը, Հունուտ գյուղի ազատագրումը «հայկական օկուպացիայից», 50 կմ թիկունքային ճանապարհ կառուցելուն, «Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը վերահսկղության տակ վերցնելուն, այս ամենը ապատեղեկատվութուն նշել է քաղաքագետը:  

Ըստ նրա, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւն փորձում է ռեւանշի հասնել Նախիջեւանում: Մեր դիրքերը սեպաձեւ եւ հակառակորդի պաշտպանական դիրքերը  ճեղքող դիրքեր են եւ իրենք  են փորձում այդպիսի դիրքեր ստեղծել, որոնք լարվածության օջախներ կստեղծեն, որովհետեւ միջդիրքային տարածության կրճատումը թույլ է տալու օգտագործել ավելի փոքր հեռահարության զինատեսակներ:

Ստեփան  Սաֆարյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմը չի գնա լայնամասշտաբ ռազմական գործողությունների: «Նման պատերազմ սկսելը այդքան հեշտ բան չէ, 2016թ.  կային բազում գործոններ, որոնք ցավոք սրտի թույլ էին տալիս այդ պատերազմի մասին խոսել, ինչպիսին ռուս-թուրքական առճակատումն էր, որովհետեւ 2016թ. Իլհամ Ալիեւը կարող էր մտածել, որ Թուրքիան միգուցե շահագրգռություն ունենա Նախիջեւան մտնելու, որովհետեւ ռուսների հետ կռված էր, բայց այժմ նա այդպիսի շահագրգռություն չի կարող ստեղծել Թուրքիայի համար, որքան էլ ադրբեջանական տանդեմը բավականին սերտ լինի: Թուրքիան չի կարող ոչ իր ատոմակայանը, որը կառուցում են ռուսները, ոչ իր հարավային հոսքը, ոչ իր Ս-400 մատակարարումը չի կարող վտանգի տակ դնել հանուն Ադրբեջանի, հանուն Նախիջեւանում Ադրբեջանին պաշտպանելուն: Դա չի կարող լինել»,- նշել է նա:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայ-ադրբեջանական շփման գծում եւ Նախիջեւանում սահմանային սրացումների հավանականությունը շատ քիչ է համարում: Ըստ քաղաքագետի, գերտերությունները կաշխատեն ստատուս-քվոյի պահպանության համար, Արցախն էլ կփորձի ամրապնդել շփման գիծը: «Ադրբեջանը դուրս չի գա բանակցային գործընթացից, սակայն այն կհամատեղի կրակոցներով, տարբեր տեսակի էսկալացիաներով: Այս տարի սահմանին իրավիճակը, նախորդ տարիների համեմատ, առավել հանգիստ է եղել»,- ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանում ընթացող ընտրություններին՝ նշել է, որ ընտրություն ասելը ճիշտ չէ, քանի որ այնտեղ քաղաքական ընդդիմություն չկա: «Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ֆեյսբուքում գրառում անողները բանտարկվում են, իսկ քաղաքական հռետորաբանությունը չեզոքացված է»,- ասել է քաղաքագետն ընդգծելով, որ այդ ընտրությունները որեւէ փոփոխությունների չեն բերի ԼՂ հարցում: «Այս խնդիրն այն փուլում չէ, երբ կարելի է ինչ-որ լուրջ փոփոխություններ ակնկալել: Այն կմնա մոտավորապես նույնը, ինչ հիմա է»,- ասաց նա:

Իր ժամանակին Սերժ Սարգսյանը մեծ ուշադրություն էր արժանացնում Նախիջեւանի հարցին, ինչը որոշակի դիրքային հաջողություններ էր արձանագրել այս վերջին տարիներին: Նա խոսել է նաե Արցախի խնդրի լուծման հարցում աշխարհաքաղաքական զարգացումների վտանգների մասին: Իհարկե, Հայաստանի ցանկությունն է արցախյան հակամարտության խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն Բաքուն նախընտրում է սադրանքների ճանապարհը:

Այսօր Հայաստանի այն թեզը, որ Ստեփանակերտը պիտի բանակցի ու պաշտպանի իր տեսակետը, այլ ոչ թե Երեւանը, բոլորովին նոր իրավիճակ է ստեղծել, ինչը հասկանալի չէ ոչ մի կողմի համար…

«Առաջնահերթ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը եւ այս տեսակետից նոր իշխանությունների առջեւ դրված խնդիրները պետք է մասամբ կիսվեն նաեւ ընդդիմության տեսակետներով»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ Նա շեշտել է, որ արցախյան հարցում զգոնության պահպանումը եւ սթափ գործելու պահը երբեք չի անցնում. «Այս տեսակետից կարծում եմ ակնհայտ է, որ Մինսկի խմբի վաղը տեղի ունենալիք այցը հրաշալի հնարավորություն է եւս մեկ անգամ բանաձեւելու Հայաստանի եւ Արցախի ժողովրդի քաղաքական կամքն ու մոտեցումները։ Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակ գիտակցեն իրենց այցի ընթացքում, որ ոչ մի ներքաղաքական տեղաշարժ Հայաստանում, ոչ մի արցախյան քաղաքական գործընթաց չի կարող խաթարել հայ ժողովրդի միասնական կամքը՝ տեսնելու Արցախն անկախ եւ ազատ։

Կարծում եմ, որ Նախիջեւանի սահմանին տեղի ունեցող գործընթացների մասին էլ ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն եւ ակնկալում եմ, որ կառավարության համապատասխան պաշտոնյաները այս հարցով նույնպես կզբաղվեն»։

Արմեն Աշոտյանը  նոր իշխանություններին առաջարկեց հետեւողական լինել Սանկտ-Պետերբուգի, Վիեննայի եւ Ժնեւի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածելուն։ «Ցավոք սրտի առայսօր այս տրամաբանությունը ես չեմ տեսել արտաքին քաղաքականության դրսեւորումների մեջ արցախյան հարցում։ Անկախ նրանից, թե նոր իշխանությունը կարգավորման ինչ սցենար կառաջարկի, այնուհանդերձ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները թերագնահատել պետք չէ»,- ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ նախկին իշխանությունների կողմից վարված քաղաքականության արդյունքում Արցախի հարցում որեւէ պատահական բառ, արտահայտություն կամ միտք չկա։

«Այս ամբողջը ստեղծվել է բանակցային գործընթացի ընթացքում հմուտ, խորիմաստ մոտեցումների արդյունքում։ Փառք ու պատիվ նոր իշխանություններին, եթե կարողանան անել ավելին, եթե չէ, ապա առաջարկում եմ առաջնորդվել նախկինում արած մշակումներով։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական գործընկերության դաշինքը պետք է ամրապնդվի, այս տեսակետից մեծ ակնկալիքներ ունեմ վարչապետի այցից Մոսկվա՝ հունիսի 14-ին եւ ՌԴ նախագահի հետ հանդիպումից։ Միաժամանակ կարծում եմ, որ Հայաստանի անվտանգության հարցերը չպետք է կախված լինեն առանձին պաշտոնյաների տեսակետներից, որքան էլ նրանք պոպուլյար եւ սիրված լինեն։ Ակնհայտ է, որ դեռեւս փետրվարին Սերժ Սարգսյանի կողմից բարձրաձայնված խնդիրը՝ վերանայել ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, այսօր ավելի քան ակտուալ է»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։

Ինչպես նշեցինք, Նախիջեւանը մեր առաջնային նպատակակետը պիտի դառնա:

Նախիջեւանը շատ վերլուծաբաններ հայ ազգի պարանոցն են համարում, որ այսօր պետք է լուրջ վերաբերվել այդ խնդրին:

Նախիջեւանի խնդիրը նոր չէ, մեր նորագույն պատմությւան մեջ արդեն 4 տարի շարունակ այնտեղ կուտակումներ են լինում եւ զորավարժություններ են անցկացվում: Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նա նշել է, որ դեռեւս նախորդ տարի հայտարարել է՝ Նախիջեւանում մարզվում են շուրջ 4 հազար դեսանտայիններ, նրանց մարզում են թուրքական էմիսարներ: «Ինչու՞ Նախիջեւանում, որովհետեւ այն համարվում է հայ ազգի պարանոցը, մենք պետք է լուրջ վերաբերվենք դրան, ավելի քան լուրջ: Անցյալ տարի Իրանը ուղիղ նոտա է հղել Ադրբեջանին՝ լինելով բավական հեռու, առանց իր թույլտվության զորավարժություններ անցկացնելու համար նոտա հղեց, իսկ մենք ծպտուն չհանեցինք, շատ բաների համար ծպտուն չէինք հանում, այսօր պետք է զգոն լինենք»,- ասել է նա:

Ադրբեջանցիներն իրենց ողջ տեղեկատվությամբ Եվրոպայից սկսած, սկսում են հեղեղել ստահոդ տեղեկություններ Հայաստանի վերաբերյալ: Ադրբեջանն ուղղակի գնել է եվրոպական ԶԼՄ-ները, եւ դրան պետք է վերջ դրվի: Ինչպես վերջ դրվեց ադրբեջանական կաշառատվությանը ԵԽԽՎ-ում, որի մասին «Լուսանցք»-ը մեծ անդրադարձ է արել:

«Մենք պետք է այս առիթն օգտագործենք եւ ասենք, թե ինչպես են խեղաթյուրել պատմական իրողությունները: Նախիջեւանում նման զորավարժությունները պատահական չեն, էմիսարների ներկայությունը եւս»,- ասել է քաղաքական գործիչը:

Պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանն էլ նշել է, որ Նախիջեւանի հարցը պետք է դիտել ոչ միայն ռազմաստրատեգիական, այլեւ միջազգային քաղաքականության հարթությունում: Նախիջեւանը, Մոսկվայի պայմանագրի համաձայն, պրոտեկտորատի՝ պաշտպանության իրավունքով տրված է Ադրբեջանին, իսկ դա ոչ մի հողային, տարածքային իրավունք չի տալիս Ադրբեջանին, եւ իրեն զարմացնում է մեր դիվանագետների պահվածքն այս հարցում: Այո, «Լուսանցք»-ն այս մասին եւս գրել է եւ ցայսօր զարմացած ենք մեր դիվանագետների լռությունից:

Իմիջիայլոց, ըստ հայ արիների տեղեկատվության, վերջին հայը Ադրբեջանը լքեց 1990-ի նոյեմբերին եւ անգամ առաջարկ եղավ նոյեմբերի 29-ը ճանաչել որպես նախիջեւանահայության ցեղասպանության օր, երբ վերջին հայը դուրս եկավ Նախիջեւանի հայաբնակ Զնաբերդ գյուղից եւ Նախիջեւանը զրկվեց Արցախի օրինակով ազգային-ազատագրական պայքարի հնարավորությունից:

Պատմաբանը նշել է նաեւ, որ հակառակորդը Նախիջեւանում հսկայական ներուժ է կենտրոնացրել. «Եթե նրանք բարելավում են դիրքերը, գերակշիռ դիրք ձեռք բերում, դա նշանակում է, որ այդ հողերը անմշակ են մնալու: Մեր ՊՆ նախարարը պետք է հասկանա, որ հարվածի ուժով պետք է վերականգնենք այդ դիրքերը: Այն ռեսուրսը, որ կենտրոնացված է այնտեղ եւ կարող է օգտվել Թուրքիայի անսպառ աջակցությունից, մեծ սպառնալիք է Հայաստանի դեմ։

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված մտահոգություններին. «ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջեւանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն եւ ցանցում հնչեցված հատվածներում եւս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք:

Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաեւ ակտիվ քննարկումներ: Որեւէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունը եւ ունակությունը: Մենք եւս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից Սիրանուշ Թումանյանը  լուսանկարներ էր հրապարակել ու մասնավորապես գրել. «Արենի գյուղի մոտ նոր Ադրբեջանական դիրքեր… Ֆոտոները հենց էս պահին եմ արել, Արենիի այգիներից, գյուղը ամբողջությամբ դիտարկվում է իրենց կողմից»:…

Ավելի վաղ «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բարսեղյանը գրառում էր կատարել. «Օնիկ Գասպարյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետի լավագույն թեկնածուն էր։ Իսկ ընդհանրապես, Արտակ Դավթյանին՝ 5-րդ կորպուսի հրամանատարին շտաբի պետի պաշտոնում նշանակելն առնվազն տարակուսանք է առաջացնում վերջին օրերին սահմանի նախիջեւանյան հատվածում տեղի ունեցածից հետո։ Չեզոք գոտում ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացել են առաջ բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ»:

Ի վերջո արձագանքեցին նաեւ ԱԳՆ-ից:

Լրագրողները խորհրդարանում փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանին խնդրեցին մեկնաբանել ադրբեջանական զորքերի՝  Նախիջեւանի տարածքում դիրքային առաջխաղացման մասին տեղեկությունները:

Վերջինս հիշեցրեց, որ ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, մինչ Արցախ մեկնելը, այցելել էին առաջնագիծ՝ տեղում ծանոթանալու վիճակին. «Այն տեղեկատվությունից բացի, որը տրամադրել է պաշտպանության  նախարարությունը, այլ բան ավելացնել չեմ կարող»:

Իսկ հնարավո՞ր է, որ ադրբեջանական կողմի ագրեսիվ քայլերի դեպքում Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին. հարցին ի պատասխան փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ի հետ ունենք հստակ պայմանագիր եւ պայմանավորվածություններ, եւ թեորետիկ խոսել մի դեպքի մասին, ինքը կդժվարանա: «Կա պայմանագիր, կան պայմանագրի կետեր, եւ պայմանագրի կետերը պետք է կիրառվեն»,- շեշտել է դիվանագետը:

Այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, որ Ադրբեջանը շարունակում է պատրաստվել ոչ միայն Արցախի ուղղությամբ, որտեղ զինտեխնիկա է կուտակվում, այլեւ Նախիջեւանում:

«Հաշվի առնելով թուրքական ռազմական ուժերի ընդլայնվող ներկայությունը Նախիջեւանում եւ թուրքական մեծ ազդեցությունը, այստեղ դժվար է տարանջատել ադրբեջանական եւ թուրքական ուժերը: Գաղտնիք չէ նաեւ, որ երկար տարիներ Ադրբեջանը անվստահություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում հեղինակազրկել, տապալել այդ հարթակը՝ վիրավորելով միջնորդներին: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ էլ մեկ այլ մարտավարություն է կիրառում՝ ջանում է ընդլայնել կամ Մոսկվայի, կամ Անկարայի ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Փորձում է առանձին երկրների միջոցով կարգավորել հակամարտությունը՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն:

Վերջին տարիներին Բաքուն դա փորձում է անել Մոսկվայի միջոցով: Ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը, որն, ըստ էության, բացառում են բոլոր միջնորդներն ու Հայաստանը եւ ինչն անհնար է: Բայց այս քաղաքականությունից Բաքուն չի հրաժարվում եւ հնարավորության դեպքում օգտագործում է Թուրքիային առաջին պլան բերելու իր նպատակը, կարծում է ռուս քաղաքագետը:

«Չի բացառվում, որ Նախիջեւանի ուղղությամբ ակտիվությամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ մի այլ բանակցային ձեւաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ»,- հետաքրքիր տեսակետ է նշել քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը:

Թուրք քաղաքագետ Բասքըն Օրանն այս հեռանկարը քիչ հավանական է համարում: Ըստ նրա, Թուրքիայի իշխանությունների համար նման սրումը բացարձակապես ձեռնտու չէ: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, նա ասել է, որ հակամարտության վերսկսման վտանգ կա: «Եթե կողմերը դիրքեր են փոխում, դա ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ են փոխվում դիրքերը: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Հնարավորության դեպքում Ադրբեջանը կփորձի պարտադրել հակամարտության լուծում ուժի կիրառման միջոցով»,- ասել է Բասքըն Օրան:

Ի դեպ, Թուրքիայում այս տարվա վերջին կարող են մեկնարկել Կարս-Իգդիր-Արալըղ-Դիլուջու երկաթգծի շինարարական աշխատանքները. այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի տրանսպորտի եւ կապի նախարար Ահմեդ Արսլանի՝ Կարսում արած հայտարարությանը։ Թուրքիայից դեպի Նախիջեւան տանող երկաթգծի շինարարությունը, ամենայն հավանականությամբ, կսկսվի 2018-ի վերջին, 2019-ի սկզբին։

224 կմ երկարությամբ երկաթգծի գնացքները, ըստ թուրք նախարարի, կկարողանան զարգացնել մինչեւ 160 կմ/ժ արագություն։

Նշվել է, որ երկաթգիծն ավելի ուշ կմիացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն՝ դուրս գալով դեպի Կարս-Քափըքուլե գիծ, որը հատում է ամբողջ Թուրքիայի տարածքը՝ արեւելքից արեւմուտք, եւ դուրս գալիս Եվրոպա։ «Այսպիսով՝ Քափըքուլե-Էդիրնե-Ստամբուլ-Էսքիշեհիր-Անկարա-Յոզղատ-Սիվաս-Էրզինջան-Կարս երկաթգիծն Իգդիրի միջոցով կկապվի Ադրբեջանի ու Իրանի երկաթգծերի հետ»,- ասել է Ահմեդ Արսլանը։

Դառնալով Նախիջեւանի հետ սահմանայի դիրքերին՝ նշենք, որ ոմանց մոտ դեռ տարակուսանք կա, որ ՀՀ ՊՆ-ն գաղտնի է պահում ադրբեջանական դիրքերի տեղակայումը: Վերջին օրերը հանրությունը քննարկումներ ծավալեց այս թեմայով եւ նշվեց Նախիջեւանում ադրբեջանական դիրքերի՝ դեպի Հայաստան սահմանագիծ տեղաշարժվելու փաստը: Հայաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի պատասխանատուները հերքեցին, սակայն մարդիկ դեռ հիշում են ապրիլյան քառօրյան, որոշակի հողերի կորուստը, ինչպես ոմանք նշում էին 800 հա «անպետք հողերի» կորուստը՝ ինչը ստիպում է բոլորին դասեր քաղել:

Ադրբեջանական եւ թուրքական զլմ-ներն էլ լրացուցիչ են սրում իրավիճակը, ինչը, այսպես ասած արտաքին անկայունությունը փոխանցում է ներքին ոլորտ:

Իսկ ՊՆ պնդումը, թե ադրբեջանական դիրքերը տեղաշարժվել են իրենց տարածքում ու կարիք չկա անհանգստանալու, տարակուսելի չէր լինի, եթե դիրքերը հետ տային, ոչ թե՝ դեպի Հայաստանի սահման: Սա հասկանալու համար, թե ինչու է ՊՆ-ն այսքան հանգիստ ադրբեջանական տեղափոխումներից, դիմողներ են եղել, որ ՊՆ մամուլի խոսնակը տրամադի ադրբեջանական դիրքերի այսօրվա եւ ավելի վաղ ժամանակի համեմատական քարտեզ: Ըստ խոսնակի, նման քարտեզներ իրենք, իհարկե, ունեն, սակայն ընդգծեց, որ «քարտեզները գաղտնի են եւ հրապարակման ենթակա չեն»:

ՊՆ-ն հայտարարեց, որ անգամ Արցախի սահմաններում վիճակը հանգիստ է, անհանգստանալու կարիք չկա, միշտ  զգոն ենք՝ պատրաստ ցանկացած զարգացման: Հակառակորդի դիրքային տեղաշարժեր չկան:

Ադրբեջանական կողմն իսկապես  զբաղեցրել է 1-2 բարձունք, սակայն դա ուժերի հարաբերակցությունը չի փոխում, Նախիջեւանի եւ Արցախի ուղղությամբ գերիշխող դիրքերը ՀՀ ԶՈՒ-ի վերահսկողության ներքո են, եւ հայկական զինուժը պատրաստ է արագ արձագանքման երկու ուղղություններով էլ: Այ սա է այն իրականությունը, որը ներկայացնում են Հայաստանի պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների գերատեսչությունները:

Հայկական կողմը նույնպես ինտենսիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում։

Նշվում է, որ Նախիջեւանի ուղղությամբ չեզոք գոտում դիրքերը բարելավելու Ադրբեջանի փորձերի մասին հաղորդագրությունները հայտնվել են վերջերս։ Նմանատիպ գործողություններ Տավուշի ուղղությամբ չեն արձանագրվել։ Ընդ որում, պակաս կարեւոր չէ, որ Նախիջեւանը Թուրքիայի կողմից հատուկ հետաքրքրության գոտի է դիտարկվում։

Նշենք, որ ավելի վաղ «Ռազմինֆո»-ն արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երեւում է, թե որքան են տեղաշարժվել ադրբեջանական դիրքերը մայիսի ընթացքում Նախիջեւանի հյուսիսարեւելյան հատվածում:

«1. Ադրբեջանական դիրքերն առաջ տանելու մեր ուսումնասիրած բոլոր դեպքերը նախկին Նախիջեւանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական հանրապետության սահմաններում են (իմա՝ Նախիջեւանի տարածքում)։

  1. Խոսքը միայն ու միայն ոչ մի կողմից չվերահսկվող բարձունքներում դիրքավորվելու մասին է, հայկական որեւէ դիրքի կորուստ մեր ուսումնասիրած լուսանկարներում չի դիտարկվում։

Նշենք նաեւ, որ չենք անդրադառնում հայկական կողմի գործողություններին, քանի որ դրանց մասին պաշտոնական աղբյուրներից մանրամասներ դեռեւս չկան։

Զննել ենք ս.թ. մայիսի 2–27 ժամանակամիջոցում արված արբանյակային լուսանկարներում երեւացող փոփոխությունները, մասնավորապես՝ ադրբեջանական կողմից դեպի նոր դիրքեր տանող նոր ճանապարհների հայտնվելը, ինչը խոսում է սեղմ ժամկետներում իրագործած ինժեներական աշխատանքների մասին:

Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների եւ լքված Հունուտ (ադրբ. Ջունութ) գյուղի ուղղություններով: Առաջխաղացման նշաններ նկատվում են մայիսի 2-ից սկսած, սակայն հիմնական աշխատանքներն արվել են մայիսի 17-27 հատվածում»,- գրել է «Ռազմինֆո»-ն:

Այս օրերին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նախագահը կարեւորել է ԵՄ հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը: Նա ասել է, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է բացում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացի վերաբերյալ: Կողմերը խոսել են տարածաշրջանային այլ խնդիրների մասին եւս:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 23 (501), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։