Ինքնիշխանության ցուցանումը` անվստահության դրսեւորում… / Նիկոլ Փաշինյանին թվում է իրենից առաջ Հայաստանի բոլոր նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Հայաստանը ծառայի կարգավիճակով են ղեկավարել, մեր սուվերենությունը ոտքի տակ տալով եւ ինքը փորձում է ամեն գնով, ամեն օր հիշեցնելով «մեր սուվերենությունը»  եւ «անկախացնել»  Հայաստանը… Թե՞ հենց ինքն է վախենում Հայաստանը ոչ ճիշտ ղեկավարելով ստորադասել մյուս երկրների նկատմամբ…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ առաջին քայլը, որ արել է մեր երկրի ղեկավարը՝ Հայաստանի սուվերենության-ինքնիշխանության հարգանքի մասին խոսելն է: Նույնը Ռուսստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ էր, գրեթե նույնը՝ ռուսական կողմի բարձրաստիճան օրենսդիր մարմի ղեկավարների…

Արեւմուտքի երկրների ղեկավարների հետ հանդիպումներ դեռ չկան, սակայն պարզ է, որ մեր ինքնիշխանության մասին պատմությունն այստեղ եւս կլսվի…

Ի՞նչ է սա:

Կամ՝ Նիկոլ Փաշինյանին թվում է իրենից առաջ Հայաստանի բոլոր նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Հայաստանը ծառայի կարգավիճակով են ղեկավարել, մեր սուվերենությունը ոտքի տակ տալով եւ ինքը փորձում է ամեն գնով, ամեն օր հիշեցնելով անկախացնել Հայաստանը… Կամ՝ հենց ինքն է վախենում Հայաստանը ոչ ճիշտ ղեկավարելով ստորադասել մյուս երկրների նկատմամբ, ուստի ամեն հանդիպմանը, նախ եւ առաջ հիշեցնում է, որ ինքը սուվերեն երկրի վարչապետ է – չմոռանաք հանկարծ:

Հայաստանի 3-րդ Հանրապետությունը 1991-ից սուվերեն, անկախ երկիր է եւ հսկայական քայլեր է արել արտաքին ասպարեզում իր դերն ու նշանակությունը բարձրացնելու համար… Այդ ամենը նկատել է պետք, օգտագործել հաջորդիվ քայլերի համար, ոչ թե ամեն բան սկսել 0-ից, ու ոչ թե առաջ գնալ +1, +2, +3… այլ հետ՝ -1… Ու նաեւ այնպիսի կեցվածք որդեգրել, որ այլ երկրների ղեկավարների մոտ տարակուսանք առաջացնի, ինչպես Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը հանդիպումների ընթացքում ամեն տեղ կնոջ հետ գնալը, որը «պրոտոկոլով» նախատեսված չէր, բայց ժպիտով թողել են… Նիկոլ Փաշինյանը մտածել է, թե ինքը «պրոտոկոլներից» դու՞րս է… Այնքան դուրս է, որ այլ երկրների ղեկավարների ու շեյխի հետ սեղանի շուրջ նստել է կնոջ հետ, երբ ոչ մեկի կինը չի եղել, եւ հեռախոսն էլ փռել է սեղանին: Եթե ընդունենք, որ այդտեղ պրոտոկոլ չկար, ապա կար անվտանգության խնդիր…

Վերը նշված ոչ «պրոտոկոլային» հարցերի մասին չե՞ն զեկուցել վարչապետին, վստահ ենք զեկուցել են, բայց նա «Նոր Հայաստանի» սուվերենությունն է ցուցադրում, կարծրատիպեր է կոտրում: Պարզապես այսպես երկար չեն հանդուրժի եւ մի օր մի կարեւոր հանդիպման ժամանակ կկանգնեցնեն փաստի կամ անհարմար դրության առաջ, եւ դա միայն Նիկոլ Փաշինյանի վատ վիճակը չի լինելու, այլ՝ մեր երկրի, մեր բոլորի: Սրա համար ենք ցավով նշում…  

Ինքնիշխանության պահպանումը՝ որպես արտաքին քաղաքականության գերակայություն – ահա նոր կառավարության ծրագրային նորամուծությունն արտաքին աշխարհի հետ: Հունիսի 1-ին հրապարակված ՀՀ կառավարության ծրագրի հիմնանպատակների ցանկում առաջին կետը երկրի ինքնիշխանության պաշտպանությունն է, իսկ նախկին կառավարության՝ 2017թ.  հունիսին ներկայացրած ծրագրում առաջին նպատակը սահմանված էր Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդումը։

Այսինքն՝ ոչ մի կասկած չկար, որ մենք անկախ երկիր ենք ու դա ամեն օր հայտարարելու կարիք էլ չկար:

Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման դրույթը նոր ծրագրում հաջորդում է ինքնիշխանության դրույթին։ Սա պատահական չէ:

Ամեն բան նորմալ կդիտարկվեր, եթե Հայաստանի ու Արցախի հարցերում ՀՀ ղեկավարը իր դերակատարումն ունենար: Բայց ոչ՝ նա հրաժարվում է ներկայացնել Արցախը՝ ԵԱՀԿ ՄԽ բանակցություններում:

Թվում է սա վատ չէ, Արցախը մտնում է խաղի մեջ, սակայն երբ Երեւանի ու Ստեփանակերտի կողքին նստեն Բաքուն եւ Խանքենդին (Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները), ապա այնքան էլ լավ չէ…

Սա նաեւ լավ չէ այն առումով, որ աշխարհի աչքին արդեն սովոր՝ «Արցախը իրականում Հայաստան է» փաստը սկսում է հետաճ ունենալ…

Հայոց Գերնպատակը՝ նույնպես:

Այսպիսով՝ հանդիպումից-հանդիպում ու նաեւ կառավարության ծրագրի մակարդակով մեր երկրի նոր կառավարությունը նպատակադրվել է վարել ինքնիշխան արտաքին քաղաքականություն, ինչը որպես գերագույն մոտեցում անհասկանալի է հնչում Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախացումից ավելի քան 25 տարի հետո…

Այս ամենը զվարճանքի է վերածվում արդեն, երբ Ռուսաստանի եւ Իրանի կողմից մերժված Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ «ինքնիշխան եւ բարգավաճող Հայաստանը նշանակում է ուժեղ Ռուսաստան եւ հակառակը»…

Սա նախկին իշխանություններին մեղադրող ռուսասիրության պես մի բան չէ, ավելի վտանգավոր բան է` ռուսամոլության դրսեւորումեւ վարչապետի հայտարարած մեր երկրի սուվերենության մերժում:

«Գլոբալ շահերի տեսանկյունից հայկական պետության նոր ղեկավարությունը  հավատարիմ է ոչ միայն Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանման գծին, այլ նաեւ այդ կապերին նոր տարաբնույթ ազդակներ հաղորդելուն»,- ասել է Արմեն Գրիգորյանը Gazeta.ru կայքում հրապարակված հոդվածում: Միաժամանակ, նկատել է նա, «աշխարհում դժվար է գտնել ռազմավարական դաշինքներ առանց խնդիրների, սխալների եւ թյուրըմբռնման»:

Լավ է դեռ սուվերեն մտքեր կան արտահայտված, այն է` «Անցնելով հազարամյա փորձությունների եւ արգելքների միջով, Հայաստանը եւ հայ ժողովուրդը չեն կարող թույլ տալ իրեն լինել հակառուսական, հակաեվրոպական, հակաիրանական կամ հակաամերիկյան: Մենք մշտապես եղել ենք «եւ-եւ» բանաձեւի կողմնակիցը, ինչը գործնականում կիրառվեց, երբ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ստորագրեց քաղաքական համաձայնագիր ԵՄ-ի հետ»,- ասել  է մեր երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ապա հավելել, որ այդ ուղղվածության շրջանակներում հայ-ռուսական հարաբերություններին մեծ ապագա է սպասվում, «քանի որ մենք մյուսներից շատ ենք շահագրգռված խաղաղության եւ կայունության ապահովման մեջ մի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերը դժվար է գերագնահատել…

Այս համապատկերին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հասկանալի է, որ հանդիպման մասնակիցները կարեւորել են կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին, ինչպես նաեւ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Մնաց հետոն:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 23 (501), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

 

 

 

 

Ու՞ր է գնում Հայաստանը – Հայաստանի արտաքին ոլորտը կրկին երկու ճակատով… / Եթե այսպես շարունակվի, ապա նախորդ իշխանությունների փոխլրացնող արտաքին քաղաքականության բոլոր դրական քայլերը եւ արդյունքները կջրվեն… Իսկ դա կթուլացնի մեր երկրի դիրքերը ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքու, ուրեմնեւ՝ աշխարհում… / Ու՞ր մնաց Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի ամրագրումն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի…

 

Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների անարդյունք այցերը Ռուսաստան եւ Եվրոպա մեր երկրի արտաքին ոլորտը նորից կանգնեցրել են կամ կամի առաջ:

Եթե այսպես շարունակվի, ապա նախորդ իշխանությունների փոխլրացնող արտաքին քաղաքականության բոլոր դրական քայլերը եւ արդյունքները կփջրվեն… Իսկ դա կթուլացնի մեր երկրի դիրքերը ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում:

Կովկասում Հայաստանն ակնկալում էր Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակը փոխարինել Իրան-Հայաստան-Վրաստան եռյակով, իսկ Մերձավոր Արեւելքում Հայաստանն Իրանի ու արաբական որոշ երկրներին զուգահեռ, հարաբերություններ էր զարգացնում նաեւ Իսրայելի հետ…

Իսկ պաշտոնական Երեւանն իսկապես աշխատում էր համաշխարհային երկու բեւեռների հետ հավասարապես, կարողանում էր առաջ տանել Հայաստանի շահերը ինչպես Եվրոպա-ԱՄՆ ուղղությամբ, այնպես էլ Ռուսաստանի: Անգամ՝ Չինաստանի, որ փորձում է համաշխարհային երրորդ բեւեռ ձեւավորել:

Ներկայումս մեր երկիրը կաղում է արագություն զարգացնելու հարցում, ինչը կարող է այլ տպավորություն թողնել եւ կողմերի ճնշումները մեծացնել…

Երկրի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ շուրջ երկու տասնյակ մասնակից երկրների մշտական ներկայացուցիչներին: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ շրջանակներում բազմակողմ համագործակցությունը, որի արդյունքում մեր երկրում կարեւոր բարեփոխումներ են իրականացվել:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձել է երկրում ընթացող բարեփոխումներին եւ կառավարության նոր ծրագրին: Այդ առնչությամբ հատուկ ընդգծվել է Հայաստանում կայացած քաղաքացիական հասարակության եւ ակտիվ երիտասարդության դերը։

ԵԱՀԿ դեսպանները նշել են, որ 6 տարի ընդմիջումից հետո հերթական տարածաշրջանային այցը լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ գնահատելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակը:

Զրույցի մասնակիցները կարեւորել են Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի շարունակակաանությունը։ Այս համապատկերում նախարար Մնացականյանը աջակցություն է հայտնելայս ուղղությամբ նախաձեռնություններին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել  Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, ԵԱՀԿ շուրջ։

Ի՞նչ կորոշեն միասին, արեւմտյան ուղղության հետ, հետո կրկին ռուսական կողմի հետ, դեռ պարզ չէ, Հայաստանի արտաքին դեմքը դեռ անդեմ է…

Սա շատ վտանգավոր է:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 23 (501), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։