Աշխարհի մարզական հեւքից.- Կառչած չեմ ՀՖՖ նախագահի պաշտոնից… «Շիրակը»-ն ու եւս 7 ակումբ հեռացվեց ՀՖՖ-ից… Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին… «Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը… «Բանանց»-ն ուժերը չափեց Ուզբեկստանի չեմպիոնի հետ… Մարկոս Պիզելիի գոլը ճանաչվել է լավագույնը… Ֆուտբոլը զարգանում է, երբ դրանով զբաղվում են պրոֆեսիոնալները… ՀՖՖ-ն հանդես է եկել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությամբ… Մխիթարյանը վերադարձավ Լոնդոն եւ ողջունեց Սոկրատիսին… Բրազիլիայի հարձակվողի կինը մեղադրել է թիմի գլխավոր մարզչին… Շվեդիան դադարեցրեց աշխարհի առաջնության բոյկոտը… Ինչպես է Մոսկվան տոնում հավաքականի հաղթանակը… ՖԻՖԱ-ն դադարեցրեց համագործակցությունը Մարադոնայի հետ… Ֆրանսիայում մտահոգված են ՖԻՖԱ-ի մրցավարական նշանակումով… Մունդիալ-2018.- Անդրադարձ ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր մասնակիցներին եւ վիճակահանության արդյունքներին… Աշխարհի առաջնություններում ինքնագոլերի հակառեկորդ է գրանցվել… Լատինամերիկացի եւ Եվրոպացի աստղերը՝ միմյան դեմ.- Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կժամանեն Երեւան… Ազատության հրապարակում բացվեց ֆուտբոլի ֆան-գոտի… Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականին հաջողվեց հաղթահարել Եվրոպայի 2021թ. առաջնության նախընտրական փուլի արգելքը… Կարեն Ասրյանի հուշամրցաշարում… Գրոսմայստեր Սամուել Սեւյանը հաղթեց Philadelphia International մրցաշարում… Անդրե Աղասին ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի… Պրոֆեսիոնալ բռնցքամարտ «Սպասելիքներս մեծ են»… Թբիլիսյան մրցագորգում Հայաստանի ըմբիշներն անհաջող հանդես եկան… Այլ մարզական լուրեր…

Մարզաշխարհի խաչմերուկներում

Ձեզ թվում է՝ կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից.- Ռուբեն Հայրապետյան

«Կարծում եմ՝ ով էլ լինի իշխանության, սիրելու եւ աջակցելու է հայկական ֆուտբոլը»,- Սեւանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 26-րդ համաժողովի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ն է նոր իշխանությունների վերաբերմունքը հայկական ֆուտբոլին նկատմամբ, ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ կառավարության գործնական, ամենօրյա աջակցությունը միշտ էլ կա։

Մեկ այլ հարցի, թե կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը լինի երկրպագուների եւ ֆուտբոլային հանրության սրտով, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Միանշանակ։ Այսօր ընտրություն չի լինելու: ՀՖՖ-ի նախագահի արտահերթ ընտրությունը կլինի փետրվար ամսին: Բացի դրանից, ի՞նչ է նշանակում` ընտրվել ֆեդերացիայի նախագահ եւ չլինել ֆուտբոլային հանրության նախընտրած մարդը: Եթե ֆուտբոլային հանրությունը չընտրի, ես ոչինչ անել չեմ կարող: Ձեզ թվում է՝ կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, իհարկե ոչ։ Չարաչար սխալվում եք, եթե մտածում եք ինձ ֆուտբոլային հանրությունը չուզի տեսնել այդ պաշտոնում, ես ինձ ճղելու ասեմ՝ պիտի մնամ, ոչ»:

«Շիրակը»-ն ու եւս 7 ակումբ հեռացվեց ՀՖՖ-ից

«Որոշ վայ ֆուտբոլի մասնագետներ փորձել են ներկայացնել, որ այսօր համաժողովում կլինի ՀՖՖ նախագահի ընտրություններ, բայց նման բան չկա։ Այսինքն այնպիսի լուրեր են տարածում, որոնցով փորձում են վարկաբեկել մեր՝ տարիների աշխատանքը»,- այսօր Սևանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 26-րդ համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ օրակարգը բաժանված է եղել եւ  ՀՖՖ-ն թաքուն ոչինչ չի պահում։ Հայրապետյանը հայտարարեց, որ համաժողովը նախագահելու իրավասությունները նա փոխանցում է Արմեն Մինասյանին՝ ՀՖՖ նախագահի տեղակալին:

ՀՖՖ գործադիր կոմիտեի առաջարկությանը ներկայացվեց «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ Արի», «Էսթեղլալ-Կոտայք», «Զվարթնոց-ՀԱՈՒ» եւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբներ-հասարակական կազմակերպությունների՝ ՀՖՖ-ից հեռացման հարցերը:

Բոլոր 24 պատվիրակները կողմ քվեարկեցին հեռացմանը: «Շիրակ»-ի հեռացումը պայմանավորվում է ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կանոնադրությունների խախտումներով:

Կարդալ նաեւ այս  հրապարակումները`

Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ

«Շիրակ»-ի հետ կապված ՀՖՖ որոշումը ճիշտ էր. Արթուր Սողոմոնյան

«Շիրակն» ընտրել է սադրանքների եւ կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը. ՀՖՖ

15 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Ռուբեն Հայրապետյան

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվում են «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզիկին կաշառելու դեպքի հանգամանքները. որպես կասկածյալ է ներգրավվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը:  

Քննչական կոմիտեից հայտնում են. «Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 3-ին «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Ա.Հարությունյանը հանդիպման է հրավիրել «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին եւ կաշառք առաջարկել՝ «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների՝ մայիսի 5-ին նախատեսված խաղի ժամանակ սխալներ թույլ տալու եւ պարտվելու համար։ Հանդիպումը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գործող սուպերմարկետներից մեկի մոտ՝ ավտոմեքենայի մեջ։

Ըստ քրեական գործի տվյալների՝ մարզիչը մրցակից ակումբի ֆուտբոլիստին, ով նախկինում խաղացել է «Շիրակ» ՖԱ-ում, առաջարկել է 5.000 ԱՄՆ դոլար՝ խաղը պարտվելու դիմաց, որից 1.000 ԱՄՆ դոլարը տվել է նույն օրը՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը խոստացել փոխանցել խաղի ավարտին՝ պարտությունից հետո։

Ֆուտբոլիստը վերցրել է գումարը, ապա այդ մասին հայտնել «Բանանց» ակումբի տնօրինությանը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ գումարը վերցրել է, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն իրեն 1.500 ԱՄՆ դոլար պարտք է եղել՝ չվճարված բոնուսների համար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի հատկանիշներով, «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Ա.Հարությունյանի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, հարցաքննվել են մի շարք անձինք, զննվել վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսաձայնագրություններն ու աուդիոձայնագրությունները»․

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին՝ «Բանանց» ՖԱ-ի մարզիկին կաշառելու համար։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. մայիսի 3-ին «Շիրակ» ՖԱ-ի մարզչական տնօրեն Ա.Հարությունյանը հանդիպման է հրավիրել «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին եւ կաշառք առաջարկել՝ «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների՝ մայիսի 5-ին նախատեսված խաղի ժամանակ սխալներ թույլ տալու եւ պարտվելու համար։ Հանդիպումը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գործող սուպերմարկետներից մեկի մոտ՝ Ա.Հարությունյանին պատկանող ավտոմեքենայի մեջ։

Ըստ աղբյուրի, քննության տվյալներով՝ Ա.Հարությունյանը մրցակից ակումբի ֆուտբոլիստին, ով նախկինում խաղացել է «Շիրակ» ՖԱ-ում, առաջարկել է 5.000 դոլար՝ խաղը պարտվելու դիմաց, որից 1.000 դոլարը տվել է նույն օրը՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը խոստացել փոխանցել խաղի ավարտին՝ պարտությունից հետո։ Ֆուտբոլիստը վերցրել է գումարը, ապա՝ այդ մասին հայտնել «Բանանց» ակումբի տնօրինությանը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ գումարը վերցրել է, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն իրեն պարտք է եղել՝ չվճարված բոնուսների համար։ Կատարվածը փաստերով ներկայացնելու նպատակով վերջինս իր հեռախոսի «whatsapp» հավելվածով՝ հաղորդագրությունների տեսքով, շփվել է մարզչական տնօրենի հետ եւ հաղորդագրությունները ներկայացրել ակումբի ղեկավարությանը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հունիսի 27-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկնաբանել է հայկական ակումբային ֆուտբոլում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: Ակումբի պաշտոնական կայքում ներկայացված հայտարարության մեջ ասվում է.

«Մենք խորապես հիասթափված ենք հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, մասնավորապես, «Շիրակ» ակումբի աշխատակցի կողմից «Բանանց»-ի ֆուտբոլիստին կաշառելու փորձի առթիվ։ Նման միջադեպերը սպանում են առանց այն էլ ոչ մեծ հետաքրքրությունը Հայաստանի առաջնության հանդեպ թե՛ ներդրողների, թե՛ երկրպագուների մոտ։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կտրականապես դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը։ Այս հարցում մենք աջակցում ենք ՀՖՖ Կարգահապական կոմիտեի որոշումը։ Մեր հերթին բոլոր ակումբներին կոչ ենք անում կենտրոնանալ ոչ թե վեճերի վրա, այլ անել ամեն բան, որպեսզի նման դեպքերը հետագայում չկրկնվել։ Բարձրագույն խմբում հանդես եկող բոլոր թիմերը պետք է հասկանան, որ եթե մենք չկարողանանք կանխել նման երևույթները, ապա ամբողջ հայկական ֆուտբոլը կտուժի»։

«Բանանց»-ն ուժերը կփորձի Ուզբեկստանի չեմպիոնի հետ

Երեւանի «Բանանց»-ը ներկայումս յոթօրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Մինսկի Օլիմպիական մարզահամալիրում: Հավաքի ընթացքում նախատեսված է 3 ստուգողական հանդիպում: «Բանանց»-ը կանցկացնի առաջին ընկերական խաղը: Մեր թիմի մրցակիցը կլինի Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվ»-ը: Հավելենք, որ ուսումնամարզական հավաքին  մասնակցում են հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասպահներ՝ Ստեփան Ղազարյան, Արամ Հայրապետյան, Անատոլի Այվազով:

Պաշտպաններ՝ Բորիսլավ Յովանովիչ, Դմիտրի Խովբոշա, Էդվարդ Կպոդո, Արթուր Ավագյան, Վահագն Այվազյան, Գագիկ Մաղաքյան, Նարեկ Պետրոսյան, Էրիկ Ղարիբյան:

Կիսապաշտպաններ՝ Օգնեն Կրասիչ, Արամ Բարեղամյան, Իգոր Ստանոեւիչ, Արամ Լոռեցյան, Սոլոմոն Ուդո, Կվասի Սիբո, Հակոբ Հակոբյան, Կարեն Մելքոնյան, Նարեկ Գրիգորյան:

Հարձակվողեր՝ Վալմերսոն, Լեսթեր Պելտիեր, Էրիկ Պետրոսյան, Սանթոս:

Հիշեցնենք, որ «Բանանց»-ը պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի  «Սարաեւո»-ի հետ հանդիպմանը:

«Բանանց»-ը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումն Ուզբեկստանի չեմպիոնի հետ – Երեւանի «Բանանց»-ը Մինսկում ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպում է անցկացրել Ուբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվ»-ի հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:

«Բանանց»-ի կազմում գոլի հեղինակներ են դարձել Լեսթեր Պելտիերը և Վահագն Այվազյանը:

Մարկոս Պիզելիի գոլը ճանաչվել է լավագույնը

Ղազախստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան երկրի առաջնության 16-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի խփած գնդակը: Մեր ֆուտբոլիստը «Ակտոբե»-«Շախտյոր» հանդիպման ժամանակ դուբլ է ձեւակերպել: Ֆուտբոլասերներին հատկապես դուր է եկել նրա խփած 2-րդ գոլը, որոնց 54%-ն իրենց ձայները տվել են մեր ֆուտբոլիստին:

Հավելենք, որ Մարկոս Պիզելին Ղազախստանի ընթացիկ առաջնությունում անցկացրած 12 խաղում արդեն խփել է 11 գոլ եւ միայնակ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը:

«Ֆուտբոլը զարգանում է, երբ դրանով զբաղվում են պրոֆեսիոնալները».- Աբրահամ Խաշմանյան

Հայաստանի կրկնակի չեմպիոն, Երեւանի «Ալաշկերտ»-ի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը  գոհ է Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից: «Դրական տպավորություններ ունեմ այս առաջնությունից: Այն նաեւ բավական ուսուցողական է, թե ֆուտբոլիստների, թե մարզիչների, եւ թե չինովնիկների համար: Նախ, ամբողջ աշխարհում ֆուտբոլն արագ տեմպերով զարգացում է ապրել: Այլեւս չկան եվրոպական եւ հարավամերիկյան ընդգծված առաջատար թիմեր: Դա գալիս է այն բանից, որ երկրները ֆուտբոլի զարգացման մտածված ռազմավարություն են մշակում, ճիշտ են կազմակերպում աշխատանքները: Սակայն այդ համակարգը գործում եւ արդյունք է տալիս միայն այն դեպքում, երբ դրանով զբաղվում են իսկական պրոֆեսիոնալները», – ասաց փորձառու մասնագետը:

Ըստ Աբրահամ Խաշմանյանի, աշխարհի առաջնությունում մեծ անակնկալներ չեն գրանցվել եւ ամեն ինչ տրամաբանական ու օրինաչափ է: «Շատ են խոսում Գերմանիայի, Արգենտինայի, Իսպանիայի հավաքականների ձախողման մասին: Սակայն դրանք նույնպես սպասելի էին, քանի որ աշխարհի չեմպիոնները, կարծես, լավ չէին պատրաստվել առաջնությանը եւ լավ մարզավիճակում չէին: Արգենտինացիները մեծ հույսեր էին կապում Լիոնել Մեսիի հետ, սակայն նա միայնակ չէր կարող հարց լուծել, քանի որ ժամանակակից ֆուտբոլում թիմային խաղն է հաջողություն բերում: Իսպանացիները, ըստ իս, մեծ սխալ թույլ տվեցին, երբ առաջնությունից առաջ փոխեցին գլխավոր մարզչին: Չինովնիկի պատճառով ամբողջ թիմը հայտնվեց սթրեսային վիճակում, որը վաղ թե ուշ զգացնել էր տալու»,- նշեց Աբրահամ Խաշմանյանը:

Խոսելով քառորդ եզրափակիչ մտած հավաքականների մասին, փորձառու մասնագետը նշեց, որ դրանք բոլորն էլ մարզչական ձեռագիր ունեցող թիմեր են: «Այդ հավաքականներում, հատկապես Բրազիլիայի, պարզ երեւում է մարզչական ձեռագիրը: Այդ թիմերը շատ կազմակերպված են, կարգապահ, ցույց են տալիս համաչափ ֆուտբոլ: Իմ կարծիքով, եզրափակիչ մտնելու ավելի մեծ շանսեր ունեն Բրազիլիայի եւ Ֆրանսիայի հավաքականները, որոնք ավելի շատ բարձրակարգ կատարողներ ունեն, քանի մյուս թիմերը»,- եզրափակեց Աբրահամ Խաշմանյանը:

ՀՖՖ-ն հանդես է եկել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությամբ

Վերջին ժամանակահատվածում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու վերաբերյալ հանրային տարբեր միջոցներով հաճախ քննարկվող եւ բարձրաձայնվող կարծիքների կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նպատակով անհրաժեշտ քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում ակումբների մեծամասնությունը մշտապես  դեմ է եղել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին՝ ՀՖՖ-ն դիմել է Հայաստանի Բարձրագույն խմբի եւ Առաջին խմբի առաջնություններին մասնակցության հայտ ներկայացրած ակումբներին վերջիններիս դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ պարզելու նպատակով: Ակումբները մինչեւ 2018թ. հուլիսի 11-ը պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ արդյոք համաձայն են, թե ոչ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, պրոֆեսիոնալ լիգա ստեղծվելու պարագայում, կօժանդակի մասնակից ակումբներին իրավական եւ կանոնակարգային նորմերի ձեւավորման հարցում, ինչպես նաեւ յուրաքանչյուր մրցաշրջանի համար 100,000,000 ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի՝ հաշվի առնելով նորաստեղծ պրոֆեսիոնալ լիգայի շրջանակներում անցկացվելիք առաջնությունների կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների կարևորությունը եւ հնարավոր ծախսերի առկայությունը:

Ակումբների կողմից հնարավոր դրական արձագանքի և համապատասխան դիրքորոշման առկայության դեպքում կստեղծվի աշխատանքային խումբ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով:

Մխիթարյանը վերադարձավ Լոնդոն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է Լոնդոն:

Նա երկար ժամանակ հայրենիքում էր։

Հայ ֆուտբոլիստը սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել եւ գրել. «Հայաստանը հիանալի է, բայց ժամանակն է վերադառնալու Լոնդոն եւ կենտրոնանալ նոր մրցաշրջանի վրա»։

Մխիթարյանը ողջունել է Սոկրատիսին անգլիական թիմի կազմում

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` ողջունելով Սոկրատիս Պապաստատոպուլոսին անգլիական թիմի կազմում:

«Բարի գալուստ, սպարտակուս: Մենք ուրախ ենք քեզ տեսնել մեր թիմում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Մխիթարյանն ու Սոկրատիսն ավելի վաղ միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում։

Ռուսական դոպինգի բացահայտողն անցել է բրազիլական ֆուտբոլին

Գերմանացի լրագրող Հայո Զեպպելտը հայտարարել է նոր վավերագրական ֆիլմի ստեղծման մասին, որը հետաքննում է հակադոպինգային կանոնների խախտումները Բրազիլիայում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա գրել է իր Թվիթերում։

«Բրազիլիայի 12-րդ խաղացողը» վերնագրով ֆիլմը ARD հեռուստաալիքով կցուցադրվեի հուլիսի 1-ին: Հունիսի 14-ին հայտնի էր դարձել, որ Զեպպելտը անվտանգության նկատառումներով չի գնացել Ռուսաստան՝ աշխարհի առաջնությանը հետեւելու: Ռուսաստանում նրան պատրաստվում էին հարցաքննել Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը տեղեկատվություն տարամադրած Գրիգորի Ռոդչենկովի նկատմամբ քրեական գործով: 2014-2016 թթ. ARD-ն ցուցադրել էր Զեպպելտի ֆիլմերը Ռուսաստանում հակադոպինգային կանոնների խախտումների մասին:

Բրազիլիայի հարձակվողի կինը մեղադրել է թիմի գլխավոր մարզչին

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի հարձակվող Դուգլաս Կոստայի կինը՝ Լուիզա Ռամոսը, իր ամուսնու վնասվածք ստանալու համար մեղադրել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Տիտեին: «Մարզումներից հետո նա միշտ դժգոհում է ցավերից եւ ասում է, որ «Յուվենթուս»-ում ավելի հեշտ էին անցնում պարապմունքները: Մենք գիտենք, որ նրա վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, ինչպես նախորդ անգամ էր, ուստի հույս ունենք, որ 10 օրից արդեն լրիվ պատրաստ կլինի խաղերին»,- ասել է ֆուտբոլիստի կինը:

Հավելենք, որ Դուգլաս Կոստան Բարզիլիայի հավաքականի մարզման ժամանակ վնասել է ոտքի մկանը եւ նա ամենաքիչը բաց կթողնի առաջիկա 2 շաբաթվա խաղերը:

Շվեդիան որոշել է դադարեցնել աշխարհի առաջնության բոյկոտը

Շվեդիայի կառավարությունը դադարեցրել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բոյկոտը եւ կգա Ռուսաստան՝ աջակցելու իր հավաքականին Շվեյցարիայի հետ 1/8 եզրափակչի խաղում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը։

«Մենք բացարձակապես չենք հակասում մեզ։ Մենք ասում էինք, որ որպես Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության նշան, բոյկոտում ենք աշխարհի առաջնության բացման արարողությունը։ Մենք դա արեցինք այլ երկրների հետ միասին։ Սակայն հիմա կարևոր ենք համարում աջակցել մեր հավաքականին»,- հայտարարել է Վալստրյոմը։

Շվեդիան միացել էր բոյոկոտին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի գործի առնչությամբ։ Լոնդոնի ակցիային միացել էին նաեւ Իսլանդիայի, Լեհաստանի եւ Ավստրալիայի իշխանությունները։

Հայտնի ռեփերը հաղթանակից հետո դեմքին «Ռուսաստան» է դաջել

Հայտնի ռեփ կատարող T-Killah-ը  1/8 եզրափակիչում Իսպանիայի նկատմամբ Ռուսաստանի հավաքականի  տարած հաղթանակից հետո դեմքին «Россия» է դաջել:

Դաջվածքի լուսանկարը նա հրապարակել է ինսթագրամի իր էջում:

Մինչ խաղը երաժիշտը խոստացել էր՝ այդ քայլին կգնա, եթե Ռուսաստանն անցնի աշխարհի առաջնության 1/2 եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Ռուսաստան-Իսպանիա հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, 11 մետրանոցները ավելի դիպուկ են իրացրել ռուսները: Նրանք նվաճել են աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր:

Ինչպես է Մոսկվան տոնում հավաքականի հաղթանակը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նախօրեին Ռուսաստանի հավաքականը 1/8-րդ եզրափակչում անակնկալ հաղթանակ տարավ Իսպանիայի հավաքականի նկատմամբ՝ անցնելով 1/4 եզրափակիչ։ Ռուսները հաղթեցին 11 մետրանոց հարվածների օգնությամբ և հաջորդ փուլում կմրցեն Խորվաթիայի հավաքականի հետ։

Մոսկվայի «Լուժնիկի»-ում խաղի ավարտից հետո մայրաքաղաքի փողոցները ողողվել են ֆուտբոլի երկրպագուներով և ուղղակի մարդկանցով, ովքեր ցնծության մեջ են Ռուսաստանի ազգային հավաքականի հաղթանակից։

Ռուսները սա պատմական իրադարձություն են համարում, քանի որ 1986թ. ի վեր Ռուսաստանի ընտրանին Աշխարհի առաջնություններում դուրս չէր եկել խմբային փուլից:

ՖԻՖԱ-ն դադարեցրեց համագործակցությունը Մարադոնայի հետ

ՖԻՖԱ-ն դադարեցրել է համագործակցությունը Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Դիեգո Մարադոնայի հետ։ Այս մասին գրում է  Գազետա.ռու կայքը՝ հղում անելով «Советский спорт»-ին։

Diariocorreo.pe տեղեկատվության համաձայն, նման որոշման պատճառը արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստի պահվածքն էր Նիգերիայի հետ խաղի ժամանակ. նա երկու միջանամատերն էր ցուցադրել և Նիգերիայի հավաքականի գոլից հետո բղավել երկրպագուների վրա։

Նշվում է, որ Մարադոնան մասնակցում է ՖԻՖԱ-ի լեգենդների ծրագրի, ըստ որի՝ առաջնության յուրաքանչյուր խաղին դեսպանի կարգավիճակով ներկա գտնվի մրցաշարին մասնակցող հավաքականներից մեկի առնվազն մեկ նախկին ֆուտբոլիստ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ն Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Դիեգո Մարադոնային 10 հազար ֆունտ սթեռլինգ՝ շուրջ 11,3 հազար եվրո է վճարում աշխարհի առաջնության յուրաքանչյուր խաղի ներկա լինելու համար։

Մարադոնան փող կաշխատի աշխարհի առաջնության ժամանակ

ՖԻՖԱ-ն Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Դիեգո Մարադոնային 10 հազար ֆունտ սթեռլինգ՝ շուրջ 11,3 հազար եվրո է վճարում աշխարհի առաջնության յուրաքանչյուր խաղի ներկա լինելու համար։

Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ վճարումները նախատեսված են ՖԻՖԱ-ի լեգենդների ծրագրով, որին աջակցում է կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն։ Նա ուզում է, որ առաջնության յուրաքանչյուր խաղի դեսպանի կարգավիճակով ներկա գտնվի մրցաշարին մասնակցող հավաքականներից մեկի առնվազն մեկ նախկին ֆուտբոլիստ։

Մարադոնան ներկա է եղել Արգենտինայի հավաքականի բոլոր 3 հանդիպումներին։ Վերջին խաղի ժամանակ նա 2 միջանամատերն էր ցուցադրել, երբ Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարկուս Ռոխոն գրավել էր Նիգերիայի դարպասը եւ ապահովել հավաքականի մուտքը փլեյ-օֆֆ։ Խաղից հետո Մարադոնայի ինքնազգացողությունը վատացել էր, բժիշկ էին կանչել։

Մունդիալ-2018. Ֆրանսիայում մտահոգված են ՖԻՖԱ-ի մրցավարական նշանակումով

ՖԻՖԱ-ի կողմից ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղերի մրցավարների նշանակումը լուրջ խոսակցության տեղիք է տվել: Մասնավորապես՝ Ֆրանսիայում անստահություն են հայտնել Ուրուգվայի հետ հանդիպման գլխավոր մրցավար Նեստոր Պիտանային: Նախ, վերջինս Արգենտինայից է եւ բավականին լավ ճանաչում է իր հարեւան երկրի՝ Ուրուգվայի հավաքականին: Երկրորդ, Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս է թողել մրցավարի հարենակիցներին՝ արգենտինացիներին, ինչը կարող է ավելորդ լարվածություն ստեղծել խաղի ժամանակ:

Զարմացրել է նաեւ Բելգիա-Բրազիլիա խաղի մրցավարի նշանակումը: Այն վարելու է Սերբիայի ներկայացուցիչ Միլորադ Մազիչը, ում հայրենակիցներն ընթացիկ առաջնությունից դուրս են մնացել բրազիլացիներից կրած պարտության պատճառով: Ինչպես նշում են լրատվամիջոցները, ՖԻՖԱ-ն իրավունք չուներ բրազիլացի Սանդրո Ռիչիին նշանակել Ռուսաստան-Խորվաթիա հանդիպման մրցավար, քանի որ նա ներկայացնում է այս փուլի մասնակից երկրին: Անգլիա-Շվեդիա խաղը կվարի հոլանդացի Բյորն Կայպերսը, որն դժգոհելու տեղիք չի տվել 2 երկրների երկրպագուների շրջանում:

Հիշեցնենք ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները եւ վիճակահանության զամբյուղները

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության (ԱԱ 2018) վերջին մասնակիցը հայտնի դարձավ 2017թ. Նոյեմբերի 16-ին: Հարավային Ամերկայում անցումային խաղերի իրավունք ստացած Պերուն սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Օվկիանիայում նման իրավունք ձեռք բերած Նոր Զելանդիայի նկատմամբ: Թիմի կազմում աչքի ընկան Ջեֆերսոն Ֆարֆանը (27-րդ րոպե) եւ Կրիստիան Ռամոսը (65): Այս հավաքականների 1-ին հանդիպումը նոր Զելանդիայում ավարտվել է 0:0: Դիմակայությունում հաղթելով ընդհանուր 2:0 հաշվով Պերուն ԱԱ վերջին ուղեգիրը նվաճեց: Իսկ առաջին ուղեգիրը ԱԱ անցկացման երկրինն էր՝ Ռուսաստանինը…

Աշխարհի առաջնությանը Եվրոպայից կմասնակցի 14 երկիր՝ Ռուսաստանը որպես հյուրընկալող եւ ընտրական մրցաշարում ուղեգրեր նվաճած 13 երկիր`Բելգիա, Խորվաթիա, Դանիա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսլանդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա:

Հարավային Ամերիկայից կմասնակցի 5 երկիր՝ Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Պերու, Կոլումբիա:

Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայից եւ Կարիբյան ավազանից 3 երկիր՝ Մեքսիկա, Կոստա Ռիկա, Պանամա:

Աֆրիկայից 5 երկիր՝ Եգիպտոս, Մարոկկո, Նիգերիա, Սենեգալ, Թունիս:

Ասիայից 5 երկիր` Ավստրալիա, Իրան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա:

32 թիմերը բաժանվել են 4 զամբյուղների՝ յուրաքանչյուրում 8 թիմ: 1-ին զամբյուղը, ըստ կանոնակարգի, գլխավորում է հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Ռուսաստանը: Ռուսաստանից հետո մյուս թիմերը դասավորվել են հերթականությամբ՝ ըստ 2017թ. հոկտեմբերի վարկանիշային աղյուսակի:

1-ին զամբյուղում ընդգրկվել են

1.Ռուսաստան

2.Գերմանիա

3.Բրազիլիա

4.Պորտուգալիա

5.Արգենտինա

6.Բելգիա

7.Լեհաստան

8.Ֆրանսիա

2-րդ զամբյուղ՝

1.Իսպանիա

2.Պերու

3.Շվեյցարիա

4.Անգլիա

5.Կոլումբիա

6.Մեքսիկա

7.Ուրուգվայ

8.Խորվաթիա

3-րդ զամբյուղ

1.Դանիա

2.Իսլանդիա

3.Կոստա Ռիկա

4.Շվեդիա

5.Թունիս

6.Եգիպտոս

7.Սենեգալ

8.Իրան

4-րդ զամբյուղ

1.Սերբիա

2.Նիգերիա

3.Ավստրալիա

4.Ճապոնիա

5.Մարոկկո

6.Պանամա

7.Հարավային Կորեա

8.Սաուդյան Արաբիա

Աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 1-ին Մոսկվայում՝ Կրեմլում: Ըստ կանոնակարգի՝ նույն կոնֆեդերացիան ներկայացնող հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում: Բացառություն է կազմում միայն ՈՒԵՖԱ-ն, որը նույն խմբում կարող է ունենալ մինչեւ 2 թիմ:

Հիշեցնենք 2018թ աշխարհի առաջնության խմբերը

2017թ. դեկտեմբեր 1-ին Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի ունեցավ ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: 32 երկրների հավաքականները բաժանվեցին 8 խմբերի, որոնց հաղթողները եւ 2-րդ տեղերը գարված թիմերը կմտնեն փլեյ-օֆֆ եւ արդեն օլիմպիական մրցակարգով կսկսեն պայքարել ՖԻՖԱ-ի գավաթի համար:

Վիճակահանության արդյունքում ձեւավորվեցին այսպիսի քառյակներ.

A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ

B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկո, Իրան

C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա

D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա

E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա

F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա

G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա

H խումբ. Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա

Ըստ նախնական տվյալների, բավական հետաքրքիր կազմեր են հավաքվել D, E եւ F խմբերում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի եկող տարվա հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Բացման խաղում կհանդիպեն Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականները: Այն, ինչպես նաեւ եզրափակիչ հանդիպումը, տեղի կունենան Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

Աշխարհի 21-րդ առաջնության 1/8 եզրափակչի բոլոր զույգերը

«Մունդիալ-2018»-ում հունիսի 29-ին հանգստի օրը կլինի: Փլեյ-օֆֆի խաղերը կսկսվեն հունիսի 30-ին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում կմրցեն Ֆրանսիայի եւ Արգենտինայի ընտրանիները: Այդ խաղը կկայանա Կազանի համանուն մարզադաշտում: Նույն օրը 1/8 եզրափակչի մյուս խաղում միմյանց դեմ ուժերը կչափեն Ուրուգվայի եւ Պորտուգալիայի ընտրանիները:

Հուլիսի 1-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում Իսպանիա-Ռուսաստան զույգը կպայքարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար: Ավելի ուշ Խորվաթիան կփորձի հաղթել Դանիային:

1/8 եզրափակչում հուլիսի 2-ին կկայանա Բրազիլիա-Մեքսիկա, Բելգիա-Ճապոնիա հանդիպումները:

Հուլիսի 3-ին կլինեն փլեյ-օֆֆի վերջին խաղերը: Շվեդիա-Շվեյցարիա եւ Անգլիա-Կոլումբիա:

Առաջնության 1/4 եզրափակչի բոլոր զույգերը / Հուլիսի 6-7-ը

Ֆրանսիա-Ուրուգվայ

Ռուսաստան-Խորվաթիա

Բրազիլիա-Բելգիա

Շվեդիա-Անգլիա

Հուլիսի 10-11 1/2 եզրափակիչ

Ֆրանսիա-Բելգիա

Խորվաթիա-Անգլիա

Հուլիսի 14՝ 3-րդ տեղի համար խաղ, հուլիսի 15՝ եզրափակիչ:

Աշխարհի առաջնություններում ինքնագոլերի հակառեկորդ է գրանցվել

Աշխարհի ընթացիկ առաջնությունը դարձավ պատմության ամենաշատ ինքնգոլեր ունեցողը: Խմբային փուլի ավարտից առաջ արդեն 8 ինքնագոլ է գրանցվել:

Opta-ն հայտնում է, որ նախկին հակառեկորդն արձանագրվել է Ֆրանսիայում կայացած ԱԱ-1998-ի ժամանակ, երբ ֆուտբոլիստները սեփական դարպասները գրավել էին 6 անգամ:

Հատկանշական է, որ oրերս տեղի ունեցած խաղերում երկու ինքնագոլերից մեկի հեղինակը` շվեյցարացի Յան Զոմմերը դարձել է մունդիալներում ինքնագոլ գրանցած 3-րդ դարպասապահը:

Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կժամանեն Երեւան

Հուլիսի 8-ին Երեւանում կկայանա համաշխարհային ֆուտբոլային աստղերի խաղը։ Լատինամերիկացի եւ Եվրոպացի աստղերը կխաղան միմյանց դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Փյունիկ» ակումբի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով հանդիպման կազմակերպիչն է։

Նա տեղեկացրեց, որ Հայաստան կժամանեն եւ հանդիպմանը կմասնակցեն այնպիսի ճանաչված ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանեն, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը։

«Հուլիսի 6-8-ը Երեւանի Ազատության հրապարակում կանցկացվի նաեւ ֆուտբոլային ֆան-գոտի, իսկ հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի աստղերի հանդիպումը»,- նշեց Սողոմոնյանը։

Նա նշեց, որ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց  հնարավոր է, որ ժամանեն նաև Կառլես Պույոլը, Ռոբերտո Կարլոսն, Կական, Տոտտին։

«Հուլիսի 8-ին աշխարհի առաջնության խաղ չի լինելու Ռուսաստանում, այդ օրը հանգստյան օր է լինելու մասնակիցների համար։ Հենց այդ օրն էլ Հայաստանում կանցկացվի այս հանդիպումը»,- ասաց Նոբել Առուստամյանը։

Հանդիպումը կմեկնաբանի Ռուսաստանում բնակվող հայազգի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը, ով ներկա էր  ասուլիսին։

Շուտով կհանդիպենք Հայաստանում. Ֆիգու

Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն հաստատել է, որ կժամանի Երևանի և հուլիսի 8-ին կմասնակցի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք լեգենդների հանդիպմանը։ «Կհանդիպենք շուտով, Հայաստանում»,- յութուբյան տեսանյութում ասել է Ֆիգուն։

Հիշեցնենք, որ Երեւանում կայանալիք խաղին լատինամերիկացի եւ եվրոպացի աստղերը կխաղան միմյանց դեմ։ Հայաստան կժամանեն ճանաչված ֆուտբոլիստներ:

Ռոբերտո Կարլոսը կժամանի Երեւան

Աշխարհի չեմպիոն, բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կարոլսը կժամանի Հայաստան` մասնակցելու Լեգենդների խաղին Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի միջեւ:

Խաղի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպմանը Եվրոպա թիմից մասնակցելու են՝ Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլիը, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Լյուդովիկ Ժյուլին, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոտար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին։

Լատինական Ամերիկան կներկայացնեն`

Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդա, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Իվան Սամորանոն, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Սանետին, Բեբետոն։

Եվրոպա աշխարհամասում բացի մեկ անգամից միշտ հաղթել են եվրոպական թիմեր, Ամերիկայում նույնպես միայն մեկ անգամ է հաղթել ոչ ամերիկյան թիմ։ Հետաքրքիր է՝ Հայաստանում, ո՞ր հավաքականն ուժեղ կգտնվի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 6-8 նախատեսվում է Աշխարհի առաջնությունը բերել նաեւ Երեւան։

Այդ օրերին Երեւանի Ազատության հրապարակում կգործի ֆուտբոլային ֆան-գոտի, իսկ հուլիսի 8-ին Վազգեն Սարսգյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի աստղերի հանդիպումը։

Ազատության հրապարակում բացվեց ֆուտբոլի ֆան-գոտի

Ազատության հրապարակում բացվեց ֆուտբոլի ֆան-գոտի: Առաջիկա երեք օրերին ֆուտբոլի երկրպագուները կարող են իրենց ուժերը փորձարկել թենիս-ֆուտբոլում, չափել ոտքի հարվածի ուժը եւ ստուգել դիպուկությունը, նկարվել առաջնության թալիսման Զաբիվակայի հետ եւ այլն:

Երեկոյան ժամերին էլ մեծ էկրանի վրա կցուցադրվեն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղերը, որոնք կմեկնաբանեն Մոսկվայից եկած պրոֆեսիոնալ մեկնաբանները:

Հայաստանը կարճ ժամանակով դուրս մնաց բասկետբոլի Եվրո-2021 առաջնությունից

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականին չհաջողվեց հաղթահարել Եվրոպայի 2021թ. առաջնության նախընտրական փուլի արգելքը:

Ընտրական B խմբի վերջին խաղում մեր բասկետբոլիստները պետք է 26 միավորի տարբերությամբ հաղթեին Դանիայի ընտրանուն, որպեսզի գրավեին 1-ին տեղը: Սակայն Կոպենհագենում կայացած խաղում գրանցվեց հակառակ արդյունքը՝ դանիացի բասկետբոլիստները առավելության հասան 90:64 (22:16, 18:26, 28:12, 22:10) հաշվով: Մեր թիմից բոլորից շատ միավոր վաստակեց Հեսը՝ 20:

Այդպիսով, Հայաստանի ընտրանին 2-րդ պարտությունը կրեց մրցաշարում եւ անկախ խմբի վերջին Ալբանիա-Դանիա հանդիպման ելքից, զբաղեցրեց 2-րդ տեղը եւ ավարտեց ելույթները Եվրո-2021-ում:

Մրցաշարային աղյուսակ

  1. Դանիա 3 250-204 6
  2. Հայաստան 4 299-296 6
  3. Ալբանիա 3 197-246 3

Հայաստանի հավաքականը դուրս եկավ հաջորդ փուլ – Ավարտվեց Եվրոբասկետ-2021-ի նախընտրական առաջին փուլը: Խմբային մրցաշարի 3-րդ փուլում Կիպրոսը սեփական հարկի տակ անսպասելիորեն 76:89 հաշվով զիջեց Լյուքսեմբուրգին, Շվեյցարիան էլ հյուրընկալվելիս 83:88 հաշվով զիջեց Սլովակիային:

Այս արդյունքներից հետո Հայաստանի հավաքականը դարձավ ընտրական 1-ին փուլի 2-րդ տեղը գրաված լավագույն ցուցանիշներով ընտրանին եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ ընտրական B ընթախմբում հայ բասկետբոլիստները 2 անգամ հաղթել էին Ալբանիային եւ նույնքան անգամ զիջել Դանիային:

Ընտրական 2-րդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին: Հայաստանն ընդգրկված է D ենթախմբում, իսկ մրցակիցների անունները հայտնի կդառնան վաղը` հուլիսի 2-ին:

Կարեն Ասրյանի մրցանակին հավակնում են 11 շախմատիստ

Վերջին փուլից առաջ գլխավոր մրցանակին հիմնականում հավակնում են 11 շախմատիստ: Առավել մեծ շանսեր ունեն 3 հոգի՝ հնդիկ գրոսմայստերներ Կրիշնան Սաշիկիրանն ու Սետուրամանը եւ Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Նրանք ունեն 6-ական միավոր: Իսկ ահա մնացած 8 շախմատիստներն առաջատար եռյակից հետ են մնում կես միավորով:

Վերջին՝ 9-րդ փուլի հանդիպումներից առավել սկզբունքային նշանակություն ունեն 2 խաղեր. Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով մրցելու է Հրանտ Մելքումյանի հետ, իսկ հնդիկ գրոսմայստերներն կխաղան իրար հետ: Հենց այս 2 հանդիպումների արդյունքներից է կախված հետապնդող շախմատիստների հետագա հնարավորությունները:

Գրոսմայստեր Սամուել Սեւյանը հաղթեց Philadelphia International մրցաշարում

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանի հաղթանակով ավարտվեց ԱՄՆ-ում անկացվող Philadelphia International շախմատի միջազգային մրցաշարի 12-րդ խաղարկությունը:

17-ամյա գրոսմայստերը վերջին՝ 9-րդ տուրում, հաղթելով ֆիլիպինցի Խուլիո Սադորային, վաստակեց 7,5 միավոր եւ միայնակ գրավեց առաջին տեղը: Գլխավոր մրցանակից բացի նա կստանա նաեւ 5000 դոլար պարգեւավճար:

Մրցանակային 2-3-րդ տեղերը բաժանեցին ամերիկացի գրոսմայստերներ Ալեքսանդր Լենդերմանն ու Սերգեյ Էրենբուրգը, որոնք վաստակեցին 7-ական միավոր:

Սամուել Սեւյանը հուլիսի 4-8-ը հանդես կգա Ֆիլադելֆիայում անցկացվող WORLD OPEN փառատոնի 46-րդ խաղարկության գլխավոր մրցաշարում:

Անդրե Աղասին ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի

Թենիսի «Մեծ Սաղավարտի» ութակի հաղթող, ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել մարզչական գործուներությունը:

«Երբ թենիս է խաղում, ես երբեք ճնշում չեմ զգացել, միայն սթրես էի ապրում: Իսկ երբ դարձա մարզիչ, ապա ամեն ինչ փոխվեց, ես սկսեցի ազատ շնչել,  սթրես այլեւս չէի ապրում: Դա շատ հետաքրքիր էր ինձ համար: Կարծում եմ, շատերին մեծ օգուտ կտան իմ այն գիտելիքները, որ ձեռք եմ բերել խաղալու տարիներին: Ինքս պատրաստ եմ աշխատել ցանկացած թենիսիստի հետ, այդ թվում Նովակ Ջոկովիչի հետ, եթե, իհարկե, նա նման ցանկություն հայտնի», – նախկին թենիսիստի խոսքերը մեջբերել է Tennis World USA կայքը:

Նշենք, որ 2017 թվականի մայիսին Անդրե Աղասին ընգրկվել էր Նովակ Ջոկովիչի մարզչական շտաբում, սակայն 10 ամիս համատեղ աշխատանքից հետո սերբ թենիսիստը հրաժարվել էր նրա ծառայություններից:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ «Սպասելիքներս մեծ են»

Հունիսի 29-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կանցկացնի իր հերթական մենամարտը, այս անգամ՝ «WBC International Silver» գոտու համար: Դիմակայությունը տեղի կունենա Իսպանիայում: Նարեկի մրցակիցը մեքսիկացի Խեսուս Գալիսիան է: Հայ բռնցքամարտիկը խոսել է նախապատրաստական շրջանի եւ սպասումների մասին:

«Հունիսի 12-ից մարզվում եմ «Օլիմպավանում»` ավագ մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Ինձ օգնում են նաև հավաքականի անդամները: Սպասելիքներս մեծ են: Լավ եմ պատրաստվել: Շատ պատասխանատու մրցավեճ է իմ եւ թիմիս համար: Շնորհակալ եմ բոլոր տղաներից` ինձ օգնելու պատրաստակամության համար, քանի որ սպարինգ-մրցակիցների խնդիր է լինում, բայց մենք այդ խնդիրը չունենք`տղաների շնորհիվ: Գիտակցում եմ, որ բարդ մրցավեճ է սպասվում, այդ իսկ պատճառով էլ պատրաստվել եմ առավելագույնս»,- ասել է Նարեկ Աբգարյանը:

Թբիլիսյան մրցագորգում Հայաստանի ըմբիշներն անհաջող հանդես եկան

Հայաստանի ըմբիշներն ավարտեցին ելույթները Թբիլիսիում կայացած Գրան Պրիում: Մրցումային 2-րդ օրը մեր մարզիկները չկարողացան մեդալ նվաճել:

Ազատ ոճային ըմբիշները անհաջող հանդես եկան եւ անգամ սփոփիչ մարտերին մասնակցելու իրավունք չստացան:

Հունահռոեմական ոճի ըմբշամարտի մրցումներում 67 կգ քաշային Ասլան Պողոսյանը 3-րդ տեղի համար մարտում պարտվեց հարավկորեացի ըմբիշին: Ի դեպ, նա կիսաեզրափակիչում զիջել էր Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Ալեն Միրզոյանին:

Իսկ ահա 87 կգ քաշային, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, քառորդ եզրափակիչում 4:10 հաշվով տանուլ տվեց ռուսաստանցի Ալան Օստաեւին, իսկ 3-րդ տեղի համար առաջին մենամարտում պարտվեց բուլղարացի Յոհան Դիմիտրովին եւ դուրս մնաց պայքարից:

Թիմային հաշվարկով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 22 մասնակիցների մեջ զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ հունահռոմեական ըմբշամարտի ընտրանին 14 թիմերի մեջ գրավեց 7-րդ հորիզոնականը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 24 (502), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։