«Սեւանյան ամառ- 2018».- Սեւանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը… Հայաստանում առաջին անգամ կհնչի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան… Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի քայլող արձանը՝ Գյումրիում… Երեւանում տեղադրվեց առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը… Վաշինգտոնում տեղադրվել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին… Ազնավուրի հրապարակում կտեղադրվեն Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի եւ Արա Վահունու պատվո աստղերը… «Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 8-15-ը։… Երեւանի կոնյակի գործարանը տեղեկացնում է լեգենդար Երեւան կոնյակի վերածնունդի մասին… «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումներին մնացել են հաշված օրեր… Ախալքալաքի Մերենիայի վանքը ճանաչվել է մշակութային ժառանգության հուշարձան… Ախալքալաքի եւս մեկ եկեղեցի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել… Ախալքալաքի բերդը փլուզման եզրին է… Ախալքալաք.-  Անհետացող ժառանգություն… Միջոցառումների շարք Կուլիկամ գյուղում… ՋԱՀ-ը խրախուսական մրցանակներ հանձնեց «Ընթերցման օլիմպիադայի» մասնակիցներին… Աշխարահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն այստեղ է՝ քաջալերելու երիտասարդ արվեստագետներին… Եկեղեցական.- Վարդավառ… երբ սկեսուրը հարսնացուին զբոսանքի է տարել… «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումներ.- «Վարդավառի տոնը Երեւանում» սկսվել է հունիսի 7-ից… Ջրցան մեքենաների շքերթ՝ Վարդավառի տոնին… Հայաստանում տոնում են Վարդավառը – Կոչ քաղաքացիներին՝ Վարդավառին պահպանել համակեցության կանոնները… Երեւանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման 2-րդ կետը… Այլ մշակութային լուրեր…

Սեւանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը

Հուլիսի 1-ին Սեւանա լճի ափին տեղի ունեցավ «Սեւանյան ամառ- 2018» մարզամշակութային միջոցառումը, որով ազդարարվեց հանգստյան սեզոնի բացումը:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ տոնախմբության մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետարանի, «Սեւան» Ազգային պարկի ղեկավար այրեր, ինչպես նաև զբոսաշրջիկներ ու Սեւանի ափ ժամանած հովեկներ:

Միջոցառման բացման առթիվ ներկաներին ողջունեց ևշնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ այս տարի հանգստացողների մեծ հոսք է սպասվում, որի համար Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ Ոստիկանության մարզային վարչության, Սեւանի քաղաքապետարանի եւ «Սեւան» ԱՊ-ի հետ համատեղ արել է հնարավորը, որպեսզի հանրային 3 լողափերում հանգստացողների համար ստեղծվեն հանգստի եւ ժամանցի համար բավարար պայմաններ:

«Երեք հանրային լողափերում, որոնք գործում են անվճար հիմունքներով, բավականին նորմալ պայմաններ են ստեղծված: Մենք աշխատանքներ ենք տանում, որ լողափերի թիվն ավելացնենք եւ կահավորենք անհրաժեշտ գույքով: Սեւանը այս տարիների ընթացքում օգտագործվել է անխնա կերպով, եւ հիմա ժամանակն է, որպեսզի գնանք Սեւանի պահպանմանն ու զարգացմանը: Սեւանի հետ կապված մենք ունենք մի շարք ծրագրեր, որոնք առաջիկայում դարձնելու ենք ործողությունների հստակ պլան եւ գնալու ենք դրա իրականացմանը»,- նշել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Բնապահպանության նախարարի տեղակալն էլ իր շնորհավորական խոսքում նշեց, որ աշխատանքներ է իրականացվում հանրային լողափերի թիվն ավելացնելու ուղղությամբ: Ապա նա ներկաներին հորդորեց՝ լիարժեք հանգստանալ, պահպանել շրջակա միջավայրի մաքրությունը, լինել հանդուրժող ու համբերատար, որպեսզի հանգստի սեզոնի ավարտին արձանագրվի միայն դրական արդյունք:

Հանրային լողափերում ժամը 9-21-ը գործում են բժշկական եւ ջրափրկարարական ծառայություններ, որոնք ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և գույքով: Հանգստացողները գոհ են ստեղծված պայմաններից եւ Սեւանի ափ են հրավիրում բոլոր նրանց, ովքեր դրա ցանկությունն ունեն:

«Մենք տարեցտարի նկատում ենք ազգաբնակչության վերաբերմունքն ու վստահությունը հանրային լողափերի հանդեպ, որը մեր կատարած աշխատանքների դիմաց անենամեծ գնահատականն է: Ձեզ հաճելի հանգստ եմ ցանկանում եւ անմոռաց օրեր»,- ասել է «Սեւան» ԱՊ տնօերն Վահե Գուլանյանը:

Անցկացվել է «Սեւան-2018» երգի եւ պարի հանրապետական հեռուստափառատոնը

Գեղարքունիքի մարզում կայացել է «Սևան-2018» երգի եւ պարի հանրապետական հեռուստափառատոնը: Արդեն 18-րդ անգամ կազմակերպվող ամենամյա տոնին մասնակցել են Հայաստանի մարզերի ու Երեւանի երգի ու պարի խմբեր: Փառատոնն իրականացրել է  «Մինորա» մշակութային կենտրոնը:

«Արդեն 18-րդ տարին մենք անցկացնում ենք «Սեւան» երաժշտական հեռուստափառատոնը: Ամենամյա այս միջոցառմանն այս տարի մասնակցել են 100 երգի եւ պարի խմբեր ոչ միայն Երեւանից, այլև հանրապետության մարզերից: Փառատոնի շրջանակում խմբերը ներկայացրել են տարբեր ոճերի պարեր ու երգեր»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան), ով շեշտում է, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մշտապես մեծ է:

«Մինորա»-ի հիմնադրի եւ տնօրենի խոսքով՝ մշակութային կենտրոնը պարբերաբար կազմակերպում է փառատոներ նաեւ Հայաստանի մարզերում՝ այդպիսով ակտիվացնելով նաեւ մարզային մշակութային կյանքն ու հետաքրքիր դարձնելով մարզաբնակների առօրյան: Հուլիսի 15-ին էլ Տավուշի մարզում կանցկացվի «Դիլիջանյան ամառ-2018» փառատոնը:

Տեղեկացնենք, որ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի եւ երաժշտական դպրոցների, երգի եւ պարային համույթների, ինչպես նաեւ մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի եւ անհատների հետ: Կազմակերպում եւ իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով եւ փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու եւ շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով: Տոնախմբության գեղագիտական մասն  ապահովեցին Սեւան քաղաքի եւ Վարդենիկ գյուղի պարային համույթները:

Հայաստանում առաջին անգամ կհնչի Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան

Հուլիսի 2-6-ը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը դասական արվեստի սիրահարներին կպարգևի բարձրակարգ համերգներ։ Փառատոնի կազմակերպիչները Panorama.am-ին տեղեկացրեցին, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրաքանչյուր օր հանդես կգա նոր համերգային ծրագրով։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանն ասում է, որ համերգային ծրագրերն ունեն յուրահատուկ կառուցվածք. դրանք ներառում են ռուս, արեւմտաեվրոպական կոմպոզիտորների հանրահայտ գործեր, բացի այդ, համերգները կմեկնարկեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով՝ ներառելով ինչպես 20-րդ դարի հեղինակների՝ Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, այնպես էլ մեր ժամանակակիցների՝ Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի եւ Վարդան Աճեմյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները: Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։  

«Խորհրդանշական է, որ «Արմենիա» փառատոնը բացվելու է Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմով։ Այս ստեղծագործությունը չի կատարվել շատ երկար տարիներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողացել է գտնել սիմֆոնիկ պոեմի պարտիտուրը, թվայնացնել այն, եւ ավելի քան 30 տարիների դադարից հետո այն նորից կհնչի հայաստանյան բեմում»,- ասում է Սարգիս Բալբաբյանը։

«Արմենիա» փառատոնի նպատակներից է Հայաստան հրավիրել աշխարհում մեծ ճանաչում վայելող մենակատարների եւ հայ ունկնդրին հնարավորություն տալ հաղորդակից դառնալու նրանց արվեստին։ Այս տարի «Արմենիա» փառատոնին մասնակցելու են Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակից Աննա Ագլատովան (սոպրանո), Կարեն Շահգալդյանը, Մալթայի միջազգային մրցույթի հաղթող Աննա Ուլաիեւան եւ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան։Փառատոնի շրջանակներում ևս մեկ անակնկալ է սպասվում ունկնդիրներին։ Հայաստանում առաջին անգամ կհնչի Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան. օտարազգի կոմպոզիտորն անդրադառնում է մեր էպոսին:

Սարգիս Բալբաբյանը նշում է, որ հրավիրված մենակատարները մեծ ճանաչում ունեն աշխարհում, եւ վերջիններիս Հայաստան բերել հնարավոր է դարձել կազմակերպիչների կողմից նրանց հետ ունեցած կապերի, համագործակցության եւ ծավալած աշխատանքի շնորհիվ։ Մենակատարները նախ մեծ հաճույքով համագործակցում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, առանձնացնում են նվագախմբի յուրահատուկ հնչողությունը եւ շատ դեպքերում շեշտում, որ այն տարբերվում է եվրոպական նվագախմբերի հնչողությունից։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Կարդալ նաեւ այս հրապարակումները`

«Արմենիա» միջազգային փառատոնը Երեւան է բերելու բազմաթիվ զբոսաշրջիկների

Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների

«Բարեւ բարերար, ի՞նչղ ես» Քըրք Քըրքորյանի քայլող արձանը՝ Գյումրիում

Գյումրու սրտում, Աբովյան ճեմափողոցում տեղադրվեց Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի քայլող արձանը։ Ի դեպ, այս ճեմափողոցը ավագանու որոշմամբ 2 տարի առաջ կոչել էին հենց Քըրք Քըրքորյանի անվամբ, սակայն այն դեռ չի հաստատվել, մահից 5 տարի հետո միայն իրավունք ունենք անվանակոչության։

Մեծ բարերարի արձանը քանդակելու ու այն Գյումրու սրտում տեղադրելու նախաձեռնողն ամերիկաբնակ գյումրեցի Գրիգոր Բեդիրյանն է։ Նա բավական մեծ գումար է ծախսել արձանի  քանդակման վրա, սակայն համեստորեն լռում է՝ նշելով․ «Ի՞նչ կարեւոր է, ինչքան եմ ծախսել»։ Քանդակագործը Արտուշ Պապոյանն է։

Արձանի բացումը վերածվեց իսկական տոնակատարության։ Մասնակցելու էին եկել ոչ միայն մեծ թվով գյումրեցիների, այլ ամերիկահայեր։ Այսպիսով` գյումրեցիները իրենց երախտիքի խոսքը ուղղեցին Քըրք Քըրքորյանին՝ հատ-հատ թվարկելով, թե ինչ բարեգործություններ է անել հայրենիքի ու մասնավորապես Գյումրու համար։ Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ամերիկահայ միլիարդատերը ստեղծել է «Լինսի» հիմնադրամը՝  Հայաստանի տնտեսության մեջ ներդնելով 220 միլիոն դոլարի նվիրատվություն։ Միայն 73 միլիոն ծախսել է ճանապարհաշինության վրա՝ վերանորոգելով  435 կիլոմետր պետական նշանակության ճանապարհներ։ 45 միլիոն դոլար էլ հատկացրել է երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգման համար՝ Շիրակի ու Լոռու մարզերում կառուցվելով  149 շենք՝ 3674 բնակարաններով։

«Քըրք Քըրքորյանը նոր զարգացում կբերի Գյումրիին», -հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ կարծիք հայտնելով, որ արձանը շատ գեղեցիկ է ստացվել։ Բարերար Գրիգոր Բեդիրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Քըրք Քըրքորյանի հետ հանդիպել է 1996թ.։ Երբ 1992թ. եկել է հայրենի քաղաք, տեսել է այն ավերակների մեջ, երկրորդ այցի ժամանակ՝ 1994թ., զգալի փոփոխություններ է տեսել, ականատես է եղել, թե երկրաշարժից հետո ինչ գործեր են արվել Քըրք Քըրքորյանի շնորհիվ ու որոշել է անպայման նրա արձանը տեղադրել Գյումրիում՝ այսպես արտահայտելով իր երախտագիտությունը։  Նա համեստորեն ասաց ․«Իմ արածը մեծ բան չէ, թող երիտասարդները սովորեն երախտապարտ լինել»։ Գրիգոր Բեդիրյանը պատմեց, որ սա Քըրք Քըրքորյանի երկրորդ արձանն է, ինքը մի անգամ ԱՄՆ-ում քանդակել  է տվել ամերիկացի քանդակագործ Բրյուս Բերմուդեսին, բերել են Հայաստան ձուլելու, սակայնԱրտուշ Պապոյանի հեղինակած արձանը շատ ավելի դուր է եկել բոլորին։ Գրիգոր Բեդիրյանն ասաց, որ տեղական իշխանություններին խնդրել է թույլ տան հենց այս փողոցում տեղադրել արձանը։ «Ես ուզում էի ցույց տալ, որ այսպիսի հոյակապ մարդ ունենք մեր սրտի մեջ»,- ասաց ամերիկաբնակ գյումրեցին։ Քանդակագործ Արտուշ Պապոյանն էլ  նշեց, որ ինքը մանրամասն ուսումնասիրել է Քըրք Քըրքորյանի լուսանկարները, տեսանյութերը, որ կարողանա արձանը քանդակել։  Քանդակագործը նշեց, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը  վաղուց իր հետ զրուցել էր Քըրք Քըրքորյանի արձանը քանդակելու շուրջ, ինքն էլ էսքիզն արել էր, բայց քանի մեծ բարերարը չէր ցանկացել իր արձանը տեղադրվի, այն ժամանակ գաղափարը մնացել էր կիսաճանապարհին։ Քանդակագործն ասաց, երբ բարերար Գրիգոր Բեդիրյանը իրեն դիմել է  արձանը քանդակելու, ինքը ցուցադրել է իր էսքիզը՝ իհարկե, որոշակի փոփոխությունների ենթարկելով։ Նշենք, որ արձանը տեղադրելուց հետո գյումրեցիները մոտենում էին, ուսումնասիրում, լուսանկարվում։ Նրան առաջին ողջունողը տարեց մի տղամարդ էր․ հանդիսավոր արարողության ավարտից հետո նա անմիջապես  մոտեցավ արձանին՝ ասելով․ «Բարեւ բարերար, ի՞նչղ ես»։ Մեզ մի պահ թվաց, թե տղամարդու խոսքը ոչ թե  արձանին է ուղղված, այլ կենդանի մարդու։ Ի դեպ, Քըրք Քըրքորյանին քայլելով քանդակելով՝  գյումրեցիներն ուզում են ասել, որ նա մեզանից մեկն է, մեր հետ է, մեր մեջ է, եւ որ առաջ գնալու համար ոչ թե տեղում պետք է դոփել, այլ պարտադիր քայլ անել։

Տեղադրվեց առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը

Թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արձանի տեղադրման աշխատանքները կհետաձգվեն արձանի տեղի փոփոխության պատճառով, սակայն այն տեղադրվեց նախապես պլանավորված վայրում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում։ Քաղաքաշինության կոմիտեն նույնպես հորդորում էր դադարեցնել արձանի տեղադրման աշխատանքները եւ հանրային քննարկում կազմակերպել։

«Հանրային քննարկումը ժամկետանց թեմա է, որովհետեւ արձանն արված է, մեջը մոնոլիտ երկաթ-բետոն է, այն տեղահանելը կնշանակի ավերել, որովհետեւ այն ապամոնտաժել չի լինի։ Քաղաքապետարանը մրցույթը հայտարարել էր այս տեղի համար, ասեին Էրեբունիում կամ Արամի փողոցում էր տեղադրվելու, ճարտարապետը կմտածեր այդ փողոցի համար»,- նշում է տեղադրմանը ներկա ճարտարապետ Համլետ Մարտիրոսյանը։

Արձանի քանդակագործ Դավիթ Մինասյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ, նշելով, որ կխոսի արձանի բացման ժամանակ։ Նրա խոսքով՝ բացումը կլինի հուլիս ամսվա սկզբին։

-  Մինչ այդ քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ էր համարում դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները

Նշվել է, ոչ այս օրերին Քաղաքաշինության պետական կոմիտեն ստացել է բազմաթիվ դիմումներ եւ արձագանքներ՝ Երեւան քաղաքի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ: Դիմում են ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: Հարցը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում: Իրենց մտահոգությունն են հայտնել Ջիմ Թորոսյանի ժառանգները:

Հաշվի առնելով թվարկված եւ այլ հանգամանքները՝ Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ էրհամարում հստակեցնել իր դիրքորոշումը. այն է՝ դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ եւ տվյալ համալիրի տարածքում որեւէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա:

Լուրջ լոբբինգ է իրականացվել Դավիթ Մինասյանի վիճահարույց էսքիզի համար

Հայ ականավոր պետական ու ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի տարբերակների ընտրության թափանցիկությա հետ ապված որոշ խնդիրներ են եղել: Լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ մրցութային հանձնաժողովի մի քանի անդամներ՝ Անուշ Տեր-Մինասյանը եւ Հաղթանակ Շահումյանը, հայտարարել են՝ ներկայիս տարբերակն 1-ին փուլում չի եղել, անցկացվել է միայն 2-րդ փուլով:

«Ինձ համար շատ տարօրինակ է, որ քաղաքապետարանն իր կողմից այս տարբերակն է ուղարկել: Աղմուկից հետո, որ բարձրացավ լրագրողների շնորհիվ ես չհանդիպեցի որեւէ մեկին, որ դրական կվերաբերեր արձանի այս տարբերակին: Մինչդեռ իշխանությունը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը: Իմ կարծիքով, բավականին անհաջող տարբերակ է, այն անցել է հիմնականում ՀՀԿ-ի ձայների շնորհիվ»,- ասել է նա:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ արձանի դրոշի հատվածի գունավոր քարերը բերվել են Մեծ Բրիտանիայից, ինչը հուշում է, որ այն բավական ծախսատար քանդակ է լինելու: Երեւանի ավագանու անդամը նաեւ նշեց, որ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լեւոն Իգիթյանը լուրջ լոբբինգ է իրականացրել, որպեսզի Դավիթ Մինասյանի վիճահարույց էսքիզը հաղթող ճանաչվի: «Ես տեղեկություն ունեմ, որ Լեւոն Իգիթյանը լինելու է այս նախագծի ճարտարապետը: Ամսի 13-ին պետք է կայանա նախագծի քվեարկությունը»,- հիշեցրեց բանախոսը՝ ընդգծելով, որ դրա չեղարկման համար պետք է հանրային լուրջ ճնշում բանեցվի:

Ասուլիսին ներկա, Նկարիչների միջազգային միության անդամ Սուրեն Խորենյանն իր հերթին նկատեց, որ արվեստի գործերը չպետք է քննարկվեն ժողովրդի, ոչ մասնագետների կողմից: Նրա համոզմամբ, իհարկե, արվեստը ծառայում է մարդկանց, սակայն եթե հաշվի առնեին ժողովրդի կարծիքը, այսօր, օրինակ, Էյֆելյան աշտարակը գոյություն չէր ունենա: Մինչդեռ այսօր այն Փարիզի պարծանքն է:

«Ցանկացած արձան, որի վրա աշխատում են, անցնում է տասնյակ փուլեր: Որ մենք Արամ Մանուկյանի արձանը վաղուց պետք է ունենայինք, կասկածից վեր է: Լավ է ընտրված նաեւ արձանի տեղակայման վայրը: Համոզված եմ, որ ընթացքում այն հարյուր անգամ փոփոխությունների է ենթարկվելու: Արվեստագետը եւ պատվիրատուն պետք է աշխատեն իրար հետ»,- ասաց գեղանկարիչը:

Վաշինգտոնում տեղադրվել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին

Հայաստանի Առաջին Հանրապետության 100 -ամյակի տոնական միջոցառումների  շրջանակում Վաշինգտոնում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի Առաջին Հանրապետության ազգային գործիչ, դիվանագետ, ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի հիշատակի հավերժացմանը: Հայ Հեղափոխական Դաշնակցույան եւ Հայ Դատի հանձնախմբի հետ համագործակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության  տարածքում տեղադրվել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրին: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, միջոցառմանը ներկա է եղել ՀՀ նախագահը:

«Հունվարին մեր տարեկան քննարկումների ժամանակ ծնվեց Վաշինգտոնում Հայաստանը ներկայացնող առաջին դիվանագետի կիսանդրին տեղադրելու գաղափարը»,- ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանն ընդգծել է Արմեն Գարոյի ունեցած վաստակն ու դերը Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մեջ: «Արմեն Գարոն մեր ազգի լավագույն ներկայացուցիչներից է, ազգային ազատագրական գործիչ է եւ դիվանագետ»,- նշել է Տեր-Խաչատրյանը:

Պատմաբան Հայկ Դեմոյանը խոսել է 1918թ. Հայաստանի Առաջին Հանրապետության օրերին ԱՄՆ-ում հայկական առաջին դիվանագիտական առաքելության հիմնադրման պատմությանը՝ նշելով, որ դիվանագիտական առաքելությունը հիմնվեց ամերիկահայ համայնքի կողմից հավաքագրված 50 հազար դոլարի շնորհիվ:

Միջոցառմանը ներկա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական դերն ու նշանակությունը՝ շեշտելով, որ այն վերածնվում է յուրաքանչյուր կարևոր ձեռքբերման ժամանակ:

«Մենք տոնում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման հաղթանակը: Առաջին Հանրապետությունը երբեք չի դադարել: Միգուցե այն կոչվել է այլ անունով: Օրինակ 70 տարի այն կոչել ենք Հայաստանի Խորհրդային Հանրապետություն, սակայն շատերս մեր սրտերում հավատացել ենք, որ իրական հանրապետությունը անկախ եւ ժողովրդավար Հայաստանն է: Եվ 1991-ին այն, ինչը մեր սրտերում էր դարձավ իրականություն, եւ Առաջին հանրապետությունը վերածնվեց»,- ասել է ՀՀ նախագահը

Ազնավուրի հրապարակում կտեղադրվեն Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի եւ Արա Վահունու պատվո աստղերը

«Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի մեծանուն կինոռեժիսորներ Ներսես Հովհաննիսյանին, Ալբերտ Մկրտչյանին եւ Արա Վահունուն 80-ամյա հոբելյանների կապակցությամբ։ Փառատոնի ավանդույթի համաձայն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն նրանց պատվո աստղեր։ Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց փառատոնի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։

Փառատոնի շրջանակներում կլինի նաեւ հատուկ ծրագիր նվիրված ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 65- ամյակին։

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 8-15-ը։ Կինոփառատոնն ունի խաղարկային եւ վավերագրական միջազգային մրցութային և ոչ մրցութային, ինչպես նաեւ Հայկական համայնապատկեր ծրագրերը։ Այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 600 հայտ 83 երկրից։ Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ:

Կարդալ նաեւ այս հրապարակումները`

«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրն է Դարեն Արոնոֆսկին

Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը

Օսկարակիր Ասղար Ֆարհադին կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրին

«Ոսկե ծիրան 2018»-ին կտեսնեք մարդկանց, ում երազել եք տեսնել. Հարություն Խաչատրյան

«Ոսկե ծիրան 2018»-ին կտեսնեք մարդկանց, ում երազել եք տեսնել.- Հարություն Խաչատրյան

Հայ ֆիլմասերների սպասված տոնը՝ «Ոսկե ծիրան»-ը, կմեկնարկի հուլիսի 8-ին։ Տարին կինոփառատոնի համար հոբելյանական է. արդեն 15 տարի «Ոսկե ծիրան»-ը Հայաստանի մշակութային կյանքի անբաժան մասնիկն է։

Հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց՝ «Ոսկե ծիրան»-ը կարևոր մշակույթ է, այն կինոյի նկատմամբ հետաքրքրություն, սեր է արթնացնում, նաև իսկապես միջազգային փառատոն է։ Ըստ նախարարի՝ կարևոր է այն տրամադրությունը, մթնոլորտը, հետաքրքրությունը որ կա կինոյի շուրջ։

Հարցին՝ նախարարն արդյոք այս փառատոնի հետ կապված ինչ-որ առաջարկներով հանդես չի՞ եկել, նա պատասխանեց, որ այս ընթացքում աշխատել են համաձայնության գալ այն պատշաճ անցկացնելու շուրջ, նաեւ նախկինում առաջացած խնդիրները հաղթհարելու միջոց գտնել, հասկանալ՝ ինչպես կարելի է հետագայում նախագծեր ֆինանսավորել, որպեսզի խթանեն նոր երիզների ստեղծմանը։

Կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանն ընդգծեց՝ Մակունցը նախկինում եւս այցելել է, ֆիլմեր է դիտել հետաքրքրությամբ։

««Ոսկե ծիրան»-ի նվիրյալներից է»,- ասաց նա։

Խաչատրյանը նշեց՝ եկել էր հոգսերով տարված, ուզում էր բողոքել, բայց նախարարի խոսքը ստիպեց շարունակել պայծառությամբ, խնդիրները թողնել հաջորդ հանդիպմանը։

«Աշխարհի մեծագույն ռեժիսորներ՝ օսկարակիր, Կաննի, Բեռլինի փառատոնների դափնեկիրներ են գալու Հայաստան։ Մեծագույն ռեժիսորներ, որ գիտեն՝ մեր հոբելյանն է, ցանկություն են հայտնել ներկա լինել մեր հոբելյանին։ Կարծում եմ՝ եւ ֆիլմերի ծրագիրը, եւ ժյուրին, ամեն փառատոնի հպարտանալու եւ պատմելու պատմություններ են»,- ասել է նա։

Խաչատրյանը խոստացավ՝ փառատոնի այցելուները կտեսնեն մարդկանց, ում երազել են տեսնել, հյուրերից շատերը եղել են արդեն Հայաստանում, բայց շատերն էլ առաջին անգամ են գալիս։

«Ոսկե ծիրան»-ի ծրագրերի պատասխանատու Միքայել Ստամբոլցյանն ընդգծեց փառատոնի հաջողության երաշխիք հանդիսացող երկու հիմնական հանգամանք՝ ծրագրերի մակարդակը եւ հրավիրված ժյուրին։

«Այս տարի կարող ենք հպարտանալ, որ լավ ժյուրի է հավաքվել։ Խաղարկային ֆիլմերի ժյուրին գլխավորելու է Ասղար Ֆարհադին, նրա մի օսկարակիր ֆիլմը՝ «Նադերի եւ Սիմինի ամուսնալուծությունը», մինչև Օսկար ստանալը «Ոսկե ծիրան» է ստացել։ Այս տարի Կաննի փառատոնն էլ բացվեց այդ ֆիլմով։ Լարի Սմիթն է մեկ այլ կարեւոր դեմք. մի շարք այլ անվանի ռեժիսորների հետ հուսով ենք նա էլ վարպետության դաս կանցկացնի»,- ասաց նա։

Հանձնաժողովի կազմում են նաև Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը, ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը, ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը։

Վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը, ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշեւը, Լիտվայից ռեժիսոր եւ պրոդյուսեր Աուդրյուս Սթոնիսը, ռեժիսոր եւ պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը, Ֆրանսիայից կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը։

Կինոփառատոնի գլխավոր գործընկեր Վիվա Սելլ-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գնահատմամբ՝ փառատոնն ունի առաքելություն, որ ուսուցողական է, դաստիարակչական, կրթական։ «Տարեցտարի տեսնում ենք՝ հետաքրքրված երիտասարդների քանակն ավելանում է, սա կարևոր փաստ է։ Ես ուրախ եմ ասել, որ 2006թ.-ից միասին ենք, այսօր էլ միասին ենք տոնելու 15-րդ հոբելյանը»,- ասաց նա։

Փառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը նշեց՝ պետք է ներկայանալ ինչպես հարկն է, ներկայացնել դեմքը, որով պետք է ներկայանալ եւ հյուրերին, եւ հանդիսատեսին։ Նա խոսեց նաեւ դիզայներական մասից, ասաց, որ այս տարվա դիզայներական կոնցեպտը յուրօրինակ է։ «Մենք մտածեցինք՝ ինչ ենք արել 15 տարիներին, որ կարող ենք կենտրոնացնել 15 ուղերձների մեջ»,- ասաց նա։

Փառատոնն այս տարի ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները եւ մարտահրավերները։ Դիզայներները նշեցին՝ փորձել են գտնել պարզ, լակոնիկ լուծումներ։ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի նոր արտադրական հարթակ են նախաձեռնել. այն կոչվելու է ԳԱԻՖպրո։ Աշխատանքային խումբը սկսել է Փոքր Կովկասի տարածաշրջանի կինոռեժիսորների 1-ին կամ 2-րդ լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված՝ կինոնախագծերի եւ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի համատեղ արտադրության շուկայի մասնակցության հայտերի ընդունումը։

Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ կինոփառատոնը կբացվի Ռոբեր Կետիկյանի «Առանձնատունը» ֆիլմով (2017, Ֆրանսիա): Մարսելի մոտակայքի փոքրիկ ծովածոցում կա մի գեղատեսիլ առանձնատուն, որի տերը ծեր մարդ է: Կյանքի վերջին օրերին նրա կողքին են երեք զավակները` Փարիզում բնակվող դերասանուհի Անժելան, Ժոզեֆը, որ նոր է սիրահարվել իր կես տարիքի մի աղջկա, եւ Արմանը՝ միակը, որ մնացել է Մարսելում՝ ընտանեկան փոքրիկ ռեստորանն աշխատեցնելու:

Նրանց համար ծանրութեթեւ անելու ժամանակն է, թե ինչ են ժառանգել հոր իդեալներից և այն համայնական ոգուց, որին ծնունդ է տվել հայրն այդ մոգական վայրում: Մի խումբ նավարկող մարդկանց հայտնվելը մերձակա ծովախորշում մտորումների այս պահերը կվերածի իրարանցման:

Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ այն  փակվելու է  Թերի Գիլիամի  «Դոն Կիխոտին սպանած մարդը»  (Իսպանիա/Բելգիա/Ֆրանսիա/Պորտուգալիա/Միացյալ Թագավորություն) ֆիլմով:

«Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ կինոփառատոնը կայանալու է հուլիսի 8-15-ը: Այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 600 հայտ 83 երկրից։ Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ:

«Հայկական համայնապատկեր» ծրագրում ընդգրկվել է շուրջ 27 ֆիլմ։

Փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանին հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին:

Դարեն Արոնոֆսկին Վարդավառ խաղաց Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում

Նախօրեին Արամ Խաչատրյան համերգասրահում  տրվեց «Ոսկե ծիրան» երեւանյան 15-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը։ Հանդիսավոր արարողության սկզբում ցուցադրվեց փառատոնի 15 տարվա պատմությունն ամփոփող տեսանյութ,  ելույթ ունեցան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանը եւ այլ արտիստներ: Ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը։

Արարողության ընթացքում ցուցադրվեցին փառատոնի պատվավոր հյուր, ամերիկյան հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր Դարեն Արոնոֆսկու ֆիլմերի թրեյլերները: Արոնոֆսկուն բերեց բեմ: Նախքան այդ բեմում հայտնվեց Սեւ կարապը՝ ներկայացնելով հիանալի պար։

«Պարզվեց,  այսօր ձեզ մոտ ջրի տոն է, մեղքերն են  լվացվում, ինչը շատ լավ է, գեղեցիկ»,- իր խոսքում ասաց նա, ապա ձեռքի շշից ջրով ցողեց առաջին շարքերում նստած հյուրերին, նաև իր վրա:

Նշենք, որ փառատոնն ունի երկու հիմնական մրցութային անվանակարգ՝ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ եւ Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ: Յուրաքանչյուր անվանակարգում կներկայացվի 12 լիամետրաժ ֆիլմ: Ֆիլմերը դիտելու եւ մրցանակակիրներին որոշելու համար հրավիրվել է միջազգային ժյուրի՝ յուրաքանչյուր ժյուրիի կազմում՝ 5 անդամ:

«Հայկական համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագրում կներկայացվի տեղացի եւ սփյուռքահայ կինոռեժիսորների նկարահանած ֆիլմերի ծավալուն ծրագիր:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, 2018թ. առաջին անգամ փառատոնի շրջանակում կանցկացվի «Կինոյի արդյունաբերական օրեր» ծրագիրը, որը կկոչվի «GAIFF-PRO», եւ ներառում է առաջին կինոշուկան մեր տարածաշրջանում:

«Երեւանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրի շրջանակում տեղի կունենան Կաննի, Բեռլինի, Ռոտերդամ Լոկարնոյի, Վենետիկի հեղինակավոր միջազգային կինոփառատոների գլխավոր մրցանակներին արժանացած լավագույն ֆիլմերի պրեմիերաները: Այս ծրագրում ընդհանուր առմամբ կցուցադրվի 15 ֆիլմ:

Արտամրցութային առանձին ծրագրեր նվիրված կլինեն տարբեր երկրների ժամանակակից կինոյին: «Հարգանքի տուրք» ծրագրում Ինգմար Բերգմանի 100-ամյա հոբելյանի առիթով կցուցադրվեն ֆիլմեր անվանի ռեժիսորի մասին եւ հեղիանկի ֆիլմերը:

«ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել տարածաշրջանի շուրջ 30 կինոգործչի: Երեւանում եւ Գյումրիում կցուցադրվի տարածաշրջանում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերի ընտրանին: Կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում` համատեղ արտադրությունների եւ միասնական կինոշուկա ունենալու վերաբերյալ:

Առանձին ծրագիր կներկայացվի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք ճանաչված Գորիս քաղաքում:

Նախատեսվում է Ֆրանկոֆոն երկրների ֆիլմերի ընդարձակ ծրագիր, որն իրականացվելու է համապատասխան երկրների դեսպանությունների հետ համատեղ:

Վարպետության դասերով հանդես կգան տարբեր միջազգային կինոդպրոցների մասնագետներ, հանրաճանաչ կինոգործիչներ: Հիմնական վարպետության դասերը տեղի կունենան «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունում:

Ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել 150 ֆիլմ եւ հյուրընկալել շուրջ 200 միջազգային եւ տեղացի կինոգործիչների։

Կարդալ նաեւ այս հրապարակումները`

Ազնավուրի հրապարակում կտեղադրվեն Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի եւ Արա Վահունու պատվո աստղերը

«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրն է Դարեն Արոնոֆսկին

Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը

Օսկարակիր Ասղար Ֆարհադին կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրին

«Ոսկե ծիրան 2018»-ին կտեսնեք մարդկանց, ում երազել եք տեսնել. Հարություն Խաչատրյան

Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր պաշտոնական ընթրիք-հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ տարբեր երկրներից փառատոնին մասնակցող հայտնի կինոգործիչների հետ:

Երեւանի կոնյակի գործարանը տեղեկացնում է լեգենդար Երեւան կոնյակի վերածնունդի մասին

Մայրաքաղաքի 2800-ամյակի կապակցությամբ Երեւանի կոնյակի գործարանը հայտարարում է  այս տարվա սեպտեմբերին ԱՐԱՐԱՏ Երեւան կոնյակի թողարկման մասին: Այն համալրելու է ԱՐԱՐԱՏ կոնյակների հազվագյուտ հավաքածուն, նախատեսվում է նաեւ վաճառել:

Ինչպիսի՞ն էր մայրաքաղաքը, երբ Երեւան կոնյակ վայելում էին մեր ծնողները: ԱՐԱՐԱՏ  Երեւան կոնյակի թողարկման շրջանակներում հունիսի 16-ից կգործի ARLOOPA Inc.-ի հետ համագործկացության արդյունքում ստեղծված Ararat. Yerevan APP հավելված, որի օգնությամբ վերակենդանանում են  Երևանի մի շարք ճարտարապետական հուշարձաններ՝ ցույց տալով, թե ինչպիսի տեսք է ունեցել այս կամ այն շինությունը, վայրը ասենք 40-ական, 50-ական, 60-ական կամ էլ 70-ական թվականներին»,-նշում են նախագծի հեղինակները:

Երեւանի կոնյակի գործարանի վաճառքների ու շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոնի խոսքով, իրենց համար չափազանց կարեւոր էր նախագծի կոնտեքստավորումը:

«Կարեւոր էր տեղափոխել մեր կոնյակը իր պատմական անցյալ՝ այն ժամանակ, երբ առաջին անգամ ստեղծվել էր այդ կուպաժը, եւ ցույց տալ իր ժամանակների վերածննդի Երեւանը»,- ասաց նա:«1947թ. ստեղծված Երեւան կոնյակը գործարանի անգերազանցելի վարպետ Մարգար Սեդրակյանի գլուխգործոցներից է: Հենց այս գործով  վարպետը կոտրեց բոլոր կարծրատիպերն այն մասին, որ կոնյակի թնդությունը չի կարող գերազանցել 50%-ը: Երեւանը 57 աստիճան թնդություն ունի»,-պատմեց Երեւանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը:

Հայտնի  է, որ Երեւան կոնյակը հատուկ դեր է խաղացել Հյուսիսային բևեռ կատարած սովետական էքսպեդիցիաների ժամանակ: Մարգար Սեդրակյանի մտահղացմամբ, այն պետք է սասատիկ ցրտի պայմաններում ջերմացներ բևեռագնացներին: Հենց դրանով էլ պայմանավորված էր նաեւ շշի ընտրությունը:

«Մենք փորձել ենք վերականգնել հին Երեւան կոնյակը: Բարդ է, բայց հաջողվել է: 57 թնդությունը հեշտ է ստանալ, բարդը նրա համային հատկությունները ստանալն էր: Մոտ կես տարի տևեցին համադրումները, համտեսողների խմբի փորձարկումները: Արդյունքում ստացել են հարուստ սաթագույն ոսկեզօծ անցումներով խմիչք՝ սերուցքային կարամելի, փայտի, լորենու մեղրի, կտրատած թարմ նուշի, սեւ պղպեղի, մեխակի, սալորաչրի, շաքարած ծիրանի հոտերով ու նրբերանգներով»,-ասել է Անտոնյանը:

Գործարանում այսօր հյուընկալած լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեցին՝ մեկնարկում է «ԱՐԱՐԱՏ Երեւան» նախագիծը, որն ուղղված է  մայրաքաղաքի նոր, պատմական, անսպասելի եզրերի ներկայացմանը ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ Երևանի բնակիչներին:

Հավելվածը կարելի է ներբեռնալ անվճար, ներբեռնելիս յուրաքանչյուր օգտատիրոջ մոտ կհայտնվի մայրաքաղաքի վիրտուալ քարտեզ մի շարք հետաքրքրիր վայրերի նշումներով: Վայրերից յուրաքանչյուրը սքան անելիս օգտատերը կկարողանա  տեսնել օբյեկտը իր պատմական շրջանում:

Նախագծի շրջանակում իրականացվելու է նաեւ «Երեւանի պատմություններ» նախագիծը, որը չպատմված պատմությունների մասին  է:

«10 լուսանկարիչ, 10 թեմա եւ Երեւանի անսպասելի համայնապատկեր, աշխատանքները կարելի է տեսնել սոցիալական ցանցերի Yerevan Stories հատուկ էջում»,-ներկայացրեց ֆոտոնախագծի համակարգող Վահան Ստեփանյանը:

«Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումներին մնացել են հաշված օրեր

Մեկնարկը հուլիսի 27-ն է: Ֆիլմի բյուջեի բացը լրացնելու համար Խաչատրյան արվեստագետների ընտանիքը միացել է «Դրախտի դարպասը» ֆիլմի ստեղծման աշխատանքներին՝ «ԱՐՎԵՍՏԸ հանուն ԱՐՎԵՍՏԻ» նախաձեռնությամբ: Երեք հայ նկարիչներ՝ ՍԵՐԽԱՉԸ, Ավետիս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւ Աբգար ԽԱՉԱՏՐՅԱՆԸ վաճառքի են ներկայացնում իրենց կտավները, որոնք ոչ միայն կհարստացնեն ֆիլմի տեսարանները՝ ուրույն գունեղություն և ոճ հաղորդելով, այլեւ կնպաստեն ֆիլմի նկարահանման աշխատանքներին՝ մինչեւ 7 մլն ՀՀ դրամ ներդնելով:

Ինչպես նշում է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, «Արվեստը քաղաքականություն է եւ շատ բան կարող է փոխել: Իհարկե, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ փորձում եմ իմ արվեստն անաչառ անել, սակայն արվեստում մեծ քաղաքականություն կա, հատկապես երբ հանդիսատեսը ֆիլմը դիտելիս հուզվում է` հերոսներիդ ապրումակցելով»:

«Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը նաեւ համալրել է ֆիլմի բյուջեն՝ բարեհաջող crowdfunding-ային արշավ իրականացնելով IndieGoGo համաֆինանսավոման հարթակում և հասնելով նախանշված նպատակի 51%-ն: Այժմ թիմը շարունակում է իր արշավը GoFundMe, Իդրամ (ID 207203203), Qiwi копилкаհարթակներում՝ 100 տոկոսանոց արդյունքի հասնելու համար: Յուրաքանչյուրը կարող է նպաստել ֆիլմի ստեղծմանը` նվիրաբերում կատարելով առաջիկա նկարահանումներին ընդառաջ:

Ֆիլմի անձնակազմը նաեւ անհամբեր սպասում է Ազգային կինոկենտորնի աջակցության հաստատմանը:

Արդեն հայտնի են կինոնախագծի հիմնական կազմի դերասանների անունները: Նրանք են՝ Տատյանա Սպիվակովան Ֆրանսիայից, Սոս Ջանիբեկյանը Հայաստանից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը Լիտվայից, Նաիրա Զաքարյանը Նյու Յորքից: Գլխավոր հերոսը Գերմանիայից է, որի մասին ստեղծագործական թիմը դեռեւս լռում է:

Գլխավոր դերասանի մասին լռում են, բայց հայտնի է նրա կերպարը: Ռոբերտ Մյուլերը՝ (50 տարեկան) ֆինլանդացի լրագրողը, 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիրոսյանի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի եւ Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա մարտի դաշտում արված լուսանկարները։

Ախալքալաքի Մերենիայի վանքը ճանաչվել է մշակութային ժառանգության հուշարձան

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունն շարունակում է Ախալքալաքի վանքերի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ շնորհելու գործընթացը։ Այս անգամ կարգավիճակ է ստացել Մերենիայի վանքը։

Jnews-ի հաղորդմամբ, ըստ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության,  եկեղեցու անունը  «Խիդիջվառի» է, որն էլ թարգմանաբար նշանակում է խիդի՝ կամուրջ, ջվառի՝ խաչ, իսկ տեղացիները այն անվանում են «Կոռած վանք» (ջարդված)։ Վանքը կառուցվել է X-րդ դարի է։

Կարգավիճակը շնորհվել է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի համապատասխան հրամանագրով 2018 թվականի մայինի 8-ին։

Վանքը վնասված է, այն կառուցված է կարմիր քարով։ Դուռը կամարաձեւ է, հարավային պատին մեծ եւ երկար պատուհան կա, արեւելյան պատի մոտ բազալտե քարով խաչ է ամրացված հիմքին։ Վանքի շուրջը հին գերեզմանոց է, որտեղ էլ պահպանված են ձիու եւ խոյի գերեզմանաքարեր։

Ախալքալաքի եւս մեկ եկեղեցի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել

Իխտիլայի (Մերենիայի), Խանդոյի, Մաջադիայի, Օրջայի, Ախալքալաքի եկեղեցիների հետ միասին մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել նաեւ Խոսպիո գյուղի եկեղեցին։

Jnews.ge-ի փոխանցմամբ, կարգավիճակը ստացել է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի համապատասխան հրամանագրով 2018թ. ապրիլի 18-ին:

Ըստ գործակալության, եկեղեցին XIV-XV-րդ դարի է։ Եկեղեցին կանգնած է գյուղի եզրին, գետի աջ ափին: Կառուցված է տարբեր չափսի, բաց գույնի բազալտե քարերով։ Արեւելյան մասում եկեղեցու պատի հիմքը հողի լանջին է հենված։ Եկեղեցու դուռը հարավային պատին է։ Արեւելյան, հարավային եւ արեւմտյան պատերին մեկական պատուհան է կտրված։ Պատուհանները դրսից ուղղանկյուն են, իսկ ներսից կամարաձեւ։ Պատերը հարթ են եւ զուրկ զարդանաշխերից։ Զոհասեղանը մեկ աստիճանով բարձրացված է հատակից։

Եկեղեցու հյուսիսում նշվարվում է ուշ ժամանակաշրջանի քանդակներ, որն էլ ավելի լավ ընթեռնելի է եղել 1979թ.։ Այդտեղ է գտնվում նաեւ միջին դարի գերեզմանաքար, որի շուրջը նույնպես քարեր կան լցրած։

Խոսպիոի եկեղեցին ունի հետեւյալ առանձնահատկությունները՝ հնություն, ճարտարապետական ձեւը եւ մանրամասներ։

Ախալքալաքի բերդը փլուզման եզրին է

XI դարի Ախալքալաքի բերդը տարեց տարի ավելի ու ավելի է քանդվում եւ ներկա պահին ամրոցը պահպանելու պետական ծրագիր չկա: Գոյություն ունի բերդը փլուզումից փրկելու երկու ուղի. վերականգնել կամ կոնսերվացնել: Խնդիրը ներկայացնում է jnews-ը:

Ախալքալաքի բերդը քաղաքի հիմնական տեսարժան վայրն է: Այսօր այն լավ չէ պահպանված ու անտեսված է: 11-րդ դարի մշակութային ժառանգությունը վերածվել է աղբանոցի եւ զուգարանի: Այս վայրը զբոսաշրջիկներին չի գրավում, քանի որ այստեղ ենթակառուցվածքը զարգացած չէ, եւ տուրիստական քարտեզում նշված չկա:

Ժամանակ առ ժամանակ Ախալքալաքում արդիական է դառնում XI դարի պատմական հուշարձանի պահպանման անհրաժեշտության հարցը:

Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի նախագահ Նայիրի Իրիցյանը կողմ է բերդի վերականգնմանն ու տարածքի բարեկարգմանը: «Այս գաղափարը մեզ մոտ հայտնվեց 5-6 տարի առաջ, երբ վերականգնեցին Ռաբաթը: Մենք կարծում ենք, որ դա կգրավի զբոսաշրջիկներին: Ախալքալաքի բերդի տարածքը մեծ է, կա նաեւ զարգացման հնարավորություն: Սակայն մենք դեռ չենք գտել այն օղակը կառավարությունում, ում կարելի է դիմել կոնկրետ այս առաջարկությունով»,- ասել է Նաիրի Իրիցյանը:

Ախալքալաք.-  Անհետացող ժառանգություն

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի Սուրբ Մաթեւոս եկեղեցում 5 հին մատյաններ են պահվում, որոնք քայքայման եւ անհետացման եզրին են։ Այս մասին գրում է jnews.am-ը:

Գյուղացիները մատյանների մասին շատ բան չգիտեն, միայն գիտեն, որ սուրբ գրքեր են, որոնք նախնիները Արևմտյան Հայաստանից գաղթելու ժամանակ են բերել։ Ըստ աղբյուրի, մատյաններից 3-ը Ճաշոց են, մեկը գրեթե ամբողջությամբ է պահպանված, իսկ երկուսը քայքայման եզրին են։ Ճաշոցի բովանդակությունը՝ Քրիստոսի ծննդից սկսած, տերունական տոների տարեկան տոնակարգի սահմանումն է, համապատասխան ընթերցվածներով։ Ճաշոցի ընթերցվելիք նյութը՝ «Ընթերցուածը», քաղված էր Հին եւ Նոր կտակարաններից, հատկապես Գործք Առաքելոցից, որին հաջորդում էին համապատասխան սաղմոսներ, կցուրդներ, ավելի ուշ՝ նաև շարականներ։

Քանի որ Բուռնաշեթ գյուղի Սուրբ Մաթեւոս եկեղեցին շրջակայքում հնագույններից է, հարեւան գյուղերի համար ևս մեծ նշանակություն ունի։ Այնտեղից մարդիկ տարել թողել են «սուրբ գրքերը» Բուռնաշեթ գյուղի եկեղեցում։ Մատյանները անուշադրության են մատնված, եկեղեցու պատուհանից քամի եւ անձրև է ներս լցվում։

«Նայելով գրքերին կարող ենք ասել, որ ժամանակին նրանց մասին հոգ տանող է եղել, սակայն կասկածելի է թե արդյո՞ք ասեղով գրքի կազմին կտոր կարելը պահպանող թե վնասող երևույթ է։ Գրքերին այսօր անհետացման վտանգն է սպառնում։ Անուշադրությունը, եղանակային անկայուն պայմանները կարող են մի օր անհետ վերացնել այն, ինչը որպես ժառանգություն պահվում է եկեղեցում»,- գրել է աղբյուրը:

Միջոցառումների շարք Կուլիկամ գյուղում

Հուլիսի 1-ին Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի օրը, որը նշանավորվեց Սբ. Երրորդություն եկեղեցու վերաօծմամբ եւ գյուղամեջում Արցախյան հերոսամարտի մասնակից, ծնունդով Կուլիկամ գյուղից Արթուր Ղարիբյանի հուշաքարի բացմամբ:

Տոնակատարությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Արցախյան հերոսամարտի մասնակից Արթուր Ղարիբյանի եղբայրը՝ Գրիգոր Ղարիբյանը, հուշաքարի բացման նախաձեռնող Արմեն Ուզունյանը, բարերար Աղվան Աջամօղլյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրենի տեղակալ, ծնունդով Կուլիկամ գյուղից Սամվել Մկոյանը, բազմաթիվ կուլիկամցիներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից եւ Հայաստանից: Կարդալ հոդվածն ամբողջությամբ

ՋԱՀ-ը խրախուսական մրցանակներ հանձնեց «Ընթերցման օլիմպիադայի» մասնակիցներին – 1

Հունիսի 27-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Անտարես» մեդիա հոլդինգի կողմից արդեն 7-րդ անգամ կազմակերպվող «Ընթերցման օլիմպիադայի» հանրապետական փուլը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամն (ՋԱՀ) արդեն 4-րդ տարին է, ինչ աջակցում եւ խրախուսական մրցանակներ է տալիս օլիմպիադայի մասնակիցներին: Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը իր ելույթում չափազանց կարևորեց դպրոցականների համար ընթերցանության մրցույթների կազմակերպումը եւ առաջարկեց նմանատիպ օլիմպիադաներ կազմակերպել նաեւ Ջավախքում:

Մրցույթի մասնակիցներին հանձնվեց ՋԱՀ-ի կողմից հրատարակված ականավոր գրականագետ Գրիգոր Վանցյանի 3 հատորից բաղկացած ժողովածուն, ջավախքցի աշուղ Թիֆիլու գիրքը, Աշուղ Ջիվանու լավագույն կատարումների սկավառակ, Ջիվանու հուշանվեր, ինչպես նաեւ Ջիվանու տուն-թանգարանի հավաստագիր, որը հնարավորություն է տալիս ընտանիքով եւ դասարանով անսահմանափակ անվճար այցելել Ախալքալաքի Կարզախ գյուղում գործող Աշուղ Ջիվանու տուն-թանգարան մինչեւ 2019թ. օգոստոս ամիսը

ՋԱՀ-ը խրախուսական մրցանակներ հանձնեց «Ընթերցման օլիմպիադայի» մասնակիցներին – 2

Մրցույթին հայտ էր ներկայացրել Հայաստանի 10 մարզերի և Երևան քաղաքի 6-րդ դասարանցիներից ավելի քան 4500 աշակերտ, իսկ հանրապետական փուլ էր անցել 39 աշակերտ թե՛ Երեւանի եւ թե՛ մարզերի դպրոցներից:

Օլիմպիադային ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներ եւ օլիմպիադայի այլ գործընկերներ ու հովանավորներ:

ՋԱՀ-ն արդեն 4-րդ տարին է, ինչ աջակցում և խրախուսական մրցանակներ է տալիս օլիմպիադայի մասնակիցներին: Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը իր ելույթում չափազանց կարեւորեց դպրոցականների համար ընթերցանության մրցույթների կազմակերպումը եւ առաջարկեց նմանատիպ օլիմպիադաներ կազմակերպել նաեւ Ջավախքում:

Կարեւորվել է հանրության շրջանակներում Ջավախքի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը եւ դեռեւս դպրոցահասակ տարիքից երեխաներին Ջավախքի մեծերի հետ ծանոթացման գործընթացը:

Աշխարահռչակ  երաժիշտ Սերժ Թանկյանն այստեղ է՝ քաջալերելու երիտասարդ արվեստագետներին

Creative Armenia-ն մեկ տարեկան է: Շահույթ չհետապնդող այս կազմակերպությունը ստեղծվել է  ճանապարհ հարթելու անհատ արվեստագետների համար:

Creative Armenia-ի  հիմնադիր Կարին Հովհաննիսյան նշում է՝ կազմակերպոււթյունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր մշակույթի ոլորտում ասելիք ունեն:

Աշխարահռչակ  երաժիշտ Սերժ Թանկյանն այստեղ է՝ քաջալերելու երիտասարդ արվեստագետներին:  Իր եւ Քրեյթիվ Արմենիայի հետ համագործակցության վերաբերյալ չի շտապում շատ փակագծեր  բացել:

«Մի քանի ֆիլմերի  գաղափարներ կան, մոտ ժամանակներս կհայտարարենք»,- ասել է երաժիշտը:

Դերասանուհի Արսինե Խանջյանը սիրով է ստանձնել խորհրդատուի դերը: Նա համոզված է ՝ Creative Armenia-ն օգնում է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին: Creative Armenia-ի տարեդարձի միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ:

Եկեղեցական.- Վարդավառերբ սկեսուրը հարսնացուին զբոսանքի է տարել

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից երրորդը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառն է: Եկեղեցական կարգի համաձայն՝ տոնն ունի շաբաթապահք, նավակատիք, մեռելոց: Կատարվում է նաեւ Անդաստանի կարգ: Այս տարի Վարդավառի տոնը նշվելու է հուլիսի 8-ին։

Qahana.am-ում կարդում ենք, որ Վարդավառն ընդհանրություններ ունի Նավասարդյան տոների հետ, որոնք, ըստ էության, եղել են ամառային արևադարձի տոներ: Վերջիններիս փոխարինել է Հիսուսի՝ Կենդանի Արեգակի Պայծառակերպության տոնը, որտեղ Հիսուսի աստվածությունը բացահայտվում է լույսի ձևով. «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհաննես Ը 12):

Վարդավառը մշտապես կենսունակ եւ տարածված է եղել ոչ միայն Հայաստանում, այլ նաև այն գաղթօջախներում, որտեղ հայերն ապրել են: Այդ պատճառով տոնն ունեցել է նաև հարեւան ազգերի կողմից տրված անուններ՝ Գյուվերջին փանայիրի (աղավնիների տոն), Ողլագ ղրան (ուլի մատաղ), Սու Զատկի, Սու պայրամ (ջրի տոն): Դրանք  կապված են տոնի հիմնական խորհրդանիշներից մատաղի, ջրի, աղավնու հետ: Վերջիններս հիշեցնում են ժողովրդական այն ավանդությունը, ըստ որի Վարդավառը Նոյի եւ համաշխարհային ջրհեղեղի պատմության հիշատակն է:

Տոնի հարուստ ծիսահամալիրում իրենց կանոնակարգված տեղն են ունեցել հոգեւոր եւ աշխարհիկ ուրախությունները, որոնք փոխլրացրել են միմյանց եւ լիարժեք դարձրել այն: Ժողովուրդն իմաստավորել է այդքան սպասված միասնական տոնախմբությունը՝ նախ եւ առաջ հոգ տանելով հոգևոր միասնականության եւ խաղաղության մասին: Բոլոր նրանք, ովքեր գժտված են եղել ընտանիքի անդամի, հարազատի կամ դրկիցի հետ, անպայման հաշտվել են, այլապես ուխտն ընդունելի չի լինի, Սուրբ Պատարագի մասնակցել եւ հաղորդվել չէր թույլատրվի, կարժանանային համայնքի պարսավանքին:

Մեր օրերում տոնի անքակտելի մաս են կազմում տոնական փոխայցելությունները եւ շնորհավորանքները: Շնորհավորում են ուխտագնացության ճանապարհին, տոնական սեղանի շուրջ կամ պատահական հանդիպման ժամանակ` մաղթելով ուրախ Վարդավառ, ուխտի կատարում, առողջություն, երջանկություն, աշխարհին` խաղաղություն, օտարության մեջ գտնվողներին` շուտափույթ վերադարձ: Ամուսնաընտանեկան ծեսերը նույնպես տոնի մաս են կազմել: Շատերը նշանադրվել են հասարակական խնջույքի ժամանակ: Ընդունված է եղել հարսնահանեքի սովորույթը, երբ սկեսուրը հարսնացուին զբոսանքի է տարել: Նորահարսների դարձ գնալու սովորույթը մինչ օրս պահպանվում է:

Տոնին հաջորդող մեռելոցին այցելել են գերեզմաններ, որտեղ հոգևորականը գերեզմանի օրհնության կարգ է կատարել:

Վարդավառի նախօրյակին ընդունված է նաեւ հաց կամ լավաշ թխել: Տոնի ավանդական կերակուրներից են ակդակը, նազուկը, բիշին, հալվան, գաթան՝ մեջը գուշակության համար դրված նշանով, արիշտայով փլավը եւ ձուկը, կաթնովը, ձվածեղը, բլղուրով փլավը, իսկ օրհնված աղով մատաղը մի շարք վայրերում այսօր էլ տոնի ամենակարեւոր  բաղադրիչներից է:

Վարդավառը հիմնականում նշում են բացօթյա՝ ուխտավայրերում եւ գետերի, աղբյուրների ակունքների մերձակայքում: Վարդավառյան նշանավոր ուխտավայրերից են Ջնջռլու Սբ. Հովհաննես վանքը (Արարատի մարզ), Հովհաննավանքը (Արագածոտնի մարզ), Իշխանավանքը (Գեղարքունիքի մարզ), Անգեղակոթի Սբ. Վարդան Զորավար եկեղեցին (Սյունիքի մարզ), Մակարավանքը (Տավուշի մարզ), Սառնազբյուրի Զաղա կամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ սրբատեղին (Շիրակի մարզ), Ղալթաղչի Սբ. Հովհաննես մատուռը (Լոռու մարզ) եւ այլն:

Հարուստ են Վարդավառի խաղային ավանդույթները: Խաղերն ուղեկցվելով երգ ու երաժշտությամբ, ավանդական կենցաղում ապահովել են տոնի ուրախ մթնոլորտը: Ուխտավայրերում կազմակերպվել են ձիարշավներ, գոտեմարտեր, ըմբշամարտեր, փայտախաղեր: Մրցել են ինչպես անհատներ, այնպես էլ համայնքներ: Հաղթողները մեծարանքով են հիշվել ողջ տարվա ընթացքում: Անցկացվել են նաեւ աշուղական մրցություններ: Վարդավառին ամենաբնորոշ խաղը եղել է ջրցանությունը, որին մասնակցել են բոլորը: Նույնիսկ երեխաներին եւ տկարներին թեկուզ մի քիչ թրջվելուց անմասն չեն թողել՝ հավատալով վարդավառյան ջրի բժշկող եւ մաքրագործող զորությանը:

(Նյութը պատրաստել  է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողՀասմիկ Աբրահամյանը, Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ):

«Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումներ.- «Վարդավառի տոնը Երեւանում» սկսվել է հունիսի 7-ից

Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ հուլիսի 8-ին ժամը 12:00-ին Կարապի լճի տարածքում կանցկացվի «Վարդավառի տոնը Երեւանում» միջոցառումը, որն իրականացվում է «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, ուր բոլորին սպասվում են հետաքրքիր խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ եւ բազմաթիվ անակնկալներ:

Տոնական միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքի վարչական շրջաններում կտրվի ժամը 12:00-ից: Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներին:

Ջրցան մեքենաների շքերթ՝ Վարդավառի տոնին

Վարդավառի տոնին նվիրված Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտյան ջրցան մեքենաների շքերթով: «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաներն անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և զովացրել առավոտյան Երեւանը:

Ջրցան մեքենաները կշրջեն նաեւ մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում եւ փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին:

Հիշեցնենք նաեւ, որ ամբողջ օրվա ընթացքում տոնական միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Հայաստանում տոնում են Վարդավառը – Կոչ քաղաքացիներին՝ Վարդավառին պահպանել համակեցության կանոնները

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը դիմում է քաղաքացիներին.

Հուլիսի 23-ին Վարդավառ է՝ մեր ժողովրդի սիրած ու ավանդական տոներից մեկը, որ խորհրդանշում է տարեպտույտ, կյանքի նորացում, սեր, նաեւ՝ փոխադարծ հարգանք ու հոգածություն միմյանց հանդեպ:
Ցավոք, մեր որոշ համաքաղաքացիներ հենց Վարդավառի լուսավոր տոնին չեն դրսևորում այդ հարգանքն ու հոգածությունը: Արձանագրվում են ծիսական արարողությունը տհաճ դրսեւորումներով փախարինելու, մարդկանց անհանգստություն եւ անհարմարություն պատճառելու դեպքեր։
Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել բարեկրթություն, տհաճ միջադեպերով չխաթարել տոնը, աջակցել ոստիկանությանը հասարակական կարգուկանոն ապահովելու գործում:

Երեւանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման 2-րդ կետը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը հուլիսի 6-ին, Բաղրամյան պողոտա 2/5 հասցեում՝ Ֆրանսիայի հրապարակին կից, բացեց Երեւանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը:

Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման երկու կետում այցելուներին անվճար կտրամադրվեն Երեւանի զբոսաշրջային բազմալեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, ուղեցույցներ «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի, համայնքային թանգարանների, «Երեւան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ, ինչպես նաեւ անհրաժեշտ ուղեցույցեր կառուցապատման թույլտվությունների եւ քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 24 (502), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։