Կրոնական հեղափոխությունը սպառվեց.- Նոր Հայասատան-Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները դեռ շարունակում էին բողոքի աննշան ցույցեր անել:  Գյումրիում եւս պահանջեցին կաթողիկոսի հրաժարականը… Կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել… Կաթողիկոսի հրաժարական պահանջողները ինքնահաստատվում են… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրենության հայտարարությունը…

Գյումրիում եւս պահանջեցին կաթողիկոսի հրաժարականը

«Նոր Հայասատան-Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները նախորդ ամսին դեռ շարունակում էին բողոքի ցույցեր անել: Նրանք հանդիպել են նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ում, իմիջիայլոց կասկածում են այս ցույցերը գաղտնի սատարելու մեջ: Կասկածներ կան նաեւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առումով եւս: Այս մասին «Լուսանցք»-ը գրել է իր նախորդ թողարկումներում («Հենց այսօ՛ր Էջմիածինն ու Անթիլիասը պիտի միավորման խնդիրը դնեն – Կրկին հեթանոսության եւ քրիստոնեության հաշտեցման մասին», Նարե Մշեցյան, «Լուսանցք» թիվ 22 (500), 2018թ.): Նշել էինք, որ Նավասարդ Կճոյանը, կորցնելով ՀՀԿ-ական իշխանության աջակցությունն ու հովանավորությունը, ցանկանում է «քավության ալիքը ուղղել Ամենայն հայոց հայրապետի ուղղությամբ՝ խուսափելու համար իր բաժին պատասխանատվությունից», իսկ Միքայել Աջապահյանը փորձում է հարմարվել նոր իրավիճակին եւ հանդես գալ հեղափոխական շարժման առաջնորդի դերում:

Նշյալ նախաձեռնության անդամները Շիրակի թեմի առաջնորդին ներկայացրել են, որ դեմ են կաթողիկոսին եւ պահանջում են նրա հրաժարականը: Հոգեւոր առաջնորդը հորդորել է սթափ դատել ու եկեղեցում խռովություն չմտցնել: Նա հայտարարել է, որ կաթողիկոսը ամենալեգիտիմ հոգեւոր գործիչն է, ու նրա հրաժարականը պետք է լինի ոչ բռնի ուժով, այլ միայն իր կամքով: Հանդիպմանը կողմերն ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն եկել, Սրբազան հայրը հանդուրժողականության կոչ է արել ու հորդորել երկար մտածել որեւէ քայլ կատարելուց առաջ:

Հ.Գ. – Մի խումբ հավատացյալ գյումրեցիներ, որոնց թվում էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան- նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ հանդիպմանը բանավիճելով մթնոլորտը թեժացրեցին, անգամ սկսվեց վիճաբանություն մասնակից քահանաների միջեւ։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներից մեկը այդ թեժ պահին հայտարարեց, որ իր եպիսկոպոսից ուզում է լսել հրաժարականի մասին հարցի պատասխանը, ինչը համբերությունից հանեց Շիրակի թեմի առաջնորդին, ով վրդովված բացականչեց՝ «Վե՛րջ, ես քո եպիսկոպոսը չեմ»…  

Կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել

Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեսաուղերձը, որով նա կոչ է անում եկեղեցու սպասավորներին չգնալ Էջմիածին՝ իրեն սատարելու: Հիշեցնենք, այդ օրերին Աթոռանիստ քաղաքում նախատեսված էր բողոքի ակցիաներ՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով:

«Շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում եւ 3 եկեղեցականներ, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ակցիաներ Հայոց Հայրապետի հրաժարականի պահանջով: Նրանք նախաձեռնել են բողոքի միջոցառում կազմակերպել նաեւ Էջմիածին քաղաքում: Ի պատասխան, այս նախաձեռնության մեր հավատավոր զավակներ տարբեր համայնքներից եւ մեր եկեղեցու հոգեւոր սպասավորներ հայտարարություն են տարածել, որ այցելելու են հոգեւոր Էջմիածին իրենց զորակցությունը բերելու Հայոց Հայրապետին:

Նկատի ունենալով, որ հուզական այս լարված իրավիճակում կարող են տեղ գտնել անցանկալի երեւույթներ ու սադրիչ գործողություններ, կարող է վտանգվել մեր հավատավոր զավակների բարի անունն ու մեր եկեղեցու բարի համբավը, Հայրապետիս հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն իրենց հավատացյալներով վերապահ գտնվեն ու զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից»,- մասնավորապես նշել է Կաթողիկոսը:

Նա կոչ է անում բողոքի նախաձեռնության անդամներին զերծ մնալ ակցիա անցկացնելու մտադրությունից: Կաթողիկոսը ցույցի մասնակիցներին կրկին հրավիրել էր Սուրբ Էջմիածին…

Կաթողիկոսի հրաժարական պահանջողները ինքնահաստատվում են

Պատմաբան Ավագ Հարությունյանը համեմատականներ է անցկացնում կաթողիկոսի հրաժարականի պահանջի եւ Հայաստանի խորհրդայնացման միջեւ:.

«Քսանական թվականներին, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, մի շարք հոգեւորականներ դարձան թունդ աթեիստներ, սկսվեց անաստվածների շարժումը, հոգեւորականները հրաժարվեցին կոչումներից՝ նախընտրելով ընկեր դիմելաձեւը:

Հիմա Հայր Կորյունը նույնն է ցանկանում անել»…

Ավագ Հարությունյանի խոսքով՝ տասնյակ ցուցարարները չեն կարող ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջել, «Եկեղեցին ամբողջ ժողովրդինն է»:

Պատմաբանը հավելել է, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիաները ինքնահաստատվելու միջոց է դիտարկում. «Միշտ էլ կան մարդիկ, որոնք տառապում են անբավարության բարդույթով, որոնք ցանկանում են մի կերպ ինքնադրսեւորվել, սա նաեւ  հրահրվում է օտար ուժերի կողմից»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրենության հայտարարությունը

Հուլիս 1, 2018թ.

Նորահայտ աղանդավորական շարժման խթանիչներից Կորյուն աբեղան օրերս՝ Վաղարշապատ քաղաքում կատարեց իբր թե բացահայտում, ըստ որի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա լծակիցների ու համախոհների կողմից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ սուտը երեւաց նաեւ տեղեկատվական դաշտում՝ հարկ համարեցինք հանդորրամտություն Սբ Էջմիածնի Թանգարանների բազմաթիվ այցելուների եւ մեր Սուրբ Եկեղեցու հավատացյալների հանդես գալ սույն հայտարարությամբ:

Խստորեն դատապարտելով կարգազանց այդ սքեմավորին՝ հայտնում ենք, որ վերոնշյալ անձը եւ այդ շարժման ղեկավարներն առհասարակ հերթական սուտ ու անհիմն տեղեկությունն են տարածում իրենց հետեւորդների շրջանակներում՝ մոլորեցնելով նաեւ բարեմիտ հավատացյալներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բոլոր սրբություններն ու մասունքները, ինչպես նաեւ թանգարանային առարկաները, ոչ միայն անձեռնմխելիորեն եւ ապահով պահվում ու ցուցադրվում են Մայր Աթոռի թանգարաններում, այլեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տարիներին հարյուրավոր պատմամշակութային ու գեղարվեստական առարկաներով (մասունքներ, հինավուրց խաչքարեր, ձեռագրեր, հնատիպ գրքեր, սրբանկարներ, աստվածպաշտական ու նվիրական առարկաներ, եկեղեցական զգեստներ, գործվածքներ, գեղանկարներ, հին մետաղադրամներ ու թղթադրամներ, հուշադրամներ) համալրվել են: Հատկապես հիշատակարժան են երանաշնորհ Հովհաննես-Պողոս Բ. Հռոմի Պապի կողմից հանձնված Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, ինչպես նաեւ՝ Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի կողմից հռչակավոր Սկեւռայի մասունքարանի վերադարձը Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն:

Շնորհիվ Հայոց Հայրապետի բարեխնամ տնօրինության վերստին կյանքի կոչվեց սրբոց տոների եւ եկեղեցիների ու վանքերի ուխտագնացությունների առիթներով Մայր Աթոռի մասանց պահարանից սրբոց մասունքների դուրս բերումը եւ Հայոց երկրի զանազան սրբավայրեր հանդիսավորապես տեղափոխումն ի մխիթարություն եւ ի զորացումն մեր հավատացյալների:

Ինչպես պատմական անցյալում, այսօր եւս եւ միշտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գոհացում է տալիս իր աշխարհասփյուռ թեմերի ու ծխական համայնքների հոգեւոր կարիքներին: Ընդառաջ այդ ամենին, Հայոց Հայրապետի օրհնությամբ եւ մեկենասությամբ բարեպաշտ հայորդիների, պատրաստվել են նաեւ նոր մասունքարաններ, որոնց մեջ զետեղվել են Սուրբ Էջմիածնում պահվող տարբեր սուրբ մասունքներից մասեր ու նվիրաբերվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի որոշ եկեղեցիների (զոր օրինակ՝ Աշոտ Բ. Երկաթ արքայի Կենաց փայտի մասունքով խաչի կրկնօրինակի ընծայումը Հայոց բանակին, Սբ Վարդան Զորավարի քարի մասունքով ճաճանչախաչի ընծայումն ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմին, Կենաց Փայտի մասունքով խաչի ընծայումը Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմին, Սբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչի ընծայումը Կոտայքի թեմին եւ այլն):

Հայոց հոգեւոր կյանքի նորոգությանն ու զորեղացմանն ուղղված բոլոր ընծայաբերությունները եւ Մայր Աթոռի Թանգարանների գանձերի համալրումներն իրենց ժամանակին հատուկ կերպով ներկայացվել են Թանգարանների հաղորդագրություններով եւ լուսաբանվել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի հրապարակումներով ու «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութերով:

Հորդորում ենք, որ հետայսու ազգային-եկեղեցական դարավոր սրբություններն ու արժեքները չդարձվեն ստապատիր ու նվաստ խոսքավաճառության նյութ, քանզի դրանց Սուրբ Զորությունը կսատակի նման հանդգնություն ունեցող խաչագողերին:

Սեփ լրատվություն

«Լուսանցք» թիվ 24 (502), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։