Ձնագնդի, որ իրականում կհավաքի բոլորին – Մուղդուսիա-բերիական Հայաստանին վերադարձ չկա՛… Այստեղ գործում են նաեւ երկակի ստանդարտները, մի կողմից ՀՀԿ-ական գործիչների ձերբակալություններ, մյուս կողմից՝ ՀՀԿ-ականների իշխանության ժամանակ ձերբակալվածների ազատում… Շատերն են մտահոգված ԱԱԾ-ի որոշակի գործողություններից, որ հանկարծ չդառնա Նիկոլ Փաշինյանի անձնական կառույց-գործիքը՝ ինչը կսասանի պետության հիմքերը…

Մարտիմեկյան դեպքերի մեղավորների բացահայտումը կարող է մի այնպիսի հետաքրքիր իրականության հանգեցնել, երբ տարիներ շարունակ արդարություն գոռացողները կանգնեն ոչ պակաս պատասխանատվության առջեւ, որքան ժամանակի իշխանությունները:

Ավելին՝ դեռ պետք է ժամանակի սահմանադրական կարգի պաշտպանության տեսանկյունից դիտարկվի հարցը, ինչը կարող է հանգեցնել բոլորովին այլ արդարադատության, այսինքն՝ եղել է պետական սահմանադրական կարգի տապալման փորձ, եղել են սադրանքներ երկու կողմերից էլ եւ, ի վերջո, բանակը կատարել է այն պարտականությունը, կանխել է պետական կարգը տապալելու անօրինական փորձը (ընդդիմության մոտ հայտնաբերվել են նաեւ զենք-զինամթերք), որը տրված էր բանակին սահմանադրորեն:

Հիշեցնենք, որ մարտյան ցույցերն ընթանում էին նաեւ այլ երկրների դրոշները պարզած՝ գունավոր հեղափոխություններով անցած Ուկրաինայի ու Վրաստանի, Եվրամիության եւ չգիտես ինչու՝ նաեւ Իսրայելի…

Այնպես որ, բոլորի համար է ցանկալի, որ մարտիմեկյան դեպքերը, որի ժամանակ 10 զոհ գրանցվեց, իսկապես բացահայտվեն, եւ մեղավորները պատժվեն: Իրակա՛ն մեղավորները:

Մենք այն ժամանակ էլ, այսօր էլ ասում ենք, որ մեղավորներ կան երկու կողմում էլ:

Իմիջիայլոց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մեկ պատասխանատու կողմում էր, իսկ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ մյուս կողմում:

Վստահ ենք, որ ճիշտ դատավարության դեպքում երկու կողմերն էլ համապատասխան փաստեր եւ տեսաժապավեններ կներկայացնեն, որտեղ այսօր միա՛յն պահանջներ ներկայացնող շատ-շատերը նաեւ պատասխաններ պիտի տան…  

Իմիջիայլոց, ովքեր գոհ են, որ նոր իշխանությունները փորձում են բոլոր հարցերում վերականգնել արդարությունը, հատկապես ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, այնուամենայնիվ արդեն զգուշանում են ԱԱԾ-ի գործողություններից՝ մտահոգվելով, որ ԱԱԾ-ն հանկարծ չդառնա Նիկոլ Փաշինյանի անձնական կառույց-գործիքը, ինչը վստահաբար կհիշեցնի 1937-ի սարքովի գործերն ու մուղդուսիական գործելաոճը… Վստահ ենք՝ բերիականին չի հասնի, բոլորով ու «դուխով» դա թույլ չենք տա:

Մեկ այլ առիթով էլ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը շարունակվում է գործել թերություններով: Հրապարակել է իրավական չափանիշներ՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգի վերաբերյալ: Արդյունքները վկայում են, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը շարունակվում է գործել թերություններով, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ազատությունից զրկվածների իրավունքների պաշտպանության վրա:

Այս խնդիրը ունի նաեւ բարոյական կողմ, որը նույնպես կաղում է, երբ դիտարկվում են, այսպես կոչված, իրավիճակի փոփոխության հետ կապված պատժից ազատումները, եւ հատկապես այն դեպքերում, երբ կան զոհեր եւ զենք-զինամթերքի առկայություն:

Այստեղ գործում են նաեւ երկակի ստանդարտները, մի կողմից ՀՀԿ-ական գործիչների ձերբակալություններ, մյուս կողմից՝ ՀՀԿ-ականների իշխանության ժամանակ ձերբակալվածների ազատում:

Այս առումով խոսել է նաեւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով այն կարծիքին է, որ մարդկանց ենթագիտակցության մեջ կա այն տեսակետը, որ կոռուպցիան գոյություն ունի, որովհետեւ անհատներն են վատը ու նրանց հեռացնելով խնդիրը կանհետանա: Նա նման կարծիք հայտնեց նշելով, որ «մեծ հեղափոխությունները հիմնականում կառուցվում են ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» գաղափարախոսության հիմամբ: Եվ իշանության եկողներն ասում են, որ կփոխեն մարդկանց, կպայքարեն կոռուպցիայի դեմ, ու ժողովուրդը մտածում է, որ խնդիրն անհատների մեջ է, որոնց փոխելով էլ բոլոր վատ դրսեւորումները կվերանան»:

Այս իրավիճակում քաղաքագետը զարմանալի չի համարում նախկին իշխանության ներկայացուցիչների ձերբակալությունները, ինչը հատուկ է բոլոր թավշյա հեղափոխություններին, որովհետեւ այդպիսի մասշտաբներ ունեցող փոփոխություններից հասարակության ակնկալիքները շատ մեծ են, որոնք պետք է արդարացվեն:

Քաղաքագետը ԱԱԾ-ի կողմից վերջին բացահայտումներն ու ձերբակալությունների դեպքերը կապում է նաեւ առաջիկա ընտրությունների հետ:

«Հասարակությունը հեղափոխությունից սպասում է կտրուկ փոփոխություններ, բայց քանի որ դրանց համար երկար ժամանակ է պետք, ապա պետք է ցույց տալ վատ երեւույթների դեմ պայքարի վառ օրինակներ, որն էլ այսօր իշխանություններն անում են:

Չմոռանանք, որ առջեւում ընտրություններ են ու անհրաժեշտ է որոշակի հոգեբանական ազդեցություն պահպանել հասարակության շրջանում»,- նշել է նա:

Ապա քաղաքագետը հավելել է այն հանգամանքը, որ ուժային կառույցները թիրախավորում են հասարակության շրջանում ազդեցիկ ու բացասաբար ընկալվող անձանց՝‘ մատնանշելով գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ու ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բերման ենթարկելը: Ձերբակալվել է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը, ում մեղադրանք է առաջադրվել, չի բացառվում, որ կարող է կալանավորվել նաեւ Գագիկ Ծառուկյանը, եթե ապացուցվեն որոշ հանգամանքներ:

Քաղաքագետն այս ամենը նույնպես հասարակության մոտ բարձր վարկանիշի պահպանմանն ուղղված քայլեր է համարում: Բայց նրա կարծիքով, ԱԱԾ-ի վերջին գործողությունները իշխանության բարձր վարկանիշի պահպանման համար են եւ վտանգավոր գծեր ունեն, որոնք պիտի չանցնեն:

Իրավական համակարգի կտրուկ փոփոխությունները վկայում են, որ արդարության վերականգնման գործընթացը շարունակվում է: Հրաժարական ներկայացրին ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ապա ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ամենակարեւոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է…

«Ուզում եմ որպես մեր ժողովրդի վստահությամբ վարչապետ ընտրված անձ հայտարարել հետեւյալը. այն՝ ինչ հայտարարում ենք հրապարակային, դա այն է, ինչ կա մեր մտքում: Երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են: Երբ ասում ենք, որ Հայաստանում պետք է արմատախիլ արվի կոռուպցիան՝ նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ: Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առջեւ դրված է այս խնդրի ապահովման հսկայական մասը եւ հույս ունեմ, որ ծառայությունն կիրականացնի իր այդ գործառույթը»,- ասել է վարչապետը:

Ապա Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց, որտեղ խնդրում էր 2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն առնչվող տեղեկատվություն՝ տեսանյութեր, լուսանկարներ ու փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՔԾ։

«Կարեւորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երեւան քաղաքում 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում՝ խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որեւէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում՝ տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետեւյալ հասցեով՝ ք. Երեւան, Վ. Վաղարշյան 13ա, հեռ. (+374)11 900 064:

Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտպանության միջոցներ կկիրառվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերը նշված դեպքերի կապակցությամբ կարող են հայտնել հանցագործությունները բացահայտելու եւ դրանք կատարողներին հայտնաբերելու վերաբերյալ նշանակություն ունեցող տվյալներ: Մասնավորապես, միջոցներ կձեռնարկվեն քրեական դատավարությանը մասնակցող  անձանց ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանության, նրանց վերաբերյալ տեղեկությունների սահմանափակման, ինչպես նաեւ իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով վերջիններիս անվտանգության ապահովման ուղղությամբ»:

Լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը այն հարցին, թե կաշկանդող որեւէ բան կա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու առումով, հնչել է պատասխան, որ «ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի այդ գործը բացահայտելու՝ անկախ անձերից, թե ովքեր պետք է ներգրավվեն տվյալ գործում, այդ անձիք կներգրավվեն»:

Իմիջիայլոց, 2011թ. եւ դրանց հետո էլ ժամանակի իշխանություններն, ի դեմս Սերժ Սարգսյանի,‘հայտարարել էին, որ «Մարտի 1-ի բացահայտման գործում «նոր թափ» են ակնկալում»:

Նախագահական պալատում դատաիրավական բարեփոխումների շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ այդ տարիների նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր 2008թ. մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին՝ ընդգծելով, որ ամեն բան արվելու է այդ դեպքերի բացահայտման համար:

Հիշեցնենք, որ 2014թ. ԱԺ-ն նաեւ նոր հանձնաժողով ստեղծեց այդ հարցով, բայց ցայսօր նոր տվյալներ ու փաստեր չեն հայտնվել:

Հիմա էլ ՀՔԾ պետն է հայտարարում, թե իրենք կաշկանդված չեն Մարտիմեկյան գործով որեւէ նախկին պաշտոնյայի կանչել հարցաքննության:

Սպասենք, տեսնենք ինչ կլինի մոտ ապագայում…

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործի շրջանակում արդեն հարցաքննվել է որպես վկա:

Այն դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը լինելով այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի անմիջական ենթական, ինչպե՞ս կարող էր չիմանալ «0038» գաղտնի հրամանի մասին, ՀՔԾ պետն ասաց, որ այս պահին չի ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել եւ չի ցանկանում հետագա քայլերի մասին խոսել։ «ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործերի մասին տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որը չի վնասի նախաքննությանը»,- ասել է Սասուն Խաչատրյանը:

Ի դեպ, նշվել էր, որ Միքայել Հարությունյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւս կհրավիրվեն հարցաքննության՝ որպես վկա:

«Իսկ Սերժ Սարգսյանին կհրավիրե՞ն հարցաքննության» հարցին ի պատասխան՝ Սասուն Խաչատրյանն հայտնել էր, թե չի բացահայտում իրենց գործողությունների հերթականությունը:

Բայց նշեց, որ հարցաքննության են հրավիրվելու բոլոր նրանք, որոնք կարող են որեւէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործի հետ կապված…

Հետո… հետո որոշվեց, որ Միքայել Հարությունյանը ավելին է, քան վկա, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

«Ինչպես արդեն տեղեկացվել է, 2008թ.ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018թ. հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- հայտնել է ՀՔԾ լրատվական ծառայությունը։

Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ 03.07.2018թ. միջնորդություն ներկայացվեց դատարան, ու բավարարվեց միջնորդությունը:

Սպասելի էր, որ ՀԱԿ-ը հանդես կգա հայտարարությամբ, չնայած ինչպես վերը նշեցինք, մարտյան դեպքերի ընդդիմադիր կողմն էլ ապահովագրված չէ մեղադրանքներ ստանալուց: ՀԱԿ-ի հայտարությունում մասնավորապես ասված է. «Ակնհայտ է, որ այս գործի քննությունը անխուսափելիորեն կհանգեցնի մարտիմեկյան ոճրագործությանն առնչվող բոլոր հանցագործությունների‘ սպանությունների, հազարավոր քաղաքացիների նկատմամբ գործադրված բռնությունների եւ հալածանքների, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ՀՀ նախագահի թեկնածուի ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների սահմանափակումների, Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ ճնշումների, ընտրությունների կեղծման, կեղծ մեղադրանքներով դատավարությունների եւ այլ հանցագործությունների ամբողջական բացահայտմանը:

Համոզված ենք նաեւ, որ գործի համակողմանի քննության արդյունքում կարդարացվեն եւ կրած զրկանքների դիմաց փոխհատուցումներ կստանան անխտիր բոլոր քաղբանտարկյալները:

Հայ ժողովրդի եւ հայոց պետության պատմության այս զարհուրելի էջը փակելու նպատակով, Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է ամենայն օժանդակություն ցուցաբերել քննությանը եւ քննչական մարմիններին տրամադրել իր ձեռքի տակ առկա բոլոր փաստաթղթերը: Կոնգրեսը այս հարցերով իր ներկայացուցիչ է նշանակում Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին»:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 24 (502), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։