Հայաստանը՝ իրականությունից դուրս պետությու՞ն – Քաղաքագետներն ավելի իրավական ձեւակերպում են տալիս՝ փոքրամասնության կառավարումը հակասահմանադրական է… Քաղաքական մեծամասնությունը հրաժարական տվեց, բայց ցայսօր, քաղաքական փոքրամասնությունը որպես իշխանություն, ըստ էության եւ քանակական առումով նույն փոքրամասնությունն է եւ ամեն պահի կարող է երկրում անկայուն իրավիճակ առաջանալ եթե…

Հայաստանում պետա-իրավական եւ քաղաքական մի այնպիսի վիճակ է, որն իրականում աննորմալ է: Ժողովրդական հուզումը կարողացավ այնպիսի պայմաններ ստեղծել, որ խորհրդարանի քաղաքական փոքրամասնությունը եկավ իշխանության, քանի որ քաղաքական մեծամասնությունը հրաժարական տվեց: Բայց ցայսօր, քաղաքական փոքրամասնությունը որպես իշխանություն, անգամ նոր կադրերի նշանակումներով, որ հաստատ իրենը չեն, մնում է՝ նույն փոքրամասնությունը եւ ամեն պահի կարող է անկայուն իրավիճակ առաջանալ, եթե Ադրբեջանը պատերազմ հրահրի կամ ներքաղաքական լուրջ ընդվզում առաջ գա:

Քաղաքագետներն ավելի իրավական ձեւակերպում են տալիս՝ փոքրամասնության կառավարումը հակասահմանադրական է… Այսինքն՝ մեր պետությունը օրենքից դուրս է գործում, ինչը կարող է վտանգավոր դառնալ, ինչպես վերը նշեցինք՝ արտաքին կամ ներքին սրացումների ժամանակ:

«Սահմանադրություն գրողները, երեւի առաստաղին են նայել, այն, չի համապատասխանում մեր հանրային կյանքին, այն նույնպես պետք է փոփոխության ենթարկվի»,- ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Ըստ նրա՝ Հայաստանի սահմանադրությունը պահանջում է, որ քաղաքականությունը հիմնված լինի կուսակցությունների վրա, սակայն Հայաստանում կուսակցային համակարգը ձեւավորված չէ. «ժամանակին  ամենահզոր թվացյալ կուսակցությունը փլուզվում է»:  

Քաղաքագետի կարծիքով՝ հանրապետականը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ լուրջ փոփոխությունների կենթարկվի. «ՀՀԿ-ն բացարձակ այլ կուսակցություն կլինի, միգուցե այլ գաղափարախոսությամբ հանդես կգա»: Նրա խոսքով՝ սպասվող ընտրությունների արդյունքների մասին կանխատեսումներ անել հնարավոր չէ, քանի որ հայտնի չէ, թե երբ եւ ինչպես են անցկացվելու. «Մենք դեռ նոր ընտրական օրենսգիրք չունենք»:

Չի բացառվում, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր թիմ կձեւավորի ու կմասնակցի ընտրություններին: Հավանական է նաեւ հիմնադիր խորհրդարանի անդամների մասնակցությունը, ինչի մասին հայտարարել է ազատության մեջ հայտնված Ժիրայր Սեֆիլյանը: Հին ու նոր ուժերի ի հայտ գալը եւս չի բացառվում, կախված ընտրությունների կազմակերպման արդարության կարգավիճակից: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե «այս ուժին նաեւ մենք ենք բերել իշխանության» եւ «Ժառանգությունը» մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց դեռ չեն որոշել՝ որեւէ ուժի հետ դաշինք կկազմե՞ն, թե՞ ոչ: Այս ուժերը հիմնականում կընդդիմանան Նիկոլ Փաշինյանի թիմին, գումարած ԲՀԿ-ն, ով միայն Գագիկ Ծառուկյանին է տեսնում ապագա վարչապետ: Ինչպես նաեւ ՀԱԿ-ը, որտեղ Նիկոլ Փաշինյանն այլեւս տեղ չունի:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում հնարավոր է լքի նաեւ ՀՀԿ-ն, ինչից հետո չի բացառվում, որ նա կուսակցություն կստեղծի՝ ռուսական կապիտալով ու Ռուսաստանի քաղաքական աջակցությամբ: Չեն բացառում, որ ռուսական կողմը կփորձի հզոր թիմ հավաքել, այս կուսակցության ստեղծման գործին կկցվի նաեւ «Տաշիր Սամոն»՝ Սամվել Կարապետյանը, ում ներկայացուցիչները շարունակում են նոր կուսակցության ստեղծման շուրջ բանակցությունները տարբեր անհատների ու խմբավորումների հետ: Բայց ասում են՝ ՀՀԿ-ն ամեն գնով դիմակայում է նման կուսակցություն ստեղծելու փորձերին, որը նախկւնում էլ է եղել:

Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կարող է լուրջ դիմակայության հանդիպել ընտրություններում, ինչի համար էլ վարչապետը փորձում է մայրաքաղաքում եւ մարզերում իշխանության բերել իրեն հավատարիմ մարդկանց:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նորմալ է գնահատում այն փաստը, որ Կարեն Կարապետյանը կարող է նոր կուսակցություն ստեղծել. «Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում լինել ՀՀԿ-ում առաջին տեղակալ, թե չլինել: Ես հարգանքով եմ վերաբերում նրա որոշմանը»: Նա օրինակ է բերել Նիկոլ Փաշինյանին, ով ՀԱԿ-ի առաջին դեմքերից էր, բայց այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է գլխավորում, եղել է ԱԺ «Ելք» դաշինք խմբակցության ղեկավարը:

Այո, քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, հատկապես մեր երկրում դեռ չձեւավորված քաղաքական ասպարեզում:

Իսկ ՀՀԿ-ն չի վախենում, որ մենակ կմնա, «հաստատ մենակ չենք մնա, բայց եթե դա պետք լինի տվյալ ժամանակաշրջանում իմ կուսակցության համար, ապա որեւէ խնդիր չեմ տեսնում: Սթրեսի մեջ չեմ ընկել՝ ի տարբերություն շատ մարդկանց»:

Հետաքրքիր է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը եւս ցանկանում է նոր կուսակցություն հիմնել եւ այդ նպատակով որոշակի բանակցություններ է սկսել մի քանի գործարարների հետ: Նա մտադիր է իր կուսակցությունը ստեղծել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության բազայի վրա, որը տարիներ շարունակ գործել է իր հովանավորության ներքո:

Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին գուցե այլ երկրների կապիտալներ եւս հայտնվեն՝ ի հակակշիռ ռուսականի, ասենք՝ ամերիկյան եւ եվրոպական ուղղություններից: Մեր երկրի այսօրվա ամբոխավարական համակարգը նման վտանգավոր ծավալումների հնարավորություն տալիս է:

«Նախորդ տարիների համատեղ աշխատանքը կամուրջ է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացման համար, եւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու եզրակացությունները շատ կարեւոր են եղել ժողովրդավարության ձեւավորման գործում»,- Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին, նա ասել է. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ վարչապետի առաջարկած օրակարգով»։ Նա հայտնել է, որ օրեր առաջ ԱԺ-ում բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ՝ արտահայտելով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրանում ներգրավվելու իրենց պատրաստակամությունը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ արդեն ունենք ընտրությունների անցկացման լավ փորձ, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, գնահատվել որպես լավ կազմակերպված եւ որտեղ հիմնարար իրավունքներն ընդհանուր առմամբ պահպանված են եղել: «Սա ոչ թե իմ գնահատականն է, այլ նաեւ միջազգային դիտորդական առաքելության, ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ինը: Այսպիսով, սա պետք է լինի այն հիմքը, որի վրա անցկացվեն նոր ընտրությունները», – նշել է ԱԺ փոխխոսնակը:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը կարեւոր է համարել, որ ընտրությունները կազմակերպվեն իսկապես թափանցիկ եւ ներառական ձեւով:

Տեղեկություններ կան, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն հոկտեմբեր-նոյեմբերին: Միակ խոչընդոտը մնում է Ընտրական օրենսգրքի փոփոխության եւ նոր ընտրությունների անցկացման միջեւ առկա ժամկետային սահմանադրական սահմանափակումը: Սակայն այս հարցը կարգավորելու համար քայլեր են արվում: Ինչ վերաբերում է ընտրական փոփոխություններին, ապա հիմնականը, որի շուրջ շատ դժվար են համաձայնության գալու, եթե իհարկե գան, վարկանիշային ընտրակարգի վերացումն է, որին դեմ է միայն ՀՀԿ-ն:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովում ներգրավված են մի շարք հայտնի ու անհայտ հ/կ-ների ներկայացուցիչներ: Հանձնաժողովում է նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ում գործունեությունը նախորդ ընտրությունների ժամանակ եղել է թե՛ քաղաքացիական հասարակության եւ թե՛ ընդդիմության քննադատության թիրախում: Նա քննադատվել է նաեւ վերոնշյալ հ/կ ներկայացուցիչների, ինչպես նաեւ « Քաղաքացիական պայմանագրի» կողմից, որի ներկայացուցիչն այս դեպքում առաջին փոխվարչապետն է:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին երբ լրագրողները հարցրել են, թե այս պարագայում ինչպե՞ս է պատկերացնում համագործակցությունն ու աշխատանքը մյուսների հետ, ԿԸՀ նախագահը կարճել է. «Շատ նորմալ»: Հաշվի առնելով ընտրությունների նախկին փորձը, ԿԸՀ-ն կոնկրետ առաջարկներ անելո՞ւ է: Չի բացառվում.-հնչել է պատասխանը: Բայց ԿԸՀ նախագահն առայժմ չի ցանկացել բացել փակագծերը. «Աշխատանքային գործընթաց է»:

Վարչապետ Փաշինյանը կարծում է՝ ընտրությունները կլինեն այս տարի: Նա հավաստում է, որ հավատարիմ կմնա արտահերթ ընտրության օրակարգին, իսկ «արտահերթ խորհրդարանական ընտրությունների էֆեկտիվ ձեւեր թերեւս կգտնվեն»:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 24 (502), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։