Վարդավառյան Աստվածականչ – Հայ արիները նշում են Աստղիկ Աստվածուհու տոնը՝ Վարդավառը…

Հայ արիները հուլիսի 14-ին եւ 15-ին նշում են  Հայոց աստվածային համակարգի 8 աստվածներից մեկի՝ Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը:

Նախորդ տարի հայ արիները Վարդավառը նշեցին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, Արաքս գետի ափին: Եվ 5 թիվն էլ հենց այնպես չէր ընտրված: Մեր ուսումնասիրությունների համաձայն, 5-ը Հայոց Աստղիկ աստվածուհու ծածկագրային թիվն է:

Նախորդ տարվա բոլոր 5 խմբերը այս տարի Վարդավառը նշում են Սեւանի ափին՝ մեկտեղ:

Հուլիսի 14-ին առավոտյան ժամը 5:00-ին սրբազան գաղտնածես արվեց: Այն, եթե փորձենք մատչելի բացատրել, յուրօրինակ Աստվածականչ է՝ Աստղկականչ՝ ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման: Հենց այդ սերն է, որ մեզ ինքնաճանաչվելու եւ արարչական մեր  գենը մաքուր պահելու «պահանջ» է դնում:

Սրբազան ծեսից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները նավակով լճի խորքերը գնացին՝ դաղձի եւ ուրցի թրմաջուրը ջրերում շաղ տալու համար՝  ի փառս Հայոց սիրո Աստվածուհու եւ ի նշան հայոց աղջիկների՝ նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:  

Քրմերից մեկը, վիճակահանության սկզբունքով այս օրը պետք է ձուկ որսա՝ ծեսի մասնակիցներին կերակրելու համար: Բայց դա պետք է անի «մերկ ձեռքերով»: Ձուկը  կեփվի նռան օշարակում՝ ի նշան հայոց էներգետիկ հզորության ամբարման:

Քրմերն այս օրը ստանձնում են նաեւ մատռվակի պարտականությունը մինչեւ ուշ երեկո: Գիշերը կհնչեն Աստղիկ Աստվածուհուն ձոնված խաղիկները:

Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին արդեն կսկվի բուն վարդավառյան տոնը: Առավոտյան դարձյալ ժամը 5-ին ծես կարվի, բայց այս անգամ ծեսին մասնակից կլինեն ոչ միայն քրմերը: Վարդավառյան ծեսի մեկնարկը քրմերի հետ միասին կտա Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Այնուհետեւ կսկսվի փառաբանման ծեսը: Քրմերը Աստղիկ Աստվածուհուց կխնդրեն, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ: Այնպես ինչպես Հայոց ռազմի, զորության Աստված Վահագնի ուժն է նուրբ ու արդար պահում Աստղիկի սերը, եւ այդ սերն ինչպես է զորավոր ու արդար լինում Վահագնի զորությամբ պարուրված:

Փառաբանման ծեսին կհետեւի ջրախաղը:

Երեկոյան, հովն ընկնելուն պես, կսկսվի ծիսական ուտեստների համտեսումը: Հատապտուղներից պատրաստված օշարակն  ու փոխնդալյուրից պատրաստված անուշեղենն արդեն ավանդույթ են դարձել վարդավառյան սեղաններին: Նրանք, ովքեր քաղցրի սիրահար չեն, կվայելեն Մշո թանապուր՝ հորթի մսով, սոխով ու նեխուրով:

Ծիսական ուտեստները ճաշակելու ընթացքում ձոներ կհղվեն Աստղիկ Աստվածուհուն՝ հայերի սրտերը միշտ սիրո մեջ պահելու, սիրող զույգերին աջակցելու խնդրանքով:

Հայ արի քրմերը կփառաբանեն նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

Սեւան – 14.07.2018թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։