Աշխարհի մարզական հեւքից.- Լեգենդների հանդիպում Երեւանում. Հաղթեց Լատինական Ամերիկան՝ 5:2… Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի լեգենդների խաղը Երեւանում… Ֆրանսահայ Յուրի Ջորկաեֆը Երեւանում գոլ խփեց լեգենդների խաղում… Ֆուտբոլի աշխարհի առաջնություն – 2018.- 1/2 եզրափակչի խաղերը – աշխարհի առաջնության մրցանակակիրները… Ֆրանսիայի հավաքականը՝ 2018թ աշխարհի չեմպիոն, Խորվաթիան՝ արծաթե մեդալակիր… Բելգիան՝ բրոնզե մեդալակիր… Եզրափակիչ խաղին նախատեսվում է, որ ներկա կլինեն 14 երկրի ղեկավարներ… Նիգերիայի հավաքականի մարզիչը ֆուտբոլիստներին արգելել էր ռուս աղջիկների հետ քնել… «Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել.- Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ… ՀՖՖ-ն հանդես է եկել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությամբ… Հայ մրցավարները եւ տեսուչները կսպասարկեն եվրագավաթների եւ Մ-19 Եվրոպայի առաջնության հանդիպումները… Հայկական ակումբների մեկնարկը եվրագավաթներում – չհաջողված մեկնարկներ… Փյունիկ»-ի մարզաբազայում պայմաններն իդեալական չեն… «Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց մարզչական շտաբը… Կայացել է ՀՀ առաջնությունների եւ գավաթի խաղարկության վիճակահանությունը… Հայաստանի հավաքականի հարձակվողը չի մեկնել Ադրբեջան… ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւս հայտնվել է հրաժարական տալու կարգավիճակում… Ով կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին… «Շիրակ»-ը, ապա «Բանանց»-ը պնդում են, որ ՀՖՖ-ն խաթարում է ակումբների աշխատանքը… Հայաստանը կմասնակցի բասկետբոլի Եվրոպայի Մ-20 առաջնությանը… ՖԻԴԵ-ում մեկնաբանել են Կիրսան Իլյումժինովին հեռացնելու մասին որոշումը… Այլ մարզական լուրեր…

Մարզաշխարհի խաչմերուկներում

Լեգենդների հանդիպում Երեւանում. Հաղթեց Լատինական Ամերիկան՝ 5:2

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած համաշխարհային ֆուտբոլի լեգենդար վետերանների խաղում մրցեցին Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի խորհրդանշական հավաքականները: 5:2 հաշվով հաղթեց Լատինական Ամերիկան:

Գոլերը.

Եվրոպա. Լուիշ Ֆիգու, Յուրի Ջորկաեֆ:

Լատինական Ամերիկա. Գաբրիել Բատիստուտա, Խավիեր Սավիոլա, Դուեյն Դե Ռոսարիո (դուբլ), Բեբետո:

Նշենք, որ հանդիպման երկրորդ խաղակեսին տրիբունայից հետեւեց նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի լեգենդների խաղը Երեւանում

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի ֆուտբոլային լեգենդար վետերանների հանդիպումը:

Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:

Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Խրիստո Ստոիչկով, Կախա Քալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:

Հանդիպմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, այժմ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

Ֆիգուն, Կաֆուն եւ մյուս աստղերը՝ Երեւանի ֆան-գոտու հյուրեր

Երեւան ժամանած համաշխարհային ֆուտբոլի լեգենդար խաղացողները Ազատության հրապարակում բացված ֆան-գոտում ցուցադրել են իրենց վարպետությունը եւ ֆրիսթայլի դաս տվել ներկաներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին «Հանրապետական» ստադիոնում մրցելու են Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի վետերանների խորհրդանշական հավաքականները:

Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:  

Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Խրիստո Ստոիչկով, Կախա Քալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:

Հանդիպմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, այժմ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

Յուրի Ջորկաեֆը Երեւանում գոլ խփեց լեգենդների խաղում

Երեւանի նորաստեղծ «Երեւան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հովանավորչությամբ այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում անցկացվեց ֆուտբոլային յուրահատուկ հանդիպում. Եվրոպայի լեգենդների հավաքականը մրցեց Հարավային Ամերիկայի լեգենդների հավաքականի հետ:

Առաջին խաղակեսում անվանի ֆուտբոլիստները դեռեւս լավ չէին հասկանում իրար եւ 40 րոպեների ընթացքում ընդամենը մեկական գոլ փոխանակեցին: Նախ պորտուգալացի Ֆիգուն բացեց հաշիվը, ապա արգենտինացի Բատիստուտան հավասարեցրեց այն:

Ընդմիջումից հետո կողմերը համեմատաբար ակտիվացան եւ սկսեցին ավելի շատ գոլային պահեր ստեղծել: Սակայն դրանք ավելի լավ իրացրին ամերիկացի ֆուտբոլիստները, որոնք չորս անգամ գրավեցին Ֆիլիմոնովի պաշտպանած դարպասը: Երկու անգամ աչքի ընկավ Կանադայի բոլոր ժամանակների լավագույն խաղացող Դի Ռոզարիոն, իսկ մեկական անգամ արգենտինացի Սավիոլան ու բրազիլացի Բեբետոն: Եվրոպացիներից այդ խաղակեսում միակ պատասխան գոլը խփեց Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը:

Այդպիսով, Հարավային Ամերիկայի ֆուտբոլային լեգենդները, որոնց գլխավորում էր հանրահայտ բրազիլացի հարձակվող Ռոնալդոն, 5:2 հաշվով ջախջախեցին Պաոլո Մալդինիի կողմից ղեկավարվող Եվրոպայի լեգենդներին:

Նշենք, որ առաջին խաղակեսում Եվրոպայի հավաքականի դարպասը պաշտպանեց Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Երկրորդ խաղակեսում Յուրի Ջորկաեֆին փոխարինեց 63-ամյա Խորեն Հովհաննիսյանը, որն դարձավ այս հանդիպման ամենատարեց մասնակիցը:

Վարչապետը մտել էր ֆուբոլիստների հանդերձարան

Յուրի Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ։ Այս մասին վարչապետը գրել է իր ֆեյսբուքյան  էջում:

«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։ Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին»,- գրել է վարչապետը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության – 2018.- Առաջնության 1/2 եզրափակչի զույգերը

Ֆրանսիա-Բելգիա

Խորվաթիա-Անգլիա

Հուլիսի 14՝ 3-րդ տեղի համար խաղ, հուլիսի 15՝ եզրափակիչ:

Ֆրանսիան հաղթեց Բելգիային եւ առաջինը մտավ եզրափակիչ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիեսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Ֆրանսիայի հավաքականը նվազագույն 1:0 հաշվով հաղթեց Բելգիայի ազգային թիմին: Միակ գոլը 51-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկման ժամանակ խփեց ֆրանսիացիների պաշտպան Սամուել Ումտիտին:

Բելգիայի հավաքականը չնայած ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն ամբողջ խաղը ընթացքում մրցակցի դարպասին կատարեց ընդամենը 3 դիպուկ հարված, սակայն դրանք չհասան իրենց նպատակին:

Այդպիսով, Ֆրանսիայի հավաքականն առաջինը մտավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ կհանդիպի վաղը կայանալիք Խորվաթիա-Անգլիա հանդիպման հաղթողի հետ:

Խորվաթիան հաղթեց Անգլիային եւ մտավ եզրափակիչ

2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները: Կիսաեզրափակիչ փուլի երկրորդ խաղում խորվաթ ֆուտբոլիստները լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեցին Անգլիայի ընտրանուն: Վճռորոշ գոլը 109-րդ րոպեին խփեց Մարիո Մանջուկիչը: Մինչ այդ աչքի էին ընկել անգլիացի Կիրան Տրիպյերը (5-րդ րոպե) եւ խորվաթ Իվան Պերիշիչը (68-րդ րոպե):

Խորվաթիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ մտավ եզրափակիչ եւ կպայքարի ոսկե մեդալների համար: Ֆրանսիացիների համար սա կլինի երրորդ եզրափակիչը:

Խորվաթիա-Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին:

Բելգիան՝ բրոնզե մեդալակիր

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը։ Բելգիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Անգլիայի հավաքականին։ Չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու են Ֆրանսիան եւ Խորվաթիան։

Բելգիայի հավաքականը դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հանդիպման մեկնարկից 4 րոպե անց Շադլիի փոխանցումից հետո հաշիվը բացել է Թոմա Մենյեն: 2-րդ գոլը բելգիացիները հեղինակել են 82-րդ րոպեին, երբ Կևին դե Բրյույնեի հիանալի փոխանցումից հետո Էդեն Ազարը մեն-մենակ է մնացել անգլիացիների դարպասապահ Փիքֆորդի դեմ եւ գնդակն ուղարկել դարպասը:

Հանդիպման ընթացքում Անգլացի ֆուտբոլիստները փորձել են գոլի հեղինակ դառնալ, սակայն հիանալի է խաղացել Բելգիայի ընտրանու  դարպասապահ Տիբո Կուրտուան:

Բելգիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է ճանաչվում Աշխարհի առաջնության մրցանակակիր՝ բրոնզե մեդալակիր: Լավագույն արդյունքը եղել է 4-րդ տեղը՝  1986թ.:

Ֆրանսիայի հավաքականը՝ 2018թ աշխարհի չեմպիոն, Խորվաթիան՝ արծաթե մեդալակիր

Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչը դարձավ մրցաշարի իսկական զարդը։ Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները հենց սկզբից դիմեցին ակտիվ գործողությունների եւ փորձեցին արագ գոլ խփել։ Դա առաջինը հաջողվեց Ֆրանսիայի հավաքականին, սակայն նրան օգնության ձեռք մեկնեց Խորվաթիայի ընտրանու հարձակվող Մարիո Մանջուկիչը, որը պաշտպանվելիս ակամայից գրավեց սեփական դարպասը։

Խորվաթները նույնպես արագ գոլ խփեցին այս խաղում։ 28-րդ րոպեին տուգանային հարվածի խաղարկությունից հետո աչքի ընկավ Իվան Պերիշիչը։ Սակայն 10 րոպե անց ֆրանսիացիները 11մ հարվածի իրավունք ստացան, որը վստահ իրացրեց Անտուան Գրիզմանը։

2-րդ խաղակեսում Խորվաթիայի ընտրանին էլ ավելի մեծ ուժերով սկսեց գրոհել, սակայն դրանից ավելի շատ օգտվեց Ֆրանսիայի ընտրանին, որը երկու սուր հակագրոհների հաշվին եւս 2 գոլ խփեց։ Աչքի ընկան Պոլ Պոգբան ու Կիլիան Մբապեն։ Խորվաթների հարձակվող Մարիո Մանջուկիչը 69-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։ Մնացած ժամանակում նրանք շարունակում էին անընդհատ գրոհել, սակայն այդպես էլ չկարողացան նոր հաջողության հասնել։

Այդպիսով, Ֆրանսիայի հավաքականը պահպանեց 4։2 հաղթական հաշիվը եւ իր պատմության մեջ 2-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։  Խորվաթիայի ընտրանին իր կարճատեւ պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստը, դարպասապահը, ռմբարկուն եւ երիտասարդ ֆուտբոլիստը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացավ  Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Այդ մասին հայտարարվեց  ԱԱ-2018-ի եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա (4:2) հանդիպումից հետո կայացած առաջնության լավագույնների պարգևատրման արարողության ժամանակ։

«Արծաթե գնդակ»-ը հանձնվեց Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարին, «Բրոնզե գնդակը»՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին:

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, 19-ամյա Կիլիան Մբապեն։

ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկուն դարձավ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը՝ առաջնության ժամանակ իր խփած  6 գոլով։

Մունդիալի լավագույն դարպասապահ դարձավ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան:

Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականը պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի  չեմպիոն։ Առաջին անգամ չեմպիոնի տիտղոսը Ֆրանսիայի հավաքականը նվաճել է 1998թ-ին:

Մոսկվայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին նախատեսվում է, որ ներկա կլինեն 14 երկրի ղեկավարներ

«Նախատեսվում է, որ ներկա կլինեն Աբխազիայի, Հայաստանի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Բելառուսի, Հունգարիայի, Սուդանի, Գաբոնի, Մոլդովայի, Պաղեստինի, Հարավային Օսիայի նախագահները, Քաթարի Էմիրը, Ղրղզստանի, Սան Տոմե եւ Պրինսիպի դեմոկրատական հանրապետության վարչապետները»,- ասված է Կրեմլի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Ֆուբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը եւ կդիտի եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա խաղը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին: Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:

- Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին:  Հիշեցնենք, որ բացման գալա-համերգին ներկա էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիգերիայի հավաքականի մարզիչը ֆուտբոլիստներին արգելել է ռուս աղջիկների հետ քնել

Նիգերիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գերնոտ Ռորը հավաքականին արգելել է աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ ռուս աղջիկների հետ սեքսով զբաղվել, գրում է «Լենտա.ռու»-ն։

Նա հավելել է, որ խնդիր չի տեսնում այն բանում, եթե մարզիկների կանայք խաղից հետո կամ մարզումներ չնշանակված օրերին այցելեն նրանց։ «Ես թույլ չեմ տա ֆուտբոլիստնեևրին ռուս աղջիկների հրավիրել։ Ոչ, ոչ, ոչ։ Արգելքը չի վերաբերում միայն կապիտան Միքելին, ում ընկերուհին Ռուսաստանից է»,- նշել է Ռորը։

Ապրիլին անվտանգության և հետախուզության  բրիտանացի փորձագետ Էնթոնի Գլիսը կանխատեսել էր, որ Անգլիայի հավաքական կարող են գայթակղեցնող աղջիկների ուղարկել։ Նրա կարծիքով, Կրեմլը կարող է աղջիկներին օգտագործել՝ խանգարելու անգլիացիներին հաղթել։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի ՌԴ 11 քաղաքներում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը։

«Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել. Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Լոնդոնի «Արսենալ»-ն առաջին ընկերական խաղն է անցկացրել: Լոնդոնցիները հանդիպել են «Բորհեմ Վուդ»-ին և 8:0 հաշվով հաղթանակ տարել:

Հայաստանի  ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել ընդիմիջումից անմիջապես հետո եւ 79-րդ րոպեին հեղինակել իր թիմի 8-րդ գոլը:

Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Մեկական անգամ աչքի են ընկել Ռայս Նելսոնը, Ալեքսանդր Լակազետը, Էդվարդ Նկետիան ու Ջեֆֆ Ռեյնեն:

Սա Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալ»-ի առաջին հանդիպումն էր:

ՀՖՖ-ն հանդես է եկել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությամբ

Վերջին ժամանակահատվածում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու վերաբերյալ հանրային տարբեր միջոցներով հաճախ քննարկվող եւ բարձրաձայնվող կարծիքների կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նպատակով անհրաժեշտ քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում ակումբների մեծամասնությունը մշտապես  դեմ է եղել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին՝ ՀՖՖ-ն դիմել է Հայաստանի Բարձրագույն խմբի եւ Առաջին խմբի առաջնություններին մասնակցության հայտ ներկայացրած ակումբներին վերջիններիս դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ պարզելու նպատակով: Ակումբները մինչեւ 2018թ. հուլիսի 11-ը պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ արդյոք համաձայն են, թե ոչ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, պրոֆեսիոնալ լիգա ստեղծվելու պարագայում, կօժանդակի մասնակից ակումբներին իրավական եւ կանոնակարգային նորմերի ձեւավորման հարցում, ինչպես նաեւ յուրաքանչյուր մրցաշրջանի համար 100,000,000 ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի՝ հաշվի առնելով նորաստեղծ պրոֆեսիոնալ լիգայի շրջանակներում անցկացվելիք առաջնությունների կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների կարևորությունը եւ հնարավոր ծախսերի առկայությունը:

Ակումբների կողմից հնարավոր դրական արձագանքի եւ համապատասխան դիրքորոշման առկայության դեպքում կստեղծվի աշխատանքային խումբ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով:

Հայ մրցավարները եւ տեսուչները կսպասարկեն եվրագավաթների եւ Մ-19 Եվրոպայի առաջնության հանդիպումները

Հայ մրցավարները եւ տեսուչները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի գալիք հանդիպումները: Հունիսի 10-ի Չեմպիոնների Լիգայի առաջին որակավորման փուլի «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)-«Վիդեոտոն» (Հունգարիա) առաջին հանդիպումը սպասարկելու է Զավեն Հովհաննիսյանը: Մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանը եւ Ատոմ Սեւգուլյանը: Չորրորդ պաշտոնյան է Սուրեն Բալիյանը:

Հայաստանի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի հուլիսի 19-ին կայանալիք «Գզիրա» (Մալթա)-«Ռադնիչկի» (Սերբիա) Եվրոպա Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումը: Բալիյանին օգնելու են Էրիկ Արևշատյանը եւ Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կատարելու է Արտակ Սիմոնյանը:

Հուլիսի 17-ին Չեմպիոնների Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում ֆիննական ՀԻԿ-ն ընդունելու է Ֆարերյան կղզիների ներկայացուցիչ «Վիկինգուր»-ին: Այդ հանդիպման տեսուչը կլինի Գեւորգ Հովհաննիսյանը:

Հուլիսի 16-ից 29-ը Ֆինլանդիայում կայանալու է Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարը: Մրցաշարի տեսուչներից մեկը լինելու է ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը:

Հայկական ակումբների մեկնարկը եվրագավաթներում 

Հայկական ակումբները սկսում են պայքարը եվրագավաթներում:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը հուլիսի 10-ին «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ի հետ: Հուլիսի 11-ին «Բանանց»-ը Երեւանում կհյուրընկալի Բոսնիան եւ Հերցեգովինան ներկայացնող «Սարաևո»-ին: Այդ հանդիպումը կկայանա Երեւանի ժամանակով 17:30-ին: «Փյունիկ»-ը մակեդոնական «Վարդար»-ի հետ կխաղա հուլիսի 12-ին:

«Ալաշկերտ»-ը պարտվեց «Սելթիկ»-ին 3:0 հաշվով

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ին:

եկնարկում «Սելթիկ»-ի ֆուտբոլիստների գրոհներն ավելի սուր էին եւ վտանգավոր: Բայց քիչ-քիչ Հայաստանի չեմպիոնը՝ «Ալաշկերտ»-ը փորձում էր արագ հակագրոհել եւ անհանգստացնել «Սելթիկ»-ի դարպասապահին: Սակայն խաղակեսի ավելացված րոպեին, «Ալաշկերտ»-ն այնուամենայնիվ, գնդակ ընդունեց իր դարպասը: «Սելթիկ»-ից գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Օդսոնը: Երկրորդ կեսում եւս հիմնականում գրոհում էր շոտլանդական թիմը, իսկ «Ալաշկերտ»-ը փորձում էր հակագրոհների միջոցով ինչ-որ բան փոխել խաղում: Հանդիպման 80-րդ րոպեին շոտլանդական թիմը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ջեյմս Ֆորեստը՝ թիմի ավագը: Երբ հանդիպման ավարտին մնացել էր մի քանի րոպե շոտլանդական թիմը խփեց նաև երրորդ գնդակը: 90-րդ րոպեի շեշտակի հարվածով աչքի ընկավ Կալում Մակգրեգորը: «Ալաշկերտ»-«Սելթիկ» 0:3:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին արդեն Շոտլանդիայում:

Բանանց»-ը չդիմացավ «Սարաեւո»-ի մեկնարկային ճնշմանն ու երեւանյան շոգին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում այսօր Երեւանի «Բանանց»-ը սեփական դաշտում հյուրընկալեց բոսնիական «Սարաեւո»-ին: Հանդիպումն անցավ անչափ շոգ եւ տոթ եղանակային պայմաններում: Հաշվի առնելով դա, բոսնիացի ֆուտբոլիստները շատ ակտիվ սկսեցին խաղը եւ հենց սկզբից ուժեղ ճնշում գործադրին «Բանանց»-ի դարպասի վրա: Այդ մարտավարությունն արդարացրեց իրեն եւ հյուրերն արդեն 21-րդ րոպեին արդեն 2:0 հաշվով առջեւում էին:

«Բանանց»-ը 34-րդ րոպեին թեեւ տուգանային հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց, քանի որ շոգ եղանակը թույլ չէր տալիս գործել բարձր տեմպով, ինչը, բնականաբար, ձեռնտու էր բոսնիացիներին:

Արդյունքում, մեր թիմը սեփական դաշտում 1:2 հաշվով պարտություն կրեց եւ նվազեցրեց հաջորդ փուլ մտնելու հնարավորությունը: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին, Սարաեւոյում:

«Գանձասար-Կապան»-ը պարտվեց Եվրոպայի լիգայի առաջին խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում Հայաստանի գավաթակիր Կապանի «Գանձասար-Կապան»-ը Լեհաստանում հանդիպեց Պոզնանի «Լեխ»-ի հետ: Դաշտի տերերը առաջին 15 րոպեներին խփած երկու գոլերի հաշվին վստահ հաղթանակ տարան՝ 2:0:

Նախ 10-րդ րոպեին դանիացի Քրիստիան Գիտկյաերը շրջադարձ հարվածով գեղեցիկ գոլ խփեց, իսկ 5 րոպե անց նա արդեն 11մ հարվածով կրկնապատկեց հաշիվը:

Թիմերի պատասխան խաղը կայանալու է հուլիսի 19-ին, Երեւանում: Հաջորդ փուլ մտնելու համար մեր թիմը պետք է նվազագույնը նույն հաշվով հաղթանակ տանի, որպեսզի 11մ հարվածաշարի իրավունք նվաճի:

- Անդրեյ Տալալաեւի գլխավորությամբ «Փյունիկ»-ը հաղթանակով սկսեց Եվրոլիգայի առաջին խղը՝ 1:0 հաշվով հաղթեց մակեդոնական «Վարդար»-ին: Այսպես առաջին քայլը կատարեց 2-րդ փուլ մտնելու ճանապարհին: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:

«Փյունիկ»-ի մարզաբազայում պայմաններն իդեալական չեն»

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում կայացած «Փյունիկ»- «Վարդար» խաղից հետո փյունիկցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւն մամուլի ասուլիսին ասաց, որը թիմը մարզումներն անցկացնում է «Բանանց»-ի մարզաբազայում: Իսկ թե ինչու թիմը չի պարապում իր իսկ մարզաբազայում, ռուսաստանցի մասնագետն ասաց. «Փյունիկ»-ի մարզադպրոցում ընդամենը մեկ լիարժեք խաղադաշտ կա, սակայն այն շատ չոր է, քանի որ չկա ոռոգման ավտոմատ համակարգ: Ուստի, մարզումային պայմաններն այնքան էլ լավը չեն: Իսկ ֆուտբոլիստներին լավ պատրաստելու համար հարկավոր են բարձր որակի խաղադաշտեր, իդեալական պայմաններ: Այդ իսկ պատճառով «Բանանց» ակումբի ղեկավարությանը խնդրել ենք թույլ տալ մեր մարզումներն անցկացնել իրենց բազայում, որտեղ ամեն ինչ իդեալական է»:

«Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց մարզչական շտաբը

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիա» թիմը ներկայումս ուսումնամարզումային հավաք է անցկացնում Կիսլովոդսկում:

Ինչպես նշում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի գլխավոր մարզիչն է Անդրանիկ Բաբայանը, որը մարզչական կարիերան սկսել է 2008 թվականից եւ երկար տարիներ աշխատել է Աստրախանի «Վոլգար-Գազպրոմ» թիմում:

Նրա օգնելու են Պաատա Բերիշվիլին, Ռազմիկ Գրիգորյանը: Դարպասապահների մարզիչն է Անդրեյ Կովալենկոն: Ակումբի գլխավոր տնօրենն է նախկինում հայտնի ֆուտբոլիստ Պողոս Գալստյանը:

«Արարատ-Արմենիան» ռուսաստանյան հավաքը կավարտի հուլիսի 20-ին, որից հետո կվերադառնա Երեւան: Թիմը Հայաստանի առաջնության եւ գավաթի խաղարկության տնային հանդիպումներն անցկացնելու է Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում:

Կայացել է ՀՀ առաջնությունների եւ գավաթի խաղարկության վիճակահանությունը

Հուլիսի 14-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է 2018-2019 մրցաշրջանի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի խաղացանկերի, ինչպես նաեւ Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքում Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի մասնակից թիմերը ստացան համարներ, որոնց հիման վրա կազմվելու են առաջնությունների խաղացանկերը:

Հայաստանի Գավաթի խաղարկությանը մասնակցելու է 12 թիմ:

Բարձրագույն խումբ

1.Արցախ

2.Բանանց

3.Լոռի ՖԱ

4.Արարատ

5.Փյունիկ

6.Գանձասար-Կապան

7.Ալաշկերտ

8.Արարատ-Արմենիա

Առաջին խումբ

1.Գանձասար-Կապան-2

2.Լոկոմոտիվ

3.Բանանց-3

4.Շիրակ-2

5.Ալաշկերտ-2

6.Արարատ-Արմենիա-2

7.Էրեբունի

8.Բանանց-2

9.Յունիոր-Սևան

10.Երեւան

11.Փյունիկ-2

12.Արարատ-2

Հայաստանի հավաքականի հարձակվողը չի մեկնել Ադրբեջան

Լյուքսեմբուրգի «Պրոգրես» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Թոմաս Ժիլժեմանը պարզաբանել է, թե ինչու Եվրոպայի լիգայի «Գաբալա»-ի հետ խաղին չեն վերցրել թիմի լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կարապետյանին: Հանդիպումը պետք է կայանա այսօր, Ադրբեջանի համանուն քաղաքում:

«Սա նրբին թեմա է: Մենք տանն ենք թողել մեր լավագույն ռմբարկուին: Նա անցած մրցաշրջանում դարձել է 29 գոլի հեղինակ: Մենք այդպես վարվեցինք՝ հարգելով «Արդար խաղի» կանոնները, որպեսզի ակումբներն որեւէ խնդիր չունենան իրար հետ»,- ասել է լյուքսեմբուրգյան ակումբի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականում նախկինում անցկացրել է 2 հանդիպում, սակայն վերջին ժամանակներին չի հրավիրվում թիմ:

Ի դեպ, Ադրբեջանը մեկ օր առաջ մուտքի վիզա չէր տրամադրել հունգարական «Ույպեշտ» թիմի 2 խաղացողների, որոնք ժամանել էին Բաքու, Եվրոպայի լիգայի հանդիպմանը մասնակցելու համար: Այդ ֆուտբոլիստները ստիպված վերադարձել են Բուդապեշտ:

Ռուբեն Հայրապետյանը հայտնվել է նոկդաունում

ԶԼՄ-ները արձանագրեցին, թե հայկական ֆուտբոլում նախօրեին տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն, որը ըստ էության նոկաուտի մեջ է գցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի համակարգին: «Բանանց» եւ «Փյունիկ» ակումբները հրաժարվել են իրենց ֆուտբոլիստներին տրամադրել Հայաստանի 17 եւ 19 տարեկանների հավաքականներին:

Այս կապակցությամբ ՀՖՖ-ն հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Ինչպես հայտնի է, 2019թ. հուլիսին Հայաստանը հյուրընկալելու է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը: Այդ կարեւոր եւ պատասխանատու մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վ. Մինասյանի և դեռևս փետրվարին այդ նպատակով Հայաստան հրավիրված արգենտինացի մարզչական խմբի կողմից կազմվել էր Մ-19 եւ Մ-17 Ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքների եւ միջազգային ընկերական խաղերի երկարաժամկետ նախապատրաստական ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում մեր հավաքականները սկսած ս/թ մարտ ամսից արդեն հասցրել են կազմակերպել 5 ուսումնամարզական հավաքներ եւ անցկացնել 12 միջազգային ընկերական հանդիպումներ: Հերթական ուսումնամարզական հավաքին թույլատրելու ՀՖՖ նամակին ի պատասխան՝ «Փյունիկ» եւ «Բանանց» ակումբները հրաժարվել են հավաքականներ գործուղել իրենց ընդհանուր թվով 29 ֆուտբոլիստներին՝ հուլիսի 6-ին ուշ երեկոյան ուղարկելով բավական անսովոր համատեղ գրություն: Հետեւաբար և հաշվի առնելով, որ նման գործելաոճի արդյունքում գլխավորապես տուժում են Հայաստանի ազգային հավաքականները՝ հնարավոր ձախողումների ողջ պատասխանատվությունն ընկնում է նշված ակումբների՝ այդ որոշումը կայացրած պատասխանատուների վրա»:

Բնական է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների այս որոշումը ցանկանում է ներկայացնել որպես դավաճանություն: Նման հայտարարություն տարածելով՝ ՀՖՖ-ին թվում է, որ երկրպագուները կամ մամուլը պետք է նախատեն «Փյունիկ»-ին եւ «Բանանց»-ին նման որոշում կայացնելու համար: Նշենք, որ պատանեկան հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստների մոտ 90 տոկոսը հենց «Փյունիկ»-ի եւ «Բանանց»-ի ներկայացուցիչներ են:

Այո, զրկվելով առաջատար ֆուտբոլիստներից՝ հավաքականները կտուժեն եւ ամենայն հավանականությամբ կձախողվեն: Ընդունենք, սակայն, որ Հայրապետյանի ջանքերով ձախողումներն ու խայտառակ պարտություններն այնքան շատ են եղել, որ սպասվող անհաջողություններին մի կերպ կդիմանանք:

Ակնհայտ է, սակայն, որ այդ ձախողումներին կհաջորդի վերելքի փուլը

Ռուբեն Հայրապետյանի հեռանալուց հետո հայկական ֆուտբոլը կսկսի շնչել, կրկին արձանագրել են ԶԼՄ-ները: Նշվել է, որ առկա իրավիճակում թիմերը ֆունդամենտալ քայլ են կատարել հայկական ֆուտբոլը ազատագրելու գործընթացում եւ, որ արդեն իսկ շատերն են հասկացել, որ ուղղակի ամոթ է ելույթ ունենալ Հայրապետյան Ռուբենի կազմակերպած մրցաշարում ու ընդհանրապես ֆուտբոլի ասպարեզում առնչություն ունենալ այս անձի հետ: Շատ թիմեր Ռուբեն Հայրապետյանի ջանքերով ուղղակի վերացել են կամ մի կերպ գոյությունն են պահպանում: Այսօր կա նրանից ձերբազատվելու միայն մեկ ճանապարհ, որը տոտալ բոյկոտն է: Վերոնշյալ ակումբների օրինակին պետք է հետեւեն նաեւ հայկական մյուս թիմերը եւ ֆուտբոլիստներ չտրամադրեն բոլոր հավաքականներին:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կորիզը կազմում են լեգեոներները: Հետեւաբար ֆուտբոլիստներն իրենց հերթին պետք է ուղղակի հրաժարվեն հանդես գալ մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականում: Վերջինս վաղուց արդեն Հայրապետյանի ձեռքի գործիքն է դարձել: Հավաքական, որի կազմը տարիներ շարունակ որոշել է Ռուբեն Հայրապետյանը:

Նշվել է, որ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ 5-6 թիմեր մտադիր են մերժել Հայաստանի Բարձրագույն խմբի մեկնարկելիք առաջնությունը և ստեղծել այլընտրանքային լիգա: Այսօր Բարձրագույն խմբում կան թերեւս երկու ակումբներ, որոնք կանգնած են Հայրապետյանի կողքին: Խոսքը «Լոռի»-ի մասին է, որը պատկանում է Թովմաս Գրիգորյանին, եւ «Արարատ Արմենիա»-ի, որի սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է: Թե՛ Գրիգորյանը եւ թե՛ Կարապետյանը լավ հաբարերությունների մեջ են Հայրապետյան Ռուբենի հետ, ուստի այս ակումբներից դրական քայլեր ակնկալել ուղղակի չի կարելի:

Փաստորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական ֆուտբոլի վերաբերյալ հայտարարությունից հետո ակումբներն անցան գործի ու հաստատուն քայլեր են կատարում Հայրապետյանի ռեժիմից փրկվելու ուղղությամբ: Այժմ հերթը ՀՀ կառավարությանն է, որը պարտավոր է քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար: Իսկ իրավիճակը կշտկվի միայն այն դեպքում, երբ Հայրապետյանը եւ նրա աշխատակազմն անհապաղ հրաժարական տան:

Կարծիք է ձեւավորվում, որ Հայաստանի գալիք առաջնությունը պետք է տեղի ունենա նորմալ պայմաններում, առանց Ռուբեն Հայրապետյանի: Հայաստանի ազգային հավաքականը ևս պետք է Ազգերի լիգայում պայքարը սկսի առանց նեգատիվ երեւույթների, որոնք տարիներ շարունակ արատավորել են մեր գլխավոր թիմը:

Ով կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին

Այս օրերին համառ լուրեր էին շրջում, որ արդեն իսկ փաստացի որոշված է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը: Չնայած նա անընդհատ ողջ ուժով փորձում էր դիմադրել նման հեռանկարին, սակայն, ըստ էության, այլեւս անհնար է դիմադրել: Ավելին, մեր աղբյուրը շեշտում էր, որ հրաժարականը կայացած փաստ է, ձգձգվում է միայն պաշտոնական հայտարարությունը, որը կարող է լինել ամեն վայրկյան (մեր աղբյուրները չէին բացառում, որ դա լինի նույնիսկ թերթի՝ տպագրության իջնելուց հետո, իսկ եթե ոչ, ապա մոտ օրերին): Սակայն շատ ավելի ուշագրավ էր Ռուբեն Հայրապետյանի փոխարեն ֆեդերացիայի նախագահի թեկնածուի անունը, որն օրվա ընթացքում ակտիվորեն սկսեց շրջանառվել: Խոսքը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին է, ով, ի դեպ, ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լեգենդների՝ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Լրատվամիջոցները զրուցեցին ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի հետ: Հարցին` լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե` ոչ, Գալստյանը պատասխանեց. «Եթե լուրեր կան, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տալու, գուցե իրե՞ն դիմեք»:

Ճշտող հարցին, այսինքն` ոչ հերքում, ոչ հաստատո՞ւմ եք տեղեկատվությունը, որ կարող է ԱԱԾ տնօրենը դառնալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ խոսնակն ասաց. «Ես տեղեկատվություն չունեմ, որ ձեզ փոխանցեմ»:

«Բանանց» ՖԱ հայտարարությունը. ՀՖՖ-ն խաթարում է ակումբների աշխատանքը

«Բանանց» ֆուտբոլային ակումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով եւ պատասխանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակումբին ներկայացրած մեղադրանքին:

Հունիսի 28-ին ՀՖՖ-ն «Բանանց» ֆուտբոլային ակումբին խնդրել էր՝ ակումբի ֆուտբոլիստներին շատ երկար ժամկետով թույլ տալ միանալ պատանեկան հավաքականներին.

Մասնավորապես՝

Մ17 հավաքական – 2002թ.

2018թ. Հուլիսի 9-ից մինչ Օգոստոսի 5-ը`ամենօրյա մարզումներ հավաքականի հետ

2018թ. Օգոստոսի 6-ից սկսած մինչ Հոկտեմբերի 26-ը` յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին մարզումներ հավաքականի հետ

Մ19 հավաքական – 2000թ.

2018թ. Հուլիսի 9-ից մինչ Օգոստոսի 5-ը` ամենօրյա մարզումներ հավաքականի հետ

2018թ. Օգոստոսի 6-ից սկսած մինչ 2019թ. Հուլիս ամիսը` յուրաքանչյուր չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ  օրերին մարզումներ հավաքականի հետ:

Հուլիսի 4-ին և 7-ին ՀՖՖ-ից ստացված գրություններից պարզ դարձավ, որ խոսքը գնում է մինչև 19 տարեկանների հավաքականի 13 եւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի 8 ֆուտբոլիստի մասին:

«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, գլխավոր մարզիչն ու ակումբի ակադեմիայի տնօրենը որոշում են կայացրել ֆուտբոլիստներին բաց չթողնել նման աբսուրդային ժամկետով:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը, հանդիսանալով հավաքականների համար բազային ակումբ, 15 տարուց ավելի, միշտ անվերապահորեն գործուղել է իր ֆուտբոլիստներին հավաքականներ և մտադիր է այդպես անել նաեւ հետագայում:

Մենք լավ ենք գիտակցում պատանեկան հավաքականների կարևորությունը հայկական ֆուտբոլի համար, սակայն պետք է ՀՖՖ-ին հիշեցնենք, որ  ամբողջ աշխարհում ֆուտբոլիստները պատրաստվում են ակումբներում, իսկ “հավաքական” բառն էլ ենթադրում է, որ լավագույնները պետք է ընտրվեն հավաքականի համար: Հավաքականներին միանալու  համար կան միջազգայնորեն հստակ սահմանված  ժամկետներ:

ՀՖՖ ներկայացրած ժամկետներից ստացվում է, որ մեր ակումբի 21 ֆուտբոլիստներ պետք է մոտ մեկ ամիս ամենօրյա մարզումներ անցկացնեն հավաքականում եւ չմարզվեն իրենց ակումբում: Նաև նրանք հետագայում նույնպես երկար ժամանակահատվածում պետք է շաբաթվա 7 օրերից 3-ը անցկացնեն հավաքականում:

ՀՖՖ-ին ուղղված մեր նամակում մենք խնդրել էինք պարզաբանել, թե որ նորմերի համաձայն պետք է նման ժամկետներով տրամադրենք ֆուտբոլիստներին հավաքականներին: Պատասխան մեր հարցմանը չի ստացվել:

Նման ժամկետները ձախողում են ակումբի բնականոն աշխատանքը, քանի որ հնարավոր չէ մարզումային գործընթաց կազմակերպել մեկ թիմի 13 ֆուտբոլիստի բացակայության պարագայում: Շատ կարևոր է նաև այն, որ երկար ժամկետում շաբաթական երեք օր  հավաքականում մարզվելու դեպքում պատանի ֆուտբոլիստները չեն կարող հասկանալ, թե որ ակումբում են դաստիարակվում:

Ամբողջ աշխարհում ֆուտբոլիստները պատրաստվում են ակումբներում և լավագույնները սահմանված կարճ ժամկետներում գնում են հավաքականներ եւ վերադառնում են ակումբ: Բայց միայն մեր ֆեդերացիան է հանդես եկել այսպիսի նորարարությամբ եւ փորձում է ինքը ֆուտբոլիստներ պատրաստել՝ խաթարելով ակումբների աշխատանքը:

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ խոսքը սովորական հերթական հավաքի մասին չէ, ինչպես ներկայացված է ՀՖՖ հայտարարության մեջ, այլ երկարաժամկետ, ակումբի գործունեությունը խաթարող ժամկետի մասին է:

ՀՖՖ-ն իր հայտարարության մեջ պատանեկան հավաքականների հավանական ձախողման պատասխանատվությունը դնում է ակումբների վրա: Մենք հուսով ենք, որ հավաքականները հաջող ելույթներ կունենան, չնայած նրան որ նախկինում ֆուտբոլիստներին տրամադրել ենք հավաքականներին ՀՖՖ ցանկացած ժամկետներով, սակայն դրական արդյունքներ չեն եղել:

Եթե ՀՖՖ-ն խուսափում է պատասխանատվությունից եւ իր անհաջողությունների մեղքը ցանկանում է դնել ուրիշների վրա, ապա պետք է մտածել ՀՖՖ աշխատակիցների որակավորման մասին:

Ցանկանում ենք պնդել, որ նման ծրագրեր կազմելիս, ՀՖՖ-ն չգործի միայնակ, որոշումներ չպարտադրի ակումբներին, այլ աշխատի ակումբների հետ համատեղ՝ հաշվի առնելով երկրի շահերը:

Հայաստանը կմասնակցի բասկետբոլի Եվրոպայի Մ-20 առաջնությանը

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական (մինչեւ 20 տարեկանների) հավաքականը Սոֆիայում կամսանկցի բասկետբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության B դիվիզիոնի մրցաշարին:

Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, մեր թիմն ընդգրկվել է

C ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Հոլանդիայի, Ռուսաստանի եւ Չեխիայի ընտրանիները:

Առաջնության մեկնարկային խաղում մերոնք հնադիպեն լյուքսեմբուրգցիների հետ: Խաղը տեղի կունենա այսօր, Երեւանի ժամանակով 14:45-ին:

Հայաստանի երիտասարդական հավաքականի մնացած հանդիպումների խաղացանկն այսպիսին է.

14 հուլիսի Հայաստան – Չեխիա ժամը` 20:30

15 հուլիսի Հայաստան – Ռուսաստան ժամը` 17:00

17 հուլիսի Հայաստան – Հոլանդիա ժամը` 20:30

18 հուլիսի Հայաստան – Հունգարիա ժամը` 17:00

Ինչպես հայտնում է ՀԲՖ լրատվական ծառայությունը, Մ20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը թիմ է հրավիրել 12 բասկետբոլիստ

  1. Ջասթին Կույումջյան – Լոս Անջելես (ԱՄՆ)
  2. Շանթ Արսլանյան – Լոս Անջելես (ԱՄՆ)
  3. Ալեքս Իսկենդերյան – Լոս Անջելես (ԱՄՆ)
  4. Գաբրիել Աճեմյան – Լոս Անջելես (ԱՄՆ)
  5. Անդրե Զոհրաբյան -Լոս Անջելես (ԱՄՆ)
  6. Զաքարի Թավիթյան – Միլֆորդ (ԱՄՆ)
  7. Գեորգի Պոդկոլզին – Մոսկվա (Ռուսաստան)
  8. Արտյոմ Փեչենջյան – Դոնի Ռոստով (Ռուսաստան)
  9. Արման Դանիելյան – Երեւան
  10. Դավիթ Խաչատրյան – Երեւան
  11. Դավիթ Միքայելյան – Արցախ
  12. Արամ Մկրտչյան – Արցախ

Կիրսան Իլյումժինովը հեռացվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից

Շախմատի միջազգային ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովը նախագահ Կիրսան Իլյումժինովին հեռացրել է այդ պաշտոնից: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը: ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովին Կիրսան Իլյումժինովի դեմ բողոք է ներկայացրել ֆեդերացիայի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը: Հանձնաժողովն որոշել է, որ 2017թ մարտից մինչեւ 2018թ ապրիլն ընկած ժամանակահատվածում նախագահը խախտել է ֆեդերացիայի էթիկայի կանոնները: ՖԻԴԵ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ «Իլյումժինովը փորձել է վարկաբեկել ֆեդերացիայի նախագահների խորհրդի անդամներին, չի ցանկացել հրաժարական տալ ֆեդերացիայի բանկային հաշվի սառեցումից հետո: Նա, այդպիսով, չարաշահել է իր պաշտոնական դիրքը՝ անձնական շահերը գերադասելով ֆեդերացիայի շահերից»:

Ըստ ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովի կանոնադրության Կիրսան Իլյումժինովը 18 ամսով հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից:

ՖԻԴԵ-ում մեկնաբանել են Իլյումժինովին հեռացնելու մասին որոշումը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ներկայացուցիչները մեկնաբանել են Կիրսան Իլյումժինովին կազմակերպության նախագահի պաշտոնից հեռացնելու մասին որոշումը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։

«Այդ որոշումը որեւէ կերպ կապված չէ քաղաքականության հետ։ ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովը անկախ մարմին է, նրան ընտրում է գլխավոր ասամբլեան»,- ասել են կազմակերպության ներկայացուցիչները։

Նշենք, որ Իլյումժինովը ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1995թ.-ից։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 25 (503), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։