ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին.- Նժդեհին պետք է գեներալիսսիմուսի կոչում տալ – Եվ հօդս ցնդեցին թյուրք ցեղախտիրների՝ պանթուրքական մեգապետություն ստեղծելու նկրտումները – Սա երախտիք է ոչ միայն հայության առջեւ, այլեւ՝ Ռուսաստանի եւ ամբողջ հնդեվրոպական աշխարհի առջեւ… Նժդեհի ռազմա-քաղաքական ուղին աշխարհաքաղաքական հետեւանքների իրավական ու փաստացի ուժով բավարարում է, գերազանցել է «գեներալիսսիմուս» ռազմատիտղոսի շնորհման նշյալ չափանիշերը՝ հընթացս դրանք սրբագրելով անգամ…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝

ՀՀ ԶՈՒ պահեստազորի մայոր, ԼՂՀ ՊԲ առաջին հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ Գարեգին Ղազարյանից

Բաց դիմում

Խորարգո նախագահ: Խնդրում եմ Ձեր՝ առաջնային վերաբերմունքն ու գերակա զորակցությունը բացառապես  անանձնական գերխնդրի լուծման գործում:

«Գեներալիսսիմուս» (լատիներեն՝ «բոլորից  գլխավոր») գերագույն զինվորական կոչումը (հիմնված Ֆրանսիայում, 16-րդ դարում), որպես կանոն, շնորհվել է՝ ա) միապետական հարստությունների (նախ՝ «դինաստիա» իմաստով) «երկնագույն  արյան» տերերին՝ երբեմն անկախ զուտ ռազմական գործոնից, բ) որոշ, ճանաչված թե չճանաչված, երկրների բռնապետներին, գ) պատերազմի ժամանակ միացյալ կամ դաշնային բանակներ հրամանատարած զորավարապետներին, դ) ընդհուպ այնպիսի ռազմագործիչների, որոնք պետություն չեն ներկայացրել, կամ նրանց գլխավորած զինյալ պայքարը  չի էլ պսակվել պետականության հաստատմամբ (Կովկասի մահմեդական լեռնականների առաջնորդ, իմամ Շամիլ (19-րդ դար, Օսմանյան Կայսրության սուլթանի կողմից), Չեչենական առաջին պատերազմի հաղթորդ, ԽՍՀՄ օդուժի գեներալ-մայոր  Ջոհար Դուդաեւ (հետմահու, 1996թ., Իչկերիայի խորհրդարանի կողմից) եւ այլք), ընդհանուր թվով՝ շուրջ 80 անձի:

Այնինչ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը (Նժդեհ, 1886-1955), անչափազանցորեն եզակիազոր միտք+զենք+ձիրք եռամիությամբ, ինչպես գիտեք, ոչ միայն կանգնած է եղել Հայոց վերածին պետականության ակունքներում (Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսավար՝ 1918թ., որ «հիմը դրեց Հայկական Պետության» (Նժդեհ), Ինքնավար Սյունիք-Լեռնահայաստան-Հայաստան՝ 1920-1921թթ., իր բարձրակետում Լեռնահայաստանը միավորել է Սյունիքը, Վայոց ձորը, Արցախի եւ Նախիջեւանի որոշ մասերը), այլեւ, դասականորեն սպառազեն, կանոնավոր մենաբանակ նույնիսկ չունենալով, առավելապես դավիթբեկյան ուխտով ջամբված եւ բազում նոր մարտավարական հնարքներ կիրառած շարժուն զորախմբերով (արդի ռազմաշխարհում հայտնի արագ հակազդման ուժերի նախատիպ մարմնացնող Գայլավաշտեր), բախտորոշ պատմափուլում հաղթել է ընդդեմ հայոց պետականության փաստացի միավորված կամ դաշնակցած, ճանաչված թե  չճանաչված մեծաքանակ, նույնիսկ մեծ պետությունների ընդհուպ կանոնավոր զորամասերին ու զորամիավորումներին, որոնցում, ի հավելումն իսկ, խառնամբոխված էին կրոնադավանական լայնագույն համապատկեր ամբողջացնող ազգեր ու ազգություններ (աստվածամերժներ, մահմեդական եւ քրիստոնեական տարբեր հարանվանությունների կրողներ, հուդայական հրեաներ, բուդդայական կալմիկներ, բրիտանական հեռահսկա Հնդկաստան գաղութից Արցախ ներմուծված սիփահիներ… կամ, հենց Նժդեհաբար՝ «մի ամբողջ Բաբելոն»). այսպես հորջորջյալ՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն, Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Օսմանյան Թուրքիա, Շարուրի, Նախիջեւանի, Վեդիբասարի, Զանգիբասարի, Սուրմալուի գավառի տարածքներում  սարքածո Արազդայանի եւ Նախիջեւանի Հանրապետություններ՝ հետագայում միավորյալ Արաքսի Հանրապետության մեջ, Նախիջեւանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Կարսի մարզի տարածքում սարքածո Հարավարեւմտյան Հանրապետություն, Պարսկաստան՝ Շարուր-Նախիջեւանի առնչությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Շարուր-Նախիջեւանի առնչությամբ, Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն (ՌԽԴՍՀ), Բրիտանական Կայսրություն, մինչեւ անգամ Հայաստանի Հանրապետություն՝ ՀՅԴ իշխանությունների խոչընդոտիչ գործելակերպի նկատառմամբ, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։  

Շնորհիվ Նժդեհի առաջնորդած անօրինակ, բյուրաոսոխ դյուցազնամարտի, որն ընդսմին դեռ առավել քան հագեցած էր հիբրիդային պատերազմի բաղկացուցիչներով (ազգային-ազատագրական, քաղաքացիական, պարտիզանական, տեղեկատվաքարոզչական, գաղափարախոսական, կրոնական, տնտեսական, ամենայնիվ արդարացի…)՝

  1. Սյունիքը եւ Վայոց ձորը մնացին խորհրդայնացած Հայաստանի կազմում:
  2. Խորհրդային Հայաստանը, Անդրկովկասյան Խորհրդային Դաշնության (ԱԽԴ) կազմում, դարձավ ԽՍՀՄ-ի համահիմնադիր միութենական հանրապետություն (1922թ.):
  3. Հնարավորվեց իր վերանկախացումը (1991թ.):
  4. Սկզբունքորեն կենսափրկվեցին Հայաստանի, Արցախի, Նախիջեւանի հարյուր հազարավոր հայ բնակիչներ՝ շարունակվող սերունդներով հանդերձ, անմիջականորեն՝ հայ ռազմաքաղաքական եւ մտավորական ընտրանու ավելի քան ութ հազար դեմքեր:
  5. Նախիջեւանը թողնվեց նախկին ԽՍՀՄ սահմաններում: Այլ խնդիրներ են, որ Ադրբեջանն ու Թուրքիան, «այս աշխարհի հզորների» եւ մեր հենց թողտվությամբ անպատիժ խախտելով Կարսի 1921թ. պայմանագիրը, փաստացի՝ ա) լրիվ հայազերծել են հինավուրց նախօրրանս (դեռ առ 1989թ.), բ) վերացրել են Նախիջեւանի ինքնավար կարգավիճակը (պայմանագրի 5-րդ հոդված), գ) նենգափոխել են բուն սահմանային միջավայրը (պայմանագրի 3-րդ հավելված). Թուրքիան Նախիջեւանի հետ անմիջակապող մուտք ու ելք է ստացել, դ) Նախիջեւանի տարածքը դարձրել են բնակավորված գլոբալ ռազմահենակետ՝ ընդդեմ Հայաստանի, ուստիեւ՝ ընդհանրապես ՀԱՊԿ անդամ երկրների:
  6. Արցախի մի մասը ստացավ ինքնավարություն՝ նույնպես խորհրդային պետականության ձեւի (ԽՍՀՄ) իրավասուբյեկտությամբ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ (1923թ.)՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում (մինչ 1988թ.), ԱԽԴ-ի կազմում (մինչ 1936թ.), ԽՍՀՄ կազմում (մինչ 1991թ.):

ԼՂԻՄ-ի կազմավորման մասին  07.07.1923թ. դեկրետում, իբրեւ Ադրբեջանական ԽՍՀ տիտղոսային էթնոս, երկիցս նշված է անազգուտակ «մուսուլման» հասկացությունը, իսկ «ադրբեջանցի» անվանումն  արհեստական շնչառություն ստացավ սոսկ ԽՍՀՄ ապագա /1945թ./ գեներալիսսիմուս, որքան էլ շատերին ատելի թվա՝ նույնպես  հայարմատ Ստալինին «պարտական» Սահմանադրության առնչությամբ /1936թ./, ում, ի դեպ, Նժդեհը խորհրդային զնդանից նամակներ էր գրելու՝ հենց այդ գերագույն զինկոչումը մատնանշելով:

  1. Արցախի տվյալ հատվածի հայ ժողովուրդը իրավունք ու հնարավորություն նվաճեց ինքնորոշվելու եւ ստեղծելու ինքնիշխան պետություն:
  2. Նժդեհյան ավանդույթները զարգացնող համազգային արցախամարտը հանգեցրեց տարածապես նախկին ԼՂԻՄ-ը մոտ 3 անգամ ընդարձակած եւ նախկին ՀԽՍՀ-ի շուրջ 40 տոկոսը գումարող վերահայացյալ Արցախի Հանրապետության կենսունակման՝ մոտ 11.8 հազար քառ. կմ դեֆակտո իրավատիրույթով:
  3. Խափանվեցին Իրանական Ատրպատականը զավթելու եւ «սոցիալիստական հեղափոխությունն արտահանելու» (նաեւ Աֆղանստան, Հնդկաստան ու այլուր) թրքաբոլշեւիկյան առավել հեռամետ ու բազմավնաս ծրագրերը:
  4. Հօդս ցնդեցին թյուրք ցեղախտիրների՝ պանթուրքական մեգապետություն ստեղծելու նկրտումները։ «Սա երախտիք է ոչ միայն հայ ժողովրդի առջեւ, այլեւ՝ Ռուսաստանի եւ ողջ հնդեվրոպական աշխարհի առջեւ։ Եվ աշխարհն այդ երբեւիցե կգնահատի դա հավուր պատշաճի»,-այսպես է մեծամեծն հայի հոյագործությունը կարեւորել ռուսական «Ռոդնիե պրոստորի» պարբերականը (Սանկտ Պետերբուրգ, 2002, թիվ 1/51/)։
  5. Հիմքում ունենալով Նժդեհյան Լեռնահայաստանի փոխանցական դասերն ու ուղերձները՝ Լեռնային Ղարաբաղի 1988թ. հեղաշարժման ներգործությամբ ձեւափոխվեցին ու բովանդակափոխվեցին աշխարհի վարչաքաղաքական եւ տնտեսական քարտեզները, փլուզվեց բազմերկիր սոցիալիստական համակարգը՝ համապատասխան համայնատիրական վարչակարգերով, միայն Եվրասիայում երեւան եկան շուրջ 25 նոր պետություններ:
  6. Դրվեցին Հայ Դատի հետապնդման ու Հայկական Հարցի վճռման (հողահավաք-ազգահավաք)՝ Հայկական լեռնաշխարհն ընդգրկող մեր ողջ բնօրրանում հայոց պետականության վերականգնման անկյունաքարերը։

Եվ այսպես՝ հենց միայն վերոթվարկյալ համարկային (ինտեգրալ) աշխարհաքաղաքական հետեւանքների իրավական ու փաստացի ուժով՝ Գարեգին Նժդեհն արդեն իսկ ոչ միայն բավարարել է, այլեւ, հակադարձ ազդակների ու անդրանիշների էլ հարացույցով, գերազանցել է «գեներալիսսիմուս» ռազմատիտղոսի շնորհման հիշյալ չափանիշերը՝ հընթացս դրանք սրբագրելով անգամ:

Այն աստիճան, որ միանգամայն հիմնավոր գայթակղություն է առաջանում սահմանելու առավելազանց իսկ պատվակոչում՝ Նժդեհի եւ միմիայն Նրա համար. զորօրինակ՝  մարշալիսսիմուս:

  1. Ազգային եւ հիրավի միջազգային հերոսապետն իր սպայական կոչումները ստացել է տարբեր պետություններից. փոխպորուչիկ (1907թ.)՝ Օսմանյան Կայսրության լծից դեռ լիովին չազատագրված Բուլղարիա, պորուչիկ (1915թ.)՝ Ռուսաստանի Կայսրություն, շտաբս-կապիտան եւ կապիտան (1919թ.)՝ Հայաստանի Հանրապետություն (ՀՀ), փոխգնդապետ եւ գնդապետ (1920թ.)՝ ՀՀ, զորավար (1921թ.)՝ Լեռնահայաստան (ըստ ՀՀ-ի զինվորական աստիճանաբաշխության՝ ամենաբարձր կոչումն հանդիսացող՝ ինֆանտերիայի /հետեւակազորի/ կամ լրիվ գեներալ):
  2. Գեներալի այս բարձրագույն սպայակոչումը ճանաչվել է շատ պետությունների կողմից (Պարսկաստան՝ 1935թ-ից Իրան, Բուլղարիա, Ռումինիա, Մակեդոնիա, Սերբիա, Հունաստան, Խորվաթիա,Չեռնոգորիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Եգիպտոս եւ այլն):
  3. Թյուրքազգի ախոյաններն իսկ Նժդեհին գերապատվել են, իրենց հենց եզրաբանությամբ, Աժդահա փաշա (գեներալահավասար):
  4. Նժդեհը եղել եւ մնում է ռազմաքաղաքական ԴԻԿՏԱՏՈՐ-ՍՊԱՐԱՊԵՏ-ԶՈՐԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԱՊԵՏ (վարչապետ)- ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ բազմատիտղոսի միակ կրողը:
  5. Առասպելախառն անպատկերացնելիության չափ անհավասար էին հակընդդեմ սահմանաքանակները՝ մի կողմից Նժդեհի հրամանատարության ներքո առգո, մյուս բոլոր կողմերից Նրա բյուրաբղետ հակառակորդների ունեցած՝

ա) մարտառեսուրսները. հենց միայն Նժդեհյան կենդանի զինուժի միջուկը երբեք չի անցել եռանիշ թվից (մինչեւ 900 մարդ)՝ առնվազն 2 կարգ (հարյուրավոր անգամներ) զիջելով հակառակորդների ընդհանուր թվին. հատկանշական է նաեւ, որ, օրինակ, ՌԽԴՍՀ բանվորագյուղացիական կարմիր բանակը Սյունիքում փորձել է «օգտագործել» 2 ռազմական սավառնակներ:

բ) Անվերականգնելի եւ սանիտարական կորուստները. Նժդեհամարտիկներ՝ 28 սպանված, սակավաթիվ  վիրավորներ, գերիների մասին խոսք իսկ չիք, բոլոր հակառակորդներ՝ 15 հազար սպանված (պատմագրականության մեջ շրջանառվող առանձնապես այս թիվն ավելի շատ, իհարկե, գեղարվեստական հիպերբոլ է հիշեցնում եւ ենթակա է քառանիշով փոխարինման), 7 հազար գերի, մոտ 200 գնդացիր, 7 թնդանոթ, 10 հազար հրազեն եւ այլ տեսակաշատ-քանակաշատ զինամթերք…

Վերոշարադրյալի հիման վրա կրկնախնդրում եմ Ձեզ ի պաշտոնե ամեն ինչ անել Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանին (Նժդեհ), հնարավոր սեղմ ժամկետում, գեներալիսսիմուս-սպայապետի կամ ուղղակի գեներալիսսիմուսի գերագույն զինվորական կոչում շնորհելու նպատակով (հետմահու՝ անհրաժեշտ օրենսդրական լրացումն ապահովելուց հետո: Եթե հարկ համարվի՝ «միայն Նժդեհին» վերապահմամբ. խոստովանեմ ձեռն ի խիղճ՝ բազմահրապարակածս սույն պատմակշիռ առաջարկության սոսկ մի հատիկ առարկությունը ստացել եմ լուսադարձիկ բանաստեղծուհի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանից (2001թ.), ով գերխնդրո առարկան բարկահեգնանքով համեմատեց Մեսրոպ Մաշտոցին… ակադեմիկոսի կոչում շնորհելու հետ: Համոզված եմ, սակայն, հայոց պետականության առջեւ ծառացած հարաճուն մարտահրավերները, ներքոգրյալ դրդապատճառներն ու նշանակությունները բերված կենտ, այն էլ՝ անուղղակի, հակակռվանը կմղեն հետին պլանից իսկ անդին)։

Դա՝

ա) ավելի քան  անհրաժեշտ է ոչ այնքան անձկանձնապես իրեն՝ Նժդեհին, որքան՝ մեր ազգին եւ հենց արար մարդկությանը,

բ) կնշանավորի ռազմահայրենապաշտական դաստիարակության մշտագործուն միջոցի կիրարկում,

գ) իրազեկիչ քարոզչությամբ ու հանրահռչակմամբ հանդերձ, կփակի Նժդեհի կյանքին ու գործունեությանը անծանոթ կամ անհաղորդ տարազգի տգիտակ վայրաբանողների բերանը՝ լայն դուռ բացելով բոլոր ժողովուրդների եւ պետությունների արդար, երջանիկ համակեցություն դավանողների առջեւ։

դ) Նժդեհի ծննդավայրի (Ռուսաստանի Կայսրության Երեւանի նահանգի Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղ) շեշտադրման զուգորդմամբ՝ կօժանդակի ի բնե եւ ի սկզբանե Հայկական Նախիջեւանի հիմնախնդիրը միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելուն՝ ի նպաստ նաեւ ղարաբաղյան թնջուկի վերջնալուծման,

ե) առավելագույնս կզորացնի ռազմաքաղաքակրթական մշակույթի հայանիշ բաղադրյալը՝ ի տես եւ ի լուր հանուրի ցուցանելով գոնե մեր թվականության ամենակարկառուն անպարտելի զորավարապետ, Համայն ռուսաստանյան ցամաքային եւ ծովային զորքերի

գեներալիսսիմուս (1799թ.), առնվազն մոր տոհմաճյուղով հայկազուն Ալեքսանդր Սուվորովի ֆենոմենի ժառանգորդման կատարելատիպ՝  Նժդեհյան նոումենը (վերջիվերջո՝ Նժդեհի հենց յուրովի ինքնանույնականացնող իմաստնախոսքն է.«Սուվորով լինելու համար պետք է լինել Սուվորով, այսինքն՝ պատերազմական հանճար, հերոս եւ զինվոր միաժամանակ»), նամանավանդ որ թե Ռուսաստանում, թե Հայաստան+Արցախում հոգեւոր եւ աշխարհիկ շարժումներ են ծավալվել երկուսին էլ սրբերի կարգը դասելու նպատակով:

Սույն քննանկյունից ավելորդ չէ նաեւ նախադեպերի հիմամբ պատճառաբանելը, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կողմից սրբացվել են բազում ռազմայրեր (պարունակապես՝ Նժդեհին փոխանցված նահատակվելու խորախորհրդով անմահացյալ), որպիսիք են Վարդանանք (թվով 1036), նույն Երկրային արարիչ Մեսրոպ Մաշտոցը, Սարգիս Զորավարը (ով ծագումով հայ էլ չէ), Մարտիրոս որդին եւ 14 զինվորներ, Ատոմյանք (Ատոմ Գնունի եւ Մանաճիհր Ռշտունի նախարարներ, Վարս Գնունի, Վարս Ոստանիկ, Ներսեհ Երվանդունի, Վարձավոր Արծրունի եւ ընկերներ, շուրջ 1000 հոգի), Երկրորդ կամ Նոր Ատոմյանք (Ատոմ Անձեւացի, Մլեհ Վարաժնունի, Գեորգ Բողկացի, Վասակ Ակեացի եւ էլի շուրջ 150 համանահատակյալներ), Վահան Գողթնացին (ի դեպ՝ Նժդեհի «փոքր հայրենիքից»), Սահակ եւ Համազասպ Արծրունի եղբայր իշխանները, Ցեղասպանության գեհենում մարտիրոսված զորականներ, ներառյալ՝ ռազմաբժիշկներ, որոնց թվում էլ՝ մեծ բանաստեղծ Ռուբեն Սեւակ, գրող, գեներալահավասար Կարապետ խան Փաշայան:

Իսկ Համայն Ռուսիո ուղղափառ եկեղեցին սրբացրել է, մասնավորապես, ծովակալ Ֆյոդոր Ուշակովին ու անգամ գնդապետ Նիկոլայ Երկրորդ Ռոմանով (վերջին) կայսերը, որոնց  /հ/ոգեհարստացուցիչ ընդհանուր լուման հայրենյաց փառքի եւ հզորանքի գանձանակում հույժ է զիջում հայագեն գեներալիսսիմուսի համանուն բազմարժույթ ավանդին:

Ըստ որում՝ Գարեգին Նժդեհը, անձամբ հօրինակ այլոց (որոնք դեռ չկան իսկ), «գոհացրել է» մեր Առաքելական եկեղեցու՝ սրբադասման 4 պահանջախիստ չափանիշերը եւս, ինքն էլ՝ կրկին վերադիրով:

Ավելին. հայոց վերջին օծյալ  սպարապետն է (1921թ.) եւ հայոց գործող հանրապետականության անդրանիկ Մայր օրենքի (Սահմանադրության) հեղինակը (1920թ.), վերջինն է, որպես մարտնչող զորապետ, հեռացել արնագույն ամբողջատիրությամբ համաճարակված աշխարհաշրջանից (1921թ.) եւ առաջինն է վերադարձել՝ սրբաճյունացած մասունքների իրավունքով:

Առավել ավելին. համաքրիստոնեական  շատուշատ սրբերի նշխարասփյուռ հանգանակն անգամ էազանցած աշխարհականն է անզուգական, ում աճյունը, տիրոջ կյանքի հանգույն, ոչ լոկ աստանդել է բազմավայր, այլեւ անթեղոտվել Նրա հենց զորագլխությամբ ազատագրված մարզերում (Սյունիքի մարզ՝ Խուստուփ լեռան լանջ /1983թ./ եւ մարզկենտրոն Կապանի Նժդեհյան հուշահամալիր /2005թ./, Վայոց ձորի մարզ՝ Սպիտակավորի Սուրբ Աստվածածին վանքի բակ /1987թ./. ներկայիվս վեհագործելով ուխտավայրերի սրբանոր երրորդություն):

զ) ինչ խոսք եւ ի գործ, ինքնին մեծամեծ բարոյաքաղաքական շահաբաժիններ կպարգեւի իրեն՝ գերագույն զինկոչումն ըստ արժանվույն եւ ըստ պատկանելույն պաշտոնապես շնորհողին.

է) նանոկասկած իսկ չպետք է լինի, որ Նժդեհը, երկրային վախճանից հետո էլ, անկախ ամեն(ք)ից, հանապազորդում է օգնել ու օգտել պաշտասուն Ցեղի եւ Հայրենիքի, ողջ մարդկության վերընթացին:

Պետք է ընդամենը քաղել Իմացության  ծառից, մինչեւ անգամ նախաստեղծ Կենաց ծառից բարձրուղեշ՝ իմացյալ մահվան  անծիր ծիրանենուն նրա պատվաստած դրախտապտուղները…

Ձեր անմիջական պատասխանից բացի եւ առաջ՝ հայցում եմ, դարձյալ հնարավորության եւ նպատակահարմարության սահմաններում, մեր պետության գլխիդ բարեհաճ ընդունելությունը՝ լրացուցիչ համոզկեր փաստեր, փաստարկներ եւ փաստաթղթեր ներկայացնելու համար։

Գարեգին Ղազարյան

2018թ. հուլիսի 3

«Լուսանցք» թիվ 25 (503), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։