Դամոկլյան սուր՝ Ջավախքի վրա՞ – Մինչեւ այժմ էլ վրացական իշխանությունններն արգելում են հայերեն դասագրքերի եւ գեղարվեստական գրականության մուտքը Վրաստան, որը կատարյալ անհեթեթություն է – Հայերենը չի դառնում տարածաշրջանային լեզու Ջավախքում, որը չի հակասում պետական լեզվի կարգավիճակին… Կարծում եմ՝ վրացական իշխանությունները պետք է սթափվեն ու զգաստանան, եթե չեն ցանկանում երկրի կործանումը…

Ջավախքում, ինչպես միշտ անհանգիստ է եւ անկանխատեսելի:

Խնդիրն այն է, որ վրացական իշխանությունները ոչ մի կերպ չեն հաշտվում վիրահայության մարդկային եւ ազգային իրավունքների առկայության հետ:

Իհարկե, ներկայումս Վրաստանում շատ բան փոխվել է դեպի դրականը, հաստատվել են եվրոպական որոշակի չափանիշներ եւ այլն: Սակայն ազգային փոքրամասնությունների խնդիրները մինչեւ այժմ էլ լուծում չեն գտնում, քանի որ Վրաստանը չի թոթափում փոքր կայսրության կարծրատիպը եւ կայսերական իր պղտոր նկրտումները:

Մոտ օրերս Ախալցխայում ոմն ստահակ Գելաշվիլի հրապարակավ հայհոյել է տեղի հայերին, իրեն պատկանող ավտոմեքենայով շրջափակել հայերի ճանապարհը, որպեսզի վախ սերմանի եւ անհարմարության զգացում առաջացնի հայերի շրջանում: Համոզված ենք՝ սա արվում է որոշակի սցենարով եւ նպատակ ունի հայաթափել քաղաքն ու շրջակա գյուղերը:

Իսկ այս քաղաքը (հին հայկական Ախուխա) եւ Սամցխեն պատմական հայկական տարածքներ են, որտեղ հայերը նախկինում տեր ու տիրական էին: Նման քստմնելի դեպքեր մոտ անցյալում եւս եղել են, օրինակ՝ սպառնալից  թռուցիկների տեսքով, որոնք փակցվել են շենքերի պատերին եւ այլն:

Սա վերաբերում է նաեւ ջավախքահայությանը, որն անարդար ձեւով ճնշումների թիրախ է դառնում արդեն որերորդ անգամ: Խոսքը նրբաբնույթ մի հարցի մասին է:  

Յուրաքանչյուր պետություն ունի ազգային անվտանգության իր խնդիրները, որոնց կատարումը օրինաչափ երեւույթ է: Բայց բնականոն այդ գործառույթները չի կարելի շփոթել այլազգիների իրավունքների հետ:

Խնդիրն այն է, որ Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունն ազգային փոքրամասնությունների շրջանում որոնում է հակապետական թվացյալ դավադրություն կամ անջատականություն, որոնք ընդհանրապես բնորոշ չեն այս երկրամասի հայությանը եւ վիրահայությանն ընդհանրապես: Այսինքն՝ ամեն տեսակ դժգոհությունը դիտարկվում է հակավրացական եւ հակապետական տրամադրություն, որն իրականությանը բնավ էլ չի համապատասխանում:

Մինչեւ այժմ էլ վրացական իշխանությունններն արգելում են հայերեն դասագրքերի եւ գեղարվեստական գրականության մուտքը Վրաստան, որը կատարյալ անհեթեթություն է: Հայերենը չի դառնում տարածաշրջանային լեզու Ջավախքում, որը չի հակասում պետական լեզվի կարգավիճակին եւ կապվում է ազգային ինքնության պահպանության հետ: Հայ երեխաներին դասավանդում են կեղծված վրաց պատմություն, որն անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:

Այսպես, այժմ մտադիր են Ախալքալաքի բերդը նորոգել որպես վրացական հուշարձան եւ ընդհանրապես ջնջել Հայոց քաղաքակրթական հետքը պատմական հայկական այս տարածքում:

Մինչդեռ բազմաթիվ սկզբնաղբյուրներ վկայում են, որ այս տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի մեջ, իսկ Բագրատիոն հորջորջված արքաները պարզապես հայազգի Բագրատունիներն են: Նշենք միայն մեկ փաստ. Ախալքալաք անվանումը նշանակում է աստվածային ծագմամբ արարածների, այսինքն՝ հայերի քաղաք եւ վրացական անիմաստ բացատրության հետ ոչ մի կապ չունի (իբր թե nոր քաղաք): Պատմական աճպարարությունները ճշմարտության հետ ոչ մի աղերս չունեն: Ստացվում է, որ վրացական իշխանությունները չեն կարողանում մարսել Ջավախքը եւ ստիպված դիմում են փաստերի նենգափոխության:

Նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու պաշտոնանկության հետ կապված աշխուժացել են տականքային որոշ ուժեր (վրացական եւ հայկական), որոնք ցանկանում են վերականգնել իրենք նախկին դիրքերը երկրամասում: Ըստ որոշ տեղեկությունների՝ Թբիլիսին որոշել է Կախա Թոփուրիային նշանակել Վրաստանի ազգային անվտանգության ծառայության Սամցխե-Ջավախեթիայի (պատմական Ջավախք) տարածաշրջանային պետ:

Այս անձը 2006-2010թթ. աշխատել է այստեղ եւ բազմաթիվ ապօրինություններ գործել ազգային անվտանգության անվան տակ:

Օրինակ՝ արգելել է հայ մանկավարժներին վերապատրաստվել Երեւանում, դասագրքեր ստանալ Հայաստանից, խոչընդոտել հայերենի գործածությունը Ջավախքում եւ այլն: Այնուհետեւ, սույն պաշտոնյան կենտրոնում խնամարկում էր այս տարածաշրջանը նույն մերժելի եւ անընդունելի եղանակներով: Նա նաեւ պաշտոնավարել է Հարավային Օսիայում եւ Աբխազիայում, ուր եւս աչքի է ընկել վայրագություններով ու դաժանություններով:

Ի դեպ, Թոփուրիան եղել է նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր:

Փաստորեն, սա վրացական բարեկամական›ճնշումների հաջորդ փուլն է, որպեսզի հայերը թողնեն հեռանան իրենց տարածքներից: Այս գործելակերպն ազգային խտրականության եւ հալածանքների դրսեւորում է:

Այս ամենը հակասում է Վրաստանի հիմնական օրենքին՝ Սահմանադրությանը եւ գործող միջազգային օրենքներին:

Սա հստակ ծրագիր է, որը միտված է Վրաստանը դարձնել միաէթնիկ  պետություն եւ յուրովի լուծել ազգային հիմնախնդիրները:

Ասենք, որ եթե կա ճնշում, ապա կարող է լինել նաեւ հակազդեցություն, որն անցանկալի է այսօրվա Վրաստանի համար: Չէ՞ որ նա Ադրբեջանի եւ Թուրքիայի առնչությամբ ունի ազգային անվտանգության հարցեր, որոնք արդեն սպառնում են նրա բուն գոյությանը:

Խոսքը Մարնեուլի հիմնականում ադրբեջանաբնակ շրջանում եւ մահմեդականներով բնակեցված Աջարիայում տիրող իրավիճակի մասին է:

Թերեւս, արժե այս մասին մտածել ու այն էլ լրջորեն:

Հակառակ դեպքում աղմուկը շատ մեծ կլինի, իսկ մեր հակադարձումը՝ պատշաճ կերպով:

Տեղին ենք համարում նշել, որ սույն տարվա սեպտեմբերին իշխանությունները մտադիր են ամբողջ Վրաստանում (նաեւ Ջավախքում) միակ լեզու հռչակել վրացերենը՝ անտեսելով հայերի եւ  այլ ազգերի իրավունքները:  Ըստ այդմ, հայերենը կդառնա օտար լեզու, իսկ դասավանդումը ազգային դպրոցներում կլինի վրացերենով:

Վրացական իշխանությունները կիրառում են օրենսդրական ահաբեկչություն. Կրթության մասին›օրենքում վերացրել են ազգային դպրոց հասկացությունը՝ չեղարկելով նաեւ մշակութային ինքնավարության մասին հիմնադրույթը:

Իսկ սա ազգային ինքնության դեմ ուղղված մահացու հարված է եւ հակասում է միջազգային օրենքներին: Ավելին, սա պայթյունավտանգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել արդարացի ընդվզման: Մինչդեռ վրացիները կարող են եւ պարտավոր են այժմ հենվել հայերի, մեգրելների, աբխազների, աջարների եւ այլ ազգերի աջակցության վրա, որը կհզորացնի Վրաստանը: Սրա մասին արժե լուրջ մտածել:

Չհասկացողների կամ դժվար հասկացողների համար ասենք, որ վիրահայերը մտադիր չեն լռել ու հանդուրժել բռնաճնշումները, այլ կարող են համարժեք հակահարված տալ այլատյաց ցանկացած ուժերի:

Իսկ նրանց թիկունքում ամբողջ հայությունն է եւ այն էլ խիստ համախմբված ազգը: Եվ այս հանգամանքը կասկած չի հարուցում: Մենք Վրաստանի օրինապահ քաղաքացիներ ենք եւ առաջնորդվելու ենք երկրի Սահմանադրությամբ ու օրենքներով:

Կարծում եմ՝ վրացական իշխանությունները պետք է սթափվեն ու զգաստանան, եթե չեն ցանկանում երկրի կործանումը: Ողջամտությունը, այլասիրությունը եւ մյուս ազգերին հարգելը միայն  կուժեղացնի բազմազգ Վրաստանը, որը բխում է երկրի պետական ու ազգային շահերից:

Չմոռանանք, որ հայերը միշտ էլ աջակից են եղել վրացիներին աղետալի եւ դժվար ժամանակներում:

Ռ. Զուրիկյան 

պատմաբան, լրագրող

«Լուսանցք» թիվ 25 (503), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։