«Ելք»-ը խոստովանեց Տարոն Մարգարյանի առավելությունը – Ինչպես ասում են՝ լավագույն գնահատականը հակառակորդի գնահատականն է… Տարոն Մարգարյանն իր թիմից պահանջել է, որ որեւէ մեկն այս պահին հրաժարականի դիմում չներկայացնի, շարունակեն աշխատել, որ չխաթարվի քաղաքապետարանի աշխատանքը, աշխատեն՝ մինչեւ ընտրությունները…

Տարոն Մարգարյանի քաղաքապետ մնալը ամենաշատը ձեռնտու կլիներ հենց նոր իշխանություններին: Մի կողմ թողնենք այն, որ նրանք նախ կապացուցեին, որ իսկապես սիրո ու համերաշխության մթնոլորտ են ձեւավորում, վենդենտա չեն անում եւ այլն: Նրանք նաեւ իրենց այդքան սիրած միջազգային հանրությանը կապացուցեին, որ այնքան ճիշտ իշխանություն են, որ ՏԻՄ հարթակ չեն մտնում, ՏԻՄ ինքնուրույնությանը, որին այնքան է հավան է միջազգային հատվածը, չեն խոչընդոտում:

Մինչդեռ… ապացուցվեց ճիշտ հակառակը: Եվ դա արեցին հենց իշխանությունները, իմա՝ Նիկոլ Փաշինյանը: Այն, ինչի համար նրանք քննադատում էին նախկին իշխանություններին՝ դատական համակարգի անանկախություն, իբրեւ մահակ գործածում, ՏԻՄ-երի գործերին կոպտորեն միջամտություն եւն, այսօր անում են հենց իրենք՝ մի քիչ ավելի վատ՝ գավառական տարբերակով:

Ինչեւէ, նախկին ու ներկա իշխանությունների մասով իսկը բնութագրող մրից ելանք, մրջուրն ընկանք-ի տարբերակը մի կողմ թողնելով, խոսենք մի բանի մասին, որ այս օրերին շատերի ուշադրությունից դուրս մնաց:

Մինչ այդ, փակագծերում անկեղծանամ: Տարոն Մարգարյանի հրաժարականը սրտովս չէ: Ու ոչ այն բանի համար, որ նա հորեղբայրս է կամ հարսանիքիս քավորը (վերջինի մասով մի փոքրիկ հուշում՝ հարսանիք չեմ արել) կամ անթերի է եղել ամեն ինչ:  

Պարզապես երբ որեւէ մեկը չի պաշտոնավարում, գնահատականի համար նրան համեմատում եմ նախկին գործընկերների հետ. ո՛վ պաշտոնավարման ի՛նչ ժամկետում ի՛նչ է հասցրել անել ու ինչպե՛ս անել: Նաեւ՝ ով ինչ չափով է ընդունել մայրաքաղաքում առկա թերությունները:

Գործի բերումով շատ քաղաքապետերի հետ եմ հաջողել խոսել նրանց գործունեության թերությունների մասին: Եղել են լռողներ, եղել են ինձ չարակամ համարողներ ու չընդունողներ: Եղել են ընդունողներ ու նաեւ առաջարկներ լսողներ՝ ի շահ Երեւանի: Այս վերջինը պլյուս է Տարոն Մարգարյանի օգտին:

Ունեցե՞լ է Երեւանը խնդիրներ:

Իհարկե, այնպես ինչպես ունեն Նյու-Յորքը, Փարիզը, Տոկիոն՝ ամեն մեկն իրեն բնորոշ ու իր վերմակի չափով: Ավելի մանրամասն կգնահատենք հետո («Լուսանցք»-ը պարբերաբար անդրադարձել  է քաղաքային տնտեսությանը), երբ կգա հաջորդ՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքապետը:

Սոցցանցում արդեն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին կոչում են «իմ քաղաքապետ»:

Այսօր արդեն «իմ քաղաքապետ» էր՝ ֆան ակումբներին բնորոշ զեղումներով, Զարուհի Փոստանջյանը:

Ինձ համար, իհարկե, այս կարգի բնորոշումները զարմանալի են ու ոչ այն պատճառով, որ ես լրագրող եմ ու շատ զգոն եմ գրավոր խոսքում: Նույնիսկ 16 տարեկանում, երբ հենց տարիքին բնորոշ հակված ես զեղումային հիստերիկաների, ես ոչ մի գործչի «իմ» չեմ կոչել, ոչ մեկին չեմ խնդրել ձեռքիս ստրագրություն թողնի, ոչ մեկի վզովը չեմ ընկել ու երազանքներիս ասպետը չեմ համարել…

Ինչեւէ: Սա էլ թողնենք մի կողմ եւ գանք այն ետին, որ, ինչպես վերեւում նշեցի, շատերի ուշադրությունից դուրս էր մնացել:

Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Եվ ի՜նչ քայլ արեց դրանից հետո:

Կխոսի հենց «Ելք»-ի Թեհմինա Վարդանյանը:

Երբ նրան հարցրել էին, թե հնարավո՞ր է կառավարման ճգնաժամի առաջ կանգնենք, նա պատասխանել էր, թե Տարոն Մարգարյանի հրաժարականի օրը նիստ է եղել, որին մասնակցել են ՀՀԿ խմբակցության անդամները, եւ իրենց տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը նրանցից պահանջել է, որ որեւէ մեկն այս պահին հրաժարականի դիմում չներկայացնի, շարունակեն աշխատել, ինչպես նախկինում են աշխատել՝ մինչեւ ընտրությունները։

«Այդ մասով այս պահին մի փոքր ավելի հանգիստ ենք, որովհետեւ քաղաքային տնտեսությունն ահռելի բան է, եւ աղետալի կլինի, որ որեւէ վարչական շրջան կամ որեւէ վարչություն 10-15 օր չաշխատի»,- ասել էր «Ելք»-ականը:

Ինչպես ասում են՝ լավագույն գնահատականը հակառակորդի գնահատականն է: Կանի՞ «Ելք»-ը նույն բանը: Այս մասին կխոսենք այն ժամանակ, երբ կգան հաջորդ իշխանությունները…

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 25 (503), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։