1. Նորի՞ց բարեկամա-ցավ – Հայ-ռուսական գործընկերությունը միշտ համարվել է բարեկամական, սակայն երբեք զերծ չի եղել այնպիսի միակողմանի վտանգներից, որոնք մշտապես վնասարար են եղել Հայաստանի համար, որից շահել է եւ՛ Ռուսաստանը, եւ՛ այդ երրորդ կողմը… / 2. Հերթական հանդիպում՝ դադարից հետո – Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի միջեւ…

Նորի՞ց բարեկամա-ցավ

Հայ-ռուսական գործընկերությունը միշտ համարվել է բարեկամական, սակայն երբեք զերծ չի եղել այնպիսի միակողմանի վտանգներից, որոնք մշտապես վնասարար են եղել Հայաստանի համար: Իսկ Ռուսաստանի համար եղել են օգտակար եւ շահավետ: Այսինքն՝‘ռուսական կողմը մի երրորդ երկրի հետ, ասենք՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի կամ Վրաստանի, իր հարաբերությունները բարելավելու նպատակով ստորադասել է իր ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերը, որից շահել է եւ՛ Ռուսաստանը, եւ՛ այդ երրորդ կողմը:

Հարյուրամյակների պատմական իրողություններ կան, որ այս ճշմարտությունը թույլ չեն տալիս թաքցնել:

Այսօր էլ Ռուսաստանը մեր թշնամիների հետ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի, ռազմա-քաղաքական ու տնտեսական ծրագրեր է նախաձեռնում, անգամ զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառում, որտեղ հայկական շահերը անտեսված են լիովին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օրերս կրկին մտահոգիչ է համարել վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ հանդիպմանը կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել երկկողմ կապերն առավել ամրապնդել:  

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին: Նա վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու՝ հայկական կողմի դիրքորոշումը, ինչը միանշանակ չի ընդունվում Ադրբեջանի կողմից: Այս համապատկերում հայ պաշտոնյան մտահոգիչ է համարել վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն:

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորն է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման հարցում Թուրքիան եւ Ադրբեջանն իրական սպառնալիք են»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ Դաշնության խորհրդում եւ Պետական դումայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման նպատակահարմարության հարցը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալը հարցը քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Հետաքրքիր է, որ Մոսկվան դեռ լուրջ մտահոգություն չի հայտնել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ: Դրանք հիմնականում Արցախի ուղղությամբ են, սակայն երբեմն նաեւ Նախիջեւանի ուղղությամբ են լինում:

 «Լուսանցք»-ը միշտ նշել է, որ ՀԱՊԿ-ն ավելի շատ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին է առնչվում, քան Հայաստանի, եւ պատճառը հստակ է մեզ համար: ՀԱՊԿ 7 երկրներից 3-ը համաթուրքական դաշինքի անդամ են՝ Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ղրղզստանը, 2-ը՝ մշտապես զենք-զինամթերք են վաճառում Ադրբեջանին ու Թուրքիային՝ Ռուսաստանն ու Բելառուսը եւ միայն Տաջիկստանն է, որ լինելով ոչ թուրքական ու ոչ սլավոնական երկիր, հեռու է մնացել հակահայ քաղաքականությունից:

Այստեղ է, որ ողջունելի է նախորդ իշխանությունների փոխլրացնող արտաքին քաղաքականությունը ԵՄ-ԵԱՏՄ, ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերություններում, ինչը թույլ էր տալիս Հայաստանին հրաժարվել «կամ-կամ»-ի քաղաքական պարտադրանքից՝ կարողանալով փոխգործակցել համաշխարհային երկու բեւեռների հետ: Անգամ համաշխարհային 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանի հետ հնարավոր եղավ զարգացնել հարաբերությունները:

Հայաստանը նաեւ լրջորեն սկսեց առաջ տանել տարածաշրջանային եռյակի, Իրան-Հայաստան-Վրաստան՝ դեպի Եվրոպա եւ մեկ այլ ուղղությամբ դեպի Ռուսաստան քաղաքականությունը, ինչը պիտի դիմակայեր Ադրբեջան-Վրաստան-Թուրքիայի հակահայ եռյակի գոյությանը:

Հայկ Թորգոմյան

Հերթական հանդիպում՝ դադարից հետո

Հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի միջեւ: Սա երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ առաջին հանդիպումն էր՝ Հայաստանում ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո: Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Մեր նախարարն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո խաղաղության գործընթացի կարեւորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ եւ միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը: Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, եւ այս համատեքստում կարեւորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։ Շեշտել է, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տեւական խաղաղության հասնելու ջանքերի համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի  կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցերի շուրջ:

Համանախագահները ԱԳ նախարարներին ներկայացրել են իրենց առաջիկա ծրագրերը: Անդրադարձ  է եղել հետագա քայլերին։

«Լուսանցք» թիվ 25 (503), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։