1. Անվերահսկելի ազգային անվտանգությունը կարող է ազգային վտանգի առկայծումներ տալ – Ցավոք, մեզանում քիչ չեն մնացել «գործ տվողների» սովետական հասարակարգի մնացորդներ, որոնք նաեւ իրենց սերունդներին են այդպես դստիարակել եւ ոստիկանությունը, դատախազությունն ու ազգային անվտանգությունը հերթերի պակաս չի զգում… / 2. Հավաստում են, որ խնդիրն ամենեւին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ – Գործելաոճի հիմնական սկզբունքներն են լինելու թափանցիկությունը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների խսստագույնս պահպանումը… / 3. Արձագանք` Հանրային հեռուստաընկերության «ոչ կոռեկտ ու անտակտ» որակումներին – Կատարված ուսումնասիրությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ առերեւույթ չհիմնավորված որոշ ծախսեր են կատարվել…

Անվերահսկելի ազգային անվտանգությունը կարող է ազգային վտանգի առկայծումներ տալ

«Լուսանցք»-ն իր նախորդ թողարկմանն անդրադարձել էր ԱԱԾ-ի «անկասելի» գործունեությանը, որում երբեմն վտանգավոր նրբերանգներ են նկատվում, որտեղ պարզապես գործողության ետեւում երեւում են Նիկոլ Փաշինյանի ականջները:

Մենք սա խիստ վտանգավոր ենք համարում եւ նշել ենք, որ «Մուղդուսիա-բերիական Հայաստանին վերադարձ չկա՛»:

Բայց, ցավոք, մեզանում քիչ չեն մնացել «գործ տվողների» սովետական հասարակարգի մնացորդներ, որոնք նաեւ իրենց սերունդներին են այդպես դստիարակել եւ ոստիկանությունը, դատախազությունն ու ազգային անվտանգությունը հերթերի պակաս չի զգում: Սա վատ չէր դիտարկվի, եթե մեր պետությունը այնքան ազգային ու վստահելի լիներ, որ բացահայտ ասվեր այն ամենը, ինչը այսօր պատերի հետեւում կես-ճշմարիտ – կես-սուտ մարդիկ գործ են լցնում իրար վրա… Եթե այս ամենը մեր այսօրվա ազատության նման հասնի սանձարձակության, ապա 1937-ը կվերադառնա եւ կդառնա մեր տոնացույցի «կարեւոր» տոներից մեկը:

Հիշեցնենք, որ ըստ պատմական ճշգրտումների՝ Բերիայի դավադրություններին անգամ Ստալինը չդիմացավ, եւ երբ «ժողովուրդների հայրը» կիսաուշագնաց վիճակում իր աշխատասենյակում գետնին ընկած աղերսող աչքերով Բերիայից օգնություն էր խնդրում, հուդա-մասոնական օձը բժշկին կանչելու փոխարեն միայն քմծիծաղով էր պատասխանում, այդպես էր մինչեւ «երկաթե» Ստալինը անօգնական փչեց շունչը ամենաողորմելի ձեւով…

Սա դաս պիտի լինի եւ մեր երկրի քաղաքացու համար եւ ամենաբարձր պաշտոնյայի… անվերահսկելի ազգային անվտանգությունը կարող է ազգային վտանգի առկայծումներ տալ…  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես նաեւ մեր ձայնը լսելով այսպես խոսեց բացահայտումների մասին օրերս. «Ազգային անվտանգության առջեւ ես խնդիր չեմ  դնում, որ գնան ու խոշոր բացահայտումներ անեն, ես ասում եմ, որ պետք է լինի օրինականություն: Նրա խոսքով՝ մարդկանց թվում է, թե կառավարությունում իրենք ասում են, թե օրինակ, «այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին եւ գնում են բերման ենթարկելու»: «Եղել է քաղաքացի, որն ինձ դիմում է գրել, թե՝ «ես այսպիսի պրոբլեմի առաջ եմ կանգնել, իմ ձեռքից այդ նկարները խլել են», ես դիմումը մակագրել եմ ԱԱԾ: Հրավիրում են քաղաքացուն, նա հաղորդում է տալիս հանցագործության մասին եւ գործին ընթացք է տրվում: Հետո ասում են՝ «վա՜յ, բերման ենթարկեցին՝ ազատ արձակեցին»,- նշել է վարչապետը: Գործը, փաստորեն պետք էլ ավելի մեծ վստահություն ներշնչի, որ եթե տվյալ գործով կան հստաակ ապացույցներ, գործը իրացվում է, եթե չկան ապացույցներ, չի իրացվում:

«Այսինքն՝ մարդկանց ձերբակալելն ինքնանպատա՞կ է: Այսպես երկու դեպքով, երկու շատ հիմնավոր պարագայով բերման են ենթարկվել, երբ ստուգվել են փաստերը, այդ պահին ձերբակալելու որոշում կայացնելու կամ որեւէ այլ կարգավիճակ տալու օրինական հիմք չի եղել: Որեւէ մեկը թող չմտածի, որ ես զանգում ասում եմ՝ էսինչին ձերբակալել, էսինչին բաց թողնել, մյուսին հետապնդել կամ չհետապնդել: Բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսանոց օրինական: Մենք չենք ասում՝ ում բերման ենթարկել ու ում ազատ արձակել, օրենքն է ասում՝ ում բերման ենթարկել ու ում ազատ արձակել»,- ընդգծել է վարչապետը:

Անդրադարձ եղավ  ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի հետ կապված ԱԱԾ վերջին գործողություններին, որից հետո  հարց հնչեց, թե հնարավո՞ր է ստուգումները հասնեն նաեւ Սերժ Սարգսյանի բնակարան, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եթե ցանկացած հետքաննություն կհասնի Սերժ Սարգսյանին, կհասնի, եթե պետք լինի, տուն կհասնի, ամեն տեղ էլ կհասնի: Բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ՝ փաստերը, ընթացակարգերը, օպերատիվ տեղեկություններն են որոշում: Ես Ձեզ կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի անձեռնմխելի մարդ չկա»:

Հավաստում են, որ խնդիրն ամենեւին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Քննչական կոմիտեն Հայաստանի ամենամեծ քննչական մարմինն է, ուստի ազդեցությունը քրեաիրավական վիճակի վրա, օրինականություն հաստատելու, հանցագործության պարագայում պատժի անխուսափելիությունն ապահովելու գործում եւս ամենամեծն է: Նա հույս է հայտնել, որ ինչպես արդեն ընդունված է ասել, քաղաքական նոր իրավիճակում այս նշանակումով նոր էջ կբացվի կոմիտեի գործունեության մեջ եւ հասարակություն հետ հարաբերություններում:

Վարչապետը կարծում է, որ Հայկ Գրիգորյանի՝ Քննչական կոմիտեի նախագահ նշանակման տրամաբանությունը պարզ է. ուզում են, որ ինչպես Հայաստանի քաղաքական կյանքում, այնպես էլ հանրային պետական կյանքի բոլոր բնագավառներում տեղի ունենա որակյալ սերնդափոխություն, ինչի արդյունքում այն լավագույնը որ կա, գոյություն ունի, այդ թվում՝ Քննչական կոմիտեում, պահպանվի, զարգանա, իսկ այն վատը, որը նույնպես գոյություն ունի, այլեւս գոյություն չունենա: Ընթացիկ իրավիճակում մեծ կարեւորություն ենք տալիս օրինականության հաստատմանը, հանցավորության, կրիմինալ մտածողության, կոռուպցիայի դեմ պայքարին, եւ սա մեր հանրային կյանքում տեղի ունեցող կարեւորագույն գործընթաց է:

«Բայց մենք նաեւ ընդգծում ենք, որ այս գործընթացներում մեր խնդիրն ամենեւին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ, մեր խնդիրն է՝ Հայաստանում օրինականություն ապահովելը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրն է նաեւ պետությանը, ժողովրդին հասցված վնասները մինչեւ վերջին լուման վերականգնելը: Հույս ունեմ, որ կոմիտեն իր հսկայական ռեսուրսով, եռանդով եւ անկեղծորեն կլծվի այս գործին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ նոր նշանակմամբ խնդիր է դրվել նաեւ ապահովել համակարգի կայունությունը: «Իսկապես հույսեր ենք կապում, որ այն վերափոխումները, որ տեղի են ունեցել քաղաքացիների գործունեության եւ մտածելակերպի մեջ, դրանք կարտահայտվեն նաեւ կառույցի քննիչների եւ ընդհանրապես իրավապահ համակարգի ներկայացուցիչների գործունեության ու մտածելակերպի մեջ: Կարծում եմ, որ վերջին տարիներին Հայաստանում տեղի է ունեցել քննչական մարմինների եւ հանրության հարաբերությունների վատացման ու վատթարացման գործընթաց, անվստահության որոշակի ճեղք է առաջացել եւ հույս ունեմ, որ այս նոր ժամամակներում տեղի կունենա հակառակ գործընթացը:

Քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավարը փաստել է, որ կշարունակեն ժողովրդի վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ ավելացնել: Որ գործելաոճի հիմնական սկզբունքներն են լինելու թափանցիկությունը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների խսստագույնս պահպանումը:

Ամփոփելով՝ վարչապետը հույս է հայտնել, որ նոր ժամանակներում Հայաստանում քրեադատավարական որոշումները ոչ միայն կհամապատասխանեն քրեական օրենսգրքին, ընթացակարգերին ու կանոնակարգերին, այլեւ իրականությանը:

Նրա խոսքով՝ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պիտի համոզված լինի, որ Քննչական կոմիտեն ու քննչական մարմինները բարոյապես ի վիճակի չեն շրջել ճշմարտությունը՝ սեւը ներկայացնել որպես սպիտակ, սպիտակը՝ որպես սեւ… Մեր երկրում հաղթել է սիրո եւ համերախշխության հեղափոխությունը, բայց սխալվում են եւ կսխալվեն բոլոր նրանք, ովքեր սեր եւ համեշախություն բառերի հաճախակի օգտագործումն ու այդ բառերի շրջանակում տեղավորվող աշխարհահայացքը կձեւակերպեն կամ կմեկնաբանեն որպես թուլության խորհրդանիշներ:

Արձագանք` Հանրային հեռուստաընկերության «ոչ կոռեկտ ու անտակտ» որակումներին

Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ անդրադառնում է Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների որակումներին՝ դրանք գնահատելով անտակտ ու ոչ կոռեկտ: ««Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարված չարաշահումների վերաբերյալ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի որոշմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը եւ նրա առանձին անդամներ նախորդող օրերին հանդես են եկել դատախազության հասցեին անտակտ եւ ոչ կոռեկտ որակումներով՝ կասկածի տակ առնելով քրեական գործի հարուցման հիմնավորվածությունը:

Հայտարարություններով ոչ կոռեկտ ու անհիմն են որակվել հարուցված քրեական գործի որոշման մեջ տեղ գտած ձեւակերպումները՝ փաստացի փորձելով կասկած հարուցել ձեռք բերված փաստական տվյալների մեջ քրեական օրենքով արգելված գործողությունների առերևույթ առկայության վերաբերյալ:

Հետաքրքրականն այն է, սակայն, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի հրապարակվել ու չի ուղարկվել Խորհուրդ: Եվ անտրամաբանական ու ոչ բարոյական է ոչ միայն քրեական գործի հարուցման որոշումից անտեղյակության պայմաններում «որոշման մեջ տեղ գտած ձեւակերպումների» մասին նման կարծիք հայտնելը, այլեւ փաստացի Հանրային հեռուստաընկերության «փաստաբանի» դերը ստանձնելն ու առերեւույթ հանցանք կատարած անձանց պաշտպանելու տպավորություն թողնելը»,-մասնավորապես ասված է դատախազության տարածած հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի, քրեական գործ հարուցելու առիթը եղել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ակտի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները, հիմքը՝ ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական հանգամանքներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշները, այլ ոչ թե այդ ակտի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում քննարկումները, ԶԼՄ հրապարակումները կամ նույնիսկ որեւէ գերատեսչության կողմից տրված պարզաբանումները, որոնք անտեսելու մեջ մեղադրում են Դատախազությանը:

«Ուղղակի ցավալի է, որ պետական մարմնի ներկայացուցիչները կարող են ոչ միայն նման մակերեսային պատկերացումներ ունենալ քրեական գործի հարուցման առիթների եւ հիմքերի մասին, այլև դրանց վերաբերյալ սիրողական մակարդակով մեկնաբանություններ անելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով դատախազին վերապահված գործառույթի իրացումը մատուցել որպես հանրությանը հաճոյանալու դրսևորում: Ավելորդ է նշել, որ ՀՀ դատախազությունը նման բարդույթ երբեք չի ունեցել եւ չունի: Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունեն հանրությանը հաճոյանալու հետ, օրինակ, ուսումնասիրությամբ պարզված եւ քրեական գործի հարուցման որոշման հիմք դարձած հետեւյալ հանգամանքներ:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և Գ… Ա/Ձ-ի միջև 19.02.2015թ. կնքված պայմանագրով եւ 25.03.2015թ. կնքված համաձայնագրով Ա/Ձ-ն պարտավորվել է պատրաստել թվով 12 փաստավավերագրական հաղորդում՝ ընդհանուր 29.600.000 դրամ արժեքով: Պայմանագրի նախահաշվով եւ գնային առաջարկի նախահաշվով, որպես վարձատրության ծախսեր են նշվել ընդհանուր 24 անձից բաղկացած ստեղծագործական, տեխնիկական և խորհրդատուների անձնակազմերի նախահաշվային կամ գործուղման ծախսերը՝ ներառյալ հարկերը: Մինչդեռ, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ Ա/Ձ-ն ընդհանրապես գրանցված աշխատողներ չի ունեցել: Եվ սա նմանատիպ միակ գործարքը չէ:

Ընդ որում՝ կատարված ուսումնասիրությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ առերեւույթ չհիմնավորված որոշ ծախսեր կատարվել են Հանրային հեռուստաընկերության պաշտոնատար անձանց կողմից ստորագրված նախահաշիվների եւ կնքված գործարքների հիման վրա: Իսկ առանձին դեպքերում պայմանագրերը կնքվել են այնպիսի ընկերությունների հետ, որոնց հիմնադիրների տվյալները, ըստ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված փաստաթղթերի, նույնանում են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ Հանրային հեռուստաընկերության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: (Հետագայում, իհարկե նրանք այդ ընկերություններին մասնակցությունը դադարեցրել են):

Ամենապարզ ողջամտությունը հուշում է, որ ունենալով նման տվյալներ՝ ՀՀ դատախազությունն ուղղակի պարտավոր էր ապահովել քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգ՝ դրանք լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության առարկա դարձնելու, առերեւույթ հանցագործությունների ծավալը, բնույթը, դրանցում պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունն ու դերակատարությունը պարզելու, նրանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու նպատակով, ինչը կարվի քրեական գործի նախաքննության միջոցով:

Հիշեցնում ենք, որ ցանկացած դատավարական ակտի, այդ թվում՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման, կոռեկտության եւ հիմնավորվածության վերաբերյալ կասկածները փարատելու իրավական եւ քաղաքակիրթ միջոցը օրենքով սահմանված կարգով դրանց բողոքարկումն է, ինչը դեռևս չի արվել»,- նշում են դատախազությունից ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հորդորում «զերծ մնալ պետական մարմնին անհարիր՝ չհիմնավորված հայտարարություններով Դատախազությանն անտեղի եւ էթիկայի սահմաններից ակնհայտորեն դուրս որակումներ հասցեագրելու վարքագծից եւ համբերատար, գործուն աջակցություն ցուցաբերելով, սպասել նախաքննության արդյունքներին եւ դրա շրջանակներում տրվելիք քրեաիրավական գնահատականներին»:

Կարդալ նաեւ այս հրապարակումները`

Հանրային հեռուստաընկերությունում առերևույթ չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել

Դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումները

Սեփ լրատվություն

«Լուսանցք» թիվ 25 (503), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։