Հեղափոխության «գողական» երեւակայությունը – Հայտնի է, որ «օրենքով գողերի» թվում գերակշռում են ազգությամբ վրացիները, հաջորդը ռուսներն են, 3-րդը հայերն են՝ աշխարհում կա 27 հայ «օրենքով գող»… Այն ոստիկանությունը, որին դիմում էին անվարան, հետզհետե դառնում է հուշ, ինչպեսեւ այն անվտանգության համակարգը, որը նախ եւ առաջ երկրի արտաքին վտանգներն էր կանխում, ոչ թե այսօրվա պես կաշառակերների որսով է զբաղված – Ոստիկանության գործը ստանձնել է ազգային անվտանգությունը, երեւի շուտով նաեւ թաղային հերթապահությունները կստանձնի – իսկ ո՞վ պիտի սնանձնի ազգային անվտանգության գործը… Դատախազությունն ու դատարանները դեռ իրենց դերերը չեն փոխել…

Հայաստանի թավշյա հեղափոխությունը, որը միջազգային հեղափոխական բնագավառում ամրագրվեց որպես հայկական հեղափոխություն (որի բնորոշումը անզեն ու անարյուն լինելն է, երբ երկու կողմերն էլ առաջնորդվում են դիմացինին չվնասելու սկզբունքով), կլանել է մեր երկրի բոլոր ոլորտները՝ պետական, քաղաքական, կրոնական, տնտեսական, իրավական, սոցիալական, մշակութային եւ այլ, անգամ քրեական աշխարհը հեռու չմնաց հեղափոխական ալիքից եւ Հայաստանի, այսպես կոչված գողական բնագավառը, եւս ցնցումների ենթարկվեց…

Դեռ հունիսի վերջերին պարզվել էր, որ քրեակատարողական վարչության պետի տեղակալը որոշակի կապերով կապված է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ եւ, ինչպես մամուլն արձանագրեց, քրեակատարողական վարչությունում հեղափոխությունից հետո բոլոր նշանակումներն արդեն կատարվել են եւ ՔԿՎ պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը նշանակվել է ՔԿՎ պետի տեղակալ։

Այս նշանակումը այնքանով է ուշագրավ, որ նշանակվածն ինքը մականունավոր է, բոլորը նրան ճանաչում են «Վավիկ» մականունով։ Վավիկը քրեական աշխարհում հայտնի Նորիկ Թադեւոսյանի՝ Դքի Նորոյի բարեկամն է եւ ազգակցական կապ ունի նաեւ ներկայիս կառավարության առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Վավիկը որոշակի կապերով կապված է նաեւ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ…

Դատախազությունը կալանավորման առկա ձեւի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ ձեռնարկեց: Գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քննարկվել են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու եւ կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորվածության առկա ձեւին առնչվող հարցեր՝ նախորդ տարի օգոստոսի 4-ի դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ընդունված որոշումների կատարման համապատկերում:  

Ընդգծվել է խափանման միջոց կալանքի ընտրության եւ կալանքի ժամկետը երկարացնելու լիարժեք օրինականության ապահովմանն ուղղված դատախազական հսկողությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Նշելով, որ չնայած կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների քանակի նվազումը, դատարանների կողմից այդ միջնորդությունների բավարարման ցուցանիշների բարելավումը վկայում են չհիմնավորված միջնորդություններ ներկայացնելուց խուսափելու ձեւի ամրապնդման մասին՝ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այս ոլորտում արձանագրված ձեռքբերումները, առկա միտումները չեն արդարացնում ինչպես մեր սպասելիքները, այնպես էլ հանրային ընկալումը:

1, Ըստ Արթուր Դավթյանի, յուրաքանչյուր գործով խափանման միջոցի ընտրության միջնորդության՝ դատախազության կոլեգիայի կողմից ընդունված կանոններին լիարժեք համապատասխանության ապահովման համատեքստում անհրաժեշտ է հատկապես ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների պարագայում շեշտը դնել կալանքի հիմքերի ոչ թե հավանական կանխատեսելիության, այլ քրեական գործի նյութերով կալանքի հիմքերի մասին ռեալ փաստական տվյալների առկայության վրա:

  1. Հայաստանի գլխավոր դատախազը հանձնարարել է խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման ցանկացած դեպքում պարտադիր դիտարկել այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության հարցը եւ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելով ռիսկերը, լայնորեն կիրառել անձնական կամ կազմակերպությունների երաշխավորությունը, նաեւ գրավը՝ որպես խափանման միջոց:
  2. Շեշտվել է, որ հատկապես կալանքի ժամկետների երկարացման դեպքում մանրամասն քննության առարկա պետք է դարձնել կալանավորման հիմքերի իրական շարունակականության առկայությունը, ինչպես նաեւ վարույթ իրականացնող մարմինների կողմից նախաքննության խնդիրների լուծման գործում պատշաճ ջանասիրության ցուցաբերումը:

Այնուհետեւ, երբ սկսվեցին նոր իշխանությունների կողմից հայտարարված «նոր իրողությունից բխող քաղաքական բանտարկյալների ազատումն ու ոմանց արդարացումը», կալանավորների ծնողներն ու հարազատները ընդհանուր համաներում սկսեցին պահանջել…

Կառավարության շենքի մոտ էին հավաքվում կալանավորների ծնողներն ու հարազատները՝ պահանջում համաներում։ Նշում էին, որ արդեն 5 տարի է չի հայտարարվել համաներում, մինչդեռ, կալանավորները ՔԿՀ-ում մնում են անմարդկային պայմաններում։ Նրանց հետ հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ու խորհրդական Նարեկ Սարգսյանը եւ խոստացան, որ խնդիրը կներկայացնեն վարչապետին։

Կառավարության  նիստում հավանություն տրվեց «ՀՀ քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կիրառման արդյունավետությունը, կապահովվի դրա բնականոն գործունեությունը:

Մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը կսկսվի բացառապես դատապարտյալի դիմումի հիման վրա, դատապարտյալի պատշաճ վարքագիծը եւ նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը կգնահատվի ողջամիտ ժամկետում, որը հնարավորություն կտա կատարել բազմակողմանի ուսումնասիրություն:

Պրոբացիայի ծառայությունը ներգրավված կլինի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հարցի որոշման հենց սկզբնական փուլում, ինչը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել այն դատապարտյալի ռիսկերի եւ կարիքների մասին, ով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում կդառնա պրոբացիայի շահառու:

Պետք է նշենք, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց թիվն աճել է: Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում 2017թ. ընթացքում դատախազության կողմից ընդհանուր առմամբ իրականացվել է 1246 ստուգում եւ ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 497 խախտում: Ըստ դատախազության 2017թ. գործունեության հաղորդման՝ պատկան մարմիններին ուղարկվել է 19 հաղորդում, ներկայացվել են ծառայողական քննություն անցկացնելու միջնորդագրեր, իրականացվել է 24 ծառայողական քննություն, հարուցվել է 15 քրեական գործ: Վերանայվել է օրինականությանը հակասող 13 ակտ՝ վերականգնելով կալանավորված անձանց եւ դատապարտյալների խախտված իրավունքները:

Արձանագրված խախտումները վերացնելուն եւ բացառելուն ուղղված միջոցառումների արդյունքները, սակայն, բավարար համարել չի կարելի: Դրա վկայությունը նմանատիպ դեպքերի կրկնություններն են: Բացի դրանից երբեմն խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկված աշխատակիցները հետագայում դրսեւորել են հանցագործության հատկանիշներ պարունակող վարքագիծը՝ դրա բոլոր հետեւանքներով:

2017թ. նախորդ տարվա համեմատությամբ 250-ով (365-115) աճել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց թիվը: Դա պայմանավորված է ի թիվս այլնի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի ոլորտում 2017թ. մարտի 1-ին կատարված օրենսդրական բարեփոխումներով, որոնց արդյունքում դատապարտյալների դատական պաշտպանության իրավունքի երաշխավորումն ավելի է բարձրացել:

Դրական արդյունքներ են տվել դատախազության նախաձեռնությամբ տուգանքը հանրային աշխատանքներով եւ հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու ինստիտուտը սահմանող նորմերում կատարված փոփոխությունները: Բանն այն է, որ անհրաժեշտ իրավակարգավորումների բացակայության պատճառով տուգանք պատժատեսակի կատարումը դարձել էր անհնարին: Մինչդեռ նոր իրավակարգավորումների ընդունումից հետո տուգանք պատժատեսակի դատապարտված դատապարտյալների կողմից կատարվել է 183.365. 300 ՀՀ դրամ գումարի վճարում:

Նշենք, որ կառավարության որոշմամբ օրերս Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարն առաջնահերթություն է: «Այս բոլոր հարցերը լուծելիս որեւէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքները եւ օրինականության մյուս երեսը: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք պետք է 100 տոկոսով ապահովենք օրինականությունը եւ իրավունքի գերակայությունը, բացառենք, որ որեւէ այլ մեկնաբանություն իրավապահ համակարգի գործողություններին հնարավոր լինի տալ: Հույս ունեմ, որ ՔԿ-ն Ձեր ղեկավարությամբ կգործի հենց այս տրամաբանությամբ»,- ասել է վարչապետը, կարծես պատասխանելով այն հարցին, ինչը բարձրացրել է «Լուսանցք»-ը, որ իրավական գործողությունների ընթացքում երբեմն խառնվում են թացն ու չորը, ինչը կարող է լինել ինչպես վարչապետի ու նրա թիմի, այնպես էլ քննչական մարմնի այս կամ այն պատասխանատուի անձնական շահագրգռվածությամբ պայմանավորված:

Հայկ Գրիգորյանը հավաստիացրեց, որ գործընկերների հետ ցուցաբերված վստահությունն արդարացնելու են միանշանակ, շեշտեց, որ որեւէ կաշկանդվածություն չունեն օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու գործում:

Այս ամենին զուգահեռ վաղուց է սկսվել քրեական կամ ինչպես ասում են նաեւ հանցավոր աշխարհի հեղինակությունների «մշակման» գործընթացը, որը կոչել են հղափոխության եւ նոր իրողությունների հետեւանք…

Այն, որ քրեական աշխարհը վաղուց համագործակցում է քաղաքական աշխարհի հետ, ինչը միայն հայաստանյան իրավիճակ չէ, այլեւս գաղտնիք չէ, սակայն դեռ հասկանալ է պետք, թե այդ աշխարհի այս կամ այն աստիճանակարգի

ներկայացուցիչը ինչպես է տրամադրված, մասնակի համագործակցության է ձգտում, թե այլ նկրտումներ ունի, նաեւ պետք է հասկանալ՝ երկակի է խաղում, թե մեկ այլ բան կա թաքնված:

Այսօր ոստիկաններին չեն նախանձում անգամ նրանց չսիրողները, ոստիականական համակարգը ոչ թե իրավապահ համակարգ է, որին պետք է դիմել ու վստահ լինել, այլ վերածվել է մի համակագի, որն ինքն է դիմում վարչապետին՝ իմանալու իր ինչ անելը… Այսօր ոչ մի քաղաքացի կամ առավել եւս հիմնարկի պատասխանատու վստահ չէ, որ իր դեմ անիրավ բողոքողին կամ ցույց անողին կարող է սաստել ոստիկանությամբ… Անգամ Էջմիածնի գլխավոր եկեղեցուց մի կերպ հանել տվեցին անօրինական ցուցարարներին… Այն ոստիկանությունը, որին դիմում էին անվարան, հետզհետե դառնում է հուշ, ինչպեսեւ այն անվտանգության համակարգը, որը նախ եւ առաջ երկրի արտաքին վտանգներն էր կանխում, ոչ թե այսօրվա պես կաշառակերների կամ իրավախախտների որսով է զբաղված:

Դատախազությունն ու դատարանները դեռ իրենց դերերը չեն փոխել, հետեւենք տեսնենք:

Իսկ ոստիկանության գործը ստանձնել է ազգային անվտանգությունը, ներքին կարգուկանոնի պահպանումը, երեւի շուտով նաեւ թաղային հերթապահությունները կստանձնի, իսկ կարելի՞ է իմանալ, թե պետության ու ժողովրդի անվտանգության գործը որ նախարարությունն է ստանձնել: Երեւի տեղական ինքնակառավարման մարմիններով զբաղվող նախարարությունը, որը մարզպետարաններում ավարտեց տարատեսակ օտարահպատակ շպիոններից մաքրման աշխատանքները եւ հիմա «շպիոններ» է փնտրում քաղաքապետերի, գյուղապետերի եւ ավագանու անդամների շրջանում…

Մարդիկ մի նախադասությամբ են ասում այս ամենի մասին՝ իրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում: Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը բացահայտ կատարողի վիճակում է, որ նախորդ իշխանության ժամանակ անգամ այդպես չէր… Պատճառն այն է, որ ոստիկանությունը նոր բացահայտումների հետեւից է ընկած օրն ի բուն, ինչպես ազգային անվտանգության ծառայությունը, գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը… որոնք մինչեւ ուշ գիշեր, անգամ առանց հանգստյան օրերի մնում են իրենց աշխատավայրերում:

Լուրջ մրցակցություն կա՝ թե ո՛ր իրավապահ մարմինը ամենաշատ բացահայտումը կանի, նույնիսկ եթե դա վերին հրահանգից դուրս է…

Եվ այս օրերին սկսվեց տեղեկատվական մի հոսք, որ չեն խնայում անգամ «օրենքով գողերին» եւ «քրեական հեղինակություններին: Հայտարարվեց, որ ոստիկանությունը խուզարկել եւ դրանց արդյունքում զենք ու թմրամիջոցներ է առգրավվել «օրենքով գողեր» եւ «քրեական հեղինակություններ» համարվող անձանց բնակարաններում: Նշվեց, թե ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված՝ «օրենքով գողեր»՝ «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սեւո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գեւորիկ» մականվամբ Գեւորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։

Հեղափոխական հանրությունը լրջորեն սկսեց ծանոթանալ քրեական աշխարհի հետ, որին փորձում են ամեն կերպ համախմբել հեղափոխական շարժմանը…

Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշումներով խուզարկել են նաեւ քրեական հեղինակություններ՝ «Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո» մականվամբ Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունիմասիվցի Տյոմ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Նորադուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի, «Արտյոմ Կանեւսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո» մականվամբ Պարույր Աղաջանյանի, «Յա-Յա» մականվամբ Արմեն Գրիգորյանի, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի, «Պռատ» մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, «Մասիվցի Ռաֆո» մականվամբ Ռաֆայել Նազարյանի, «Դմբուզ Հենդո» մականվամբ Հենրիկ Մանուկյանի, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի, «Կիեւյանցի Յուրա» մականվամբ Յուրի Ուտոեւի, «Մասիս» մականվամբ Մասիս Գրիգորյանի, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի եւ «Պռոշյանցի Գեւորիկ» մականվամբ Գեւորգ Ավետիսյանի բնակարանները»,- մասնավորապես, հաղորդում է ոստիկանությունը՝ հավելելով, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ:

Հիշյալ «օրենքով գողերն» ու «քրեական հեղինակությունները» բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Փաստորեն թավշյա հեղափոխության ղեկավարները տեղյակ են, որ ընտրություններից առաջ պետք է «թափ տալ» տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, ինչի հետեւանքով «սիրո եւ համերաշխության» կարգախոսներով անգամ Երեւանի քաղաքապետի հրաժարականը «սիրով ստացան», եւ հիմա էլ մյուս քաղաքապետերի «սիրո քայլերին» են սպասում… Տեղյակ են նաեւ, որ պետք է «թափ տալ» գործարար աշխարհը, մշակույթի «մշտառկա դեմքերին» եւ այլն, ինչպեսեւ՝ «գողական աշխարհը»… 

Այս ամենը պետք է ապահանրապետականացվի եւ ընթացս՝ ելքացվի:

Այլապես, անգամ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ իր սիրո եւ համերաշխության հեղափոխության հետեւորդների զգալի մասը արտահերթ ընտրություններին չի շտապելու «փողի բաժանման կենտրոններ» եւ ամեն բան կվերադառնա ի շրջանս յուր… Իսկ իրենք չեն կարող նման կենտրոններ բացել, քանզի կտապալվեն ու կվարկաբեկվեն բոլորովին: Իսկ ՀՀԿ-ն շարունակում է հիմնականում պահպանել իր միասնությունը, ԲՀԿ-ն էլ հայտարարել է, որ ընտրություններին չի լինելու նիկոլական, անգամ բանտից ազատված «Սասնա ծռերի»-ն է իր կողմը քաշում, ՀԱԿ-ն անցել է նախապատրաստական փուլին եւ այսպես շարունակ:

Բայց մի բան կա, որ համեմատության մեջ պիտի դիտարկել: Նիկոլ Փաշինյանը մասնակիորեն կրկնում է Վանո Սիրադեղյանի հակաքրեական քայլերը, սակայն ակնհայտ տարբերությամբ: Վանոն քրեական աշխարհը տեղափոխեց քրեական հիմնարկներ, առաջնորդվելով «գողի տեղը՝ բանտում է» կարգախոսով, իսկ նրանց փոխարեն թաղերում հեղինակություն կարգեց իր այն ոստիկաններին կամ ոստիկանության հետ համագործակցողներին, որոնց այսօր էլ մենթ են որակում… Ինչը խեղեց եւ ոստիկանական համակարգը եւ քրեական աշխարհը եւ թաղերում սկսեց իշխել «բեսպրեդելը»… անգամ ոչ գողական: Նիկոլը այդպես չի անում, գոնե դեռ, բայց փորձում է հեղափոխել քրեական աշխարհը, գոնե դեպի ներկա իշխանության կողմը դարձնել նրանց ուշադրությունը:

Գուցե ներկայիս վարչապետը հասկանում է, կամ հուշել են, որ տարբեր աշխարհների միմյանց խառնումից ավելի վտանգավոր բաներ կարելի է սպասել, ավելի անհասկանալի ու անվերահսկելի են դառնում… Իսկ Հայաստանի քրեական աշխարհը միայն մեր երկրում չէ, որ ծավալված է: Նույնը՝ նաեւ այլ երկրների քրեական աշխարհների մասին կարելի է ասել, որ նրանք եւս իրենց կապերն ունեն տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում:

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին աշխարհի  տարբեր երկրներից Երեւան էին ժամանել հանցավոր աշխարհի մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200-ը «օրենքով գողեր էին»: Հյուրերին դիմավորել էր հայտնի հեղինակություն Արտեմ Կանեւսկոյը՝ Արմեն Կանեւսկոյի եղբայրը, Երեւանցի «օրենքով գողեր» Մանեթի Տղա Սամոյի, Աֆոյի (Խոյեցյան) եւ այլոց հետ:

Արմեն Կանեւսկոյը «օրենքով գող» է թագադրվել 1997թ.՝ 27 տարեկանում, «օրենքով գողերի արքա» Դեդ Հասանի, Վոլչոկի եւ Չիչխենի կողմից: Նա մահացել է 2010թ.՝ 40 տարեկան հասակում, թաղված է Երեւանի Շահումյանի գերեզմանոցում: Եվ Հայաստան ժամանած այդ քրեական դեմքերը, այլ հյուրերի հետ միասին, մոտ 700 հոգի, գերեզմանոցի հարեւանությամբ գտնվող «Սան Լազարո» հանդիսությունների սրահում էին հավաքվել:

Եվ ոստիկանությունը պարզապես հետեւել է ընթացքին: Շատ երկրների նախագահներ են հանդիպում քրեական աշխարհի հեղինակությունների հետ, որպեսզի ինչ-ինչ հարցեր կարգավորեն: Մեր երկրի նախագահները եւս հանդիպել են նման հեղինակությունների հետ, ինչը երեւի թե փորձում է նախաձեռնել նաեւ Նիկոլ Փաշինյանը, սակայն գուցե այլ մտածելակերպով, ինչպես իրենք են ասում՝ նոր իրողություններով պայմանավորված…

Իհարկե, այս դեպքում չի բացառվում, որ քրեական հեղինակություններին դուրս կբերեն միմյանց դեմ:

Իսկ Վրաստանի կառավարությունը վաղուց խստացրել է օրենսդրությունը «օրենքով գողերի» նկատմամբ: Վրաստանի ՆԳ նախարարությունը կառավարությանն էր ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը հաստատվեց եւ խստացվեց պայքարը «օրենքով գողերի» դեմ, մասնավորապես՝ Վրաստանում նախկինում գործող օրենսդրությամբ «օրենքով գողը» ազատազրկվում է 7-10 տարով, իսկ այս փոփոխություններով առաջարկվեց սահմանել 9-15 տարվա ազատազրկում։ Բացի այդ, գողական համայնքի մաս կազմելը կամ անդամակցությունն այդ համայնքին պատժվում էր 5-8 տարվա ազատազրկմամբ, նոր օրենսդրական փաթեթով այժմ 7-10 տարվա ազատազրկում է սպասվում։

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այս կապակցությամբ հայտարարել է, որ օրենսդրական այսպիսի փոփոխությունը կանխարգելիչ նպատակ ունի, ինչպես նաեւ միտված է իրենց հասարակության անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ օրենսդրական մեխանիզմների միջոցով։ «Ուզում եմ նշել եւ վստահեցնել մեր բնակչությանը, որ Վրաստանում գողական մտածելակերպը երբեք չի ամրապնդվի, դա բացառվում է եւ այդ ուղղությամբ մենք լինելու ենք հետեւողական եւ անողոք, քանի որ դա վերաբերում է մեր համաքաղաքացիների հանգստությանը, հանդարտ կյանքին եւ ապագայի կառուցմանը»,- հայտարարել էր վարչապետը։

Որքանո՞վ է հնարավոր Վրաստանի այս փորձը կիրառել Հայաստանում կամ այսպիսի օրենսդրական փաթեթ մշակել եւ «տեղայնացնել» Հայաստանի համար։ Իսկ արդյո՞ք դա կցանկանան անել իշխանության ներկայացուցիչները, թե՞ կնախընտրեն օգտվել այդ աշխարհի հնարավորություններից եւս…

Հայաստանի ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը համոզված է՝ եթե Հայաստանում օրենսդրական նման փաթեթ լինի, ապա այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, այսինքն՝ ըստ նրա բացառված չէ, որ իշխանությունների կամ իրավապահ համակարգի համար «անհաճո անձանց» կարող է «օրենքով գող» լինելու մեղադրանք առաջադրվել եւ ծանրագույն պատժաչափով ազատազրկել։ Իհարկե սա տեսակետ է, բայց…

Հետո Վրաստանում ԽՍՀՄ տարիներից սկսած «օրենքով գող» դառնալու մոլուցք կա: Եթե նայենք թե քանի «օրենքով գող» կա աշխարհում, ապա կհասկանանք վրացիների մտավախությունը, թե «Վրաստանում գողական մտածելակերպը երբեք չի ամրապնդվի»: Ռուսական Prime Crime.ru կայքը պարբերաբար թարմացնում է աշխարհում ապրող «օրենքով գողերի» ցանկը: Իրավապահ մարմինների ունեցած տվյալներով՝ ներկայումս ամբողջ աշխարհում հաշվվում է 451 «օրենքով գող», որոնց մեծ մասը հետխորհրդային երկրների քաղաքացիներ են:

«Օրենքով գողերից» 115-ը գտնվում էն անազատության մեջ, իսկ 12-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Հայտնի է, որ «օրենքով գողերի» թվում գերակշռում են ազգությամբ վրացիները, որոնց թիվը ներկայումս 258 է: Թվաքանակի առումով հաջորդը ռուսներն են՝ 53: Այդ դասկարգման աղյուսակում 3-րդը հայերն են: Ներկայումս ամբողջ աշխարհում կա 27 հայ «օրենքով գող», որոնցից ամենատարեցը՝ 80-ամյա Վանիկ Տեր-Պողոսյանն է: Նա «օրենքով գող» է թագադրվել 1960թ-ին՝ 23 տարեկանում: Քրեական ողջ կյանքի ընթացքում նա ազատազրկման է դատապարտվել է 9 անգամ, ընդ որում 2 անգամ՝ 12 տարվա ազատազրկման: Նրա ամենամեղմ պատժաչափը եղել է 3 ամիսը: Վերջին անգամ «օրենքով գողը» ձերբակալվել է 2008թ-ին՝ Մոսկվայում:

Իսկ ամենաերիտասարդ «օրենքով գողը» հայ է, Սերգեյ Ասատրյանը: Նա ծնունդով Թբիլիսիից է եւ քրեական աշխարհում հայտնի է որպես Օսետրինա-կրտսեր կամ Սերյոժա-Բենթլի: 1986թ.-ին ծնված Օսետրինա-կրտսերին վիճակված էր դառնալ «օրենքով գող», քանի որ նրա հայրը՝ Էդիկ Ասատրյանը, քրեական աշխարհի պարագլուխներից մեկն է համարվում եւ նույնպես ունի «օրենքով գողի» կարգավիճակ: Նա համարվում է հանրահայտ Դեդ Հասանի մերձավորներից մեկը:

Օսետրինա-կրտսերը, չնայած երիտասարդ տարիքին, մեծ հեղիկանություն է վայելում Մոսկվայում բնակվող թբիլիսյան համայնքի շրջանում եւ պատասխանատվություն էր կրում կալանավայրերում գտնվող հեղինակություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուեւ Ռոստովի երկրամասի կալանավայրերի «նայողներին» վերահսկելու համար:

Գողական աշխարհն իր օրենքներն ունի, սակայն այդ աշխարհում էլ կան մարդիկ, որ այնուամենայնիվ չեն մոռանում իրենց ազգային պատկանելությունը: Այդ հարցը համեմատաբար ավելի հեշտ լուծվեց չեչենական գողական աշխարհում, ինչին նպաստեց ռուս-չեչենական պատերազմը եւ չեչենական գողերի գաղտնի աջակցությունն իրենց ազգակիցներին…

Նման մի երեւույթ էլ եղավ ոչ միայն հայ գողական աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցչի՝ Սվո Ռաֆի՝ քրեական աշխարհի կնքահայր Ռաֆայել Բաղդասարյանի հետ: Ինչպես նշվեց, չնայած քրեական աշխարհում ազգային պատկանելությունը գլխավոր դերակատարություն չունի՝ Ռաֆայել Բաղդասարյանը միշտ էլ օգնել է Հայաստանին ու հայերին՝ հատկապես 1989-1992թթ. պատերազմի ու սովի տարիներին: 1988-ի երկրաշարժից տուժած, տնտեսապես ծանր վիճակում հայտնված շատ ընտանիքներ են ստացել նրա աջակցությունը: Փակված երկաթուղագծեր են բացվել, հարյուրավոր ավտոմեքենաներ են մտել Հայաստան ու Արցախ՝ բեռնավորված անհրաժեշտ իրերով, հագուստով, սննդամթերքով:

Սակայն այս մասին նա չի ցանկացել խոսել: Այս մասին պատմում են մարդիկ, ովքեր անմիջականորեն շփվել են նրա հետ, պատմում են մարդիկ, ովքեր բնավ կապ չունեն հանցագործ աշխարհի հետ եւ ծանոթ չեն այդ «կրիմինալի նրբություններին»:

Օրենքով գող’Սվո Ռաֆի առեղծվածային մահը Մոսկվայի Լեֆորտովոյի բանտում՝ ԱԱԾ մեկուսարանում գտնվելու ընթացքում, բազմաթիվ հարցականներ թողեց: Ո՞վ եւ ինչո՞ւ պետք է սպաներ ԽՍՀՄ-ում ամենակարող եւ այդ սահմաններից դուրս իրավապահներին քաջ հայտնի «օրենքով գողերից» մեկին: Հզորներից ում ճանապարհն էր փակել Սվո Ռաֆը, որն այդպես էլ ճակատագրական դարձավ 63 տարի իր դիրքերն անսասան պահած «օրենքով գողի» համար, ով ընդունված էր աշխարհի բոլոր անկյուններում:

1993թ. հունիսի 23-ին Լեֆերտովոյի բանտից հիվանդանոց նրա տեղափոխումը կատարվում էր մեծագույն գաղտնապահությամբ (նրան հիվանդանոց հասցրին ու վիրահատեցին «Աշոտ Բալայան» անվան տակ), բայց նրա «զինակիցներն» ու համակիրները նույն օրն էլ արդեն գիտեին, «կնքահայրն» այլեւս չկա… Սվո Ռաֆին թաղեցին Երևանում, մայրաքաղաք էին հասել մեծ թվով արտասահմանցիներ, ովքեր իրենց երկրների քրեական ոստիկանությունների եւ Ինտերպոլի քարտադարաններում գրանցված էին որպես կրիմինալ աշխարհի հեղինակություններ եւ հետախուզման մեջ էին: Եկել էին Մոսկվայից, նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներից, Գերմանիայից, ԱՍՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, նաեւ Ադրբեջանից: Այդ ժամանակ արցախյան պատերազմն էր, եւ 1993-ին Ադրբեջանի որեւէ պատվիրակության ժամանումը Երեւան պարզապես անհավատալի կարող էր թվալ: Այսուամենայնիվ Սվո Ռաֆի հուղարկավորության ժամանակ որեւէ պատահար տեղի չունեցավ: Գողական աշխարհն ունի իր օրենքները…

«Լուսանցք»-ը միշտ անդրադարձել է տարաբնույթ հայկական աշխարհների համահայկական գործունեությանը եւ հիմա էլ կարծում ենք, որ պետությունը պետք է ոչ թե սեփականացնի կամ մեր-ի ու ոչ մեր-ի բաժանի այդ  տարաբնույթ աշխարհները, այլ օգտագործի բառի ամենադրական իմաստով՝ հանուն երկրի: Քանզի Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական, գաղափարախոսական, քրեական կամ այլ պատկերացումներից…

Ռուսաստանը մշտապես օգտագործել է գողական աշխարհի համաշխարհային հնարավորությունները եւ պետք է հիշեցնենք մի դեպք, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամեն ջանք գործադրեց, որպեսզի հանրահայ քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկով, ով ավելի հայտնի է իր Յապոնչիկ մականունով, ԱՄՆ-ի բանտից տեղափոխվի Ռուսաստան: Վյաչեսլավ Իվանկովը մինչ իր մահը 2009թ. համարվում էր Մոսկվայի սլավոնական խմբավորումների պարագլուխ: 1997թ. ձերբակալվել է ԱՄՆ-ում դրամաշորթման մեղադրանքով: 2005թ. վերադարձել Ռուսաստան: 2009թ. հուլիսին ծանր վիրավորվել է մահափորձի ժամանակ, որից առաջացած բարդացումների պատճառով էլ մահացել է մի քանի ամիս անց:

Կարծիք կա, որ Յապոնչիկը Ռուսաստան էր բերվել, որպեսզի երկրի քրեական աշխարհը դուրս բերի չեչենների, հայերի ու վրացիների ազդեցությունից… Անգամ Սվո Ռաֆի եւ Դեդ Հասանի մահերը կապում են այդ քաղաքականության հետ…

Ինչեւէ: Իսկ Հայաստանում դեռ փորձում են պարզապես մեր-ի ու ոչ մեր-ի բաժանել գողական աշխարհը, ինչպես դա արել են ժողովրդի, հանրության ու հասարակության բոլոր շերտերի հետ:

Իսկ հայկական քրեական աշխարհը ուժեղ դիրքեր ունի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում… Եվ դրանից փորձում են օգտվել այդ երկրները:

Արամ Ավետյան

* * *

Թե երբ են առաջացել «օրենքով գողերը», ոչ ոք հստակ չի կարող ասել: Դժվար է նաեւ հստակեցնել՝ որտեղից է առաջ եկել այդ բառակապակցությունը:  Այդ առթիվ մի քանի վարկածներ կան: Դրանցից ամենահավանականն այն է, որ նման կոչում ստանում է հանցագործը, ով ընդունվել է գաղտնի գողական շրջան, ով պահպանում է իր կողմից ընդունված բոլոր օերնքները: «Օրենքով գողերը» ոչ միայն քրեական աշխարհի էլիտան են, այլեւ նրա լիդերները: Նրանք ամբողջովին պատասխանատու են գաղութների եւ քրեակատարողականների կարգ ու կանոնի համար, կանոնակարգում են նոր «դեմքերին», երրոդական դատավորի դերն են ստանձնում եւ շատ դեպքերում վերահսկում շարքային բանտարկյալների կյանքը…

«Լուսանցք» թիվ 25 (503), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։