Ես բացահայտորեն ասում եմ՝ բոլոր դեպքերում պատերազմ լինելու է…

 Հայրենիքը հանրաքվեով չի տրվում կամ օտարվում

Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

- Վերջին շրջանում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարաբերություններում վերստին աշխուժացել են Արցախի հիմնախնդրի շուրջ քննարկումները: Ի՞նչ է, իսկապե՞ս վտանգ կա, որ մեզանում արձագանքներն ավելի հոռետեսական բնույթ են ստացել:

- Ավելի քան 20 տարի է արցախյան հիմնահարցն առկա է մեր նորագույն պատմության եւ միջազգային քաղաքականության մեջ (առհասարակ, հարցն ավելի խոր արմատներ ունի): Այն 2 տարով ավելի շատ տարեգրություն ունի, քան՝ ինչպես ասում են, մեր 3-րդ հանրապետությունը իր ստեղծումից ի վեր: Հիմնահարցն այս տարիների ընթացքում միշտ էլ վայրիվերումներ է ունեցել եւ հիմա էլ այդպիսի մի գործընթացում ենք հայտնվել: Այնպես որ, Արցախի հիմնահարցի քննարկումների աշխուժացումը նորություն չէ իր բնույթով, սակայն, կա մի փոփոխված հանգամանք՝ միջազգային իրավիճակն է այլ մեր տարածաշրջանում եւ, առհասարակ, աշխարհում: Եվ սա է պատճառը, որ արձագանքները հիմնականում, ինչպես նշեցիք, հոռետեսական են դարձել: Ակնհայտ է, որ հնարավոր են նոր միջազգային ճնշումներ:

- Իսկ ո՞րն է այդ փոփոխված հանգամանքը:

- Այդ հանգամանքը մի քանի գործոնով է պայմանավորված: Նախ՝ Մոսկվան է հայտ ներկայացրել համաշխարհային նոր բեւեռ դառնալու առումով, ինչը, կարծես, Արեւմուտքում միանշանակ չի ընդունվել: Եթե ԱՄՆ-ն դա վտանգավոր է համարել եւ անմիջապես հակադրվել է Ռուսաստանին, ապա Եվրոպան, ի դեմս Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի, հակված չէ կոշտ դիրքորոշում ընդունելու, քանզի կախում ունի ռուսաստանյան վառելիքա-էներգետիկ օժանդակությունից: Ամերիկյան հակադրությունը իրավիճակն ավելի սրեց, երբ որոշվեց Լեհաստանում ու Չեխիայում հակաօդային պաշտպանական եւ հարձակողական համակարգեր տեղադրել: Իհարկե, մինչ այդ ամերիկյան խամաճիկ Միխայիլ Սահակաշվիլու գլխավորած Վրաստանի իշխանությունները, պատերազմ սանձազերծեցին Հարավային Օսիայում՝ հասկանալով, որ դա հանգեցնելու է Ռուսաստանի հետ բախման, եւ այսպիսով եվրոպացիներին առավել համոզիչ դարձրեցին այդ հակաօդային համակարգերի տեղադրման անհրաժեշտությունը՝ դա պայմանավորելով ռուսական նոր ծավալապաշտական վտանգով: Սա Վաշինգտոնի գործելաոճն է, նման սադրանքներով այս երկիրը մասնատել տվեց Հարավսլավիան, հետո՝ Սերբիան, եւ միմյանց հակադրեց Եվրոպական համագործակցությանն ու Ռուսաստանի Դաշնությանը: Նույնն արեց իրաքյան պատերազմից առաջ՝ հակադրություն առաջացնելով Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, եւ հիմա էլ վրաց-օսական հակամարտությամբ սրեց համաշխարհային երկու բեւեռների՝ Եվրոպայի ու Ռուսաստանի հարաբերությունները: Այս ամենն արվում է միաբեւեռ աշխարհի կյանքը երկարաձգելու համար: Իսրայելա-անգլո-ամերիկյան համաշխարհային դավադիր կարգը կգնա ամեն զոհողությունների, որ պաշտպանի իր մասոնա-սիոնիստա-օլիգարխիկ տիրապետությունը: Սա մեկ հանգամանք, երբ համաշխարհային կարգն է փոփոխության ենթակա, եւ երկրորդ, որ այդ իրավիճակից «ծնվեցին» 3 նոր պետությունները՝ Կոսովոն՝ Եվրոպայում, Արեւմուտքի աջակցությամբ, Աբխազիան եւ Հարավային Օսիան՝ Կովկասում, Ռուսաստանի օժանդակությամբ: Այս իրողությունը վերհանեց մի քանի «սառեցված» հակամարտություններ՝ Մերձդնեստրի, Ղրիմի, Հյուսիսային Կիպրոսի եւ հատկապես՝ Արցախի անկախության հարցերը (որը «սառեցված» համարել չի կարելի): Ուստի՝ վերջինս էլ առավել աշխուժացավ, ու հիմնականում կովկասյան նոր ծավալումների հետեւանքով, ինչպես նաեւ՝ Անկարայի՝ Կովկասի կայունության եւ համագործակցության ծրագրի առաջադրմամբ: Կարծում եմ՝ մի կարեւոր գործոն էլ կա, ինչը կապված է Մերձավոր Արեւելքի վաղուց սկսված վերաձեւման հետ: Այս մասին բավականաչափ խոսվել է: Այստեղ էլ մի քանի հանգամանքներ կան, նախ՝ իսրայելա-անգլո-ամերիկյան դաշինքը փորձում է մերձավորարեւելյան սրացումները զուգակցել կովկասյան սրացումներով, ինչը հնարավորություն կտա արագացնել այս ռազմավարական տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձեւման գործընթացը, եւ հետո՝ Արցախի կարգավիճակի որոշմամբ եւ ազատագրված տարածքներում միջազգային զորքերի տեղակայմամբ, նպաստավոր իրավիճակ է առաջանում Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու առումով: Այս նախաձեռնությունը վերջերս Մայնդորֆյան հռչակագրով փորձեց վերցնել Մոսկվան, եւ այժմ քայլը Վաշինգտոնինն ու Բրյուսելինն է: Եթե ԱՄՆ նորընտիր նախագահ դեմոկրատ Բարաք Օբաման փոփոխության ենթարկի Ջորջ Բուշի մարտավարությունը, իրապես ազդի այդ երկրի արտաքին քաղաքականության վրա, ապա հաջորդ տարվա հունվարից Եվրոպայի գործողություններն ավելի կաշխուժանան, գուցեեւ՝ կոշտանան, հատկապես, երբ ԵԱՀԿ ԽՎ-ում լսվելու է Հայաստանի հարցը՝ Երեւանում կատարված մարտիմեկյան դեպքերի քննության կապակցությամբ:

- Այս զարգացումները կարո՞ղ են իրապես ազդել ՀՀ իշխանությունների դիրքորոշման վրա եւ այստեղից էլ ծագեն այն վտանգները, ինչի մասին այսօր արդեն ահազանգում են: Դա առավելապես ազատագրված տարածքներին է վերաբերում:

- Այն փաստը, որ ՀՀ նախագահը դժվար իրավիճակում է հայտնվել, ակնհայտ է: Սերժ Սարգսյանի նախագահությունը սկսվեց ներքին մեծ առճակատմամբ, արյունահեղությամբ, ինչն առ այսօր իր ազդեցությունն ունի ՀՀ ներքաղաքական կյանքում, իսկ վերը նշված արտաքին հանգամանքներն էլ լուրջ եւ լրացուցիչ խնդիրներ առաջադրեցին: Հիմա, այս պահին դժվարանում եմ ասել, թե ինչ լուծումներ կառաջարկի ՀՀ նախագահը, բայց մի բան պարզ է, նա փորձում է հարաբերվել բոլոր առկա եւ հնարավոր համաշխարհային ու տարածաշրջանային բեւեռների հետ: Ռուսաստանյան, ամերիկյան եւ եվրոպական ուղղություններում արդեն քայլեր արվել են (նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք) ու շարունակվում են, իսկ թուրքական, իրանական եւ չինական ուղղություններով նույնպես կան նախաձեռնություններ: Հետաքրքիր է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում արդեն ՀՀ ԱԳՆ-ի կողմից որոշակի կոշտ (իհարկե՝ դիվանագիտորեն) դիրքորոշումներ են նկատվում, ինչը շատ կարեւոր է տարածաշրջանում ինքնահաստատվելու ճանապարհին: Ներքին քաղաքական կայունության հասնելու առումով քայլեր նույնպես արվում են ՀՀ նախագահի կողմից, հասկանալի է, որ դա միայն նրանից կախված չէ, պետական համակարգը լուրջ համախոհներ ունի եւ՛ 1-ին, եւ՛ 2-րդ, եւ՛ 3-րդ նախագահներին ապավինած: Բայց, կարծես ամեն բան արվում է, որ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բոլոր ուղղությունների հետ երկխոսություն լինի: Ահա այս խայտաբղետ վիճակում է հայտնվել Սերժ Սարգսյանը, եւ ես միայն կարող եմ հաջողություն մաղթել նրան, այլապես՝ ինքը կհայտնվի ներքին եւ արտաքին մամլիչների միջեւ, իսկ դա շատ վտանգավոր կլինի ոչ միայն իր, այլեւ մեր բոլորի հետագայի համար:

- Ներքին երկխոսություն ասվածով Սերժ Սարգսյանի եւ մոտ 50 կուսակցությունների ղեկավարների հանդիպու՞մը նկատի ունեք: Որպես մասնակից, ի՞նչ կարծիքի եք այդ հավաքի մասին:

- Ինչպես նշեցի, երկրի նախագահը ՀՀ ներքին քաղաքական կյանքը հանդարտեցնելու, բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսելու նպատակ ունի եւ այս հանդիպումն էլ, կարծում եմ, դրա մի բաղկացուցիչն էր: Ափսոս, որ ընդդիմադիր մի հատվածը՝ Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ղեկավարները, ներկա չէին: Իհարկե, դա իրենց իրավունքն է, սակայն, Արցախի հարցով հրավիրված այդ հավաքին կարելի էր մասնակցել, եւ «տարածքներն արդեն ծախված են» տեսակետը առաջ քաշելու իսկը տեղն էր: Ինչեւէ, շուրջ 50 կարծիք հնչեցին՝ համեմված առաջարկներով եւ հարց ու պատասխանով, որը հանդիպմանը ներկա յուրաքանչյուր գործչի համար դրսեւորվելու տեղ էր, ինչը «դեմ առ դեմ» պայմաններում ավելի հստակեցրեց տեսակետների համադրման կամ հակադրման հնարավորությունները: Հավաքն իրոք անկաշկանդ անցավ եւ չնայած միասնական կարծիքի բացակայությանը, հստակեցվեցին մի քանի տեսակետներ, որոնց կրողները վստահաբար կհամախմբվեն Արցախի խնդրի սրացման դեպքում: Նման նախաձեռնությունը միայն դրական կարելի է գնահատել, քանզի դա նաեւ քաղաքական ուժերի՝ միմյանց հետ շփվելու լավ միջավայր է ստեղծում:

- Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված որոշ ուժեր, լրատվամիջոցներ այդ հանդիպումը որակեցին «սերժականների» հանդիպում՝ «գրպանային» կուսակցությունների մասնակցությամբ:

- Անիմաստ է նման կարծիքներին արձագանքելը, գոնե ես դա անկարեւոր եմ համարում:

- Ինչու՞……

- Որովհետեւ «լեւոնական» եւ «սերժական» ճակատներում կան ուժեր, որոնք այստեղ, այնտեղ եւ ամենուր են: Եվ հիմնականում սրանք են խոսում այս կամ այն կողմի «ծախուների» մասին եւ արի ու տես՝ հենց իրենք էլ «գրպանային» են: Դե՜, պիտի ամեն մեկն իր «բոսսին» հաճոյանա՞, թե՞ չէ: Գիտե՛ք, կարող է մի մտավորական կամ ազգային գործիչ լինի, ում կարծիքն ավելի ծանրակշիռ հնչի, ում հետեւից ավելի շատ մարդ գնա, քան՝ այս կամ այն բեւեռում հավաքված առնետավազքի սովոր մարդկանց, ովքեր ինչ-ինչ կազմակերպությունների նախագահներ են դարձել: Ովքեր կամ իշխանությունների հետ են միշտ (ավելի ճիշտ՝ ընդմիշտ) կամ՝ «աբիժինիկների» շարքերում: Երեկվա «գրպանային» կուսակցություններն այսօր պարկերով են իրենց անդամներին հաշվում, ինչն էլ իր հերթին իրականությանը չի համապատասխանում, իսկ վաղը դրանք գուցեեւ քաղաքական դաշտից իսպառ վերանան անպետք կամ օգտագործված իրի պես, եւ այսօրվա բնորոշմամբ «գրպանային» կազմակերպություններին զիջեն իրենց տեղը: Կուսակցությունը գաղափարախոսությամբ է բնորոշվում, այլ ոչ՝ մարդկանց գլխաքանակով: Այսօր իշխանության կամ փողի շուրջ համախմբված արհեստական քանակը ո՛չ որակ է, ո՛չ էլ գաղափար: Դրանք բոլորն էլ նույն բաներն են բարբաջում, որի պատճառով էլ ՀՀ քաղաքական դաշտն առ այսօր չի կայացել, եւ կայանալու միտում էլ չի նկատվում դեռեւս: Նույնիսկ ներկա իշխանությունն ու ընդդիմությունը որեւէ լուրջ գաղափարաբանական տարբերություն չունեն: Ուշադիր նայեք կուսակցությունների գաղափարախոսություններին եւ կհամոզվեք, որ Հայաստանում ընդամենը 4-5 կուսակցության կարիք կա՝ այսինքն՝ ավելի քան 75 կուսակցություններն իրենց ծրագրերը կազմել են 4-5 գաղափարախոսությունների հենքի վրա: Որպեսզի հանկարծ խոսքս միանշանակ չհնչի, ասեմ, որ եւ՛ ընդդիմությունում, եւ՛ իշխանությունում կան մարդիկ (ընդդիմության ներսում՝ նաեւ ուժեր), ովքեր եղել ու մնում են իրենց դիրքորոշումներին ու դիրքերում, որոնց հետ միշտ էլ կարելի է համագործակցել:

- ՀՀ նախագահի հետ վերոնշյալ հավաքից հետո նշվեց, որ ըստ մասնակիցների որոշման, հղումներ պիտի արվեն առանց մատնանշելու անձին: Սակայն, Ձեր մասին մամուլում մի քանի տեղ գրվեց, թե «ոչ մի թիզ հող» տեսակետն արտահայտողներից մեկն էիք: Ինչպե՞ս եք այդ դեպքում տեսնում Արցախի հիմնախնդրի լուծումը՝ առանց զիջումների:

- Այո՛, նման ներքին որոշում եղավ, որ հղումներ անելուց տեսակետն արտահայտող անձը չնշվի: Ես այդպես էլ արել եմ առ այսօր: Իսկ թե ինչու՞ են իմ անունը նշել, չեմ կարող ասել, չեմ էլ կարեւորում: Միեւնույնն է՝ այն ինչ ասել, ասում եւ ասելու եմ, գաղտնիք չի լինելու եւ Հայ Արիական Միաբանությունը երբեք չի թաքցրել, որ դեմ է հողային զիջումներին, ավելին՝ միացյալ Հայաստանի վերականգման կողմնակիցն է, եւ այստեղ էլ մենք մեր «փուլային փաթեթն» ունենք ու այս մասին ասել ենք նաեւ ՀՀ նախագահի եւ կուսակցությունների ղեկավարների հանդիպմանը: Ինչ մնում է Արցախի հիմնախնդրի լուծմանն առանց հողային զիջումների, ապա ոչ միայն մենք, այլեւ բազմաթիվ գործիչներ, փորձագետներ, դիվանագետներ մինչ այսօր հսկայական վերլուծություններ են ներկայացրել, որոնք հիմնված են հատկապես միջազգային իրավունքի վրա եւ հիմնավորում են Արցախ-ԼՂՀ-ի անկախ կարգավիճակը, ինչպես նաեւ՝ ՀՀ-ին վերամիավորվելու իրավունքը: Հիմա այդ բազում միջազգային պայմանագրերը չներկայացնեմ, հատկապես, որ «Լուսանցք»-ի վերջին թողարկումներում եւ այլ զլմ-ներում դրանք պարբերաբար լուսաբանվում են: Այս ամենը հիմնավորվում են ոչ միայն միջպետական պայմանագրերով կամ միջազգային դաշնագրերով, այլեւ՝ ՄԱԿ-ի նախորդի՝ Ազգերի Լիգայի որոշումներով: Հիմնավորվում են ոչ միայն ազգերի ինքնորոշման կամ պետությունների տարածքային ամբողջականության անձեռնմխելիության միջազգային ներկա երկու հիմնարար սկզբունքներով, այլեւ՝ պատմական արդարության վերականգնման իրավունքով եւ ՄԱԿ-ի ընդունած «Բնիկ ժողովուրդների մասին» հռչակագրով (նույնիսկ՝ «Մարդու իրավունքների մասին» հռչակագրով): Այս ամենն առավել մանրամասն ներկայացրել ենք ասուլիսներում եւ առանձին հոդվածներում: Պարզապես անհրաժեշտ է հավաքական կամք դրսեւորել եւ պետական ամենաբարձր մակարդակով հնչեցնել այս մասին: Ահա, թե ինչու վերը նշեցի, որ Սերժ Սարգսյանը փորձում է հասնել ներքին կայունության, ինչն էլ գուցե նրան ավելի ամուր դիրքերից խոսելու հնարավորություն կտա միջազգային բանակցություններում: Իսկ եթե ՀՀ նախագահը պիտի չհասնի մեր իրավունքների լիիրավ պաշտպանությանը, ապա ավելի լավ է հրաժարական տա, որովհետեւ ունենալով հաղթելու բոլոր հնարավորությունները, չհաղթելը, ավելին՝ տանուլ տալը կնշանակի դավաճանել ազգի եւ երկրի շահերին:

- Գուցե այս մտավախությունն է պատճառը, որ ԱԺ-ում քննարկվեց եւ առաջին ընթերցմամբ հաստատվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը: Գուցե իշխանությունները փորձու՞մ են հենվել ժողովրդի կարծիքին՝ ավելի ամուր դիրքերից խոսելու համար:

- Այդ առաջարկը իսկապես նոր սրացումներ առաջացրեց: Իհարկե, լավ է, որ իշխանությունները ցանկություն ունեն բոլոր կարեւորագույն հարցերում խորհրդակցել ժողովրդի հետ, բայց թե ինչպես են մեզանում կազմակերպվում հանրաքվեներն ու ընտրությունները, գիտե՛նք բոլորս, եւ այստեղից է այդ մտավախությունը: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու բոլորը միանգամից նկատի ունեցան Արցախի եւ ազատագրված տարածքների հարցը: Ուստի՝ պետք չէ որեւէ մեկին մեղադրել այս առումով: Իհարկե, եղան նաեւ շահարկումներ, բայց մտահոգությունը դրանից չի նվազում: Երբ ՀՀ նախագահի եւ կուսակցությունների ղեկավարների հանդիպմանը հնչեց հանրաքվեի մասին հարցը, ինքս նոր հարց բարձրացրեցի, թե ի՞նչ է նշանակում հանրաքվե՝ տարածքների հարցով: Ինչպե՞ս կարելի է հայրենիքի որեւէ հատված օտարելու համար հանրաքվե անցկացնել: Բազմիցս նշել եմ, որ հայրենիքն աստվածատուր է, եւ Հայկական լեռնաշխարհը մեր բնական հայրենիքն է (եւ հայն իր հզորությունը կվերականգնի միայն իր բնաշխարհի ամբողջականության մեջ ապրելով եւ ընդհանուր կենսադաշտի (տիեզերական) ազդեցության ներքո), եւ սա էլ է ամրագրված պատմական հիմքերով եւ ոչ միայն մեր պատմությամբ: Այլ բան է, երբ հայրենիքը օտարն է զավթում, բոլորովին այլ բան՝ երբ մենք ենք պատրաստվում այն զիջել, այն էլ «սեփական» կամքով, առանց պայքարելու: Եթե հանրաքվեով հանկարծ ու… օտարվեն ազատագրված տարածքները, ապա սա մեծ մեղք-բեռ է մնալու մեր սերնդի ուսերին, որն անձնուրաց կերպով ազատագրեց հայկական պատմական տարածքները եւ «հիմարաբար» հանրաքվեով նվիրեց թշնամուն: Ոչ ոք իրավունք չունի նման նզովքի արժանացնել ազգին՝ ներկա սերնդին, ո՛չ երկրի նախագահը, ո՛չ էլ «ժողովրդական» հանրաքվեն: Մի պատճառաբանություն կա, որով իշխանությունները փորձում են արդարացնել հնարավոր հանրաքվեն: Նրանք վստահ են, որ հայությունը կճանաչի Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը կամ վերամիավորումը ՀՀ-ին (չնայած պարզորոշ չեն արտահայտվում բոլոր ազատագրված տարածքների առումով]) եւ սա միջազգային մակարդակներում կօժանդակի մեր նախագահին, կամրապնդի ՀՀ դիրքերը: Գուցե հե՛նց այդպես էլ լինի, այժմ դժվարանում եմ ասել, բայց, միեւնույնն է, որեւէ կերպ հանրաքվեի չի կարելի դնել հայրենիքի հարցը, սա միանշանակ է: Սա դոգմա է: Մի օր էլ կարող է մեկի խելքին փչել, թե հանրաքվեի դնենք՝ մենք հա՞յ ենք, թե այլ անուն որդեգրենք, որ թուրքերն ու ադրբեջանցիները «մեզ չուտեն» կամ՝ անվանափոխենք Հայաստան անունը: Գուցե ծայրահեղ մտքեր եմ ասում, բայց բաներ կան, որ նույնիսկ կասկածի տակ առնելն իսկ վտանգավոր է, նախադեպ է դառնալու եւ, այսպես կոչված, միջազգային հանրությունը պարբերաբար մեզ նման հանրաքվեների է մղելու՝ մաս առ մաս մեր երկիրը բաժանելու, մեզ էլ մեր հայրենիքում օտարացնելու նպատակով: Այսօր ենք արդեն «մութ ուժերի» կողմից համակարգված ճնշման տակ, վաղը եթե թուլակամ եղանք՝ մեզ կուտեն… Եթե հիշում եք, ժամանակին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փորձում էր մի նախագիծ անցկացնել, ըստ որի, 16 տարեկան ՀՀ քաղաքացին անձնագիր ստանալուց կարող էր փոխել նաեւ իր ազգությունը, իհարկե, նախագիծը խճճված էր իբր այլազգի ծնողներ կամ տատուպապեր ունենալու հանգամանքով, բայց վստահաբար շատերի ծնողներն ու տատուպապերն էին այլազգի «դառնալու», եւ այսպես, մի օրվա մեջ (եւ՝ ամեն օր) տասնյակ հազարավոր հայեր կարող էին դառնալ այլազգիներ՝ ինչ-ինչ առավելություններից օգտվելու շահով պայմանավորված: Սա էլ իմ նշած հանրաքվեի պես մի «աբսուրդ» է, օտարի պատվեր եւ կատարող խամաճիկի հոգեբանություն: Այնպես որ մարդիկ մտավախություն ունեն, որովհետեւ իշխանական բուրգում բազում խամաճիկներ կան:

- Իսկ եթե ՀՀ իշխանությունները առաջադրեն Ձեր նշած բոլոր միջազգային իրավունքները եւ առաջնորդվեն ներազգային հպարտությամբ ու այդ ամենը հանկարծ հանգեցնի պատերազմի: Հնարավոր չե՞ք համարում:

- Եթե կարծում եք, որ Ադրբեջանը Արցախ-ԼՂՀ-ի անկախ գոյությունը (կապ չունի՝ ինչքան տարածքով՝ թեկուզ նախկին ԼՂԻՄ-ի) հանդուրժելու է, ապա չարաչար սխալվում եք: Բաքուն հիմա փորձում է հնարավորինս շատ բան պոկել խաղաղ բանակցությունների ճանապարհով, որպեսզի հաջողեցնի նորից իրեն բռնակցել մեր կողմից մի քանի ազատագրված շրջաններ՝ այդպիսո՛վ վերստին մոտենալով ՀՀ սահմաններին, որից հետո, հավատացնում եմ, պատերազմն անխուսափելի կլինի ավելի՝ քան հիմա է: Այն ժամանակ ոչ թե ազատագրված տարածքների սահմաններին կմղենք պարտադրված պատերազմը, այլ՝ ՀՀ սահմաններին: Հիմա էլ մեր Տավուշի մարզի սահմանային գոտիներում անհանգիստ է: Այնպես որ, կարիք չկա մարդկանց վախեցնել՝ իբր չզիջելու դեպքում պատերազմ է սկսվելու: Ես բացահայտորեն ասում եմ, բոլոր դեպքերում պատերազմ լինելու է, Ադրբեջանը պարզապես հարմար պահի է սպասում, ուստի՝ ավելի լավ է մարդկանց նախապատրաստել այս հոգեբանությամբ, քան՝ սին զիջումների ու խաղաղության պատրանքով խաբել ու հետո ժողովրդին խուճապի մատնել, երբ թշնամին անսպասելի քայլ կանի: Եթե հիշում եք, 1988թ. ահեղ երկրաշարժից հետո ադրբեջանցիները մտածեցին, թե քայլարշավով ու երգելով կմտնեն Երեւան: Բայց, եթե մեզ չխանգարեին ներքին եւ արտաքին «խաղարարարները», մենք հաստատ Բաքու էինք մտնելու կամ՝ գոնե Գանձակ: Եվ սա ոչ թե ադրբեջանցիներից ավելի հզոր զենքեր ունենալու արդյունք էր, այլ՝ ազգային մտածելակերպի եւ հաղթողի հոգեբանության: Թշնամուն նախ մտքում են հաղթում, հոգով ու հետո՝ մարտի դաշտում: Որպես ականատես ասեմ, երբ Միխայիլ Գորբաչովն իր Ռաիսայի հետ Գյումրի եկավ, փլատակների վրա աշխատողներս տարբեր կողմերից վազեցինք այնտեղ, որտեղ նա ելույթ պիտի ունենար՝ իբր գոտեպնդող խոսքեր ասեր: Բայց, երբ բահով, լոմով, քլունգով եւ այլ գործիքներով «զինված» մարդիկ հավաքվեցին ու հոգնատանջ, բայց խրոխտ հայացքներով միաբերան սկսեցին վանկարկել «Ար-ցա՛խ, Ղա-րա-բա՛ղ» եւ հայրենասիրական այլ կոչեր, ԽՍՀՄ «գենսեկի» աչքերը վախից կլորացան, թիկնապահները խառնվեցին, իսկ նրա սիրելի կինը փախավ եւ նստեց ավտոբուսի մեջ: Եվ՛ հավաքվածներս, եւ՛ Գորբաչովը, եւ՛ մնացյալ ներկաները հասկացանք, որ շուտով եւ հաստատ Արցախը մերն է լինելու… Ունենալով նման ժողովուրդ եւ իրավական բազմաթիվ հիմքեր՝ չի՛ կարելի զիջել եւ ո՛չ մի թիզ հող: Զիջել՝ կնշանակի անարգել տասնյակ հազարավոր ազատամարտիկների եւ երկրաշարժի զոհերի հիշատակը, նաեւ՝ ապրողների վաստակը: Այն օրերին զարմանալի անեկդոտներ էին պատմվում, ինչը ցուցադրում էր հայոց անկոտրում ոգին, դրանցից մեկը սա էր՝ «մի գյումրեցու փլատակների տակից հանում են եւ սպասում են, թե պիտի անչափ ուրախանա, իսկ նա հարցնում է, Արցախը տվեցի՞ն, ասում են՝ չէ՛, դեռ չեն տվել, նա էլ՝ դե ուրեմն էդ պանելը էլի քաշեք վրես»: Վերջերս Ստեփանակերտից ազատամարտիկների մի խումբ էր զանգահարել մեր գրասենյակ: Ասում էին, չհավատա՛ք, թե արցախցիները կենթարկվեն տարածքները հանձնելու որոշմանը, եթե պետք եղավ, այստեղ էլ հեղաշրջում կանենք, հետո կգանք Երեւան՝ բոլոր նվիրյալների հետ միասին Երեւանը կվերցնենք, նոր միայն Բաքու կշարժվենք միասին: Մեր ժողովրդին պարզապես մի ճշմարիտ նվիրական կայծ է անհրաժեշտ, իրեն արժանի՝ արդար ու ազնիվ վերաբերմունք է պետք ցուցաբերել, եւ նա սարեր շուռ կտա: Հանրահայտ է՝ «խաղաղությու՛ն ես ուզում, պատրաստ եղի՛ր պատերազմի» կարգախոսը, ահա սա՛ պետք է սերմանել մեր մարդկանց սրտերում, բայց նախ պիտի այդ սրտերը փայփայել ու նրանց վստահությունը շահել:

- Ձեր նպատակներին հասնելու համար ի՞նչ նոր քայլեր եք նախաձեռնում եւ արցախյան խնդրի աննպատակահարմար ծավալումների դեպքում ունե՞ք գործունեության ծրագիր:

- Որոշ ժամանակ առաջ մի ասուլիսում հայտնեցի, թե նախաձեռնել ենք մեր պես մտածողների ազգայնական քաղաքական բեւեռի ձեւավորում, այն արդեն ավարտական փուլում է, շուտով կհայտարարի իր ստեղծման մասին: Այս ձեւով, առավել համախմբված ենք փորձելու պաշտպանել մեր քաղաքական տեսակետները եւ՛ ներքին, եւ՛ արտաքին հարցերում: Համատեղ էլ կմշակենք գործողությունների ծրագիր բոլոր դեպքերի համար: Հայ Արիական Միաբանությունը, իհարկե, ունի իր որոշակի ծրագրերը, բայց հիմա անհրաժեշտություն կլինի միասնականացնել դրանք եւ ընդգրկել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի, Ջավախքի եւ սփյուռքի ազգայնական ուժերի ներուժը:

Հարցազրույցը՝ Նարե Մշեցյանի

«Լուսանցք» թիվ 45 (84)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։