Մարզաշխարհի խաչմերուկներում.- Եվրոպայի լիգայի խաղերում «Փյունիկ»-ը մտավ հաջորդ փուլ – «Ալաշկերտ»-ը հրաժեշտ տվեց Չեմպիոնների լիգային, բայց մտավ Եվրոպայի լիգայի 2-րդ փուլ – «Բանանց»-ը եւ «Գանձասար-Կապան»-ը հրաժեշտ տվեցին Եվրալիգային… «Փյունիկ»-ն առաջին հայկական ակումբն է, որ դուրս եկավ Եվրոպայի լիգայի 3-րդ փուլ… Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը եւս դուրս եկավ 3-րդ փուլ… Գյումրիի «Շիրակ»-ը կշարունակի ելույթները Հայաստանի Բարձրագույն խմբում՝ չնայած կադրային խնդիրներին… ՀՖՖ-ն պատասխան Գյումրիի «Շիրակ», Երեւանի «Փյունիկ», «Արարատ» եւ Ալաշկերտ» ակումբների հայտարարությունների… «Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի»,- Ռուբեն Հայրապետյան… Ֆուտբոլային ակումբները Արթուր Վանեցյանի կողմն են, իսկ երկրպագուները՝ Յուրի Ջորկաեֆի… Հայաստանի երիտասարդ բասկետբոլիստները հնարավոր է հանդիպեն ադրբեջանցիների հետ… Հայաստանի պատանի ծանրորդները մեդալներով վերադարձան աշխարհի առաջնությունից… Եվրոպայի պատանեկան առաջնութան առաջին ոսկե մեդալը… Հայ ծանրորդները պատանիների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունում 24 մեդալ են նվաճել… Ըմբշամարտ.- Տիգրան Մինասյանը՝ ոսկե մեդալակիր… Հայ շախմատիստները աշխարհի շախմատային խաչմերուկներում… Լեւոն Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում… Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի ձախողման գլխավոր պատճառը… Օզիլը Էրդողանի հետ հանդիպման պատճառով հեռանում է Գերմանիայի հավաքականից… Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստի խոստովանությունը… Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղեր… Տանկային բիաթլոնում հայաստանցի տանկիստները 1-ինն են՝ խոցել են բոլոր թիրախները… Միջազգային ռազմական խաղեր… Դեբեդում կանցկացվի Հայաստանի ռաֆթինգի առաջին առաջնությունը… Այլ մարզական լուրեր…

Աշխարհի մարզական հեւքից.-

Եվրոպայի լիգա. «Փյունիկ»-ը հաղթեց «Վարդար»-ին եւ մտավ հաջորդ փուլ

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի անցած առաջնությունում 5-րդ տեղը գրաված Երեանի «Փյունիկ»-ը կշարունակի ելույթները Եվրոպայի լիգայի մրցաշարում: Մեր թիմը որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, մրցեց «Վարդար»-ի հետ: Փյունիկցիները նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի ղեկավարությամբ հաջող անցկացրին ամբողջ հանդիպումը, սեփական դարպասն անառիկ պահեցին, իսկ խաղի վերջում 2 գոլ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 2:0: 2 դեպքում էլ աչքի ընկավ թիմի նորեկ Բակար Բալդեն:

Այդպիսով, «Փյունիկ»-ը հաղթեց 3:0 ընդհանուր հաշվով եւ մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպեի ղազախական «Տոբոլ»-ի հետ, որը առաջին փուլում պայքարից դուրս է բերել վրացական «Սամտրեդիա»-ին (1:0, 2:0):

Եվրոպայի լիգա. «Գանձասար-Կապան»-ը հաղթեց, սակայն դուրս մնաց պայքարից

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապան»-ը չկարողացավ հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը եւ ավարտեց ելույթները: Պատասխան խաղում մեր թիմը Երեւանում հյուրընկալեց լեհական «Լեխ»-ին: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ հաշիվն այդպես էլ չբացվեց:

Հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո: Նախ «Գանձասար-Կապան»-ը 2 գեղեցիկ գոլ խփեց եւ հավասարեցրեց ընդհանուր հաշիվը: 50-րդ րոպեին մոտ 15 մետր հեռավորությունից հուժկու հարվածով դարպասը գրավեց Լուբամբո Մուսոնդան: Հաջորդ գոլը գրանցվեց 67-րդ րոպեին, երբ Գեղամ Հարությունյանը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը:

Այդպիսով, եթե խաղն ավարտվեր 2:0 հաշվով, ապա կնշանակվեր լրացուցիչ ժամանակ, քանի մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում գրանցվել էր նույնպիսի հաշիվ, սակայն՝ լեհերի օգտին: Ավաղ, մրցավարի կողմից ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Լեխ»-ի ֆուտբոլիստ Լուկաշ Տրալկան օգտագործեց իր վերջին շանսը եւ տուգանային հարվածով խփեց միակ պատսախան գնդակը: Այդ գոլը լեհերին ճանապարհ բացեց դեպի որակավորման 2-րդ փուլ, իսկ «Գանձասար-Կապան»-ին դուրս թողեց մրցաշարից:

Հանդիպումից հետո «Լեխ»-ի գլխավոր մարզիչ Իվան Դուրդեւիչն ասաց, որ խաղի ընթացքի վրա ազդեց շոգ եղանակային պայմանները, սակայն իրենք հավատացած էին, որ վաղ թե ուշ հասնելու են հաջողության:

«Գանձասար-Կապան»-ի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ իր թիմը դուրս մնաց ոչ թե մարզական բախտի, այլ որակյալ ֆուտբոլիստների բացակայության պատճառով:

Չեմպիոնների լիգա. «Սելթիկ»-ը կրկին ուժեղ գտնվեց «Ալաշկերտ»-ից

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտ»-ը Գլազգոյում 0:3 հաշվով պարտություն կրեց տեղի «Սելթիկ»-ից: Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց շոտլանդացիների հարձակվող Մուսա Դեմբելեն: 3 րոպե անց «Սելթիկ»-ը մնաց 10 հոգով, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Յոզո Շիմունովիչը:

Չնայած թվային առավելությանը, «Ալաշկերտ»-ը չկարողացավ գոլային լուրջ պահ ստեղծել, իսկ ահա տանտերերն արդեն առաջին խաղակեսում եւս 2 գոլ խփեցին եւ հաշիվը դարձրին 3:0: Նախ 11մ հարվածով աչքի ընկավ նույն Մուսա Դեմբելեն, ապա գոլի հեղինակ դարձավ Ջեյմս Ֆորեսթը: Երկրորդ խաղակեսում թիմերը չկարողացան նոր հաջողության հասնել:

Այդպիսով, «Ալաշկերտ»-ը երկրորդ խաղում անընդմեջ պարտվեց նույն 0:3 հաշվով եւ դուրս մնաց չեմպիոնների լիգայի մրցաշարից: Սակայն մեր թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 2-րդ փուլում, որի խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ին եւ օգոստոսի 2-ին:  

Եվրոպայի լիգա. «Բանանց»-ը ավարտեց ելույթները

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Բանանց»-ը Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում մրցեց «Սարաեւո»-ի հետ: Բոսնիայի եւ Հերցեգովինայի մայրաքաղաքում կայացած խաղն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ: Նրանք արդեն առաջին խաղակեսում 2 գոլ խփեցին եւ ընդհանուր հաշիվը դարձրին 4:1: Երկրորդ կեսի միջնամասում «Սարաեւոն» եւս 1 գոլ խփեց եւ ի վերջո խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 3:0:

Այդպիսով, բոսնիական թիմը մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպի իտալական «Ատալանտա»-ի հետ, իսկ «Բանանց»-ը ժամանակից շուտ ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում:

Հայտնի դարձան «Ալաշկերտ»-ի եւ «Փյունիկ»-ի հնարավոր մրցակիցները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարում դեռ չեն կայացել որակավորման 2-րդ փուլի առաջին խաղերը, իսկ ֆուտբոլի եվրոպական միության շտաբ-բնակարանում արդեն տեղի է ունեցել նույն մրցաշարի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը:

Ըստ դրա, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը եթե հաղթահարի Մոնտենեգրոյի «Սուտյեսկա»-ի արգելքը, ապա հաջորդ փուլում կմրցի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Կլուժ» (Ռումինիա)-«Մալմյո» (Շվեդիա) զույգի պարտվողի հետ:

Իսկ ահա «Փյունիկ»-«Տոբոլ» հայ-ղազախական զույգի հաղթողը 3-րդ փուլում կհանդիպի «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել)-«Ռադնիչկի» (Նիշ, Սերբիա) զույգի հաղթողի հետ։

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 9-ին եւ 16-ին: Հավելենք, որ հայկական ակումբները դեռեւս հանդես չեն եկել այդ փուլում:

Եվրոպայի լիգա. «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով պարտվեց Ղազախստանում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երեւանի «Փյունիկ»-ը հյուրընկալվեց ղազախական «Տոբոլ»-ին:

Ղազախաստանի Կոստանայ քաղաքում կայացած հանդիպման առաջին կեսում հիմնականում գրոհում էին «Տոբոլ»-ի ֆուտբոլիստները, իսկ «Փյունիկ»-ը պաշտպանվում էր: Ղազախական թիմին հաջողվեց բացել խաղի հաշիվը երկրորդ կեսի մեկնարկին: Խաղի 49-րդ րոպեին «Տոբոլ»-ից Ֆեդինը ձախ եզրից գեղեցիկ հարվածով գրավեց «Փյունիկ»-ի դարպասը: «Տոբոլ»-ը զարգացրեց հաջողություն եւ հանդիպման 80-րդ րոպեին խփեց նաեւ 2-րդ գնդակը: Աչքի ընկավ Ազատ Նուրգալիեւը: Հանդիպման վերջնամասում` 90-րդ րոպեին Ռուսլան Կորյանը կրճատեց հաշվի տարբերությունը: «Տոբոլ»-«Փյունիկ» 2:1:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ հուլիսի 31-ին Երեւանում:

Պատմություն կերտելով. «Փյունիկ»-ն առաջին հայկական ակումբն է, որ դուրս եկավ Եվրոպայի լիգայի 3-րդ փուլ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակներում Երեւանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Տոբոլ»-ին (1:0): Մեկնարկում հավասար պայքար էր ծավալվել եւ 2 թիմերն էլ հնարավորություն ունեին առաջ անցնելու հաշվի մեջ: Սակայն քիչ-քիչ «Տոբոլ»-ը առավելություն էր ստանում եւ ավելի սուր գրոհներ էր կազմակերպում: Առաջին կեսի միջմնամասում նույնիսկ մի պահ կրքերը բորբոքվեցին: Ղազախական ակումբը խաղակեսի վերջնամասում ավելի լավ տեսք ուներ, քան «Փյունիկ»-ը:

Երկրորդ կեսը «Փյունիկ»-ը բավականին ակտիվ սկսեց եւ մի շարք հնարավորություններ բաց թողեց առաջ անցնելու հաշվի մեջ: Բայց ամեն ինչ փոխվեց խաղի 83-րդ րոպեին, երբ մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց եւ «Տոբոլ»-ի դարպասը գրավեց Մուհամեդ Կոնատեն: «Փյունիկ»-ը հաղթեց նվազագույն հաշվով:

Թեպետ առաջին խաղում «Փյունիկ»-ը պարտվել էր 2:1 հաշվով, բայց մրցակցի դաշտում խփած միակ գոլի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմերից հենց «Փյունիկ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլ: Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Տոբոլ»-«Փյունիկ» զույգի հաղթողը կխաղա «Մաքաբի» (Թել Ավիվ)-«Ռադնիչկի» (Նիշ) զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Մաքաբին» 2:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին:

«Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի խաղում հաղթեց «Սուտյեսկա»-ին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկա»-ին:

Նիկշիչում կայացած հանդիպման արդեն 11-րդ րոպեին մեր թիմի պաշտպան Մլադեն Զելկովիչը հեռահար հարվածով բացեց հաշիվը: Հետագայում կողմերին չհաջողվեց նոր գոլ խփել:

Այդպիսով, «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ եւ լուրջ հայտ ներկայացրեց որակավորման 3-րդ փուլ մտնելու համար: Դրա համար հարկավոր է օգոստոսի 2-ին կայանալիք պատասխան խաղում պարզապես պարտություն չկրել:

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը եւս դուրս եկավ 3-րդ փուլ

Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակներում Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ «Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպումը:

«Ալաշկերտ»-ը երեւանյան հանդիպումն ավարտեց ոչ-ոքի եւ 2 հանդիպումների արդյունքում հաղթելով նվազագույն հաշվով դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլ, որտեղ նրա մրցակիցն է ռումինական «Կլուժ»-ը։

«Փյունիկ»-ը պատվաբեր ոչ-ոքի խաղաց Թել Ավիվի «Մաքքաբի»-ի հետ

Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկ»-ը սեփական դաշտում հյուրընկալեց Իսրայելի 21-ակի չեմպիոն Թել Ավիվի «Մաքքաբի»-ին: Մրցակիցը չնայած կարգով բարձր էր եւ խաղի մեծ մասում տիրում էր նախաձեռնությանը, սակայն «Փյունիկ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի ընտրած պաշտպանողական մարտավարությունն արդարացրեց իրեն եւ թիմը պատվաբեր ոչ-ոքի արեց՝ 0:0:

Այդպիսով, մեր թիմը օգոստոսի 16-ին նախատեսված պատասխան խաղից առաջ պահպանում է հաջորդ փուլ մտնելու հնարավորությունը: Դրա համար հարկավոր կամ կրկին անառիկ պահել սեփական դարպասը եւ փորձել հաղթել 11մ հարվածաշարում, կամ էր արդյունավետ ոչ-ոքի խաղալ:

«Կլուժ»-ը հաղթեց՝ «Ալաշկերտ»-ին 2:0 հաշվով

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Ալաշկերտ»-ը մրցում է ռումինական «Կլուժի» հետ: Առաջին հանդիպումը կայացավ այսօր՝ երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Հետաքրքիր պայքարում անցած խաղում հաղթանակի հասան «Կլուժ»-ի ֆուտբոլիստները՝ 2:0 հաշվով: Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Տուկուդեանը: 2-րդ խաղակեսի սկզբում էլ ռումինական ակումբի խաղացողը կարողացավ դուբլ գրանցել՝ աչքի ընկնելով 11 մետրանոց հարվածից:

«Կլուժ»-ը հաղթում է եւ լուրջ առավելություն ստանում պատասխան խաղից առաջ: 2-րդ մրցավեճը կկայանա օգոստոսի 16-ին:

«Ալաշկերտ»-ը գերխոշոր հաշվով զիջեց «Կլուժ»-ին

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտ»-ը կրկին ձախողվեց՝ ջախջախիչ հաշվով պարտվելով ռումինական «Կլուժ»-ին: Երեւանում կայացած խաղում 0-2 հաշվով մրցակցին զիջելուց հետո «Ալաշկերտ»-ը մրցակցի հարկի տակ պետք է փորձեր առնվազն 2 գնդակ հեղինակել, հետ բերել կորցրածն ու պայքարել փլեյ օֆի ուղեգրի համար, սակայն իրադարձություններն այդ խաղում բոլորովին այլ ընթացք ստացան: «Կլուժ»-ը հենց հանդիպման մեկնարկից տիրեց նախաձեռնությանը և կարողացավ խոշոր հաշվով հաղթանակ տոնել: Խաղն ավարտվեց 5-0 հաշվով:

Արդեն առաջին խաղակեսում «Կլուժ»-ը կարողացավ 2 գնդակի առավելություն ստանալ՝ գործնականում փոշիացնելով «Ալաշկերտ»-ի բոլոր հույսերը: Հանդիպման 19-րդ րոպեին մրցավարն «Ալաշկերտ»-ի դարպասին 11 մետրանոց նշանակեց, որը հստակ իրացրեց Էմանուել Կուլիոն: Իսկ խաղակեսի վերջնամասում Բիլեի Օմրանին երկրորդ գնդակն ուղարկեց երեւանյան ակումբի դարպասը: Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ հյուրերի ակնհայտ առավելությամբ: 58-րդ րոպեին Օվիդիու 3-րդ գնդակն ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը, իսկ 4 րոպե անց Բիլեի Օմրանին դուբլ ձեւակերպեց՝ հաշիվը դարձնելով 4-0: Հանդիպման վերջնամասում էլ երեւանյան ակումբի դարպասը գրավեց Սեբաստիան Մայլաթը: «Կլուժ»-ը ընդհանուր դիմակայությունում 7-0 հաշվով հաղթանակ տոնեց եւ կշարունակի պայքարը Եվրոպա լիգայի փլեյ օֆ փուլում:

«Մաքքաբի»-ն մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել «Փյունիկ»-ի արգելքը

Երեւանի «Փյունիկ»-ը Եվրոպա լիգայի որոկավորման 3-րդ փուլի պատասխան խաղում ձեռքից բաց թողած խաղի մեկնարկում ստացած առավելությունը, պարտվեց ու զրկվեց մրցաշարի փլեյ օֆի ուղեգրից: «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ արձանագրած 0-0 հաշվից հետո մրցակցի հարկի տակ զիջեց 1-2 հաշվով ու դուրս մնաց պայքարից:

Խաղը շատ լավ մեկնարկ ունեցավ հայկական ակումբի համար: Հանդիպման 11-րդ րոպեին «Փյունիկ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Դենիս Վոյնովը: Բաց թողած գնդակից հետո Թել Ավիվի «Մաքքաբի»-ի ֆուտբոլիստները նետվեցին առաջ եւ փորձում էին հետ բերել կորցրածը: Թել Ավիվը ներկայացնող թիմի ֆուտբոլիստները կարողացան մի քանի սուր գրոհներ կազմակերպել «Փյունիկ»-ի դարպասի մոտ, սակայն առաջին խաղակեսում նրանց չհաջողվեց հավասարեցնել հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին 0-1 հաշվով: Երկրորդ խաղակեսի մեկնարկն անհաջող էր արդեն «Փյունիկ»-ի համար: 55-րդ րոպեին երեւանյան ակումբի տուգանային հրապարակում խառը իրավիճակ ստեղծվեց եւ Դոր Միչան կարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը:

Հաշիվը հավասարեցնելուց հետո «Մաքքաբի»-ն տիրեց նախաձեռնությանը՝ 2-րդ գնդակը հեղինակելու համար, քանի որ 1-1 հաշիվը ձեռնտու էր «Փյունիկ»-ին: Ի վերջո, իսրայելական ակումբի ֆուտբոլիստների ջանքերն արդյունք տվեցին: 68-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Էլիրան Աթարը: Բաց թողած 2-րդ գոլից հետո «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները փորձում էին ինչ-որ բան անել իրավիճակը փոխելու համար, սակայն հայկական ակումբի հատուկենտ գրոհներն այնքան էլ վտանգավոր չէին: Այդ ընթացքում «Մաքքաբի»-ի ֆուտբոլիստները կարողացան մի քանի վտանգավոր հակագրոհ կազմակերպել, որոնցից հետո գնդակը ուղղակի հրաշքով չհայտնվեց «Փյունիկ»-ի դարպասում: Հանդիպման վերջնամասում գնդակին ավելի շատ տիրում էին իսրայելական ակումբի ֆուտբոլիստները: 88-րդ րոպեին «Փյունիկ»-ն անկյունային հարվածի իրավունք ստացավ, որի իրացումից հետո որոշակի լարվածություն դաշտի տերերի դարպասի մոտ առաջացավ, սակայն գնդակը դարպասում այդպես էլ չհայտնվեց: Մրցավարի կողմից  ավելացված ժամանակում «Մաքքաբ»-ի ֆուտբոլիստները եւս մեկ անգամ կարող էին աչքի ընկնել, սակայն «Փյունիկ»-ի դարպասապահ Անդրեա Դրագոեւիչը հրաշալի սեյվով փրկեց թիմին: Այնուամենայնիվ, «Փյունիկ»-ին այլեւս ոչինչ անել չհաջողվեց, խաղն ավարտվեց 1-2 հաշվով:

Ադրբեջանցիները պատրաստ են ամենուր վիրավորել հայերին

Լյուքսեմբուրգի «Պրոգրես» ֆուտբոլային ակումբի հայազագի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է վերջերս ադրբեջանական թիմի հետ անցկացրած խաղի մասին: «Այժմ նշում եմ «Գաբալա»-ի նկատմամբ տարած հաղթանակը, որը մեզ թույլ տվեց մտնել Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ: Խաղը շատ բարդ ստացվեց մեր համար: Երբ «Գաբալա»-ն գոլ խփեց, մենք հայտնվեցինք դժվար իրավիճակում: Բարեբախտաբար, կարողացանք պահպանել մեկ գոլի առավելությունը:

Ի դեպ, երբ ես փոխարինման մտա, մրցակիցը սկսեց ավելի ագրեսիվ գործել: Դա ուղված էր ոչ թե մեր թիմի, այլ անձամբ իմ դեմ: «Գաբալայի» ֆուտբոլիստներն խաղի ժամանակ անընդհատ ինձ վիրավորում էին»,- ասել է Ալեքսանդր Կարապետյանը: Նշենք, որ լյուքսեմբուրգյան ակումբը հայազգի հարձակվողին ստիպված չէր տարել Բաքու, որպեսզի զերծ մնար անհարկի միջադեպերից:

Արաս Օզբիլիսը տեղափոխվեց «Վիլլեմ II»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են թուրքական «Բեշիքթաշ»-ին, վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Հոլանդիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Վիլլեմ II» ակումբ

Վարձակալությունը նախատեսված է 2018-19թթ. մրցաշրջանի համար: 28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու 7 համարի մարզաշապիկով:

«Վերջին տարիներին ես քիչ եմ խաղացել: Ինձ համար շատ բարդ է եղել, բայց այժմ ցանկանում եմ վայելել ֆուտբոլը: «Վիլլեմ II» տեղափոխությունն ինձ համար գիտակցված որոշում է»,- ասել է Օզբիլիսը: «Վիլլեմ II»-ի առաջիկա հանդիպումը կայանալու է օգոստոսի 17-ին՝ «Գրոնինգեն»-ի հետ:

Գյումրիի «Շիրակ»-ը կշարունակի ելույթները, չնայած կադրային խնդիրներին

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այսօր իր ֆեյսբուքյան էջում այսպիսի հայտարարություն է տարածել: «Հարգելի երկրպագուներ, ուրախությամբ պետք է նշենք, որ «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջը կատարվեց: Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին, ՀՖՖ ժողովի ժամանակ, կդառնա ֆեդերացիայի նախագահ, եւ արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջադրելու եւ քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ, մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին ռւ պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն»:

Հիշեցնենք, որ «Շիրակ»-ի նախագահ Արման Սահակյանը նախկինում հայտարարել էր, որ թիմը չի մասնակցի բարձրագույն խմբի առաջնությանն այնքան ժամանակ, մինչեւ որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ֆեդերացիայի բոլոր աշխատակիցները հրաժարական չտան:

Սակայն թիմը կադրային խնդիրներ ունի: «Շիրակի» շատ ֆուտբոլիստներ արդեն տեղափոխվել են տարբեր ակումբներ: Մասնավորապես՝ Անատոլի Այվազովը, Սոլոմոն Իմե Ուդոն, Իգոր Ստանոեւիչը տեղափոխվել են «Բանանց», Հրայր Մկոյանը, Ռոբերտ Դարբինյանը, Վարդան Բակալյանը՝ «Արարատ-Արմենիա», Ժիրայր Մարգարյանը՝ «Արցախ»:

Այն, թե ակումբի ղեկավարությունն ինչպես է լուծելու այդ հարցը, ցույց կտա ժամանակը: Սակայն գլխավորն այն է, որ «Շիրակ»-ը շարունակելու է ելույթները բարձրագույն խմբում, քանի որ այն միակ թիմն է, որն առանց ընդմիջման հանդես է եկել Հայաստանի Հանրապետության բոլոր առաջնություններում:

«Շիրակ»-ի մի շարք ֆուտբոլիստները վերադարձել են թիմ

«Շիրակ»-ի մի շարք ֆուտբոլիստներ կրկին հանդես կգան նույն ակումբում: Թիմի դարպասը կրկին կպաշտպանի Վսեւոլոդ Երմակովին, ով նախկինում ևս հանդես էր գալիս գյումրեցիների կազմում: Կենտրոնական պաշտպան Արտյոմ Միքայելյանը եւ հարձակվող Արամ Մուրադյանը նորից կխաղան «Շիրակ»-ում:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի մեկնարկային տուրում «Շիրակ»-ը ուժերը կչափի «Բանանց»-ի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին Երեւանում:

Հայաստանում ֆուտբոլի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 4-ին

Հուլիսի 21-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստում  հաստատվել են Հայաստանի բարձրագույն եւ 1-ին խմբերի առաջնությունների, ինչպես նաեւ գավաթի խաղարկության խաղացանկերը, Հայաստանի ակումբների միջեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2018-2019թթ. խաղաշրջանի մրցումների անցկացման կանոնակարգը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 4-ին «Բանանց»-«Շիրակ» եւ «Լոռի ՖԱ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումներով: Հաջորդ օրը կկայանան «Արարատ»-«Ալաշկերտ» եւ «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղերն: Առաջին տուրում ազատ կլինի «Արցախ ՖԱ»-ն:

Գավաթի խաղարկությունը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին, նախնական փուլի խաղերով: Առաջին փուլում միմյանց հետ կհանդիպեն հետեւյալ թիմերը.

«Լոկոմոտիվ»-«Արարատ», «Յունիոր Սեւան»-«Լոռի ՖԱ», «Երեւան»-«Արարատ-Արմենիա», «Արցախ ՖԱ»-«Շիրակ»:

Ռուբեն Հայրապետյանը պատժո՞ւմ է թիմերին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի առաջնության Բարձրագույն եւ Առաջին խմբերի, ինչպես նաեւ գավաթի խաղարկության խաղացանկը: Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալու համար, որ ինչ–որ բան այստեղ այնպես չէ:

Դժվար է ասել, թե ինչով ու ինչպես են մտածել ՀՖՖ գործկոմի անդամները, սակայն բավական թվով խաղեր, որոնք կայանալու են օգոստոսին, սկսվելու են ժամը 12.30-ին, 13.00-ին կամ, ասենք, 14.00-ին: Նման որոշում կայացնողներին 2 ժամ առանց քայլելու, առանց վազելու օգոստոսին, նշյալ ժամերին արևի ուղիղ ճառագայթների տակ ընդամենը կանգնեցնելու պարագայում ի՞նչ կլինի նրանց հետ, դժվար չէ պատկերացնել:

Այդ դեպքում ինչպե՞ս են ֆուտբոլիստներն ու մրցավարները հանդիպում անցկացնելու: Հասկանալի է, որ պաշտոնապես կպատասխանեն, թե մարզադաշտերը քիչ են, ամեն դաշտում մեկ օրում 2 խաղ է անցկացվում: Բայց դա անիմաստ պատճառաբանություն է, որովհետև գոնե օգոստոսին կարելի է մեկ փուլը անցկացնել ոչ թե մեկ, այլ 2 օրվա ընթացքում:

Այնպիսի տպավորություն է, որ Ռուբեն Հայրապետյանն ուղղակի «մուռ է հանում» թիմերից, որոնք դուրս եկան իր դեմ, ապա եւ հայտարարեցին ՀՖՖ նախագահի պաշտոնում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:

Քանզի հազիվ թե ֆեդերացիայում տեղյակ չլինեին, որ Արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարություններն անընդհատ ամռան ամիսներին հետեւողականորեն կոչ են անում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում:

«Արարատ-Արմենիա»-ն հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջնությունում, «Բանանց»-ն ու «Շիրակ»-ը չպարզեցին հաղթողին

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ առաջնությունը, որին մասնակցում են 9 թիմեր: Մեկնարկային փուլի առաջին խաղային օրը կայացան 2 հանդիպումներ: Երեւանի «Բանանց»-ը տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Գյումրիի «Շիրակ»-ի հետ, իսկ «Արարատ-Արմենիա»-ն Վանաձորի ֆուտբոլային ակադեմիայում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լոռի»-ի նկատմամբ: «Արարատ-Արմենիա»-ի կազմում հաշիվը 67-րդ րոպեին բացեց բուլղարացի հարձակվող Ւվայլո Դմիտրովը, որը խփեց Հայաստանի 2018/19թթ. առաջնության առաջին գոլը:

«Արարատ-Արմենիա»-ն ու «Լոռի»-ն նորամուտը նշեցին Հայաստանի Բարձրագույն խմբում: Օգոստոսի 5-ին փուլը կեզրափակվի Երեւանի «Նաիրի» ստադիոնում կայանալիք «Արարատ»-«Ալաշկերտ» խաղով: «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը հետաձգվել է, քանի որ օգոստոսի 7-ին երեւանյան ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի դիմակայության առաջին խաղ է անցկացնելու Թել Ավիվիի «Մաքաբիի» հետ:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջին փուլը բաց է թողնում «Արցախ»-ը: Հայաստանի նախորդ 3 առաջնություններում չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Ալաշկերտ»-ը:

Հայաստանի առաջնություն, առաջին փուլ

Օգոստոսի 4

«Լոռի»-«Արարատ-Արմենիա»՝ 0:2

Իվայլո Դմիտրով, 67, Հրայր Մկոյան, 86 (11մ)

«Բանանց»-«Շիրակ»՝ 0:0

Օգոստոսի 5

«Արարատ»-«Ալաշկերտ»՝ 17:00

«Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղը հետաձգվել է անորոշ ժամանակով

 «Գանձասար-Կապանը»-ը հաղթել է «Արցախ»-ին

«Գանձասար-Կապանն» ու Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ «Արցախն» օգոստոսի 4-ին ստուգողական խաղ են անցկացրել Աշտարակի քաղաքային ստադիոնում: «Գանձասար-Կապանը» 2:1 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանի դուբլի շնորհիվ: «Արցախից» տուգանային հարվածով աչքի է ընկել Սարգիս Բալոյանը:

Հիշեցնենք, որ «Արցախը» բաց է թողնում օգոստոսի 4-ին մեկնարկած ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջին տուրը, քանի որ առաջնությանը մասնակցում են 9 թիմեր: Օգոստոսի 5-ին նախատեսված «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումն էլ հետաձգվել է, քանի որ օգոստոսի 7-ին երեւանյան ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության առաջին խաղ է անցկացնելու Թել Ավիվիի «Մաքաբի»-ի հետ:

«Արցախ»-ը եւ «Արարատ»-ը հաղթանակներ տոնեցին 2-րդ փուլում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում կայացան 2 հանդիպումներ:  «Արցախ»-ը իր անդրանիկ հանդիպումն ավարտեց հաղթանակով՝ գերազանցելով «Բանանց»-ին: Միակ գնդակը հեղինակեց Գրիգոր Աղեկյանը:

Օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց «Արարատ»-ին 1:2 հաշվով: «Արարատ»-ի կազմում մեկ գոլ խփեց Իվայլո Դմիտրովը, իսկ Հրայր Մկոյանը դարձավ ինքնագոլի հեղինակ: 3-րդ հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, որտեղ կմրցեն «Շիրակ»-«Լոռի» զույգերը:

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչման հավակնորդներին

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա ֆուտբոլիստի կոչման 10 հավակնորդի։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին համապատասխան տեղեկատվությունը կազմակերպության պաշտոնական Թվիթերում է։
Հավակնորդների ցուցակում են՝ Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Քեւին դե Բրեյնե (Բելգիա), Անտուան Գրիզման (Ֆրանսիա), Էդեն Ազար (Բելգիա), Հարրի Քեյն (Անգլիա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Լիոնել Մեսսի (Արգենտինա), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա), Մուհամեդ Սալահ (Եգիպտոս), Ռաֆայել Վարան (Ֆրանսիա)։
Խաղացողներն ընտրվել են՝ հաշվի առնելով նրանց ելույթները 2017թ. հուլիսի 3-ից 2018թ. հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածը։
ՖԻՖԱ-ի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում։

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 100-րդն է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը եւ զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը՝ առաջադիմելով 6 աստիճան։ 2-րդ տեղում է Բելգիան, 3-ում՝ Բրազիլիան։ 4-ում տեղում է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, որն առաջադիմել է 16 աստիճան։ Լավագույն հնգյակը եզրափակում է  Ուրուգվայը։

Հայաստանն ունի 1227 վարկանշային միավոր։

ՀՖՖ հայտարարությունը «անհասկանալի» հայտարարության մասին – «Շիրակի» անհասկանալի նոր հայտարարությունը

Երեկ ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկեց բոլոր հնարավոր վերջնաժամկետների խախտումով բերված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի` ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու դիմումը: Կայացվեց բացառիկ, նախադեպը չունեցող որոշում. թույլատրել՝ հանուն հայկական ֆուտբոլի, «Շիրակ»-ի երկրպագուների, ֆուտբոլիստների եւ մարզիչների: Սակայն ակնհայտ է, որ այդ որոշումը շատ անսպասելի էր ու բոլորովին էլ չէր բխում «Շիրակ» ակումբի ղեկավարների շահերից, ինչն էլ ապացուցվեց վերջիններիս հապշտապ հայտարարությամբ, որ ճիշտ է, ՀՖՖ-ն թույլատրեց, բայց մենք դա չէինք պլանավորել  ու …….. հա …. հիմա կրկին պնդում ենք այն՝ ինչ ասել էինք մինչեւ ՀՖՖ-ին դիմելը. այսինքն չենք մասնակցի, մինչեւ ՀՖՖ վերջին «պահակն ու վարորդը» չհեռանան: Շատ ծիծաղելի կլիներ այս ամենն, իհարկե, եթե «խաղն այս խաղային մանկապարտեզի երեխաները»:

Ո՞վ չէր հասկանում, որ «Շիրակ»-ի ղեկավարին այլեւս ձեռնատու չէր ֆուտբոլում գումարներ ծախսելը, կամ, որ «պայմանավորված խաղ» կազմակերպելու նպատակը Չեմպիոնների Լիգայից հնարավորինս շատ գումարներ ետ բերելն էր: Բոլոր այս եւ այն ամենի մասին, ինչ արվում է «Շիրակ»-ի կողմից առ այսօր՝ դեռևս կանխատեսվել եւ բարձրաձայնվել էր առաջին իսկ օրերին: Հետեւաբար անկախ ամեն ինչից՝ մեկ անգամ եւս կոչ ենք անում նեղ ու ճղճիմ անձնական նպատակներն ու խնդիրները չբարդել ֆուտբոլի, նրա մասնակիցների ու շահառուների, եւ այս ամենի՝ ակամայից ականատես ու վկա դարձած հանրության վրա:

ՀՖՖ-ն բավարարեց «Շիրակ»-ի դիմումը` հանդես գալ բարձրագույն խմբում

Հուլիսի 17-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցը վերաբերվում էր ՀՖՖ արտահերթ ժողով անցկացնելուն: Նշված անհրաժեշտությունը առաջացել է օրենսդրական փոփոխությունների հետևանքով, համաձայն որի ՀՖՖ-ն, որպես իրավաբանական անձանց միություն պետք է մինչեւ 2019թ-ի փետրվար ամիսը վերակազմակերպվի Հասարակական Կազմակերպության:

ՀՖՖ վերակազմակերպման գործընթացը կուղեկցվի ՀՖՖ նախագահի եւ գործադիր կոմիտեի ընտրությամբ: Գործադիր Կոմիտեի անդամները տեղեկացվեցին նաեւ, որ ՀՖՖ-ն, ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի հետ համատեղ մշակում է ՀՖՖ նոր կանոնադրության նախագիծ, որը պետք է ներկայացվի ՀՖՖ առաջիկա արտահերթ ժողովի հաստատմանը: Նոր կանոնադրության նախագծում հաշվի կառնվեն ինչպես ներպետական օրենսդրության փոփոխությունները, այնպես էլ ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կողմից ազգային ասոցիացիաների կանոնադրություններին ներկայացվող պարտադիր պահանջներում տեղ գտած փոփոխությունները: Գործադիր կոմիտեն որոշեց որպես արտահերթ ժողովի անցկացման  նախնական ժամանակաշրջան սահմանել 2018թ-ի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը:

Օրակարգային հարցերի թվում Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները և 2018-2019թթ. մրցաշրջանի ֆուտբոլի մանկապատանեկան եւ մանկական մրցումների անցկացման կանոնանակարգերը: Օրակարգային հարցերից էր «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից հուլիսի 16-ին ներկայացված դիմումի քննարկումը, որով ակումբը ՀՖՖ-ին ներկայացրել է՝ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2018-2019թ.-ի մրցաշրջանին մասնակցելու վերաբերյալ Հավաստագիրը: Հավաստագրի ուշ ներկայացումը ակումբը բացատրել է առաջին թիմի ռազմավարական ուղղության հստակեցման հետ:

Գործադիր կոմիտեն քննարկելով ներկայացված դիմումը, հաշվի առնելով ակումբի երկրպագուների եւ ֆուտբոլասերների  շահերը, մարզում ֆուտբոլի զարգացման ընդհանուր քաղաքականությունը՝ որոշեց բավարարել դիմումը եւ թույլատրել «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին  հանդես գալ ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում:

Բարձրագույն խմբի առաջնությանը «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի մասնակցությունը թույլ տալու հետեւանքով կանոնակարգի նախագծում եւ խաղացանկում առաջացած անհրաժեշտ նոր փոփոխություններ կատարելու անհրաժետությամբ՝ ՀՀ ակումբների միջեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2018-2019թթ. խաղաշրջանի մրցումների անցկացման կանոնակարգի եւ խաղացանկի հաստատման օրակարգային հարցի քննարկումը հետաձգվեց  2 օրով:

Ռուբեն Հայրապետյան. «Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի»…

ԶԼՄ-ները դեռեւս մեկ շաբաթ առաջ նշել էին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին այդ պաշտոնում կփոխարինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինիս մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այդ լուրերը:

Ըստ էության, այդ տեղեկությունները փաստացի հաստատվեցին: Ռուբեն Հայրապետյանն, իհարկե, դեռեւս հրաժարական չի ներկայացրել, սակայն խոսելով սեպտեմբերին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին՝ ասաց. «Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ՝ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն»:

ՀՖՖ նախագահը նաեւ նշել է, թե ինչու է ԱԱԾ տնօրենը լավագույն տարբերակը. «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջեւ կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Մյուս կողմից՝ պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն»»:

Ֆուտբոլային ակումբները Վանեցյանի կողմն են, իսկ երկրպագուները՝ Ջորկաեֆի

Սեպտեմբերին կկայանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արթահերթ ժողովը, որը կուղեկցվի նաեւ ՀՖՖ նախագահի եւ գործադիր կոմիտեի ընտրությամբ: Գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով այդ պաշտոնի լավագույն թեկնածուն ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանն է: «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժման անդամների կարծիքով լավագույն թեկնածուն հայկական արմատներով ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն է:

Մի հարցման արդյունքներով երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում ցանկանում են տեսնել հենց Յուրի Ջորկաեֆին՝ 70%: Քվեարկողների 20%-ն իր ձայները տվել են Արթուր Վանեցյանին: Ֆուտբոլասերների 7%=ը կարծում է, որ ֆուտբոլի ֆեդերացիան պետք է այլ մարդ ղեկավարի, իսկ 2%-ը ցանկանում են վերընտրվի Ռուբեն Հայրապետյանը:

Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլային ակումբները պաշտպանում են Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Նման հայտարարությամբ արդեն հանդես են եկել «Ալաշկերտ»-ը, «Փյունիկ»-ը, «Շիրակ»-ը, «Արարատ»-ը, «Արցախ»-ը:

Դա վկայում է այն մասին, որ ֆուտբոլային ակումբների ղեկավարներն ու ֆուտբոլասերները բոլորովին տարբեր կերպ են պատկերացնում հայկական ֆուտբոլի զարգացումն ու կառավարումը:

«Փյունիկ»-ը կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

«Փյունիկ»-ի ղեկավարությունը մեծ ոգեւորությամբ է ընդունել լուրը, ըստ որի Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ Մենք հասկանում ենք այս որոշման ողջ բարդությունը եւ պատասխանատվությունը՝ հատկապես հիմա, երբ ԱԱԾ-ի եւ Արթուր Վանեցյանի առջև դրված են մեծամասշտաբ այլ առաջադրանքներ։

Մենք լիովին պաշտպանում ենք Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Նրա ընտրվելու դեպքում, մեր անունից պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մանկապատանեկան, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի հայաստանյան առաջընթացի»։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այսպիսի հայտարարություն է կատարել իր պաշտոնական կայքում: Դա նշանակում է, որ ակումբի ղեկավարությունն համաձայն է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որը 2 օր առաջ ասել էր, որ «ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է»:

ՀՖՖ-ն պատասխանել է «Փյունիկ»-ի հայտարարությանը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջովին կառուցված է ստի, կեղծիքների եւ փաստերի խեղաթյուրման հիման վրա.

  1. ՀՖՖ նախագահը, իհարկե, դրական է գնահատել «Փյունիկ»-ի՝ «Երեւան» ՖԱվերանվանման նախաձեռնությունը եւ, իհարկե, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտը հայտնել է իր պատրաստակամությունն անվանափոխման հնարավոր գործընթացին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար: Սակայն, ի տարբերություն «Փյունիկ»-ի սոսկ հայտարարությունների՝ նախկինում բոլորին հայտնի «Երեւան» ֆուտբոլային ակումբի սեփականատերն օրենքով սահմանված կարգով գրանցել եւ ՀՖՖ-ում հայտավորել է  «Երեւան» թիմը:  Այսինքն,  առնվազն անգրագետ պետք է լինել կամ այդպիսին ձեւանալ, որպեսզի սեփական «անգործությունը» կամ այլոց «գործությունը» բարդել ՀՖՖ-ի վրա:
  2. Բացարձակ սուտ է եւ հերյուրանք է այն, որ իբրև թե «Փյունիկ»-ի սաները մեկ տարով փոխանցվել են «Ավանի Ակադեմիային» եւ ապա հետ վերադառնալու փոխարեն՝ ապօրինի տեղափոխվել «Երեւան» ֆուտբոլային ակումբ: Ստախոսներինառաջարկում ենք հրապարակել գեթ մեկ փաստաթուղթ՝ ի պաշտպանություն իրենց հայտարարության: Ավելին,  այդ ո՞ր «Փյունիկ»-ի սաների մասին են խոսում. այն «Փյունիկ»-ի, որն ամբողջությամբ, ներառյալ գրեթե բոլոր սաների իրավունքները, ձրի, առանց կոպեկ փոխհատուցման նվեր են ստացե՞լ: Բացի այդ, համաձայն այդ նույն՝ իրենց հիշատակած «Երեւան» ակումբի ղեկավարների հայտարարության, անգամ իրենք դեռ չեն որոշել իրենց թիմի կազմը, իսկ ահա «Փյունիկ»-ն արդեն «գուշակել» է:
  3. «Հանրապետական» մարզադաշտի վարձավճարը, իրոք, բարձրացել էև բարձրացել է ոչ միայն «Փյունիկ»-ի, այլեւ բոլոր վարձակալողների համար: Սակայն զգալիորեն բարձրացել են նաեւ ՈւԵՖԱ-ի կողմից Եվրագավաթների մասնակցության ծախսերը հոգալու համար ակումբներին տրվող աջակցությունները: Տարիներ շարունակ ՀՖՖ-ն փոխհատուցել է մարզադաշտի շահագործման ծախսերի տարեկան 80-100 միլիոն դրամ դեֆիցիտը` այդպիսով լրացուցիչ աջակցություն ցուցաբերելով միայն մարզադաշտը վարձակալողներին: Այսուհետ, այդ միջոցները կուղղվեն մարզային ֆուտբոլային սուբյեկտներին, որոնք ՈւԵՖԱ-ից ուղղակի աջակցություն չեն ստանում:
  4. Սուտ է այն հայտարարությունը, որ«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան մարզադպրոցի տարածքները երկարաժամկետ օգտագործելու իրավունք ունի: Կխնդրեինք «իրավունքի մեծն գիտակներին» հրապարակել այդ իրավունքի համար հիմք հանդիսացող պայմանագիրը:
  5. Ստոր սուտ եւ կեղծիք էհատկապես այն հայտարարությունը, իբրեւ թե ՀՖՖ-ն հայտարարել էր, որ «Փյունիկ» ՖԱ-ից ժողովին մասնակցել է 3 ներկայացուցիչ։ Ուղղակի չէր կարող լինել նման հայտարարություն, քանի որ ի տարբերություն «Փյունիկ»-ի, ով որդեգրել է ստահոդ հայտարարությունների, պատերի տակ վայրահաչելու, ցանկալին իրականի տեղ ներկայացնելու գործելաոճ, ՀՖՖ-ն մշտապես գործել է միջազգային եւ ազգային օրենսդրության պահանջների շրջանակներում:

Հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք «Փյունիկ» ՖԱ ղեկավարության հրապարակային ներողությունը, այլապես ՀՖՖ-ն հարկադրված կլինի սահմանված կարգով պաշտպանել իր իրավունքները համապատասխան դատական ատյաններում: Ինչ վերաբերվում է «Արարատ» ակումբի՝ ՀՖՖ կողմից «Արարատ Արմենիա» ապօրինի գրանցման վերաբերյալ հայտարարությանը, ապա պաշտոնապես հայտարարում ենք, որ ընդհակառակը՝ ՀՖՖ-ն որեւէ իրավունք չուներ չգրանցելու «Արարատ-Արմենիա»  ֆուտբոլային ակումբին:

«Արարատ»-ը ՀՖՖ-ի պատճառով կրկին հայտնվել է նույն խնդրի առջեւ

Երեւանի «Արարատն» իր պաշտոնական կայքում նույնպես հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության հետ: Ահա այն. «Հարգելի երկրպագուներ, Արդեն մի քանի տարի էլ ՀՖՖ մշտապես խնդիրներ է առաջացնում «Արարատ» ակումբի համար՝ տարբեր անօրինական միջոցներով զրկելով թիմին չեմպիոնական տիտղոսներից։ Մասնավորապես, բոլորն էլ հիշում են 2008թ. «Արարատ»-«Փյունիկ» խայտառակ ոսկե խաղը, երբ մեզ ամեն գնով չթողեցին նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Այնուհետեւ, անհասկանալի պատճառներով զրկեցին ՈՒԵՖԱ արտոնագրից եւ «Արարատը» հնարավորություն չունեցավ մասնակցելու Եվրոպա լիգայի որակավորման փուլին։

«Արարատ»-ի ղեկավարությունը մինչ 2008թ. լուրջ ներդրումներ է կատարել՝ փորձելով զարգացնել հայկական ֆուտբոլը։ Սակայն ՀՖՖ տարիներ շարունակ, մեղմ ասած, անհարգալից պահվածքը, «Արարատ»-ի ղեկավարությանը թույլ չտվեց իրականացնել իր առջեւ դրված նպատակները։ «Արարատ»-ի ղեկավարությունը պատրաստ է կրկին մեծ նեդրումներ կատարել, եթե ՀՖՖ նախագահը եւ աշխատակազմը  հրաժարական ներկայացնեն։

«Արարատ»-ն ամեն տարի կանգնած է մարզադաշտ գտնելու խնդիրների առջեւ։ ՀՖՖ ոչ մի կերպ չի ցանկանում «Արարատ»-ին տրամադրել որեւէ մարզադաշտ՝ տնային հանդիպումներն անցկացնելու համար։ Մենք ստիպված ենք ամեն տարի նոր մարզադաշտում անցկացնել առաջնության տնային հանդիպումները։ Կարծում ենք ավելորդ է ևս մեկ անգամ նշել խայտառակ մրցավարության մասին։ Բոլորին էլ քաջ հայտնի է, որ մրցավարները դաշտում կատարում են ՀՖՖ նախագահի հրահանգները։ Եվ բոլորից շատ այդ արատավոր երեւույթից տուժել է հենց «Արարատ»-ը։

Այն ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին կայացած ՀՖՖ-ի արտահերթ նիստին, մենք որակում ենք ուղղակի խայտառակություն։ ՀՖՖ-ի նպատակն էր «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ին ադամակցության դադարեցումը։ Բացի այդ, նրանք ՀՖՖ-ի կազմ էին ներգրավում նոր անդամների, որոնց գործունեության մասին ոչ մի տեղեկություն չկար։

Իսկ այժմ, կարծում ենք, որ անցել են բոլոր բարոյական սահմանները եւ նոր թիմ են հայտավորում «Արարատ Արմենիա» անունով։ Մենք ցանկանում ենք հայտնել մեր խորին վրդովմունքը այդ կապակցությամբ, քանի որ «Արարատ»-ն ունի տասնյակ տարիների պատմություն  եւ համարվում է հայկական ֆուտբոլի վառ կետերից մեկը։

Պետք է նշենք, որ այս ամենը շփոթություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ միջազգային լրատվամիջոցներում։ Այսպիսով, հուլիսի 12-ին տեղի է ունեցել միջազգային ընկերական հանդիպում ռուսական «Չայկա» եւ «Արարատ Արմենիա» թիմերի միջեւ, սակայն բոլոր կայքերում, որոնք գրել էին այդ հանդիպման մասին, նշված էր «Արարատ» Երեւան, ինչպես նաեւ դրված էր մեր տարբերանշանը։ Սա մեր իրավունքների ոտնահարում է։ Հորդորում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «ուշքի գալ»  եւ լուծել այս հարցը, այլապես մենք ստիպված կլինենք դիմել կտրուկ քայլերի՝ հարցը բարձրացնելով սպորտային արբիտրաժային դատարանում։ Նշենք նաեւ, որ մեր շվեցարացի եւ ամերիկացի բարձրակարգ իրավաբաններն արդեն իսկ աշխատում են այս հարցի շուրջ, եւ եթե ինչ-որ բան չփոխվի, ապա մենք նաեւ մեծ փոխհատուցում կպահանջենք ՀՖՖ-ից՝ այսպիսի ապօրինություն թույլ տալու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Ի դեպ, թիմերի անվանումների հետ կապված հարցը վերջերս ՀՖՖ նախագահի մամուլի ասուլիսին բարձրացրել էին մարզական լրագրողները: Ռուբեն Հայրապետյանը պատասխանել էր, որ այդ հարցը իրավական հարթության մեջ է եւ ինքն ոչինչ չի կարող ասել: Սակայն հարկ է նշել, որ մեր ֆուտբոլային ակումբները հաճախ են փոխել իրենց անվանումները, քանի որ ֆեդերացիան բացարձակ ուշադրություն չի դարձրել նման կարեւոր հարցի վրա:

Օրինակ, տարիներ առաջ Կապանի «Լեռնագործ» ակումբը իր թիմն անվանակոչել էր  «Արարատ», ապա իրավաբանորեն տեղափոխվել Երեւան եւ սկսել իրեն անվանել Երեւանի «Արարատ»: Իսկ այդ ժամանակ իրական «Արարատ»-ը հանդես էր գալիս 1-ին խմբում: Հետագայում, երբ «Արարատ»-ը բարձրացավ բարձրագույն խումբ, կապանյան նախկին ակումբը ստիպված էր անվանվել՝ «Լեռնագործ-Արարատ»:

Եւ ահա, տարիներ անց «Արարատ»-ի անվան հետ կապված խնդիրը կրկին դառնում է կռվախնձոր: Ավաղ, դրա մեղավորը ոչ թե «Արարատ Արմենիա» նորաստեղծ ակումբի ղեկավարներն են, այլ ֆուտբոլի ֆեդերացիան, որը պետք է հետեւի այդ գործընթացին եւ թույլ չտա անվանումների կրկնություն:

20 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի Մ-21 հավաքական

Օգոստոսի 15-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի առաջին ընկերական հանդիպումը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Մեր թիմը Քիշնևում մրցելու է Մոլդովայի ընտրանու հետ: Հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով, Հայաստանի Մ-21 ընտրանին օգոստոսի 12-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է հավաքական 20 ֆուտբոլիստների.

Դարպասապահներ

Սևակ Ասլանյան «Փյունիկ»

Նիկոլաոս Մելիքյան «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Նարեկ Պետրոսյան «Բանանց»

Ալեքսանդր Հովհաննիսյան «Բանանց»

Էդմոն Մովսիսյան «Փյունիկ»

Հովհաննես Նազարյան «Արցախ»

Դավիթ Տերտերյան «Գանձասար»

Ռոբերտ Հակոբյան «Ֆյունիկ»

Ժիրայր Մարգարյան «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Արթուր Նադիրյան «Ֆյունիկ»

Դավիթ Նալբանդյան «Արարատ-Արմենիա»

Ռազմիկ Հակոբյան «Ալաշկերտ»

Կարեն Մելքոնյան «Բանանց»

Էմիլ Եղիազարյան «Արցախ»

Հակոբ Հակոբյան «Բանանց»

Հովհաննես Հովհաննիսյան «Զեմպլին Միխալովցե», Սլովակիա

Օվանես Պողոսյան «Արցախ»

Հովհաննես Իլանգյոզյան «Ֆյունիկ»

Հարձակվողներ

Գրիգոր Աղեկյան «Արցախ»

Էրիկ Պետրոսյան «Բանանց»

Հենրի Ավագյան բաց է թողնելու Մոլդովայի հետ հանդիպումը, քանի որ «Ալաշկերտ»-ի հետ մեկնելու է Ռումինիա Եվրոպա լիգա 3-րդ փուլի պատասխան հանդիպմանը:

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվել է Մոլդովային

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում նախօրեին կայացել է Մոլդովայի եւ Հայաստանի Մ-21 հավաքականների ընկերական հանդիպումը: Դաշտի տերերը հաղթել են 1:0 հաշվով: Միակ գնդակը մոլդովացի ֆուտբոլիստները խփել են 90+3 րոպեին 11-մետրանոց հարվածով: Հանդիպման վերջնամասում դաշտից հեռացվեց մեր ընտրանու կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը:

Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են խաղին, իսկ մեկնարկային կազմը հետեւյալն էր՝ 1. Սևակ Ասլանյան, 22. Հովհաննես Նազարյան, 3. Էդմոն Մովսիսյան, 2. Դավիթ Տերտերյան, 23. Նարեկ Պետրոսյան (ա), 6. Դավիթ Նալբանդյան, 21. Արթուր Նադիրյան, 5. Հակոբ Հակոբյան, 14. Էմիլ Եղիազարյան, 10. Հովհաննես Իլանգյոզյան, 16. Գրիգոր Աղեկյան:

Գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանց

Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Բելառուս

Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Բելառուս, որտեղ օգոստոսի 10-ին և 12-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Բելառուսի Մ-19 հավաքականի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքից հայտնում են, որ հանդիպումների սկիզբը՝ համապատասխանաբար ժամը 19:00-ին և 12:00-ին Երևանի ժամանակով: Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Բելառուս հետեւյալ կազմով՝

Հարություն Մելքոնյան «Փյունիկ»

Կարեն Հովհաննիսյան «Արարատ-Արմենիա»

Արթուր Միրոյան «Բանանց»

Կարեն Մուրադյան «Փյունիկ»

Վոլոդյա Սամսոնյան «Արարատ»

Արսեն Եղիազարյան «Բանանց»

Արման Ղազարյան «Բանանց»

Էմմանուել Ներսես Օդեմիս «Ստադ Նիոն» (Շվեյցարիա)

Էրիկ Ավետիսյան «Բանանց»

Էդիկ Կիրակոսյան «Լոկոմոտիվ»

Աքսել Տաչեդջյան «Փարիզ» (Ֆրանսիա)

Սերգեյ Մկրտչյան «Բանանց»

Արամ Խամոյան «Լոկոմոտիվ»

Մարտին Գրիգորյան «Գանձասար-Կապան»

Ժիրայր Շաղոյան «Արարատ-Արմենիա»

Նարեկ Գրիգորյան «Բանանց»

Գրենիկ Պետրոսյան «Փյունիկ»

Դիրան Արամ Բեբեքյան «Ռեալ Սոլթ Լեյք» (ԱՄՆ)

Սուրեն Հարությունյան «Փյունիկ»

Դավիթ Փարեմուզյան «Բանանց»

Ֆելիքս Խաչատրյան «Բանանց»

Արամ Քոլոզյան «Արարատ-Արմենիա»

Հայաստանի Մ-19 հավաքականը 2:3 հաշվով պարտվել է Բելառուսի ընտրանուն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նախօրեին կայացել է ընկերական հանդիպում Բելառուսի եւ Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականների միջեւ: Հայաստանի թիմը 2:3 հաշվով զիջել է դաշտի տերերին: Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Դիրան Արամ Բեբեքյանը եւ Մարտին Գրիգորյանը:

ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, ժամը 11:00-ին: Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետեւյալ կազմով՝ 1. Հարություն Մելքոնյան  4. Կարեն Մուրադյան  2. Սուրեն Հարությունյան  6. Արման Ղազարյան 3. Ֆելիքս Խաչատրյան  7. Դիրան Արամ Բեբեքյան 5. Սերգեյ Մկրտչյան  8. Դավիթ Փարեմուզյան 10. Ժիրայր Շաղոյան 9. Էմմանուել Ներսես Օդեմիս 11. Արամ Քոլոզյան

Պահեստայիններ՝ 12. Արթուր Միրոյան  13. Վոլոդյա Սամսոնյան  14. Արսեն Եղիազարյան 15. Կարեն Հովհաննիսյան 16. Էրիկ Ավետիսյան 17. Էդիկ Կիրակոսյան 18. Արամ Խամոյան 19. Աքսել Տաչեդջյան 20. Մարտին Գրիգորյան  21. Գրենիկ Պետրոսյան 22. Նարեկ Գրիգորյան:

13/08/2018 – Հայաստանի Մ-19 հավաքականը 2:0 հաշվով պարտվել է Բելառուսի ընտրանուն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նախօրեին կայացել է երկրորդ ընկերական հանդիպում Բելառուսի եւ Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականների միջեւ: Հայաստանի թիմը 2:0 հաշվով զիջել է դաշտի տերերին:

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետեւյալ կազմով՝ 1. Արթուր Միրոյան 2. Վոլոդյա Սամսոնյան  6. Արսեն Եղիազարյան 4. Կարեն Հովհաննիսյան 3. Էրիկ Ավետիսյան 5. Արամ Խամոյան 8. Աքսել Տաչեդջյան 10. Մարտին Գրիգորյան  9. Գրենիկ Պետրոսյան 11. Նարեկ Գրիգորյան 7. Դիրան Արամ Բեբեքյան

Պահեստայիններ՝ 12. Հարություն Մելքոնյան 17. Էդիկ Կիրակոսյան, 15. Կարեն Մուրադյան  13. Սուրեն Հարությունյան  14. Արման Ղազարյան 16. Ֆելիքս Խաչատրյան 19. Սերգեյ Մկրտչյան  18. Դավիթ Փարեմուզյան 20. Ժիրայր Շաղոյան 22. Էմմանուել Ներսես Օդեմիս 21. Արամ Քոլոզյան

Հայաստանի բասկետբոլիստները հնարավոր է հանդիպեն ադրբեջանցիների հետ

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Բուլղարիայում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում առավելագույնը կպայքարի 17-րդ տեղի համար: Մեր թիմը խմբային փուլում պարտվելով բոլոր 5 խաղերում, իր խմբում գրավեց վերջին՝ 6-րդ տեղը: Այժմ Հայաստանի հավաքականը կմասնակցի 17-22-րդ տեղերի համար մրցաշարին:

Մեր թիմը նախ ուժերը կչափի Կոսովոյի հավաքականի հետ: Միայն հաղթանակի դեպքում Հայաստանը կարող է հավակնել 17-րդ հորիզոնականին, քանի որ մերոնք առաջին փուլում պարտվել են իրենց ենթախմբում գտնվող Լյուքսեմբուրգի ընտրանուն: Ի դեպ, զուգահեռ ենթախմբում հանդես եկող Ադրբեջանի հավաքականը կարող է դառնալ մեր թիմի հաջորդ մրցակիցը: Դա կախված է այն բանից, թե թիմերը որ տեղերը կզբաղեցնեն իրենց խմբերում: Հավասար արդյունքի դեպքում դրանք ստիպված կլինեն իրար հետ մրցել վերջին խաղում:

- Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Հայաստանի թիմը վերջին խաղում 75:66 հաշվով առավելության հասավ Մոլդովայի նկատմամբ eu առաջնությունն ավարտեց 21-րդ տեղում:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջասթին Կույումջյանը, ով վաստակեց 28 միավոր:
Կոսովոյի Պրիշտինա քաղաքում տեղի ունեցող մինչև 18 տարեկանների Եվրոպայի С դիվիզիոնի առաջնության մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 46:79 հաշվով պարտվեց Մոնակոյին:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի վաղը հուլիսի 23-ին, Երեւանի ժամանակով ՝ 21:30-ին Իռլանդիայի հետ:

Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը վեջինն է Եվրոպայի C դիվիզիոնում

Կոսովոյի Պրիշտինա քաղաքում ավարտվեց բասկետբոլի Եվրոպայի Մ18 առաջնության C դիվիզիոնի մրցաշարը: Մինչեւ 18 տարեկանների Հայաստանի հավաքականը առաջնության վերջին խաղում 58:67 հաշվով պարտվեց Սան Մարինոյի հավաքականին եւ առաջնությունն ավարտեց վերջին՝ 8-րդ հորիզոնականում: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արտյոմ Փեչենջյանը, ով վաստակեց 19 միավոր:

Միջազգային պահանջներին համապատասխան դահլիճ Հայաստանում չկա

Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոբասկետ-2021 նախընտրական փուլին: Այս մասին տեղեկացրել էր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ասել է, որ հարցը մի շարք տեխնիկական խնդիրների հետ է կապված. «Զամբյուղների, լուսատախտակների, նստատեղերի քանակի, որոնք պետք է 3000-ից ոչ պակաս լինեն, եւ այլ տեխնիկական պահանջներին համապատասխան մարզադահլիճ Հայաստանում չկա: Վերջին 1 տարում «Միկա»  մարզադահլիճում էինք միջազգային հանդիպումներ անցկացնում, սակայն թույլտվությունը դժվարությամբ էինք ստանում, մեր խնդրանքներին ընդառաջ էին գնում, իսկ Եվրոբասկետ-2021-ի նախընտրական 2-րդ փուլի պահանջներն ավելի խիստ են եւ բացառություն անել այլեւս հնարավոր չէ»:

Նա նաեւ պարզաբանեց, որ ֆեդերացիան վարձակալում է դահլիճները, սակայն չունի եւ մոտ ապագայում դժվար ունենա ֆինանսական միջոցներ` միջազգային պահանջների համապատասխանող դահլիճ կառուցելու համար: Միաժամանակ նկատեց, որ դահլիճ կառուցելը չի մտնում ֆեդերացիայի գործառույթների մեջ, միջազգային ասպարեզում ընդունված է ֆեդերացիաների կողմից դահլիճների վարձակալման պրակտիկան: Հետագայում խնդիրը լուծելու նպատակով, ֆեդերացիան շարունակելու է համապատասխան քայլեր ձեռնարկել: «Հայաստանում մի քանի դահլիճ պետք է կարգի բերվի, մենք հետագայում այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակենք, կդիմենք տարբեր ատյանների, հովանավորների»,- ասել է Արթուր Նազարյանը:

2016-ին բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային:

- Հայաստանը չի մասնակցի Եվրոբասկետ-2021-ի երկրորդ փուլին – Ինչպես հայտնի է Հայաստանի հավաքականն իրավունք էր ստացել մասնակցել Եվրոբասկետ-2021-ի նախընտրական 2-րդ փուլին, որը մեկնարկում է սեպտեմբերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանում չկա նախընտրական 2-րդ փուլի պահանջներին համապատասխանող մարզադահլիճ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել նախընտրական 2-րդ փուլին մասնակցելու իրավունքից: Հայաստանի փոխարեն նախընտրական փուլում հանդես կգա Կիպրոսը:

Տարեցները մրցել են նարդի, շաշկի, շախմատ եւ դարթս մրցաձեւերում

Գյումրիում կայացել է տարեցների Հայաստանի մարզական խաղերի մարզային փուլը: Մասնակիցները ներկայացնում էին մարզի տարբեր համայքները, մրցել են 4 մրցաձեւում. դարթս, շաշկի, նարդի ու շախմատ:

Ծանրորդները պետք է հատուկ դասընթացներ անցնեն

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պայմանագիր է կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների հակադոպինգային գործակալության (USADA) եւ ԱՄՆ-ի ծանրամարտի ֆեդերացիայի հետ: ԾՄՖ-ն այդ կազմակերպությունների հետ կկազմակերպի դոպինգին վերաբերող դասընթացներ:

Այդպիսով, աշխարհի բոլոր ծանրորդները պետք է մասնակցեն USADA-ի կողմից անցկացվող հակադոպինգային կուրսերին, որպեսզի նրանք իրավունք ստանան մասնակցելու խոշոր մրցաշաշերին:

Ծանրամարտը չնայած ընդգրկված է 2020թ. օլիմպիական խաղերի ծրագրում, սակայն այն կարող է հանվել հետագայում, եթե միջազգային ֆեդերացիան չանցկացնի հակադոպինգային դասընթացներ, ինչը պահանջում է Միջազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի ծանրորդները մեդալներով են վերադառնում աշխարհի առաջնությունից

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում ավարտված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող 3 ծանրորդները 3 մեդալ են նվաճել:

105 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ 20 կիլոգրամով հետ մնալով իրանցի Ալի Դավուդիից:

Ռաֆիկ Հարությունյանն (77 կգ) ու Սամվել Բաբակյանը (94 կգ) իրենց քաշային կարգում ցույց են տվել 3-րդ արդյունքը եւ նվաճել բրոնզե մեդալներ:

15-ամյա Գոռ Սահակյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնութունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը: Մ-15 պատանիների առաջնության 50 կգ քաշային կարգում 178 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց մեր ծանրորդ Գոռ Սահակյանը (80+98): Իսկ ահա նույն քաշային կարգում հանդես եկած Ժորա Սարգսյանը պոկում վարժությությում 0 ստացավ եւ դուրս մնաց պայքարից:

Մ-17 տարեկան ծանրորդների 50 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Պապեյանը գրավեց 4-րդ տեղը:

Հարություն Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Միլանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատանի ծանրորդ Հարություն Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել:

Մինչեւ 15 տարեկան ծանրորդների 77 կգ քաշային կարգի մրցումներում մեր մարզիկը պարզապես մրցակցությունից դուրս էր: Նա պոկում վարժությունում բարձրացրեց 117 կգ ծանրաձողը եւ արդեն 11 կիլոգրամով առաջ անցավ իրեն հետապնդող երկու մրցակիցներից: Հրում վարժությունում լավագույնը կրկին Հարություն Գրիգորյանն էր՝ 141 կգ: Այստեղ նա ընդամենը մեկ կիլոգրամով առաջ անցավ հունգարացի Բենջամին Ֆեդերերից:

Երկամարտի 258 կգ արդյունքով  Հարություն Գրիգորյանը վստահ գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Ֆեդերերին, որը առաջատարից ետ մնաց 12 կգ-ով:

Մնացական Աբրահամյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրոդները հերթական մեդալները նվաճեցին Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Մինչեւ 15 տարեկան ծանրորդներ մրցաշարում 69 կգ քաշային Մնացական Աբրահամյանը երկամարտի 249 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ ճանաչվել Եվրոպայի փոխչեմպիոն: Նա արծաթե փոքր մեդալներ նվաճեց նաեւ պոկում (108 կգ) եւ հրում (141 կգ) վարժություններում:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց բուլղարացի Կառլոս Նասարը, որը ցույց տվեց 260 կգ (113+147) արդյունք:

Պայքարի մեջ կմտնեն նաեւ 77 կգ քաշային ծանրորդները: Հայաստանից հանդես կգա Հարություն Գրիգորյանը, որը նախնական տվյալներով համարվում է գլխավոր ֆավորիտը:

Կարեն Մարգարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի պատանի ծանրորդները հերթական ոսկե մեդալը նվաճեցին Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Մ-17 տարեկան տղաների մրցումներում մեր 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտում ցույց տալով 313 կգ արդյունք, վստահ գրավեց 1-ին տեղը: Նա ոսկե մդալներ նվաճեց նաեւ պոկում եւ հրում վարժություններում:

Այս քաշային կարգում հանդես եկած Գեւորգ Ղահրամանյանը 273 կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Գարիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի 15-ամյա ծանրորդ Գարիկ Կարապետյանը Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հռչակվեց աշխարհամասի չեմպիոն:

Մեր մինչեւ 85 կգ քաշային ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 115 կգ, իսկ հրում վարժությունում՝ 146 կգ: Երկամարտի 261 կգ արդյունքով նա զբաղեցրեց 1-ին տեղը եւ արժանացավ ոսկե մեդալի: Ի դեպ, միաժամանակ ընթացող 94 կգ ծանրորդների մրցաշարում Գարիկ Կարապետյանն իր ցույց տված արդյունքով կգրավեր 4-րդ տեղը: Նա 3-րդ հորիզւնականիգ հետ մնագ ընդամենը 4 կիլոգրամով:

Պայքարի մեջ կմտնեն նաեւ մեր 17 տարեկան ծանրորդները: Էլեն Հարությունյանը ուժերը կփորձի 63 կգ քաշային աղջիկների մրցումներում, իսկ Տիգրան Ամիրյանը հանդես կգա տղաների 85 կգ քաշային կարգում:

Մարգարիտա Առաքելյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի համար 3-րդ ոսկե մեդալը նվաճեց Մարգարիտա Առաքելյանը:

75 կգ քաշային կարգում մեր 15-ամյա ծանրորդուհին պարզապես անհասանելի էր իր մրցակիցների համար: Պոկում վարժությունում նա ցույց տվէց 72կգ արդյունք, իսկ հրում վարժությունում սանձեց 90 կիլոգրամանոց ծանրաձողը: Երկամարտի 162 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը գրավեց 1-ին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ այս առաջնության ոսկե մեդալակիր են դարձել նաեւ մեր 15-ամյա ծանրորդներ Գոռ Սահակյանն ու Հարություն Գրիգորյանը:

Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում կրկին մեծ հաջողության հասան Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ,  17-ամյա Լիանա Գյուջյանը, փայլուն հանդես եկավ մինչեւ 69 կգ քաշային կարգում եւ առանց լուրջ խնդիրների նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա պոկում վարժությունում բարձրացրեց 86 կգ, իսկ հրում վարժությունում՝ 107 կգ: Երկամարտի 193 կգ արդյունքով Լիանա Գյուջյանը վստահ գրավեց 1-ին տեղը եւ արժանացավ ոսկե մեդալի:

Հայ ծանրորդները պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունում 24 մեդալ են նվաճել

Իտալիայի Միլան քաղաքում հուլիսի 21-ից 29-ը անցկացված ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները առանձին վարժություններով նվաճել են 24 մեդալ՝ 17 ոսկե, 4 արծաթե եւ 3 բրոնզե: Երկամարտի արդյունքներով հայ մարզիկները նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ, հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Եվրոպայի չեմպիոններ են դարձել՝ 50 կգ քաշային Գոռ Սահակյանը, 77 կգ քաշայիններ Հարություն Գրիգորյանը (մինչև 15 տարեկաններ) եւ Կարեն Մարգարյանը (մինչև 17 տարեկաններ), 85 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը եւ 75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը:  69 կգ քաշային Մնացական Աբրահամյանը դարձել է առաջնության փոխչեմպիոն, իսկ նույն՝ 69 կգ քաշային կարգում հանդես եկող Միլենա Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ:

Սոնա Պողոսյանին սպառնում է 4 տարվա որակազրկում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի ծանրորդ Սոնա Պողոսյանի արյան մեջ արգելված դեղամիջոցներ հայտնաբերելու փաստը: Դա ցույց է տվել լրացուցիչ դոպինգ թեսթը: Ինչպես նշում է աղբյուրը, Սոնա Պողոսյանին սպառնում է նվազագույնը 4 տարվա որակազրկում:

Հիշեցնենք, որ այս տարվա Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ մեր մարզուհու տված դոպինգ ստուգումը դրական է եղել: Նրա թեստում հայտնաբերվել են S.2 խմբին պատկանող GHRP-3/AA1-3 արգելված դեղանյութեր:

«Իմ համար հանելուկ է Հռիփսիմե Խուրշուդյանի նոր որակազրկումը».- Փաշիկ Ալավերդյան

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան երկու տարով երկարացրել է Հայաստանի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Դա նշանակում է, որ Հռիփսիմե Խուրշուդյանը, ում որակազրկման ժամկետը լրացել էր այս տարվա մայիսին, ստիպված է եւս 2 տարով հետաձգել իր վերադարձը մեծ սպորտ:

Այն հարցին, թե միջազգային ֆեդերացիան ինչի հիման վրա է խստացրել մեր մարզուհու պատժաչափը, Փաշիկ Ալավերդյանն ասաց. «Դա իմ համար հանելուկ է մնում, քանի որ նույն խախտման համար մյուս երկրների ծանրորդներն որակազրկվել են 2, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 4 տարով: Ես այդ հարցը պատրաստվում եմ բարձրացնել հուլիսի 4-6-ը Տաշքենտում կայանալիք միջազգային ֆեդերացիայի համաժողովում: Տեսնենք, թե ինչ կտա դա: Համենայդեպս, ԾՄՖ-ի բերած նախնական փաստարկները համոզիչ չեն»:

Հավելենք, որ հուլիսի 7-14-ը Տաշքենտում տեղի կունենա ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Դա այս տարվա վերջին մրցաշարն է, որը Հայաստանը բաց կթողնի որակազրկման պատճառով: Իսկ ահա հուլիսի 20-ին Իտալիայում մեկնարկող Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր մարզիկներն արդեն իրավունք ունեն մասնակցելու:

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ Տիգրան Մինասյանը՝ ոսկե մեդալակիր

Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում վստահ հաղթանակներով եզրափակիչ էր հասել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը:
Եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը իտալացի Ջովաննի Ֆրենին էր: Մեր մարզիկը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթանակ տոնեց 8:0 հաշվով: Նաը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ մեր ընտրանու համար նվաճելով առաջին մեդալն այս մրցաշարում:

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ Հայ ըմբիշը հաղթել է թուրք եւ ադրբեջանցի մրցակիցներին

Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Մրցումային 2-րդ օրը լավ ելույթներ է ունեցել հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Մանուչարյանը (60 կգ)։ Նա 1/8 եզրափակչում 9։0 հաշվով հաղթել է թուրք Քերեմ Քամալին, ապա 8։0 հաշվով առավելության հասել ադրբեջանցի Զաուր Նուրիեւի նկատմամբ։
Մեր ըմբիշը եզրափակչի ուղեգիրը վիճարկելու է ռուս Աբու Մուսլիմ Ամաեւի հետ։
Աշոտ Կիրակոսյանը (67 կգ) առաջին գոտեմարտում հաղթել է Կրիստո Վիդասին (Էստոնիա), սակայն քառորդ եզրափակչում զիջել է նորվեգացի ըմբիշին։
Մալխաս Ամոյանը (72 կգ) վստահ սկսեց իր ելույթները։ Նա որակավորման փուլում հաղթել է Գերգելի Բուեռսոելիին (Սլովակիա), այնուհետև 9։0 հաշվով պարտության մատնել շվեդիայի ներկայացուցչին։ Քառորդ եզրափակչում 1։7 հաշվով Ամոյանը զիջել է ադրբեջանցի Գանիզադեին։
Հիշեցնենք, որ եզրափակչում հանդես է գալու մինչեւ 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը:
Նրա մրցակիցը իտալացի Ջովաննի Ֆրենին է: Բրոնզե մեդալների համար էլ գոտեմարտելու են Վահե Պողոսյանն (77 կգ) ու Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը հռչակվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն: Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ եւ հաղթեց 11:6 հաշվով: Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր նախօրեին, երբ ռումինացի (12:2) ու ադրբեջանցի (11:0) ըմբիշների նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 10։0 հաշվով հաղթել էր հունգարացի Ռայմունդ Ֆարկասին:

Օգոստոսի 4-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտեր կանցկացնեն Հայաստանի ներկայացուցիչներ Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

Հիշեցնենք, որ այսօր պայքարը սկսել էին Հայաստանի թիմի եւս 4 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը նվաճել են եզրափակիչի ուղեգիր: Վազգեն Թեւանյանը  (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) օգոստոսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար, իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ) հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Հունահռոմեական ըմբշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճեց եւս 2 մեդալ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը ոսկե մեդալին գումարեց եւս 2 բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտերում հաղթանակներ տարան Գեղամ Գալստյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ), իսկ Արման Ավագյանը (79 կգ) պարտություն կրեց:

Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ վրացի Գեորգի Էլբակիձեի նկատմամբ, Արման Անդրեասյանը 3:0 հաշվով ուժեղ գտնվեց բուլղարացի Վեսելին Պետրովից, իսկ Արման Ավագյանը ժամանակից շուտ 2:14 հաշվով պարտության կրեց ուկրաինացի Ալդլան Բատաիեւից:

Օգոստոսի 4-ին Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը եզրափակիչում 11:6 հաշվով հաղթել էր ուկրաինացի Անդրեյ Ջելեպին:

Մեկնարկել էին Հայաստանի թիմի եւս 4 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը նվաճեցին եզրափակիչի ուղեգիր: Վազգեն Թեւանյանը  (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) օգոստոսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար, իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ) հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Նրանք պայքարը կսկսեն սփոփիչ գոտեմարտերից:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի  հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե եւ 2 բրոնզե: Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Արսեն  Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թեւանյանը եւ 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը:

ՀԱՕԿ-ի նախագահը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամների հետ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիկների եւ մարզիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը, նախարարի տեղակալներ Գաբրիել Ղազարյանը եւ Սարգիս Ավագյանը, ինչպես նաեւ աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:

Նախարար Վահրադյանը միացել է Գագիկ Ծառուկյանի` Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ հայ մարզիկներին ուղղված շնորհավորանքներին եւ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ-ի նախագահին՝ ինչպես ըմբշամարտին, այնպես էլ մյուս մարզաձեւերին մշտապես աջակցելու, մարզիկներին ոգևորելու եւ մարզական ձեռքբերումները գնահատելու համար:

Հիշեցնենք, որ 2018թ. ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունա-հռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոններ են դարձել ազատ ոճայիններ՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը եւ հունա-հռոմեական ըմբիշ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել ազատ ոճայիններ՝ 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը, ինչպես նաեւ հունա-հռոմեական ըմբիշներ՝ 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը:

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը կժամանի Երեւան

Վաղը «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում կայանալիք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովին ներկա կլինի նաեւ WBA, WBO եւ WIBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը։

Համաժողովը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-ին, հյուրանոցային համալիրի «Նաիրի» սրահում: ԱԻԲԱ-ն իր կանոնադրության 36-րդ կետի համաձայն հաստատել է ֆեդերացիայի նախագահի ընտրության օրը։ Առաջադրված թեկնածուն գործող նախագահ Արթուր Գեւորգյանն է։ Սահմանված ժամկետում եւ ընդհանրապես Հայաստանի բռնցամարտի ֆեդերացիան այլ թեկնածուի առաջադրման հայտ չի ստացել։

Արթուր Գեւորգյանին խնդրել են վերադառնալ իր պարտականությունների եւ լիազորությունների կատարմանը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գործկոմի նիստ: Ֆեդերացիայից հայտնում են, որ նիստի ընթացքում գործկոմի անդամներն առաջարկել են իր լիազորությունները ժամանակավոր կասեցրած ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանին վերադառնալ իր պարտականությունների եւ լիազորությունների կատարմանը, որպեսզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններն ընթանան առավել պատշաճ մակարդակով:
Գործկոմի նիստի ընթացքում քննարկվել է նաեւ ֆեդերացիայի համաժողովի ընթացքում ներկա չգտնված մարզադպրոցների ներկայացուցիչների՝ ֆեդերցիային անդամակցել-չանդամակցելու հարցը:

Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը՝ Չեխիայի փոխչեմպիոն

Հայաստանի շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց արագ շախմատի Չեխիայի բաց առաջնությունում, որը կայացավ Պարդուբիցե քաղաքում: Մեր գրոսմայստերը տարավ 6 հաղթանակ, 2 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 1 պարտություն եւ վաստակած 7 միավորով բաժանեց 2-6-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Սերգեյ Մովսեսյանը հռչակվեց առաջնության փոխչեմպիոն:

Մրցաշարի հաղթող դարձավ 23-ամյա ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին, ով տարավ 7 հաղթանակ եւ բոլորից շատ միավոր վաստակեց՝ 7,5:

Մրցաշարին մասնակցած հայազգի շախմատիստ Դավիթ Պառավյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանից, 6 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը:

Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը Փոթիի մրցաշարում գրավեց 2-րդ տեղը

Շախմատի միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Վրաստանի Փոթի քաղաքում ավարտված Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում: Կայացած 9-րդ փուլում մեր շախմատիստը սեւերով ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Լեւան Պանցուլայայի հետ եւ նրա հետ միասին վաստակեց 6,5-ական միավոր: Իսկ ահա համաքայլ ընթացող ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը պարտության մատնեց իր մրցակցին, վաստակեց 7 միավոր եւ դարձավ մրցաշարի հաղթող:

Տիգրան Կ. Հարությունյանը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ փորձառու Լեւան Պանցուլայայից եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Գեւորգ Հարությունյանը չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել: Իսկ ահա C խմբի մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրեց մեր հայրենակից Ռոբերտ Մկրտումյանը:

Զուգահեռաբար անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում մեր պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը, ով 7 միավորով գրավեց մրցանակային 3-րդ տեղը:

Լեւոն Արոնյանը 4-րդն է Փարիզի գրանդ մրցաշարում

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել Փարիզում ավարտված Grand Chess Tour-2018 մրցաշարում: Կայծակնային շախմատի երկրորդ շրջանում նա +3 արդյունք ցույց տվեց՝ տանելով 3 հաղթանակ, իսկ 6 խաղ ավարտելով խաղաղությամբ: Հատկապես տպավորիչ էր 16-րդ փուլում ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ տարած հաղթանակը:

Արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերում վաստակած 20 միավորներով Լեւոն Արոնյանն ի վերջո զբաղեցրեց 4-րդ տեղը՝ մեկ բալով հետ մնալով Սերգեյ Կարյակինից ու Ուեսլի Սոյից: Մրցաշարի հաղթող դարձավ Հիկարու Նակամուրան, ով վաստակեց 23 միավոր:

Լեւոն Արոնյանը St. Louis Rapid & Blitz մրցաշարում գրավել է 5-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ում ավարտվել է St. Louis Rapid & Blitz գերհզոր միջազգային մրցաշարը, որին, բացառությամբ աշխարհի չեմպիոն Կարլսենի, մասնակցել են աշխարհի  բոլոր ուժեղագույն շախմատիստները:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ 36 հնարավորից վաստակելով 22.5 միավոր մրցաշարի հաղթող է դարձել Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավը 21.5 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Շահրիյար Մամեդյարովը եզրափակել է լավագույն եռյակը: Ֆաբոիանո Կարուանան 20 միավորով դարձել է 4-րդը, իսկ Լեւոն Արոնյանը 18 միավորով գրավել է միայն 5-րդ հորիզոնականը:

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարում

Հիշեցնենք, որ նախորդ ամսվա վերջին շախմատի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով ավարտվեց Ջերմուկում կայացած Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը: Վերջին՝ 9-րդ փուլում, մեր շախմատիստը սպիտակներով հաղթելով Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանին, վաստակեց 9 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց 1-ին տեղը: Իսկ ահա նրան համաքայլ ընթացող հնդիկ շախմատիստներ Կրիշնան Սաշիկիրանն ու Սետուրամանը իրար հետ գրոսմայստերական ոչ-ոքի խաղացին եւ հետ մնացին կես միավոր:

6,5-ական միավոր վաստակեցին նաեւ մեր շախմատիստներ Զավեն Անդրիասյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք այդ փուլում հաղթեցին համապատասխանաբար Սամվել Տեր-Սահակյանին ու Անդրեյ Ժիգալկոյին:ն Լրացուցիչ գործակիցներով, այնուամենայնիվ, մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Սետուրամանն ու Կրիշնան Սաշիկիրանը:

Կին շախմատիստների հաշվարկով հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Նատալյա Պոգոնինան, ով իր անվան դիմաց գրանցեց 5,5 միավոր: Պատանիների մեջ լավագույն արդյունք ցույց տվեց Հնդկաստանի 16-ամյա շախմատիստ Արջուն Էրիգաիսին՝ 5,5 միավոր:

Հայր եւ որդի Նալբանդյանները հաջող հանդես եկան Դորտմունդի օփենում

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայացած շախմատի սուպերմրցաշարում 8 գրոսմայստերների պայքարում հաղթանակ տարավ Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Յան Նեպոմնյաշչին:

Իսկ ահա սուպերմրցաշարին զուգահեռ անցկացվող բաց մրցաշարում, որին մասնակցում էին 56 շախմատիստ, գերազանց հանդես եկավ մեր հայրենակից, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը, որը աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի մարտավկան է: Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ Դանիել Հեյմրատի հետ կիսեց 1-2-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց մրցաշարի հաղթող:

Նույն մրցաշարում հաջող հանդես եկավ նաեւ Տիգրան Նալբանդյանի որդին՝ պատանի շախմատիստ Վահան Նալբանդյանը: Նա վաստակած 5,5 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը, իսկ մինչեւ 18 տարեկան շախմատիստների մեջ ցույց տվեց լավագույն արդյունքը եւ արժանացավ հատուկ մրցանակի:

Արման Փաշիկյանը Հունաստանում գրավեց 3-րդ տեղը

Հունական Կրետե կղզում գտնվող Պալեոխորա քաղաքում անցկացվող շախմատի ամենամյա միջազգային մրցաշարում Հայաստանից հանդես եկան 3 շախմատիստ: Տղամարդկանց գրոսմայստեր Արման Փաշիկյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Նա գավաթից բացի կստանա նաեւ 900 եվրո պարգեւավճար: Մրցաշարի հաղթող դարձավ հույն գրոսմայստեր Հրիստոս Բանիկասը, որը 7,5 միավոր վաստակած միակ մասնակիցն է:

Արման Փաշիկյանի կինը՝ կանանց գրոսմայստեր Մարիա Կուրսովան, 5,5 միավորով մրցաշարն ավարտեց 46-րդ տեղում: Իսկ ահա առաջին կարգային, 16-ամյա Դավիթ Սանթրյանը, զբաղեցրեց 57-րդ հորիզոնականը՝վաստակելով 5 միավոր: Իր տարիքի շախմատիստների մեջ նա ցույց տվեց 3-րդ արդյունքը:

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Ռիգայի միջազգային մրցաշարում

Լատվիայում մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին այս տարի մասնակցում են 37 երկրների 260 շախմատիստ, այդ թվում՝ 24 գրոսմայստեր:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Մանուէլ Պետրոսյանը: Երեկ կայացած մրցաշարի առաջին փուլում հայ 3 շախմատիստներն էլ հաղթանակներ են տոնել:

Հ.Գ. – Ռոբերտ Հովհաննիսյանը Ռիգայի մրցաշարի միանձնյա առաջատարն է – Լատվիայում շարունակվում է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի 3 ներկայացուցիչներ: Ռիգայի մրցաշարում կայացան նախավերջին՝ 8-րդ փուլի խաղերը: Մանուէլ Պետրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակներ տոնեցին, Սամվել Տեր-Սահակյանը՝ պարտություն կրեց:

8-րդ փուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է, ով ունի 7 միավոր: 6,5 միավոր ունի Մանուէլ Պետրոսյանը, ով 3-րդ տեղում է:

Էլինա Դանիելյանը մասնակցում է Կավալա միջազգային մրցաշարին

Հունաստանում մեկնարկել է ավանդական Կավալայի միջազգային բաց մրցաշարը, որին այս տարի մասնակցում են 133 շախմատիստ: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանւ ներկայացնում Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային առաջին 3 փուլերի խաղերը: Խաղացված փուլերում Էլինա Դանիելյանը տոնել է 2 հաղթանակ եւ 1 խաղում պարտություն կրել: 3-րդ փուլից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են 8 շախմատիստ:

Հ.Գ. – Էլինա Դանիելյանը Կավալայի միջազգային մրցաշարում լավագույնն է կանանց պայքարում –  Հունաստանում ավարտվեց Կավալայի միջազգային մրցաշարը, որին այս այս տարի մասնակցել են 133 շախմատիստ: Մասնակիցների թվում են եղել 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ Կավալա Օփենում Դանիելյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, ընդհանուր հաշվարկում կիսել 5-11-րդ տեղերը, իսկ կանանց հաշվարկում ցույց է տվել բացարձակ լավագույն արդյունքը եւ արժանացել հատուկ մրցանակի: Հայ շախմատիստուհին 5 կետով բարելավել է նաեւ իր անհատական վարկանիշը

Աբու Դաբի Մասթերս մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային փուլերը

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են 31 երկների 158 շախմատիստ: Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մասնակիցների թվում են 47 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են եռակի Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ կրկնակի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը:

Մրցաշարի մասնակիցների թվում է նաեւ պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը: Մրցաշարի առաջին փուլում Գաբրիել Սարգսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը հաղթանակներ են տոնել, իսկ Տիգրան Լ. Պետորսյանն իր խաղն ավարտել է հաշտությամբ: 2-րդ փուլում հաղթանակ է տոնել Պետրոսյանը, իսկ Հակոբյանը եւ Սարգսյանը հաշտություն են կնքել: Պատանի Էդուարդ Հակոբյանը դեռեւս միավոր չի վաստակել:

Հ.Գ. – Սարգսյանը, Պետրոսյանը եւ Հակոբյանը Աբու Դաբիի մրցաշարի առաջատարից հետ են 1 միավորով – Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ կայացան 4-րդ փուլի խաղերը: Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը կիսեցին միավորը: Տիգրան Պետրոսյանը հաղթանակ տոնեց, իսկ Էդուարդ Հակոբյանը պարտվեց: Այս փուլից հետո Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Պետրոսյանը 1 միավորով են հետ առաջատար Դանիլ Դուբովից, ով ունի 4 միավոր:

- Գաբրիել Սարգսյանը Աբու Դաբի մասթերս մրցաշարում գրավել է 4-րդ հորիզոնականը – Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցել են 31 երկրների 158 շախմատիստ: Մասնակիցների թվում են եղել 47 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին եռակի Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ կրկնակի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը: Մրցաշարի մասնակիցների թվում է նաեւ պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը:

Շախմատային ֆեդերացիայի փոխանցմամբ՝  մասնակիցներից մրցաշարում բարձր արդյունք է ցույց տվել Գաբրիել Սարգսյանը, ով մրցաշարն անցել է առանց պարտության՝ տոնելով 5 հաղթանակ եւ 4 խաղ ավարտելով հաշտությամբ: Գաբրիելը նաեւ 11 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը, սակայն նման բարձր արդյունքը բավարար չի եղել տեղ գրավելու լավագույն եռյակում. Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Դուբովը, ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովը եւ ԱՄԷ ներկայացուցիչ Սալեմ Սալեհը վաստակել են 7.5-ական միավոր եւ կիսել 1-3-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հաղթող է դարձել Դանիիլ Դուբովը:
Մրցաշարում հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով գրավել է 18-րդ հորիզոնականը, Տիգրան Լ. Պետրոսյանը գրանցել է 5.5 միավոր եւ հանգրվանել 41-րդ տեղում, իսկ Էդուարդ Հակոբյանը 3 միավորով գրավել է 139-րդ հորիզոնականը:

Հովհաննես Գաբուզյանը՝ Վաշինգտոն ինթերնեյշնլ մրցաշարի հաղթող

Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով է ավարտվել Վաշինգտոն ինթերնեյշնլ միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցել են 72 շախմատիստ այդ թվում՝ 22 գրոսմայստեր:
Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հայաստանը ներկայացնող Գաբուզյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ միանգամից 1 միավորով առաջ անցավ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Անդրեյ Ստուկոպինից:
Նման բարձր արդյունքի շնորհիվ Գաբուզյանը նաեւ 22 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Մրցաշարի էլո ֆավորիտ ԱՄՆ ներկայացնող  Սամուել Սեւյանը 6 միավորով եզրափակել է լավագույն հնգյակը: Հիմնական մրցաշարից հետո կայացել է նաեւ կայծակնային մրցաշար, որում Հովհաննես Գաբուզյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր եւ գրավել 2-րդ հորիզոնականը:

Լեւոն Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման օգոստոս ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը նահանջել է 1 հորիզոնականով եւ այժմ 13-րդն է։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը։Ապրիլի դասակարգման աղյուսակ՝

  1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2841 միավոր, 2. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2821 միավոր, 3. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2801 միավոր, 4․ Դին Լիրեն (Չինաստան)՝ 2796 միավոր, 5 Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2780 միավոր, 6․ Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2779 միավոր, 7. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2792 միավոր, 8. Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2778 միավոր, 9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2777 միավոր, 10. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2772 միավոր, 11․ Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2768  միավոր, 12․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2767  միավոր, 13․Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2766  միավոր…

59․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2680  միավոր … 85․ Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2659 միավոր … 92․ Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)՝ 2655  միավոր:

Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 49-րդն է՝ 2418 միավորով, իսկ Լիլիթը 73-րդը՝ 2384 միավորով։

Յոահիմ Լյովը վերջապես նշել է Գերմանիայի ձախողման գլխավոր պատճառը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն իր բացատրությունն է տվել 2018թ աշխարհի առաջնությունում թիմի կրած ձախողմանը: «Կան մի շարք պատճառներ, սակայն գլխավոր խնդիրը կապված էր ֆուտբոլիստների տրամադրվածությամբ ու խաղի հանդեպ եղած վերաբերմունքով: Մեր խնդիրն է ֆուտբոլիստներին վերադարձնել այն հաճելի զգացմունքը, որը նրանք ստանում են Գերմանիայի հավաքականում խաղալիս: Իմ պարտականության մեջ մտնում է այն, որպեսզի խաղալու ցանկություն արթնացնել հավաքականի ֆուտբոլիստների մոտ: Միաժամանակ մենք պետք է հաշվի առնենք համաշխարհային ֆուտբոլի զարգացման ներկայիս միտումները»,- անվանի մասնագետի խոսքերը մեջբերել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Գերմանիայի հավաքականը Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում պարտություն կրելով Մեքսիկայի եւ Հարավային Կորեայի թիմերից, աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ չի կարողացել հաղթահարել խմբային փուլը: Գերմանացի ֆուտբոլիստներն այդ ժամանակ աշխարհի գործող չեմպիոններն էին:

Մերկելը հարգում է Օզիլի՝ Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու որոշումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը հարգում է Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու Օզիլի որոշումը, գրում է «Գազետա.ռու»-ն։ «Մերկելը գնահատում է Օզիլին եւ կարծում, որ նա շատ բան է արել գերմանական թիմի համար, այժմ էլ որոշում է ընդունել, որը պետք է հարգել»,- ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը։
Ավելի վաղ Գերմանիայի ֆուտբոլային միության ղեկավար Ռայնհարդ Գրինդելը եւ գերմանական ԶԼՄ-ները Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման համար սուր քննադատության էին արժանացրել Օզիլին։
Ինքը Օզիլը հայտարարել էր, որ որոշում է կայացրել հեռանալ հավաքականից, քանի որ բախվել է ռասիզմի հետ՝ ոչ միայն երկրպագուների, այլ նաեւ գերմանացի քաղաքական գործիչների կողմից։

Օզիլը Էրդողանի հետ հանդիպման պատճառով հեռանում է Գերմանիայի հավաքականից

Թուրքական ծագամբ գերմանացի ֆուտբոլիս Մեսութ Օզիլը, ով հանդես է գալիս լոնդոնյան «Արսենալ»-ում, հայտարարել է ազգային հավաքականում կարիերայի ավարտի մասին։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ նման որոշման պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն է։

Թվիրթերում նա երեք գրառում է արել՝ քննադատելով գերմանական մամուլը, որը, ֆուտբոլիստի խոսքով, նախատում են իրեն միայն այն պատճառով, որ ծագումով թուրք է։ «Ես գերմանացի եմ, երբ մենք հաղթում ենք, բայց ես ներգաղթյալ եմ, երբ պարտվում ենք»,- գրել է նա։ Օզիլի խոսքով, իրեն մինչ այժմ հասարակությունը չի ընդունում որպես իրենը եւ մոռանում են իր ծառայությունները։

Ֆուտբոլիստը նշել է, որ իր եւ Թուրքիայի նախագահի լուսանկարի հետ կապված իր հասցեին քննադատությունները բացարձակապես անհիմն են։ Նրա խոսքով, գերմանական մի քանի հրատարակչություններ այդ լուսանկարն օգտագործել են որպես «ծայրահեղ աջ քարոզչություն», չնայած նա երբեք քաղաքականություն հետ կապ չի ունեցել։

«Էրդողանի հետ նկարն ինձ համար պարզապես հարգանքի տուրք է իմ ընտանիքի երկրի բարձրագույն պաշտոնին»,- գրել է Օզիլը։ Նա նշել է, որ մայրը սովորեցրել է իրեն հարգել արմատները եւ չմոռաալ, թե որտեղից է իր ընտանիքը ծագումով։

«Ես երկու սիրտ ունեմ՝ մեկը գերմանական, մյուսը թուրքական»,- ասել է Օզիլը եւ նշել է, որ իրեն միեւնույնն է, թե ով է հիմա Թուրքիայի նախագահը, կարեւոր է, որ այն երկրի նախագահն է, որտեղից ծագումով իր ընտանիքն է։

Նա նշել է, որ ռասիստական բնույթի վիրավորանքներ է ստացել ինչպես քաղաքական գործիչներից, այնպես է Գերմանիայում հասարակ երկրպագուներից։ Սրա հետ կապված նա որոշում է ընդունել այլեւս չկրել իր ազգային հավաքականի մարզաշապիկն ու հանդես չգալ Գերմանիայի համար։

Օզիլն ու Էրդողանը լուսանկարվել են Լոնդոնում  մայիսի 13-ին բարեգործական միջոցառման ժամանակ։

Ռոջեր Ֆեդերերի խոստովանությունը

Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե ում հետ կցանկանար հանդես գալ զուգախաղերում: «Հավանաբար այդ թենիսիստները կլինեին Ջոն Մաքինռոյն ու Ստեֆան Էդբերգը: Նրանք շատ լավ էին խաղում ցանցի մոտ, բացի այդ իսկական մարտիկներ էին եւ հաղթողներ: Եթե խաղայի նրանց հետ, ապա շատ բան կսովորեի իրենցից»,- ասել է անվանի թենիսիստը:

Ռոջեր Ֆեդերերը զուգախաղերում անցկացրել է 218 հանդիպում, որոնցից միայն 129-ում է հաղթանակ տարել: Նա զույգ թենիսիստների դասակարգման աղյուսակում միայն մեկ անգամ է բարձրացել 24-րդ հորիզոնական: Դա տեղի է ունեցել 2003թ.:

Հայ հեծանվորդներն ուժերը կչափեն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում

Oգոստոսին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում տեղի է ունենալու սպորտային մեծ իրադարձություն. եվրոպական 50 երկրի մարզիկներ են մասնակցելու թվով 6 սպորտաձևի մրցաշարերի։

Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայից հայտնում են, որ Եվրոպայի հեծանվավազքի առաջնության շրջանակում առաջին անգամ պատմության մեջ տեղի կունենա հեծանվասպորտի 4 տարբեր տեսակների միաժամանակյա մրցաշար։
Օգոստոսի 2-7-ին ընթացող Եվրոպայի՝ հեծանվահրապարակի մեծահասակների առաջնությանը մասնակցելու է Հայաստանի 2017թ-ի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երկակի մրցանակակիր եւ աշխարհի գավաթի փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանը, ով Գլազգո է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ուղեկցությամբ։

Այնուհետեւ Էդգար Ստեփանյանը մասնակցելու է օգոստոսի 21-26-ին Շվեյցարիայի Էգլ քաղաքում կայանալիք Եվրոպայի` հեծանվահրապարակի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը։ ՀՀ հեծանվային մարզաձեւի ազգային հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Տարոն Նիկողոսյանն իր անձնական մարզչի՝ Անդրանիկ Առուստամյանի հետ կմեկնի Շվեյցարիայի Էգլ քաղաք՝ մասնակցելու օգոստոսի 15-19-ին կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։

Հայ ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լեւ Սարգսյան զույգը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Օգոստոսի 6-ից 12-ը Մեծ Բրիտանիայում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձեւում ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լեւ Սարգսյան զույգը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնությունը (1-ին տեղ) եւ Մեծ Բրիտանիան (2-րդ տեղ) ներկայացնող զույգերին։

Օ օգոստոսի 10-ին, 3 մ սինքրոն ոստնակացատկում հանդես է գալու Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրների զույգը, իսկ օգոստոսի 12-ին մրցահարթակ դուրս կգան Լեւ Սարգսյանը եւ Վարտան Բայանդուրյանը (10 մ աշտարակացատկ):

Ջրացատկի ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել Վլադիմիր Հարությունյան, Ազատ Հարությունյան, Լեւ Սարգսյան, Վարտան Բայանդուրյան կազմով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ:

Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղեր

Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Ընկերակցության մարտիկ» մրցումները

«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում անցկացվելու են «Ընկերակցության մարտիկ» մրցումները:

Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Մրցումներն անցկացվելու են Երեւանում, Դիլիջանում եւ Իջեւանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական եւ պարային-երաժշտական «Տեր եւ Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձեւերում:

«Ընկերակցության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Հայաստանում ընթանում է «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվում է հուլիսի 28-ին մեկնարկած «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը: Մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչներն արդեն չափել են ուժերը 3 մրցաձեւերում՝ ռազմամարզական «Ատլետ», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» եւ ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» անվանակարգերում:

Մրցավարական կոլեգիան մրցույթի արդյունքներն ամփոփելու է բոլոր 5 մրցաձեւերում մրցելույթների ավարտից հետո՝ օգոստոսի 3-ին: Մրցավարները կհայտարարեն ինչպես ընդհանուր հաշվարկով, այնպես էլ առանձին մրցաձեւերում լավագույն արդյունքներ գրանցած թիմերի ու լավագույն մարզիկ-զինծառայողների անունները:

«Ընկերակցության մարտիկ» միջազգային ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է նաեւ մշակութային  ծրագրերով, այցելություններովպատմամշակութային եւ տեսարժան վայրեր: Մարզիկ-զինծառայողներն արդեն  եղել են ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի ուշագրավ դրվագներին ու հաղթանակներին, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին, այցելել են Մատենադարան,որտեղ նրանց ներկայացվել է հայ մատենագրության նյութական ժառանգությունը: Մրցույթի մասնակիցներն այցելել են նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի  տուրք մատուցել Հայոց ցեղասպանությանսրբադասված նահատակների հիշատակին:

30/07/2018 – Տանկային բիաթլոնում հայաստանցի տանկիստները խոցել են բոլոր թիրախները եւ 1-ին տեղում են

Տանկային բիաթլոնում Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լեւոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են 1-ին տեղը հետեւում թողնելով Ղրղզստանի, Վիետնամի եւ Մյանմայի տանկային թիմերին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Բանակային միջազգային խաղերի շրջանակում «Տանկային բիաթլոն» մրցույթը ռուսական Ալաբինո զորավարժարանում մեկնարկել է հուլիսի 28-ին, այն կշարունակվի մինչեւ օգոստոսի 11-ը:

Մրցույթին  մասնակցում են անձնակազմեր Վիետնամից, Ղրղզստանից, Հայաստանից, Մյանմիից, Տաջիկստանից, Սիրիայից, Բելառուսից, Սերբիայից, Իրանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Չինաստանից, Քուվեյթից ու այլ երկրներից:

– Հայ տանկիստները պահպանում են առաջատար դիրքերը – Հուլիսի 31-ին Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձեւում տեղի ունեցավ հայկական տանկային անձնակազմերի 2-րդ անհատական մեկնարկը: Հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարեցին բոլոր արգելագոտիները, խոցեցին 5 թիրախներից 4-ը եւ եզրագիծը հատեցին 2-դը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, 2 անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռեւս պահպանում են առաջատարի դիրքը:

Դաշտային խոհանոց մրցաձեւում հայ խոհարարները կրակային վարժաձեւի եւ հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի եւ Ղազախստանի խոհարարների թիմերին:

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի եւ սպառազինության ներկայացուցիչները՝ «Միջազգային բանակային խաղեր-2018»-ում

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի եւ սպառազինության ներկայացուցիչները, «Միջազգային բանակային խաղեր-2018» շրջանակում, օգոստոսի 5-8-ը մասնակցում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՀՕՊ «Մաքուր երկինք» և հետևակի մարտական մեքենաների ստորաբաժանումների մրցումներին։
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՌԴ-ում ավիացիոն ուժերի «Ավիադարտս» մրցմանը ՀՀ ԶՈՒ ավիացիայի ներկայացուցիչները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով:
«Միջազգային բանակային խաղեր-2018» մրցույթը մեկնարկել է հուլիսի 28-ին:

2 մեդալ՝ «Ֆիզիկայի» միջազգային օլիմպիադայում

2018թ. հուլիսի 21-ին Լիսաբոնում մեկնարկել է «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որին Հայաստանից մասնակցում է 3 աշակերտ: Օլիմպիադայի արդյունքում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գեւորգյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ նույն դպրոցի 11-րդ դասարանի սաներ Դավիթ Զոհրաբյանը եւ Քրիստինե Գրիգորյանը՝ համապատասխանաբար բրոնզե մեդալի եւ գովասանագրի: Հայաստանի թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, «Այբ» կրթական հանգույց/ եւ Բիլոր Կուրղինյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/:

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 4 մեդալ

Հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երեւանի պետական համալսարանի թիմը: ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից 3-ը՝ Արսեն Համբարձումյանը, Գեւորգ Մնացականյանը եւ Ալբերտ Գեւորգյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը՝ արծաթե մեդալների:

Օլիմպիադան անցկացվել է եւ՛ անհատական, եւ՛ թիմային հաշվարկներով: Արսեն Համբարձումյանն անհատական հաշվարկում կիսել է պատվավոր 12-13-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երեւանի պետական համալսարանի թիմը գրավել է 4-րդ տեղը: Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ-ի թիմի համար. մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 7-րդ տեղը:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն էր: ԵՊՀ թիմը մարզել են Վարդան Ոսկանյանը եւ Կարեն Քեռյանը:

Նշենք, որ Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում 1-ին տեղը զբաղեցրել է Պետերբուրգի պետական համալսարանի թիմը, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավել են Իսրայելի ազգային եւ Պիզայի բարձրագույն նորմալ դպրոցի թիմերը: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994թ.-ին:

Ոսկե եւ բրոնզե մեդալներ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայից

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում տեղի ունեցած «Ինֆորմատիկա»  առարկայի Եվրոպայի պատանեկան 2-րդ օլիմպիադայից (European Junior Olympiad in Informatics) Հայաստանի թիմը վերադարձել է 2 մեդալով: «Քվանտ» վարժարանի աշակերտ (9-րդ դասարան) Ալեքսանդր Աբելյանը նվաճել է ոսկե, իսկ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան (9-րդ դասարան) Էմիլ Կոստանյանը՚ բրոնզե մեդալ:

Օլիմպիադային մասնակցել են  եվրոպական 21 երկրների մինչև 15 տարեկան 80 մասնակիցներ:  Հայաստանի թիմը, որը ներկայացված է եղել 2 մասնակցով, ղեկավարել է Երեւանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ

Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ Դեբեդ գետի մոտ, Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ` արագահոս գետով փչովի նավակներով նավարկություն: Սպորտի եւ երիտասարդության նախարարության հաղորդմամբ, ռաֆտինգի մասնակիցները արագահոս Դեբեդ գետով Թումանյան քաղաքի մոտակայքից հասել են մինչեւ Սանահին կայարան՝ 1 ժամում հաղթահարելով 12 կմ:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը, նախարարությունում մշակված սպորտային զբոսաշրջության հայեցակարգի դրույթների իրականացման գործում կարեւորելով մեր երկրի բնական հնարավորությունները (լեռներ, գետեր, կանաչ գոտիներ), նշել է, որ պետք է դրանք օգտագործել էքստրեմալ մարզաձևերը զարգացնելու համար:
Մինչ այդ` 2017թ.  աշնանը, Դեբեդ գետի վրա ռաֆտինգ իրականացնելու նպատակով հայ եւ օտարերկրյա փորձագետների կողմից իրականացվել էր ուսումնասիրություն, եւ արձանագրվել էր, որ Դեբեդն ունի ռաֆտինգի համար բարենպաստ՝ 4+ աստիճանի բարդություն:

Դեբեդում կանցկացվի Հայաստանի ռաֆթինգի առաջին առաջնությունը

Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիան եւ rafting.am սպորտային ակումբը համատեղ կազմակերպում են Հայաստանի ռաֆթինգի առաջին առաջնությունը` Դեբեդ գետում օգոստոսի 11-ին։ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ, rafting.am սպորտային ակումբի հիմնադիր Լիլիթ Ասատրյանն լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առաջնության նպատակն է նպաստել ռաֆթինգ սպորտաձևի եւ նրա՝ որպես ազատ ժամանցի ձևի հանրայնացմանն ու  զբոսաշրջային պրոդուկտ զարգացմանը:

«Այս սպորտաձեւով մեծ ուշադրություն է դարձվում նաև բնապահպանական եւ հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների խնդիրներին: Ռաֆթինգի առաջին առաջնությունը կընդգծի այն կարևոր հանգամանքը, որ բնությունը կարելի է օգտագործել՝ միաժամանակ չվնասելով այն»,- ասաց նա: Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ առաջնությունը կմեկնարկի Ալավերդի-Ախթալա միջպետական ճանապարհի միջնամասում: «Առաջնությունը կորպորատիվ բնույթ է կրելու, մասնակցելու են բիզնես, պետական, միջազգային, մասնավոր, բանկային կազմակերպությունների թիմեր: Խրախուսվում են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը թիմերում: Հաղթող թիմը կպարգեւատրվի պատվոգրով ու գավաթով, ինչպես նաեւ հնարավորություն կունենա Հայաստանում եւ արտերկում հետագայում կազմակերպվող ռաֆթինգի ազգային ու միջազգային առաջնությունների: Առաջնության ընթացքում հանգանակված գումարի 30 տոկոսը կուղղվի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների բնապահպանական կրթության ու ազատ ժամանցի կազմակերպմանը ռաֆթինգի եւ արշավների կազմակերպման միջոցով»,- մանրամասնեց սպորտային ակումբի հիմնադիրը:

Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի փոխնախագահ Մակար Սարգսյանը հայտնեց, որ առաջնությանը կմասնակցի նաեւ Վրաստանի ռաֆթինգի ֆեդերացիան: Կարևորելով այս սպորտաձեւի զարգացումը Հայաստանում նա նշեց, որ ֆեդերացիան  անվտանգության կանոնների հետ կապված աշխատանքներ են տարել ու շարունակում է տանել, քանի որ այն էքստրեմալ մարզաձեւ է եւ ունի իր վտանգները: «Առաջնությունը կուղեկցվի պրոֆեսիոնալի կողմից, կպահպանվի անվտանգության բոլոր նորմերը: Մենք համագործակցում ենք թե սպորտի, թե արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որպեսզի ոլորտը լինի կարգավորված»,- ասել է Մակար Սարգսյանը:

Ինչ վերաբերում է առաջնությունը գնահատող հանձնաժողովին, նա հավելեց, որ բացի ռաֆթինիգի պրոֆեսիոնալների դրա կազմում կլինի սպորտի նախարարության ներկայացուցիչն ու հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մարզիչը՝ Վազգեն Բադալյանը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 26 (504), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։