1. Հարկային օրենսգիրքն էլ կհեղափոխեն ու վե՞րջ – Մեզ նախ եւ առաջ կայուն հարկային օրենսգիրք է պետք. օրինակ՝ որպեսզի իմանանք, որ հարկային օրենսիրքը ասենք մի 5, 7 տարի չի փոխվելու… Գազալցակայաններում ՊԵԿ կատարած ստուգումները հետաքրքիր վիճակ են վեր հանել. շուրջ 8 կազմակերպությունում մոտ 946 մլն. դրամի խախտում է հայտնաբերվել… Ասում են՝ պետք չէ դատել տնտեսվարողին, պետք է նրա վարքագիծը գնահատել եւ ճիշտ ուղու վրա դնել, քանզի նա իրապես հարկ վճարող է… / 2-3-4. «Նորֆոլկ»-ին վերջ տրվեց… Փոստով էլ են հաշիշ ուղարկում… Ավելով պակասուրդը կփակվի…

Հարկային օրենսգիրքն էլ կհեղափոխեն ու վե՞րջ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, երբ օրերս հրավիրած մամլո ասուլիսում ամփոփեց 2018թ. 1-ին կիսամյակի պատկերը. ուշագրավ երկու բան իմացանք.

  1. գազալցալական ունեցող օլիգարխներից համեմատաբար ամենաօրինապահը Մհեր Սեդրակյանն է՝ ով հայտնի է իբրեւ Թոխմախի Մհեր,
  2. շուտով հնարավոր է հեղափոխական հարկային օրենսգիրք էլ ունենանք:

Նախ խոսենք այն հարցից, թե  գազալցակայաններում ՊԵԿ-ի ստուգումներից հետո ինչ պատկեր է ուրվագծվել:

Բայց նախ ցանկացանք մի հարց ճշտել. ՊԵԿ-ը հայտարարել էր, թե ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիայի» գազալցակայաններում։ Այս հայտարարությանը հետեւել էր «Գազպրոմ Արմենիայի» այն պարզաբանումը, որ գազալցակայաններն իրենցը չեն եղել: Հիմա ինչպե՞ս հասկանալ:

Ի պատասխան Դավիթ Անանյանը ասաց. «Հայերենը պետք է կարդալ ստորակետով։ Մենք մեր հաղորդագրության մեջ գրել ենք, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիային» պատկանող, ինչպես նաեւ այլ գազալցակայաններում» (հաղորդագրությունն այսպես է եղել. ՀՀ ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն եւ ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաեւ «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» եւ «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018թթ. ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետեւանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900. 000, 168.400.000, 79.400.000,  53.000.000, 25.700.000 եւ 349. 500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց,-Ա.Ք.):  

Գանք՝ հաջորդին. ի՞նչ պատկեր է ուրվագծվել: Պարզվում է՝ գազալցակայաններում ՊԵԿ կատարած ստուգումները հետաքրքիր վիճակ են վեր հանել. շուրջ  8 կազմակերպությունում մոտ 946 մլն դրամի խախտում է հայտնաբերվել։ «Կարող եմ անուններ հրապարակել, թեեւ համապատասխան փաստաթղթերը չեմ բերել ինձ հետ, կթվարկեմ հիշողությամբ ու կոնկրետ անուններով»:

Այսպիսով՝ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել: Ի դեպ, բանախոսը նկատեց, որ ամենաքիչ խախտումները հենց Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայաններում են։

Խախտումների ցանկում է նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայանը, Գագիկ Ծառուկյանի գազալցակայանը, իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը չկա ցանկում (կրկնում եմ, սրանք ՊԵԿ նախագահի խոսքերն են,-Ա.Ք.):

Ի՞նչ է արվելու խախտողների հետ: «Քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ, բայց եթե դրա շրջանակներում պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է»,- հնչեց պարզաբանումը։

Վ. Անանյանի կարծիքով, սա ճիշտ մոտեցում է, պետք չէ դատել տնտեսվարողին, այլ պետք է նրա վարքագիծը գնահատել, ճիշտ ուղու վրա դնել, քանզի նա պոտենցիալ հարկ վճարող է: Երբ կազմակերպությունը վերականգնում է պետությանը հասցրած վնասը, քրեական գործը կարճվում է: Միջազգային փորձում ընդունված մի կարեւոր բան կա. տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման պահանջը հանրության շրջանում:

Մեկ էլ խոսենք այսպես ասած հեղափոխական հարկային օրենսգրքից: Պարզվում է՝ մեզ կրկին հարկային փոփոխություններ են սպասվում:

Դավիթ Անանյանը  տեղեկացրեց, որ սեպտեմբերից ոչ ուշ հանրությանը պետք է ներկայացնեն հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթ: ՊԵԿ-ն իր առաջարկները ներկայացնելու է որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, բայց դոմինանտը լինելու է ֆինանսների նախարարությունը:

Հիմա ի՞նչ փոփոխություններ են արվելու: Ի պատասխան կոմիտեի նախագահը թե՝ «մենք պարտավոր ենք հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնել, որպեսզի իրավունքի տեսանկյունից էլ որեւէ խնդիր չառաջացնենք տնտեսավարողների համար: Մասնավորապես՝ կապիտալ եկամուտը պետք է քիչ հարկենք, սպառողին՝ շատ: Եթե մենք իջեցնենք հարկային բեռը կապիտալ եկամուտների նկատմամբ՝ խթաններ կլինեն: Հարկային օրենսգրքի վերանայումներ պետք է անենք, որպեսզի տնտեսությունը սկսի շնչել»:

Գործընկերներիցս մեկը ցանկացավ ճշտել. ուղղակի փոփոխություննե՞ր են լինելո՞ւ, թե հեղափոխական հարկային օրենսգիրք է ներկայացվելու: ՊԵԿ նախագահը հայտնեց. «Հեղափոխականի վերաբերյալ կան քննարկումներ»:

Համապատկերում հիշեցնենք, որ գործադիրը հուլիսի 10-ի նիստում չէր ընդունել հարկային օրենսգրքում եկամտահարկը նվազեցնելու փոփոխության առաջարկը: Վարչապետը նշել էր, թե ոչ թե պետք է գնալ հատվածական փոփոխությունների, այլ հարկ է համապարփակ աշխատանք կատարել ու լուրջ փոփոխությունների գնալ:

Ես, որպես հարկատու, ուզում եմ մի բան ասել. մեզ նախ եւ առաջ կայուն հարկային օրենսգիրք է պետք. օրինակ՝ որպեսզի իմանանք, որ հարկային օրենսիրքը ասենք մի 5, 7 տարի չի փոխվելու: Մի փոքրիկ ընկերություն ունեմ: Ամեն կիսամյակը մեկ հարկային եմ գնում՝ փոփոխություններին տեղեկանալու, որպեսզի հանկարծ ինչ-որ բան բաց չթողնեմ ու տուգանվեմ: Դրա համար ինչ-որ փոփոխություն անելիս հարկայինը պետք է լավ ուսումնասիրի դրա պատճառը, անհրաժեշտությունն ու հետեւանքը, որպեսզի անընդհատ փոփոխություններ չանի: Այս ոլորտը ցնցումներ չի սիրում: Իսկ եթե այդ ցնցումներն անհրաժեշտ են, ապա դրանք հնարավորինս քիչ պետք է լինեն ի վնաս հարկատուի:

Աստղինե Քարամյան

«Նորֆոլկ»-ին վերջ տրվեց

Քանի որ ներքաղաքական վերջին իրադարձություններում շատ էր խոսվում «Նորֆոլկ» ընկերության գործունեության մասին,  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրեցինք՝ ինչ է սպասվում ընկերությանը:

ՊԵԿ նախագահի պարզաբանման համաձայն, «Նորֆոլկը» լուծարման գործընթացում է։ Հաջորդ շաբաթ լուծարային ստուգման ակտը կավարտվի, եւ մինչեւ ամսվա վերջ «Նորֆոլկ»-ն ամբողջությամբ լուծարված կլինի։

Արդյո՞ք սրանից կարելի է ենթադրել, որ «Նորֆոլկ»-ի գործունեությունն այնքան անպիտան է եղել, որ լուծարելով դատարկ տեղ չի մնում: Ինչու՞մն է խնդիրը:

Փակագծերում հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էր արել՝ նշելով, որ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Այս ընկերությունը նաեւ մենաշնորհային դիրք էր զբաղեցնում:

Ինչեւէ, պարզվում է՝ «Նորֆոլկ»-ին փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն:

Բայց այն ոչ թե ամբողջությամբ կրկնելու է այն գործունեությունը, ինչով «Նորֆոլկ»-ն է զբաղվել, այլ պետք է լինի ուղղակի մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող։ Բանն այն է, որ, ըստ ՊԵԿ նախագահի, առանց դրա էլ չի լինի. «Մենք այսօր պատրաստ չենք ժողովրդին՝ մանր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողներին, ովքեր գործունեություն են իրականացնում շրջանառության հարկի դաշտում… այսօր իրենք պատրաստ չեն ամբողջությամբ պատասխանատվություն կրել, այսինքն՝ գան ու մաքսային ձեւակերպումներն անեն ամբողջ ծավալով։ Հետեւաբար, մենք պետք է տխրահռչակ գործունեությունը շարունակենք, բայց պետությունը այստեղ կամք է դրսեւորում, պետական մասնակցությամբ ստեղծում է բաժնետիրական ընկերություն»:

Փոստով էլ են հաշիշ ուղարկում

Դավիթ Անանյանը հետաքրքրություն ներկայացնող այլ տվյալներ էլ ներկայացրեց: Օրինակ, 2018թ. 1-ին կիսամյակում իրականացվել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերի բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական 1336 միջոցառում, արդյունքում կազմվել է 591.5 մլն դրամի վարչական ակտ: Ռիսկային հարկ վճարողների մոտ այլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տարբեր տեսակի խախտումներով (մասնավորապես ապօրինի ձեռնարկատիրության, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) գործունեության իրականացման բացահայտման եւ այլ դեպքերի մասով) արձանագրվել է շուրջ 150 միլիոն դրամի գումար: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՊԵԿ նախագահի կողմից ընդունվել է նաեւ անձանց փոխկապակցված ճանաչելու մասին 24 որոշում:

2018թ. մայիս-հունիսին արվել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերի բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական 322 միջոցառում, արդյունքում կազմվել է 57.4 մլն դրամի վարչական ակտեր: Ռիսկային հարկ վճարողների մոտ այլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տարբեր տեսակի խախտումներով (մասնավորապես ապօրինի ձեռնարկատիրության, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) գործունեության իրականացման բացահայտման եւ այլ դեպքերի մասով) արձանագրվել է շուրջ 11.7 միլիոն դրամի գումար:

Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել եւ կանխվել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության 11 եւ մաքսային կանոնների խախտման 12 դեպք:  Թմրամիջոցների ներկրման 8 դեպքը հայտնաբերվել է փոստային առաքանիներում՝ ուղարկված հիմնականում ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից, որոնցում թմրամիջոցներից  գերակշռել է հաշիշի յուղը:

Այլ դեպքերով հայտնաբերվել է նաեւ «մարիխուանա», «կոկաին», ինչպես նաեւ կանեփի պարունակությամբ շոկոլադե կոնֆետներ ու թխվացքաբլիթներ: Իսկ 3 դեպքով էլ Մեղրիի մաքսակետում ԻԻՀ քաղաքացիներ փորձել են ներմուծել «ափիոն», «մարիխուանա» եւ  «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ:

Ավելով պակասուրդը կփակվի

2018թ. 1-ին կիսամյակում ՊԵԿ-ը 649.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ է հավաքագրել, որից 469.8 մլրդ դրամը հարկային մարմիններն են հավաքել, իսկ 152.9 մլրդ-ն՝՝ մաքսային մարմինները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88.2 մլրդ դրամ կամ 156%։ Այդ ավելի հավաքագրված 88.2 մլրդ դրամ գումարից 32.3 մլրդը մայիս-հունիս ամիսների բաժինն է։ Համենայնդեպս, սա է վստահեցնում ՊԵԿ նախագահը: Այդ հավելյալ գումարը գերավճարների՞ հաշվին է: Պարզվում է՝ ոչ, հարկային եկամուտների հավաքագրման նշված ցուցանիշն ապահովվել է առանց գերավճարների ավելացման։

Սեփ.լրատվություն

«Լուսանցք» թիվ 26 (504), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։