1. Հանքի տերը չպիտի կարողանա պետությանը շանտաժ անել – Արդյո՞ք պետք է այդքան հանքերը միաժամանակ աշխատեցնել ու խաթարել շրջակա միջավայրի բնական հավասարակշռությունը… Իսկ մեր երկրում բնապահպանական վնասի փոխհատուցումն այնքան չնչին է, որ գործարարին ավելի ձեռնտու է այդ վնասը փոխհատուցելը, քան մաքուր տեխնոլոգիաներ կիրառելը, պայթեցման ձեւերին հետեւելը, ընդերքի հարստությունը հանելիս ընդերքը չփչացնելը… / 2-3. Տարածաշրջանի ամենախոշորներից մեկը… Ամուլսարի հետոն պարզ չէ՞…

Հանքի տերը չպիտի կարողանա պետությանը շանտաժ անել

Ես չեմ դասվում այն մարդկանց շարքին, որ կարծում են, թե Հայաստանում հանքարդյունաբերություն չպետք է լինի: Բայց եւ այն մարդկանց թվում չեմ, որ մտածում են, թե ինչքան հանք ունենք, պետք է միանգամից հոշոտել: Կարծեմ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները 1998թ. ուսումնասիրում եմ: Զարգացած երկրների փորձին ծանոթ եմ: Դա ինձ թույլ է տալիս ասելու, որ մենք մեր հանքավայրերը ոչ թե օգտագործում ենք, այլ՝ շահագործում՝ բառի բուն իմաստով: Շահագործում անխնա, այնքան անխնա, որ հետապնդվում է ոչ թե բիզնես, այլ՝ թշնամու շահ: Մենք ոչնչացնում ենք մեր հանքերը: Անկեղծ լինելու համար ասեմ, որ ոչ մի երկրում (զարգացած երկրների հետ համեմատվենք, քանզի այդ ստանդարտներին ենք ձգտում) պետությունը գործարարի բարոյականությանը չի հենվում: Կիրառում է հստակ լծակներ եւ խստորեն պատժում օրինազանցին: Ամեն ինչի համար ստանդարտ կա՝ հանքի բաց ու փակ շահագործումների, հանքաքարի կորզման ձեւերի, մաքրության աստիճանի, թույլատրելի շեղումների, բնապահպանական վնասների, մաքուր տեխնոլոգիաների կիրառման եւ ըստ դրա՝ հարկային արտոնությունների, հանքի պայթեցման ձեւի, նոր ուսումնասիրությունների, հանքի շահագործումից հետո՝ հանքի փակման ձեւի եւ այլն մասին: Մեզ մոտ էլ կա, դաշտը լրիվ բաց չէ՝ թերացումներով հանդերձ, բայց եղածն էլ չի կիրառվում: Ու դրա պատճառն այն չէ, որ դրսի գործարարն ավելի բարոյական է մեր գործարարից: Պարզապես մեր երկրում բնապահպանական վնասի փոխհատուցումն այնքան չնչին է, որ ավելի ձեռնտու է այդ վնասը փոխհատուցելը, քան մաքուր տեխնոլոգիաներ կիրառելը, պայթեցման ձեւերին հետեւելը, ընդերքի հարստությունը հանելիս ընդերքը չփչացնելը:

Հիմա՝ ինչու սրան անդրադարձա:

Պարզվում է՝ 2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին։ Սա վերաբերում է նաեւ Հայաստանին։

Որովհետեւ բացահայտման պահանջը ԱՃԹՆ-ինն է, իսկ Հայաստանը ԱՃԹՆ-ից անմասն չէ։  

Հապավումը բացվում է որպես արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն։ Սա բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող միջազգային ստանդարտ է, որին 2017թ. դրությամբ անդամակցում են 51 երկրներ։ ՀՀ-ն դեռ երեք տարի առաջ է նախաձեռնել ԱՃԹՆ-ին անդամակցության գործընթա ցը։ 2016թ. մեր կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է թեկնածության հայտը եւ 2017թ. արդեն ՀՀ-ն ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր էր։ 2019թ. ՀՀ-ն կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ-ի ստանդարտին համապատասխանող երկիր։ Եթե, իհարկե, հաշվետվողականության մեխանիզմները պատշաճ ներդնի։

Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։ Օրինակ՝ մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս նախաձեռնությանն անդամակցող երկրները պարտավորվում են ամենամյա զեկույցներ հրապարակել, որոնք պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն պետության կողմից տրված թույլտվությունների, արդյունահանման ծավալների, պետությանը վճարված հարկերի եւ վճարների, ոլորտից ստացված եկամուտների տեղաբաշխման, սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Կամ՝ ԱՃԹՆ-ն մի ստանդարտ ունի, որի համաձայն, պարտադիր պետք է հրապարակվի ընդերքօգտագործողների կողմից այս կամ այն համայնքի արտաբյուջե կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը։

Հիմա՝ ԱՃԹՆ-ի չափորոշիչներով առաջնորդվող պետությունները պետք է մշակեն հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ։ Դրա շնորհիվ կբացահայտվեն իրական սեփականատերերը, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձինք։ Մինչ այս քարտեզին հասնելը մենք ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբ ունեինք (հիմա էլ կա), որ 6 գերատեսչությունների, ոլորտի խոշոր հանքարդյունահանող ընկերությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ունի կազմում։ Նրանք էլ ճանապարհային քարտեզը հավանության են արժանացրել եւ ուղարկել միջազգային քարտուղարություն (քարտեզի մշակման հարցերում տեխնիկական աջակցություն էր ցույց տվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը)։ Իրական սեփականատերերին բացահայտելու համար ճանապարհային քարտեզում հստակ միջոցառումներ էին նշվել։

Ու որպեսզի դրանք արդյունավետ իրագործվեն, փաստաթուղթը կառավարության որոշմամբ արձանագրելու անհրաժեշտություն եղավ։ Դա էլ արվեց։ Դեռ այս տարվա մարտին գործադիրն առաջարկեց հստակ քայլերը։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն էլ վստահեցրեց, որ 2020թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերը բացահայտված կլինեն։ Նախարարությունից վստահեցրին նաեւ, որ ճանապարհային քարտեզում նշված քայլերը արդյունք կտան։ Եվ որոշ ժամանակ անց հանրության ուշադրությանը կներկայացվի իրական սեփականատերերի ռեգիստրը։

Ի դեպ, ասենք, որ ճանապարհային քարտեզով նշված քայլերի մի մասը կարվի Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում։

Նկատենք, որ դեռ երկու տարի առաջ ԱՃԹՆ-ի (EITI) բազմաշահառու խմբի առաջին նիստը եղավ, որի ժամանակ էլ տրվեց Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը: Եվ ԱՃԹՆ-ին անդամակցության աշխատանքների համակարգումը պատվիրակվել էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

Հավելենք, որ բազմաշահառու խումբը կազմված էր 15 ներկայացուցիչներից, որոնցից 6-ը՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, 4-ը՝ հանքարդյունահանող կազմակերպությունների ներկայացուցիչներ, 5-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնցից մեկն, ի դեպ, գիտության ոլորտի ներկայացուցիչ: Մեր երկրում ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը կառավարելու եւ վերահսկելու է հենց այս խումբը: Բազմաշահառու խմբի առաջին նիստին ներկա էր նաւ ներկայիս բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով այն ժամանակ բազմաշահառու խմբի անդամ, քաղհասարակության ներկայացուցիչ էր (խմբի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի՝ 2016թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ):

Նիստում ելույթ ունեցան է՜լ հանքարդյունաբերության կազմակերպությունները եւ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները, է՜լ միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, է՜լ շեշտադրեցին նախաձեռնության ներդրման կարեւորությունը երկրի ներդրումային, գործարար միջավայրի բարելավման, հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, տնտեսական գործունեության որոշակի ռիսկերի նվազման, կառավարության, գործարար հատվածի եւ հասարակության միջեւ երկխոսության խթանման հարցերում: Այդ միտքը լրագրողների հետ զրույցում հաստատեցին ՀԲ-ում հանքարդյունաբերության ոլորտի խորհրդատու Նարինե Թադեւոսյանը, բազմաշահառու խմբի անդամ, քաղհասարակության ներկայացուցիչ Էրիկ Գրիգորյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը:

Նիստին լրագրողներ էլ կային: Ես հարցրեցի, թե արդյո՞ք թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ենթադրում են, որ բացահայտվելու են հանքարդյունաբերության ոլորտի իրական շահառուները: Այդ ժամանակ Դավիթ Հարությունյանը ասաց, որ այո, ստանդարտները պահանջում են իրական շահառուների բացահայտում:

Հարցս երկրորդեցի՝ փորձելով հասկանալ, թե՝ ի՞նչ է, մենք իրական շահառուներին չգիտենք, ԱՃԹՆ-ն պիտի պարտադրի՞ ասել: Կամ՝ ՊԵԿ-ը չի կարողանում ֆինանսական թափանցիկություն պարտադրել, միջազգային այդ կառու՞յցը դա պիտի անի… Պատասխանը, հասկանալի է, նույնն էր:

Ես ուղղեցի հաջորդ հարցը. Իսկ ԱՃԹՆ-ի ստանդարտներն առնչվելու՞ են, ասենք, հանքերի բացման ձեւերին, պայթեցման եղանակներին, շահագործման ուղիներին, կորզմանը եւ այն: ԴավիթՀարությունյանը հստակ ասաց. «Ոչ, սա չի վերաբերում տեխնոլոգիական գործընթացներին, բայց վերաբերում է երկու կարեւոր հենասյուներին՝ թափանցիկությանը, հաշվետվողականությանը»:

Այն, որ տեխնոլոգիական ստանդարտների պահանջ դրված չէ, ինձ հետ զրույցում ասաց նաեւ «Լիդիան Արմենիան» (Ամուլսար) ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը (հիշեցնեմ՝ 2016թ.-ն էր): Բայց երբ այդ մասին նշեցի նիստում, նա ասաց, թե իր ասածը սխալ է ընկալվել: Հավանաբար տեղյակ չէր, որ մինչ այդ զրույցում Դավիթ Հարությունյանն էլ էր հաստատել դա: Չնայած չեմ հասկանում՝ այո-ի ու ոչ-ի սխալ հասկանալը ո՞րն է…

Ինչեւէ: Այս ամբողջ ընթացքը ինձ այնպես է տպավորել, որ եթե ես տարիներ առաջ այս մասին գրել եմ, հիմա գուցե կրկնվում եմ, քանզի ամբողջ զրույցը բառ առ բառ եմ հիշում:

Որ տեխնոլոգիական ստանդարտ ներդրված չէ, զարմացա. չէ՞ որ զարգացած երկրների հանքարդյունաբերության ոլորտն ուսումնաիրելիս հստակ պարզ է դառնում, որ ֆինանսական ստանդարտների եւ այդ ստանդարտների թափանցիկության բարելավումն անհնար է առանց տեխնոլոգիական ստանդրատների բարելավման: Ինչու՞ դա մեր պարագայում հաշվի չի առնվել, բա՞ց է մնացել, թե՞ հետո է լրացվելու:

Այդ տարիներին ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը նկատեց, թե սա երկարատեւ աշխատանք է, եւ «հենց այս հարթակն է, որ մեզ հնարավորություն է տալու  հասկանալ շատ հարցեր՝ այդ թվում օրենսդրական, եւ հետագայում լրացնել այդ բացը՝ տեխնոլոգիական ստանդարտների միջազգային փորձի ներդրմամբ:

Այո, չեմ ժխտում, Դավիթ Հարությունյանն ու Կարապետ Վարդանյանն ընդունեցին, որ կա բաց, որ անպայման կլրացվի, մյուսները սկսեցին խոսել հայատառ, բայց ոչ հայերեն ու անընդհատ լսում էի, որ իրենց սխալ եմ հասկացել…

Այսօր օրերին Ամուլսարի հետ կապված քննարկումների համապատկերում այս ամենը հիշեցի՝ ցույց տալու համար, որ եթե պետությունը ուժեղ, շատ ուժեղ վերահսկող չլինի, ապա մեզ ոչ մի միջազգային ստանդարտ էլ չի օգնի:

Մանավանդ, որ միջազգային ստանդարտներ կիրառողը հազիվ թե իր շահը թողած Հայաստանի բնության բարիքի մասին մտածի: Հանքերը այո, պետք է աշխատեցնել՝ բայց նորմերի խստիվ պահպանմամբ: Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, թե արդյո՞ք պետք է այդքան հանքերը միաժամանակ աշխատեցնել ու խաթարել շրջակա միջավայրի բնական հավասարակշռությունը: Ու նաեւ պիտի հաշվարկները ոսկերչի կշեռքի  ճշգրտությամբ արվեն:

Ու եթե հանքը շահագործելիս բնապահպանական վնասն ավելին է, քան տնտեսական օգուտը, ապա պետք է մտածել տվյալ հանքը շահագործելու աննպատակահարմարության մասին:

Եվ վերջին դիտարկումը. ոչ մի հանք շահագործող չպետք է կարողանա պետության հետ շանտաժի լեզվով խոսել: Իսկ պետությունն այս պարագայում ուժեղ կլինի, եթե ունենա ոլորտային կուռ, խիստ ու պատժիչ օրենսդրություն:

Արմենուհի Մելքոնյան

Տարածաշրջանի ամենախոշորներից մեկը

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն կառավարությանն է ներկայացրել նոր ծրագիր։

Նախագծով նախատեսվում է կառուցել տարածաշրջանի ամենախոշոր պղնձաձուլարաններից մեկը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

«Հաշվի առնելով բնապահպանության ոլորտում առկա լրջագույն խնդիրները եւ կառավարության նախկինում արձանագրած դիրքորոշումները՝ այս ծրագրին աջակցության հնարավորությունը կարող է դիտարկվել հետեւյալ երկու առանցքային հարցերը հստակեցնելուց հետո միայն.

  1. Արդյո՞ք կարողանալու է ընկերությունը լավագույն փորձի հիման վրա հոգալ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու հարցը եւ ապահովել արդյունաբերական թափոնները Հայաստանից դուրս բերելու կամ դրանցից այլ արտադրանք ստանալու խնդիրը:
  2. Արդյո՞ք այս գործարանի համար ռեսուրսներ մատակարարող հանքերը կարող են ապահովել հումքի անհրաժեշտ ծավալները՝ առանց հանքերի գերշահագործման:

Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու եւ ծրագիրը գնահատելու նպատակով ձեւավորվել է աշխատանքային խումբ։ Հետագայում, արդյունքների մասին հավելյալ տեղեկությունը կհրապարակվի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամուլսարի հետոն պարզ չէ՞

Ամուլսարի շահագործման նախագծում փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Առայժմ պարզ չէ։ Բայց շուտով կպարզվի, որովհետեւ ինչպես գործադիրի նիստերից մեկից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, նախարարությունը գրությամբ կդիմի «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որպեսզի հասկանա, թե արդյո՞ք Ամուլսարի շահագործման նախագծում փոփոխություններ կլինեն։

Առայժմ իրավիճակը, Էրիկ Գրիգորյանի խոսքերով, սա է (գործադիրի՝ երկու շաբաթ առաջվա նիստից հետո,-Ա.Մ.). «Նախագծի մեջ փոփոխությունների առնչությամբ մենք նախապատրաստել ենք գրություն, քանի որ եւ գրավոր, եւ բանավոր եղել են մեկնաբանություններ։

Եվ այսօր այդ գրությունը կուղարկենք կազմակերպությանը, որպեսզի հասկանանք իրավիճակը։ Որովհետեւ կազմակերպությունից պաշտոնապես չկա որեւէ դիմում կամ գրագրություն, որ նախագիծը փոփոխության է ենթարկվել։ Եթե կան նախագծային փոփոխություններ, ապա, ըստ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման օրենսդրության, նոր փորձաքննական գործընթաց պետք է անցնի»։

Նախարարը հավաստիացրեց, որ որոշակի ուսումնասիրման գործընթաց արդեն մեկնարկել է։ Բնապահպանական ու ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումներ, որոնք թե՛ բնապահպանական, թե՛ փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու ուղղությամբ են։ Ի դեպ, այդ ստուգումների համար նախնական 10 աշխատանքային օր է նախատեսված։

Իսկ ինչո՞ւ չի քննարկվում հիշյալ ընկերության գործունեության կասեցման հավանականության հարցը։ Էրիկ Գրիգորյանի պատասխանը կրկին օրենդրությանը հղումն էր։ Ըստ այդմ, եթե ընդերքօգտագործման պայմանների խախտում է իրականացվում, ապա ընկերությանը 90-օրյա ժամկետ է տրվում դրանք վերացնելու համար։

Բայց ՀՀ-ն ունի բոլոր իրավական հիմքերը կասեցնելու յուրաքանչյուր գործունեություն։ Եթե խախտումները այնքան մեծաթիվ են, որ վտանգ են սպառնում, ապա կարող է կասեցվել անմիջապես։

Բայց ընկերությունը կարծես չի խուսափում պատժամիջոցների սպառնալիքի լեզվով խոսել, ընդ որում՝ պետության հետ։ «Մենք չպետք է կատարենք այնպիսի քայլեր, որոնց հետեւանքով իրավական, տնտեսական, ֆինանսական, ռեպուտացիոն ռիկսեր կարող են առաջանալ Հայաստանի Հանրապետության համար»,- եզրափակեց նախարար Գրիգորյանը՝ միաժամանակ նկատելով, թե ոչ ոք չպետք է սպառնալիքի լեզվով խոսի։

Լրագրողները փորձեցին ճշտել նախարարից, թե ընդհանրապես հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարայի՞ն է։ «Կարծում եմ՝ հեռանկարային չէ»,- հստակեցրեց նախարարը…

Սեփ լրատվություն

«Լուսանցք» թիվ 26 (504), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։