1. ԲՀԿ-ն փորձում է Հռոմի պապից կաթոլիկ երեւալ – Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պայմանավորված էր ՀՀԿ-ի՝ քաղաքական հետեւողական գործունեությունից հեռու մնալու գործոնով… Երեւանում եւս կլինեն ավագանու արտահերթ ընտրություններ – ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակների առաջին համարները համարվում են քաղաքապետի թեկնածուներ… / 2. Շատ վստահ են՝ իրենց նախագիծն է անցնելու – Չնայած ՀՀԿ-ն. ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն եւս փորձելու են իրենց փոփոխությունները պաշտպանել եւ օրենք դարձնել…

ԲՀԿ-ն փորձում է Հռոմի պապից կաթոլիկ երեւալ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, ինչը կարծում ենք պայմանավորված էր ՀՀԿ-ի՝ քաղաքական հետեւողական գործունեությունից հեռու մնալու գործոնով, քանի որ քաղաքապետը փաստացի պետք է գրեթե միայնակ, իր ուժերով դիմակայեր իր պաշտոնավարմանը դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների հարձակումներին… Եվ Տարոն Մարգարյանն ընտրեց հեռանալու տարբերակը, բայց թիմակիցներին խնդրեց մնալ աշխատատեղերում, որովհետեւ նրանց հեռանալու դեպքում քաղաքապետարանը չէր կարող իրականացնել մայրաքաղաքի սպասարկումը եւ այլ կարեւոր աշխատանքներ:

Հիշեցնենք, որ քաղաքապետի հայտարարությունը ծավալուն չէր. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին եւ շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը եւ քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։

Շնորհակալությունս եմ հայտնում Երեւանի ավագանու իմ գործընկերներին, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին եւ անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»։

Երեւանի ավագանին հուլիսի 16-ին ժամը 11-ին նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն քաղաքապետի ընտրության հարցն էր: 65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա էր միայն 5 մարդ, այդ թվում «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամները եւ նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Վերջինս հայտարարեց, որ քվորում չկա եւ 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ավագանիում ներկայացված 3 ուժերից 2-ը՝ ՀՀԿ-ն եւ «Ելք»-ը, արդեն հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլեւ չեն մասնակցելու այդ նիստին, ինչը նշանակում էր, որ ավագանու նիստը չի կայանալու:  

Թեկնածու է առաջադրել միայն «Երկիր ծիրանի» խմբակցությունը, որն ունի ընդամենը 3 հոգանոց խմբակցություն: Առաջադրվել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, ով իր սակավաթիվ աջակիցների հետ բողոքի ցույց էր իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց՝ ի պաշտպանություն իր թեկնածության:

Ըստ էության, ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները ցանկանում են, որ տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ: Նշենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանիում մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ:

Օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011թ.-ից: Այն ժամանակ նա փոխարինեց հրաժարական տված Կարեն Կարապետյանին, 2017թ. մայիսին կայացած ընտրությունների արդյունքում էլ վերընտրվեց այդ պաշտոնում:

ԲՀԿ-ն Երեւանի ավագանու անդամներ չունի, սակայն պատրաստվում է մասնակցել ավագանու ընտրություններին: «ՀՀԿ-ն փորձեց հարամել գործընթացը, բայց մենք պատրաստ ենք նոր ընտրություններին»,- ասել է ԱԺ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարել է, որ ԲՀԿ-ի երեւանյան տարածքային գրասենյակները արդեն անցնելու են ակտիվ աշխատանքի։ Նախնական տեղեկություններով՝ ԲՀԿ-ի  ընտրական  ցուցակը գլխավորելու է հենց ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը, ինչը դեռեւս չի հաստատել պատգամավորը։ Սակայն չի բացառվում, որ կուսակցությունում այլ որոշում կայացվի եւ քաղաքապետի պաշտոնի համար պայքարի ԱԻ նախարար Հրաչ Ռոստոմյանը։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ չնայած ՀՀԿ-ն իր ձեռագրին հարիր փորձեց խոչընդոտներ ստեղծել քաղաքական ուժերի համար՝ հուլիսի 16-ին նշանակելով քաղաքապետի ընտրությունը, երբ կար ավելի ուշ ժամկետ, բայց դա ոչինչ չի նշանակում։ «Բնակչության պասիվության առումով  քարոզարշավի դժվարություն կարող է լինել, քանի որ ՀՀԿ-ն հերթական անգամ փորձեց աղավաղել գործընթացը եւ հուլիսի 16-ին նշանակեց օրը, երբ որ կար ավելի ուշ ժամկետ, բայց հիմա իրավիճակը սա է եւ այն կարգավորվում է բացառապես օրենքով։ Ես կարծում եմ՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում կունենանք արտահերթ ընտրություններ։ Ես ընտանիքիս հետ պետք է մեկնեի հանգստի, սակայն իմ ուղեգիրը հետ եմ տվել եւ պետք է ակտիվ աշխատենք»,- ասել ԲՀԿ պատգամավորը։

Ավագանու նիստում քաղաքապետ չի ընտրվել եւ ավագանին կցրվի ու տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրությունները: Ըստ օրենսդրության, ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակների առաջին համարները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

Վաղուց խոսք կար, թե ՀՀԿ-ականները ցանկանում են ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրենսդրությամբ սահմանված կարգով կրճատի ավագանու լիազորությունները՝ լուծարելով այն: Եվ դա անի այնպիսի հաշվարկով, որ եւ՛  ԱԺ, եւ՛ ավագանու արտահերթ ընտրութուններն անցկացվեն միեւնույն օրը. օրենսդրությունը այդ ամենի հնարավորությունն ընձեռում է՝ ավագանու լուծարման համար կառավարության առաջ չսահմանելով ժամկետներ:

ՀՅԴ-ն որոշել է այս անգամ մասնակցել ոչ միայն ԱԺ արտահերթ ընտրություններին, այլեւ Երեւանի ավագանու։ Ըստ որոշ տեղեկությունների՝ չի բացառվում, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն կին լինի։ Ընդհանրապես

դաշնակցականները որոշել են երկրի նոր իրողություններին համարժեք լինելու համար ամբողջությամբ երիտասարդացնել ամենածեր քաղաքական կուսակցության ընտրական ցուցակները։

Խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է, որ ավագանու ընտրություններին մասնակցության ձեւաչափի հարցով դաշինքում քննարկումներ դեռ չեն եղել:

Նրա համար նախընտրելի է «Ելք»-ի ձեւաչափի պահպանումը, բայց եթե միասնական որոշում չկայացվի, նրա գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առանձին կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին:

«Ելք» դաշինքում առայժմ քննարկումներ են գնում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված։ Դաշինքով գնալուն գրեթե բոլորը կողմ են, բայց խնդիր կա համամասնությունների հետ կապված։ Նիկոլ Փաշինյանի «Քաղացիական պայմանագիր»-ը հավակնում է մոտ 70% ունենալ ցուցակում, որից 20%-ը կլինեն քաղակտիվիստները, իսկ «Հանրապետություն»-ը եւ «Լուսավոր Հայաստան»-ը միասին կարող են հավակնել 30%-ին։ Ընդ որում, Արամ Սարգսյանի համար սկզբունքային հարց է, որ իր անունը լինի առաջին եռյակում։

Անի Մարության

Շատ վստահ են՝ իրենց նախագիծն է անցնելու

Ընտրական Օրենսգրքի փոփոխության հարցերը շատ բուռն են ընթանում, անգամ լինում են միջադեպեր: Քաղաքական ուժերը փորձում են իրենց հարմար օրենքները անցկացնել, ինչն իհարկե հակադրությունների է հանգեցնում:

Կառավարության ԸՕ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը քննարկումներից մեկի ժամանակ իրեն լավ չէր զգում՝ ԱԺ հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ իր դրսեւորած վարքագծի համար. «Չէի ցանկանա հարաբերությունների նման լարում լիներ, ինքս էլ կոնսենսուսի կողմնակից եմ»։

Եվ իսկապե՞ս սեպտեմբերին ԸՕ-ն պատրաստ կլինի արտահերթ ընտրություններ անցկացնելուն, ըստ կառավարության ԸՕ հանձնաժողովի քարտուղարի՝ «Դա խիստ իրատեսական է… 2 նախագիծ կլինի, թե 1, կախված է նրանից, թե խորհրդարանի հանձնաժողովը նախագիծ կառաջարկի՞, թե՞ ոչ։

Իրենք հաստատ նախագիծ առաջարկելու են եւ «կառավարության կողմից առաջարկված նախագիծն առեւտրի առարկա չի լինելու»։ «Առեւտրի առարկա»-ն, ըստ բանախոսի, նշանակում է պարզապես հակադրվել չի լինելու, որեւէ մոտեցման դեմ անպայման մեկ այլ մոտեցում չի լինելու,  «այսինքն՝ նման մակարդակի քննարկումներ չեն լինելու»,- ասել է Դանիել Իոաննիսյանը:

Հանձնաժողովում կարծում են՝ ԱԺ-ն դեմ չի քվեարկի նախագծին, քանի որ «վարչապետն ու կառավարական հանձնաժողովը լավագույն օրենսգրքի ջատագովն են. այն կունենա հանրային շատ լուրջ սատարում». իսկ թե խորհրդարանն այդ օրենսգրքին դեմ, թե կողմ կքվեարկի, «մեր հանձնաժողովի խնդիրը չէ»։

Հանձնաժողովը նաեւ բացառում է, որ իրենց առաջարկած նախագիծը  կմերժվի, իսկ պատգամավորները կընդունեն իրենց նախագիծը:

Համենայնդեպս դա քիչ հավանական է համարվում, չնայած ՀՀԿ-ն. ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն եւս փորձելու են իրենց փոփոխությունները պաշտպանել եւ օրենք դարձնել:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամները աշխատավարձ չեն ստանում, Դանիել Իոաննիսյանը աշխատավարձ ստանում է «Իրազեկ քաղաքացիների միավորումից», Արարատ Միրզոյանը փոխվարչապետի իր աշխատավարձն է ստանում։ Կառավարությունից այլ գումարներ չի հատկացվում:

Նշենք, որ վարչապետի պաշտոնի համար պայքարելու է ոչ միայն Նիկել Փաշինյանը, այլեւ՝ Գագիկ Ծառուկյանը: ՀՀԿ-ն ասել է, որ չի առաջադրելու, իսկ ՀՅԴ-ն դեռ հայտարարություն չի արել:

Սեփ լրատվություն

«Լուսանցք» թիվ 26 (504), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։