Ազգի տականքը իրականություն է – Երբ հիմարաբանությանը պետական մոտեցում է տրվում, պետության կործանումը ժամանակի հարց է մնում: Երբ հիմարին պետական պաշտոն է վստահվում… Մեծն Նժդեհը տեսել է բոլոր ազգակործան վտանգները, անգամ ազգի մեջ պատսպարված այն տականքին, որ թշնամուց առավել վտանգավոր է – եւ դա կոչել է «ազգի տականք»…

Փա՛ռք քեզ, մեծն Գարեգին Նժդեհ, որ տեսել ես բոլոր ազգակործան վտանգները, անգամ ազգի մեջ պատսպարված այն տականքին, որ թշնամուց առավել վտանգավոր է… Եվ դա կոչել ես «ազգի տականք»:

Երբ հիմարաբանությանը պետական մոտեցում է տրվում, պետության կործանումը ժամանակի հարց է մնում: Երբ հիմարին պետական պաշտոն է վստահվում, նրան վստահողը ժամանակի հետ պետական դավաճան է դառնում, եթե չի փոխում իր ճանաչողական պատկերացումները: Հիմարը մեղք չունի, նա հիմար է, իսկ եթե խաղում է՝ «ազգի տականք» է էն գլխից:

Օրեր առաջ «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը, խոսելով Ապրիլյան պատերազմում զոհված տղաների դեմքերը ԵՊՀ պատերին նկարելու մասին, մասնավորապես  հայտարարեց.  «Ինձ թվում է՝ այդ երեխաներին պետք է հանգիստ թողնել: Նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում, նրանց պետք է թողնել հանգիստ: Մանկահասակ դեմքով տղա, երեւի էդ պահին չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում… եւ հիմա մենք անընդհատ շահարկում ենք այդ անունը: Ինձ թվում է՝ չարժի: Ընդամենը 18 տարեկան տղա… Ինձ թվում է չպետք է այդքան շահարկել անունները»:

Հայտարարությունը հարուցել էր անգամ համացանցի «նիկոլական» օգտատերերի զարմանքն ու զայրույթը: Իսկ պետական մտածողությամբ մարդկանց մոտ սա լուրջ մտահոգություն էր առաջացրել: Ինչպես կարող է պետական բարձրաստիճան պաշտոնյայի մամուլի խոսնակը նման, մեղմ ասած ստոր ու հակապետական մտածողություն դրսեւորի…  

Կառավարությունը լցված է մանկահասակ դեմքով մի շարք պատանիներով, որոնք մորուք պահելով իրենց կարեւոր ու ամեն ինչի պատրաստ պաշտոնյաներ են զգում: Այ, այստեղ պիտի ասել «այդ երեխաներին պետք է հանգիստ թողնել», որովհետեւ եթե պամպերսները ժամանակին չի փոխվում, սկսում են փիս հոտեր հանել ու հակապետական բաներ խոսել: Ավելի վատ է լինում, երբ «նրանց անունը շատ են շահարկում», դա հանգեցնում է երազախաբության, եւ նրանք «էդ պահին չեն  հասկանում» եւ ազգի ամենանվիրական պաշտպանական համակարգի՝ բանակի նվիրյալ տղաների մասին ստորություններ են ասում…

Անգամ ռուսական ու արեւմտյան բարձրաստիճան զինվորականները հիացած էին մնացել մեր 18-19 տարեկան տղաների անձնազոհությունից, հերոսամարտ վարելու կարողությունից, որի մասին խոսում են ցայսօր, երբ հիշվում է ապրիլյան պատերազմը…

Համացանցային քննարկումների ընթացքում փոխվարչապետի մամուլի խոսնակը փոխանակ ներողություն հայցեր կամ նման մի բան ասեր, անցել էր հարձակման, թե իր խոսքերը կտրել են ընդհանուր տեքստից, իսկ երբ այդ ընդհանուր տեքստը հայտնվեց, սկսեց ինչ-ինչ արդարացումներ փնտրել, բայց ոչ ներողություն հայցել:

Շատերն էին նշում, որ եղել են Արցախում ու զգացել են, որ «Ռոբերտի, Քյարամի ու մյուս տղեքի արածով է, որ այլեւս դուխը միլիոն է մեր զորքի»:

Ֆեյսբուքյան քննարկումներից մեկում մեկնաբանություն է թողել նաեւ Ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը.  «Արդեն էնքան բան կա ասելու, մարդ չգիտի՝  որտեղից սկսի… գժանոց դարձավ արդեն… էտ գիտեն լավ գործ ունեցան,  իրանք են, որ կա՞ն, հլը խաբար չեն՝ մեր նման տղերք կան, երբ ում, ինչ ուզենան, կանեն, մենակ Հայրենիքի ու Հերոսների Պատիվը բարձր պահենք… ավելի լավ է,  ներողություն խնդրի քանի շուտ է»:

Իմիջիայլոց, ավելի վաղ դեռ այն ժամանակ պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը «Մեդիալաբ»-ին կարծիք էր հայտնել, որ Ապրիլյան պատերազմի իրադարձություններն ընդհանրապես իրավունք չունեն այս փուլում ներառելու դպրոցական դասագրքում, որովհետեւ այդ իրադարձությունները դեռ պատմություն չեն…

Բայց արի ու տես՝ նորերի կառավարության մշակույթի նախարարությունը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած իշխանափոխության լուսանկարների ցուցասրահ է պատրաստվում բացել՝ Պատմության թանգարանում: Հետո էլ ցանկանում են իրենց հեղափոխության թանգարան բացել:

Այսինքն՝ պատահականորեն, գտնվելով հարմար պահին հարմար տեղում,

ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած լինելը լուրջ պատմություն է, իսկ հերոսապատումը, իսկապես մարտական սխրանքներով ճակատամարտը, որը կասեցրել է թշմամու առաջխախաղացումը դեպի մեր երկրի խորքը՝ դեռ պատմություն չէ՞…

Արժանի պատասխան է տվել ԼՂՀ ՊԲ գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ պատասխանելով «Արցախպրես»-ի այն հարցադրմանը, թե արդյո՞ք 2016թ. ապրիլյան պատերազմի հերոսների անունները շարունակ հիշատակելը կարող է համարվել շահարկում եւ արդյո՞ք նրանց կատարածը գիտակցված անձնազոհություն չէր:

Լեւոն Մնացականյանը նշել է, որ 2016թ. ապրիլյան քառօրյան մեր ժողովրդի համար հերթական լուրջ փորձություն լինելով հանդերձ, միաժամանակ Հայոց նորօրյա սերնդին ճանաչելու առիթ էր. «Ընդամենը 18-20 տարեկան հայորդիները, դրսեւորելով ոգու եւ գիտակցության հասունություն, իրենց կատարածով ապացուցեցին, որ ընդունակ են գերազանցելու նախորդներին: Սակայն այսքանից հետո անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի եւ նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի:

Ավելին, դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն մեր հերոս նահատակների հիշատակի, այլեւ բոլոր այն ապրողների հանդեպ, ովքեր նույն կամ գուցե մեկ այլ խրամատում հավասարապես պաշտպանել եւ պաշտպանում են բոլորիս, այդ թվում՝ նաեւ Ռոբերտ Աբաջյանի հերոսությունը կասկածի տակ դնողների անվտանգությունը»:

Վերջաբանի փոխարեն.  «Որոշեցի հրաժարական տալ եւ վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել նրան եւ նրա թիմին: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը»:

«Ազգի տականքը» հո պոզով-պոչով չի լինում:

Հայկ Թորգոմյան

Հ.Գ.- Արցախի ՊԲ-ն նշում է, որ շարունակվում են բանակի հեղինակությունը խաթարող գրառումները համացանցում: Բազմիցս հնչեցված հորդորները օգուտ չեն տալիս:

Հաշվի առնելով համացանցի տիրույթում դրսեւորվող նման «նախաձեռնությունների» վտանգավորության աստիճանը՝ հայրենական օգտատերերին եւս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ բանակի դեմ վնասակար գործելաոճից, իսկ իրավախախտման կամ սոցիալական անարդարության դեպքի ժամանակ կարող եք դիմել Արցախի ՊՆ:

«Լուսանցք» թիվ 26 (504), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։