Կդառնա՞ օրինակ. մտադիր են փոխանակել տարածքներ – Սերբիան, եւ Կոսովոն ցանկանում են կնքել հետաքրքիր մի գործարք՝ միմյանց միջեւ սահմանները վերագծելու մասին… ԵՄ-ն այս առնչությամբ հրապարակայնորեն որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել – ԱՄՆ-ի դիրքորոշումն ավելի հանդուրժողական է՝ վճիռը պիտի բխի երկու կողմերից… Իսկ արդյո՞ք մինչեւ տարածքների փոխանակումը Սերբիան պիտի ճանաչի Կոսովոյի անկախությունը…

10 տարի է անցել այն օրից, երբ Կոսովոն իր անկախությունը հռչակեց Սերբիայից:

Իսկ իրականում Կոսովոն Սերբիայի Արցախն է եւ այն ուժի կիրառմամբ պոկեցին Սերբիայից եւ այսօր դարձնում են Եվրոպայի 3-րդ իսլամական երկիրը (Ալբանիայից ու Բոսնիա եւՀերցեգովինայից հետո)…

10 տարի շարունակվում են կողմերի միջեւ թշնամանքը եւ անհամաձայնությունները: Սերբիան, ի շարս մի շարք այլ երկրների, չի ճանաչում Կոսովոյի անկախությունը:

Բայց այժմ այս երկրների առաջնորդները ցանկանում են կնքել հետաքրքիր մի գործարք՝ միմյանց միջեւ սահմանները վերագծելու մասին: Ըստ ծրագրի՝ Սերբիան Կոսովոյի հյուսիսից կստանա հիմնականում սերբերով բնակեցված մի տարածք, Կոսովոն Սերբիայից կստանա հիմնականում ալբանացիներով բնակեցված Պրեշեվոյի շրջանը:

Բայց մեծաթիվ փորձագետներ են կարծում, որ նման քայլը կարող է քանդել մեղվի բույնը… Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսի խոսքերով, այն կարող է դառնալ անկայունության պատճառ: Կարող են բռնություններ ու բախումներ սկսվել ե՛ւ Կոսովոյում ե՛ւ Սերբիայում. ասում է նա:

Իսկ Ջոնս Հոփքինզի համալսարանից Դեյվիդ Քանինը նշում է, որ Եվրոպայի պատմությունը շատ հաճախ է շփվել սահմանային փոփոխությունների հետ:

ԵՄ-ն այս առնչությամբ հրապարակայնորեն որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժում է սահմանային որեւէ փոփոխություն ու հայտարարում, որ Արեւմտյան Բալկանների տարածքային ամբողջականությունն անշրջելի է:

ԱՄՆ-ի դիրքորոշումն ավելի հանդուրժողական է՝ վճիռը պիտի բխի երկու կողմերից: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քուրթ Վոլքերն էլ կարծում է, որ եթե Կոսովոն ու Սերբիան կարողանան գալ համաձայնության, դա կտանի դեպի հարատեւ խաղաղության եւ կողմերը կճանաչեն մեկը մյուսին… «Կարծում եմ, որ այս ձեւով Սերբիան կշահի քաղաքականորեն, իսկ Կոսովոյի առջեւ կբացվեն առաջ շարժվելու ուղիներ»,- ասել է նա: Բայց մինչ այդ շատ երկար ճանապարհ կա անցնելու:

Դեռեւս մի շարք հարցեր պարզ չեն:

Օրինակ արդյո՞ք մինչեւ տարածքների փոխանակումը Սերբիան պիտի ճանաչի Կոսովոյի անկախությունը, արդյո՞ք նման փոփոխությունը չի ազդի տարածաշրջանի մյուս երկրների վրա, եւ որ ամենակարեւորն է, արդյո՞ք երկու կողմերում ընդդիմությունը չի կասեցնի տարածքային փոփոխությունների գնալու Սերբիայի ու Կոսովոյի առաջնորդների միջեւ սկսված գործընթացը: 

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։