Խորհրդարանական ընտրությունները կլինեն առավելագույնը մեկ տարվա ընթացքում… Իսկ այժմ կա՞ խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք… կա՞ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմ… կա՞ անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի… / Սահմանադրական փոփոխությունների հարցում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը…

Օգոստոսի 27-ին կայացել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։

Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիրեւև գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են.

– Անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք։

– Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարեւորագույն երաշխիք է, հետեւաբար օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որևէ կերպ չպետք է խաթարվի։

– Արդարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը:

– ՀՀ ԱԺ կողմից 07.06.2018թ. հավանության արժանացած կառավարության ծրագրի համաձայն «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որեւէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե խորհրդարանում եւ թե հանրային լայն շրջանակներում։

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։