Չարագուշակ կարգախոսը՝ ինչպես բումերանգ – Սրանք էլ են ասում, թե իրենց թիմի դեմ խաղ չկա… Սիրո եւ համերաշխության անվան տակ կատարված հեղափոխությունը ցայսօր միայն ցեխ է շպրտում մյուսների վրա, ատելություն եւ չարիք սերմանում հանրային կյանքում… Ընթացքում «մեր թիմի դեմը խաղ չկա»-ն վերածվում է «ով մեզ հետ չէ՝ նա հայ չէ» տարբերակի՝ ազգը տրոհվում է բազում մասերի… Սեւի ու սպիտակի քաղաքականությունը ազգահալած եւ հայրենադավ քաղաքականության կոչ է – քաղաքացիական պատերազմի կոչ…

Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին եւ հայտարարել, թե «մեր թիմի դեմը խաղ չկա» (դեմը չկա…,-խմբ.):…

«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո մենք սպիտակ ուժերն են, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»,- ասել է Հայկոն:

Վարչապետ Փաշինյանի կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն ասել է, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար։ Նա ասել է, որ ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է՝ «նույնիսկ կարող եմ ասել մեր թիմի դեմը խաղ չկա»։

«Բայց հարգելիներս, երեւանցիներս, հարազատներս, առանց ձեր մասնակցության, առանց ձեր ակտիվ մասնակցության մենք ոչ մի բանի ենք հասնի։ Կներեք, որ այսպես եմ ասում, այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը։ Միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ»։  

Այս կարգախոսը լսել ենք դեռ ՀՀՇ-ական ժամանակներից: Հետո եկան ՀՀԿ-ական ժամանակները եւ կրկին այս կարգախոսը թեւածեց… Բայց այս ձեւո՞վ… այստեղ խիստ կասկածելի է այս սադրիչի սեւ եւ սպիտակ ձեւակերպումների մեկնությունը: Սիրո եւ համերաշխության անվան տակ կատարված հեղափոխությունը ցայսօր միայն ցեխ է շպրտում մյուսների վրա, ատելություն եւ չարիք սերմանում հանրային կյանքում:

Հիշեցնենք, որ ինչպես ՀՀՇ-ի համար, այնպես էլ ՀՀԿ-ի, նման կարգախոսը հաջողաբեր չեղավ եւ այս քաղաքական ուժերը ցավագին ընկնելուց հարվածներ էին ստանում գոտկատեղից ներքեւ…

Ընթացքում «մեր թիմի դեմը խաղ չկա»-ն վերածվում է «ով մեզ հետ չէ՝ նա հայ չէ» տարբերակի, եւ առանց այն էլ պառակտված ազգը տրոհվում է բազում մասերի՝ տեղը զիջելով լպիրշներին, անբարոներին, հոգեւորսներին, օտարասերներին…

Նման կարգախոսերով առաջնորդվողները կամ տգետներ են կամ դավադիրներ: Այլ տարբերակ չկա: Իսկ Հայկ Մարությանի դեպքում կարծես թե երկուսն էլ առկա են: Նա ազգը բաժանել է «սեւ ու սպիտակ ուժերի», այսինքն չար եւ բարի մասերի, ինչը նշանակում է կամ չարը կամ բարին ոչնչացնելու է հակառակ կողմին: Կարեւոր չէ, թե չարն ու բարին որ կողմերն են, դա մտածողության հարց է, ուղղակի վտանգը մնում է ամեն դեպքում:

Այս դերասանը լսել է երեւի, որ ասում են «կյանքը բեմ է եւ մենք էլ դերասաններ»… Նման խոսք հաճախ են ասում մեր կյանքում առկա երկերեսանիության եւ ամենատարբեր խաղերի պատճառով: Սա մի քիչ այլաբանական խոսք է, որ Հայկոն լավ չի ըմբռնել: Իսկ ինչ մնում է մեր կյանքին, ապա այն սեւ ու սպիտակի վերածելը բեմի ու դերասանության ոլորտից դուրս է… սա ազգահալած եւ հայրենադավ քաղաքականության կոչ է: Քաղաքացիական պատերազմի կոչ: Թուրք-ադրբեջանցիներին՝ Հայաստանի վրա հարձակվելու կոչ… Աշխարհի գերտերություններին՝ մեր հայրենիքը մասնատելու եւ զավթելու կոչ…

Այսօրինակ միմոսները, որոնց ժամանակին պահում էին թագավորները, որ ժողովրդին անուղակի լսեցնեն իրենց խոսքը, չունեն այն մակարդակը, որ թագավորի հետ հարցեր քննարկեն՝ ինչպես նախկինում էր… Մեր թագավորն էլ թագավոր չէ, այլապես այս միմոսի լեզուն պիտի արդեն կտրած լիներ… Գուցե սա հենց այսօրվա թագավորի խո՞սքն է նաեւ…

Իսկ քաջնազարների միմոսը եւս քաջնազարաբար էլ պիտի արտահայտվի, դե ինչպես նոր Հայաստանում են ասում՝ «դուխով», բայց ոչ երբեք խելքով…

ՀՀՇ եւ ՀՀԿ շարքերը երեւի թե շատ շուտով կլրացվեն, ՔՊ-ն վախենամ ոչ միայն գոտկատեղից ներքեւ ցավազրկող օգտագործի, այլեւ հոգե-մտա-մարմնական բուժումներ ստանա խորացված…

Հայկոն որպես դժվար պայմաններում հաջողություն հասնելու օրինակ նշել է 1945թ.-ի Գերմանիան՝ ասելով, որ գերմանացիները կարողացան վերականգնել ավերված երկիրը։ «Մեր Երեւանը շատ վատ վիճակում, զրոյական չէ, մինուս է։ Բայց ես վստահ եմ, եթե գերմանացիները կարողացել են, իսկ իրենք էլ են մարդ, մենք էլ ենք մարդ, մենք բոլորս մսից արյունից ենք… եթե իրանք կարողացել են, մենք անհնար է չկարողանանք, դա բացառվում է, մենք չենք դիտարկում այդ տարբերակը։ Մենք մեր քաղաքը այնպիսի քաղաք ենք սարքելու, որ գերմանացիները գնան պատմեն իրենց մոտ մեր քաղաքի մասին»։

Փաստորեն, Հայկոն ոչ միայն ազգային պոռթկումներ է ունենում, այլեւ՝ միջազգային: Գերմանիան դեռ պատերազմը չսկսած արդեն մտածել էր, թե պարտության դեպքում ինչ քայլեր պիտի անի, որպեսզի հնարավորինս արագ վերականգնի տնտեսությունը, ուրեմնեւ՝ երկիրը…Գերմանիայի օրինակը անգիր արածի պես է, առանց խորքային իմացության, թե իրականում ինչ է եղել:

Երեւանն էլ ավերված Գերմանիան չէ: Տեսնե՛լ է պետք:

Իսկ այն խոսքը, թե «իրենք էլ են մարդ, մենք էլ ենք մարդ, մենք բոլորս մսից արյունից ենք»,  կասկածելի է… մարդ հասկացողությունը եռահամակարգ երեւույթ է՝ մարմին-միտք-հոգի, որի աններդաշնակությունն ակնհայտ է այս դեպքում: Էլ չասենք՝ հայ մարդ:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։