Նոր հարված ազգային արժեհամակարգին – Այսպես կոչված գենդերային հավասարության անվան տակ պարբերաբար փորձում են մեր երկրում սերմանել ազգային, ավանդական ընտանիքի վտանգավորության թեզը… ԼԳԲՏ համայնքը՝ վարչապետի հետ հեղափոխության առաջին շարքերու՞մ… Մարիխուանան՝ որպես հեղափոխական անհոգս ապագա… Նոր Հայաստանը թմրամոլության հարցում հետ է մնացել Թուրքիայից… 2017թ. թմրանյութերի չարաշահումներից ամբողջ աշխարհում մահացել է 207.000 մարդ…

Արեւմուտքը իրեն հարմար ոչ մի պահ չի կորցնում հայկական արժեհամակարգը թուլացնելու, ապա խաթարելու համար: Այսպես կոչված գենդերային հավասարության անվան տակ պարբերաբար փորձում են մեր երկրում սերմանել ազգային, ավանդական ընտանիքի վտանգավորության թեզը… Իրենց աչքը մտած մախաթը անտեսելով՝ մեր աչքի միջի ասեղն են ցույց տալիս, թե կան ընտանիքներ, որտեղ տղամարդը ծեծում է կնոջը կամ ոտնահարում է կնոջ իրավունքները: Իհարկե կան նման ընտանիքներ: Բայց դրանք այնքան մեծ թիվ չեն կազմում (ըստ բնակչության թվի եւ նման դեպքերի քանակի), ինչպես արեւմտյան երկրներում է, որտեղ ոչ միայն ծեծում են կանանց, այլեւ օգտվելով զենք կրելու իրավունքից՝ գնդակահարում են, երբ բարկացած են, երբեմն նաեւ հարեւանների կանանց…

Բայց ընտանեկան բռնության դեմ, նաեւ ընդհանրապես բռնությունը պատժելու եւ կանխլու համար կան օրենքներ, որոնք գործում են վաղուց: Իմիջիայլոց, այդ օրենքները գործում են նաեւ այն ժամանակ, երն կանայք են չարաշահում իրենք իրավունքները ընդդեմ տղամարդկանց: Այո, կան նաեւ այսպիսի ընտանիքներ, սակայն երբեք չի ստեղծվում միջազգային կառույց՝ ի պաշտպանություն տղամարդկանց իրավունքների:

Այսպիսի ընտանիքներն արեւմտյան երկրներում ավելի շատ են, քան տղամարդու կողմից կնոջ իրավունքները ոտնահարող ընտանիքներն են: Սակայն գենդերականներին սա չի հետաքրքրում, ավանդական ընտանիքները ոչնչացնելու համար նրանց պետք է թուլացնել բացառապես տղամարդու դիրքերն ընտանիքում եւ մնացյալն արդեն գենդերային, նաեւ ԼԳԲՏ-ական տարբեր իրավունքներով կլուծվի…

Բայց քանի որ ավանդույթ ունեցող երկրներում սա դժվարությամբ են առաջ տանում, առաջ են քաշել նաեւ երեխաների իրավունքների թեզը: Իհարկե ընտանիքներում երեխաներն էլ իրավունքներ ունեն, սակայն գենդերականները փորձում են այդ իրավունքները մեծացնել առավելապես մանուկների համար, մանկապարտեզ կամ դպրոց գնացող տարրական դասարանների երեխաների մոտ, որոնք անգամ սեփական ես-ը պաշտպանելու մտավոր հնարավորությունը չունեն դեռ… Եվ հենց սա էլ փորձում են գործածել, երեխաների այսօրինակ անպաշտպանվածությունը դարձնել իրենց հաղթաթուղթը՝ իբր նրանց պաշտպանում են իրենց ծնողներից… Սա ոչ միայն քանդում է ավանդական ընտանիքի կառուցվածը, այլեւ հակասություններ է առաջացնում սերունդների միջեւ:

«Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության հետ բազմիցս անդրադարձել է հայ ընտանիքների ավանդական արժեհամակարգի պահպանման կարեւորությանը, հայ կնոջ ծանրակշիռ դերակատարման թեմաներին, հստակ ցույց տալով, թե ինչպես է հայ ընտանիքը առաջնորդվում եւ ղեկավարվում որպես պետության մանրակերտ: Այնպես, ինչպես պետության կառուցվածքում կան իրավունքների եւ պարտականությունների շրջանակներ, այդպես էլ հայ ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ մեծից-փոքր, ունեն իրավունքների ու պարտականությունների ընդգծված շրջանակներ, որ աստվածատուր են: 

Հայկական պետականության լավագույն օրինակը միշտ եղել եւ դարեդար մնում է ավանդական հայ ընտանիքի կառույցը, որտեղ անհավասարության որեւէ տարր չկա: Պարզապես ընտանիքի կառավարման սկզբունքները հստակ բաժանված են հենց ընտանիքի կայունությունն ու հետագա հաջողությունները ապահովելու նպատակով: Դա ապահովում է նաեւ ազգի հարատեւումը:

Հայ ավանդական ընտանիքում կինը կառավարման այնպիսի ազատություն եւ հնարավորություններ է ունեցել, որի մասին այսօր էլ կերազեն աշխարհի կանայք… Օտար ուսումնասիրողները սա եւս արձանագրել են՝ նշելով, որ պետության մանրակերտ հայ ընտանիքում հայ կնոջ «վարչապետական» եւ հայ տղամարդու «նախագահական» իրավունքներն ու պարտականությունները հազարամյակներ շարունակ հզոր են պահել ինչպես ավանդական ընտանիքները, ազգը, այպես էլ հայոց պետականությունը (այս մասին «Լուսանցք»-ում հրապարակումներ ունի հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը):

Այսօր մի այլ ուղղությամբ են փորձում սողոսկել արեւմտյան կատարածուները: Օգտվելով Նւիկոլ Փաշինյանի անհամակարգ գործելաոճից, վերստին պարտադրում են «թարմացնել» Հայաստանի օրենքները ԳԵՆԴԵՐ-ական եւ ԼԳԲՏ-ական օրենքներով: Բայց ավանդական ընտանիքի փոխարեն արծարծում են քրիստոնեական արժեքներին հետեւող ընտանիքներ ձեւը՝ փորձելով օգտվել քրիստոնեական եկեղեցու դեմ ծավալված արշավի ընձեռած հնարավորությունից: Վստահաբար այդ արշավն էլ են իրենք սադրել եւ անբարոյականության ազատությունների հետ մեկտեղ միշտ էլ փորձել են աղանդավորական շարժումներ եւս ներմուծել:  

«Լուրջ վտանգ է սպառնում մեր ազգային արժեքներին, ինքնության պահպանմանը»,- դեռ օգոստոսի վերջերին ասել էր ԱԺ փոխնախագահ. Էդուարդ Շարմազանովը: Նա ընդունել էր Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանին, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանին եւ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար Կարինե Եսայանին:

«Այն հոգեւոր մարտահրավերները, որ ծառացած են մեր առջեւ, լուրջ վտանգ են սպառնում ազգային արժեքներին, հայ ինքնության պահպանմանը: Մենք պատրաստ ենք սատարելու քրիստոնեական արժեքների, ավանդական ընտանիքի պաշտպանության ձեր նախաձեռնություններին»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Վերոնշյալ նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը եւս հաստատել է, որ հայ ժողովրդի հոգեւոր արժեքներին, աշխարհաճանաչողությանն ու աշխարհընկալմանը, ավանդական ընտանեկան արժեքներին մարտահրավերներ են նետված, որոնց մի մասն այլեւս լրջագույն սպառնալիքներ են: Ըստ նրա՝ այդ սպառնալիքները չեզոքացնելու վերջնական հարցի լուծումն իրավական համապատասխան ակտերի, օրենքների ամրագրումն է: Նա կարեւորել է Էդուարդ Շարմազանովի աջակցությունը եւ ընդգծել, որ վճռական եւ հետեւողական պիտի լինել միասնաբար:

Հիշեցնենք, որ դրանից առաջ «Ազդակ» լրագրողական ակումբում տված ասուլիսի ժամանակ Հայկ Նահապետյանը հայտարարել էր, որ իրենց նախաձեռնությունն ունի միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի նախագիծ, որը մշակվել է դեռեւս 2014թ.-ին: Այս պահին նախաձեռնությունը փորձում է գտնել համախոհ պատգամավորների, որոնք կարձագանքեն եւ այդ նախագիծը, որպես օրենսդրական նախաձեռնություն, կներկայացնեն խորհրդարանին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեսակետ է հայտնել նաեւ, որ պետք է օրենքով արգելել համասեռամոլության քարոզը: Ըստ նրա՝ վերջին շրջանում մեր երկրում «ակտիվ քարոզ է ընթանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից եւ նրանք պահանջում են իրենց իրավունքները եւ շահերը պաշտպանող օրենքներ ընդունել»: Համասեռամոլության այս քարոզը մտահոգիչ է համարել նա եւ նշել է, որ ազգային արժեքների պահպանման համար պետք է պայքարել: Խոսք է եղել ԼԳԲՏ համայնքի ակտիվացման, դրան հետեւած նոր կառավարության լռության եւ նախկին կառավարողների սխալների մասին:

Անդրադարձ է եղել նաեւ «մի իրողության», երբ հայտարարված քաղաքական նոր իրավիճակը շատ արագ հանգեցնում է «արժեքների հեղափոխություն»: Հայտնի համասեռական Էլթոն Ջոնի (ընտանիքի) հետ պետական պաշտոնյաների սելֆիները, բարեգործության քողի տակ Էլթոն Ջոնի կողմից այլասերության բացահայտ քարոզը, Շուռնուխի դեպքերը, համասեռամոլների կողմից հարձակումը ոստիկանության վրա, որոշ կազմակերպությունների դիմումը կառավարությանը եւ շրջանառվող տեղեկատվական հոսքերը՝ նույնասեռական անձանց իրավունքների ընդլայնման առնչությամբ ահազանգ են այն մասին, որ նոր պատերազմ է հայտարարվել մեր ազգային ինքությանը:

Այս ամենը շատ մտահոգիչ է համարել ԱԺ փոխնախագահը եւ նշել, որ ոչ թե խոսել, այլ՝ գործել է պետք, եւ չի կարելի միայն հայտարարություններով սահմանափակվել: Սոցիալական ցանցերում, հանրային որոշ շրջանակներում եւս մտահոգություն է հնչում, որ վտանգված է ազգային-ավանդական արժեհամակարգը, որը քանդելու քայլերը հստակ են,  «ռազմահայրենասիրությունը շիզոֆրենիա է հայտարարվում, ամենաբարձր մակարդակով մարիխուաննա է գովազդվում, վտանգված է Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը, հայ ընտանիքի ինստիտուտը: Նոր կառավարողները ոչ միայն լռում են, այլեւ սատարում են այս իրավիճակին»,- նշել է խորհրդարանական պաշտոնյան:

Նա ընդունել է, որ իրենց իշխանությունը ունեցել է բազմաթիվ թերություններ, քանի որ կա նաեւ այս խնդիրը: Բայց նշեց, որ այս կառավարության ծրագիրը քննարկելիս ինքը Նիկոլ Փաշինյանին եւ կառավարությանը հարց է ուղղել, թե ինչպե՞ս են վերաբերվում ռազմահայրենասիրական դաստաիարակության ներդրմանը բուհերում եւ ինչպե՞ս է այս կառավարությունը վերաբերվում Եկեղեցու պատմություն առարկայի ուսումնասիրությանը դպրոցներում: Նիկոլ Փաշինյանը չլսելու է տվել հարցերը եւ չի անդրադարձել դրանց:

Իմիջիայլոց նշենք, որ այս կառավարությունը դեմ է նաեւ Ազգ-բանակ ծրագրի իրականացմանը եւ առաջարկել է ինչ-որ բանակ-քաղաքացի ծրագրատիպ մի բան, որը ամերիկյան մի ծրագրի ավելի վատ տարբերակն է…

Խոսվել է նաեւ այն մասին, որ այսօր կան մարտահրավերներ, որոնք սպառնալիք են դառնում: Այդ սպառնալիքներից է երեխաներին մատուցվող այն տեղեկատվությունը, որը շեղում է նրանց ընկալումները եւ ճանաչողությունը: Այդ ամենը մատուցվում է խաղերի ու ներկայացումների ձեով: «Հասմիկ» ճամբարի օրինակը թարմ է: Նաեւ տեսանք, որ ԿԳ նախարարը չի շտապում այս առնչությամբ կարծիք հայտնել: Վերջինս հայտնի է իր «կեղծ բարեպաշտությունից» հրաժարվելու մասին թեզով: Անդրադարձ է եղել նաեւ, որ ԿԳ նախարարը եւ առհասարակ այս իշխանությունները ամեն ինչից խոսում են, բացի կրթությունից ու դաստիարակությունից: Չեն խոսում այն թեմաներից, որտեղ իրենք շահեկան դիրքերում չեն եւ իրականանցում են ջայլամի քաղաքականություն… «Նրանք պետք է պատասխանեն՝ այս ամենին կո՞ղմ են, թե՞ դեմ: Նրանք միշտ բերում են Եվրոպայի օրինակները, բայց փաստ է, որ Հունաստանը լինելով եվրոպական երկիր, սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա նշել է, որ իրենց պետական կրոնը՝ օրթոդոքս եկեղեցու դավանանքն է: Մեր սահմանադրական բարեփոխումների ժամանակ առաջարկեցի, որ սահմանադրությամբ ամրագրենք, որ մեր պետական կրոնը հայ առաքելական եկեղեցու դավանանքն է, սկսեցին անհարկի աղմուկ բարձրացնել: Ես իմ գործընկերներին շատ լավ ճանաչում եմ եւ գիտեմ, որ որեւէ մեկը չի ցանկանա, որ իր երեխաների շրջանում աղանդավորական կամ համասեռամոլության քարոզ լինի: Ես սրա դեմ պայքարում արդեն ունեմ դաշնակիցներ թե՛ հասարակական եւ թե՛ օրենսդրական դաշտում»,- ասել է խորհրդարանի փոխխոսնակը:

Եթե ԿԳ նախարարը «Հասմիկ» ճամբարի դեպքի հարցով գոնե լռել է, ապա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն անդրադառնալով «Հասմիկ« ճամբարոմ տեղի ունեցածին՝ նշել է, որ պարզել են՝ նախարարության պատասխանատվության ներքո գտնվող երեխաներից որեւէ մեկն այդ ճամբարում չի գտնվում: «Միեւնույն ժամանակ դա չի նսեմացնում երեխաների իրավունքների պաշտպանության հարցը, որը այսպես թե այնպես առնչություն ունի նախարարության հետ: Այն հրապարակումները, որ տեղի են ունեցել, ուղղակի խաթարում են երեխաների իրավունքները։ Ես կարծում եմ՝ ՄԻՊ-ը կանդրադառնա այդ հարցին, որ հրապարակվել է երեխաների դեմքերը (տղաների, որ աղջկա շորեր են հագցրել,- Հ.Թ.) եւ ներկայացվել է մի բան, որն իմ պատկերացմամբ այնքան էլ իրականությանը չի համապատասխանում (համասեռականության քարոզ եւ տղա երեխաների վարկաբեկում,- Հ.Թ.)»,- նշել է Մանե Թանդիլյանը:

Նախարարի խոսքով՝  ճամբարում եղել է ուրախների եւ հնարամիտների ակումբ. «Գիտենք, որ այդ տարիքում երեխաների համար նմանատիպ զվարճությունները ծիծաղելի են: Նկարներից երեւում է, որ դա ՈՒՀԱ-ի ներկայացում էր: Պետք է ուսումնասիրություն կատարվի, բայց դատապարտելի է, որ երեխաների դեմքով նման հրապարակում է արվում եւ տեքստը, որ կարդում ես, չես էլ նկատում, որ դա ՈՒՀԱ ներկայացում է եղել»,- ընդգծեց նա:

Նշենք, որ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, «Հասմիկ» ճամբարում արված լուսանկարների ու տեսանյութերի տարածման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է ուսումնասիրություն: «Հստակ է մեկ բան. երեխաներին առնչվող նյութեր հրապարակելիս մշտապես պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահի առաջնահերթության սկզբունքով եւ չհրապարակել լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք երեխաներին նույնականացնելու հնարավորություն են տալիս: Առավել եւս խոսքը վերաբերում է վերնագրերին, որոնցով տարածվում են այդ նյութերը:

Պետք է միշտ հաշվի առնել, որ երեխան շարունակելու է ապրել իր սոցիալական միջավայրում, իսկ նման հրապարակումները կարող են խաթարել այդ միջավայրը եւ բացասական ազդեցություն ունենալ երեխայի հետագա սոցիալիզացիայի վրա»,- նշված է հաղոդրագրությունում:

Սակայն չգիտես ինչու նշված չէ, որ ծնողներն իմանալով այդ մասին հետո խիստ ընդվզել են, իսկ երեխաները իրենց բակում ոչ պատշաճ վերաբերմունքի են արժանացել հենց իրենց տարեկիցների կողմից… ինչը հավաստում է, որ համասեռամոլությունը «հայկական հիվանդություն» չէ:  «Դատապարտելի է, որ երեխաների դեմքերով նման հրապարակում է արվում» ասելու փոխարեն երեխաներին պետք էր հեռու պահել այլասերության կամա, թե ակամա քարոզից եւ վարկաբեկումից:

Մի խոսքով՝ տպավորությունն այնպիսին է, որ սիրո եւ համերաշխության քողի տակ սանձարձակության դրսեւորումներ ենք տեսնում հետզհետե…

Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ համասեռամոլությունն արգելող օրենսդրական նախագիծը «լակմուսի թուղթ է լինելու կառավարության համար»: Մինչեւ այս տարվա վերջ կառավարություն կմտնի այս նախագիծը եւ ով ինչ կարծիք ունենա կասի, եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի թիմը: Քաղաքական եւ կուսակցական շահերը ավելի փոքր են, քան արժեհամակարգի եւ քաղաքակրթական շահերը, քան ազգի ապագան: «Ինձ համար երկրորդական է, թե ես որ կուսակցության ներկայացուցիչ եմ, այստեղ արժեհամակարգի եւ ապագայի խնդիրն է: Եթե մարդիկ նորմալ են համարում, որ համենայնդեպս արական սեռի ներկայացուցիչ Էլթոն Ջոնը պետք է գա Հայաստան, համբուրվի իր ամուսնու հետ եւ բոլորի աչքի առաջ սելֆի անեն… ինձ համար նորմալ չէ:

ԼԳԲՏ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ եղել են Նիկոլ Փաշինյանի թիմի անդամները, իսկ այսօրվա վարչապետի կողմից ոչ մի արձագանք չկա…»,- հավելել է խորհրդարանի փոխխոսնակը:

Ինչո՞ւ են լռում, հնչում է հարցը:

ԼԳԲՏ համայնքի ղեկավարը հարցազրույցներ է տվել, որտեղ հստակ նշել է, որ այս հեղափոխությունը նաեւ այդ համայնքի հաղթանակն էր… եւ իրենք կառավարությունից ակնկալում են աջակցություն՝ ԼԳԲՏ համայնքի պաշտպանության գործում: Նրանք ասում են, որ իրենք այս հեղափոխության առաջին օրերից եղել են Նիկոլ Փաշինյանի շարժման առաջին գծում:

Իհարկե տարբեր խմբերի, համայնքների ներկայացուցիչներ եղել են, ոչ միայն ԼԳԲՏ-ականներ, ինչպես pakagits.blogspot.com-ն է գրում. «Բլոգում ներկայացվեց տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալած ակտիվիստներից Սամսոն Թանթուշյանը դատապարտվել է 8,6 տարվա ազատազրկման՝ մանկապղծության համար: Հրապարակումից հետո եղան կարծիքներ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ նպատակը ակտիվիստների բարի անունը սեւացնելն է:

Այս խոսակցությունների վերջը տալու համար հրապարակում ենք լուսանկար 1in.am լրատվականից, որից պարզ է դառնում, որ մանկապիղծի դատական գործի մասին հրապարակում եղել է դեռեւս 2017թ.:

Հրապարակումից հետո քաղաքացիական կոչվող հասարակության շատ անդամներ փորձեցին ներկայացնել, թե սա կազմակերպված պրովոկացիա է եւ Ռոբերտ Քոչարյանի թիմի կողմից մանկապիղծ Սամսոն Թանթուշյանը ներդրվել է ակտիվիստների մեջ, որպեսզի հետագայում անվանարկեն նրանց: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անգամ իր գրառումնեից մեկում «գտել» էր ՀՀ 2-րդ նախագահ թիմի ագենտին… Այս տեսակետը եւս որեւէ քննադատության չի դիմանում: Պարզվեց, որ քաղաքագետի գտած ագենտը Քաղաքացիական պայամանգիր կուսակցության անդամ Էդգար Շաբոյան է: Նա մտերիմ հարաբերություններ ունի Դավիթ Սանասարյանի օգնական Կարո Ղուկասյանի, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդ Արթուր (Ամիգո) Ղուկասյանի եւ Սփյուռքի նախարարի վարորդ Տիգրան Մազմանյանի հետ:

Եվ եթե հավատանք Ստյոպա Սաֆարյանին, ապա կստացվի, որ Ռոբերտ Քոչարյանի ագենտը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունից է»……

Մեկ այլ հարց էլ է հնչում: Ինչո՞ւ չեն ասում, որ այդ համայնքի մարդիկ կատարվածի հետ ոչ մի կապ չունեն: Նիկոլ Փաշինյանը հստակ հարցին, ո՞րն է Ձեր արժեքային համակարգը, պատասխանում է՝ «Ես -իզմ-երին դեմ եմ»… Սա ի՞նչ է նշանակում, գուցե հոմոսեքսուալության քարոզին դեմ չլինելը եւ միաժամանակ ազգային արժեքներին կողմ լինե՞լն է… Այդպես չի լինում, որեւէ ուղղությանը կողմ կամ դեմ պետք է լինել, հասկանալի ընտրություն պիտի կատարել: Ամբողջ աշխարհում կա դիրքորոշում դեմ կամ կողմ, իսկ լռելը առավելապես համաձայնության նշան է:

Իսկ մեզանում վատ օրինակները շուտ են ընդօրինակվում, օգոստոսի կեսերին Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջեւան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով: Նախաքննության տվյալներով՝ 2018թ. մարտի 18-ին մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական գյուղի՝ 2003թ. ծնված սանի նկատմամբ: Մեղադրյալը ձերբակալվել է: Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել մանկական գյուղի՝ նաեւ այլ անչափահաս սաների նկատմամբ ենթադրյալ կատարված անառակաբարո գործողությունների վերաբերյալ, որոնց հանգամանքներն ստուգելու եւ համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ:

ԼԳԲՏ-ական ապագա իշխանավորներին (իրենց երազանքով) շուտով կավելանան մանկապիղծների ու այլ նմանաբնույթ խմբերի «հեղափոխական առաջամարտիկները»… Արեւմուտքը արդեն լծվել է այդ գործին, որին վստահաբար կաջակցեն սորոսական նորիշխանական թրաշի տակ քողարկված տակավին մանկապատանեկիկ դեմքերը…

Այս չարիքը արդեն ավելի բացահայտ է մտնում նաեւ նորաձեւության ոլորտ, որին հետեւում են աշխարհի բոլոր երիտասարդները… Հագուստի ու աքսեսուարների իտալական Benetton բրենդը վերադարձել է սադրիչ գովազդային նկարահանումների ձեւին, որը հայտնիություն էր բերել 1980-90-ական թթ.։ United Colors of Benetton ապրանքանիշը կրկին օգտվելու է Օլիվյերո Տոսկանիի ծառայություններից, ում հետ աշխատել է 1982-2001 թթ.։ Նա սկանդալային գովազդային արշավների հեղինակ է՝ ՁԻԱՀ-ով հիվանդի, համասեռամոլների, համբուրվող միանձնուհիների եւ հոգեւորականի պատկերներով։ Նոր գովազդային արշավում, որը նվիրված է բրենդի աշնանային հավաքածուին, չկան հագուստի կամ կոշիկի նկարներ, միայն երկու սեռի ու տարբեր ռասաների մոդելների մերկ լուսանկարներ են… Օլիվյերո Տոսկանին հայտարարել է, որ իր արշավը անձի նկատմամբ բռնության, էթնիկ հակամարտությունների, քաղաքացիական ու կրոնական պատերազմների, մաֆիայի, ահաբեկչության եւ ռասիզմի դեմ է։ Իսկ մոդելների մերկությունը լուսանկարիչը բացատրել է Ֆրանցիսկոս Ասիզացու մոտիվներով. այս կաթոլիկ սուրբը քարոզել է ծայրահեղ ասկետիզմ, այդ թվում հագուստի մեջ։ Նա ամբողջ կյանքում հագել է հոգեւորականի համեստ զգեստ ու քայլել է ոտաբոբիկ…

Ահա թե ինչ է սպասվում նաեւ մեր նորաձեւության սիրահարներին մոտ ապագայում:

Հիշեցնենք, որ շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրը, ՄԱԿ-ը նշել էր, որ «…միլիոնավոր երիտասարդներ բախվում են զրկանքների, չարաշահումների, ոտնձգությունների, ահաբեկումների եւ իրենց իրավունքների նկատմամբ այլ խախտումների:

Հատկապես խոցելի են երիտասարդ կանայք ու աղջիկները, ինչպես օրինակ՝ երիտասարդ փախստականներն ու միգրանտները, հակամարտությունից տուժած տարածքներում կամ մարդասիրական ճամբարներում ապրող երիտասարդները, ինչպես նաեւ ԼԳԲՏ երիտասարդները… Աշխարհն ապահով դարձնելով երիտասարդների համար՝ մենք այն ավելի լավն ենք դարձնում բոլորի համար… Խաղաղությունը, սոցիալական արդարությունը, հանդուրժողականությունը եւ շատ այլ բաներ կախված են երիտասարդության իրական ներուժի բացահայտումից»…

Այնպես որ պիտի սպասենք նոր բացահայտումների ոչ միայն կառավարության կոռուպցիայի դեմ փառապանծ պայքարից, այլեւ ԼԳԲՏ-ական, աղանդավորական, թմրամոլության եւ նմանատիպ ոլորտների բացահայտումներից:

Հիշեցնենք, որ Արեւմուտքը փորձել է Հայաստանում ներդնել ոչ միայն սեռափոխության հնարավորությունը, այլեւ՝ ազգափոխության, երբ 16 տարեկան հայերը անձնագիր ստանալիս իրավունք կստանային փոխել նաեւ ազգությունը, եթե ցանկանային…

Այսինքն՝ ոչ միայն սեռական բնազանցությունն էր գործելու մեր երկրում, այլեւ ազգային ինքնության ոչնչացման մի նոր գործոն էր առաջ քաշվելու: Հայ երիտասարդությունը այս կամ այն ազգային պատկանելությունը ընդունելով (իհարկե շահագրգիռ գործոններ էին առաջ քաշվելու…) պիտի հասներ միջազգային ասպարեզի անանցելի ճանապարհներին…

Այս օրենքները այսօր էլ կարող են պարտադրվել եւ մի հաջորդ սերունդ կարող է միանգամից զրկվել ոչ միայն տղամարդ-կին արարչական կոդից, այլեւ հայի ազգային ինքնությունից:

Նման օրենքների առկայության դեպքում ավանդապաշտ Հայաստանում արհեստականորեն կկորչեն ոչ միայն երկսեռ  մարդիկ, այլեւ Հայ Աստվածների Երկրային Ժառանգները՝ աստվածամարդիկ՝ հայերը…

Իմիջիայլոց, հնարավոր է կրկին փորձեն օրինագծեր առաջ քաշել, որտեղ սեռի բազմազանության հնարավորություն է տրվում, անգամ անսեռ հանդես գալու…

Հայկ Թորգոմյան

Մարիխուանան՝ որպես հեղափոխական անհոգս ապագա

Այսպես կոչված նոր Հայաստանի նոր կառավարության մասին համացանցային քննարկումները բաց չեն թողել նաեւ թմրամոլության թեման: Ըստ այդ քննարկումների, նոր Հայաստանում «մարիխուաննան որպես ազգային արժեք է ընկալվելու»… քանի որ դրա գործածմամբ կյանքը մեր մտավոր պատկերացումներում կդառնա պայծառ-անհոգս:

Նշվում է, որ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չի թաքցնում իր  մտադրությունը մարիխուաննայի հանրայնացման վերաբերյալ: Ավելին, այս պայծառատես նախարարը համաձայն իր ֆեյսբուքյան հայտնի գրառման, դեռ 2015թ. առաջին անգամ կուսակցությունների պատմության մեջ բարձրացրել է մարիխուաննայի օրինականացման հարցը՝ այն համարելով հանրային անհրաժեշտություն: 

Իսկ նորմալ մարդկանց մոտ հարց է առաջանում, թե այդ երբվանի՞ց մարդկային ուղեղը թմրեցնող, բանականությունը բթացնող, կեղծ երջանկության ազդակներ հաղորդող թմրամիջոցի օրինականացումը դարձավ հրատապ խնդիր: Ազգային դաստիարակության եւ առողջ սերունդ ունենալու համար փաստորեն մենք սպառել ենք բոլոր միջոցները եւ պետք է ապավինենք մարիխուաննայի «գերբնական ազդեցությանը»: Դե ում համար մարիխուանան երջանկաբեր չի լինի, հետզհետե կառավարական որոշումով «կնստեցնեն ասեղի վրա»…

Սա մտահոգիչ է առհասարակ, բայց առավելապես այն իմաստով, որ հնչում է պետության կրթական եւ գիտական ոլորտը համակարգող պետական այրի կողմից:

Նոր Հայաստանում երեւի թե առանց տիեզերանավերի տիեզերագնացների դպրոցներ կբացեն շուտով: Թռչելը կդառնա մեր կյանքի բաղկացուցիչ մասը…

Եվ այդպես թռիչքային գոտի դուրս եկած լավագույն թմրամոլները կդառնան մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները: Ապա նույն ձեւով կօրինականացվեն աղանդավորականներին եկեղեցու պաշտոններում նշանակելու մտադրությունները… Իսկ բազմասեռական հակումների հետեւորդները, որոնցից նույնպես կան նոր Հայաստանում, կառաջնորդեն հանրային եւ մշակութային բոլոր շարժումները, մեր կյանքն ու կենցաղը լցնելով անսեռության սկզբունքներով…

Նոր Հայաստանը հետ է մնացել Թուրքիայից

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան վիճակագրական տվյալներ է հայտնել երկրում թմրանյութերի տարածվածության վերաբերյալ։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրում թմրանյութերի օգտագործման նվազագույն տարիքը հասել է 9-ի։ Սինթետիկ կանաբինոիդների (թմրանյութի տեսակ) օգտագործումը 5 տարում 15 անգամ ավելացել է։ Այսպիսով, երկրում թմրանյութեր օգտագործողների թիվը հասել է մի քանի միլիոնի։

Թմրամիջոցների եւ թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի կողմից 2017թ. վերաբերյալ կազմված զեկույցի համաձայն՝ Թուրքիան սինթետիկ թմրանյութերի օգտագործման արդյունքում արձանագրված մահվան դեպքերի թվով եվրոպական երկրների շարքում 1-ին հորիզոնականում է։ 2017թ. Թուրքիայում բարձր չափաբաժնով թմրանյութերի օգտագործման հետեւանքով 580 մահվան դեպք է գրանցվել։ Իսկ վերջին 10 տարվա ընթացքում այդ թիվը կազմել է 2.400։ Ընդ որում, եթե նախորդ տարիներին թմրանյութերից մահացողների միջին տարիքը 35-ն էր, ապա վերջին տարիներին երիտասարդների մահացության թվի աճի հետեւանքով միջին տարիքը հասել է 31-ի։

Վիճակագրության համաձայն՝ 1990թ. թմրանյութերից կախվածության ունեցող քաղաքացիների թիվը կազմում էր շուրջ 381.200, 2016թ. այդ թիվը արդեն հասնում էր 664.906-ի։ Թուրքիայի առեւտրի նախարարության տվյալների համաձայն՝ 2017թ. միայն երկրի սահմանային անցակետերում՝ 26,4 մլն. տոննա թմրանյութ է հայտնաբերվել, ինչը 8 անգամ ավելին է նախորդ տարի սահմանին առգրավված թմրանյութերի քանակից։

Վերջին 10 տարում թմրանյութերից կախվածության եւ դրանց չարաշահման արդյունքում բուժում ստացողների թիվը Թուրքիայում աճել է 25 անգամ։

Ընդ որում, մինչեւ 15 տարեկանների շրջանում թմրանյութերի օգտագործումը աճել է 92%-ով։ Թմրանյութերից կախվածության դեմ բուժում ստացողների 40%-ը կազմում են 15-19 տարեկանները, 30%-ը՝ 20-24 տարեկանները, 11%-ը՝ 25-29 տարեկանները։

* * *

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում թմրանյութերից կախվածություն ունեցողների թիվը կազմում է շուրջ 39.5 մլն։

2017թ. թմրանյութերի չարաշահումներից ամբողջ աշխարհում մահացել է 207.000 մարդ։

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։