Հայաստանի նախկին 3 նախագահները՝ նշանակետի տակ
2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն ժամանակ միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝‘Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար (այն բավարարվել է, սակայն հետո Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել, բայց շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում):
Կհարցաքննվի նաեւ 3-րդ նախագահը
«Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվելու են բոլորը, որոնք առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության»,- այս մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նա նշել է, որ ՀՀ նախկին նախագահը եւս հարցաքննվելու է. «Այո, հարցաքննվելու է նաեւ Սերժ Սարգսյանը»: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ նա «շատ կարեւոր վկա է»:
Նշվել է, որ քննիչն է որոշում, թե ում, ինչ հարցերի շուրջ եւ երբ հարցաքննի։
Մինչ այս պահը նպատակահարմար չի եղել, որ Սերժ Սարգսյանին հարցաքննեն:
«Դա քննության տակտիկա է եւ քննիչին պետք է թողել, որ ինքը պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։
Հարցաքննությունը ինքնանպատակ չպետք է լինի: Այդ հարցաքննության նպատակը որոշակի տվյալներ ձեռք բերելն է, այսինքն՝ պետք է ապահովել հարցաքննության արդյունավետությունը: Հարցաքննությունը ինքնանպատակ չպետք է լինի »,- նշել է ՀՔԾ պետը։
1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն էլ կհարցաքննվի
ՀՔԾ պետը հայտարարել է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով չի հարցաքննվել:
«Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես կհրավիրվի ու կհարցաքննվի այն ժամանակ ու այն կարգավիճակում, որը վարույթն իրականացնող մամինը կհամարի անհրաժեշտ»,- ասել է նա:
Արտակարգ դրություն չհայտարարելը կբերեր լրացուցիչ զոհերի՞
Մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի: Դեռ հուլիսի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Իրավիճակն այդ օրերին Երեւանի կենտրոնում այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի: Սա ասում եմ, որպես քաղաքացի, ում տան մոտակայքում էին կատարվում բուն գործողությունները»,- ասաց Հարությունյանը:
Արդարադատության նախկին նախարարը նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելը մտնում է ՀՀ նախագահի այն գործիքակազմի մեջ, որը նրան տրված է Սահմանադրությամբ, եւ իր պաշտոնավարման ընթացքում իր արածների համար նախագահը չպետք է պատասխան տա լիազորությունների դադարումից հետո:
«Նախագահի խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավոր է ապահովել ՀՀ անվտանգությունը: Եվ հենց այդ լիազորությունները, որոնք տրված են նախագահին իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար, դրանցից բխող ցանկացած գործողություն, չեն կարող ենթադրել հետագայում պատասխանատվություն այդ քայլերի համար: Այլապես, ցանկացած նախագահ, ամենավճռորոշ պահին, երբ պետք է ռազմական դրություն, ընդհուպ՝ պատերազմ հայտարարի, նա կարող է լինել կաշկանդված, մտածելով‘ իսկ ի՞նչ կլինի իշխանափոխությունից հետո»,- նշեց նախկին նախարարը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին:
Այս մասին էլ արդարադատության նախկին նախարարը (Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ է եղել) անկաշկանդ արտահայտվեց:
Ըստ այդմ՝ Դավիթ Հարությունյանը ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում իրավական լեզու չի տեսնում:
«Իմ իրավական գնահատականը տվել եմ այն հաղորդագրությանը, որը օրեր առաջ Միքայել Հարությունյանի հետ կապված հնչել էր մամուլում, եւ, գրեթե անփոփոխ, հնչել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված։ Այդտեղ ես իրավական հատված չեմ տեսնում»,- շեշտեց Դավիթ Հարությունյանը:
Նա ծայրաստիճան մտահոգիչ համարեց երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը:
Բացի այդ՝ Դ. Հարությունյանի խոսքով,‘արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը նախատեսում է ԶՈՒ օգտագործումը արտակարգ դրության ժամանակ:
«Օրենքն ընդունվել է 2012թ.-ին, իսկ օրենքի նախագիծն անցել է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը:
Եվ այդ առումով որեւէ առարկություն չի եղել, որովհետեւ նմանատիպ մոտեցում որդեգրված է բազմաթիվ երկրներում»,- նշել է Դավիթ Հարությունյանը:
Վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը 11/09/2018թ. հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետեւ լսել Անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանը, զորավարժությունների սցենարով պայմանավորված, մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:
Վարչապետն ընդգծել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման կարեւորությունը՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի անցման իրավիճակում ՀՀ պետական մարմինների պատրաստվածության աստիճանը փորձարկելու, օպերատիվ եւ համակարգված աշխատելու համատեքստում:
«Լուսանցք» թիվ 28 (506), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



