Իշխանությունը նաե՛ւ անիշխանության է տանում – Պայքարում եք, լավ եք անում, քննեք, փաստերը ներկայացրեք, բռնեք, տեղեկացրեք, վերջ: Անցեք առաջ… դե լավ էլի, իշխանական այրեր եք, վերջապես ձեզ մի քիչ ձիգ պահեք… / Բռնապետության առաջին հիմնաքարը դրվեց Հայաստանում – ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգում եմ օլիգարխներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է համացանցում տարածված ձայնագրությանը, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունը:

Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Քանի որ այս ողջ պատմության մանրամասներին տիրապետում եմ, այսինքն այդ հայտնի օրերին, դրանից առաջ ու հետո ինչ է տեղի ունեցել Հայաստանում, եւ հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում ես այդ կոնտեքստին, բնականաբար, տեղյակ եմ: Բայց այս պահին ձեր թույլտվությամբ, մանրամասներին դեռեւս չեմ անդրադառնա:

Քիչ առաջ ինձ մոտ եմ հրավիրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ նրան հանձնարարել եմ հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ: Այդ պարզաբանումներին մենք դեռ կանդրադառնանք, թե ինչ ասաց ԱԱԾ տնօրենը, ինչ ասաց ՀՔԾ պետը, ինչ է դա նշանակում, ինչն ինչպես պետք է մեկնաբանել, ինչն ինչու է հնչում, եւ ոնցը ոնց եղավ, որ այդպես է հնչում, այլ ոչ թե այլ կերպ:

Բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել. եկեք հիմա հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Ըստ էության, տեղի է ունեցել հետեւյալը, սա իմ գնահատմամբ, չնայած իրավաբաններն ավելի ճիշտ կասեն, իմ գնահատմամբ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Ո՞վ է արել այդ գաղտնալսումը, ինչի համար, ինչ նպատակով: Արդյոք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականացրել:

Եվ ե՞րբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը, ինչն է այս ամենի քաղաքական նպատակը. ես դեռեւս օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ, իմ կարծիքով մարտի 1-ը բացահայտված է եւ տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առջեւ:

Այսօր Հայաստանում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար, տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է այդ կոռուպցիոն համակարգի կողմից եւ սպասարկել է երկար տարիներ այդ համակարգին եւ պլանավորված է այդ կոռուպցիոն համակարգին սպասարկելու համար: Ես դեռ վարչապետ ընտրվելուց հետո բա՞ն եմ թաքցրել ձեզնից: Ասել եմ՝ մինչեւ օրս դատավորները զանգում, խաբար են ուղարկում, թե ինչ անենք, այս մի հարցը ոնց որոշենք, էն մի հարցը ոնց որոշենք: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա:  

Ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին տալ հրահանգներ: Մենք հրաժարվել ենք դատական համակարգին տալ հրահանգներ, բայց դա չի նշանակում, որ այդ համակարգից տարբեր մարդիկ մեզ չեն զանգել ու չեն ասել՝ բա էս գործն ինչ անեմ, խնդրում եմ ասեք, վայ վախում եմ, էս գործը չգիտեմ ոնց անեմ, էն գործը չգիտեմ ոնց անեմ: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա: Մարդիկ զգում են եւ այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել Հայաստանում:

Նրանք ուզում եմ այդ պրոցեսը կասեցնել՝ գաղտնալսումներով, ինչ-որ բաներ անելով:

Այո, ԱԱԾ տնօրենը հիմա ասուլիս կանի եւ կպարզաբանի՝ ինչն ինչով է: Ես հստակ ասել եմ ու հիմա էլ ուզում եմ ասել. ժողովուրդ, մենք այս կաբինետներում հայտնվել ենք ձեր շնորհիվ ու այն պահին, երբ ինչ ասեցինք, որտեղ ասեցինք, ինչ խոսեցինք, ում հետ հանդիպեցինք, ենթակա է հաշվետվության ՀՀ քաղաքացիների առջեւ: Բայց մենք շանտաժի չենք տրվելու, «Մարտի 1»-ի գործը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առջեւ, թալանվածը պետք է վերադարձվի:

Ես ասում եմ, որ սկսած էս պահին, նախորդից, միշտ, ես պատասխանատու եմ բոլորիդ առջեւ, թե իմ, իմ հարազատների, իմ ընտանիքի անդամների նյութական վիճակը ինչքանով է փոխվել:

Նոր քրեական գործեր են հարուցվելու, եւ սրա նպատակը ընդամենը կոռուպցիայի դեմ պայքարը, մարդասպաններին բանտերում տեղադրելու պրոցեսը կոտրելն ու ջարդելն է: Այս իրավիճակի կապակցությամբ, այո, շարունակում է որոշումներ կայացնելու իրավունքը մնալ ժողովրդի տիրույթում: Ժողովուրդն է բարձրագույն իշխանություն: Այս ընթացքում ինչեր ասես, հեռուստաընկերություններ են առել, ֆեյքեր են առել, լրատվամիջոցներ են առել, ինչ ասես չեն տարածքում, որ ես ընտանիքիս անդամների համար միլիարդների, աղջկաս համար 100 հազարանոց ավտո եմ առել, որ որդիս ոչ թե իրականում ծառայում է, այլ վարձով բնականարում ինչ-որ Ֆարերյան կղզիներում է եւ այլն: Սրա նպատակը մեկն է, նրանք ուզում են ճողոպրել, փախչել պատասխանատվությունից, եւ դուք չպետք է թույլ տաք, որ նրանք փախչեն պատասխանատվությունից: Առանձին վերցրած պաշտոնյա, ընդհանրապես կառավարությունից եթե որեւէ մեկը սխալ արել է, մեզնից ոչ մեկը անսխալական չի, եւ մեզնից յուրաքանչյուրը պատասխան կտա, ինձնից սկսած, եթե իրոք օբյեկտիվորեն ապացուցվի, որ դա սխալ է:

Բայց ես նաեւ ասել եմ, որ վախենում եմ, որ կոմպրոմիսի ի վիճակի չլինեմ: Այս ամեն ինչը նրա արդյունք է, որ ես կոռուպցիոներների, թալանչիների հետ որեւէ կոմպրոմիս չունեմ եւ չեմ ունենալու: Նրանք չեն կարողանալու ինձ կանգնեցնել, նրանց պարտություն է սպասվում, որովհետեւ նրանք ժողովրդից թալանվածը պետք է վերադարձնեն: Հայաստանի քաղաքացիներին գնդակահարածը պետք է պատասխան տա: Սահմանից զինվորին հանած, Երեւան բերածը պետք է պատասխան տա, երեւանցիների պատուհանների վրա ավտոմատներով կրակածը պետք է պատասխան տա, օրիգարխների թիկնազորին զենք բաժանածը եւ նրանց ժողովրդի վրա  կրակելու հրահանգ տվածը պետք է պատասխան տա: Ես սա նոր չեմ ասում, ես սա ասել եմ, երբ եղել եմ ընդդիմադիր, եղել եմ բանտում: Ու հիմա նույնը ասում եմ Վարչապետի աշխատասենյակում: Բայց որոշողը ես չեմ, որոշողը դուք եք, դուք պետք է որոշեք՝ մեր կառավարության մեջքին, կողքին, թիկունքին պինդ կանգնում եք, թե ոչ:

Ինչ ուզում են գաղտնալսած լինեն, այդ գաղտնալսումների մեջ չկա որեւէ բան, որը հետաքննությամբ կպարզվի, որ որեւէ մեկը հատել է իր ծառայողական պարտականությունների գիծը: Որովհետեւ եթե մենք դատարաններին հրահանգ տվող էինք, վերաքննիչ դատարանին ինչու հրահանգ չենք տվել, ոնց է  Ռոբերտ Քոչարյանը հայտնվել ազատության մեջ: Եթե քաղաքական հետապնդման ենթարկող էինք, այդ լուրերը, որ հեռուստատեսություններ է գնել, ճիշտ են, թե ճիշտ չեն: Էդ քաղաքական հետապնդյալները հեռուստատեսություն ու լրատվամիջոց են գնո՞ւմ, էդ ո՞նց:

Այս իրավիճակում, ես քանի դեռ վարչապետ եմ, կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելփւ, շանտաժների չեմ ենթարկվելու, մինչեւ վերջին կոռուպցիոները, նրանց գողացած վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին: Դուք ձեր թալանածը չեք մարսելու: Ուզում եք գաղտնալսեք, ուզում եք գաղտնատեսաձայնագրեք, ինչ ուզում եք արեք, տարբերակ չկա:  Ես հույս ունեմ, որ այս իրավիճակում ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին: Այո, մենք ձեր աջակցության կարիքն ունենք կոռուպցիայի դեմ պայքարում:

Այսօր, ի միջիայլոց, Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հավաք է նախատեսված եւ ես հույս ունեմ, որ բոլորդ կգաք էնտեղ ու ձեր աջակցությունը կհայտնեք կոռուպցիայի դեմ պայքարին, մարդասպանների դեմ պայքարին, ընդհանրապես հեղափոխությանը:

Ես լսել եմ այդ ձայնագրությունները: Անտեղ ինձ հետ կապված մի բան կա, որն ուզում եմ պարզաբանել: Ես դա երեկ Տավուշում էլ ասացի: Երբ ես առաջարկել եմ ՀՔԾ պետի թեկնածու, Քննչական կոմիտեի նախագահի թեկնածու, ԱԱԾ տնօրեն, ոստիկանության պետ, ՊԵԿ-ի նախագահ, ես ասել եմ, որ ձեզ խոստանում եմ մի բան, որ որեւէ գործի քննության համար քաղաքական խոչընդոտ չի լինելու: Բացառում եմ, որ դուք ասեք՝ նախաքննության շահերից ելնում է, որ այսինչ մարդուն պետք է կալանավորել եւ ես ասեմ՝ չէ, մի կալանավորեք:

Եթե նույնիսկ գաք ասեք քո ընտանիքի անդամին կալանավորում ենք, նախաքննության շահից է դա բխում, ես ասելու եմ՝ կալանավորեք:

Եվ այո, տեղի է ունեցել դա: Հիմա էլ եմ ասում, նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լիենն եւ չմտածեն, թե այսինչ անուն ազգանունով մարդուն կարելի է կալանավորել, թե ոչ:

Ճշմարտությունն այն է, որ ոմանք ուզում են ճողոպրել, ծլկել, խուսափել պատասխանատվությունից: Ես դա թույլ չեմ տալու, ընդ որում, անկախ նրանից վարչապետի կարգավիճակում կլինեմ, թե ոչ:

Այսօր Դավիթաշենում կայանալիք հանրահավաքում ելույթ կունենամ, նաեւ որոշ հավելյալ բաներ կասեմ:

Ես ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ ասուլիս հրավիրել եւ հրապարակել, թե առաջիկայում ինչ քրեական գործեր են նախապատրաստվում, ում թալանի մասին:

Ժողովուրդ ջան, դուք հաղթել եք եւ ձեր հաղթանակը որեւէ մեկը չի կարող ձեր ձեռքից վերցնել, նույնիսկ մենք, եթե անգամ շատ ուզենանք: Բնականաբար, մենք այդպիսի բան երբեք չենք ուզենա, բայց նաեւ որեւէ մեկին թույլ չենք տալ կեղտոտ ձեռքերով խլել ժողովրդի հաղթանակը: Դուխով»:

«Դուխով» ղեկավարները գիտե՞ն, որն է այն սահմանը, որ հատելիս իշխանությունը անիշխանության չտանեն: Ես, օրինակ, որպես շարքային քաղաքացի, հոգնել եմ արդեն 4 ամիս լսվող նույն ելույթներից, նույն շաղակրատանքից: Պայքարում եք, լավ եք անում, քննեք, փաստերը ներկայացրեք, բռնեք, տեղեկացրեք, վերջ: Անցեք առաջ: Այլապես ստացվում է՝ գալիս եմ ձեզ բռնելու՜ եմ, գալի՜ս եմ, արդեն մոտենու՜մ եմ, քիչ մնա՜ց, համարյա մոտեցա՜, հասա, բան չմնաց, մնաց 3 մետր, մնաց երկու մետր, մնաց մեկ մետր… դե լավ էլի, իշխանական այրեր եք, վերջապես ձեզ մի քիչ ձիգ պահեք…

Անի Մարության

Բռնապետության առաջին հիմնաքարը դրվեց Հայաստանում

ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգում եմ օլիգարխներին պառկեցնել ասֆալտներին, զինաթափել

«Սա դավադրություն է, սա հանցագործություն է  Հայաստանի պետականության նկատմամբ»,- Երեւանի ավագա-նու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փա-շինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:

Նա նշեց, որ հանձնարարել է ԱԱԾ-ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դա-վադրությունը կազմակերպածներին եւ նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի  խմբագիր էր, թերթում հրապարակել էր տեղեկություն. «Մեր տեղեկություններով որոշ օլիգարխների եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ժողովրդից թալանված միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, ըստ էության, պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ»:

«Բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները սափրագլուխների եւ ախ-րանաների տեսքով, հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափ-վելու են»,- հայտարարել է վարչապետը:

Այնուհետեւ Նիկոլը բանավոր ասաց, թե՝ (ի՜նչ որոշում, ի՜նչ փաստաթուղթ…,- խմբ.),  այստեղից ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգում է այս պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյա-ների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին:

«Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերիյ Օսիպյան, երկու ժամից ես լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատան-քների եւ արձանագրված արդյունքների մասին:

Ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չի պլստալու:

Հայաստանում գողերի ժամանակն անցել է, ամերիկաներից լինի, ռուսաստաններից լինի, ավստրալիաներից լի-նի, գտնելու ենք, բերելու ենք իրենց եւ իրենց գողացած ամեն լումա, ամեն կոպեկ, ամեն դոլար»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանը դիմեց  Հայաստանի նախկին նախագահներին. «Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դուք որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել, դե մարտահրավերը տեսեք, դե հիմա սպասեք»։

Նա նաեւ ասաց, որ ԱԱԾ-ից եւ ոստիկանությունից պահանջում է 2 ժամվա ընթացքում կարգ ու կանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում. «Եթե տեսնենք, որ նրանք ի վիճակի չեն դա անել, մենք էլի ձեւերը գի-տենք, են կամուֆլյաժս կհագնեմ եւ հատ-հատ, փողոց առ փողոց, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք Հայաստանի Հանրապետությունում։

Բայց Հայաստանում պետք է շարունակի տիրել սիրո եւ համերաշխության մթնոլորտ»…

«Լուսանցք» թիվ 28 (506), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ   http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։