Չհերքեցին անհերքելին, բայց հրաժարական չեն տա – Արթուր Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսվել է իր ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը… Չի կարծում, որ իր ծառայությունում կան դավաճաններ… Կառչած չեն պաշտոնին եւ պաշտոնավարում են մեծ պատասխանատվությամբ… Համացանցում շատերն են պահանջում վարչապետի, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հրաժարականները… Հնարավոր է նաեւ վարչապետի հեռախոսն են գաղտնալսում…  / Այսօրվա նետված խոսքը միշտ վաղվա պատասխանին է սպասելու – Յուրի խաչատուրովի հասցեին հնչած վիրավորանքները խիստ զայրացրել է նրա որդիներին…

Չհերքեցին անհերքելին, բայց հրաժարական չեն տա

Արթուր Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսվել է իր ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատում է, որ համացանցում հայտնված ձայնագրությունում խոսում են ինքն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Սեպտեմբերի 11-ին, ձայնագրության հայտնվելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, որ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունը: «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն եւ կպարզվի ձայնագրության աղբյուրը եւ թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը: Եթե չեմ սխալվում Գլխավոր դատախազությունում արդեն քրգործ է հարուցվել եւ առաջիկայում կիմանանք մանրամասները:

«Խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը: Խոսակցությունը բոլորդ լսել եք, գիտեք՝ ինչի մասին է, ուղղակի ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջեւ կանգնած էին ՀՀ 2-րդ նախագահը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100% համոզված լինել, որ այդ հարցում որեւէ թերացում եւ թերություն չկա: Նման քննարկում իմ եւ պարոն Խաչատրյանի միջեւ կայացել է եւ եղել է զուտ իրավաբանական քննարկում» (բայց չգիտես ինչու ոչ իրավաբանական հայհոյախառը բառերով եւ վիրավորական խոսքերով համեմված,- խմբ.),- ասել է ԱԱԾ տնօրենը:

Նա պարզաբանեց, որ ինքը ստացել էր մի հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր. «Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, նա որպես իրավաբան տվել է իր բացատրություններն այդ հարցի շուրջ: Ես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ այն պայքարը, որը սկսել ենք, շարունակելու ենք, եւ մեզ չի խանգարելու որեւէ բան: Որեւէ խոչընդոտ չի կարող լինել: Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են հետ, մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ եւ այդ պրոցեսը շարունակելու ենք»:  

Չի կարծում, որ իր ծառայությունում կան դավաճաններ

Ազգային անվտանգության համար սա շատ վատ է. նշել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Երկու կառույց կա՝ ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն, որոնք ձեռնամուխ են եղել արմատախիլ անել անօրինականությունը երկրում, եւ հասարակությունն իր գնահատականը բազմիցս տվել է, որ մեր կողմից կատարված աշխատանքները արդունավետ են եւ դրական են ընդունվում հասարակության կողմից: Մենք այս 3-4 ամսվա ընթացքում այնքան գործ ենք արել, որ վերջին 10-20 տարվա ընթացքում իրավապահ մարմինները չեն իրականացրել: Ես կարող եմ դա ապացուցել թվերով: Ինձ համար հանելուկ է, ձայնագրությունը 2-3 ժամ է, որ հայտնվել է: Քննություն կարվի, կպարզվի, եթե ԱԱԾ-ի ներսում է արվել, շատ ցավալի է, եթե ԱԱԾ ներսում չի արվել…»,- հավելել է Արթուր Վանեցյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե սա նշանակում է՝ կարող են նաեւ գաղտնալսել վարչապետին, պաշտպանության նախարարին եւ մնացյալին, ԱԱԾ տնօրենն արձագանքել է այսպես. «Շատ հնարավոր է: Եթե գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, շատ հնարավոր է, որ գաղտնալսեն բոլորին, այստեղ գտնվողներին, պաշտպանության նախարարին, վարչապետին եւ այլն: Գաղտնալսելու տեխնիկական հնարավորություն ունի ԱԱԾ-ն, չեմ կարծում, որ մեր ծառայությունում կան դավաճաններ, որ կարող են իրականացնել իրենց ղեկավարների գաղտնալսում»:

Արթուր Վանեցյանը նշել է, որ «քանի որ խոսում են շատ մեծ փողերով մարդկանց մասին», չի բացառվում, որ այդ մարդիկ կարողացել են գնել ինչ-որ հատուկ տեխնիկա եւ իրականացնել գաղտնալսում. «Այդ հարցերի պատասխանը կտա քննությունը: Եթե դավաճաններ կան, պետք է պատասխան տան: Ես չեմ կարող խոսել ենթադրություններով: Եթե հիմա ասեմ, այո արտաքին ուժերն են, կասկածում եմ, չեմ կասկածում, դա 100 մեկնաբանության առիթ է տալու: Մասնավոր զրույց չենք վարում, որ գնահատականներ տամ: Ես եւ Սասուն Խաչատրյանը այդպիսի մասնավոր զրույց ենք ունեցել, որը ներկայացրին որպես սենսացիա: Դա սենսացիա չէ, ամոթալի իրողություն է: Ես դա կհամեմատեմ նրա հետ, որ մեր զինվորները խրամատում հակառակորդի դեմ են կռվում, հետեւից մի քանի հոգի գան ու սկսեն քարերով խփել մեր զինվորներին: Եթե խորը մտածեք, կհասկանաք, որ ես ճիշտ եմ ասում, դա անթույլատրելի բան է» (իսկ այդ անթույլատրելի բանը ու՞մ մեղքով է իրականացվում, ովքե՞ր են պատասխանատուները… այդ էր մնացել մեր զինվորների հետեւից հակառակորդը գար եւ քարով խփեր… պաշտպանության նախարարը պիտի ինքնասպան լիներ այդ ժամանակ կամ հրաժարական տար եւ սպասեր իր դատավճռին…,- խմբ.):

Կառչած չեն պաշտոնին եւ պաշտոնավարում են մեծ պատասխանատվությամբ

«Ես հրաժարական կտամ, երբ հասարակությունը կամ երկրի քաղաքական ղեկավարությունը նման պահանջ ներկայացնի»,-այս մասին սեպտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես կառչած չեմ այս պաշտոնին, ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ մեծ պատասխանատվությամբ: Կարծում եմ՝ շատ գործեր ունեմ անելու, բայց այն պահին, երբ հասարակությունը կներկայացնի նման պահանջ, որ պետք է հրաժարական տամ, ես այդ հրաժարականը կտամ: Կամ հասարակությունը, կամ երկրի քաղաքական ղեկավարությունը, որ պահին կներկայացնեն նման պահանջ, ես հրաժարականը կտամ: Բայց այս ձայնագրությունը տարածելու հիմնական նպատակն այն է, որ թուլացնեն մեզ՝ ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ին, որ այն գործը, որ մենք սկսել ենք, թողնենք կիսատ: Այո, անփոխարինելի մարդիկ չկան, բայց մենք ենք այս գործը սկսել, մենք ենք տեղյակ մանրամասներին եւ մենք ունենք կամք ու վճռականություն, որ այդ գործը հասցնենք իր ավարտին»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նույնպես նշել է, որ ինքը հրաժարական կտա, երբ զգա նման հանրային պահանջ. «Եթե հանրությունը պահանջի, դուք էլ դա կզգաք, բոլորն էլ կզգան» (իսկ հանրությունը դեռ սպասումների ազդեցության տակ է, նիրհած է եւ դա լավ գիտեն իշխանության ներկայացուցիչները,- խմբ.):

* * *

«Նոր Հայաստանի» համացանցասեր իշխանությունը երեւի թե համացանցում արդեն կարդացել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հրաժարականի պահանջի մասին: Նշենք մի օրինակ, որը բնորոշում է դրանք, ֆ/բ օգտատեր Սմբատ Ղահրամանյանը գրել է. «Րոպե առաջ պահանջում եմ վարչապետի, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հրաժարականները, քանի որ նման բան երբեւէ մեր երկրի պատմության մեջ չի եղել եւ սա հերթական ձախողումը չէ, սա անդառնալի հարված է պետության անվտանգությանը, մեր հասարակությանը եւ մեր երկրի հեղինակությանը»:

ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ առաջարկել է, որ դեպքի առնչությամբ պետք է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով։

«Ամբողջությամբ այլ թեմայի մասին էի ուզում խոսել: Խնդիրները շատ են, բարձրաձայնելու հնարավորությունը՝ քիչ: Բայց այսօրվա սկանդալային ձայնագրությունը փոխեց օրակարգը: Փաստորեն, ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ Հայաստանում դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերը կարգավորում եւ ուղղորդում է վարչապետն անձամբ, որ դատավորներին զանգում են, որ համապատասխան պաշտոնյաները համարում են մասնավոր զրույց, երբ որ խոսում են գործի հանգամանքների կամ «սրան-նրան» բռնելու մասին: «Սրան-նրան» արտահայտությունն իմը չէ, եւ կարծում եմ, որ մեր գործընկերների ջանքերը թե ասուլիսին, թե այս դահլիճում վկայում են հին՝ ՀԱԿ-ի, այսպես ասած «լեւոնական» բանաձեւի մասին, որ ռեժիմը խուճապի մեջ է:

Իրականությունը փորձում են կոծկել երկու ձեւով: Կամ փորձում են սենսացիաներ բարձրաձայնել: Այսօր ՀՔԾ պետը փորձեց սենսացիաներ բարձրաձայնել. անգամ եթե Քենեդու սպանողի անունը տար, մենք այդ թեմայից չենք շեղվելու, չենք մոռանալու: Այլ հարց է, թե ի դեպ, որքանով է խախտվել նախաքննության գաղտնիքը: Կարծում եմ՝ իրավաբանները պետք է զբաղվեն այսօրվա ՀՔԾ պետի հայտարարությունների իրավաչափության հետ: Թեման շեղելու մյուս ձեւը՝ կոռուպցիայի դրոշակը բռնելն ու ծածանելն է, դրա քավորն էլ վարչապետն է: Ինչ լինում է, պարոն վարչապետը ասում է՝ մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Ի՞նչ կոռուպցիա, տղերք, այդ ձայնագրության մեջ ոչ մի անգամ կոռուպցիա բառը չկա, թալան բառը չկա, մարդասպան բառը չկա, դուք ինչի՞ մասին եք խոսում: Ինչի տեղ եք դրել այս հասարակությանն ու ժողովրդին, որի մի մասը, մեծ մասը դեռ Ձեզ հավատում էր:

Վերջում մեկ առաջարկություն. Կարծում եմ ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է օգտնվեն Սահմանադրության համապատասխան 114 հոդվածից եւ հրավիրեն հրատապ թեմայով քննարկում այս հարցի առնչությամբ: Կամ 108 հոդվածով ստեղծեն Քննիչ հանձնաժողով եւ քննարկեն ամեն ինչ, այո՛, ինչպես է ձայնագրվել հարցից սկսած, ինչու իմ երկրի ԱԱԾ ղեկավարը պաշտպանված չէ հարցից սկսած՝ վերջացրած, թե ինչպես է վարչապետը միջամտում քաղաքական աստառով իրավական գործընթացների մեջ»:

Հնարավոր է նաեւ վարչապետի հեռախոսն են գաղտնալսում

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի նկատառում է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի զրույցի գաղտնալսման վերաբերյալ։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Սովորաբար չինովնիկները բաց կապով չեն խոսում։ Հայաստանում հիմնականում Վայբերով (Viber) են խոսում։ Եթե բաց կապով են խոսել (հավանականությունը շատ փոքր է, բայց կարող էր լինել), ապա դա սխալ որոշում է եղել հենց սկզբից։

«Այս դեպքում գաղտնալսումը, զուտ տեսականորեն, կարող էր արվել բջջային օպերատորի մակարդակով, կամ ԱԱԾ գաղտնալսման բաժնից ներքին դավաճանի կողմից, կամ այլընտրանքային անվտանգությունից։ Ես վաղուց էի լսել, որ օլիգարխները նման տեխնիկա եւ մասնագետներ ունեին»,- ասել է փորձագետը։ Նրա խոսքով, եթե խոսակցությունը եղել է Վայբեր, Վոթսապ կամ նման մեսենջերով, ապա անմիջական գաղտնալսումը հնարավոր չէր։

«Ամենայն հավանականությամբ, հեռախոսի մեջ տեղադրվել է հատուկ լրտեսական ծրագիր։ Ոնց հասկանում եմ, Սասուն Խաչատրյանի։ Նման ծրագրեր ու հնարավորություններ ունեն մի շարք երկրների հատուկ ծառայությունները։ Օրինակ, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը։ Ադրբեջանը ինքնուրույն չի կարող արտադրել, սակայն գնում է միջազգային շուկայից, ինչի ապացույցները կան։ Ամենակասկածելին, ինձ համար, եթե էս վարկածն ենք ընդունում, դա ՌԴ ՖՍԲ կամ ԳՌՈւ-ն են»,- կարծիք է հայտնել Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, բացի դրանից, նման ծրագիր կարող էր գնվել սեւ շուկայում եւ սմարթֆոնի մեջ տեղադրվել մոտիկ մարդու կողմից, ում համար հեռախոսը ֆիզիկապես հասանելի է գոնե մի երկու րոպեով։ «Իմ կարծիքով, վերնախավի հեռախոսների պաշտպանության հարցը Հայաստանում վերին բառադիության ոլորտում է գտնվում։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսով, առնվազն, Մոսկվա էր գնացել։ Չեմ կարծում, որ իրեն հատուկ թրեյնինգ են արել, թե ոնց վարվել հեռախոսի հետ։ Ու շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Նիկոլի հեռախոսն է լոմած։ Հուսամ, սխալվում եմ»,- գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետը ֆեյսբուքյան իր էջում։

* * *

Այսօրվա նետված խոսքը միշտ վաղվա պատասխանին է սպասելու

Հայտնի ձայնագրության հայտնվելուց հետո, որում վիրավորական խոսքեր են հնչել Յուրի խաչատուրովի հասցեին, դա խիստ զայրացրել է նրա որդիներին: Եվ նրանք հայտարարություններ են արել, որոնք ուղղված են հատկապես ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին:

Գրիգորի Խաչատուրովի տարածած հայտարարության մեջ նշված է. «Մարտական գեներալին, որը քո ու ընտանիքիդ անվտանգությունն էր ապահովում, երբ դու իրավաբանականում էիր սովորում, անպատվել կարող է միայն անբարոյական վիժվածքը։ Սասուն Խաչատրյան, որոշ ժամանակ խելքդ գլուխդ հավաքիր ու տղամարդկության մնացորդներդ գտնելով՝ ներողություն խնդրիր»։

Իգոր Խաչատուրովի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Առանց կոնկրետանալու ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի ձայնագրության մեջ ասվող հորս՝ Խաչատուրովին առանց հիմքերի կալանավորման փաստին, որին գնահատական կտան իրավաբանները, կառանձնացնեմ մի քանի դրվագներ եւ խոսքս ուղղում եմ ՀՔԾ պետին։

Սասուն Խաչատրյան, ո՞վ է քեզ բարոյական իրավունք վերապահել խոսել ամբողջ կյանքը հայրենիքին եւ բանակին նվիրած մարդու մասին հեգնական տոնով եւ այդպիսի ցինիկ ծիծաղով, ո՞վ է քեզ պաշտոնական իրավունք վերապահել պատերազմ անցած եւ մեր երկիրը նման մակարդակում ներկայացնող մարդու մասին արտահայտվել, որ թող նստի, խելքը գլուխը հավաքի։

Երբ 1993թ.-ին հայրս իր ամբողջ ընտանիքին տեղակայել էր ռմբակոծվող Շամշադինում, դու հանգիստ սովորում էիր իրավաբանական ֆակուլտետում, եւ այդպես էլ բանակում չծառայելով՝ խելքդ գլուխդ չհավաքեցիր բանակի ստեղծման հիմքում կանգնած մարդկանցից մեկի մասին արտահայտվելիս։ Եվ հենց քո չծառայելու պատճառով էլ չես կարողանում տարբերել գլխավոր շտաբի պետի եւ կայազորի պետի պաշտոնները»։

«Էլի շատ բան կա ասելու, ուղղակի քո պարագայում այսքանից ավել իմաստ չեմ տեսնում։ Միայն կասեմ քո բառերով՝ գնա մի երկու օր նստի, խելքդ գլուխդ հավաքի ու հրապարակային ներողություն խնդրի կյանքը հայրենիքին նվիրած, նաեւ քո անվտանգությունը ապահոված մարդու մասին քո՝ քուչի մակարդակի արտահայտությունների կապակցությամբ, այ «ֆուցն»,- հավելում է նա։

* * *

Բացի Յուրի Խաչատուրովին անձնապես վիրավորելուց, հիշեցնենք, որ գաղտնալսված զրույցում ԱԱԾ տնօրենն ասում է. «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՕԴԿԲ-ի շեֆն է։ Խայտառակ կլինենք, սպասեք, վաղը գալիս եմ, դա քաղաքական պրոբլեմ է, խափանման միջոցը գոնե ստորագրություն ընտրի, լուրջ եմ ասում, ես ռուսների հետ հազիվ բարիշել եմ, հիմա բռնենք, կլինենք խայտառակ»։

«Դե վարչապետի հետ մի հատ խոսա էլի, որովհետեւ ես ասել եմ՝ տանում եմ կալանքի»,- խնդրում է ՀՔԾ պետը, իսկ ԱԱԾ պետը խոստանում է խոսել վարչապետի հետ։

«Լուսանցք» թիվ 28 (506), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ   http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։