Ներքաղաքական սրված իրավիճակ, որ կարող է հակառակ քաղաքական ուղղությամբ ընթանալ – Ներքաղաքական վիճակը ներկայացնելու փորձ… Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին… Ռոբերտ Քոչարյանը փորձում է դառնալ 2-րդ քաղաքական բեւեռ… «Մարտի 1-ի» գործի ընթացքը «իրավաբանական աղբ» է որակել նախկին նախագահը… Նոր քրեական գործ՝ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի վերաբերյալ… Միջազգային հնարավոր արձագանքների մասին…

«Լուսանցք»-ը մի շարք թողարկումներում ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում թավշյա հեղափոխության ընթացքի, հին եւ նոր իշխանությունների պատասխանատուների հայտարարությունների եւ գործելաոճի, ինչպես նաեւ իշխանափոխությունից հետո կարեւոր դեպքերի մասին:

Նման ոճով կփորձենք ներկայացնել ներքաղաքական իրավիճակը ՀՀ 2-րդ նախագահի՝ 2-րդ քաղաքական բեւեռը ստեղծելու հայտարարության մասին, ինչը հնարավոր եղավ մարտիմեկյան դեպքերի նոր վերաքննության ընթացքում:

Ներքաղաքական վիճակը ներկայացնելու փորձ

Նախորդ իշխանությունների հանդեպ ժողովրդական ատելության ալիքը իշխանության բերեց մի ընդդիմադիր քաղաքական ուժի, որը երազել անգամ չէր կարող այդ մասին: Խիստ կասկածելի թվով ընտրաձայներ հավաքած այս սակավաթիվ կազմակերպությունը համարվում էր (ինչն ակնհայտ հայտարարում էին գրեթե բոլոր քաղաքական ուժերը) երկրի նախագահ, ապա վարչապետ Սերժ Սարգսյանի նախագիծը:…«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ գաղափարախոսական, ոչ ֆինանսա-տնտեսական եւ ոչ էլ քանակական առումով ոչ մի հնարավորություն չուներ իշխանափոխություն իրականացնելու ինքնուրույն, անգամ ընդդիմադիր դաշտի առաջատար լինելու փորձերն էին անհաջողության մատնվում: Վերջին փորձը՝ ընդդիմադիր առաջատար ուժ դառնալու, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում նախաձեռնեց խորհրդարանական ուժերի կին պատգամավորների հետ լեզվակռիվ ծավալելով, ինչը որակվեց որպես «խորհրդարանական կանանց գունդը» փշրելու փորձ, որը պիտի բարձրացներ Նիկոլի վարկանիշը: Տղամարդ պատգամավորների հետ լեզվակռիվը ավարտվում էր կամ մյուս կողմի քամահրական վերաբերմունքով կամ էլ միջանցքում հաշիվ մաքրելով……

Սերժ Սարգսյանը երեւի թե վստահ էր, որ գոնե  «իմ քայլը» միջոցառումը Նիկոլ Փաշինյանի թիմին կդարձնի ընդդիմության առաջատար ուժը, հատկապես, որ «Ելք» խորհրդարանական դաշինքը եւս շահագրգռված էր դրանով: «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը օժանդակում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Սակայն «իմ քայլը» սկսվեց «Ելք»-ի ներքին տարաձայնությունների ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանը որոշեց այդ քաղաքական արշավով բարձրացնել իր կուսակցության հեղինակությունը եւ ինչու չէ հասնել ընդդիմադիր դաշտում առաջատարի դեր ստանձնելուն: Միաժամանակ նա փորձելու էր ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի նախագիծը չէ՝ թոթափվելով այդ ճնշող իրականությունից…  

Անգամ Նիկոլ Փաշինյանի մտերիմներից ոմանք են դա հաստատել՝ նշելով, որ երբ հետագայում նկատեցին ժողովրդական ալիքը, ընթացքում միտք ծագեց, որ կարելի է ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը, բայց ոչ երբեք վարչապետի: Այս ամենը եղել է ներքաղաքական խաղերի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հասկացել է, որ ժողովրդի ճնշման տակ ամեն բան դուրս է գալիս վերահսկողությունից: Փաստորեն, նրան եւս խաբել են, թե խնդիր չկա, անգամ կարծիք կա, որ հրաժարականի վերջնական տեքստը Սերժ սարգսյանը չի գրել, հատկապես «Նիկոլը ճիշտ էր» ճակատագրական արտահայտությունը…

Այս արտահայտությունը փոխեց պետության ներքին վիճակը եւ կասկածի տակ դրվեց դա առհասարակ կարգավորելու հնարավորությունը: Եվ Հայաստանի քաղաքական դաշտում կորավ մեծամասնություն եւ փոքրամասնություն ասվածի տրամաբանությունը: Ամբոխավարությունը դարձավ շարժիչ ուժ: Հեղափոխությունը կոչվեց թավշյա, սիրո եւ համերաշխության պիտակ կպցվեց դրան եւ երկիրը հայտնվեց քաղաքացիական պատերազմի շեմին:

Այստեղ չի կարելի չգնահատել Սերժ Սարգսյանի համբերատարությունը, անգամ իրեն դավաճանված համարելով նա չգնած երկկողմանի պատժիչ գործողությունների, ինչը հնարավորություն տվեց պարզապես ընդդիմության առաջնորդ լինել ցանկացող Նիկոլ Փաշինյանին այլեւս քիչ համարել ԱԺ նախագահի աթոռը եւ ինքն իրեն մոտեցող վարչապետի աթոռը դարձավ այնքան հասանելի, որ մնում էր միայն նստել վրան:

Չնայած այս ամենին, շատերն էին սպասում որ Սերժ Սարգսյանը մեծամասնական ՀՀԿ-ով շատ շուտ կվերատիրի իրավիճակին, առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանը մեծաքանակ թիմ չունենալով ավելի քան 90% պաշտոնյաներին, ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում թողել էր իրենց տեղերում… Բայց դա տեղի չունեցավ, նախկին վարչապետը որոշել էր նախ մի լավ պատժել իր թիմակիցներին, որ ճիշտ չեն ներկայացրել երկրի ներքին իրավիճակը եւ դժգոհության չափը: Բայց դա նաեւ վանող ազդեցություն ունեցավ եւ այն հանրապետականները, որոնք իսկապես կատարել են իրենց պետական ու քաղաքական գործը, հեռացան Սերժ Սարգսյանից: Սա եւս անսպասելի էր նախկին վարչապետի համար, քանի որ նա կարծում էր, որ Նիկոլ Փաշինյանի սկսած պայքարը կոռուպցիայի դեմ, կրկին իր մոտ կբերի թիմակիցներին… Բայց այդպես չեղավ: Եվ Սերժ Սարգսյանը ինքը կորցրեց իր հենարանը՝ իշխանության վերադառնալու առումով: Նա, իհարկե, չէր բացառում, որ նոր քաղաքական ուժ կստեղծի եւ կմասնակցեն ԱԺ ընտրություններին, գուցե ոչ մեծամասնություն, բայց մի 15 պատգամավոր ունենալով կդառնան օրինակելի ընդդիմադիր ուժ:… Բայց հրապարակված ցուցակը ավելի էր հիասթափեցրել ՀՀԿ-ականներին, որոնք հասկացան, որ կամ պետք է վերահամախմբվեն եւ ուժ ցույց տան, կամ մի նոր ուժի պիտի ապավինեն:

Եվ այդ քաղաքական ուժը ի հայտ եկավ ի դեմս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի: Ոչ ոք չէր մտածում, թե նման բան հնարավոր է եւ գուցե նաեւ Սերժ Սարգսյանը չէր մտածում այդ մասին՝ կարծելով թե հանրապետականները ի վերջո կգան իր հետեւից:

Անգամ հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություններ էր անում, շատերը լուրջ չէին ընդոնում, հատկապես «Մարտի 1-ի» գործով պայմանավորված: Բայց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած մարտիմեկյան

վերաքննությունը քաղաքականություն վերադառնալու մեծ հնարավորություններ բացեց նախկին նախագահի համար, ինչը նա ձեռքից բաց չթողեց: Եվ այժմ բավականին լուրջ վերադասավորումներ են կատարվում հայաստանյան քաղաքական դաշտում: Սրան նպաստում է նաեւ հեղափոխությանն ակտիվորեն աջակցողներից շատերի հիասթափությունը, նրանց արդեն չի գոհացնում նոր կառավարության կադրային քաղաքականությունն ու երիտասարդ նախարաների աշխատանքը, նաեւ ոչ պատշաճ պահվածքը:

Հասարակության մեջ առաջացել է մի շերտ, որը չի ցանկանում անցյալի վերադարձը, բայց չի բավարարվում նաեւ ներկա իշխանության գործունեությունից, եւ 3-րդ ուժ է փնտրում, սակայն այսօր բարդ է երրորդ ուժի կարգավիճակ ստանձնելը: Իսկ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է՝ միանան իր պայքարին նաեւ այն ուժերը, որոնք քաղաքական նոր ուժ չեն գտնում, բայց դեմ են այս նոր իշխանությանը:

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր տեսլականը‘կապված քաղաքական հենարանի ու հնարավոր ընտրազանգվածի մասին։ Նա իր քաղաքական հենարանը համարում է այն քաղաքացիներին, որոնք հիշում են իր պաշտոնավարման տարիների հաջողությունները։

«Առաջին հերթին իբրեւ հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում այդ տարիների հաջողությունները, հատկապես՝‘տնտեսական եւ արտաքին քաղաքականության ոլորտում»,- ասել է ՀՀ 2-րդ նախագահը։ Նրա դիտարկմամբ՝‘իր պաշտոնավարման ժամկետի ավարտին հաջորդած 10 տարվա ընթացքում՝ 1998-2008թթ-ին, Հայաստանը շատ է փոխվել։ Հետեւաբար ինքը քաղաքականություն վերադառնալով՝ հենարան է ընտրել այն հատվածին, որը կյանքի որակի իրական բարելավման է ձգտում։

«Ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջեւ, եւ ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի՝ ինչ է անում, որը կարողանում է կառավարել, նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջեւ եւ հասնել հաջողությունների։ Պետք է հասկանանք, թե ինչ է պետք մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին՝ պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառերով կարող են հանդես գալ, կարող են ասել՝ ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, եւ մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան, կայունություն ապահովել երկրում եւ, իհարկե, անվտանգության հարցերը լուծել պրոֆեսիոնալ ձեւով, հիմնովին ու երկարատեւ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա քաղաքականություն վերադառնալով‘մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Թե ինչ ձեւաչափով ու քաղաքական ինչ թիմով, վաղ է համարում խոսել՝ նշելով, որ դեռ երկար ժամանակ կա, եւ իրավիճակն էլ դինամիկ փոփոխվում ու դեռ էլի փոփոխվելու է։

«Չեմ կարծում, որ հիմա ճիշտ է ձեւաչափերի մասին խոսելը։ Հիմա պետք է կազմակերպչական քայլերով ձեւավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղված է լինելու քո գործունեությունը, եւ այն ընտրողների զանգվածը, որի մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագա հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը կոնկրետ ինձ համար եւ այն թիմի համար, որ ձեւավորվում է իմ շուրջը»,- ասել է նա։

Այդուհանդերձ ոչ միայն չի բացառում, անգամ ակնկալում է, որ կարող է դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը։

«Առաջին հերթին փորձում եմ հույսս դնել ինձ վրա եւ իմ շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի‘ քաղաքացիների վրա։ Եվ որքան այդ ուժն ավելի հզոր լինի, այնքան ավելի մեծ է լինելու դաշինքներ կազմելու հնարավորությունը»,- ասել է նախկին նախագահը։ Իսկ ինչ վերաբերում է հնարավոր դաշինքի անդամ քաղաքական ուժերին, նա չցանկացավ անուններ հնչեցնել եւ այդ կուսակցությունների անունից որեւէ բան ասել։

Արդեն կան քաղաքական ուժեր, որ իրենց մասին հիշեցնել են տալիս ընտրությունից ընտրություն, որոնք արդեն հայտարարել են, որ միանում են Ռոբերտ Քոչարյանի պայքարին, սակայն կան ավելի լուրջ ուժեր եւս, որոնք ըստ ամենայնի հայտարարություններ կանեն հետագայում:

Հետաքրքիր է, որ ԲՀԿ-ն փորձում է մի քանի խաղ խաղալ, նախ իր դեմ չլարել Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն մեքենան, ապա փորձել հնարավորինս ինքնուրույն հանդես գալ… Բայց Գագիկ Ծառուկյանը փորձել է հանդիպել նաեւ Ռոբերտ Քոչարյանին, ով, ասում են, մերժել է ԲՀԿ-ի առաջնորդ բարեգործ-պատգամավորի ցանկությունը, քանի որ… հարցեր կան ճշտելու: Կարծում ենք՝ սա այն տարբերակն է, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը դուրս սողոսկեց ՍերԺ Սարգսյանի ծրագիրը լինելուց, նույնը փորձում է անել Գագիկ Ծառուկյանը:

ՀՀԿ-ն եւս բանակցություններ է սկսել Ռոբերտ Քոչարյանի հետ, տեղեկություն կա, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս գնացել է հանդիպման: Հատկապես շահագրգռված են այն հանրապետականները, որոնք խորապես ազդված են Սերժ Սարգսյանի վերաբերմունքից: «Մեր աջակցությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է, մեր գնահատմամբ, իր հանդեպ հարուցված ապօրինի քաղաքական հաշվեհարդար հիշեցնող, սահմանադրականության հետ որեւէ աղերս չունեցող գործընթացի հետ»,-  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Այն հարցին, թե արդյո՞ք շահավետ կլինի ՀՀԿ–ի համար համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ՀՀԿ-ական պատգամավորը նշել է. «Եվ այս պայքարն ու աջակցությունն այս պահին բացառապես իրավական ու քաղաքական դաշտում է: Նիկոլ Փաշինյանի անդրադարձը հարցազրույցում, թե՝ տեսեք, մենք Ռոբերտ Քոչարյանին ազատել ենք եւ այլն, միայն ընդգծում էին այն հանգամանքը, ինչից պաշտոնական քարոզչությունը վարչապետի գլխավորությամբ մինչեւ մոսկովյան այցը փորձում էր հրաժարվել կամ համենայն դեպս տպավորություն ստեղծել, որ այդպիսի օրակարգային հարց չկա:

Կարծում եմ՝ մենք բոլորս միասին պետք է պահանջենք մեր կառավարությունից՝ լինել առավելագույնս շիտակ, ազնիվ հասարակության ու քաղաքական դաշտի հետ, պետական մարմինների հետ: Ես կուզենամ, որ արտաքին քաղաքականության հետ կապված հարաբերությունների հարցում տարաբնույթ բառախաղեր, տեղեկատվական գործողություններ չիրականացվեն, որովհետեւ դրանց կյանքը շատ կարճ է»,- նշել է Արմեն Աշոտյանը։

Ռոբերտ Քոչարյանը փորձում է դառնալ 2-րդ քաղաքական բեւեռ

«Մարտի 1-ի» գործի ընթացքը «իրավաբանական աղբ» է որակել նախկին նախագահը:

Նա Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատասխանել է ներքին եւ արտաքին քաղաքականության, Հայաստանում տիրող իրավիճակի, իր դեմ հարուցված քրեական գործի մասին հանրությանը հետաքրքրող հարցերին եւ այն միտքն է առաջ քաշել, որ ինքը կարող է ընդդիմադիր քաղաքական բեւեռը դառնալ Հայաստանում:

Նա հայտարարել է, որ քաղաքականություն է վերադառնում՝ պայմանավորելով այլընտրանքային դիրքորոշման անհրաժեշտությամբ: Ո՞ւմ է համարում այլընտրանքային դիրքորոշման կրող, եւ ո՞վ է նրա քաղաքական հենարանը՝ հաշվի առնելով ներկա իրողություններն ու հասարակության տրամադրվածությունը:

«Այլընտրանքային դիրքորոշում ունեն նրանք, ովքեր չեն կիսում այն ամենը, ինչ անում է այսօրվա իշխանությունը։ Եվ եթե խոսում ենք

հենարանի մասին, ապա առաջին հերթին, ինչպես ասել եմ արդեն, իբրեւ հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում են այդ տարիների հաջողությունները, հատկապես՝ տնտեսական եւ արտաքին քաղաքականության ոլորտում: …Երբ գնում ես բժշկի, դու փնտրում ես ոչ թե սրտացավ, այլ լավ բժիշկ, բժիշկ, ով բուժում է քեզ եւ ոչ թե իր սրտացավությունն է ցույց տալիս։ Փաստաբան ես վարձում, դու ընտրում ես լավ փաստաբան եւ ոչ թե սրտացավ։ Բայց երբ խոսում են քաղաքական գործիչների մասին, մեր ժողովուրդը սիրում է այն գործիչներին, որոնք իրենց սրտացավ լինելն են ցույց տալիս, իրենց հաճոյախոսելը, խոստումներ տալը եւ ոչ թե նրանց, ովքեր իրենց գործով արդեն ցույց են տվել, որ ընդունակ են սայլը տեղից շարժել ու լուրջ հաջողություն արձանագրել։ Տվյալ դեպքում, երբ խոսում ենք ընտրազանգվածի մասին, ես ավելի շատ մտածում եմ այն զանգվածի մասին, որը գնահատում է կոնկրետ աշխատանքը, որն ուզում է իր կյանքի որակը փոխել, որին պետք է մի ղեկավար անձ կամ կուսակցություն, որը շատ հստակ քայլերով կարող է հաջողություն գրանցել։ Սա է լինելու իմ կարգախոսը։ Սա իմ ուժեղ կողմն է, եւ կփորձենք հիմնական շեշտը դնել հենց այս հանգամանքի վրա».- նշել է ՀՀ 2-րդ նախագահը:

Իսկ արդյո՞ք դիտարկում է գործող իշխանությունների ընդդիմադիր քաղաքական ուժերն ու խմբերը իր շուրջը միավորելու հնարավորությունը եւ որքանո՞վ է հնարավոր համարում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի աջակցությունը հարցին նա պատասխանել է, որ դիտարկում է, որ կարող է դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը եւ ակնկալում է, որ այդպես է լինելու։

Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշումներին, ապա նա կարծում է, որ այդ հարցերը պետք է ուղղել այդ կուսակցություններին: Կարծում է՝ վիճակն այնպիսի դինամիկ փոփոխություններ է ունենալու, որ ամեն ինչ հնարավոր է։

Ինչ մնում է 2008թ. մարտի 1-ի դեպքերին, ապա իր նկատմամբ հարուցված քրեական գործը 10 զոհի հետ որեւէ կապ չունի. այսպես է ասել Ռոբերտ Քոչարյանը։ Դա հայտարարել է նաեւ քննչական մարմնի ղեկավարը։ «Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Եվ մենք բազմիցս դիմել ենք, նաեւ՝ հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, եւ թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին։ Չկա այդտեղ քրեական գործ, չկան հիմնավորումներ, այսպես ասենք,‘իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ։

Վնասը վերականգնելու համար առաջին հերթին պիտի վերանայել իշխանությունների՝ Մարտի 1-ի նկատմամբ որդեգրած մոտեցումը։ 10 տարի առաջ մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, իրենց լոզունգներով եւ քայլերով, ըստ էության, փորձել են տապալել սահմանադրական կարգը, նրանք այսօր փորձում են վրեժխնդրության հարց լուծել մարդկանց նկատմամբ, որոնք այն ժամանակ իշխանության գլխին էին։ Սա է գործի ամբողջ էությունը, եւ այս խնդիրն է դրված քննչական մարմնի առջեւ։ Պետք է ընդամենը հրաժարվել այդ մոտեցումից։

«Այո՛, պետք է փորձել քննել Մարտի 1-ը, բայց պետք է փորձել գտնել մարդկանց, որոնք կրակել են եւ կրակել են ոչ միայն քաղաքացիների վրա, որոնք կրակել եւ սպանել են նաեւ 2 ոստիկանի, եւ միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել քրեական գործի ամբողջական բացահայտման մասին։ Իսկ տվյալ դեպքում այս գործն ունի քաղաքական ենթատեքստ, եւ ես այն որակում եմ միայն որպես քաղաքական վենդետա: 10 տարի անց եկան իշխանության եւ փորձում են պատմությունը փոխել՝ արդարացնելու համար այն հանցագործությունները, որոնք արվել են հենց իրենց կողմից, մաքրելու այն դատավճիռները, որ կայացվել են հենց իրենց նկատմամբ եւ որոնք օրինական ուժ ունեն մինչեւ այսօր»,- հավելել է նախկին նախագահը:

Իսկ նախկին ՀՀՇ-ական եւ ՀՀՇ-ամետ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ շարունակում են բարձրաձայնել, որ «քոչարյանա-սարգսյանական քրեաօլիգարխիկ, արյունարբու վարչախումբը» պիտի պատժվի ու պատասխան տա: Նրանցից շատերը հանդիսանալով հեղափոխության մասնակից, մտահոգված են «Ռոբերտ Քոչարյանի ռեւանշիստական ագրեսիվությամբ, ինչպես նաեւ նրան աջակցող տարատեսակ խմբավորումների բացահայտ ցինիկ կեցվածքով»… Այս նախկիններին վախեցնում է, որ համախմբման նկրտումներով, քոչարյանականներին սկսել են անթաքույց աջակցություն ցույց տալ նաեւ պետական համակարգի ու ինքնակառավարման մարմինների այն աշխատակիցները, «որոնք նախորդ իշխանության ժամանակ ներքաշված են եղել կոռուպցիոն գործարքներում»:

Սա ուղղակի կոչ է Նիկոլ Փաշինյանին՝ շարունակել աջ ու ձախ իրականացվող ձերբակալություններն ու ժողովրդի անվան տակ կատարվող ամենաթողությունը: Այդ կոչերի մեջ հստակ մի գիծ կա. «Մարտի 1-ի գործով պատասխանատվության պիտի ենթարկվեն բոլոր հանցագործները՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։ Իհարկե, չգիտես ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը միանգամայն դուրս է այսօրինակ դատաստանից…

Մինչդեռ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ «բոլորս ունենք բարոյական պատասխանատվություն մարտի 1-ի համար»: Ըստ նրա, վերջին 10 տարում Ռոբերտ Քոչարյանի դեմ տարվել է նպատակաուղղված հակաքարոզչություն, որին արժանի հակազդեցություն չեն ցուցաբերել: «Տարիների ընթացքում այդ հակաքարոզչությունը հասարակության մի լայն շերտի մոտ արմատավորել է մի շարք թեզեր, համաձայն որոնց Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է Հոկտեմբերի 27-ի հարցում, թալանել է երկիրը եւ կազմակերպել է մարտի 1-ը»…

Ըստ գրասենյակի ղեկավարի, այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը մաթեմատիկայի դասագրքում գրել է‘ 2+2=21, եւ 10 տարի բոլորը գլուխ են ճոճել՝ ընդունելով դա որպես ճշմարտություն եւ «հիմա այս հեղափոխությունը նաեւ մի շարք ակնհայտ ճշմարտություններ է ջրի երես հանել, որոնց առերեսվելը դժվար է: Այդ ճշմարտությունը շատ պարզ է, մի քանի նախադասությամբ ձեւակերպելի.‘ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ մարտի 1-ին 10 զոհերի մահվան մեջ: ՀՔԾ պետն ինքը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի մեղադրվում 10 զոհերի մահվան մեջ, բայց այսքանից հետո շարունակվում է շրջանառվել այդ թեզը»:

Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք Քոչարյանն ունի՞ բարոյական պատասխանատվություն  մարտի 1-ի համար, Վիկտոր Սողոմոնյանը նշել է. «Մենք բոլորս ունենք: Եթե հրավիրված լինեին խորհրդարանական լսումներ ու այդ հարցը տրվեր, դա բոլորովին այլ խոսակցություն է, որովհետեւ մենք բոլորս, այդ թվում՝ երկրի ղեկավարը, ունենք բարոյական պատասխանատվություն մարտի 1-ի համար, բայց եթե հասարակության մի մասը, հաշվի չառնելով ՀՔԾ պետի ու մնացած իրավական օղակների մեկնաբանությունները, մեղադրում է նախագահին, դա պետք է հասկանանք, որ հասարակության տվյալ մասի խնդիրն է, նրանք պետք է հասկանան եւ ընդունեն սեփական մոլորությունը»:

Նոր քրեական գործ՝ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի վերաբերյալ

2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1.300 ծառայողներ Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա‘քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելով՝ հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները:

ՀՔԾ-ից հայտնում են նաեւ, որ «նշված, ինչպես նաեւ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած մյուս դեպքերը ուսումնասիրելու համար ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով:

Դրանից հետո նախագահ Սերժ Սարգսյանը նույն թվականի հոկտեմբերի 23-ին կարգադրություն է ստորագրել «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու» մասին: Ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ հիշյալ հանձնաժողովի, փաստահավաք խմբի, ինչպես նաեւ հանրության մոտ ի հայտ եկած  կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, դրանք որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաեւ այդ գործողությունների համար հետագայում  պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել եւ շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ «Ազատության» հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:

Ըստ այդ փաստաթղթերի եւ դրանց հիման վրա ոստիկանության պաշտոնական պարզաբանումների՝ ստացված տեղեկությունները ճշտելու, իսկ դրանք հաստատվելու դեպքում հանցագործությունների խափանման, հանցանք կատարած անձանց հայտնաբերման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07:00-ին, ոստիկանության ստորաբաժանումները իբր թե «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով գնացել են «Ազատության» հրապարակ, սակայն ցուցարարների կողմից դիմադրության հանդիպելուց հետո ստիպված նրանց դուրս են հանել հիշյալ հրապարակից:

Պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն եւ հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպեսեւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել  է քրգործ, որը միացվել է 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրգործին: Կատարվում է նախաքննություն»:

ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով եղել է խորհրդարանում ստեղծված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամներից մեկը, ասել է, որ այդ հանձնաժողովը ստեղծված չէր ամբողջական պատկերն արտացոլելու համար։ «Խնդիրը, որ հանձնաժողովի առջեւ էր դրված, նա կատարեց։ Բայց չկատարեց այն խնդիրը, որ հասարակության կողմից էր առաջ քաշված եւ հանրությանն էր անհանգստացնում: Իշխանություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ մենք հետաքննում ենք այս գործը, եւ վերջում պարզվեր, որ մեղավոր չկա, ինչն էլ արվեց»:

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ հիմա‘ նոր իշխանությունների օրոք, մարտի 1-ի դեպքերը կբացվեն, ինչն ընդամենը մի կետն է։ «Եվ եթե գործընթացը ընթանա ու մենք այդ ընթացքի հետ կապված կարողանանք ունենալ այնքան տեղեկատվություն, որ հետեւություն անելու հնարավորություն կունենանք, այդ ժամանակ ես կմեկնաբանեմ»:

Իսկ ԱԺ «Ելք» խմբակցությունը օրինագիծ է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է հատուցում տրամադրել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին: «Այս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008թ. Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հանրային լսումների ժամանակ դեռ պատգամավոր Փաշինյանը պարտավորվեց մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ հատուցում կտրվի Մարտի 1, 2-ի  զոհերի հարազատներին: Նա չհասցրեց դա անել եւ դա շրջանառության մեջ դրեցին «Ելք»-ի պատգամավորները:

«Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը եւ հաստատել հանրային համերաշխություն»,- նշել են պատգամավորները:

Միջազգային հնարավոր արձագանքների մասին

Փարիզի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սեւակ Թորոսյանը, ֆ/բ իր էջում անդրադառնալով նախկին նախագահի կալանավորմանը, գրել է. «1998- 2008 թթ. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը լավ լուր չէ: Անկախ նրանից՝‘ մենք սիրում ենք նրան, թե ատում,  ժողովրդական վրեժխնդրությունը իրավական պետության մեջ անընդունելի է:

«Սահմանադրական կարգի տապալումը», որն է՝ մեղադրանքի հիմքը, անհիմն է: Բացառությամբ, հավանաբար, աֆրիկյան որոշ երկրների, որտեղ դեռեւս կիրառվում է քաղաքական հանցագործությունը: Եթե այդ գործը ներկայացվի ՄԻԵԴ, ապա Հայաստանը կդատապարտվի: Հանրապետության նախագահի՝ քաղաքական հանցագործությունների փաստերի եւ իր պարտականությունների կատարման համար ժամանակավոր կալանավորման հետեւանքներն անհաշվելի են: Նոր վարչապետի նպատակն էր՝ վերականգնել դատական մարմնի նկատմամբ վստահությունը: Դա բաց թողնվեց: Ինչպիսի կորուստ: Դա գեղեցիկ հեղափոխություն էր: Այժմ այն ավարտվեց»,- ասել է Փարիզի փաստաբանների պալատի անդամը:

Իսկ օրերս ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: Ինչպես տեղեկացնում է ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես քննարկվել է «խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, նախկին նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրգործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները՝ որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր եւ դատական իշխանությունների վրա ճնշումները»։

«Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին՝ առաջարկելով մոնիտորինգ անել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ»,- ֆ/բ-ում գրել է Արփինե Հովհաննիսյանը։

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 28 (506), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ   http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։