Բոլոր նրանք, ովքեր ուզում են ՀՀ-ում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, «թավշյա հեղափոխության» հաղթանակը, ուրեմն նրանք ընտրական տեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին:
Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին այսպես է խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ընտրություններում խնդիրն այն չէ՝ Հայկ Մարությանն ընտրվելու է Երեւանի քաղաքապետ, թե ոչ: Խնդիրն այն է՝ ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է արդյոք ընտրական տեղամասում, թե ոչ»:
Էրեբունի վարչական շրջանում այսպես է շարունակել Նիկոլ Փաշինյանը:
Հիմա ուզում եմ հասկանալ. «թավշյա հեղափոխության» հաղթանակի իմաստը, ըստ թավշեկիրների, այն չէ՞ր, որ ժողովուրդը կարողանա կատարել ի՛ր ընտրությունը: Հիմա եթե ես Հայկոյին չեմ ուզում ընտրել, այլ՝ այլ թեկնածու ունեմ, ուրեմն թավշյա հաթանակի գլխին քա՞ր եմ գցում: Հարգելի թավշեկիներ, բա դու՞ք չէիք պայքարում սեփական ձայնի իրավունքի համար:
Եթե պետք է ասվեր՝ «պետք է քվեարկեն բացառապես» Հայկոյի օգտին, ապա հեղափոխության նպատակը ո՞րն էր:
Նույն վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը նաեւ ասում էր, թե «Հայկ Մարությանը ոչ թե «Իմ քայլը» դաշինքի, այլ ժողովրդի թեկնածուն է: «Այսօրվա թեկնածուներին բոլորին հարգում եմ, բայց չկա մեկը, որ լինի ավելի սիրելի եւ մոտիկ լինի ժողովրդին այնքան, ինչքան Հայկ Մարությանը»:
Ես, օրինակ, որ Հայկոյի տեղը լինեի, սուս-փուս կքաշվեի:
Հայկոն, քարոզարշավն ինչ մեկնարկել է, գոնե մեկ նորմալ տեքստ չի ասել: Նրա քարոզարշավը Նիկոլ Փաշինյանն է վարում: Գուցե Հայկոյին թվում է՝ իր փոխարե՞ն էլ սկզբից մինչեւ վերջ վարչապետն է աշխատելու:
Մեկ էլ, կարծում եմ, ճիշտ կլինի Հայկոյին «ժողովրդի թեկնածու» չասել: Էս մեր ժողովուրդը ոնց որ անտեր երեխա լինի, ում ասես որդեգրման են տալիս՝ առանց կարծիքը հարցնելու:
«Ժողովրդի թեկնածուն» շատ լուրջ պատասխանատվություն է, չափազանց լուրջ: Կարո՞ղ է նա ստանձնել այդ պարտականությունը: Կենսագրությունը հուշում է:
Թատրոնով զբաղվողները իրենց ուսանողներին ցույց են տալիս Հայկոյի արածները եւ սովորեցնում, թե ինչպես չի կարելի հումոր անել: Կոմեդիան շատ լուրջ ժանր է՝ պրոֆեսիոնալիզմ, իմացություն պահանջող: Նույնը, ի դեպ, ծաղրածուների գործն է: Հայկոն ոչ մեկի տիրույթում չի տեղավորվում:
Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն աում է՝ գուցե քաղաքապետ դառնա, մի քիչ լրջանա: Գուցե: Բայց մենք այդ գուցե-ների ժամանակը չունենք: Մեզ գուցե-ներով կադրեր պետք չեն: Հայկոյի ամեն ասած իր գործի պես պարզունակ է, նշաձողի ամենացածր սանդղակից էլ ներքեւ: Հենց քարոզարշավում նա ապացուցեց, որ դառնալու է միայն մի խմբի քաղաքապետը, ոչ թե Երեւանի: «Սեւ ու սպիտակ» ուժերի «հայտնությունը» հենց դա էր: Իսկ ինչ-որ խմբի քաղաքապետ լինել, նշանակում է Երեւանը քաղաքամայր չընկալել, քաղաքային տնտեսություն ասվածը չընկալել: Կաշխատի, կլրջանա, գուցե հետո՞ ընկալի: Այ հենց այս գուցե-ն է, որ ստիպում է նրա կերպարը իր իսկ խաղացած պրիմիտիվ հերոսների կերպարից դուրս չհանել: «Իմ քայլը» հաստատ կարող էր ավելի լավ թեկնածու գտնել: Այդ ի՞նչ նպատակով հենց նա՛ առաջ քաշվեց: Իր խմբից դուրս երեւանցիներին ծաղրելու՞ համար: Այս դեպքում գուցե չէ, հաստա՛տ: Իսկ այս դեպքում պատասխանը հետեւելու է:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 28 (506), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



