Ոչ մի ֆանտաստիկա -Հիմա՝ մեզ համար այս բուն ձայնագրությունը չէ, որ ֆանտաստիկայի ժանրի նմուշ է, մեզ ավելի զարմացրել է խոսակցության բովանդակությունը… Անկեղծ լինեմ՝ ԱԱԾ ղեկավարը ՀՔԾ ղեկավարի համեմատ չափազանց քչախոս էր: ՀՔԾ պետը բլբուլ էր կտրել… Մինչ կհասկանան… թշնամին գնդակոծում է մեր սահմանամերձ տարածքները…

Երբ ԼԳԲՏ անձինք մտան ոստիկանություն ու ծեծեցին ոստիկաններին, այդ օրը  հասկացանք, որ ֆանտաստիկայի այս ժանրով էլ պետությունը կազմաքանդման են տանում: Փակագծերը բացելու կարիք, վստահ ենք, չկա:

Ֆանտաստիկայի ժանրի մի նմուշ էլ օրերս գցվեց՝ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ձայնագրությունը:

Անկեղծանանք՝ բուն ձայնագրության գաղտնալսման կարողությունը մեզ համար զարմանալի չէ, որովհետեւ մենք ապրում ենք մի աշխարհում, որը, բառի ուղղակի եւ անուղղակի ընկալմամբ, համացանցային կառավարմամբ է ապրում: Այստեղ ցանցահեններն (հաքերներ)  են տիրակալները՝ դաձյալ բառի ուղղակի եւ անուղղակի իմաստով: Պենտագոնի կայքն են շարքից հանում, Վատիկանի պաշտոնական կայքի աշխատանքն են խափանում, պրանկերները ուզածդ երկրի ղեկավարի անունից զանգում են ուզածդ երկրի ղեկավարին, Մերկելին են գաղտնալսում եւ այլն եւ այլն:

Չպիտի՞ կարողանային Հայաստանի ԱԱԾ ու ՀՔԾ պետերին գաղտնալսել: Կարող ենք մտածել, որ էլի ձայնագրություններ կան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու տարբեր տարիների: Բայց չեն հրապարակվել: Հրապարակվել է այս մեկը: Հրապարակվել է հիմա: Պատճառների մասին խոսելն անիմաստ զբաղմունք է: Բայց հրապարակվել է, որ ի ցույց դրվի, որ ներկայիս իշխանություններն էլ նախկինների պես են. հրեշտակներ չեն, սրբեր չեն: Իսկ երբ սրբեր են ձեւանում, «նվեր» են ստանում. իմա՝ ձայնագրության տեսքով, որպես թե՝ տանդ դուռը կողպել սովորիր, հետո մեծ-մեծ խոսիր: Հիմա մնում է տեսնել՝ ԱԱԾ-ն կկարողանա՞ պարզել՝ ով է իր ղեկավարին գաղտնալսել:  

Հիմա՝ մեզ համար այս բուն ձայնագրությունը չէ, որ ֆանտաստիկայի ժանրի նմուշ է:

Մեզ ավելի զարմացրել է խոսակցության բովանդակությունը: Ոչ թե այն պատճառով, որ «զանգովի արդարադատության» փաստ է (սրբերն իշխանության չեն գալիս), այլ՝ որ բուն այդ փաստի «շուրջ» շաղակրատում են:

ԱԱԾ եւ ՀՔԾ. պետության համար կարեւորագույն երկու օղակներ: Հեռախոսով ղեկավարներն այդ ինչու՞ էին այդքան երկար խոսում: Անկեղծ լինեմ՝ ԱԱԾ ղեկավարը ՀՔԾ ղեկավարի համեմատ չափազանց քչախոս էր: ՀՔԾ պետը բլբուլ էր կտրել:

Ընթերցողի հետ կհամաձայնեմ, եթե ասի, որ դեպքերի մասին պարզունակ եմ խոսում: Այո, չեմ հերքում, բայց երկու պետական կարեւորագույն կառույցների ղեկավարների կենցաղային խոսակցությանը պարզունակ բացատրությունն էլ շատ է: Համենայնդեպս, պետական կառույցների հանդեպ իմ հարգանքը մշտապես այնքան մեծ է, որ պաշտոնական խոսակցության կենցաղային մակարդակ չեմ ընկալում: Լսում եմ՝ խույվորել, ոռները ճղել… (ընթերցողը թող ների ինձ էթիկան խախտելու համար, բայց բառերն իմը չեն, ձայնագրությունից են: Մեկ էլ՝ հազիվ թե ՀՔԾ պետը իմանար, որ խույվորել հայերեն բառ կա մեր բարբառներում (ինչը գցվում է այս օրերին իրավիճակը մեղմելու համար), նա գործածել է ռուսերեն բառահատվածը):

Ժողովուրդն էլ իշխանական քաղաքականության հետեւանքով բաժանվել է չարի ու բարու ու քշվում է դես ու դեն՝ ջուր լցնելով այս ու այն կողմերի ջրաղացին՝ սեփական քաղցն ու ծարավը այդպես էլ հագեցնել չկարողանալով: Սա արդեն բառի ուղիղ իմաստով:

Որովհետեւ մեր իշխանական այրերն այդպես էլ չհասկացան, որ իրենք որեւէ խմբի վարչապետը, նախարարն ու ոստիկանապետը չեն: Իրենք ամբողջ ժողովրդի ղեկավարները պետք է լինեն:

Մինչ կհասկանան… թշնամին գնդակոծում է մեր սահմանամերձ տարածքները…

 

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 28 (506), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ   http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։