Կընտրեն հեղափոխական հրահանգո՞վ, թե՞ կմտնեն սեւերի ճամբար.- Հայ մարդուն չեն բաժանում հեղափոխականների եւ հակահեղափոխականների… Հորդոր դատախազությանը՝ զբաղվել ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով… Իսկ դիտորդները հետամուտ են իրենց գործին…

Չնայած թավշյա հեղափոխության դեռ առկա շորշոփներին, քաղաքականապես հասուն ընտրողները նշում են, որ դեռ ընտրության առաջ են կանգնած եւ պայքարի մեջ մտած ուժերից յուրաքանչյուրը պետք է դեռ համոզի, որ ձայնը հենց իրեն տրվի:

Թեեւ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավը թեւակոխում է վերջնափուլ, սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները շրջում են մայրաքաղաքի վարչական շրջաններում եւ հանդիպումներ ունենում բնակիչների հետ, լսում նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները, պատասխանում հնչած հարցերին, ինչը դեռ չեզոք մարդկանց կողմնորոշվելու հնարավորություն է տալիս: Խոսքը այն ընտրողների մասին չէ, որ ընտրելու են կուսակցական պատկանելությամբ կամ «հեղափոխական հրահանգով»…

Վերլուծաբան Թեւան Պողոսյանը եւս նշել է, որ քաղաքական ուժերը դեռ պետք է իրեն համոզեն իր ձայնը ստանալու համար: «Ընդհանրապես ասում են, որ հաջորդ ընտրություններին սկսում են պատրաստվել հենց ընտրությունների հաջորդ օրը։ Քանի որ մարդիկ աշխատում են, գործունեություն են ծավալում, հանդիպումներ են ունենում, շատ նորմալ է։ Դա նրանց աշխատանքի իմաստն է, այնպես որ չարժե զարմանալ։ Հակառակը, պետք է միայն ուրախանալ, որ ակտիվություն կա, որ քաղաքական ուժերը մտահոգ են Երեւանի խնդիրներով ու փորձում են նաեւ մինչեւ ընտրությունները որոշ խնդիրներ լուծել»,- ասել է վերլուծաբանը։  

Իհարկե, ինչպես վերը նշվեց, քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու համակիրները վաղուց են կողմնորոշվել, թե ում պիտի ընտրեն, անկախ այն հանգամանքից, թե ով է ավելի լավ թեկնածուն, բայց իրականում ընտրությունները սկսվում են թեկնածուների անմիջապես առաջադրումից հետո, երբ իրապես կարելի է ընտրություն կատարել։

Թեւան Պողոսյանը նաեւ նշեց, որ ինքը, որպես երեւանցի, մոտավորապես կողմնորոշվել է՝ ավագանու ընտրություններում որ քաղաքական ուժին է ձայն տալու։ «Ինձ ամենաշատը հետաքրքրում է գործընթացը։ Մեկ անունո՞վ ենք ամեն ինչ պայմանավորելու, թե ինստիտուտի տեսլականով եւ մոտեցմամբ։ Քաղաքական ուժերը պետք է ձեւավորեն իրենց տեսլականներն ու մոտեցումները եւ ինձ համոզեն ընտրաձայնիս համար: Սա մի գործընթաց է, որը պետք է լինի բաց, թափանցիկ եւ բոլորին հասանելի, որպեսզի մարդիկ հասկանան, որ ընտրում են ոչ թե Պողոսին կամ Պետրոսին, այլ քաղաքական ուժի»,- նշել է նա։

Հայ մարդուն չեն բաժանում հեղափոխականների եւ հակահեղափոխականների

«Իմ կարծիքով՝ միայն ինքը կարող է ասել, թե որ ուժերին նկատի ուներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Այն փաստը, որ «Ելք դաշինքի անդամ մյուս կուսակցությունները գրեթե չեն համագործակցում Նիկոլ Փաշինյանի հետ, գաղտնիք չէ, սակայն այլեւս բացահայտ ընդդիմանում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա երիտթեւի՝ կառավարության սադրիչ կամ վիրավորական բացթողումներին…

Պատգամավորի կարծիքով՝  սա բացառիկ ընտրություն է, որտեղ 10-ից ավելի ուժեր են առաջադրված, պետք է օգտվել այս հնարավորությունից, շնորհակալ լինել այս իրավիճակի համար, եւ խաղաղ, արդար գնալ ընտրությունների։

Հարցին, թե հակահեղափոխական ուժեր տեսնու՞մ է, նա պատասխանեց. «Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների եւ հակահեղափոխականների: Ես բաժանում եմ գաղափարակցի եւ ոչ գաղափարակցի։ Ընդհանրապես ինձ համար, բնական պետք է ընդունել, որ քվեարկելու եմ Արտակ Զեյնալյանի օգտին»։

Արամ Սարգսյանը շեշտեց, որ մրցակից թիմերի տեսակետները չի մեկնաբանելու, առավել եւս, որ «Իմ քայլը» քաղաքական առումով իրենց գործընկեր է։ Նա նշեց՝ զուտ քաղաքագիտական բովանդակության առումով իր համար հեղափոխություն էր 1889-1990-ական թվականներին տեղի ունեցածը, որով պետության համակարգը փոխվեց. «Իսկ ներկայիս իրավիճակն ինձ համար 3-րդ հանրապետության շարունակությունն Է: Պիտի գիծ չգծենք ու չասենք, որ մինչ այս ինչ եղել է, վատ է: Չպետք է ասել, որ նախկին իշխանությունը միայն վատն է արել: Պետք է վատը թողնել, լավը վերցնել ու շարժվել առաջ, սա կլինի իրական հեղափոխություն»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր. «Երեւանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաեւ իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ ու այսօր գիտե՞ք ինչ է տեղի ունենում, այսօր նրանք գնացել են խորհրդարանում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, քուչեքում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, թե բա՝ տղերք, կլինի՞ դուք այս ընտրություններում ձեր ընտրակեղծարարության ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք քաղաքապետի ընտրություններում, այնպես կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք»:

Այսպես, սիրո եւ համերաշխության անունն առած հեղափոխությունը հետզհետե դարձավ ատելություն սերմանող եւ պառակտիչ էությամբ հեղափոխության: Եվ իզուր են հեղափոխականները հակահեղափոխականներ փնտրում, այսօր իրենց հեղափոխության ամենամեծ հակահեղափոխականներն իրենք են, որ դավաճանել են հեղափոխության սկզբունքներին ու նպատակին…

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ստիպված կոչերով են հանդես եկել, որպեսզի մեր երկրի համար դժվարին այս իրավիճակում, հատկապես միջազգային սրացումների համապատկերին, պետք է ոչ թե պառակտել մեր միասնությունը, ժողովրդին սեւերի ու սպիտակների բաժանել, այլեւ՝ նախաձեռնել կառուցողական քաղաքականություն՝ ներքին կյանքը կայունացնելու եւ զարգացնելու համար…

Հանրապետության եւ խորհրդարանի նախագահները կարեւորել են, որ այս վճռորոշ պահին Ազգային ժողովի պատգամավորները, քաղաքական ուժերը, պետական ողջ համակարգը, մեր հասարակության տարբեր շերտերը, հատկապես երիտասարդները դրսեւորեն քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ ողջախոհություն, ցանկացած քայլի ու գործողության դիմելիս մնան օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության եւ ժողովրդի:

Սակայն Նիկոլ Փաշինյանի համար օրենքը ինքն է՝ քանի որ ինքն է ժողովրդի ընտրյալը, այսինքն՝ այն մի քանի տասնյակ հազար հատվածի, որ ներկա էին Հանրապետության հրապարակում, իսկ մյուս տասնյակ հազարավոր բնակիչները ժողովուրդ չեն երեւի… Կամ էլ շուտով, երբ իրենց զայրույթը կցուցադրեն՝ կդառնան հակահեղափոխականներ:

Հորդոր դատախազությանը՝ զբաղվել ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով

Այսօր, Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրության ընթացքում ավելի է ընդգծվում այս իշխանության՝ ուժային մեթոդներով իր կյանքը երկարացնելու քաղաքականությունը: Այսօր նախկին իշխանություններից ոչ պակաս ճնշումների կարող են ենթարկվել նաեւ դեռ երեկ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած քաղաքական ուժերի ներկայացուցիչները…

Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավագանու ԲՀԿ-ական թեկնածու, ցուցակի 7-րդ  հորիզոնականում նշված ֆինանսիստ Մարկոս Հարությունյանը հայտարարեց, որ իր հետ «ասֆալտին փռելու» գործողություն է կատարվել: Միջադեպի մասին համացանցում տարածված տեսանյութը բոլորովին իրականությանը չի համապատասխանում եւ սա շոու է՝ հատուկ Նիկոլ Փաշինյանի եւ յուրայինների համար սարքված…

Շենգավիթ վարչական շրջանում հանդիպման ընթացքում ընկերները նրան առաջարկել են գնալ այդ վարչական շրջանի իրենց շտաբ: «Այնտեղից շարժվում էինք Աջափնյակ, երբ մեր մեքենան կանգնեցրեցին ու բառիս բուն իմաստով փռեցին ասֆալտին: Ես ձեռքերս պարզած իջա մեքենայից, ներկայացա, որ ավագանու թեկնածու եմ, առանց որեւէ բառ խոսելու ինձ փռեցին ասֆալտին, նկարահանումները ավարտելուց հետո ասեցին՝ ազատ ես, կարող ես գնալ»,- պատմել է ավագանու թեկնածուն:

Նրա խոսքով, ոստիկանները մեծ սխալ են թույլ տվել, բոլորն Աջափնյակում գիտեն, որ ինքը օլիգարխ չէ, թիկնազոր չունի, իսկ փաստը ներկայացվել է այդպես:

ԲՀԿ ավագանու ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող, Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը նշել է, որ սա չեն դիտարկում ճնշում իրենց նկատմամբ կամ հետապնդում իրենց քաղաքական ուժին: Հայաստանում շարասյունով երթեւեկելն արգելելու վերաբերյալ օրենք էլ, ըստ նրա, չկա:

«Որեւէ իրավախախտում չի եղել, նույնիսկ զանցանք չի եղել, բայց մարդկանց ավտոմատներով դիմակներով պառկեցրել են գետնին, նկարել ու տարածել են՝ մարդկանց ներկայացնելով որպես հանցագործ: Մենք ցանկանում ենք դիմել գլխավոր դատախազին եւ դատախազությանը՝ ստուգելու, թե արդյոք ոստիկանության այս գործողությունն իրավաչափ է: Բացի այդ՝ ուզում ենք դիմել իրավապաշտպան կազմակերպություններին եւ ՄԻՊ-ին, որպեսզի նրանք կատարվածին գնահատական տան: Պետք է պայքար տարվի զինված խմբավորումների դեմ, բայց իրավապահները բռնում են օրենքը չխախտած քաղաքացիներին

Այս օրերին կատարելով Նիկոլ Փաշինյանի՝ օլիգարխներին ու նիանց թիկնապահներին գետնին փռելու բանավոր եւ միտինգային հրահանգը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ իրենց հերթական «զոհերի»՝ Սամվել Ալեքսանյանի ու Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին ոստիկանություն տանելու մասին տվել է ոչինչ չասող ու կրկնվող բացատրություններ…

Իսկ դիտորդները հետամուտ են իրենց գործին

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համսր ԿԸՀ-ում հավատարմագրվել է 8 տեղական հասարակական կազմակերպության թվով 662 դիտորդ:

Մեծաթիվ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ եւս հետեւում են ընտրությունների ընթացքին: Ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 44 ԶԼՄ-ի 620 ներկայացուցիչ:

Դիտորդական առաքելություն է իրականացնում նաեւ Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը:

Հետաքրքիր է արտահերթ ընտրությունների համար ձեւավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոններ բաշխումը:

Այն բաշխվել է հետեւյալ համամասնությամբ՝ ՀՀԿ՝ 262-ական: «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք՝ 140-ական: «Ելք» կուսակցությունների դաշինք՝ 41-ական: ՀՅԴ՝ 32-ական:

Սպասենք ընտրության ավարտին եւ մեկնաբանություններին, որոնք հաստատ բազմազան ու բազմաբեւեռ կլինեն:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 29 (507), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։