Ընտրական օրենսգիրքը՝ փորձաքար փոքրամասնական իշխանության համար – ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված… Չի բացառվում, որ կառավարությանը աջակցող ՀՀԿ-ական խորհրդարանական մեծամասնությունը այլեւս այլ ճանապարհով գնա, եւ կառավարության բարեփոխումները մնան փոքրամասնական…

Արտահերթ ընտրությունների գնալու ցանկությամբ առաջնորդվող խորհրդարանական ուժերը հայտարարել են, որ գործող ընտրակարգն ապաքաղաքականացրել է ընտրությունները: Շատերն էլ վստահ են, որ միայն համամասնական ընտրակարգը ամենաարդյունավետը չէ, ուստի քննարկումները այստեղ պետք է առավելագույնը ծավալվեն:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ ձեւավորված խորհրդարանական 4 խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի անդամների հետ քննարկումներ է անցկացնում նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված եւ փոխգործակցությամբ:

Հիշեցնենք, որ աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունեցել 2018թ. հուլիսի 4-ին, Ազգային ժողովում: Առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները համակարգել է Աշխատանքային խմբում ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Աշխատանքային խմբում նախագահում են հերթականությամբ:

Հայտնի է, որ հիմնական փոփոխության՝ ընտրակարգի վերաբերյալ քաղաքական ուժերի միջեւ չկա փոխհամաձայնություն։

ԲՀԿ-ի եւ «Ելք»-ի մոտեցումը նույնական է, նրանք համարում են, որ փակ համամասնական ցուցակներով պետք է գնալ ընտրության: ՀՀԿ-ի մոտեցումը շարունակում է մնալ ռեյտինգային ընտրակարգի պահպանումը, իսկ ՀՅԴ-ն առաջարկում է մի ընտրակարգ, որը քննարկման արժանի է՝ համամասնական, բայց բաց ցուցակներ։

«Մեր առաջարկությունները 10-ն են։ Առաջին կետն է՝ վերացնել ընտրությունների անցկացման գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, անցում կատարել ընտրությունների բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգի»,- Ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  

ՀՅԴ-ի 2-րդ առաջարկն է ձեւավորել ընտրական մասնագիտացված հանձնաժողովների համակարգ՝ ընտրությունների համար կոնկրետ հասցեական պատասխանատվություն սահմանելու նպատակով։

3-րդ առաջարկն է՝ կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների առավելագույն 2/3 շեմի նվազեցում մինչեւ մանդատների ընդհանուր թվի 3/5-ը, այն է՝ մեկ քաղաքական ուժը Ազգային ժողովում 60%-ից ավելի տեղ չպետք է ունենա:

4-րդ առաջարկը վերաբերում է բազմակի քվեարկությունները բացառող համապետական միասնական ցանցի ստեղծմանը։

5-րդ կետով առաջարկվում է ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի ազդեցության վերացում:

6-րդով՝ ընտրությունների հնարավոր կեղծիքների ծավալ արձանագրող գործիքակազմի ստեղծում:

ՀՅԴ առաջարկներից մեկն էլ սահմանում է ընտրություններից որոշակի ժամկետ առաջ դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաների իրականացումը։ Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենց առաջարկներից մյուսը վերաբերում է Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի անվճար տրամադրվող եթերաժամերի քանակի ու հեռարձակման ժամերի վերանայմանը, ընտրական ծախսերը սահմանափակող եւ վերահսկող միջազգային փորձին համապատասխան գործուն համակարգի ներդրմանը։

ԲՀԿ-ում կարծում են, որ «Հանրապետական կուսակցության առաջարկած տարբերակի մեջ ինչ-որ մեսիջներ կան, սակայն նախագիծը բավական բարդեցված է: Ըստ էության, դա նույն քողարկված, նախորդ ռեյտինգային ընտրակարգն է՝ մի քիչ այլ մոտեցմամբ»,- ասել է «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հայտնել է, որ իրենք  խմբակցությունում քննարկել են, եւ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է իրենց ընտրակարգը, այն է՝ գնալ  քվոտավորման ճանապարհով. «Ինչպես գնում ենք ազգային փոքրամասնությունների, կանանց քվոտաների, այնպես էլ մարզային ներկայացուցիչները որոշակիորեն քվոտավորված ներկայացված լինեն: Համաձայն չե՞ք առաջարկած մոդելի հետ՝ գտնենք ուրիշ մոդել, բայց պետք է լինի մեկ համամասնական ցուցակ։ Երկու ցուցակը, միեւնույն է, խճճված իրավիճակ է ստեղծելու»։

Շեշտվեց նաեւ, որ «Ծառուկյան դաշինքը» երկար է քննարկել այս հարցը եւ պնդում է մեկ միասնական ցուցակի տարբերակը, իսկ ահա մարզերից ներկայացված թեկնածուների հարցը պետք է քննարկել: «Մենք պատրաստ ենք փոխզիջման, բայց ոչ այս բարդացված եղանակներով: Մենք մի անգամ գնացինք Սան Մարինոյի մոդելով, հիմա էլ գերմանական մոդելով, եկե՛ք գտնենք այն մոդելը, որն աշխատելու է Հայաստանում, չբարդացնենք  մեր եւ առավել եւս ընտրողների կյանքը»,- սաել է պատգամավորը։ «Ծառուկյան դաշիքն» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշել է, որ նշված տարբերակով հնարավոր չի լինելու ապահովել բոլոր թեկնածուների հավասար քարոզչության իրավունքը։

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վարչապետին առընթեր հանձնաժողովն իր նիստում կարեւոր որոշումներ է ընդունել.- ինչպես նշել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը. «Հանձնաժողովն ամրագրեց, որ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական, այսպես կոչված փակ ցուցակներով համամասնական: Նաեւ որոշում կայացվեց անցողիկ շեմը նվազեցնել 1%-ով: Առաջարկվեց նախագծում դաշինքների ու կուսակցությունների համար սահմանել համապատասխանաբար 6% եւ 4%»,-ասաց նա: Կարծիքներ եղան, որ սա բավարար է, քանի որ լինելու են ուժեր, որոնք շեմն իջեցնելու դեպքում էլ խորհրդարան չեն անցնելու:

Փոխվարչապետի խոսքով, ռեյտինգային ընտրակարգի լավ կիրառումն այս պահին Հայաստանում իրականացնելը հնարավոր չէ։ «Համամասնական ընտրակարգի ֆիքսումն առավելագույնս ընտրությունները քաղաքականացնելու նպատակ ունի, ինչպես նաեւ կանայք ավելի շատ հնարավորություն կստանան ԱԺ-ում մանդատ ստանալու, քանի որ ռեյտինգային ընտրակարգի դեպքում մեծամասամբ տղամարդիկ են անցողիկ շեմը հաղթահարում»,- նշել է նա:

Եթե լինեն փակ, համամասնական ցուցակներ, ապա կանանց քվոտան պետք է բարձրանա:

Կանանց ավելի շատ հնարավորության մասին խոսել է նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ը. «Այն խորհրդարաններում, որտեղ կանանց թիվը 5%-ով ավելանում է, տվյալ ԱԺ-ում ռազմական հակամարտությամբ հարցեր լուծելու ճանապարհը նվազում է»:

«Ծառուկյան» խմբակցության կողմից ԸՕ փոփոխությունները քննարկող ԱԺ աշխատանքային խմբի նիստին, ինչպես այլ խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ Նաիրա Զոհրաբյանը նշեցին, որ մի կարեւոր հարց է առաջ գալիս՝ արդյո՞ք պատրաստ են քաղաքական ուժերը իրենց ցուցակներում ներառել այնպիսի կանանց, որոնք ունակ են ԱԺ-ում աշխատել: Եթե դրվոմ է ուղղակի քանակի խնդիր, սակայն չի լուծվելու որակի խնդիրը եւ ԱԺ-ում հայտնվելու են կանայք, որոնք ըստ ԲՀԿ ներկայացուցչի՝ տանջվում են ԱԺ-ում, բառի բուն իմաստով տանջամահ են լինում, ապա դա հարցի լուծում չէ սա ուղղակի պայքար չէ տղամարդկանց դեմ:

Կանանց եւ տղամարդկանց հավասար բաշխման թեման վերածվել էր թեժ քննարկման: Շատերն էին կասկածում, որ մեզանում առկա են այնքան պատրաստված կանայք, որոնք կուսակցականացված են եւ խորհրդարան են գալու ոչ թե որպես կին պատգամավոր, այլ՝ որպես կին օրենսդիր:

«Չի բացառվում, որ ինչ-որ մի օր՝ ոչ շատ ուշ ապագայում, մենք կխոսենք այն մասին, որ խոսքը վերաբերում էր ոչ թե կանանց, այլ տղամարդկանց քվոտային, եւ կարծում եմ՝ այդ օրը շուտով կգա»,- իր մտահոգությունն է հայտնել Դավիթ Հարությունյանը:

Ի վերջո, փոխհամաձայնություն եղավ՝ առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունների համար կգործի 2022թ. ուժի մեջ մտնող դրույթը եւ կանանց թիվն օրենսդիր մարմնում կլինի 33%, իսկ հաջորդ ընտրություններին, որը նախատեսվում է 2024թ., կին եւ տղամարդ օրենսդիրների հարաբերակցությունը խորհրդարանում կլինի 40/60%:

«ID քարտերի հետ կապված բավական լուրջ խնդիր կա։ Այն ընկերության հետ, որը միշտ ID քարտեր էր մատակարարում, պայմանագիրն ավարտված է։ Մի քանի ամիս շարունակ քարտերի չհերիքելու խնդիր կա, իսկ բոլորին ID քարտերով ապահովելու համար անհրաժեշտ է 1 տարուց ավելի ժամանակ՝ անգամ ամենաարագ աշխատանքների իրականացման դեպքում»,- ԱԺ քննարկումների ժամանակ ասել է ընտրական օրենսդրությունը բարեփոխելու՝ վարչապետին առընթեր հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Քննարկվում էր մատների թանաքոտման տարբերակը, բայց այստեղ եւս բազմաթիվ ռիսկեր հայտնաբերվեցին։ Սա նույնպես իդեալական տարբերակ չէ, թանաքը տեսականորեն կարող է ջնջվել կամ անգույն թանաքը պատահաբար կարող է քսվել ձեռքին՝ այսպիսով մարդուն զրկվելով քվեարկելու իրավունքից»,- ասել է նա։

Քննարկմանը ներկա ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը նկատել է, որ դատելով ներկայացված մոտեցումներից՝ կարելի է եզրակացնել՝ ներկա ուժերը տրամաբանորեն եկել են նրան, ինչի մասին նախկին իշխանությունները հայտարարում էին դեռ տարի-տարիուկես առաջ՝ ԸՕ-ն քննարկելու ժամանակ։

Ինչ վերաբերում է զինծառայողների շրջանում նախընտրական քարոզչությանը, Դանիել Իոաննիսյանը նշեց՝ իրենք կարծում են, որ զորամասերում նախընտրական պաստառների համար պետք է տարածք առանձնացվի, բացի այդ՝ զինծառայողներին հնարավորություն տրվի առվել շատ հետեւել նախընտրական քարոզչության բնույթ կրող հաղորդումներին։

Վիգեն Սարգսյանը միաժամանակ ընդգծել է անձը հաստատող փաստաթղթերի, այդ թվում՝ անձնագրերի վերահսկողության մեխանիզմների ներդրման կարեւորությունը։ «Որպեսզի մեկ անձը մյուսի փոխարեն քվեարկի, անհրաժեշտ է մի քանի հոգու հանցավոր համաձայնություն։ Ինչ վերաբերում է որոշ քաղաքացիների՝ նոր անձնագիր չունենալուն, դա կարող է այլ պատճառ ունենալ՝ օրինակ այլ երկրի քաղաքացիության առկայություն։  Շատ մարդիկ, ստանալով այլ երկրի քաղաքացիություն, այդ երկրում խնդիրներ չունենալու համար շարունակում են ապրել հին անձնագրով՝ Հայաստանում»,- ասել է ՀՀԿ ներկայացուցիչը։

Իսկ Դանիել Իոաննիսյանը շեշտել է, որ ընտրացուցակների կապն իրական պատկերի հետ, այն է՝ ընտրելու իրավուքն ունեցողների պաշտոնական եւ իրական թվերը՝ համեմատության մեջ, նվազեցնում են ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը։

«ՀՅԴ-ի առաջարկը՝ ռեյտինգային ընտրակարգը, որը ենթադրում է հանրապետության տարածքով մեկ կուսակցության ցուցակի ռեյտինգային դասավորվածություն, եւ քաղաքացիներն են որոշում, թե ում ինչքան ձայն տան, մենք էլ ենք կարծում, որ լավ տարբերակ է, քննարկելի տարբերակ է, եղած տարբերակներից լավն է: Բայց հաշվարկի հետ կապված մտահոգություններ կան»,- ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումների ժամանակ ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի խոսքով, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան, իսկ դա նշանակում է, որ 2000 ընտրատեղամասերի անդամների համար պետք է թրեյնինգներ անցկացվեն:

«Եթե ընտրում ենք բարդ ընտրակարգ, դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները հնարավորինս հետաձգում  ենք։ Իսկ ընտրությունների հետ ընկնելու արդյուքնում երկրում ստեղծվում է իրավիճակը, որտեղ պարզ չէ՝ ԱԺ-ում ով է ընդդիմություն, ով է իշխանություն: Ըստ էության՝ ունենք իրավիճակ, երբ պետական կառավարման տեսանկյունից մեզ բարդ մարտահրավերների առջեւ է կայացնում։ Դրա համար անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- հավելել է Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով, հաշվի առնելով այն  հանգամանքը, որ հայաստանյան ընդդիմությունը, նաեւ ՀՅԴ-ն, 20 տարուց ավել պահանջել է դասական համամասնական ընտրակարգի ներմուծում, պետք է ընտրել ամենադասական, հեշտ տարբերակը, որ ընտրությունների ժամանակ վայրիվերումներ չլինեն:

«Ընտրական օրենսգրքի բազմաթիվ դրույթներ ենթակա են փոփոխման։ Շատ հոդվածներում զուտ տեխնիկական փոփոխություններ պետք է կատարվեն, ԸՕ-ն ժամկետների առումով պետք է համապատասխանի արտահերթ ընտրությունների սահմանադրական պահանջներին»,- ասել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ «Բովանդակային մասով փոփոխությունները կարելի է մի քանի փաթեթի բաժանել։ Առաջին փաթեթն ընտրակարգն է՝ ռեյտինգային-տարածքային, ռեյտինգային-համապետական եւ այլն, որտեղ ըստ էության քննարկման երկու տարբերակ կա՝ մեկը համապետական ռեյտինգային ցուցակն է, մյուսը՝ սովորական փակ համամասնական ցուցակը։

Այն մտահոգությունները, որոնք քաղհասարակության ներկայացուցիչներն ունեն ռեյտինգային ընտրակարգի առնչությամբ, տարածվում են նաեւ համապետական ռեյտինգային ընտրակարգի վրա։ Դրա համար կարող եմ ասել, որ քաղհասարկության բազմաթիվ կազմակերպություններ սատարում են սովորական փակ համամասնական ընտրակարգին։

Փոփոխությունների հաջորդ «փնջի» մեջ մտնում են կրկնաքվեարկությունը կանխող  մեխանիզմները, տեղամասերում ընտրախախտումների կանխարգելումը»,- հավելեց նա։

Իսկ ՀԱԿ-ը փակ եւ բաց համամասնական ընտրակարգերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ընդգծում է, որ պետք է ամբողջությամբ անցում կատարել փակ համամասնական ընտրակարգի: Հայ Ազգային Կոնգրեսը համոզված է, որ այժմ ՀՀԿ-ի կողմից առաջարկվող բաց համամասնական ընտրակարգը, ամբողջությամբ ներառելով  մեծամասնական եւ ռեյտինգային ընտրակարգերի խորքային բովանդակությունը, ըստ էության դրանց քողարկված տարբերակն է եւ այն միանշանակ անհրաժեշտ է մերժել, իսկ սույն հայտարարությամբ նշված գլխավոր խնդրի լուծմանը կարելի է հասնել առնվազն հետեւյալ մեխանիզմների կիրառմամբ.

  1. Ամբողջությամբ անցում կատարել փակ համամասնական ընտրակարգի:
  2. Ընտրակաշառքի, վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման հետ առնչվող հանցագործությունները դասել ծանր հանցագործությունների շարքին (ազատազրկման առավելագույն ժամկետները 5-ից բարձրացնելով մինչեւ 6 տարի)՝ այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրմամբ:
  3. Բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել եւ այն սահմանել ընտրությունները նշանակելու օրվանից սկսած: Օրենքով սահմանել, որ ընտրությունները նշանակվելու օրվանից սկսած մինչեւ ընտրական գործընթացի ավարտը քաղաքական ուժի ու անձի կողմից, կամ նրանց անունից բարեգործության առկայության դեպքում վերջիններս կորցնում են առաջադրվելու եւ ընտրվելու իրավունքը:

Պետք է բացառել նաեւ բարեգործական կազմակերպությունների եւ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների անվանական նույնացումը:

  1. Էապես կրճատել նախընտրական ծախսերի թույլատրելի առավելագույն շեմերը:
  2. Հստակ տարանջատել իշխանությունն ու գործարարությունը՝ սահմանելով, որ պատգամավոր կամ պետական կառավարման համակարգում այլ բարձր պաշտոն ստացած գործարարի բիզնեսը պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հանձնվում է պետության կողմից լիազորված մարմնի կառավարմանը:

Անվիճելի է, որ թե նախկինում, թե’ներկայումս փակ համամասնական ընտրակարգի կողմնակից են եղել եւ են քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունն ու քաղաքացիական հասարակությունը: Նախկինում այս հարցի շուրջ հասարակական լիակատար փոխհամաձայնությունը չի կայացել միայն ու միայն ՀՀԿ-ական իշխանության ու նրա արբանյակների պատճառով: Այժմ ՀՀԿ-ն կրկին անգամ փորձում է խափանել փաստացի առկա համաձայնությունը: Եթե այն չի ապահովելու այսօրվա գլխավոր խնդրի լուծումը եւ, ըստ այդմ, արգելակելու է Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման հեռանկարը, ապա ընտրակարգի բարելավման հարցը առաջ չի գնա:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումներին պատրաստվել են նաեւ ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, ինչի մասին տեղեկացրել են Հեղինե Բիշարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:

Չնայած հստակ որոշում կա, որ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները չպետք է որեւէ սահմանափակում ունենան: Խնդիրը դրված է այնպես, որ ովքեր ցանկանան՝ կմասնակցեն:

Իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը, թերեւս, ամենասուրն է դրված։

ԸՕ-ի բարեփոխումների անհրաժեշտությունը նախեւառաջ պայմանավորված է նոր իշխանություն-ԱԺ մեծամասնություն փոխգործակցության բարդություններով։ Իշխանության եկած նոր ուժերը այլեւս մտավախություն ունեն, որ ԱԺ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն չի ցանկանա գնալ ԸՕ փոփոխության՝ դրանով իսկ վտանգելով օրենսդիր մարմնում սեփական դիրքերը։

«Նոր Ընտրական օրենսգիրքը պետք է լինի այնպիսին, որ սպասարկի արտահերթ ընտրությունները»,- ԱԺ քննարկումների ժամանակ ասել է ընտրական օրենսդրությունը բարեփոխելու՝ վարչապետին առընթեր հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ ի պատասխան ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի արտահայտած այն մտահոգությանը, թե չլինի՝ նոր ԸՕ-ն գրվում է միայն արտահերթ ընտրությունների համար։

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ շատ հաճախ իրավիճակը ճկուն լուծումներ է պահանջում. «Եվ դրա համար է ստեղծվում ԿԸՀ-ն։ Հիմնական կարգավորումները գտնվում են օրենսգրքում, բայց նա ունենում է որոշակի ճկունություն՝ հստակեցնելու, լրացուցիչ կարգավորումներ մտցնելու։ Արդյո՞ք վերցնելով իրենց ինչ-որ պարզաբանումը եւ բերելով ԸՕ՝ մենք դրական գործ ենք կատարում։ Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումը չէ»։

Նորից անդրադառնալով ընտրական համակարգին՝ Դանիել Իոաննիսյանը շեշտեց, որ պետք է լինի սովորական համամասնական ընտրակարգ, ինչպիսին եղել է մինչեւ 2016թ.։

Ինչ վերաբերում է  անցողիկ շեմին, ապա բանախոսը հիշեցրեց՝ հանձնաժողովը նախատեսել է կուսակցությունների եւ դաշինքների համար շեմն իջեցնել 1%-ով։

Դավիթ Հարությունյանն ի պատասխան նշեց, որ խորհրդարանում պետք է հայտնվեն ոչ թե առանձին, փոքր, այլ խոշոր ուժեր. «Այսօր ԱԺ ամենափոքր խմբակցությունը ՀՅԴ խմբակցությունն է՝ 7 հոգի։

Ինչքանո՞վ է ճիշտ ունենալ դրանից ավելի փոքր խմբակցություններ։ Կարծում եմ՝ երկրի զարգացման տեսանկյունից դա ճիշտ չէ, որովհետեւ ինչքան փոքրանում են խմբակցությունները, այնքան ավելի դժվար է համախմբում տեղի ունենում։ Իմ խորին համոզմամբ, մենք դեռեւս այն փուլում չենք, որ նպատակահարմար լինի նվազեցնել շեմը»։

Վիգեն Սարգսյանն էլ հարց ուղղեց Դանիել Իոաննիսյանին. առավել մեծ թվով խմբակցություններ ունենալն արդյո՞ք օգնելու է կառավարման գործընթացին, թե հակառակը, վնասելու է։

ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանն էլ ընդգծեց՝ բազմաթիվ ուժերի ներկայությունն ԱԺ-ում շատ լավ պատկեր կլինի. «Սակայն ամբողջ էությունը քաղաքական դաշտին սխալ ուղերձ չհղելն է՝ այս անգամ չանցան խորհրդարան, մյուս անգամ անպայման կանցնեք»։

Ընտրական օրենսգրքի շուրջ արված բոլոր առաջարկներից ՀՀԿ-ն նախապատվությունը տալիս է ՀՅԴ-ի առաջարկին:

Այս մասին ասել է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:

Արդարադատության նախկին նախարարի խոսքով, ՀՀԿ-ն առաջարկում է «Ընտրական օրենսգրքի մի մոդել, որը վերացնում է կարեւոր երկու թերություն. «Առաջինը, որ մենք ընտրողին հնարավորություն չենք տալիս որոշելու, թե ովքեր պետք է կուսակցության ցուցակից գնան խորհրդարան, երկրորդ՝ ապահովել տարածքային ներկայացվածություն: Եթե համեմատեմ առաջարկված 3 մոդելները՝ կառավարության, «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի, կարծում եմ, որ կառավարության ու «Ծառուկյան» դաշինքի մոդելներն ունեն այս թերությունները, որոնց մասին խոսեցի։ Իսկ ՀՅԴ-ի մոդելն ունի մեկ թերություն»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Նա շեշտեց, որ թեեւ ՀՀԿ-ի առաջարկը ինչ-ինչ պատճառներով ոչ ոք չպաշտպանեց,  իրենք առաջարկված մոդելներից ընտրում են ՀՅԴ-ի առաջարկած մեխանիզմը, քանի որ այն առավել ժողովրդավար է:

«Այս պարագայում, եթե մենք ստիպված լինեինք ընտրություն կատարել առաջարկվածներից, կպաշտպանեինք ՀՅԴ-ի առաջարկը՝ կարծելով, որ պետք է խուսափել կուսակցական վերնախավի գերիշխանությունից: Սա մոդել է, որը հնարավորություն է տալիս ուժեղացնելու ներկուսակցական ժողովրդավարությունը»,- շեշտել է ՀՀԿ պատգամավորը:

Իսկ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը վստահ է, որ անցնելու է կառավարության մոդելը:

Սակայն, ինչպես նոր իշխանություններն են ասում, իրավիճակ է փոխվել, Նիկոլ Փաշինյանին՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, լուրջ ընդդիմություն է առաջ եկել:

Եվ չի բացառվում, որ կառավարությանը աջակցող ՀՀԿ-ական խորհրդարանական մեծամասնությունը այլեւս այլ ճանապարհով գնա, եւ կառավարության բարեփոխումները մնան փոքրամասնական:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 29 (507), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։