Դալայ-լաման ազգայնամո՞լ, թե՞ փախստականների ու գաղթականների փրկիչ – Դալայ-լաման սա եւս լավ հասկանում է, գիտի նաեւ, որ միլիոնավոր մարդիկ հետո կարող են որպես թափոն գործածվել, եթե այլեւս պիտանի չհամարվեն… Նեոնացիզմը՝ Եվրոպայի գլխավոր սպառնալիք – Նեոնացիզմի հետեւորդները հիմնականում ազգայնամոլներ են՝ շովինիստներ, ոչ թե ազգայնականներ (նացինալիստներ), ինչը լրջորեն ազդելու է նաեւ տեղաբնիկների եւ ներգաղթյալների հարաբերությունների վրա…

Դեպի Եվրոպա գաղթականների հոսքը շարունակվում է, Ասիայից ու Աֆրիկայից փախստականները ամեն գնով հասնում են Եվրոպա՝ չնայելով անգամ այն հանգամանքին, որ ճանապարհներին (հատկապես ծովային) հազարներով մահանում են սովից ու անպաշտպանվածությունից…

Նման գաղթերի պատճառները ոչ միայն անձնական բնույթ ունեն, այլեւ համապետական նշանակության հարցեր են կարգավորում:

Օրինակ, Արեւմուտքը, Եվրոպան ու Միացյալ Նահանգները տարիներ շարունակ կազմակերպում են նման գաղթի հոսքեր, որպեսզի կարգավորեն իրենց երկրների բնակչության համաչափ աճը: Իսկ դա կարգավորելու լուրջ խնդիր կա, արեւմտյան երկրներում ծնելիության մակարդակը հիմնականում զիջում է մահացության մակարդակին եւ կգրանցվի բնակչության կրճատում, հետաճ՝ դրանից բխող սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ այլ հետեւանքներով…

Ռուսաստանը եւս նման քաղաքականություն է վարում: Սակայն ռուսական տնտեսության ավելի ցածր մակարդակը եվրոպականի համեմատ, դեպի Ռուսաստան հոսք է ապահովում առավելապես ԽՍՀՄ-ական նախկին տարածքի երկրներից, որոնց համար Ռուսաստանի ներկա սոցիալ-տնտեսական կյանքը գրեթե համահունչ է սեփական երկրում առկա վիճակին:  

Սակայն, միլիոնների հասնող գաղթականների եւ փախստականների ուղին դեպի Եվրոպա է գնում:

Հասկանալի է, որ սա ոչ միայն ժողովրդագրական վիճակը դրականորեն պահպանելու քայլ է, այլեւ էժան աշխատուժի ձեռքբերում, որը մեծապես խթանում է տվյալ երկրի տնտեսության զարգազմանը: Էժան աշխատուժը բազմապատկում է շահույթը:

Դալայ-լաման սա եւս լավ հասկանում է, գիտի նաեւ, որ միլիոնավոր մարդիկ հետո կարող են որպես թափոն գործածվել, եթե այլեւս պիտանի չհամարվեն:

Այս գաղթականները երբեք չեն դառնում տվյալ երկրների հավասարազոր քաղաքացիներ, նրանք պահվում են ճամբարներում, սնվում են որոշակի հատկացումներով, թույլ են տալիս նրանց օգտվել դեղերից, մարիխուանայից, որպեսզի այլ հարցերով չզբաղվեն, առավել եւս չգործածվեն քաղաքականության մեջ…

Շատ քչերին կհաջողվի լրացնել եվրոպական երկրների քաղաքացիների շարքերը, ունենալ համապատասխան աշխատանք եւ բնակության վայր (Գերմանիայում փորձ են անում գաղթականներով բնակեցնել գյուղերը, որը միաժամանակ կնպաստի նաեւ գյուղատնտեսության զարգացմանը, նաեւ գաղթյալներին հեռու պահելով երկրի քաղաքական կենտրոնից…):

Այս ամենից բնակչության կորուստ են ունենում աֆրիկյան ու ասիական շատ երկրներ, ինչը կասեցնում է այդ երկրների զարգացումը եւ անգամ սպառնում է ինքնակործանման հասցնել…

Եվ ահա օրերս Տիբեթի բուդդայականների առաջնորդ Դալայ-լաման հայտարարել է, որ Եվրոպան պատկանում է եվրոպացիներին, իսկ միգրանտները պետք է տուն վերադառնան:

«Ընդունեք նրանց, օգնեք նրանց, ուսուցանեք նրանց, բայց արդյունքում նրանք պետք Է զարգացնեն իրենց սեփական երկիրը»,- ասել է նա:

Այս հայտարարությունը Դալայ-լաման արել է շվեդական Մալմյո քաղաքում, որտեղ, Business Insider-ի տվյալներով, բնակչության գրեթե երրորդ մասը կազմում են ներգաղթյալները:

Դալայ-լամայի կարծիքով՝ եվրոպացիները բարոյական պատասխանատվություն են կրում «այն փախստականներին օգնելու համար, որոնց կյանքին իրապես վտանգ է սպառնում»:

Կարեն Բալյան

Նեոնացիզմը՝ Եվրոպայի գլխավոր սպառնալիք

Եվրոպացիներից շատերի կարծիքով Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը առանձին երկրների՝ Եվրամիությունից դուրս գալը չէ, այլ նեոնացիզմը: Նման կարծիք է հայտնել նաեւ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ Արրայոլուշ խմբի գագաթաժողովից հետո: Նա նշել է, որ Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք պետք է կայանան 2019թ. մայիսին, կդառնան ամենակարեւորներից մեկը եվրոգոտու ստեղծումից հետո՝ հաշվի առնելով տարածաշրջանում նեոնացիզմի վերածնունդը:

Նեոնացիզմի հետեւորդները հիմնականում ազգայնամոլներ են՝ շովինիստներ, ոչ թե ազգայնականներ (նացինալիստներ), ինչը լրջորեն ազդելու է նաեւ տեղաբնիկների եւ ներգաղթյալների հարաբերությունների վրա…

«Հուսով ենք, որ այդ սպառնալիքը չի հաղթի: Որ Եվրոպայի ժողովուրդները միաձայն կասեն՝ No pasaran: Մենք սպառնալիք տեսնում ենք»,- ընդգծել է նա: Նախագահի խոսքով, եվրոպացիները պետք է որոշեն, ինչպիսի Եվրոպա են ուզում տեսնել ապագայում:

«Պոպուլիզմի եւ նեոնացիզմի բոլոր այդ ձեւերը, որոնք քողարկված են իբր հայրենասիրության թիկունքում, մի նպատակ ունեն՝ վերածնել անցյալի մղձավանջները, որոնք ավերել էին Եվրոպան ու գրեթե ամբողջ աշխարհը»,- հայտարարել է Պրոկոպիս Պավլոպուլոսը:

Նա կոչ է արել տարածաշրջանի բնակիչներին պայքարել նման երեւույթների դեմ:

«Լուսանցք» թիվ 29 (507), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։