Թշնամուն պետք է համարժեք, նաեւ ավելի՛ն պատասխանել – ադրբեջանական զինուժի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը… Արբեջանական ԶՈւ-ն նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ է սադրանքների դիմում… Վերադիրքավորման փորձերը՝ անընդունելի – ՀԱՊԿ-ում եւս ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածի իրավիճակը…

Թշնամուն պետք է համարժեք, նաեւ ավելի՛ն պատասխանել

Պաշտպանը ստացել է ահազանգեր Բաղանիս եւ Չինարի գյուղերի գնդակոծության մասին:

ՄԻՊ-ի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր մասնավորապես այն մասին, որ վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Համապատասխան հրապարակումներ են առկա նաեւ զանգվածային լրատվամիջոցներում:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ:

Ըստ Չինար գյուղին վերաբերող տեղեկությունների՝ վաղ առավոտյան տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաեւ քաղաքացիական բնակիչների տներ: Կրակոցների պատճառած վնասները գյուղի վարչակազմի իրավասու ներկայացուցչին եւ բնակիչներին հիմք է տվել եզրակացնելու, որ դրանք արվել են խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ դիպուկահարներից:  

«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջիկայում կամփոփվի սեպտեմբերի 2-ից սկսած ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքները: Դրանք արդեն իսկ վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի եւ առողջության համար վտանգավոր եղանակով:

Առաջիկայում կհրապարակվի արտահերթ զեկույց, որը կուղարկվի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ միայն ՀՀ զինված ուժերի արձագանքից հետո է Բաղանիսում իրավիճակը կայունացել:

Իսկ սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, Ադրբեջանի զինուժը ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաեւ մեծ՝ մինչեւ 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։

Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Այս մասին խոսել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կողմի կեսգիշերին, 40 րոպե տեւած գնդակոծության հետեւանքով ոտքի շրջանում թեթեւ վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 14-ին գնդակոծել էր Տավուշի մարզի Չինարի գյուղը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ի առավոտից լարվածություն է եղել հենակետերում, այնուհետեւ 20:30-ից մեկ ժամ տեւողությամբ կրակել են գյուղի ուղղությամբ: «Կրակում էին խոշոր տրամաչափի գնդացիրներից: Երկու տուն է թեթեւակի վնասվել, առանձնակի բան չկա: Սահմանին մինչեւ 00:30-01:00 շարունակել է լարված մնալ, որից հետո մինչ այս պահը իրավիճակը հանգիստ է»,- մանրամասնել էր Սամվել Սաղոյանը:

Արբեջանական ԶՈւ-ն նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ է սադրանքների դիմում: Որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել նաեւ: Ի պատասխան՝ Հայաստանի ԶՈւ-ն կրակ է բացել եւ հակառակորդին թույլ չի տվել կատարել իր խնդիրը:

Վերադիրքավորման փորձերը՝ անընդունելի

Ադրբեջանում չպարզված հանգամանքներում հայտնված Կարեն Ղազարյանի գործը ՀՀ ԱԳՆ օրակարգում է: Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները շարունակվում են: Օրերս այդ հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետը: Մենք շարունակում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացուն անվտանգ ու հնարավորինս շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Անդրադառնալով Նախիջեւանի հետ սահմանին առկա իրավիճակին՝ ԱԳՆ-ն հայտնում է նաեւ, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրադրությունը: «Մենք վերջին հավաստիացումները ստացել ենք ՊՆ-ի կողմից: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի վերադիրքավորումներին, ապա այդ հարցի առնչությամբ հանրային եւ այլ խողովակներով մենք հայտնել ենք, որ վերադիրքավորման փորձերը հայկական կողմի համար անընդունելի են, եւ դրանք ամեն կերպ կանխվելու են»:

ԱԳՆ-ն դիմել է Կասպրշիկի գրասենյակին՝ նախիջեւանյան հատվածում դիտարկում անցկացնելու առաջարկությամբ

«Արդեն մի քանի շաբաթ է՝ Ադրբեջանի տարածքում չպարզված հանգամանքներում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չկա: Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով պատերազմի ժամանակ Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնեւի կոնվենցիայի 106-րդ հոդվածը, մինչ այսօր չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան»,-հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը:

Նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ստեղծված վիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել մարդու իրավունքների պաշտպանը, հարցը ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում է, աշխատանքները շարունակվում են:

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի նախիջեւանյան հատվածում ադրբեջանական կողմի ակտիվացմանը, ասել, որ հայկական կողմը կարեւորում է ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից այդ հատվածում դիտարկման անցկացումը:

«Դա կարող է ծառայել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ»,- նշել է նախարարության խոսնակը:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ինչպես Արցախում, այնպես էլ Նախիջեւանում իրավիճակը վերահսկելի է.

ՀԱՊԿ-ում եւս ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածի իրավիճակը: Իրանցիները Նախիջեւանում ունեն իրենց շահերը, որոնք որոշ դեպքերում համընկնում են մեր շահերի հետ:

«Լուսանցք» թիվ 29 (507), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։