Ահազանգ.- Հայաստանն անապատանում է (1-ին մաս)… Առանց չափազանցության՝ սա ահազանգ է՝ ուղղված բոլորիս՝ շարքային քաղաքացուց մինչեւ վերին ու ամենավերին օղակներ – Սա ահազանգ է, որ հնչեցնում եմ ամենուրեք… (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Առանց չափազանցության՝ սա ահազանգ է՝ ուղղված բոլորիս՝ շարքային քաղաքացուց մինչեւ վերին ու ամենավերին օղակներ: Սա ահազանգ է, որ հնչեցնում եմ ամենուրեք: Այս մասին խոսում եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Հայաստանն անապատանում է: Ի՞նչ անել:

Երբ այս տարի ամռանը Հունաստանում հրդեհներ բռնկվեցին, փորձեցինք հասկանալ, թե ինչ վիճակում է Հայաստանը, հրդեհավտանգ ինչ տարածքներ ունենք,  արդյո՞ք պատրաստ ենք դիմակայել հրդեհներին եւն: Այդ ժամանակ իմ զրուցակից՝ Յոշիտագա Յականան, ով նաեւ Նորվեգիայում ու Շվեդիայում է աշխատել եւ մասնագիտացած է հրդեհների կանխարգելման գործում, բացատրեց, որ հրդեհը դիտարկում է իբրեւ հետեւանք, ոչ թե պատճառ։ Եվ այն դիտարկում է հենց անապատացման դեմ պայքարի համապատկերում, իսկ անապատացումն էլ համարում է ոչ թե մեկ, այլ մի քանի ոլորտների խնդիր։

Վերջերս էլի զրուցեցինք, հարցրեցի՝ Հայաստանում կա՞ անապատացման վտանգ:

Պատասխանը հստակ էր. «Աշխարհի 119 երկիր, այդ թվում եւ ձերը, անապատացման խնդրին առնչվում է»:

Բայց նա հետաքրքիր մի բան պարզաբանեց. եթե շատ երկրներ գլխավորապես օբյեկտիվ պատճառներով են անապատացման վտանգին դեմ առ դեմ կանգնած, Հայաստանի պարագայում հիմնական պատճառները սուբյեկտիվ են: Օբյեկտիվը, ըստ նրա բացատրության, բնական պատճառներն են՝ ջրի պակաս, կլիմայական առումով ոչ բարենպաստ դիրք…  

Այո, բայց չէ՞ որ Հայաստանն էլ չորային գոտում է, մեր անապատացման վտանգի սուբյեկտիվ  պատճա՞ռը որն է: Զրուցակիցս նկատում է՝ անտառահատումները, գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ արդյունավետ գործածումը, տարբեր մարդկային գործոններ: «Եվ ձեր երկրի անապատացման  մարդածին պատճառներն այնքան շատ են, որ բնականին հերթն էլ չի հասնում: Դուք ունեք ջուր, սա կարեւոր է: Շատ կարեւոր: Բայց դուք այդ ջուրը այնքան անարդյունավետ եք օգտագործում, որ դա հավասար է ջուր չունենալուն»,- նշում է Յոշիտագա Յականան:

Նրա հետ համամիտ լինելով՝ բարձրաձայն հակառակն ասացի. «Բայց չէ՞ որ դուք մեր երկրում ուսումնասիրություններ չեք արել»: «Սիրելիս,-ժպտաց,-մասնագետի աչքը միշտ սուր է, եթե նույնիսկ նա տուրիստ է տվյալ երկրում»:

Հետո, հավանաբար անհանգստությունս նկատելով, միանգամից վրա բերեց. «Անապատացման փաստն արձանագրելով վախենալ պետք չէ, դրա դեմ պայքարի ձեւեր կան, այն էլ՝ հաջողված»:

Մեր զրույցից հետո փորձեցի նրա խոսքերը հերքող փաստարկներ գտնել:

Չկարողացա: Հայաստանում իսկապես կա անապատացման վտանգ: Վիճակագրության համաձայն՝ Հայաստանի տարածքի մոտ 81.9 տոկոսը (առանց Սեւանա լճի ավազանի) ենթարկվել է  տարբեր աստիճանի անապատացման։

Հայկական անապատացման 14 պատճառներ են մեջբերում մասնագետները. խոնավացման գործակցի նվազեցման միտումը, օդի եւ հողի ջերմաստիճանային օրական տատանումների մեծացումը, բացարձակ ջերմաստիճանների լայնույթը եւ մեծացումը, գոլորշիացման մեծացումը, տեղումների քանակի նվազեցումը, հողագոյացման պրոցեսի բնույթի փոփոխությունը, կենսաբազմազանության նվազումը, գետային հոսքի նվազեցումը, հողերի վատթարացման պրոցեսի ակտիվացումը, հողերի ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական կազմի վատթարացումը, սելավաբերության եւ էրոզիայի աճը, ցանքատարածությունների արդյունավետության իջեցումը եւ հումուսի նվազեցումը, մարդածին ներգործության ակտիվացումը եւ հողերի չեզոք դեգրադացիան (ձեւախեղումը):

Կա խնդիր, կա՞ լուծում:

Համենայնդեպս, անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիր եւ պայքարի ռազմավարություն ունենք: Կան նաեւ միջոցառումները: Ինչքանո՞վ են դրանք արդյունավետ իրականացվում, կտեսնենք, երբ գա ռազմավարության ժամանակային ավարտը՝  2020թ.:

Ինչեւէ, լուծումները տեսնելու համար նախ հարկ է հստակ պատկերացնել՝ անապատացման վտանգը ինչքան է մոտ, ինչ ծավալով, ինչու՞ այն կա եւ ի՞նչ անել:

Անապատացման պատճառ մարդկային գործոնները, որ կան, դրանում ոչ մի խոսք:

Բայց բնական գործոններն էլ անտեսել չենք կարող, օրինակ երաշտը:

Արարատյան գոգավորության ցածրադիր եւ նախալեռնային գոտիներում ինչ է կատարվում, տեսնում ենք: Սողանքն ինչ է անում մեր երկրի 4.1 տոկոսի հետ, դա էլ գիտենք:

Սրան հավելենք սելավները, ջրածածկումները, աղակալումները: Միջազգային փորձում գործածում են նաեւ «ջերմային դեպրեսիա» ասվածը, որ նույնպես նպաստում է անապատացմանը: Տարբեր հաշվարկներով՝ Հայաստանը տարեկան 13-17 անգամ ջերմային դեպրեսիայի է ենթարկվում:

Մոտավոր հաշվարկները ցույց են տվել (անապատացման դեմ պայքարի մեր համապատասխան փաստաթղթերում կան այս տվյալները), որ Հայաստանի տարածքի 24 տոկոսից ավելին գտնվում է անապատացման ռիսկի գոտում, մոտ 50 տոկոսը անապատանում է:

Եթե թվերի լեզվով չխոսենք, ապա, ըստ մասնագետների, մենք դեռ կարող ենք իրավիճակը շտկել՝ անապատացումից զերծ տարածքները պահպանելով, անապատացման ենթակա տարածքները անապատացման չտանելով:

Ու բնությունը շահագործող եսասերներս՝ շարքային քաղաքացուց մինչեւ պետական այր, պարտավոր ենք դա անել եթե ոչ հանուն մեր երկրի, ապա գոնե հանուն մեզ, որովհետեւ եթե մարդ-բնություն կոնֆլիկտը չի հանգուցալուծվում, վնասները միշտ մարդն է կրում: Իսկ որ Հայաստանում  կա այդ կոնֆլիկտը, միանշանակ է: Եսասերներիս գոնե այսպես հասանելի կլինի, որ եթե անապատացման դեմը չառանք, գյուղատնտեսություն չենք զարգացնելու, տնտեսություն չենք զարգացնելու, դա էլ բերելու է սոցիալական եւ, ըստ այդմ, քաղաքական լարվածության:

Իմ ճապոնացի զրուցակիցը մեր մի զրույցի ժամանակ մեր երկրի մասին ասել էր. «Որտեղ նույնիսկ քարն է ծաղկում»: Երբ իմացավ անապատացման պատճառների ու լուծման ուղիների մասին հրապարակում եմ պատրաստում, հավելեց. «Ինչպես անապատացնել մի երկիր, որն Աստվածաշնչյան Արեւելքն է»:

Իսկ թե ինչպես չանապատացնել մեր երկիրը, փորձենք ներկայացնել:

Անապատացման դեմ պայքարի միջազգային փորձը երբ ուսումնասիրում էի, նկատեցի, որ պայքարի ծրագիր մշակելուց առաջ նախ ուսումնասիրում են բնօգտագործման վիճակը:

Որովհետեւ անապատացումն ու բնօգտագործումը ուղիղ գծով փոխկապակցված են միմյանց: Բայց շատ երկրների փորձ է ցույց տալիս, որ անպայման չէ, որ տնտեսության զարգացումն անպայման ուղեկցվի անապատացմանը նպաստող գործոններով: Այլ կերպ՝  տնտեսության զարգացումը բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա, վատթարացնում բնապահպանական վիճակը եւ վերջնական արդյունքում արագացնում անապատացման ընթացքը, եթե այդ զարգացումը բնապահպանության տեսանկյունից ոչ հավասարակշռված է (նկատեմ, որ ես այնքան եմ այս թեմաներով խոսել, որ իմ տարբեր հոդվածներում կրկնությունները չեն բացառվում,-Ա.Մ.):

Հետեւաբար, ինչպես բացատրում են մասնագետները, անապատացման գործընթացների եւ տնտեսության վիճակի փոխհարաբերությունները երկկողմանի են, փոխշաղկապված եւ շատ հաճախ վերջինիս ազդեցությունն է ավելի գերակշռող:

Արդեն ասել ենք, որ մեր երկրում  անապատացման հետ առավել սերտ առնչվող տնտեսության ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է, որի դեպքում շրջակա միջավայրին առնչվող խնդիրներն են ոռոգման անարդյունավետության հետեւանքով առաջացող ջրի կորուստները, հողի աղակալումը, քայքայումը, գյուղատնտեսական թափոններով աղտոտումը: Վերջիններս հանգեցնում են բնական, կենսական  համակարգերի ձեւախեղման, կենսաբազմազանության փոփոխության եւ կորուստի: Սա էլ, ի վերջո, արտահայտվում է էկոհամակարգային ծառայությունների քանակական եւ որակական խորը փոփոխություններով:

Անապատացման հետ սերտորեն առնչվում է նաեւ անտառտնտեսության բնագավառը: Որի դեպքում, ըստ բնապահպանության նախարարության, սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների եւ փայտանյութի բարձր պահանջարկի հետեւանքով «անտառհատումները դեռեւս գերազանցում են անտառի բնական վերականգնման ծավալները»:

Դրան նպաստում են փայտանյութի համեմատաբար մատչելիությունը, էներգակիրների գների բարձրացումը, բնակչության սոցիալապես անապահով խավերի ցածր վճարունակությունը: Փայտանյութը շարունակում է մնալ անտառամերձ տարածքների բնակչության վառելիքի հիմնական աղբյուրը:

Իբրեւ անապատացման մեկ այլ պատճառ բնապահպանության նախարարությունը մեջբերում է ընդերքից օգտակար հանածոների արդյունահանումը, որի դեպքում հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով եւ թափոնների պոչամբարներով: Ի դեպ, ըստ ՀՀ հողային հաշվեկշռի՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերը 2009 թ. կազմել են  29.36 հազ. հա, 2011 թ.-ին‘ 33.0 հազ.հա, 2012թ.-ին՝ 33.6 հազ.հա, 2013 թ.-ին՝  34.9 հազ.հա, 2014 թ.-ին՝ 36.4 հազ.հա: Այսինքն՝ օգտագործվող հողատարածքների մակերեսն աստիճանաբար մեծանում է, հատկապես՝ ընդերքօգտագործման հողերի հաշվին: Առավել մտահոգիչ է բաց եղանակով հանքերի շահագործումը, որի արդյունքում շրջանառությունից հանվել են ավելի քան 7 հազ. հա գյուղատնտեսական նշանակության հողեր:

Անապատացման մյուս պատճառը հիդրոէներգետիկան է:

Նկատենք, որ երբ գործադիր իշխանությունը հաստատել էր առաջիկա 5 տարիների անապատացման դեմ պայքարի ծրագիրը, ուշադրություն է հրավիրում այս ոլորտի վրա՝ շեշտելով, որ «փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծման եւ շահագործման ընթացքում հիմնականում հաշվի չեն առնվում ջրային ֆաունայի կարիքները, իսկ լեռնային գետերի ջրային ռեժիմի փոփոխության ազդեցությունը ափամերձ եւ ջրային էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վրա ոչ միայն չի գնահատվել, այլեւ չի ուսումնասիրվել: 2014 թ. Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մոնիթորինգը բացահայտել է, որ ձվադրավայր հանդիսացող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը, որոնք հիմնականում չունեն նորմերին համապատասխանող ձկնանցարաններ եւ ձկնապաշտպան կառույցներ, ուղղակիորեն վտանգում են ձկնատեսակների սեռահասուն առանձնյակների գոյությունը, որոնք ձվադրավայրեր հասնելու համար գետերով բարձրանում են դեպի վեր: Բացի այդ, որոշ փոքր ՀԷԿ-եր չեն պահպանում ջրի թույլատրելի էկոլոգիական թողքերի սահմանված չափաքանակները, ինչը նույնպես բերում է գետերի Էկոհամակարգերի դեգրադացման»:

Մինչդեռ մենք պետք է հստակ հասկանանք շատ պարզագույն մի ճշմարտություն. այսօրվա քիչ տնտեսական ծախսը (ասենք՝ նորմերին չհամապատասխանող ձկնանցարաններ դնելը) վաղը շատ ավելին է արժենալու: Անապատացումը բնակչության սոցիալակն վիճակի վրա ուղղակի եւ անուղղակի ազդեցություն է ունենում: Խոսքը նախ բնակչությանը պատճառված նյութական վնասների մասին է, որոնք առաջացնում են լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն՝ ուղղված դրանց հետեւանքների վերացմանը:

Օրինակ, ձկները պակասեցին՝ մարդը զրկվում է սնման մի աղբյուրից:

Կամ՝ հողի բերրիությունը նվազեց, մարդը պակաս բերք է ստանում եւ լրացուցիչ ծախս է անում՝ այդ բերրիությունն ավելացնելու:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։