Դիտորդների դիտարկումների հետքերով – Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է ընտրական գործընթացների թափանցիկությունը… Հանձնաժողովի որակի աճ գրեթե չի նկատվել նախորդ ընտրությունների հետ համեմատած, պարզապես նրանք գործել են ավելի ազատ ու անկաշկանդ պայմաններում, բայց նրանց աշխատանքի որակը չի տարբերվել  նախորդներից…

Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է ընտրական գործընթացների թափանցիկությունը:

ԿԸՀ-ում հավատարմագրվել է 8 տեղական ՀԿ-ների 662 դիտորդ: Քվեարկության օրն ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել էր 44 տեղական զանգվածային լրատվության միջոցի 620 ներկայացուցիչ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հայտարարություն է տարածել ընտրությունների եւ դրան նախորդող օրը  ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին։  Հայտարարությունում ասված է. «Սեպտեմբերի 23-ին՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ 8/05 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ էն կողմ տար»։ Լրագրողը ԽԱՊԿ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացի այդ, օպերատորի ուսից քաշել եւ նկարահանմանը խանգարել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արթուր Մանուկյանին ուղեկցող անձանցից մեկը։ Հույս ենք հայտնում եւ պահանջում, որպեսզի իրավապահ մարմինները մանրակրկիտ հետաքննեն կատարվածը եւ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։  

Թերեւս, այս միջադեպը միակն է Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում, երբ խախտվել են լրատվամիջոցի աշխատակիցների իրավունքները։ Սա չափազանց կարեւոր փաստ է, եթե հաշվի առնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ կայացած ավագանու ընտրությունների օրը գրանցվել էր ֆիզիկական բռնության 2 եւ մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների 5 միջադեպ»։

ԽԱՊԿ-ն իր մտահոգությունն է հայտնում նաեւ լռության օրը՝ սեպտեմբերի 22-ին,  Մեդիա կենտրոնում տեղի ունեցածի վերաբերյալ, երբ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում էր իր մոնիտորինգի նախնական արդյունքները, իսկ ԲՀԿ ներկայացուցիչները փորձեցին խոչընդոտել այդ գործընթացը։

«Մի կողմից դիտորդական առաքելություն իրականացնողները, հրապարակելով իրենց տվյալներն ընտրությունների նախօրեին, մեր գնահատմամբ, խախտեցին լռության օրվա պահանջը, քանի որ դա կարող էր ազդել ընտրողների կողմնորոշման վրա, մյուս կողմից՝ անընդունելի էր ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ու նրա համակիրների ագրեսիվ պահվածքը, երբ նրանք սրահից վրա հասան եւ լեզվակռվի մեջ մտան բանախոսների հետ։ Կարծում ենք՝ այս միջադեպը նույնպես կարժանանա իրավասու մարմինների ուշադրությանը»։

Այդուհանդերձ, ԽԱՊԿ-ն արձանագրում է, որ ընդհանուր առմամբ այս ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից նաեւ լրագրողների ու լրատվամիջոցների համար աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ անկաշկանդ գործելու առումով։ ԽԱՊԿ-ը կարեւորում է այս նախադեպի տարածումը հետագա ընտրություններում։

«Անկախ դիտորդներ» հասարակական դաշինքը, որը Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երեւան քաղաքի 95 ընտրական տեղամասերում եւ բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում, Երեւանի ավաագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ եզրակացություններ է ներկայացրել։

«Անկախ դիտորդ»-ն ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաեւ առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման եւ լուծման նպատակով գործել են 17 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ ներգրավված է եղել շուրջ 230 դիտորդ: «Դիտարկված տեղամասերում ձեռք բերված տեղեկությունների համաձայն արձանագրվել է հետեւյալ իրավիճակը: Քվեարկության ընթացքում տեղամասերի ներսում Ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու կամ ծրարի մեջ դնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 24%ում։ 2017թ. այդպիսի դեպքեր եղել են 77%-ում:

Քվեարկության խցիկ մի քանի անձի միաժամանակ մուտքի դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 10%ում։ Նույն խախտումը նախորդ տարի արձանագրվել է դիտարկված տեղամասերի 52%-ում: Ընտրողների կողմից քվեարկելուց հետո քվեարկության մասին որեւէ մեկին տեղեկացնելու կամ ուղղակի բարձրաձայնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 32%-ում։ Դրանց մեծ մասը եղել են հեղափոխական կամ «Իմ քայլը» դաշինքի հետ կապված արտահայտություններ, օրինակ՝ «Քայլ արա, մերժիր Սերժին», «Նիկոլ, առաջ» եւ այլն, մի մասը՝ ԲՀԿ օգտին եւ մեկը՝ ՕԵԿ օգտին։ Նախորդ տարի նման դեպքեր գրանցվել էին տեղամասերի 37%-ում: Ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու եւ այդ տեղեկատվությունը դուրս բերելու դեպքեր գրանցվել են դիտարկված 6 տեղամասում, որոնցից 6/52-ում արձանագրվել է 4 անգամ։

Տեղամասերից մեկում ցանկերին ծանոթացել է «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, եւս 3-ում Ծառուկյան դաշինքից ներկայացված հանձնաժողովի անդամները։ Մեկ դեպքում ծանոթացել է ընտրողը՝ փնտրելով ընտանիքի անդամներին։ Նախորդ տարի այդպիսի դեպքեր գրանցվել են տեղամասերի 35%-ում:

Քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք եղել են դիտարկված տեղամասերի 29%-ում, որոնցից 8-ում եղել են դիտորդի համար անհայտ անձինք, 8 լրացուցիչ վստահված անձ եւ 7 ոստիկան, որոնք չեն եղել ընտրող եւ չեն հրավիրվել քվեասենյակ հանձնաժողովի նախագահի կողմից, 3 ավագանու թեկնածու։ Նախորդ տարի այլ անձանց ներկայություն արձանագրվել է դիտարկված տեղամասերի 28%-ում, իսկ հետագա ուսումնասիրությունից պարզվել է, որ քվեասենյակներում ներկա են եղել ԿԸՀ կողմից չհավատարմագրված դիտորդներ: Արդյունքում 2017թ. քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող անձինք նկատվել են դիտարկված տեղամասերի 37%ում։

Տեղամասում վկայականը տեսանելի չկրող անձինք նկատվել են դիտարկված տեղամասերի 23%-ում, եւ դա վերաբերել է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին։ 2017թ. նման դեպքեր տեղի են ունեցել դիտարկված տեղամասերի 41 %-ում:

Դիտորդների իրավունքների խախտումներ գրանցվել են դիտարկված տեղամասերի 12%-ում, որը բացարձակ թվով հավասար է նախորդ տարվա ցուցանիշին, սակայն ակնհայտ է խախտումների վտանգավորության նվազումը։

Մասնավորապես՝ սպառնալիքներ դիտորդների նկատմամբ գրանցվել են երկու տեղամասում, որոնցից մեկը՝ նախկին ՀՀԿ աջակից, ներկայումս ԲՀԿ վստահված անձ ներկայացող անձի կողմից, մյուսը 3/19 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, որը դիտորդի արտաքին տեսքի պատճառով տեղամասում ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ վերջինս ստիպված է եղել լքել տեղամասը։

Նախորդ տարի քվեարկության օրվա ընթացքում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդների նկատմամբ սպառնալիքներ են եղել 5 տեղամասերում, իսկ 2 տեղամասում դիտորդների նկատմամբ կիրառվել էր բռնություն: Ընդհանուր առմամբ վիճաբանություններ գրանցվել են դիտարկված տեղամասերի 24%-ում, որոնց ոստիկանությունը հիմնականում չի միջամտել։ Նախորդ տարի վիճաբանություններ գրանցվել էին դիտարկված տեղամասերի 37%-ում։

Տեղամասային կենտրոնից դուրս վիճաբանություն գրանցվել է դիտարկված տեղամասերի 5%ում՝ նախորդ 22%-ի համեմատ։ Ինչպես նախորդ տարի, էլեկտրոնային գրանցման սարքի հետ կապված խնդիրներ գրանցվել են դիտարկված գրեթե բոլոր տեղամասերում»,- նշված է եզրակացության մեջ։

«Մի 10-15 դեպք ենք արձանագրել, բայց այնպիսի դեպքեր են, որ կոպիտ խախտում համարել չի կարելի։ Ընդհանուր առմամբ, շատ հանդարտ է, կուտակումներ չեն նկատել մեր դիտորդները, իսկ ես նրանց վստահում եմ»,- «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հելսինկյան կոմիտե» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Ավետիք Իշխանյանը։

«Կարող եմ ասել, անկախ այն բանից, թե ընտրությունների արդյունքում որ ուժը կհաղթի, մեր նորագույն պատմության մեջ այս ընտրությունները էապես տարբերվում են նախորդներից»,- ասել է նա։ Որպես կանոն ընտրությունների կեղծիքներն արել է կամ իշխանությունը, կամ իշխանության թողտվությամբ որեւէ քաղաքական ուժ։

«Այսօր չենք տեսնում, որ կեղծիքներ անելու հրահանգը կա։ Ես կարծում եմ, ճիշտն այն է, որ հրահանգ չտրվի ու չկազմակերպվի այնպիսի ընտրություն, որ իր ակնկալած արդյունքը իշխանությունը ստանա։

Բայց ես ասեմ, սա  հեղափոխության ալիքի վրա եղած ընտրություններ են, հասարակական մեծ աջակցությամբ, բայց իրականում ժողովրդավարության անշրջելիության մասին կարող ենք խոսել, երբ մի քանի նման ընտրություն անցկացվի»,-ասել է «Հելսինկյան կոմիտե» դիտորդական առաքելության ներկայացուցիչը։

«Նախորդ ընտրությունների համեմատ երեկ ընդհանրապես քաղաքը շատ հանգիստ էր, հանգիստ էին մթնոլորտը, տրամադրությունը։ Ոչ տեղամասի ներսում, ոչ տեղամասի դիմաց չկար թաղային խուժանը, որը շատ ժամանակ հոգեբանական ճնշում է գործադրում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ականատես» դիտորդական խմբի անդամ Սոնա Այվազյանը՝ ամփոփելով իրենց առաքելության արդյունքները։

Նրա խոսքով, խախտումները  հիմնականում եղել են տեխնիկական, որոնք չեն կարող ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալ, դրանք վերաբերել են կահավորմանը, ընտրողին օգնելուն, գրանցմանն ու այլ նման հարցերի։

Ըստ նրա, մոտ 232 ընտրողների անուններ չեն եղել ցուցակներում, մոտ 40 խախտում է արձանագրվել ընտրողներին օգնելու, 35 դեպք՝ քվեարկության գաղտնիության խախտման։

«Հանձնաժողովի անդամները կամ դժկամությամբ են արձանագրել, կամ չեն արձանագրել խախտումները։

Հանձնաժողովի որակի աճ գրեթե չի նկատվել նախորդ ընտրությունների հետ համեմատած, պարզապես նրանք գործել են ավելի ազատ ու անկաշկանդ պայմաններում, բայց նրանց աշխատանքի որակը չի տարբերվել  նախորդներից»,- ասել է նա։

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 30 (508), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։