Ինչու են խեղաթյուրվում ԱԱԾ տնօրենի խոսքերը – Լրատվամիջոցներից մեկը, ով չգիտես ինչու մեր երկրում ատում է բոլորին ու ամեն ինչ՝ իր տիրոջից բացի, խոսել էր Արթուր Վանեցյանի փոխարեն… Գարեգին Նժդեհը, ինչպես նախկինում, կասեր՝ «Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին»…

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Տարոն Մարգարյանը հարցաքննվել է «Երեւան» հիմնադրամի քրգործով՝ վկայի կարգավիճակով: Լրատվամիջոցները փոխանցել էին ԱԱԾ տնօրենի ասածը: Լրատվամիջոցներից մեկը, ով չգիտես ինչու մեր երկրում ատում է բոլորին ու ամեն ինչ՝ իր տիրոջից բացի, խոսել էր Արթուր Վանեցյանի փոխարեն ու ստացվել էր, որ Տարոն Մարգարյանը գումարներ է յուրացրել եւ նրանից առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ:

Օրինակով խոսեմ: ԱԱԾ տնօրենը ասում է, որ ԱԱԾ-ն հիմնադրամում մոտ 1 մլրդ 820 մլն դրամի գումարի վատնման դեպք է բացահայտել:

Հիմա տեսնենք, թե մամուլի այդ մեկ միջոցը ինչպես է փոխանցում ԱԱԾ տնօրենի խոսքը: Բառացի այսպես. թե՝  իրավապահներն առգրավելու են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երեւան» հիմնադրամից:

Փաստորեն՝ ԱԱԾ տնօրենն ասում է՝ հիմնադրամում է վատնման դեպք բացահայտվել, մամուլի միջոցը գրում է՝ յուրացրել է քաղաքապետը:

Մեղմ ասած՝ փաստերի խեղաթյուրում, ինչի իրավունքը մամուլը չունի:

Հաջորդ օրինակը. ԱԱԾ տնօրենը, շարունակելով խոսել հիմնադրամի գործից, ասում է՝ «մի մասը յուրացվել էր, մի մասը՝ հիմքերը սխալ էր»:  

Մամուլի միջոցը կրկին խոսում է ԱԱԾ տնօրենի փոխարեն՝ գրելով. «Մի մասը նրա կողմից յուրացվել էր, մյուս մասի հիմքերն էլ սխալ էր նշվել»:

Փաստորեն՝ ԱԱԾ տնօրենը ասում է՝ յուրացվել է, այսինքն՝ գործում կա յուրացման դրվագ, բայց չի ասում՝ Տարոն Մարգարյանն է յուրացրել:

Ստացվում է՝ այստեղ երկու փաստ է կեղծվում: Կեղծվում է մտածված: Այլապես մամուլի միջոցը ձեւ կմտածեր՝ իրավիճակը շտկելու՝ ասելով, որ լրագրողն անփորձ է եւ իբր անփորձությունից ելնելով է սխալ խմբագրումներ արել, կամ այլ պատճառ կբերեր:

Չնայած սա էլ արդարացում լինել չէր կարող: Ասենք՝ լրագրողն անփորձ էր, բա խմբագի՞րը: Չէ՞ր կանչի ու ասեր, սիրելի լրագրող, բա որ յուրացրել է, ինչպես է Արթուր Վանեցյանն ասում, թե հարցաքննվել է վկայի կարգավիճակով:

Նշանակում է՝ դա մտածված է արվել՝ Տարոն Մարգարյանի վարկանիշին խփելու համար: Շարքային քաղաքացին, որ այսօր զլանում է մի քիչ երկար նյութ կարդալ եւ վերլուծել ու ձգտում է ամեն ինչ իմանալ մեկ՝ ոչինչ չասող տողով, այսքանը չէր մտածի: Նա կարդում է՝ յուրացվել է նրա կողմից, գումարն առգրավելու են: Դա է մեխվում նրա ուղեղում եւ ուրիշ ոչինչ: Այ սա էլ արել է մամուլի այդ միջոցը: Սեւ քարոզչության ընդունված ձեւ կա աշխարհում, ինչն էլ կիրառում է մամուլի այդ միջոցը:

Մտածող ընթերցողը կարող է ասել՝ դե թող Տարոն Մարգարյանը դատի տա մամուլի այդ միջոցին: Ոիչնչ ասել չեմ կարող: Դա նրա որոշելիքն է: Բայց արժե՞ զուր ժամանակ վատնել ու նյարդեր փչացնել: Որովհետեւ եթե որեւէ մեկը հենց մամուլի այդ՝ տերովի միջոցին դատի տա, հանրությունը  նրան կսարքի ժողովրդի թշնամի, սեւ, հակահեղափոխական ու հայդե՜ աքսոր: Ի՞նչ կա որ: Դատելով ներքաղաքական դրսեւորումներից, հնարավոր է:

Ոչ ոք, առավել եւս մամուլի միջոցը իրավունք չունի անվանարկել մարդուն, եթե չկա դատարանի օրենքով ուժի մեջ մտած վճիռ: Մամուլի միջոցն առավել եւս պետք է բառերի հետ շատ զգույշ լինի, երբեմն դատարանի վճռի պարագայում նույնիսկ մտածում ես ճիշտ բառեր գտնել՝ չվիրավորելու, չպիտակավորելու համար: Եվ անպայման գրում ես՝ դատարանի վճռի համաձայն…

Ինչ պատկեր է ստացվում. իրենց այդքան երազած հեղափոխությունն իրենց իսկ վրա չի ազդել: Հիմա իրենք են ձիու վրա՝ ինչ ուզեն կանեն: Ոչինչ չի փոխվել:

Բայց ինչպես ասում են՝  բոլոր բարեխիղճ լրագրողների փոխարեն էլ ես վիրավորվում: Այդ կարգի լրագրողները, որոնք ոչ բառի արժեք գիտեն, ոչ դիմացինին հարգել, մխտռում են ամեն ինչ, փչացնում լրագրողի համբավը, ու ընթերցողը բոլորին դնում է միեւնույն հարթակին: Սկսում են հարգել ոչ թե մեր խոսքը, ձեռագիրը, այլ՝ զզվել մեզանից ու չհավատալ մեզ:

Դրա համար էլ մենք ոչ թե հանրությանն ենք կրթում, այլ՝ հանրությանը տալիս ենք այն, ինչ ինքն է ուզում՝ էժանագին տեսարաններ, սուտ, հայհոյանք, ամեն ինչ՝ լրջությունից ու գործից բացի:

Իբրեւ ամփոփում՝ Նժդեհը կխոսի. «Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին: Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ՝ առանց խայթուելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն եւ ահա՛ մեր «խայթող» թերթերի հրապարակախօոսութիւնը: Երբ պակասում են լուրջ ապացոյցներ, սրանք «մաքրասիրաբար» դիմում են իրենց այլանդակ փաստաբերութեան, լցնելով իրենց էջերը ոճական նման մարգարիտներով եւ «սրիկայ», «առաւ-փախաւ», «քառանկիւն գլուխ», «բարոյական ոչնչութիւն», «խայտառակութեան դրօշ», եւն.: Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզուելի է իրենց բազարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսական էթիկան: Սրանց համար չէ գրի եւ գրչի մաքրութիւնը: Չգիտեմ, այդ թերթերի խմբագիրները գիտե՞ն, թէ խօսքը եւ դա մարդուս բարոյական շունչն է, թէ ինչ որ մտքերն՝ այն էլ խօսքերը, եւ որ խօսքը մատնում է մեր ներքին մարդը»:

Եվս մեկ հավելում. մամուլի այդ միջոցը, իր նախկին ու ներկա տերերով հանդերձ, տառացիորեն զզվում է Նժդեհից…

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 30 (508), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։