«Ամբողջ ժողովրդի» ու «քամուց քշվածների» միջեւ – Հայկ Մարությանը 6 բնակարան ունի. մեկը՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում, մնացած 5-ը՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայի տարբեր թաղամասերում – Այստեղ ունի նաեւ առանձնատուն, 2 հողամաս… Մնում է հարցնել. լավ, իսկ ինչու՞ Երեւանի քաղաքապետ…

Երեւանի ավագանու  ընտրությունը կայացավ: Նիկոլ Փաշինյանը հաղթեց: Հասկանալի է, որ Հայկ Մարությանն այստեղ ընդհանրապես չկար: Նա նույնիսկ ի վիճակի չեղավ քարոզարշավը վարելու՝ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին թողնելով:

Ես համամիտ չեմ այն տեսակետին, թե ջահել անփորձ է, կսովորի: Անփորձ է, թող փորձ հավաքեր, նոր գար:

Ընդհանրապես սա պետություն է, փորձադաշտ չէ: Ինչու՞ է մեր կադրային քաղաքականությունը այսքան վատը: Գրեթե մի՛շտ: Գրեթե բոլո՛ր իշխանությունների օրոք: Պարզապես հիմա կադրայինի վատն այնքա՜ն շատ է… Ջահել-անփորձ աղջիկ է՝ կսովորի, ավիացիայից գլուխ կհանի, անփորձ է՝ Երեւանին կուրախացնի, անփորձ է՝ վերահսկողությունից գլուխ կհանի, ջահել-անփորձ է՝ կհասկանա Սփյուռքն ինչ է, ջահել է՝ կհասկանա էժանագին շոուի ու մշակույթի տարբերությունը… դե լավ էլի, սա պետություն է, մեկ պարկ կարտոֆիլ չէ, որ մեքենան ոնց ուզես քշես՝ պարկի գլորվելու մասին չմտածելով:

Ինչեւէ: Երեւանի ավագանու ընտրություն: Ընտրողների թիվը՝ 848.343: Քվեարկության մանակիցների թիվը կեսից էլ պակաս՝ 370.365: Այս թվի 294.109-ն է «Իմ քայլինը» կամ 81.05%-ը:  

Ինչ խոսք, երբ առանձին դիտարկում ես 81,05%-ը, հաղթական թիվ է: ՏԻՄ ընտրության համար 40%-ից վերեւն էլ վատ ցուցանիշ չէ: Բայց մեզ այնքան էր հրամցվել, որ բոլորը հեղափոխականներ են ու միայն սեւերն են հակահեղափոխական, որ թվում էր՝ 848 հազարից առնվազն 847 հազարը գնալու է ընտրության ու առնվազն 846 հազարն էլ ընտրելու է Նիկոլին (Նիկոլ Փաշինյանը այնքան խոսեց Հայկ Մարությանի փոխարեն, որ թվում է, թե Նիկոլն է դառնալու քաղաքապետ): Որովհետեւ ամեն օր այնքան է խոսվում ամբողջ ժողովրդի անունից, որ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը չհավանողը իրեն ժողովրդի թշնամու կագավիճակում է զգում: Եվ Երեւանի ավագանու ընտրությունը մի տեսակ քննություն էր «ամբողջ ժողովրդի» ու «քամուց քշվածների միջեւ»:

Քննության պատասխանը հստակ էր: «Ամբողջ ժողովրդի» թիվը 294.109 է:

Հ.Գ. – Հայկ Մարությանի կինը՝ Իվան, չեխ է:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը 6 բնակարան ունի. մեկը՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում, մնացած 5-ը՝ Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայի տարբեր թաղամասերում: Պրահայում Հայկ Մարությանն ունի նաեւ առանձնատուն, 2 հողամաս…

Մնում է հարցնել. լավ, իսկ ինչու՞ Երեւանի քաղաքապետ:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 30 (508), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։