Երեւանի 12-րդ քաղաքապետը – Ի՞նչ է սպասվում Հայաստանի մայրաքաղաքին… Քաղաքական ու տնտեսական գործիչների հեռացումը՝ որպես սորոսական ձեռագիր… Նիիկոլ Փաշինյանը Երեւանում ընդամենը 294,109 հետեւորդ ունի: Մարզերում՝ ավելի պակաս: 400-500 հազար հետեւորդով վարչապետն ինչու՞ է խոսում ժողովրդի, երբեմն էլ ազգի անունից… Սորոսական երկրների մայրաքաղաքները պետք է քաղաքականությունից հեռու եւ տնտեսական գիտելիքներից զուրկ ղեկավարներ ունենան – Երեւանը միացավ Թբիլիսիին եւ Կիեւին…

Վաղուց է նշվել, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խաղաղ ցույցը, որը կրում էր սիրո եւ համերաշխության պիտակ, ճիշտ պատճենն է այն միջազգային օրինակելի խաղաղ ցույցերի, որի հիմքի վրա կայացել են (կամ կայանալու փորձեր են արվել) նաեւ վերջին տարիների գունավոր կամ ծաղկավոր հեղափոխությունները նախկին ԽՍՀՄ-ական տարածքների երկրներում… Այդպիսի փորձեր եղան գրեթե բոլոր նախկին 15 հանրապետություններում, սակայն ոչ բոլորում գրանցեցին հաջողություն:

Վրաստանը ամենահաջողված եւ իրենց համար օրինակելի փորձն էր, որը հաջողվեց նաեւ Ուկրաինայում իրականացնել, սակայն նոր զարգացումներով…

Առաջին հայացքից հետաքրքիր է, որ Ուկրաինայում սորոսական նախագահ Պյոտր Պորոշչենկոյին ընդդեմ հանդես է գալիս Վրաստանի նախկին սորոսական նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Բայց, կարծում ենք, սա ոչ միայն փոխարինող տարբերակ է գործածվում, այլեւ Վրաստանի նախկին նախագահի գործունեությունը մշտապես վերահսկողական ահազանգ է այդ երկրի իշխանությունների համար՝ նրա հնարավոր վերադարձի առումով: Իսկ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է իր երկրում, ում դեմ մեղադրանք է առաջադրված… Սակայն նրան չեն հանձնում…

Այն հեղափոխությունը, որը կատարվեց Հայաստանում, նույնպես ունի իր նախկին տարբերակները, որոնք ընթացել են նույն ոճով, որտեղ կիրառվել են ուսապարկը, մորուք պահելը, գլխավերեւում կատարվող համաչափ ծափերի ձեւը, փշալարերի վրայով անցումներն ու վիրակապեր ունենալը եւ այլն (այս մասին մանրամասն գրել է նաեւ «Լուսանցք»-ը):  

Հետաքրքիր է, որ Վրաստանում եւ Ուկրաինայում թավշյա հեղափոխությունները սկսեցին ազգայնական գաղափարաբանությամբ եւ նպատակների արծարծմամբ, իսկ Հայաստանում ժողովրդավարական արժեքների թմբկահարմամբ:

Սակայն բացատրություն կա սրան: Եթե Վրասնաում շարժումը ղեկավարում էր Վրաստանի ազգայնական կուսակցությունը՝ Միխեիլ Սաակաշվիլու գլխավորությոմբ, իսկ Ուկրաինայում Մայդանի գլխավոր մասնակիցներից էին Արեւմտյան Ուկրաինայի ազատագրական խմբավորումների ազգայնական ուղղվածությամբ ներկայացուցիչները, ապա Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կողքին չկար որեւէ ազգայնական ուժ (որը ճանաչված է նաեւ միջազգային ասպարեզում), որը թույլ կտար վերոնշյալ ուղղությամբ գալ իշխանության: Իսկ Նիկոլ Փաշինյանը չէր կարող խաղալ ազգայնական առաջնորդի դերը, քանի որ ոչ ոք չէր հավատա նրան այդ կարգավիճակում:

Եվ Հայաստանում սորոսական հեղափոխություն-միջոցառումը շարունակվեց ժողովրդական ալիքի առաջացման միջոցով, ինչը դժվար չէր, քանի որ իշխող վարչակարգի նկատմամբ անվստահությունն ու ատելությունը ահավոր չափերի էին հասել… Ցանկացած մեկը կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի տեղում: Բայց նա առաջինը կռահեց ու անցավ գործի՝ անգամ չունենալով վերջնական ծրագիր: Նա պայքարում էր ընդդիմության առաջատարը լինելու համար, բայց հասկացավ, որ ժողովրդական ալիքը կարող է իրեն ԱԺ նախագահ դարձնել, հետո էլ՝ վարչապետ լինելը դարձավ քաջնազարական ճակատագիր…

Եվ մեր երկրի նոր կառավարությունն անցավ սորոսական ու ֆլետչերական եւ նմանատիպ կադրերի ներմուծմանը, մանկապատանեական դեմքերի վրա թրաշ պահող ազդեցիկ կերպարների ստեղծմանը, աղանդավորական ու ԼԳԲՏ-ական համայնքների ներկայացուցիչների հետ այդ կադրերի ամրակցմանը…

Այսօր Նիկոլ Փաշինյանը դեռ  Պյոտր Պորոշչենկո կամ Միխեիլ Սաակաշվիլի չէ, սակայն վերջինս արդեն հայտարարել է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը անցել է իր հեղափոխական ճանապարհով՝ չկրկնելով իր սխալները:

Բայց հայտնի է, որ վրացի հեղափոխականը տապալվել է իր երկրում, իսկ նրա հեղափոխական արժեքները այլեւս փոփոխված են: Ինչն էլ սպասվում է Նիկոլ Փաշինյանին: Իսկ այսօր նա հեղափոխության օրենքներ մտցնելով՝ մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտում, գիտա-կրթական պարզունակացումներ՝ սերնդի զարգացման ու դաստիարակության ոլորտներում, ապազգային մշակութային միջոցառումներ՝ ժամանակակից արվեստի ասպարեզում՝ կհասցնի մինչեւ ազգային արժեհամակարգի անտեսմանը…

Բայց Հայաստանի վարչապետը արդեն հետ չի մնում Վրաստանի նախկին եւ Ուկրաինայի ներկայիս ղեկավարների քաղաքական պատկերացումներից: Նրա համար եւս՝

  1. Ազգը անգոյ երեւույթ է: Չկա ազգային մարդ:

Կա քաղաքացիական հասարակարգ եւ ՀՀ քաղաքացի:

  1. Հայաստանը՝ հայրենիք հասկացողությունից զրկված է: Հայրենիքը մեր կորուսյալ տարածքներն են:

Կա Հայաստանը պետություն է ձեւակերպումը, այն էլ հանրապետություն՝ հանրային (ՀՀ քաղաքացիների) պետություն:

  1. Պետության քաղաքականությունը ազգային չէ: Ավելին՝ պետության քաղաքականությունը վարչապետական անձնավորված տարածք է:

Ըստ այս տրամաբանության,  սորոսական երկրների մայրաքաղաքները պետք է քաղաքականությունից հեռու եւ տնտեսական գիտելիքներից զուրկ ղեկավարներ ունենան, որոնք արդեն սովոր են դրամաշնորհային քաղաքականության կիրառմանը եւ դրամաշնորհ կոչվող միջազգային կաշառատվության պայմաններում աշխատելուն: Որպես ընդունելի պայման, մայրաքաղաքների ղեկավարների ընտրությունը կանգնել է մարզաշխարհի եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչների վրա, հատկապես նրանք, որոնք սահմանափակ մտահորիզոն ունեն նշած առումներով:

Թբիլիսիի եւ Կիեւի դեպքում դրանք հայտնի մարզիկներ են՝ նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեն եւ նախկին բռնցքամարտիկ՝ Վիտալի Կլիչկոն: Երեւանի դեպքում՝ ավելի տխուր ավարտ եղավ՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի 12-րդ քաղաքապետը շարքային դերասան Հայկ Մարությանն է:

* * *

Մինչեւ ընտրության օրը «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ինքը 11 այլ թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճ չի ունենալու… Ինչը կարող էր չասել նաեւ, քանզի պարզ էր, որ Երեւանի ոչ մի լուրջ խնդրի շուրջ նա չէր էլ կարող բանավիճել:

«Ամեն քաղաքական ուժ քարոզարշավն իր ոճով է անցկացնում։ Ես պատրաստ եմ բանավեճի, մենք 12 մրցակից ենք, ուստի ես ունեմ 11 ընդդիմախոս, բայց բոլոր 11-ի հետ միաժամանակ պետք է բանավիճել, ինչու պետք է մեկին նախապատվություն տամ»,- այսպես է մեկնաբանել արդեն նորաթուխ քաղաքապետը՝ մոռանալով, որ նախապատվության խնդիր չկա, հերթով, անգամ օրվա մեջ մի քանի անգամ կարող էր բանավիճել ցանկության դեպքում…

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց սահմանված ժամկետում: Հիշեցնենք, որ քվեարկությունը մեկնարկել էր ժամը 8։00-ին, ավարտվեց ժամը 20։00-ին։ Ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք, 8 կուսակցություն։

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 475 ընտրատեղամասի նախնական արդյունքները եւ առցանց ներկայացվել են տվյալները։

  1. «Իմ քայլը» կուսակցությունների դաշիքն՝ 81,06%
  2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 6,59%
  3. «Լույս» կուսակցությունների դաշիքն՝ 4,99%
  4. ՀՅԴ՝ 1,62%
  5. «Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ 1,39%
  6. ՕԵԿ՝ 1,09%
  7. «Երեւանցիներ» կուսակցությունների դաշինք՝ 0,82%
  8. «Ժառանգություն» կուսակցություն՝ 0,75%
  9. «Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝ 0,69%
  10. «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն՝ 0,22%
  11. «Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 0,22%
  12. «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն՝ 0,19%:

«Անճշտությունների չափը՝ 62»։

Վերջնական արդյունքները կամփոփվեն 7 օր անց՝ սեպտեմբերի 30-ին։

ԿԸՀ հրապարակած  նախնական տվյալներով, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43.65%-ը։ Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցել է 370.323 ընտրող։

Փաստորեն, «Իմ քայլը» դաշինքը մասնակիցների 81,06%-ով հաղթանակ տարավ՝ 294,109 ձայն հավաքելով։ ԲՀԿ-ն ստացել է 25,219 ձայն, «Լույսը»՝ 18,112, ՀՅԴ-ն՝ 5.882, «Երկիր Ծիրանի»-ն՝ 5059, ՕԵԿ-ը՝ 3948: Մնացած մասնակիցները ստացել են ձայների 1%-ից պակաս քվե։ 12 քաղաքական ուժերից 6-ը չեն կարողացել հավաքել 1% ձայն։

Առավել քիչ թվով ձայներ ստացել է «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում էր «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանը։ 0.22% ցուցանիշով 2-րդ հորիզոնականը բաժանում են «Ժողովրդավարական ուղի» (քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն էր) կուսակցությունը ու «Ռեֆորմիստների» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն էր)։ 1%-ից ցածր քվեներ են հավաքել նաեւ Անահիտ Թարխանյանի ղեկավարած «Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինք, «Ժպտա» կարգախոսով քարոզարշավ իրականացրած Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը, Կենտրոնի նախկին թաղապետ, ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի ղեկավար «Երեւանցիներ» կուսակցությունների դաշինքը:

1%-ի շեմը հաղթահարել, բայց 2%-ին չեն հասել 3 քաղաքական ուժեր՝ ՀՅԴ-ն, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը եւ ՕԵԿ-ը:

«Իմ Քայլ»-ից ու ԲՀԿ-ից բացի ավագանի կանցնի նաեւ «Լույս» դաշինքը։ Այն, չի հաղթահարել անցողիկ շեմը, սակայն կստանա մանդատներ, քանի որ ավագանիում առնվազն 3 ուժ պիտի ներկայացված լինի։

Երեւանի ավագանին կազմված է 65 անդամից։ Երեւանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 6%-ն է, դաշինքների դեպքում՝ 8%-ը։ Սակայն ավագանին պետք է ձեւավորվի առնվազն 3 ուժից։ Եթե ընտրական շեմը հաղթահարում է 2 ուժ, ապա 3-րդը կլինի այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որի օգտին առավելագույն կողմ քվեարկած ձայներ կլինեն, ինչը նշվեց վերեւում։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ այս տեղեկությունները նախնական են, ստացվել են էլէկտրոնային եղանակով։ Նա պարզաբանել է, թե որ դեպքում ընտրությունը կարող էր ճանաչվել անվավեր, ապա հերքել է այն խոսակցությունները, թե ավագանու ընտրությանը ընտրողների անբավարար քանակի մասնակցության դեպքում կարող են ճանաչվել անվավեր։ ԿԸՀ նախագահը մեկ անգամ էլ պարզաբանել է, որ գործող ընտրական օրենսդրությամբ քվորումի հարց չկա։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին Երեւանի ավագանու ընտրություններին քվեարկությանը մասնակցել էր 345 հազար 226 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 40,99%-ը:

* * *

Նախնական տվյալների համաձայն, 65 անդամից բաղկացած ավագանիում «Իմ քայլը» կունենա 56 մանդատ, ԲՀԿ-ն՝ 5, «Լույս»-ը՝ 4։

Իսկ ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կհրապարակի քվեարկությունից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը սահմանում է, արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը, այսինքն հոկտեմբերի 10-ին։

Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի համաձայն, նորընտիր Ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ Ավագանու լիազորությունների ժամկետը:

Ավագանու մարմիններն են՝ քաղաքապետը, նրա 1-ին տեղակալը, ավագանու անդամները,  խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները:

Չնայած ընտրությունն անցել է առանց խոշոր խախտումների, սակայն կան վերլուծաբաններ, որ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների կազմակերպումը դեռ առջեւում են սպասում: Ըստ նրանց, սովորաբար առաջին հետհեղափոխական ընտրությունը լինում է ամենահեշտը, ինչպես օրինակ, 1991թ. եւ իրական ստուգատեսը կլինի հետհեղափոխական մյուս ընտրությունը: Հասկանալի է, որ ոչ մի իշխանություն էլ սեփական կամքով չի ուզում վարչական լծակներ օգտագործել, խախտումներ անել, բայց դա անում են, երբ ստիպված են լինում… Այժմ իշխանություն ունեցող ուժը պետք է ԱԺ արտահերթ ընտրություններում ապացուցի չմիջամտելու իր կամքը…

Բայց Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ իր գոհունակությունն է իր ֆեյսբուքյան էջում անմիջապես գրել է. «Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ»:

Իսկ մինչ այդ նա անհանգստանում էր իրականում, եւ իր ելույթում կոչ էր անում մասնակցել ընտրությանը, կարծես իրենց կողմնակիցներին հրավիրելով ընտրատարածքներ. «Հույս ունեմ մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան քվեարկությանը, չեն մնա տներում, որովհետեւ չկա որեւէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու, ձեր որոշումն է արձանագրվելու… Կարծում եմ՝ բոլորս էլ արձանագրում ենք, որ այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն, ժողովրդի ձայնն արձանագրվելու է, բոլոր ընտրությունների արդյունքները ձեւավորվելու են ձեր քվեարկության արդյունքում»։

Իմիջիայլոց, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանն էլ ներկայացրեց քարոզչության ֆինանսավորման նախընտրական հիմնադրամներ ներկայացված հայտարագրերը։ Մինչ դրանք նշելը՝ նա ասաց, որ սրանք վերջնական տվյալները չեն եւ քաղաքական ուժերը երկրորդ հայտարարագիր պետք է ներկայցնեն, որտեղ եւ նշված կլինեն վերջնական տվյալները:

Հիմա թվեր՝ նախընտրական հիմնադրամների ելքերի եւ մուտքերի վերաբերյալ՝

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 40 մլն դրամ, ծախսվել է 39 մլն 953 հազար 624 դրամ:

ԲՀԿ՝  58 մլն 941 հազար դրամից ծախսվել 17 մլն 915 հազ 400 դրամ:

«Լույս» կուսակցությունների դաշինք՝ 8 մլն 280 հազար դրամ, ծախսվել է 6 մլն 266 հազար 575 դրամ:

«Ժառանգություն» կուսակցություն՝ 7 մլն դրամից ծախսվել է 6 մլն 796 հազար 680 դրամ:

ՕԵԿ՝ մուտքը 5 մլն. 500 հազար դրամ, ծախսվել  է 5 մլն 441 հզ դրամ:

«Ռեֆորմիստների կուսակցություն». մուտք՝ 3 մլն. 400 հազար դրամ, ծախսվել է  2 մլն 831 հազ 400 դրամ:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ 2 մլն 220 հազար դրամից ծախսվել է 172 հազար 800 դրամ:

ՀՅԴ կուսակցություն. մուտքը՝ 2 մլն 100 հազար դրամ, ծախսվել  է 1 մլն 716 հազար 800 դրամ:

«Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝ 1 մլն 600 հազ դրամից ծախսվել է 1 մլն 007 հազար դրամ:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն՝ 250 հազար դրամից  ծախսվել է  249 հազար 996 դրամ, մնացորդը՝ 4 դրամ:

«Երեւանցիներ» կուսակցությունների դաշինք՝ շարժը՝ զրո, ծախսեր չեն կատարվել։

«Հայք»՝ դրամական շարժ առկա չէ:

Քարզչության ընթացքում ամենաշատ գումար ունեցել է ԲՀԿ-ն, ամենաշատը ծախսել՝ «Իմ քայլը»:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 30 (508), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։