Վրաստանը միայն Հայաստանին կարող է ապավինել

Համաշխարհային գերխմորումների հիմնական նպատակը աշխարհակալությունն է: Իսկ մեկ պետություն միայնակ չի կարող տիրապետել ամբողջ աշխարհին, եթե չունի «գլոբալ» ծրագիր եւ հուսալի գործընկեր պետություններ: Այդ նպատակին ծառայելու համար ի շարս ժողովրդավարության եւ ազատականության, ծնունդ առան նաեւ այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են սիոնիզմը, սոցիալիզմը, ֆաշիզմը, պանարաբիզմը, պանթուրքիզմը, պանիսլամիզմը եւ այլն: Տարբեր «իզմեր» պայքարում են միմյանց դեմ՝ առաջնորդվելով իրենց «մշտական շահեր»-ը պաշտպանելու կարգախոսներով:

Հատկապես սիոնիզմն ու պանթուրքիզմը հայ ժողովրդի անկման եւ հայի բնօրրանը՝ Հայկական լեռնաշխարհի վրա ստեղծած հայրենիքի մեծ մասը, կորցնելու առումով ունեցան ողբերգական հետեւանքներ: Այսօր դեռեւս այդ վտանգներն առկա են, իսկ պանթուրքիզմի օղակը փորձում են առավելագույնս սեղմել՝ «բարեկամի» հերթական կեղծ ժպիտով:

Այսրկովկասյան երկու պետությունները՝ Հայաստանը եւ Վրաստանը, լուրջ խոչընդոտ էին թուրքա-պանթուրքիստական ծրագրերի իրագործման համար: Այժմ, թերեւս միայն Հայաստանն է այդ խոչընդոտը:

«Լուսանցք»-ն անդրադարձել է, թե ի՞նչ են իրականում սիոնիզմն ու պանթուրքիզմը: Այս հոդվածում մենք կանդրադառնանք պանթուրքիզմի ծրագրերից մեկին: Թուրքականությունը (համաթուրքականությունը) գաղափարախոսություն է թյուրքական էթնոսը միավորելուն, մեկ միասնական պետություն ստեղծելուն միտված: Թյուրքական տարրի կազմակերպման եւ հզորացման ծավալապաշտական գաղափարաբանություն է: Մեկ անգամ չէ, որ Անկարան արտահայտվել է «մեկ ազգ՝ վեց պետությունում» կարգախոսը կյանքի կոչելու օգտին (խոսքը՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի մասին է):

Հայաստանը եւ Վրաստանը «խցկվել» են «Մեծ Թուրքիայի (Թուրանի)» ստեղծման ընթացքի մեջ եւ խանգարում են, առավելապես… Հայաստանը: Թուրքիայի նախկին նախագահները (Դեմիրել, Օզալ) Հայաստանը համարում էին «անիծյալ սեպ», որ խրվել է պանթուրքիզմի «մարմնում»:

Ժամանակին էլ սիոնիզմ-պանթուրքիզմ համագործակցությամբ հայությունը դաժան ցնցումների ու հալածանքների ենթարկվեց եւ այդժամ հղացավ ու իրագործվեց Հայոց ցեղասպանության սիոնիստա-մասոնա-պանթուրքիստական ծրագիրը:

Չնայած դիմադրական անկազմակերպվածությանը, ի փառս հայ ժողովրդի ասենք, որ ցուցաբերած աննկուն տեղային դիմադրությունների շնորհիվ մեր թշնամիները չկարողացան վերջնական իրականացնել «Հայաստանը՝ առանց հայերի» հրեշավոր ծրագիրը: Թուրք ցեղասպան ղեկավարները հայտարարում էին, որ ընդամենը մեկ հայ են թողնելու, այն էլ թանգարանում ցուցադրելու համար…Սիոնիզմից սնվող պանթուրքիզմը կարողացավ համագործակցել նույն սիոնիստա-մասոնական ուժերից սնվող բոլշեւիզմի հետ եւ վերջ ի վերջո ռուս-գերմանա-թուրքական դավադիր հարաբերությունների հետեւանքով հնարավոր եղավ 1918թ. Ռուսաստանից կորզել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը, որով էլ, փաստորեն, Ռուսաստանն այս երկու պետություններին թողեց բախտի քմահաճույքին: Արդեն գրեթե չգոյ Թուրքիան Մուդրոսի պայմանագրով «վերածնվեց», եւ հետո այդ երկրին հանձնվեցին Կարսը, Էրզրումը, Արդահանը… եւ Բաթումը, որոնք երբեւիցե չէին եղել դրա տիրապետության ներքո: Տիրելով այդ գավառներին՝ թուրքերը ձեռնամուխ եղան Ախալցխայի եւ Ախալքալաքի բռնազավթմանը, որոնք անգամ պայմանագրով էլ չէին տրվում Թուրքիային: Սակայն, թուրքերն այստեղ հանդիպեցին հայ եւ վրացի ինքնապաշտպանական ուժերի բուռն դիմադրությանը եւ, բարեբախտաբար, չկարողացան իրագործել իրենց մտադրությունը:

Բաթում-Ախալցխա-Ախալքալաք-Մառնեուլ-Բաքու. ահա սա էր լինելու միջանցքը՝ թյուրք էթնոսի միավորման (թուրքերն ու ադրբեջանցիները այդպիսի փորձեր արել են նաեւ Նախիջեւանի ուղղությամբ, երբ ցանկանում էին Զանգեզուրը (Սյունիքը) գրավել): 1918թ. նշված

հատվածում բնակվող վրացիներին, այսպես կոչված, մեսխեթ թուրքերից փրկեցին միայն հայկական կամավորական գնդերը: Թվում է, թե դա մնացել է անցյալում, սակայն փաստերն այլ բան են նախազգուշացնում: Թուրքիան դեռ չի հրաժարվել պանթուրքիզմից, իսկ Բաթումում բնակություն հաստատող օրեցօր ավելացող թյուրքական տարրի առկայությունը լուրջ ահազանգ է: Անկարան փորձում է գրավել նաեւ Ջավախքից հեռացած ռուսների «դատարկ» տեղը՝ փորձելով տնտեսական գործունեություն ծավալել Սամցխե-Ջավախքում (ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանում նույնպես):

Վերջերս մամուլը կրկին ահազանգեց Ախալցխայում բնակություն հաստատող թուրքերի եւ վերադառնալ ցանկացող մեսխեթ թուրքերի մասին, որոնք բնակություն հաստատելով այս տարածքում, փորձում են ստեղծել հոծ թուրքական մի գոտի, որը հետագայում կարելի է անջատել Վրաստանից եւ միավորել Թուրքիան ու Ադրբեջանը: Հետո էլ կմտածեն Կասպից ծովից այն կողմի մասին:

Չանցած 100 տարի, այսօր էլ կանգնած ենք նույն վտանգի առջեւ, կարծում եմ՝ հայ եւ վրացի ժողովուրդները, ինչպես 1918թ., այնպես եւ հիմա, միահամուռ պետք է դիմագրավեն այդ ծրագրի ծավալմանը: Վրաստանը պետք է հրաժարվի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու գործարկումից եւ, ընդհանրապես, յուրաքանչյուր՝ թուրք-ադրբեջանական միավորումը ապահովող ծրագրից: Եթե վրացիները կարծում են, թե թուրքերը հայերի հարցը լուծելուց հետո իրենց կխնայեն, ապա չարաչար սխալվում են: Եթե Հայաստանը հայտնվի թյուրքական շրջափակման մեջ, ապա ունի դիմագրավելու կարողություն (իմունիտետ), ինչն ապացուցել է եւ՛ նախկինում, եւ՛ հիմա՝ տարիներ շարունակ, իսկ նմանատիպ շրջափակումը եւ թյուրքական տարրի առկայությունը հաստատապես Վրաստանին կործանման կտանի… Ինչպես 1918թ., այնպես էլ հիմա հայ ժողովուրդն է լինելու վրացիների միակ պաշտպանը պանթուրքիզմի ճիրաններից փրկվելու առումով: Եվ վրացիները պետք է իրենց ազգայնամոլ նախագահ Սահակաշվիլու հայտարարությունը, թե իր քաղաքական իդեալը Աթաթուրքն է, լուրջ վտանգ դիտարկեն, եւ՝ կամ հրապարակային բացատրություն պահանջեն, որ նա Աթաթուրքի անձը նկատի առնելով նկատի չունի պանթուրքիզմը, կամ՝ եթե ի նկատի ունի, ապա հետեւություն անեն:

Այս ծավալապաշտական գաղափարախոսության դեմ պայքարում վստահաբար ջավախքահայությունը կօժանդակի Թբիլիսիին, այս դեպքում կաջակցի նաեւ իրապես առաջադեմ աշխարհը, հատկապես Եվրոպական երկրները, որոնք արդեն կանգնած են թուրքական վտանգի առջեւ: 100 տարի անց նույն ողբերգության կրկնությունը աններելի եւ կործանարար կարող է լինել:

Ստորեւ ներկայացնում եմ 1918թ. «Հորիզոն» եւ «Մշակ» թերթերում գրված մի դեպք, որտեղ ակնհայտ երեւում է հայերի եւ վրացիների միասնությունը:

«Փետրվարի 15-ին, մոտ 300 վրացիներ, գնում են Ախալքալաք եւ ծեծում քաղաքի դեղատան սեփականատեր Ալխազաշվիլուն, փետում են նրա մորուքը, աղաղակելով՝ դավաճանն ու՞ր է, թե թուրքերը մեր բարեկամներն են եւ մեզ ձեռք չեն տա, այժմ դու մեր ձեռքով պետք է արժանավոր պատիժդ կրես եւ ու՞ր է, թե հայերը թշնամիներ են, որոնցից մենք մինչեւ այժմ վատ բան չենք տեսել, բացի լավությունից, չէ՞ որ, եթե հայերը չլինեին, այժմ մեզ բոլորիս թուրքերը ոչնչացրած կլինեին»:

Զայրացած գյուղացիներն ուզում են ինքնադատաստանի ենթարկել Ալխազաշվիլուն, սակայն, դեպքի վայր հասած Ախալքալաքի միլիցիայի պետ Հովհաննես Դարբինյանը, գավառային կոմիսար Աբգար Պայազատը, նաեւ Տիգրան Մարգարյանը ազատում են վերջինիս… Այս դեպքից հետո Ախալքալաքի Հայոց ազգային խորհրդին են ներկայանում երկու վրացի պատվիրակ եւ խնդրում, որ կամ հայերը շարունակեն վրացիներին պաշտպանել, կամ թույլ տան, որ իրենք հայերի մեջ ապրեն:

Այսօր էլ, քանի դեռ ուշ չէ, վրացիները պիտի հասկանան, որ առանց հայերի, առանց անկախ եւ հզոր Հայաստանի՝ Վրաստանի գոյությունն էլ է հարցականի տակ դրվելու…

Անդրանիկ Թանգամյան

«Լուսանցք» թիվ 46

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։