Բազմաստվածություն՝ մեկարարչականությամբ

Հայկական զլմ-ները դեռեւս լավ չեն ըմբռնում հեթանոսության եւ ցեղակրոնության տարբերակումները: Ըստ էության, երկուսն էլ սնվում են մեր ազգային արմատ-ակունքից, եւ գուցե սա էլ հենց շփոթմունքի տեղիք է տալիս, սակայն հստակ է, որ առաջինը հավատք է, երկրորդը՝ գաղափարախոսություն:

Հեթանոսությունը (հայերեն՝ ազգայնությունը) Հայոց հին հավատքն է՝ հենված Հայքի ու Հայի ծագման, Հայոց առաքելության, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի գոյությամբ պայմանավորված հոգեւոր-իմաստասիրական տեսության՝ Տիեզերակարգի վրա:

Ցեղակրոնությունը հայկական ազգային-ազգայնական ուսմունք է, գաղափարախոսություն՝ ամրագրված հայի ոգեղենության, զորացման, ինքնաճանաչման ու հարատեւման տեսլականին, հայրենիք-բնօրրանի ամբողջականացման խնդրականին:

Հեթանոս հայը արիադավան է, ուստի՝ որեւէ կրոնի հետեւորդը չի կարող լինել ազգային հավատի նվիրյալ, Հայ Աստվածների պաշտամունքն ունեցող արորդի: Իսկ ցեղակրոն կարող է լինել յուրաքանչյուր հայորդի՝ անկախ կրոնական կամ կուսակցական պատկանելությունից: Այսպես է նաեւ հայարիականության պարագայում. բոլոր հայերը արիական ծագում ունեն, բայց կարող են լինել տարբեր կրոնների ու գաղափարների կրողներ: Ծագումը չի ոչնչանում կամ փոփոխվում կուսակցական կամ կրոնական գաղափարների տարբերությունից: Իհարկե, նախ եւ առաջ ծագումն է, քանզի այն հիմքն է, դրա համար էլ Գ. Նժդեհը կարեւորել է հին հավատին վերադառնալն ու Վահագն Աստծու «աջի վրա երդվելը»:

Եվ ահա, մամուլում տեսակետ է շրջանառվում, թե «1993թ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ մկրտություն է ստացել Գառնիի հեթանոսական տաճարում՝ Արորդաց ուխտի քրմերի ձեռամբ: Ի տարբերություն քրիստոնեական մկրտության՝ արորդիների մոտ այն կոչվում է կնունք: Թե հանրապետականները, թե Արորդաց ուխտի անդամները երկրպագում են Գ. Նժդեհին ու նրա ուսմունքը: Սրանով հասկանալի է դառնում, թե ինչպես կարող է իշխող կուսակցությունը դավանել հեթանոսական արմատներ ունեցող գաղափարախոսություն. հատկապես Եվրախորհրդի անդամ երկրում, որը լուրջ խնդիրներ կարող է ունենալ՝ ազգայնականությամբ շնչող կուսակցությանը պետության ղեկ վստահելով» («Ազատամտություն»): Եվ, ըստ թերթի, իզուր չէ, որ հեթանոսությունից հրաժարվելու առաջին քայլերն արեց Վազգեն Սարգսյանը, ինչը այժմ շարունակում է Սերժ Սարգսյանը:

Սա շատ նման է վերոնշյալ մեր մեկնաբանությանը: «Հանրապետական» կուսակցությունը երբեք չի հայտարարել իր հեթանոսական կազմակերպություն լինելու մասին (թերեւս մի քանի անդամներ են օծվել Գառնո տաճարում) եւ չի դավանել Հայ Աստվածների պաշտամունքը, բայց որդեգրել է նժդեհյան ցեղակրոնությունը՝ որպես կուսակցական գաղափարախոսություն: Իսկ ցեղակրոն ուսմունքը (ունենալով իր մեջ Նախնյաց եւ Հայ Աստվածների պաշտամունքը) չի պարտադրում կուսակցական հային ապրել լիարժեք հոգեւոր կյանքով: «Ես ցեղակրո՛ն եմ, եւ ահա՛ կերդվեմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ…» երդումը ՀՀԿ-ականները չեն տալիս: Այս երդումը տալիս եւ սրբորեն մինչեւ մահ պահպանում են միայն օծյալ արորդիները, ովքեր դառնում են Հայ Արորդիների համայնքի անդամ (այստեղ կարող են ինչպես ՀՀԿ, այնպես էլ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ լինել):

Ուստի՝ նշյալ թերթը, հենվելով «Արորդաց Ուխտ»-ի քրմական խորհրդի նախագահ Զոհրաբ Պետրոսյանի մեկնաբանություններին, շարադրում է, որ «ՀՀԿ հետ հնարավոր միացումը արորդիների համար աբսուրդի ոլորտից է: Իրենք ավելի վաղ են ծնունդ առել, քան հանրապետականները եւ նախընտրում են հոգեւոր ոլորտը, քան՝ քաղաքականը: Իսկ հոգեւորը աղոթելը չէ. քրմերը հարաբերվում են Էներգետիկ դաշտի հետ, ինչպես ժամանակին Գարեգին Նժդեհը, մենակ մնալով Խուստուփի լեռներում, լինելով քահանայի որդի, հայացքը հառեց դեպի հեթանոսական աստվածներն ու ասաց. «Վահագնի հետ պիտի խոսենք հիմա…»»:

Այնուհետեւ, պարբերականը շարունակում է արդեն իր մեկնաբանությունը ներկայացնել: «Ի տարբերություն հանրապետականների, որ միաժամանակ նժդեհական են ու քրիստոնյա, արորդիները քրիստոնեությունը չեն ընդունում: Նրանցը հին աստվածներն են, թեեւ աստվածների բազմազանությունն էլ չի կարեւորվում. արարիչը մեկն է՝ անունը կլինի Վահագն, թե ինչ, կարեւոր չէ:

Իսկ ահա հանրապետականները, դավանելով հեթանոսության հետ աղերսներ ունեցող նժդեհիզմի, միաժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունեն քրիստոնեության հետ: Ի տարբերություն բազմահազարանոց հանրապետականի՝ արորդիները հազիվ հազար հոգի են Հայաստանում: Իհարկե, չի կարելի բացառել, որ հին գվարդիայի այն հանրապետականները, որ վերջին շրջանում տվայտայնքների մեջ են եւ այդքան էլ չեն կարողանում ժամանակի ոգուն արդեն խորթ իրենց գաղափարները փաթաթել առաջ նայող կուսակիցների վզին, կարող են օրերից մի օր շրջվել դեպի ակունքները, հիշել հանրապետական կնքողների քսած մեռոնը եւ վերադառնալ արմատներին: Թեեւ, ինչպես խոստովանում է քրմապետը, արորդի լինելը եւս դժվար է»:

Այս վերլուծությունը գուցե ճշմարիտ հնչեր, եթե զարմանալիորեն չաղավաղվեր Տիեզերակարգը: Արարիչը իսկապես մեկն է, եւ նա Արարիչն է ոչ միայն մարդկության կամ այլ մարդանման արարածների, արիների ու չարիների, այլեւ՝ Աստվածների: Եվ Նրան չի կարելի Վահագն կոչել կամ մեկ այլ անվամբ (առավել եւս՝ Եհովա): Եվ միայն Իրեն է հայտնի Իր Անունը, քանզի Արարիչը Ամենայն Սկիզբն է ու Ամենայն Ստեղծողը, եւ Ինքն է միակ ՏԵՐԸ՝ Աստվածների Աստվածը: Իսկ Հայոց Աստվածային համակարգում (պանթեոնում) 8 Աստվածներ կան եւ բոլորն էլ ունեն հստակ գործառույթներ:

1. Հայր Արա – Հայր (գերագույն) Աստված, Աստվածահայր:

2. Մայր Անահիտ – մայրության (եւ պտղաբերումի) Աստվածուհի, Աստվածամայր:

3. Վահագն – ռազմի եւ զորության Աստված:

4. Աստղիկ – սիրո (գեղեցկության) Աստվածուհի:

5. Միհր – արդարադատության Աստված:

6. Նանե – ողջախոհության Աստվածուհի:

7. Տիր – իմաստնության (դպրության) Աստված:

8. Վանատուր – հյուրընկալության Աստված:

Մնացյալ «ներմուծված» աստվածները վստահաբար հայկական չեն եւ տասնյակ կամ հարյուրներով «հայոց աստվածներ» հաշիվ անող «աստվածաբանները» պարզապես արծարծում են կռապաշտական ժամանակների տարբեր ազգերի աստվածությունների խառը պաշտամունքի հետեւանքով հիշատակված անունները:

Մի դիտարկում էլ անենք panorama.am-ի տեղեկատվությունից: Ներկայացնելով «Արորդաց Ուխտ»-ի քրմական խորհրդի նախագահ Զոհրաբ Պետրոսյանի եւ մեհենական խորհրդի նախագահ Գագիկ Հայրապետյանի ասուլիսը («Իրավունք de facto»-ում)՝ panorama.am-ը այնուհետեւ մի առանձին հարց է ուղղել սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա տեր Շմավոն Ղեւոնդյանին՝ «Արորդիների Ուխտ»-ի մասին եկեղեցու կարծիքն իմանալու համար: Ահա հոգեւորականի պատասխանը՝ «Արորդյաց ուխտն այնքան անիմաստ կառույց է, որ Հայ առաքելական եկեղեցին չի կարող դրա մասին վերաբերմունք արտահայտել… Ու այն, որ իրենք, Հայ առաքելական եկեղեցուց ու կաթոլիկ եկեղեցուց հետո Հայաստանում գրանցված են որպես երրորդ կրոնական համայնք, զուտ հերթականության հարց է»: Այնուհետեւ քահանան մանրամասնում է, որ «Արորդյաց ուխտը նույնիսկ աղանդ չէ», քանզի աղանդները «շեղվել են Հայ առաքելական եկեղեցու ուղղությունից, իսկ նրանք, իրենց խոսքերով, մեր հայրերի ուխտի հետեւորդներն են, ու ինչքան գիտեմ, տարին մեկ անգամ հավաքվում են Գառնիի տաճարում ու հեթանոս ծիսակատարություններ անում… Նրանք շատ հեռու են քրիստոնեական հավատքից»:

Մի բանն էր այստեղ ճիշտ ասված, որ «Արորդյաց ուխտը նույնիսկ աղանդ չէ»: Սակայն, այդ «նույնիսկ» ձեւակերպումը այնքա՜ն քրիստոնեական «բարություն» ունի ներառած, որ միանգամից հասկանում ենք, թե արորդիները աղանդավորականներից էլ վատն են: Դե՜ իհարկե, իրենց եւ աղանդավորականների նման եհովապաշտ չեն, Եհովայի «օրինական» եւ «անօրինական» վկաներ չեն, Պ. Սեւակի ասած՝ «դալուկ հրեայի» ուսմունքի հետեւորդը չեն, ուստի շա՜տ փիսն են…

Մի անգամ «Լուսանցք»-ում տպագրվեց մեկ այլ քահանայի խոսք, թե ավելի լավ է իշխանության գան «Եհովայի վկաներ»-ը, քան՝ հայ-արիները: Այսքա՜ն ատելություն «մեր հայրերի ուխտի հետեւորդների» նկատմամբ միայն այն բանի համար, որ վաղն իրենք կարող են զրկվել հարսանիքների ու թաղումների… շահութաբեր աշխատանքից, առնվազն զարմանալի է:

Ուստի՝ մենք էլ ասում ենք, Հայոց Ծագումից ու Տիեզերահավատից խուսափող եւ ընդամենը 1700-ամյա օտարահունչ եւ օտարահաճ բարբաջանքներին տրված հոգեւորականներն ավելի վտանգավոր են, քան՝ արտաքին թշնամիները…

Ինչ մնում է քահանա Շմավոնին, ապա ասենք, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ թե չի՛ կարող կարծիք արտահայտել «Արորդաց Ուխտ»-ի մասին, այլ՝ դրա իրավու՛նքը չունի:

Քանզի քրմական մատյաններում պահպանված Հայոց հազարամյակների պատմությունն ու Հայաստան աշխարհի հոգեւոր-մշակութային արժեքներն ավերած եկեղեցին իր կարծիքը «ատամների» տակ պիտի պահի, քանզի դեռ պատասխան է տալու ԱԶԳԻՆ՝ հրեական սին ընտրյալության հպատակը դարձնելու եւ Հայոց հզոր պետականությունը կործանելու, Հայ Աստվածներին անարգելու համար: Նաեւ՝ Տիեզերքի Արարչի տեղը կասկածելի ծագումով անհայտ մի աստծո որդու «տեղադրելու» համար:

Իսկ «Արորդիների Ուխտ»-ը որերորդն էլ պետական գրանցում ստացած լինի, միեւնույնն է՝ հին է ինչպես մեր պատմությունը եւ հերթականության առաջնահերթության խնդիր չունի: Եթե հոգեւորականները չեն տիրապետում մեր իրական պատմությանը, տեղյակ չեն հեթանոսական-արիական տոներին ու ծիսակարգին, ապա լավ կլինի լռեն եւ իրենց «անիմաստ կառույցի» պատիվը չգցեն: Արորդիները բազմաթիվ տոներ են նշում Գառնո տաճարում, Կարմիր բլուրում, Էրեբունի ամրոցում, Մեծամորում, Քարահունջում (Զորաց քարեր), Խուստուփում եւ այլուր: Իսկ նրանցից գողացած տոներն ու ծեսերը նշող ու կատարող քրիստոնյաները, ովքեր տաճարների ավերակների վրա եկեղեցիներ կառուցելով շատ շուտ մոռացան անցյալը, պիտի հասկանան, որ արդեն իսկ Տիեզերական Գարուն է, որը չարիների ու չարակամների ժամանակաշրջանի ավարտն է ազդարարել, իսկ իրենք՝ դրանց աստծո կեղծ, թե անկեղծ հովանավորյալներն են ու փրկություն չունեն:

Նույնիսկ իրենց փափագած «Նոյան տապանում»…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 46

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։