Հավատա՞նք, թե՞ չէ…

Թուրք մտավորականների նախաձեռնած ստորագրահավաքը՝ Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու թեմայով, դեռ շարունակվում է, չնայած թուրք համակարգչահեններն անընդհատ փորձում են խանգարել սկսված գործընթացը… Ժամանակ առաջ, այս ստորագրահավաքին զուգահեռ, նաեւ հայ մտավորականները առանձին նամակով դիմեցին Թուրքիայի նախագահին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Անցել է կարճ ժամանակ, բայց կարելի է որոշակի գնահատական տալ այս «ցեղասպանաճանաչ» նոր տիպի քաղաքականությանը

:


Նախ՝ հայ մտավորականների նամակը նորություն է միայն նոր հասցեատերի ուղղված լինելու առումով եւ առաջին անգամն է, որ հայ մտավորականները դիմում են ցեղասպանությունն իրականացրած երկրի ղեկավարին: Շատերն ասում են՝ սա մարդասպանից խոստովանություն կորզելու պես մի բան է եւ անիմաստ է, սակայն, գործնականում, երբ մարդասպանին անհերքելի փաստեր են ներկայացնում, նա խոստովանում է եւ սկսվում է դատի ու հատուցման գործընթացը: Սա նաեւ Թուրքիայի նախագահն է հասկանում, որ խոստովանելով իր նախնիների մեղքը, միայն բարոյական փոխհատուցմամբ չի ավարտվի այս հարցը: Եթե նա համոզված լինի, որ նույնիսկ միայն դրամական փոխհատուցմամբ կավարտվի սույն խնդիրը, ապա կխոստովանի: Այսպես կանի նաեւ թուրքական կառավարությունը, եթե համոզվեն, որ տարածքների (Արեւմտյան Հայաստանի) վերադարձման պահանջատիրություն չի լինի: Կան վերլուծաբաններ, որ հենց այս ձեւով էլ տեսնում են հարցի լուծումը՝ օրինակ բերելով հրեական Հոլոքոստը, որի ճանաչմամբ Գերմանիան հսկայական դրամական փոխհատուցումներ կատարեց: Սակայն, այս վերլուծաբանները «չեն հասկանում», որ գերմանացիները հրեաներին ոչնչացրել են Գերմանիայում եւ հրեաների հայրենիքի կորստի մասին խոսք լինել չի կարող, իսկ թուրքերը հայերին ոչնչացրել են Հայաստանում եւ ցեղասպանությունից հետո բռնազավթել են նաեւ ցեղասպանվածների հայրենիքը (ոչ միայն ունեցվածքն ու այլ նյութական արժեքներ)…

Իսկ թուրք մտավորականների նախաձեռնությունը առավելապես բարոյական է, որովհետեւ նախաձեռնող խումբը փոքրաթիվ է եւ չի բնութագրվում որպես թուրքական հասարակության ձայն (իսկ նամակին միացած շուրջ 15 հզ. ստորագրողներն էլ դեռ հայտնի չէ, թե ինչ ազգի ներկայացուցիչներ են, թեկուզ շատերը թուրքական անուն-ազգանունով են ներկայանում): Բացի այդ, նամակի տեքստը կազմողները խուսափել են օգտագործել Ցեղասպանություն բառը, ասված է՝ «Իմ խիղճն ինձ թույլ չի տալիս շարունակել հերքել 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված «Մեծ աղետը»: Ես մերժում եմ անարդարությունը, կիսում եմ իմ հայ եղբայրների զգացումներն ու ցավը եւ իմ ներողամտությունն եմ հայցում»: Հստակ է, որ նման ձեւակերպում արել եւ դեռ կանեն աշխարհի շատ ազգերի մտավորականներ:

Ուստի, առանձնապես ոգեւորվել պետք չէ: Իսկ մտահոգվել պետք է, որովհետեւ նման գործընթացները նպաստում են, որ աշխարհի տարբեր երկրներում «սառեցվեն» սփյուռքահայերի տարիներ շարունակ պայքարով ամրագրված Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը: Նպաստում են, որ թուրքական պաշտոնյաները հարկի կամ անհարկի միջազգային հարաբերություններում բարձրաձայնեն, թե իբր Հայոց ցեղասպանության մասին արծարծումները խանգարում են թուրքական հարաբերությունների զարգացմանը:

Այսպիսով՝ գրեթե անիմաստ աղմուկից շահում է միայն Անկարան, իսկ Երեւանը (եւ սփյուռքահայությունը) զրկվում են կարեւորագույն ռազմավարական հարցի արծարծումից, ինչի «սառեցումը» գուցե հետո այլեւս լուրջ «տաքացումների» չենթարկվի: Գուցե հենց այս հույսով էլ մեզ հետ «բարեկամանու՞մ» են թուրքերը…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 47 (86)


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։