Տրնդեզ՝ ՄեկԱրարչական Բազմաստվածային Համակարգին վերադառնալու – Հայ արիները Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնացին Լոռի բերդ-ամրոցում…

Այսօր Տրնդեզի տոնը հայ արինեը նշեցին Լոռի բերդի տարածքում՝  Ձորագետ եւ Ուռուտ կիրճերի հատման մասում։

Մինչեւ տոնական արարողությունը Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչներին միացան նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհրդի անդամները եւ միասնաբար դիմավորեցին արեւածագը բերդ-ամրոցի մոտ: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները վաղ առավոտյան բոլորին տրնդեզյան ավանդական քաղցրանուշ մատուցեցին՝ նուշով հալվա, ծիրանաչրով ու սալորաչրով աղանձ եւ կաթնահունց գաթա:

Այնուհետեւ, հայ արի քրմերը փակ գաղտնածես կատարեցին. Տիեզերքի Արարչին եււ Տիեզերակարգին ուղղված, որից անմիջապես հետո սկսվեց տոնական բաց ծեսը, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը վառեց Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու Սրբազան Կրակը, ինչն էլ ազդարարեց Տրնդեզի տոնական միջոցառումների մեկնարկը:

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այս անգամ եւս փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայ  Երկնային ու Երկրային տեսակի, Հայկական Տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ նորից հավաստեցին իրենց նվիրվածությունը ՄեկԱրարչական Բազմաստվածային Համակարգին:  

Հայ Աստվածների պատվին եւս կրակներ վառվեցին եւ փառաբանվեցին ինչպես Աստվածները, այնպես էլ Հայոց Տիեզերաաշխարհների հայ նվիրյալ հոգիները…

Այնուհետեւ երկու արարողություն եղավ՝ հայ արիների նոր անդամների օծման եւ  բանակային ծառայության մեկնելու պատրաստ արորդիների երդման՝ ազգին ու հայրենիքին անմնացորդ ծառայելու համար: Ապա ծիսական կրակի վրայից թռչելու հնարավորություն տրվեց ծեսին մասնակից հղի կանանց՝ Արարչից եւ Աստվածներից խնդրելով բարի ազատում, ինչպեսեւ առողջ ու երկար կյանք լույս աշխարհ գալու ճանապարհին սպասող երեխաներին…

Հետո  տոնական սեղան դրվեց եւ գինեձոների ու փառաբանումների հետ համընթաց սկիզբ առավ հայկական երգն ու պարը:

Օրվա վերջում Հայ Արիական Միաբանության երեւանյան գրասենյակում աշխատանքային խորհրդակցություն կլինի: Օրակարգում ներկազմակերպական հարցեր են, որից հետո ՀԱՄ Գերագույն Խորհուրդը ՀԱՀ Խորհրդի հետ կքննարկեն ինչպես ներքաղաքական, այնպես էլ Արցախի խնդրին առնչվող հարցեր: ՀԱՄ առաջնորդը կներկայացնի տեսակետներ Հայաստանի արտաքին քաղաքականության առկա վիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

13.02.2019թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։