Վանատուրը Հայոց հյուրընկալության, Հայոց օջախների Աստվածն է…

Մայիսյան այս տոնը որոշվել էր տոնել հունիսի սկզբին, չնայած հիմնականում նշվում է մայիսի կեսերին, կարծես միավորվելով հայ ընտանիքի տոնի հետ, որը մեր երկրում նշվում է 2011թ.-ից:

Սակայն այս անգամ Վանատուր Աստծո տոնը նշվեց հունիսի 1-ին, երբ աշխարհը պաշտոնապես նշում է երեխաների օրը, քանզի Վանատուրը նաեւ հայ օջախների Աստվածն է եւ հովանավորելով մեր ընտանիքներին՝ ապահովում է գալիք սերնդի, մեր երեխաների կյանքն ու ապագան:

Գարուն-ամառը բերք ու բարիքի լիության ժամանակ է եւ հայ արիները, որ իրենց հյուրընկալ դռները միշտ բաց են պահում հյուրի առջեւ, այս ընթացքում ավելի առատորեն են փառաբանում Վանատուր Աստծուն, որ հայ օջախները, ընտանիքները միշտ առատության մեջ լինեն եւ շարունակեն կայուն ու հյուրընկալ մնալ:  

Այս տարի եւս հայ արիները հավաքվեցին Սեւանի ափին, որտեղ էլ այսօր երեկոյան նշեցին Վանատուր Աստծո տոնը՝ Նրան նվիրված ծիսակարգով: Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ձոներգեր հղեցին առ Վանատուր Աստված, փառաբանելով նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին:

Գլխավոր ձոնի ընթացքում ներկաները կանգնած էին հայաստանյան մրգերով, հատապտուղներով ու չրերով առատ սեղանների շուրջ, այնուհետեւ մատուցվեցին ազգային խոհանոցի տարբեր ուտեստներ, թխվածքներ, խմիչքներ:

Հիշեցնենք, որ Վանատուր Աստծո տոնին, ամբողջ օրվա ընթացքում հայ արիները այցելում են միմյանց օջախներ՝ փառաբանելով հայոց ընտանիքներն ու տները եւ Մեծ Տուն – Հայրենիքը՝ Հայաստան Աշխարհը:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

01.06..2019թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։