Այսօր՝ հուլիսի 27-ին Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) ն ու Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) այս տարվա Հայոց Վարդավառի եւ Աստղիկ Աստվածուհու տոնի ծիսակատարությունը սկսեցին փոքր Սեւանի տարածքում: Առավոտ ծեգին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը սկսեցին փակ ծեսը: Այն ի փառս Սեւանա լճի էր ու ի պաշտպանություն մեր բնական ջրամբարի, որ գեղեցկուհին ի մեջ նորից ուժ գտնի վերականգնվելու: Քրմական դասը Աստղիկ Աստվածուհուց խնդրեց մարդկանց իմաստնություն տալ՝ լճի բոլոր խնդիրներին ճիշտ լուծում տալու:
Քուրմ Արմոգն ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը նավակով հասան փոքր Սեւանի կենտրոնը, վարդաջուր շաղ տվեցին ջրերի մեջ եւ փակ ծեսն ավարտելով՝ ափ վերադարձան:
Ծեսի բաց մասը սկսվեց վտանգի կոչնակով. Սեւանից մենք միշտ վերցրել ենք, ժամանակն է տալու Սեւանը այլեւս ուժ չունի դիմանալու: Հայ արիների առաջնորդը նշեց, որ Հայկական Բնաշխարհի կարեւորագույն լճերը՝ Վանը, Ուրմիան ու Սեւանը, ստորգետնյա բնաշղթայով կապված են միմյանց եւ այդ կապը օգնում է լճերին դեռ փրկել միմյանց, բայց որեւէ մեկի կործանումը սարսափելի կլինի բոլորի համար:
Ծեսի բաց մասն ավատվեց Աստղիկ Աստվածուհուն ուղղված ձոնով՝ ի պաշտպանություն Հայոց բնաշխարհի ու նրա կենսապաշարների:
Վարդավառի բուն տոնակատարությունից առաջ լճին մոտեցավ հենց լուսադեմին Հայ Աստվածների առաջ սիրո ուխտ տված ամուսնական զույգը: Նրանք Աստղիկ Աստվածուհուց իբրեւ իրենց նորակազմ ընտանիքին տրվող նվեր ուզեցին Սեւանի փրկությունը:
Տոնակատարությունը սկսվեց նռան գինըմբոշխմամբ: Առաջին ումպի իրավունքից զույգը չօգտվեց՝ այն Սեւանին տալով: Գավի գինին շաղ տալով լճի մեջ՝ ներում հայցեցին մեր բոլորի անմիտ քայլերի համար, որոնք ցավ են պատճառել Սեւանին:
Դրանից հետո սկսվեց ջրոցին՝ Հայոց Ռազմի Աստված Վահագնի եւ Սիրո Աստվածուհի Աստղիկին ուղղված ձոնով: Թող հայերիս երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ Վահագնի եւ Աստղիկի Սիրո պես՝ ուժով պաշտպանված սիրո եւ սիրով առաջնորդվող ուժի զորությունները հասնեն հայության սիրող սրտերին:
Հայ արի քրմերը դաղձով ու ուրցով թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստած օշարակը շաղ տվեցին լճի ջրերում՝ ի նշան Հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:
Ավանդական ջրախաղը կշարունակվի մինչեւ երեկո:
Այդժամ ծիսական սեղանների շուրջ հայ արիները մաքրագործության խորհուրդն ամփոփելուց հետո կճաշակեն ծիսական ուտեստները՝ նեխուրով թանապուր, քաղցրանույշով աղանձ, հատապտուղներով գաթա:
Վարդավառի տոնակատարությունը հայ արիները կշարունակեն վաղը՝ եզրափակելով այն մեծ Սեւանի տարածքում:
Ջահելների շրջանում վաղը նաեւ մրցություն կլինի. Ով հաղթեց ազգային կոխ խաղում, նրան կտրվի հաջորդ տարի Վարդավառի տոնակատարությունը մեկնարկելու իրավունքը:
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
Սեւան – 27.07.2019թ.