Հայ արիները նշեցին Նախնյաց հիշատակի տոնը … Մասիս եւ Սիս սրբազան լեռների խրոխտ հայացքների ներքո… / Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականներն իրենց մեջ նորոգում են հայի անցյալի, ներկայի ու ապագայի կապը…

Այս տարի եւս սեպտեմբերի 23-ին, աշնանային գիշերահավասարին, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման հետեւորդները նշեցին Նախնյաց տոնը, որը սրբազան հիշատակի օր է հայ արիադավանների համար:

Հիշելով նախնիներին՝ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները իրենց մեջ նորոգում են հայի անցյալի, ներկայի ու ապագայի կապը, որն ինչպես երկրային, այնպես էլ երկնային  առաքելություն ունի եւ հայի երկրային հայրենիք-բնօրրանից ձգվում է դեպի տիեզերական հոգե-ոգեղեն հայկական տիեզերաաշխարհները

Հայ արիների Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման գործերի պատասխանատու-կազմակերպիչ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատի մարզում՝ Մասիս եւ Սիս սրբազան լեռների խրոխտ հայացքների ներքո, կատարել են արիադավան-հեթանոսական ծիսական արարողություն՝ փառաբանելով հայոց բոլոր նախնյաց:  

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին, խնդրել տիեզերազոր աջակցություն՝ Հայոց հայրենիքի վերատիրման, ամբողջականացման գործում եւ Հայկական Լեռնաշխարհում՝ Հայոց Արարչատուր եւ Աստվածազարմ Բնօրրանում հայության վերահաստատվելու համար:

Ծիսական արարողությունից հետո, հենց Արարատյան դաշտում էլ շարունակվեց տոնական միջոցառումը, որի ընթացքում հնչեցին մեր նախնյաց ուղղված գինեձոներ, իսկ ազգային երգն ու պարը էլ ավելի տոնական դարձրեցին հայկական ուտեստներով ու խմիչքներով հարուստ խնջույքի սեղանը:

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայոց Նախնյաց…

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

23.09.2019թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։