Աննախադեպ իրավիճակ՝ Իրաքի խորհրդարանը պահանջել է ԱՄՆ-ի զինուժի դուրսբերումը երկրից – Հարաբերական անդորրի մասին խոսելն անգամ շտապողականություն կլինի – /ԱՄՆ-ԻԻՀ բախումը կնպաստի՞ տարածաշրջանի այլ հակամարտությունների վերսկսմանը – 1-ին մաս / Իրանի միջուկային ծրագրի շուրջ – 2-րդ մաս / Հայաստանը՝ ԱՄՆ-ԻԻՀ հարաբերությունների հորձանուտում – 3-րդ մաս/…

ԱՄՆ-ԻԻՀ բախումը կնպաստի՞ տարածաշրջանի այլ հակամարտությունների վերսկսմանը

1-ին մաս

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա խոսքերից հետո, շատերն են հետնահանջի մասին խոսում, սակայն դեռ հարաբերական անդորր չկա անգամ, իսկ «խաղաղություն է հաստատվում» ասողները շտապում են եւ թուլացնում անհրաժեշտ զգոնությունը, ինչը նման իրավիճակներում վտանգավոր է, կարող է նոր անսպասելի խնդիրների առաջ կանգնեցնել:

Բաղդադում Իրանի բարձրաստիճան հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի՝ ԱՄՆ կողմից սպանության հանգամանքը լուրջ ծավալումներ առաջացրեց ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: Իսկ Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու փաստը պարզապես պատերազմական վիճակի հասցրեց հակամարտությունը: ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին խոսելով Իրանի տարածքից Իրաքում ԱՄՆ կողմից գլխավորված դաշինքի ուժերի ռազմաբազաների վրա հրթիռային հարձակումներից, նշել էր, որ դա դեռ նվազագույն պատասխանն է Ղասեմ Սոլեյմանիի սպանության։ Հավելել էր, որ վրեժի հետեւանքները ԱՄՆ-ն հետո է զգալու:

Եվ այստեղ կարեւոր էր, թե ինչ կպատասխանի ԱՄՆ նախագահը: Ժամեր անց նա հայտարարեց, թե «ամեն ինչ լավ է» եւ երբ Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, ոչ ոք չի տուժել, զինվորների կորուստ չի գրանցվել, ուստի այս հարձակումները կհանդարտեցնեն Իրանին: Սակայն ԻԻՀ հոգեւոր առաջնորդի եւ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքից բոլորովին այլ քայլեր են հետեւելու: Այստեղ մեկ հարց էլ կա, արդյո՞ք Դոնալդ Թրամփը չեղյալ կհամարի Իրանին «թիրախային հարվածներով» սպառնանքը՝ իրանական 52 օբյեկտի, «Թեհրանի կողմից ցանկացած հնարավոր հարձակման պարագայում»:  

Ինչեւէ, երեկ սպասվող հայտարարության ժամանակ Սպիտակ տան ղեկավաչը հերքեց ամերիկյան կողմից որեւէ զոհի առկայության փաստը (իրականակ կողմը 60 զոհի մասին էր խոսել եւ բազմաթիվ վիրավորների), ապա նշեց, որ երբ զոհեր չկան, ամեն բան լավ է, իրանն էլ կարծես թե նահանջում է այս հարվածներից հետո… Հավելելով խոսքը հայտարարեց, թե «քանի դեռ ես ԱՄՆ նախագահ եմ, Իրանին երբեք չի թույլատրվի ունենալ միջուկային զենք» ։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն նոր, ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու Իրանի նկատմամբ։ Իրանը վաղուց է պատժամիջոցների ենթարկվում, սակայն ունենալով ինքնաբավ տնտեսական համակարգ, կարողանում է դիմակայել:

Իմիջիայլոց, մինչ այս էլ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, որ կոշտ պատժամիջոցներ կկիրառի Իրաքի նկատմամբ, այնպիսի, ինչպիսին Իրաքում չեն տեսել, եթե Բաղդադը դուրս հանի ամերիկյան զորքերին՝ որպես պատասխան գործողություն Բաղդադում տեղի ունեցածի համար: Իրաքի խորհրդարանի քվեարկությունը պարտադիր ուժ չունի եւ դեռ պետք է վավերացվի կառավարության կողմից, սակայն Վաշինգտոնում արդեն անհանգստացած են: Կարծիք կա, որ իրանական հարձակումները ամերիկյան ռազմաբազայի վրա, ոչ միայն վրեժի, այլեւ այն նպատակն են ունեցել, որ ԱՄՆ-ի զինուժը պարտադրված դուրս գա ավերված ռազմաբազայից: Սա չի կարելի բացառել, քանի որ Իրաքը պաշտոնապե հայտարարել է, որ բանավոր տեղեկացված է եղել Թեհրանի կողմից՝ հրթիռակոծությունների համար:

Հունվարի սկզբներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ը «շատ արագ եւ շատ հզոր» հարված կհասցնի իրանական 52 օբյեկտի` ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության կողմից յուրաքանչյուր հնարավոր հարձակման։  «Թող սա նախազգուշացում լինի։ Եթե Իրանը հարվածի ամերիկացիներին կամ ամերիկյան օբյեկտներին, ապա մենք արդեն թիրախավորել ենք 52 իրանական օբյեկտ։ Դրանցից որոշները կարեւոր նշանակություն ունեն Իրանի և իրանական մշակույթի համար։ Հարվածներն այդ թիրախներին և Իրանին կհասցվեն շատ արագ եւ շատ ուժեղ։ ԱՄՆ-ն այլեւս չի ցանկանում սպառնալիքներ»,- գրել է նա։

Ի պատասխան Թրամփի գրառման՝ Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլրահիմ Մուսավին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի համարձակվի հարված հասցնել Իրանի 52 օբյեկտի, որոնց մասին խոսել է ԱՄՆ նախագահը: «Ապագայում հնարավոր հակամարտության պարագայում, չնայած կասկածում եմ, որ  նրանք դրա համարձակությունը կունենան, պարզ կդառնա, թե ինչ վայրի կվերաբերեն այդ թվերը՝ 5 եւ 2»,-նշել է Աբդուլրահիմ Մուսավին:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին է նախազգուշացրել, որ իր երկիրը կպատասխանի հարվածով բոլոր նրանց, ովքեր կհարձակվեն նրա վրա։ Նա վերահաստատել է իր աջակցությունը հունվարի 3-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը։ Այս մասին գրում է Reuters-ը։

«Նա, ով կփորձի հարձակվել մեզ վրա, կստանա ամենաուժեղ հարվածը», – ասել է Նեթանյահուն Երուսաղեմում: Նեթանյահուն շեշտել է, որ Իսրայելը «լիովին կանգնած է» ԱՄՆ նախագահի որոշման կողքին, ասելով, որ նրան պետք է շնորհավորել «արագ, համարձակ եւ վճռականորեն գործելու համար»:

Նշենք, որ Իրանը սպառնացել է հարձակումների երրորդ ալիքն իրականացնել Հայֆայում՝ Իսրայելում, եւ Դուբայում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, եթե Միացյալ Նահանգները պատասխան տա Իրաքում ԱՄՆ ռազմաբազաներին բալիստիկ հրթիռներով հարվածներին։

ԱՄՆ-ն սկսել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի անձնակազմի 4 հազար զինծառայողի տեղակայումը Քուվեյթում։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ նշելով, որ այդ ստորաբաժանումն ուղարկվում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայացվածությունն ավելացնելու համար՝ Իրաքում  Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետևանքով լարվածության աճի պայմաններում։

Գործակալությունը հղում է կատարել ԱՄՆ զինված ուժերի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Բերնսին։ Նրա տվյալներով այս շաբաթվա ընթացքում 700 զինծառայող արդեն ուղարկվել է Քուվեյթ, ևս 3500 զինծառայող սպասում է իր հերթին։ Մերձավոր Արեւելքում ռազմական ներկայացվածության համալրումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը զգուշանում է գեներալ Սոլեյմանիի սպանության համար Ւրանի հնարավոր վրեժխնդրությունից։

Հիշեցնենք, որ Իրաքում ավելի քան 5000 ամերիկյան զորքեր կան։ Իսկ հունվարի սկզբներին Վաշինգտոնը հայտարարեց, որ լրացուցիչ 3000 զինվորական է ուղարկում Մերձավոր Արեւելք, CNN-ի տվյալներով՝ ուղարկվելու է 82-րդ ռազմադեսանտային գումարտակի ստորաբաժանումներից մեկը: Չնայած ԱՄՆ-ի նախահագը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ, սակայն ԱՄՆ-ում դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը Սենատի քննարկմանն է ներկայացրել բանաձեւ, որով առաջարկում է արգելել նախագահ Դոնալդ Թրամփին: ԱՄՆ-ի Կոնգրեսն իրավունք ունի պատերազմ հայտարարել եւ նախագահին թույլտվություն տալ ռազմական գործողություններ վարելու համար, սակայն ինչպես տեսնում ենք՝ հակառակ գործընթացն է ընթանում: Կոնգրեսում նաեւ դժգոհ են այն փաստից, որ Սպիտակ տունը նախօրոք իրենց չի տեղեկացրել գործողության մասին:

Դառնալով ԱՄՆ նախագահը երեկվա ելույթին, նշենք, որ նա կոչ արեց դաշնակիցներին հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից եւ աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա, որը «աշխարհն ավելի ապահով կդարձնի»։ Ուղերձի վերջում ԱՄՆ նախագահը դիմել է Իրանի ժողովրդին եւ առաջնորդներին՝ ասելով. «Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, այնպիսի ապագա, որին արժանի եք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ։ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն»։

Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահը դիմել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ վերանայելու ՆԱՏՕ-ի դիրքորոշումները Մերձավոր Արեւելքում: Հյուսիսատլանտյան դաշինքը Իրանին կոչ է արել ձեռնպահ մնալ սադրանքներից, քանի որ «Մերձավոր Արեւելքում հակամարտությունը որեւէ մեկի շահերից չի բխում»: Հիշեցնենք, որ այս հարցով հեռախոսազրույց են ունեցել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին՝ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկի՝ ապօրինի գործողությունների եւ սպառնալիքների համար».- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին ուղղված ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մաջիթ Թահթ-Ռավանչիի նամակում։ Նշված է, որ պետք է պարտադրել ԱՄՆ-ին՝ հետեւել միջազգային իրավունքի սկզբունքներին: Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «անօրինական է ՄԱԿ անդամ պետության նպատակաուղղված քայլերը ՄԱԿ անդամ մեկ այլ պետության պաշտոնական անձանց վերացնելու առումով, այն էլ երրորդ ինքնիշխան պետության տարածքում, առանց նրա գիտության եւ կոպտորեն խախտված են միջազգային իրավունքի սկզբունքները, ինչն արժանի է դատապարտման»։

Սպիտակ տունը կրկին մեղադրել է եվրոպացիներին՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողությանը բավարար չափով աջակցություն չցուցաբերելու համար: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «դեպքի նկատմամբ նրանց դիրքորոշումը արդյունավետ չէր, իսկ հարձակման մասին ես հեռախոսազրույց եմ ունեցել աշխարհի շատ առաջնորդների հետ»: Նա Եվրոպային նաեւ մեղադրում է Իրանի հարձակման հարցում «օգտակար» չլինելու մեջ: ԱՄՆ նախագահն էլ մեղադրեց՝ նշելով, որ ժամանակն է, որ «Եվրոպան հրաժարվի Իրանի միջուկային գործարքի մնացորդներից ու պահանջի նոր համաձայնագիր»: Ապա կոչով հավելել է, որ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային եւ միջուկային գործարքը ստորագրած մյուս կողմերը պետք է միանան նոր համաձայնագրի պահանջին:

Իսկ Իրանը չի բացառում միջուկային գործարքից ամբողջական հրաժարումը, քանի որ կասեցրել է միջուկային գործարքի իր ստանձնած պարտավորությունների մի մասի կատարումը միայն: Իրանական զլմ-ները նաեւ նշում են, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշումը է կայացրել, որ կարող է վերսկսել ուրանի հարստացման աշխատանքը, եթե գործարքի կողմերը 60 օրվա ընթացքում չկատարեն համաձայնագրի պահանջները: Հիծեցնենք, որ նախկինում Թեհրանը այս մասին նախազգուշացրել էր:

Մոսկվան եւս արձագանքել է. «Ռուսաստանը մասնակցել եւ շարունակում է մասնակցություն ունենալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մշակմանն ու ընդունմանը, ինչը չի կարելի ասել եվրոպական երկրների մասին: ԵՄ երկրները, ընդհանուր առմամբ, շատ պասիվ են»: Ապա հավելել են, որ Մոսկվան խստորեն դատապարտում է Վաշինգտոնի դուրս գալը Իրանի հետ միջուկային ծրագրից եւ մինչ հիմա շարունակում է պայքարը գործարքի պահպանման համար։

Գուցե սա է պատճառը, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելում է Մոսկվա: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախապես հայտարարվել էր, որ «այցը որեւէ կերպ կապված չէ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ:»  Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը եւս հաստատել է, որ այցի նախապատրաստական  աշխատանքները սկսվել էին դեռ 2019թ. դեկտեմբերի վերջին, այսինքն՝ իրանցի գեներալի դեմ հարձակումից առաջ: Նշվել է, որ Մերկել-Պուտին բանակցությունների հիմնական թեման լինելու է իրավիճակն Ուկրաինայում եւ Լիբիայում: Կքննարկեն նաեւ հակամարտությունը Իրաքում եւ ԱՄՆ-Իրան հարաբերությունները:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ

2-րդ մաս

Ֆրանսիան ու Ռուսաստանը համատեղ ցանկություն ունեն պաշտպանել Իրանի միջուկային գործարքը։ Այս մասին նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ինչպես գրում է reuters-ը, Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները հաատեղ Իրանին կոչ էին արել վերադառնալ 2015թ-ին կնքված Իրանի միջուկային գործարքին եւ ամբողջությամբ հետեւել համաձայնագրին։

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային գործարքը վտանգվեց, երբ ընտրվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց միջուկային ծրագրից դուրս գալու մասին։ Օրերս էլ, Իրանի կողմից Իրաքում ամեիկյան 2 ռազմաբազաների հրիթռակոծումից հետո Թրամփը հայտարարեց, որ ժամանակն է, որ ԵՄ երկրները եւ միջուկային ծրագրի մյուս կողմերն ամբողջությամբ հրաժարվեն 2015թ.-ի գործարքից ու Իրանից պահանջեն նոր բանակցություններ։

ԱՄՆ-ի մշտական գործընկերը Եվրոպայում (կարելի է ասել՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչը Եվրոպայում)՝ Մեծ Բրիտանիան, փաստորեն եւս հավատարիմ է մնում իրանական միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA): Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության անդամներից մեկը։

«Մենք շարունակում ենք հավատարիմ գործողությունների համապարփակ  ծրագրին եւ հորդորում ենք Իրանին պահպանել գործարքի պայմանները»,- նշել է աղբյուրը:

Իսկ ըստ Դոնալդ Թրամփի, Եվրոպան պետք է հրաժարվի Իրանի միջուկային գործարքի մնացորդներից։ Այս մասին, ի պատասխան Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման, հայտարարեց ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ նոր պատժամիջացներ է սահմանում Թեհրանի նկատմամբ։ «Խաղաղությունը չի կարող գերիշխել Մերձավոր Արեւելքում այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը շարունակում է բռնություն գործադրել», – ասել է նա՝ կոչ անելով Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային եւ միջուկային գործարքը ստորագրած մյուս կողմերին՝ պահանջել նոր համաձայնագիր Իրանի հետ:

«Սոլեյմանիի ձեռքերը թաթախված էին ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական արյունով: Նա պետք է վաղուց հեռացված լիներ»,- շարունակել է Դոնալդ Թրամփը: Նա հերքել է իրանական կողմի պնդումները, թե ամերիկացի զինծառայողներ են սպանվել գրոհների հետեւանքով, ասելով, որ ոչ մի զոհ չունեն։

Սպիտակ տունը հայտարարել է, որ պետք է դիմի ՆԱՏՕ-ին՝ «ավելի շատ ներգրավվել Մերձավոր Արեւելքի գործընթացում»: ՆԱՏՕ-ն եւս հորդորել է եվրոպական դաշնակիցներին՝ նշելով, որ ազգերը հանդուրժել են Իրանի ապակառուցողական ու ապակայունացնող պահվածքը, բայց այդ օրերն ավարտվել են…

Այս հարցն անչափ կարեւոր է Վաշինգտոնի համար եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հետաձգել էր իր այցելությունը 5 երկրներում: Նա պետք է այցելեր Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան եւ Կիպրոս։ Ի սկզբանե այցը նախատեսվում էր կատարել հունվարի հունվարի 3-7-ին, սակայն հետաձգվել է «այն առնչությամբ, որ պետքարտուղարը պետք է գտնվի Վաշինգտոնում, որպեսզի շարունակի հետեւել իրավիճակին Իրաքում եւ ապահովել Մերձավոր Արեւելքում ամերիկացի քաղաքացիների անվտանգությունը»,- հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը։ Նրա խոսքով՝ այցելության նոր ամսաթվերը հայտնի կդառնան մոտ ապագայում։

Հայաստանը՝ ԱՄՆ-ԻԻՀ հարաբերությունների հորձանուտում

3-րդ մաս

«Լարված մթնոլորտը գոնե միաժամանակ մեղմվեց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերջին զարգացումներին։ Նրա խոսքով, կողմերը կարողացել են գալ այն եզրահանգմանը, որ այս պահին անհրաժեշտություն չկա նոր էսկալացիայի։ «Հիմա խնդիրը հաղթահարելու հարցն է բաց, այն սառեցվեց, բայց չվերացավ։ Լուծումների հիմնական հնարավորությունը քննարկումներ անցկացնելն է, որի շնորհիվ կողմերը վեր կհանեն կուտակված խնդիրները, որոնք խոչընդոտում են հարաբերություններին։ Բայց այսօր նրանք դեռ պատրաստ չեն բանակցությունների, քանի որ անընդհատ «եթե»-ներ են առաջ քաշում»,- նշել է իրանագետը։

ՄԱԿ-ում քննարկում է լինելու, իսկ ԱՄՆ-ը ԻԻՀ արտաքին գործերի նախարարին այդպես էլ չի տրվել վիզա, որպեսզի նա մասնակցի քննարկումներին, ինչի իրավունքն ունի, բայց իրանագետի խոսքով, Զարիֆին վիզա չտրամադրելը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության որոշ կետեր։

Ինչ վերաբերում է իրավիճակի մասին հայկական կողմի արձագանքներին՝ Գոհար Իսկանդարյանն ասել է՝ ինչ անհրաժեշտ էր, արվեց. «Քննարկումներ եղան ԱԳՆ-ում, ՊՆ-ում, որից հետո Զարիֆը զանգահարեց տարածաշրջանի երկրների ԱԳՆ-ներին, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ցավակցեց նրան։ Բացի այդ դեսպանատանը բացվել է սգո մատյան»։ Կարծիք ասվեց, որ խնդիրը ՀՀ-ինը չէ, եւ մեր երկիրը դեռ չի կարող միջամտել կամ լուծումներ առաջարկել։ «Մեր խնդիրն է, լինելով ԻԻՀ հարեւանը, ուղերձ հնչեցնել, որ լարվածությունը անհանգստացնում է նաեւ ՀՀ-ին եւ նրա հասարակությանը»:

Անդրադառնալով խնդրին՝ արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշել է, որ երկու երկրներում էլ 2020-ին ընտրություններ են սպասվում, եւ կողմերը անմիջական բախման չեն գնա։ Բայց բացառել, որ լոկալ բախումներ տեղի կունենան, իհարկե, պետք չէ։ «Արդեն կան բախումներ, գիշերը էլի Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ հրթիռներ են ընկել. պրոիրանական որոշ խմբավորումներ դեռեւս ախորժակ ունեն ու իրենց ուժն են ցույց տալիս։ Կարծում եմ, որ երկու երկրները ուղղակի ցույց տվեցին իրենց ուժը։ Հիմա, որոշակի էսկալացիաների գնալով, փորձում են նվազեցնել լարվածությունը»,- նշել է արաբագետը։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը դուրս չի գա տարածաշրջանից, քանի որ, իրենց հիմնավորմամբ, Իրաքը դեռեւս պատրաստ չէ ընդհանուր վտանգը չեզոքացնելուն. «ԱՄՆ-ը ամեն կերպ կփորձի իշխանությունը պահպանել տարածաշրջանում՝ որոշ ճամբարների իր կողմը գրավելով։ Շատ լրացուցիչ ծախսեր չեն լինի, զոհեր չեն լինի, բայց ԱՄՆ-ը միջնորդավորված ձեւով իր իշխանությունը կպահպանի»։

Մերձավորարեւելյան զարգացումների ընթացքում Ադրբեջանը հակահայկական քարոզչություն կարողացավ իրականացնել, որն ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ, սկսվեց ֆեյսբուքյան գրառումով, որտեղ կեղծ օգտատերը նշել էր, թե Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի քայլը՝ ընդդեմ Իրանի։ «Դա իրենց հատուկ գործելաոճն է։ Եթե ամեն օր նայենք ադրբեջանական մամուլը, նույնիսկ առանց ֆեյսբուքյան էջի հղման որոշ նյութեր են նրանք գրում եւ սկսում գեներացնել։ Այս դեպքում կար ֆեյսբուքյան օգտատեր, եւ նրանք թարգմանել էին վերջինիս գրառումը ոչ միայն ադրբեջաներեն, այլ նաեւ պարսկերեն։ Այս տարբերակով նրանք փորձում էին Իրանում հակահայկական տրամադրություն առաջացնել։ Ըստ էության, իրենց մոտ դա չհաջողվեց, քանի որ իրանական դաշտում, նույնիսկ սոցցանցերոմ չէր տարածվում։ Իսկ հայկական կողմի տեսակետը հրապարակվեց իրանական դաշտում»,- նշել է ադրբեջանագետը։

Ներկայացնենք տեսակետներ՝ ԱՄՆ-Իրան հակադրման ազդեցությունը Հայաստանի ու տարածաշրջանի վրա… Ամերիկացի վերլուծաբաններն անդրադարձել են Հայաստանի ու Հարավային Կովկասի վրա Իրանի ու ԱՄՆ-ի հնարավոր բախման հետեւանքներին՝ անվտանգության, քաղաքական ու տնտեսական ասպարեզներում:

Պաշտոնական Երեւանը բացառել է իր ներքաշումը հակաիրանական կամ հակաամերիկյան որեւէ զարգացման մեջ, սակայն, ըստ Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկու, Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ հետագա լարվածությունը դժվարացնում է Երեւանի ավանդական բազմավեկտորանոց քաղաքականությունը՝ սեղմելով Հայաստանը երկու հիմնաքարերի միջեւ:

Հայաստանի վարչապետը իր մտագհոգությունն է հայտնել այդ զարգացումների առիթով: Ամերիկյան փորձագիտական շրջանակները հիմնավոր են համարում Հայաստանի ու Հարավային Կովկասի մյուս երկրների մտահոգությունները այդ կապակցությամբ: «Մտահոգության պատճառներ կան, քանի որ չնայած երկու կողմերը խուսափեցին ուղիղ բախումից, հետագա լարվածության վտանգը չի վերացել»,- նշում է Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը: Ըստ նրա, Հարավային Կովկասում մտահոգված են ռազմական բախման դեպքոմ տարածաշրջանի ապակայունացման, փախստականների ներհոսքի, ահաբեկչության եւ այլ հնարավորություններով: Փոլ Սթնոսկին էլ կարծում է, որ ուղիղ բախումը ձեռնտու չէր Վաշինգտոնին եւ Թեհրանին, ուստի կողմերն այն կփոխարինեն անուղակի կամ «պրոքսի» պատերազմներով այլ տարածաշրջաններում: «Իրանի համար չափազանց ռիսկային է օգտագործել Հարավային Կովկասը ԱՄՆ-ի դեմ՝ հաշվի առնելով Իրանում բնակվող հայերի ու ադբեջանցիների գործոնը: Ավելի արդյունավետ է այդ նպատակով գործունեություն ծավալել Իրաքում կամ Լիբանանում»,- ասել է նա:

Ստեղծված իրավիճակում Հարավային Կովկասի երկրները պետք է ցուցաբերեն զգուշավորություն, իր հերթին շեշտում է Ադրբեջանում նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը: «Եթե տեղի ունենա միջադեպ, որը կմեծացնի ԱՄՆ-ի ու Իրանի միջև ռազմական հակամարտության հավանականությոնը, Հարավային Կովկասի բոլոր երկրները շատ ավելի խոցելի կլինեն, եւ կարեւոր խնդիրներից է դառնալու հակամարտության ընդլայնման կանխարգելումը,- ընդգծել է նա:

Չնայած վերջին զարգացումների ու ղարաբաղյան հակամարտության վերսկսման հնարավորության միջև ուղիղ կապի բացակայությանը, վերլուծաբաններն ընդգծում են՝ յուրաքանչյուր ապակայունացում տարածաշրջանում ազդում է ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա: «Իրանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական բախման հնարավորությունը մեծացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»,- գտնում է Ռիչարդ Կազլյարիչը:

Անվտանգության խնդիրների հետ մեկտեղ փորձագետներն ընդգծում են, որ ամերիկա-իրանական լարվածության աճը կունենա նաեւ տնտեսական ծանր հետևանքներ, հատկապես Հայաստանի դեպքում: «Հայաստանի համար, որը սերտ տնտեսկան կապեր ունի Իրանի հետ, վերջինիս տնտեսական կարողության վնասումն ու տնտեսական ակտիվության անկումը, մտահոգության լուրջ առարկա է»,- ընդգծում է Ջեֆրի Մանկոֆը: Դրա հետ համակարծիք է Փոլ Սթրոնսկին: Հայաստանը կախված է Իրանի հետ տնտեսական կապերից, հատկապես զբոսաշրջության ու էներգետիկ ոլորտներում, նշում է փորձագետը: Վերլուծանանները չեն բացառում՝ Իրանի հետ Հայաստանի սերտ տնտեսական կապերը կարող են հանգեցնել Երեւանի նկատմամբ Վաշինգտոնի հավելյալ ճնշման բանեցմանը լարվածության աճի պարագայում, սակայն պարզ չէ, թե ինչպես այն կդրսևորվի եւ ինչ չափերով:

Երեւանում եւ Ստեփանակերոտում անհանգստացած են այս լարվածությամբ, քանի որ այն կարող է անմիջապես ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, ինչն էլ իր ազդեցությունը կունենա հայ-թուրքական հարաբերություններում: Իսկ սպասվող վտանգների մասին նաեւ այսպիսի կարծիք կա, որ «մեծ պատերազմի հնարավորությունը շատ բարձր է, ԱՄՆ-ը պատասխան հարված կտա եւ մ երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան լարվածության սրմանը։ Անդրադառնալով խնդրին՝ արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ նշել է, որ երկու երկրներում էլ 2020-ին ընտրություններ են սպասվում, եւ կողմերը անմիջական բախման չեն գնա։ Բայց չի բացառել, որ լոկալ-տեղային բախումներ տեղի կունենան։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը մեկ այլ խնդրի է անդրադարձել՝ Մերձավորարեւելյան զարգացումների ընթացքում Ադրբեջանը հակահայկական քարոզչություն կարողացավ իրականացնել, որ սկիզբ դրվեց ֆեյսբուքյան գրառումով, որտեղ կեղծ օգտատերը նշել էր, թե ՀՀ-ն ողջունում է ԱՄՆ-ի քայլը՝ ընդդեմ ԻԻՀ-ի եւ այլն։ Սա եւս պետք է հաշվի առնել այսուհետ, մեր կարծիքով նաեւ թուրքական հակահայկականությունը նկատի ունենալով:

Իրավիճակի զարգացումն անհանգստացնող է համարել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր մոտ տեղի է ունեցել խորհրդակցության ժամանակ՝ կապված տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետ։ Պաշտոնական Ստեփանակերտն էլ իր մտահոգությունն է հայտնում մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ եւ Արցախի ԱԳՆ֊ն հույս է հայտնել, որբ «կհաջողվի լարվածությունը թուլացնել ու իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»։ Ինչպես արցախյան հակամարտության, այնպես էլ մերձավորարեւելյան հակամարտությունների հարցում «Հայաստանը հանդես է գալիս իրադրության խաղաղ միջոցներով լիցքաթափման դիրքերից»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Մեր երկիրը շարունակում է կապ պահպանել ինչպես հակամարտ ուժերի համապատասխան ներկայացուցիչների, այնպես էլ տարածաշրջանի խաղաղությամբ շահագրգիռ երկրների պատասխանատուների հետ:

ՀՀ ԱԳՆ-ից եւս մտահոգություն են հայտնել վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է. «Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաեւ մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը եւ ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության»։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մերձավոր Արեւելքում իրադարձությունների զարգացման կապացությամբ խորհրդակցություն էր հրավիրել

Բայց իրավիճակը մնում է լարված եւ մեծ պատերազմի հոտ է գալիս…

«Մեծ պատերազմի հնարավորությունը շատ բարձր է, ԱՄՆ-ը պատասխան հարված կտա։ Մենք 3-րդ համաշխարհային պատերազմի նախաշեմին ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան լարվածության սրմանը։

Հիշեցնենք, որ Բաղդադում ԱՄՆ օդուժի հարվածներից սպանվել էր Իրանի հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանը, Իրանն անցած գիշեր պատասխան հարված հասցրեց Իրաքում ԱՄՆ ռազմաբազային՝ ասելով, թե դա ընդամենը ապտակ էր, իսկ լուրջ հարվածներ դեռ կլինեն։ Ստեփան Գրիգորյանը նաեւ հավանական է համարում, որ պատերազմական գործողությունները տեղափոխվեն նաեւ Իրանի տարածք, հատկապես, որ ԱՄՆ-ն արդեն ասել է, որ կհարվածի այդ երկրի ավելի քան հիսուն օբյեկտներին։ «Եթե պատերազմական գործողությունները Իրանի տարածք տեղափոխվեն, մեզ համար իրավիճակը բարդանալու է։ Կարծում եմ, ԱՄՆ-ն Իրանի տարածքում օբյեկտներ կխոցի։ Իսկ եթե ապակայունացվի Իրանը, մեր սահմանը միգուցե կփակվի»,- ասել է քաղաքագետը։

Նաեւ չի բացառում, որ Հայաստանում ակտիվանան ԱՄՆ-ի եւ Իրանի լրտեսական ծառայությունները։ Այստեղ արդեն մեր երկրի հատուկ ծառայությունները՝ հատկապես ԱԱԾ-ն պետք է ուշադիր լինի։ Ռուսաստանը եւս կներքաշվի ամերիկաիրանական հակամարտության մեջ ոչ միայն դիվանագիտական դաշտում, այլեւ ռազմական ներկայությամբ։ Այդ դեպքում իրենից ի՞նչ վտանգ է ներկայացնում Գյումրիում ռուսական ռազմաբազան, որը Իրանի սահմանից շատ հեռու չէ։ «Հուսով եմ, որ ռազմաբազայից ՌԴ-ն առանց ՀՀ համաձայնության որեւէ քայլ չի անի։ Մեր կառավարությունը ՌԴ-ին պետք է դիվանագիտական խողովակներով զգուշացնի, որ ռազմաբազայից քայլեր չարվեն…

Հայ Արիական Միաբանության

Տեղեկատվական կենտրոն

10.01.2020թ.

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։